Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «Քանդակ Տրիո» ՍՊԸ-ի ընդարձակ արհեստանոցի բացօթյա տարբեր հատվածներում կարելի է տեսնել Հիսուսի 33 մետր բարձրությամբ արձանի չորս հսկա մասերը՝ գլուխը, իրանը, կոնքային հատվածն ու ոտքերը։
Քանդակագործ Արմեն Սամվելյանի խոսքով, երբ Հատիս լեռան գագաթին պատրաստ լինի պատվանդանը, արձանն ուղղաթիռով մաս-մաս կտեղափոխվի այնտեղ և ամբողջական տեսք կստանա արդեն տեղում։ Այդ ամենը, սակայն, հազիվ թե տեղի ունենա մեկ տարուց շուտ։

Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2022-ի հունվարին։ Մրցույթի արդյունքներով հաղթող էր ճանաչվել Սամվելյանի ներկայացրած տարբերակը։ Մինչ օրս չի դադարում արձանի և՛ մտքի, և՛ կատարման մասին քննադատությունը։
«Քանդակ Տրիո»-ի հայտնի աշխատանքներից են «Արարատ 73» արձանախումբը, Երևանի 2800-ամյակի այգում տեղադրված արձանները։

Չի կարող քննադատություն չլինել
Չեմ սիրում ուշադրություն, չեմ սիրում, երբ իմ աշխատանքները շատ լուսաբանվում են, բայց գիտեմ, որ հենց Հիսուսի արձանի հետ կապված շատ խոսակցություններ ու քննադատություններ կան։
Չես կարող ուշադրություն չդարձնել, բայց դա է, էդպես է միշտ։ Պետք է քո գործին նայես։ Ինքնավստահության վրա էլ է դա ազդում, ամեն ինչի վրա ազդում է, չնայած քննադատություն միշտ էլ ունեցել ենք, ուղղակի կան դեպքեր, երբ փնովողները շատ են։
Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում։ Բայց կարող եմ վստահ ասել, որ այս արձանի մրցույթին դիմած 200 հոգուց ոչ մեկ այս ժամանակում այս աշխատանքը չէր կարողանա կատարել՝ այս որակի, այս ձևի։


Ամեն մեկն իր վաստակն ունի այս գործում
Մեր արձանը և՛ քամուն, և՛ երկրաշարժին դիմացող է։ Դա կոնստրուկտորի գործն է, ես քանդակագործն եմ, ես չեմ զբաղվում դրանով, բայց հենց առաջին օրվանից մասնագետի հետ ենք աշխատել։ Ինչպե՞ս են բարձրահարկեր սարքում. հազար ու մի տեխնոլոգիա կա։ Կոնստրուկտոր մասնագետ կա, ով ընթացքում ամեն ինչ հաշվարկում է։ Ցանկացած շինարարության մեջ, եթե, օրինակ, ցանկանում ես առանձնատուն կառուցել, աշխատում է ճարտարապետ, աշխատում է կոնստրուկտոր, աշխղեկ, շինարար մասնագետներ։ Նույնը՝ քանդակների դեպքում։
Քանդակն ամրացված է մեր կոնստրուկցիայի վրա, դրա մեջ տարածություն ենք թողել, որում պետք է հետագայում լինի հիմնական կոնստրուկցիան։ Այսինքն քանդակի ամրությունն ու դիմացկունությունն ապահովելու համար հատուկ քայլեր կան, որոնք մենք արել ենք։
Ընդհանուր առմամբ 20 մասնագետով ենք աշխատել, ամեն մեկն իր վաստակն ունի այս գործում։




Այս պահին արձանը համարյա պատրաստ է, ուղղակի մեջքի մասը ցածր է, մազերի հատվածը պետք է հավասարվի մեջքին։ Պետք է փորձենք դա ուղղել, բայց նման աշխատանքներում նորմալ է, տարբեր կտորներ են, պետք է իրար վրա դնես, որ վերջնական կարողանաս հավասարեցնել։

Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից
Մեր աշխատանքի յուրահատկությունը շատ մտածելն է, թե ոնց կարելի է թեթև, որակով, կազմակերպված, հերթականությամբ անել, որ մեկը մեկին չխանգարի։ Ժամանակները փոխվում են, նախկինում մի համակարգ էր, հիմա այլ սիստեմներ կան, նորամուծություններ կան, որոնք պետք է օգտագործել։ Խորհրդային տարիներին նման քանդակ անելու համար միայն 1-2 տարի պետք կլիներ, որ այս ամենը գիպսից ստանային, նոր վրայից չեկանկա (դրվագում – հեղ.) անեին։
Արձանն ալյումինից է, հատուկ ներկով ծածկված։ Կշռում է ընդամենը 20 տոննա։
Մեծ քանդակները հիմնականում արվում են բրոնզից կամ ալյումինից։ Մենք կանգնեցինք երկրորդ տարբերակի վրա, որ թեթև լինի։
Երբ արձան ես նախագծում, մտովի դու այն արդեն պատրաստի վիճակում պատկերացնում ես, ընթացքը երբ սկսվում է, քեզ հաճույք է պատճառում, որովհետև սկսում ես մոտենալ քո պատկերացրածին։ Եղածն ի՞նչ է, որ չարվի, ժամանակին բուրգեր են արվել, բարդ բաներ են արվել։ Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից։







Նոյյան տապանը, Լենինն ու Արամ Խաչատրյանը
Հետաքրքիր թեմաներ կան, որ կարելի է անել, ես բազմաթիվ լավ նախագծեր ունեմ, օրինակ՝ հայոց արքայի մեծ քանդակի, կամ Նոյյան տապանի։ Իմ պես բազմաթիվ քանդակագործներ կան, որ իրենք էլ իրենց մտքերն ունեն։ Թող բոլորն էլ արվեն, կառուցվեն, եթե համապատասխան ֆինանսավորում լինի, պատվիրատու գտնվի։
Ժամանակն է ամեն ինչ որոշում, ոչ թե այս պահը։ Ժամանակին Լենինի արձան կար, շատ լավ աշխատանք էր, մարդիկ էլ հավանում էին, բայց ժամանակը եկավ՝ հանեցին, թափեցին։ Կամ կա Արամ Խաչատրյանի կիսանդրի՝ տեղադրված նրա անվան փողոցում։ Իմ կարծիքով այդ քանդակը վատ է սարքված, բայց ես չեմ համարում, որ այն չպետք է լինի. թող լինի, տարբեր բաներ պետք է սարքվեն, մեկը կմնա, մյուսը կհանվի։
Երբ մասնավոր պատվեր է, պատվիրատուի հետ պետք է համաձայնացնես, չես կարող քո ցանկությամբ առաջնորդվել։

Ես մեծացել եմ ազգային, հայկական արժեքներ կրող ընտանիքում։ Մայրս Լուսիկ Ագուլեցին է (հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ – հեղ.), գիտեք իրեն երևի։ Հայրս էլ քանդակագործ է (Յուրիկ Սամվելյան – հեղ.)։ Շատերն ինձ միշտ ասել են՝ քո աշխատանքների մեջ ազգայի՛նն արա, մարդկանց դրա՛ն սովորեցրու, բայց ես պատասխանում եմ, որ իմ ճաշակով, իմ ուզածը ես կարող եմ անել ինձ համար, իմ ընտանիքի համար, բայց երբ աշխատում եմ պատվիրատուի հետ, կատարում եմ իր պատվերը։ Բնականաբար, պատվիրատուն գիտի ինձ. եթե իրար հետ ենք աշխատում, ուրեմն վստահում է ինձ, բայց չի նշանակում, որ ես կարող եմ իմ ճաշակը թելադրել։
Ժամանակը ցույց կտա
Ժամանակը նաև ինչ-որ բան պահանջում է, որ նման բան արվի՝ արվում է։ Չի կարելի ուղղակի փնովել, ասել՝ ես ավելի լավ կանեի… լավն էլ կա, վատն էլ կա։ Միշտ էլ եղել են քանդակներ, Միքելանջելոն դարձել է Միքելանջելո, Ռոդենը՝ Ռոդեն։ Ես, իհարկե, չեմ համեմատվում նրանց հետ, ուղղակի ուզում եմ ասել, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, ինչ-որ բան արվում է, հետո է պարզ դառնում՝ ինչքանով է դա մնայուն, արժեքավոր։ Ցանկացած աշխատանք էլ կարելի է քննադատել։ Թող ամեն մեկն իր աշխատանքը ստեղծի, թող հնարավորություններ լինեն, որ քանդակագործներն իրենց արտահայտեն։
Մնացածը՝ ժամանակը ցույց կտա։
