
Նախ լուրջ չվերաբերվելու շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող. այլ հարց է, թե լուրջ վերաբերվելով՝ արձագանքելու, չեզոքացնելու և հակազդելու ի՞նչ մեթոդներ կընտրենք։
Հատկապես լուրջ պետք է վերաբերվել ընդգծված թուրքամետ կամ ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն ունեցող երկրներում տեղի ունեցող հակահայկական գործընթացներին։ Խոսքը թե՛ պետական կառույցների, թե՛ լոբբիստական կազմակերպությունների մասին է։ Ցավոք պետականության վերականգնումից ցայսօր պետությունը համակարգված, շարունակական աշխատանք չի տարել Սփյուռքի լոբբիստական կառույցների, հայ և օտարազգի գործիչների հետ։ Այն ամենը, ինչ ունենք, բացառապես անհատների, Սփյուռքի տարբեր կազմակերպությունների ջանքերի, կապերի ու հնարավորությունների սահմաններում արված աշխատանքի արգասիքն է։
Վերադառնալով խնդրո առարկային. Միացյալ Թագավորության (ՄԹ) Ներկայացուցիչների պալատի 4 անդամների ստորագրությամբ հուլիսի 13-ին ՄԹ խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ» վերտառությամբ, ինչպես ես եմ բառացի թարգմանում, «Առավոտ կանուխ միջնորդությունը» (այսուհետև՝ ԱԿՄ) կամ «Վաղորդյան միջնորդությունը» (անգլերեն՝ Early Day Motion)։
Միջնորդությունը վտանգավոր ձևակերպումներ է պարունակում, քանի որ ամրագրում է ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական թեզերը, և այս կերպ դրանք ներմուծում բրիտանական քաղաքական օրակարգ։ Օրակարգ, որում նույն հարթության մեջ բացակայում է հայկական կողմի տեսակետը, ինչն էլ ավելի է ընդգծում միջնորդության կարևորությունը։
Միջնորդության տեքստը.
«Պալատն արձանագրում է 2020 թվականի հուլիսի 12-ի գիշերը Հայաստանի ագրեսիան, որն էլ ավելի է բորբոքում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, որի հիմքում Հայաստանի կողմից Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի և հարակից յոթ շրջանների նկատմամբ ռազմական վերահսկողությունն է, որը 1990-ականներին հանգեցրել է 30.000 մարդու մահվան, և իրենց բնակավայրերից ավելի քան 1 միլիոն ներքին տեղահանվածների փախուստի։ Պալատը կոչ է անում ՄԹ կառավարությանը դատապարտել Հայաստանի վերջին գործողությունները, որոնք լուրջ խոչընդոտ են գործընթացի խաղաղ կարգավորման համար և որոնք խախտել են միջազգային իրավունքը ու 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը։ Պալատն արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին ծանր հրետանու կիրառմամբ ռազմական ընդհարումը միջազգային իրավունքի, ինչպես նաև 1994 թվականի հրադադարի համաձայնագրի աղաղակող խախտում է և լրջորեն խոչընդոտում է գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Պալատը հորդորում է ՄԹ կառավարությանը սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված կոչին՝ մանրակրկիտ հետաքննություն նախաձեռնելու՝ կանխելու համար սույն ռազմական գործողությունը լայնածավալ պատերազմի վերաճելը. ավելին՝ կոչ է անում ՄԹ կառավարությանը հորդորելու դուրս բերել հայկական ռազմական ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչպես ամրագրված է 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում»։
Այլ հարց է, թե ինչպե՞ս ու ի՞նչ ուղիներով են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը հայտնվել ՄԹ քաղաքական օրակարգում, բրիտանական ո՞ր շահերն են համընկնել ու, ամենայն հավանականությամբ, «վտանգված», որ հանգեցրել են նման ընդգծված հակահայ բովանդակությամբ տեքստի։ Հարցադրումներից յուրաքանչյուրը առանձին քննարկման նյութ է։
Փորձենք հասկանալ, առհասարակ, ի՞նչ նշանակություն ունեն այս միջնորդությունները։ ԱԿՄ-ներին վերաբերող ՄԹ պառլամենտի փաստաթղթում նշվում է, որ դրանք «հստակ ամրագրված օր չունեցող, Ներկայացուցիչների պալատում բանավեճ ծավալելու նպատակով ներկայացվող միջնորդություններ են»։ Փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ «ԱԿՄ-ների մեծամասնությունը սովորաբար ստանում է մեկ կամ երկու ստորագրություն և որպես կանոն, յուրաքանչյուր նստաշրջանին ներկայացված միջնորդություններից միայն մի քանիսն են հավաքում 200 և ավելի ստորագրություն»։ Օրինակ, ցայսօր ամենաշատ ստորագրություններ հավաքած միջնորդությունը «2001-2002 թթ. նստաշրջանին Մալքոլմ Սավիջի ԱԿՄ-ն է եղել՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության անթույլատրելիության մասին՝ 502 ստորագրությամբ, որը գերազանցել է սըր Ռոբերտ Քարիի՝ 1964 թվականի ծառայողական կենսաթոշակների մասին միջնորդությանը՝ 482 ստորագրությամբ»։ Թերևս սա է պատճառը, որ իրականում դրանցից «շատ քչերն են հասնում բանավեճի փուլին, չնայած զգալի մասն արժանանում է հանրային մեծ հետաքրքրության և լայնորեն լուսաբանվում լրատվամիջոցներով»։ Փաստաթուղթն ամրագրում է, որ «բանավեճը Ներկայացուցիչների կամ Լորդերի պալատում որևէ կոնկրետ հարցի պաշտոնական քննարկումն է»։
Միջնորդության կարևորությունն իրականում պայմանավորված չէ վերջինիս բանավեճի փուլ հասնելով և/կամ քննարկման առարկա դառնալ-չդառնալով։ Թեև միջնորդությունները որևէ իրավական ուժ չունեն, դրանց միջոցով, սակայն, «խորհրդարանի առանձին անդամներ ամրագրում են իրենց դիրքորոշումը կամ ուշադրություն են սևեռում իրենց կարծիքով [ՄԹ քաղաքացիների համար — Ա.Կ.] հանրային կարևորություն ունեցող որևէ իրադարձության կամ արշավի վրա»։ Կարևոր է նշել, որ ԱԿՄ-ները ներկայացվում են «կոնկրետ խորհրդարանական նստաշրջանում և բաց են ստորագրությունների համար մինչև տվյալ նստաշրջանի ավարտը»։
Հատկանշական է, որ հակահայ այս միջնորդությունը, որն ունի 4 ստորագրություն, ստորագրությունների համար բաց է լինելու մինչև 2021 թվականը, իսկ իրադարձությունների հետագա ընթացքը ոչ ոք կանխատեսել չի կարող։ Հետևաբար այս փուլում բոլոր այն պնդումները, թե լուրջ հետևանքներ չկան և չեն լինելու, պարզապես անտեղի են, եթե, իհարկե, դրանք չեն զուգորդվում անդուլ, հասցեական ու բազմակողմանի աշխատանքով։
Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվել և տարվում։
Հուլիսի 13-ին հրապարակված միջնորդությունից մեկ օր անց՝ հուլիսի 14-ին, ՄԹ արտաքին գործերի գերատեսչությունը տարածեց խոսնակի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի խախտման մասին» հաղորդագրությունը, որով հրադադարի վերականգնման և երկխոսության կոչ էր արվում կողմերին։
Հուլիսի 16-ին Լորդերի պալատի անդամ, հայ ժողովրդի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով դիմեց ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին, հուլիսի 20-ին համանման նամակով հանդես եկավ Ներկայացուցիչների պալատի անդամ, հայաշատ Հյուսիսային Իլլինգի շրջանից ընտրված ներկայացուցիչ Ջեյմս Մյուրեյը։
Հուլիսի 17-ին Լոնդոնում՝ ՀՀ դեսպանատան առջև, կայացավ ՄԹ-ում բնակվող ադրբեջանցիների ցույցը, որը հանդիպեց հայ համայնքի հակազդեցությանը։ Ավելի ուշ հայտարարություն տարածեց ՄԹ Հայ Դատի գրասենյակը՝ հորդորելով ՄԹ-ում բնակվող մեր հայրենակիցներին կապ հաստատել իրենց ներկայացուցիչների հետ և պահանջել դատապարտել ադրբեջանական ագրեսիան։
Հատկանշական և շատ ավելի կարևոր է, որ ի տարբերություն միջնորդության հեղինակ Բոբ Բլեքմանի և Մարթին Վիկերսի, որոնք Ադրբեջանի հարցերով համակուսակցական խմբի անդամներ են, մյուս երկուսը նախկինում հայամետ միջնորդություններին աջակցած գործիչներ են. մասնավորապես՝ Ջոն Մաքդոնելը 2006 թվականին սատարել է «1915 թվականի Ասորական և Հայկական Ցեղասպանությունը» միջնորդությանը, և Ջիմ Շանոնը, որը միացել է 2016 թվականի «Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցը» վերտառությամբ միջնորդությանը։ Հետևաբար, ավելորդ են պնդումները, թե անհանգստանալու առիթ չունենք։ Երբ նախկինում հայամետ հայտարարություններին սատարած ներկայացուցիչները «անհասկանալիորեն» դառնում են հակահայ հայտարարությունների աջակից, սա լուրջ մտորումների տեղիք տվող հանգամանք է և վկայում է ոչ միայն ետնաբեմում ընթացող ավելի խորքային գործընթացների, այլև հայկական կողմի ոչ այնքան հետևողական դիվանագիտական ու լոբբիստական աշխատանքի մասին։
Այս փուլում բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն բրիտանացի մեր գործընկերներին վստահեցնելուն, որ ադրբեջանական կողմի ներշնչած տագնապները, թե, իբր, բրիտանական տարածաշրջանային շահերը վտանգված են՝ անհիմն են, որովհետև նման շահերը, իսկ այդպիսիք ակնհայտ են, առավել քան ապահով են ժողովրդական արժեքներ դավանող Հայաստանի պաշտպանության ներքո։ Բանակցություններ պետք է տարվեն գոնե վերոնշյալ երկու՝ նախկինում հայամետ միջնորդություններին սատարած գործիչների հետ, վերջիններիս ստորագրությունները ետ կանչելու ուղղությամբ, երաշխիքներ տալով ու դիրքավորվելով որպես տարածաշրջանային կառուցողական, վստահելի գործընկեր, որը ճկուն է նոր ստեղծված իրողություններին արձագանքելու իր գործիքակազմով։
Չնայած տեղեկություններին, որ Հայաստանի հարցերով համակուսակցական նորաստեղծ խմբի հետ աշխատանքներ են տարվում թե՛ պետական, թե՛ լոբբիստական կառույցների մակարդակով, հուսով եմ, որ այդ աշխատանքներն ուղղված են ո՛չ թե համանման հայամետ հայտարարություն տարածելուն, այլ այս փուլում, ըստ իս, առավել իրատեսական՝ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանգուցալուծելու վերաբերյալ նոր միջնորդության ձևավորմանը։ Նշածս, թեկուզև ընդհանրական բովանդակությամբ միջնորդությունը ո՛չ միայն հնարավորություն կտա շատ ավելի մեծ թվով համակիրներ գրավել, այլև թույլ կտա վերահաստատել հայկական կողմի ամենակարևոր ուղերձը՝ հակամարտության խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի և չի կարող ունենալ։
Իսկ ինչ վերաբերում է արդեն հայտարարագրված միջնորդությանը, ապա այն, ետ չկանչվելու դեպքում, առայժմ թեկուզև միայն չորս պատգամավորների կարծիքի ամրագրմամբ, պահպանվելու է ՄԹ խորհրդարանի առցանց արխիվում, որտեղ հասանելի են վերջին երեսուն տարիների բոլոր միջնորդությունները։ Նկատենք, որ այս արխիվը հետազոտողների, և ոչ միայն հետազոտողների, ուշադրության կենտրոնում է։
Ամփոփելով նշենք, որ 1940 թվականի մայիսի 13-ին սըր Ուինսթոն Չերչիլը կառավարության հետ հանդիպմանը, ապա Ներկայացուցիչների պալատին դիմելիս արտաբերեց իր, ըստ իս, չափազանց ազդեցիկ ու խորհրդանշական մտքերից մեկը. «Ես այլ բան չունեմ առաջարկելու, քան արյունս, եռանդս, արցունքներս ու քրտինքս»։ Սա յուրատեսակ հավատարմության ու նվիրումի երդում էր, որով Չերչիլը խոստանում էր ծառայել իր երկրին ու ժողովրդին։ Հակված եմ կարծելու, որ նման մոտեցմամբ ու նվիրումով աշխատելու դեպքում «նավթադոլարային ու խավիարային» դիվանագիտությանը վերագրելի ադրբեջանական դիվանագիտական ձեռքբերումները անհամեմատ աննկատ կլինեն։
Հ.Գ. Ինչպես և կանխատեսում էի՝ միջնորդության շուրջ զարգացումները նոր երանգներ են ստանում։ Մինչ կտպագրվեր հոդվածը, հուլիսի 22-ին միջնորդությանը միացավ և նույն օրն էլ իր ստորագրությունը ետ կանչեց Սամմի Ուիլսոնը։ Հուլիսի 23-ին իր ստորագրությունը ետ կանչեց Ջիմ Շանոնը։ Հուլիսի 23-ի դրությամբ միջնորդությանը միացած 3 ներկայացուցիչ կա։
Հավելեմ, որ հուլիսի 23-ին Հայաստանի հարցերով համակուսակցական խմբի անդամներ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Թիմ Լոուգթոնը, Ֆերյալ Քլարքը, Անդրյու Ռոզինդելլը, Ջեյմս Գրեյը, Մարկ Պրիտչարդը հանդես եկան ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին ուղղված նամակով։