Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները. 1991-1998 թթ.

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Read in English
The Levon Ter-Petrosyan Administration: 1991-1998
Նախագահի կենսագրությունը

Լևոն Տեր-Պետրոսյանը (հաճախ կրճատ` ԼՏՊ) ծնվել է Հալեպում, Սիրիայում, ծնողները Մուսա լեռից էին, հայտնի՝ թուրքերին ցույց տված դիմադրությամբ Հայոց ցեղասպանության տարիներին: Հայրական կողմի նախնիները հոգևորական ծառայության են եղել Կիլիկիայում, այստեղից էլ նրա ազգանվան «Տեր» բաղադրիչը: Հայրը` Հակոբը, Հնչակյան կուսակցության անդամ էր, ավելի ուշ` Սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամ։ Տեր-Պետրոսյանները տասնյակ հազարավոր սփյուռքահայերի հետ Խորհրդային Հայաստան են հայրենադարձվել 1946 թվականին` Լևոնի ծննդից մեկ տարի անց:

Տեր-Պետրոսյանը՝ ցեղասպանությունը վերապրածի որդին, մեծացել է Երևանում: Սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժնում, ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղի ասպիրանտուրան: Վերադառնալով Հայաստան՝ Տեր-Պետրոսյանն իր կարիերան սկսել է Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ որպես հետազոտող: 1978 թվականին սկսել է աշխատել Մատենադարանում՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: 1980-ականներին դասավանդել է  Մայր Աթոռ ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1987 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն հնագույն շրջանում հայ-ասորական գրական կապերի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն ազատ տիրապետում է հայերենին և ռուսերենին, գիտի ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն և աստվածաշնչյան եբրայերեն:

Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեությունը սկսվեց համալսարանական տարիներին: 1965 թվականից, երբ առաջին անգամ հանրայնորեն ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, նա մասնակցեց Հայոց հարցի պաշտպանությանն ուղղված բողոքի ցույցերին: 1987 թվականի աշնանը Մատենադարանի աշխատողների շրջանում ստորագրահավաք նախաձեռնեց, որը կոչ էր անում Լեռնային Ղարաբաղը միավորել Խորհրդային Հայաստանին: 1988 թվականի փետրվարից, երբ Երևանում նույն պահանջով զանգվածային ցույցեր սկսվեցին, նա դարձավ այս հարցը բարձրաձայնողներից մեկը: 1988 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովը ժամանեց Հայաստան՝ այցելելու դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ, Տեր-Պետրոսյանը և արդեն իսկ հայտնի «Ղարաբաղ կոմիտեի» մյուս առաջնորդները ձերբակալվեցին: Նրանք ազատ արձակվեցին 1989 թվականի մայիսի 30-ին:

 

Իշխանության գալը

Տեր-Պետրոսյանն իշխանության եկավ 1990 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որոնք ընթացան երկու փուլով` մայիսի 20-ին և հունիսի 3-ին: Թեկնածուները, որոնք հանդես էին գալիս անկախության օգտին, Գերագույն խորհրդի (այն ժամանակ խորհրդարանն այդպես էր կոչվում) կազմում ձևավորեցին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) խմբակցությունը։ 1990 թ. օգոստոսի 4-ին Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի թեկնածության հետ զուգահեռ խոսնակի պաշտոնի համար մի քանի քվեարկությունից հետո Տեր-Պետրոսյանն ի վերջո հաղթեց: Նրա ղեկավարությամբ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հռչակում էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրով երկիրը պաշտոնապես վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:

1991 թ. մարտին Հայաստանը մերժեց Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի՝ նոր միություն ստեղծելու առաջարկը, և Հայաստանը դե յուրե անկախություն ստացավ, երբ 1991 թ. սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվե անցկացվեց, իսկ երկու օր անց խորհրդարանը պաշտոնապես հայտարարեց Հանրապետության անկախությունը:

Տեր-Պետրոսյանը համապետական ընտրությամբ նախագահ ընտրվեց 1991 թ. հոկտեմբերի 16-ին: Նա տպավորիչ հաղթանակ գրանցեց` ստանալով քվեների 83%-ը և առաջ անցնելով խորհրդային շրջանի հայտնի այլախոհ Պարույր Հայրիկյանից և սիրված դերասան Սոս Սարգսյանից, որն առաջադրվել էր ազգայնական Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից: Տեր-Պետրոսյանն անկախ Հայաստանի առաջին նախագահի պաշտոնը ստանձնեց նոյեմբերի 11-ին:

 

Խոշոր փոփոխություններ

Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահ ընտրվեց այն ժամանակ, երբ երկիրը կանգնած էր խոշոր սոցիալ-տնտեսական և անվտանգային մարտահրավերների առաջ: Ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանը, իսկ ավելի ուշ Թուրքիան շրջափակել էին Հայաստանը, Վրաստանում քաոսային վիճակ էր քաղաքացիական պատերազմի և Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հակամարտությունների պատճառով: Հուսալի ցամաքային կապ չկար Իրանի հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում ապրեց: Գործարանները քիչ-քիչ փակվում էին, կտրուկ աճում էր գործազրկությունը, տնտեսապես ակտիվ բնակչությունն արտագաղթում էր երկրից։

Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածը, որտեղ հիմա Շիրակի ու Լոռու մարզերն են, ավերված էին 1988 թ. դեկտեմբերի երկրաշարժից հետո, մարդիկ ապրում էին ժամանակավոր կացարաններում։ Հայաստանում էին ապաստանել Ադրբեջանից տեղահանված շուրջ 300,000 հայ փախստականները։ Ազգային արժույթի՝ հայկական դրամի ներդրումից հետո` 1993 թ. նոյեմբերին և դեկտեմբերին անցկացված հարցումը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքաբնակների 80%-ը չի կարող առաջին անհրաժեշտության սննդատեսակներ գնել։ 1996 թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նշում էր, որ հայաստանաբնակների միայն 4%-ը կարող է հոգալ ընտանիքի առօրյա կարիքները:

 

Աղմկոտ սպանություններ

Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում թերևս ամենաաղմկոտը 1978-1988 թթ. Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի (հայտնի էր ռուսերեն անվանման սկզբնատառերով` ԿԳԲ) ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանությունն էր: Նա սպանվեց 1993 թ. հուլիսի 21-ին: Սպանությունը մինչ օրս բացահայտված չէ:

1998 թվականին Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուց հետո մի շարք մեղադրանքներ ներկայացվեցին նրա մոտ դաշնակցին` ներքին գործերի տխրահռչակ նախարար Վանո Սիրադեղյանին, որի գտնվելու վայրն անհայտ է 2000 թվականին Հայաստանից փախչելուց հետո: Սիրադեղյանը մեղադրվում էր գրեթե քսան տարի առաջ` 1993 թ. մայիսի 3-ին, Հայկական երկաթուղիների տնօրեն Համբարձում Ղանդիլյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի վերջին խոշոր սպանությունը 1990-1992 թթ. Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանությունն էր: Գալստյանը նաև «Ղարաբաղ կոմիտեի» առաջին անդամներից էր, որը հետագայում սկսեց քննադատել Տեր-Պետրոսյանին: Նա սպանվեց 1994 թ. դեկտեմբերի 19-ին:

 

ՀՅԴ-ի դատը

Տեր-Պետրոսյանը իշխանավարության սկզբից էլ բարդ հարաբերություններ ուներ ՀՅԴ-ի հետ, ինչը սրվեց Արցախյան պատերազմի ավարտից և հայկական քաղաքական դաշտում տարաձայնությունների սրացումից հետո: 1992 թ. հուլիսին նա կարգադրել էր վտարել ՀՅԴ բյուրոյի նախագահ Հրայր Մարուխյանին, որը Հունաստանի քաղաքացի էր: Հետպատերազմյան շրջանում Տեր-Պետրոսյանն ավելի ավտորիտար էր դարձել: Տարաձայնությունները գագաթնակետին հասան 1994 թ. դեկտեմբերի 28-ին, երբ Տեր-Պետրոսյանը հեռուստատեսային ելույթում ՀՅԴ-ին մեղադրեց «ԴՐՈ» գաղտնի կազմակերպությունը ստեղծելու մեջ, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, զբաղվում էր սպանություններով, թմրանյութերի թրաֆիքինգով, ահաբեկչությամբ և լրտեսությամբ, «ծրագրում էր ապակայունացնել երկիրը նորանոր սպանությունների միջոցով»: Արդարադատության նախարարության հարցման հիման վրա Գերագույն դատարանը 1995 թ. հունվարի 13-ին վեց ամիս ժամկետով պաշտոնապես կասեցրեց կուսակցության գործունեությունը՝ հղում անելով քաղաքական կուսակցությունների մասին օրենքի խախտումները: Այսպիսով, ՀՅԴ-ն, որն առանցքային ընդդիմադիր կուսակցությունն էր նորանկախ հանրապետության քաղաքական դաշտում, հուլիսի սկզբին չկարողացավ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բացի կուսակցությունից, փակվեցին ՀՅԴ-ի հետ փոխկապակցված մի շարք կազմակերպություններ, այդ թվում և թերթեր: Ձերբակալվեց ՀՅԴ 22 անդամ, որոնցից մեկը մահացավ բանտում: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեն՝ մարդու իրավունքների մշտադիտարկմամբ զբաղվող ԱՄՆ կառավարական գործակալությունը նշում էր, որ «փաստաբանների շփումը մեղադրյալների հետ սահմանափակվել է, իսկ փաստաբանները հայտնել են հետապնդումների, ահաբեկումների ու ծեծի մասին»: Freedom House-ը նշում էր, որ դատավարության ընթացքում «նկատվել են մի շարք լուրջ խախտումներ, իսկ դատական գործընթացում պաշտպանյալների իրավունքները մշտապես խախտվել են»: 1995 թ. մայիսին Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ին բացահայտ մեղադրեց չորս մարդու սպանության մեջ, որոնցից ամենահայտնին Համբարձում Գալստյանն էր, և ՀՅԴ-ն անվանեց ահաբեկչական կազմակերպություն: Ի վերջո, բոլոր մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները հաստատվեցին, թեև Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի պատմության պրոֆեսոր Ստեփան Հ. Աստուրյանի խոսքով` ԴՐՈ-ի և ՀՅԴ-ի կապը այդպես էլ չապացուցվեց: 1995 թ. հուլիսին ՀՅԴ առանցքային անդամ Վահան Հովհաննիսյանը և 31 այլ անդամներ ձերբակալվեցին, նրանց առաջադրվեց ահաբեկչության և կառավարության բռնի տապալման փորձի մեղադրանք:

 

1995 թվականի Սահմանադրական հանրաքվե

Նորանկախ Հայաստանի առաջին սահմանադրական հանրաքվեն տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների օրը` 1995 թ. հուլիսի 5-ին: Մինչև նոր սահմանադրության ընդունումը կիրառվում էր Խորհրդային Հայաստանի 1978 թվականի սահմանադրությունը, թեև այն զգալիորեն բարեփոխվել և հարմարեցվել էր հետխորհրդային իրողություններին: Հանրաքվեի մասնակցությունը 56% էր. մասնակիցների 68%-ը կողմ էր քվեարկել, 29%-ը` դեմ:

Սահմանադրությունը ստեղծեց ուժեղ նախագահական համակարգ և նվազեցրեց խորհրդարանի դերը: 1995-ի սահմանադրությունը Տեր-Պետրոսյանին լիազորություն էր տալիս ցրել խորհրդարանը (որը վերանվանվել էր Ազգային ժողով) և նրան նշանակում էր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Freedom House-ի պնդմամբ` նոր սահմանադրության շնորհիվ Հայաստանն «ամենաուժեղ նախագահական երկիրն էր» ԵԱՀԿ անդամ երկրների շարքում:

Հանրաքվեի իր գնահատականում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակությունը նշել էր, որ այն «ազատ էր, բայց ոչ արդար»:

 

Ընտրություններ

1991 թվականի նախագահական ընտրություններ

Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան 1991 թ. հոկտեմբերի 16-ին: Տեր-Պետրոսյանն ակնհայտ առաջատար էր, մրցապայքարին մասնակցում էին մի շարք հայտնի գործիչներ։ Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը խորհրդային շրջանում անկախացման ջատագով, այլախոհ և «Ազգային ինքնորոշում միություն» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր: Մյուս թեկնածուներն էին կինոյի և թատրոնի սիրված դերասան Սոս Սարգսյանը, որն առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից, Աշոտ Նավասարդյանը` այն ժամանակ սակավաթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Ղարաբաղ կոմիտեի» վաղ տարիների ևս մեկ անդամ` Ռաֆայել Ղազարյանը, որն առաջադրվել էր որպես անկախ թեկնածու, և ծնունդով ղարաբաղցի գրող Զորի Բալայանը, որը ճանաչում ձեռք բերեց 1988 թվականին: Տեր-Պետրոսյանը հեշտությամբ հաղթանակ գրանցեց՝ ստանալով քվեարկողների շուրջ 83%-ի աջակցությունը, Հայրիկյանը ստացավ ձայների ընդամենը 7%-ը, իսկ Սարգսյանը՝ 4%-ը: Համարվում է, որ սա Հայաստանի երրորդ Հանրապետության միակ չկեղծված ընտրությունն էր մինչև 2018 թվականը:

 

1995 թվականի խորհրդարանական ընտրություններ

Անկախ Հայաստանում առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 1995 թ. հուլիսի 5-ին: Ընտրությունների արդյունքում ձևավորվելու էր 190 պատգամավորական մանդատ, որոնցից 40-ը՝ կուսակցական ցուցակներով, 150-ը` միամանդատ ընտրատեղամասերում: 13 կուսակցություններից և բլոկներից 5%-ի ընտրական շեմն անցան միայն հինգը: Տեր-Պետրոսյանի «Հայոց համազգային շարժումը» գլխավորում էր «Հանրապետական» բլոկը, որը ստացավ քվեների 43%-ը և նախատեսված համամասնական 40 տեղից 20-ը: Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնում էր «Շամիրամ» կուսակցությունը, որի կազմում հիմնականում պաշտոնյաների կանայք էին: Ընտրություններից երկու ամիս առաջ ձևավորված կուսակցությունը ստացավ քվեների 17%-ը և 8 մանդատ: Կոմունիստական կուսակցությունը ստացավ քվեների 12%-ը և 6 պատգամավորական մանդատ, Ազգային ժողովրդավարական միությունը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, և Ազգային ինքնորոշում միությունը` Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, ստացան համապատասխանաբար 7,5% և 5,6%, և 3-ական մանդատ:

Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի հետ փոխկապակցված թեկնածուները հաղթանակ տարան միամանդատ ընտրատեղամասերի մեծ մասում: Ընդհանուր առմամբ ՀՀՇ-ն վերահսկում էր խորհրդարանի 190 տեղերից 160-ը, ինչը նրան բացարձակ օրենսդրական լիազորություններ էր ապահովում: Ընտրություններին մասնակցությունը 54% էր, բայց քվեաթերթիկների մեկ չորրորդն անվավեր ճանաչվեց: ԵԱՀԿ-ի Խորհրդարանական ասամբլեայի միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների խոսքով` «միջազգային չափանիշներով ընտրությունները կարելի է համարել ընդհանուր առմամբ ազատ, բայց ոչ արդար»: ՀՅԴ-ի արգելքը, ի տարբերություն հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց, «հանգեցրեց նրան, որ ընդդիմության հիմնական հատվածը դուրս մնաց ընտրական գործընթացից»: Բազում վկայություններ կային բռնությունների և ահաբեկումների վերաբերյալ, քվեարկողների ցուցակները «խիստ հնացած էին, և դրանցում ներառված էին մեծ թվով քվեարկողներ, որոնք այլևս չէին բնակվում այդ շրջաններում»: ԵԱՀԿ պատվիրակությունը դժգոհում էր նաև ընտրատեղամասերում աշխատող մարդկանց ոչ բավարար պատրաստվածությունից:

 

1996 թվականի նախագահական ընտրություններ և բողոքի ցույցեր

1996 թ. սեպտեմբերի 22-ին կայացած նախագահական ընտրությունը մրցապայքար էր Տեր-Պետրոսյանի և նրա նախկին դաշնակից ու գլխավոր հակառակորդ Վազգեն Մանուկյանի միջև: Միավորված ընդդիմության թեկնածուին` Վազգեն Մանուկյանին, պաշտպանում էր նաև արգելված ՀՅԴ-ն: Մյուս թեկնածուներն էին Կոմունիստական կուսակցության առաջնորդ Սերգեյ Բադալյանը և «Ղարաբաղ կոմիտեից» Տեր-Պետրոսյանի մեկ այլ նախկին դաշնակից Աշոտ Մանուչարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքների համաձայն` Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ ստանալով շուրջ 647,000 քվե կամ քվեների գրեթե 52%-ը: Ընտրությունների երկրորդ փուլից հաջողվեց խուսափել միայն 22,000 քվեի տարբերությամբ: Մանուկյանը ստացավ մոտ 516,000 քվե կամ քվեների 41,3%-ը: Միջազգային դիտորդները նշում էին, որ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները բավարար չեն պաշտոնական արդյունքները կասկածի տակ առնելու համար: Այնուամենայնիվ, դիտորդներին մտահոգել էր շուրջ 22,000 քվեի տարբերությունը քվեարկած և պահպանման հանձնված քվեաթերթիկների միջև:

Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Մանուկյանը պնդում էին, որ հաղթել են: Սա նախագահական ընտրություններից առաջինն էր, որին հաջորդում էին ընդդիմության թեկնածուների կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերը` ի դժգոհություն ենթադրաբար կեղծված ընտրությունների: Հաջորդ մի քանի օրերին մարդկանց մեծ բազմություն էր հավաքվում Օպերայի թատրոնին կից Ազատության հրապարակում, և սեպտեմբերի 25-ին ցույցերն ավարտվեցին բռնությամբ: Ցուցարարները ներխուժեցին Ազգային ժողովի շենք, որտեղ գործում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և ծեծի ենթարկեցին Տեր-Պետրոսյանի դաշնակից, խորհրդարանի խոսնակ Բաբկեն Արարքցյանին և փոխխոսնակ Արա Սահակյանին: Այս միջադեպն օգտագործվեց ցուցարարներին ցրելն արդարացնելու համար: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն իր հայտնի ելույթում հայտարարեց. «Սրանից հետո մենք նրանց թույլ չէինք տա իշխանության գալ, նույնիսկ եթե քվեների 100 տոկոսը հավաքեին»: Սարգսյանը և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը հեռուստատեսային ելույթում նշեցին, որ կառավարական ուժերը հեղաշրջման փորձ են կանխել:

Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հատուկ դրություն հայտարարեց, իսկ զորքն ու զրահամեքենաները մտան Երևան` կարգուկանոն հաստատելու և բողոքի ցույցերը ճնշելու համար: Ուժի ցուցադրության ընթացքում ցուցարարների գլխավերևում կրակոցներ էին հնչում: Հակակառավարական քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին ծեծի էին ենթարկում, ձերբակալում, փակվում էին կուսակցության գլխավոր գրասենյակները: Ընտրության արդյունքները բողոքարկվեցին Սահմանադրական դատարանում, որը քննարկումներից հետո նոյեմբերի 22-ին մերժեց Մանուկյանի ու Մանուչարյանի` կրկնակի քվեարկություն անցկացնելու միջնորդությունը:

 

Լեռնային Ղարաբաղի բանակցություններ

Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջնորդն էր Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում, որը 1992 թվականին վերածվեց Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի: Կողմերի միջև հրադադարի համաձայնագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսին, և դե ֆակտո հայկական վերահսկողության տակ հայտնվեցին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն (ԼՂԻՄ) ու հարակից յոթ շրջանները:

Պատերազմի ընթացքում հաշտության մի քանի փորձ էր եղել: 1992 թ. մայիսին, մինչ հայկական ուժերը գծում էին Շուշիի ազատագրման ծրագիրը, Տեր-Պետրոսյանը Իրանի մայրաքաղաք Թեհրանում էր` Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յակուբ Մամեդովի և Իրանի նախագահ Ռաֆսանջանիի հետ բանակցություններ վարելու: Բանակցությունները ձախողվեցին մայիսի 9-ին, երբ Հայկական ուժերն ազատագրեցին Շուշին: Այն ժամանակ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այնպիսին էր, որ Հայաստանը չի մասնակցում պատերազմին, միայն աջակցում է Արցախի խնդրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները համակարգվեցին 1994 թվականին, երբ Եվրոպայի անվտանգության և համագործակցության համաժողովը (ԵԱՀՀ, հետագայում՝ ԵԱՀԿ) ձևավորեց Մինսկի խումբը, և վերջինս դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական հարթակ: Լիսաբոնում, 1996-ի դեկտեմբերին, ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում անդամ բոլոր պետությունները, բացի Հայաստանից, համաձայնության եկան հայտարարության նախագծի շուրջ, որը պատրաստել էր Մինսկի խումբը, և որն առաջադրում էր հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունք: Այն նպատակ ուներ կարգավորել հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղին տալով «Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն» և երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղը նորից Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելը, անկախ ինքնավարության մասին խոստումներից, անընդունելի էր Հայաստանի համար, և Տեր-Պետրոսյանը վետո դրեց առաջարկի վրա:

1997 թ. սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը համաձայնեց Մինսկի խմբի մեկ այլ առաջարկի, որը հայտնի է որպես «փուլային տարբերակ»: 1997 թվականի նոյեմբերի 1-ին նա հրապարակեց իր հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որտեղ պնդում էր, որ Հայաստանն ու Արցախը դաշնակիցներ չունեն Արցախի անկախության հարցում, և հակամարտության լուծման միակ տարբերակն Ադրբեջանի հետ փոխզիջման գնալն է: Անվանումն արդեն իսկ ենթադրում էր, որ խոսքը փուլային լուծման մասին է: Նախ, հայկական զինված ուժերը պետք է դուրս գային նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջաններից, վերաբացվեին սահմանները, վերականգնվեին տնտեսական և տրանսպորտային կապերը, և միայն դրանից հետո պիտի որոշվեր Ղարաբաղի կարգավիճակը: Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ Հայաստանն ու Արցախն առավելություն ունեին, ավելի քան երբևէ ուժեղ էին և պետք է օգտագործեին պահը` հակամարտությունն իրենց օգտին լուծելու համար: Մոտեցումն անընդունելի էր Արցախի ղեկավարության և Տեր-Պետրոսյանի որոշ մոտ դաշնակիցների համար, այդ թվում և նրա կառավարության որոշ անդամների` վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի համար: 1998 թվականի հունվարին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ տարաձայնություններն ակնհայտ դարձան: Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը գլխավորեցին կարգավորման այս տարբերակի դեմ արշավը: Տեր-Պետրոսյանին այլ ընտրություն չէր մնում, քան 1998 թվականի փետրվարի 3-ին հրաժարական տալ: Հրաժարականի ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը Հայաստանում պարտվեց»:

 

Դիվանագիտություն

1991 թվականի սեպտեմբերից հետո աշխարհի բազմաթիվ պետություններ սկսեցին ճանաչել Հայաստանի անկախությունն ու երկկողմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս հետ: Առաջին երկու երկրները, որոնք ֆորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին անկախ Հայաստանի հետ, Լիտվան (1991 թ. սեպտեմբերի 21) և Ռումինիան էին (1991 թ. դեկտեմբերի 17): 1992-ի տարեվերջին Հայաստանն արդեն ֆորմալ դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել 75 երկրի հետ:

Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում Հայաստանը միացավ մի շարք տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների։ Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության անդամ դարձավ 1992 թ. մարտի 2-ին. նույն օրը ՄԱԿ-ին անդամակցեց ևս յոթ նախկին խորհրդային հանրապետություն: Ավելի վաղ` 1992 թ. հունվարի 30-ին Հայաստանը դարձել էր Եվրոպայի անվտանգության և համագործակցության համաժողովի (ԵԱՀՀ) անդամ, որը 1995-ին վերանվանվեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ). այժմ այն միավորում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություն: ԵԱՀԿ անդամակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով, որոնցից, սակայն, կարելի է առանձնացնել երկուսը: Նախ և առաջ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1994 թվականին, եղել և մնում է միակ հարթակը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Երկրորդ, ԵԱՀԿ-ն լուրջ դեր ունի Հայաստանում ընտրությունների մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում: Հատկանշական է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ ) 1996 թվականից մշտադիտարկում է Հայաստանի բոլոր համապետական ընտրություններն ու հանրաքվեները:

1991 թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանը միացավ Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ): Այն ազատ կոալիցիա է, որում ներառված են նախկին տասնհինգ խորհրդային հանրապետություններից ինը:

1992 թ. մայիսի 15-ին Հայաստանը Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ ստորագրեց Հավաքական անվտանգության պայմանագիրը, որը մեկ տասնամյակ անց հանգեցրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծմանը: Հայաստանը 1992-ին հարաբերություններ հաստատեց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ, երբ միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (այն այժմ կոչվում է Եվրաատլանտյան գործընկերության խորհուրդ): Սրա շնորհիվ Հայաստանը դարձավ ՆԱՏՕ-ի դաշնակից և/կամ գործընկեր: 1994 թվականին Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:

1992 թվականի հունիսին Հայաստանը ստորագրեց Բոսֆորյան հայտարարությունը, որը 1994-ին հանգեցրեց Սևծովյան տնտեսական համագործակցության ստեղծմանը: Կազմակերպության կազմում ի սկզբանե կար 11 անդամ, ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը:

 

Տնտեսություն

1990-ականների սկզբին Հայաստանի տնտեսությունը ենթարկվեց առանցքային փոփոխությունների և բախվեց մի շարք մարտահրավերների: ԽՍՀՄ կենտրոնացված պլանային համակարգն այլևս չկար, և երկրի տնտեսությունը կտրուկ անկում ապրեց: 1992 թվականին` անկախության առաջին տարվա ընթացքում, Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվեց մոտ 42%-ով: Միայն 1994 թվականին տնտեսությունը սկսեց դանդաղ վերականգնվել:

1988-ի Սպիտակի երկրաշարժի (որը ոչնչացրեց Հայաստանի արդյունաբերական հզորությունների մոտ 25%-ը) աղետալի հետևանքները, Մեծամորի ատոմակայանի փակումը (որն ապահովում էր երկրի էլեկտրականության մոտ 40%-ը), անկախացումից հետո արևմտյան ոճի շուկայական տնտեսության անցումը, Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունը, որը վերածվեց լայնամասշաբ պատերազմի, սեփականաշնորհման զանգվածային ծրագրերն ու ծաղկող կոռուպցիան իշխող վերնախավի շրջանում, կործանում էին տնտեսությունը: Վիճակն էլ ավելի էր վատթարացնում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը (Հայաստանը վառելիքի մոտ 80%-ը ներկրում էր ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, որի 82%-ը արտադրվում էր Ադրբեջանում): Շրջափակման ազդեցությունն էլ ավելի ուժեղացավ, երբ 1993 թվականին Թուրքիան իր հերթին շրջափակեց Հայաստանը: Հարևան Վրաստանում քաղաքացիական պատերազմը (1992-1993) արգելափակում էր տարանցիկ հնարավորությունները, որը կենսական նշանակություն ուներ Հայաստանի համար։ Այս ամենը հանգեցրեց էներգետիկ ճգնաժամի, որը հայտնի է «մութ ու ցուրտ տարիներ» անվանմամբ:

 

Բնապահպանություն

Էկոլոգիական խնդիրներն առաջին հանրային խնդիրներն էին, որոնց շուրջ քննարկումներ էին ծավալվում և բողոքի ալիք բարձրանում 1980-ականների վերջին: 1987-ի աշնանը` Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ միավորման շուրջ զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկից առաջ, Երևանում տեղի ունեցան մի շարք փոքր, բայց նշանակալի ցույցեր, որոնց ընթացքում բարձրացվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին էկոլոգիական խնդիրները մայրաքաղաքում և Մեծամորի` տարածաշրջանի միակ ատոմակայանի անվտանգությունը: Այն փակվեց 1989-ին՝ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների, մասնավորապես՝ 1988 թվականի երկրաշարժի և 1986-ի Չեռնոբիլի աղետի պատճառով: Ատոմակայանի փակումն անկախության առաջին տարիներին հանգեցրեց էլեկտրականության զանգվածային անջատումների:

1990-ականների էներգետիկ ճգնաժամի պայմաններում էլեկտրականություն արտադրելու համար օգտագործվում էր հիմնականում Սևանա լճի ջուրը։ 1992-1998 թվականներին Սևանի մակարդակն իջավ ավելի քան մեկ մետրով: Սա հանգեցրեց ջրի մակարդակի անկայունության, որը սկսել էր վերականգնվել 1980-ականներին` Արփա-Սևան թունելի շինարարության ավարտից հետո:

 

Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:

Անկախություն | N11

Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականի սեպտեմբերի 21-ին տոնում է անկախության 30-ամյակը:

ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, անցկացվեց անկախության համազգային հանրաքվեն: Անկախությունը պաշտոնապես հռչակվեց երկու օր անց:

Անկախության 30-ամյա այս շրջափուլը, անշուշտ, հանդիսավոր տոնակատարություններ էր ենթադրելու, եթե միայն 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այն չստվերվեր խառը զգացումներով ու ապագայի նկատմամբ անորոշությամբ:

«Անկախություն» խորագրով EVN Report-ի ամսագրի 11-րդ թողարկումն իրականում հայացք է անկախ Հայաստանի չորս վարչակազմերին՝ բացահայտելու անցած այս տարիների մարտահրավերներն ու խոչընդոտները, գրանցված հաջողություններն ու անհաջողությունները: Առաջիկա չորս օրերին մենք լուսաբանելու ենք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998), երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) և Սերժ Սարգսյանի (2008-2018), ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանի (2018-2021) պաշտոնավարման տարիները:

Եվ որքան էլ մռայլ թվա ապագան այսօր, անցյալի իմաստավորումն առաջին քայլն է առաջիկա տասնամյակի համար ավելի լուսավոր ճանապարհ կերտելու համար: