
«Զվարթնոց» օդանավակայանում լուսադեմին վայրէջք կատարած ինքնաթիռը դանդաղ դատարկվում է քար լռությունից ու արցունքներից: Ծանր սրտով ու 20 կգ ուղեբեռով՝ մարդիկ անցնում են երկար միջանցքով՝ հետևում թողնելով փախստականի դժվարին կյանքը, դեպի հայրենիք, ուր արտաքսվել են:
Սեպտեմբերի 5-ին Գերմանիայից Հայաստան չարթերային չվերթը հայրենիք է վերադարձրել ՀՀ 45 քաղաքացու:
Սոֆյա Ղազարյանին օդանավակայանի ժամանումների սրահում դիմավորում են ամուսինն ու երկու որդիները, որոնց մայրը չի տեսել արդեն 2 տարի: 2017 թ.-ին Ղազարյանների կյանքը հիմնովին փոխվեց, երբ դստեր՝ Անիի մոտ ախտորոշվեց լեյկեմիա՝ սուր ձևի: Ախտորոշումից կարճ ժամանակ անց ընտանիքը որոշեց բուժումը շարունակել արտասահմանում.
«Ես երբեք չեմ փոշմանի որոշմանս համար, որովհետև դա փրկեց երեխայիս կյանքը: Այստեղ միայն հետազոտությունների համար երկու շաբաթում մենք ծախսեցինքը մոտ 6.000 ԱՄՆ դոլար գումար: Ամեն ինչ ստիպված էինք ինքներս գնել՝ բամբակից, բինտերից սկսած՝ մինչև ամենասովորական դեղամիջոցներ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հավաստիացնում էին, որ կարող են բուժել Անիիս, բայց ասում էին, որ քիմիաթերապիայի համար պետք է արտասահմանից դեղորայք բերել, որի մեկ կուրսը կարժենար շուրջ 7.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ որևէ մեկը չէր կարող ասել, թե բուժման քանի կուրս պետք կլինի մեզ: Իսկ երբ մենակ էինք մնում, բուժքույրները, բժիշկներից ոմանք ինձ մի կողմ էին տանում ու ասում՝ «Դեռ կարող եք փրկել երեխային, տարեք այստեղից, տարեք Գերմանիա»»,- պատմում է տիկին Սոֆյան:
Դստեր բուժման համար ընտանիքը ստիպված էր վաճառել ամեն ինչ, անգամ բնակարանը: Տեսանելի արդյունք չունենալուց հետո կարճ ժամանակ անց, զբոսաշրջության նպատակով Անին ծնողների հետ մեկնեց Իտալիա, այնտեղից՝ նույն օրը, անլեգալ ճանապարհով Գերմանիա: Գերմանիայում հայտնվելուց անմիջապես հետո ընտանիքը հանձնվեց միգրացիոն դաշնային ծառայություններին՝ հայցելով փախստականի կարգավիճակ:
Առաջին 4 ամիսներին Անին դուրս չեկավ իր հիվանդասենյակից: Ինտենսիվ և թանկարժեք բուժման կուրսն ու գերմանացի բժիշկների հոգատարությունը 19-ամյա աղջկան ոտքի կանգնեցրեցին կարճ ժամանակ անց.
«4 ամիս հետո մենք տեղափոխվեցինք հանրակացարանի սենյակ: Մենք կարող էինք դիմել, որպեսզի մեզ քարե շենքում սենյակ հատկացնեն, որովհետև Անիի բժշկական ցուցումները թույլ էին տալիս դա, սակայն մենք դա էլ չենք արել, որովհետև կարծում էինք, որ երկրից, որն ընդունել է մեզ և անվճար բուժում է մեր երեխային, մենք ավելին պահանջելու իրավունք չունենք: Բացի այդ, մենք միշտ մտածել ենք, որ հետ ենք գալու՝ միայն թե Անիի առողջանալուց հետ»,- ասում է մայրը:
9 ամիս առաջ Ղազարյանների ընտանիքը ստացավ Միգրացիոն դաշնային ծառայության կողմից ուղարկված առաջին նամակ-զգուշացումը, որում գերմանական գերատեսչությունը ընտանիքին հրավիրում էր՝ «քննարկելու նրանց վերադարձի հետ կապված որոշ հարցեր»:
Գերմանիայում անլեգալ ճանապարհով հայտնված յուրաքանչյուր մարդ գիտե՝ սա արտաքսման առաջին քայլն է: Նամակը ստանալուց անմիջապես հետո Անիի հայրը դիմեց ծառայությանը՝ իր ինքնակամ վերադարձը հայրենիք կազմակերպելու համար: Տիկին Սոֆյան ասում է՝ սա հուսահատ քայլ էր, պայմանավորվածություն գերմանական կողմի հետ, որ ամուսնու վերադարձից հետո գոնե իրեն թույլ տան մնալ դստեր հետ:
Ամուսնու վերադարձից ամիսներ անց, սակայն, տիկին Սոֆյան ևս նման նամակ ստացավ: Օրեր անց միգրացիոն ծառայության և ոստիկանության ներկայացուցիչները՝ զինված և շների ուղեկցությամբ, արդեն իրենց սենյակում էին.
«Ներս մտան ու ասացին՝ «Դուք 20 րոպե ժամանակ ունեք. Հավաքեք ձեր իրերն ու հրաժեշտ տվեք ձեր դստերը: Ձեր ինքնաթիռը մեկնում է երկու ժամից»: Այդ պահին ես չէի հասկանում ինչ է կատարվում: Նայում էի Անիիս՝ հուսահատ, վախեցած: Ասում էի՝ մի վախեցի, ամեն ինչ լավ կլինի: Իրեն սթրեսները հակացուցված են, շատ էի վախենում, որ այդ իրավիճակը կազդի երեխայիս բուժման վրա: Երբ դուրս եկանք սենյակից, նստեցինք մեքենան, կողքիս ոստիկան կնոջը հարցրեցի՝ «Դուք երեխաներ ունե՞ք»: Ասաց՝ այո, երեքը: Ես լաց եղա, նա լաց եղավ ինձ հետ, հետո ասաց՝ «Եթե ձեր աղջիկը հասցնի կապվել փաստաբանի հետ, դեռ հնարավորություն կա, նա հետ կտանի ձեզ»: Այդպես էլ եղավ: 1 ժամ անց փաստաբանիս հաջողվեց ինձ ճանապարհից հետ վերադարձնել: Հիմնական խաղաթուղթն այն էր, որ Անիի բժիշկը մեզ եզրակացություն էր տվել, որ իմ ներկայությունը պարտադիր է բուժման ընթացքում»,- պատմում է տիկին Սոֆյան:
Այս դեպքից երկու ամիս անց, միգրացիոն ծառայության ներկայացուցիչները հանրակացարան եկան արդեն գիշերը: 20 րոպեում մայր ու դուստր չհասցրեցին ճամպրուկ հավաքել: Անին միայն հասցրեց գտնել ու ճամպրուկի մեջ խցկել մոր երկարաճիտ կոշիկները, որովհետև դիմացը ձմեռ է, մայրը կմրսեր:
Այդ անգամ փաստաբանին գտնել չհաջողվեց: Երկու ժամ անց ինքնաթիռը լիքն էր հայերով, որ մեկնել էին լավ կյանքի կամ բուժման հետևից մի երկիր, որն այլևս չի ուզում պահել իրենց:
Ինչո՞ւ և ինչպե՞ս են հայերը հայտնվում Գերմանիայում
Հայաստանը ապօրինի միգրացիայի հակված երկիր է: Արտագաղթի ամենամեծ ալիքը համընկել է Խորհրդային Միության փլուզման և ԼՂ հակամարտության ակտիվ ռազմական փուլի հետ: Ըստ մոտավոր հաշվարկների՝ 1991-1994 թթ-ին ՀՀ 4 մլն բնակչությունից 800.000-1 մլն-ն բռնել է արտագաղթի ճամփան՝ օրինական կամ ապօրինի միգրացիայի միջոցով: Սրա հիմնական պատճառները պատերազմը և սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն էին: Ավանդաբար Հայաստանից միգրացիոն հոսքերի առաջին եռյակը կազմում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ԵՄ-ն: Ռուսաստանը նախընտրելի տարբերակ է հատկապես աշխատանքային միգրանտների համար, քանի որ այստեղ չկա նաև հաղորդակցման, լեզվական խոչընդոտ: ԱՄՆ-ն ամենամեծ հայկական սփյուռքի կենտրոնն է, իսկ ԵՄ տարածք հայերը մեկնում են, սովորաբար, սոցիալ-տնտեսական առավել բարվոք պայմաններ գտնելու կամ բուժվելու:
ԵՄ միգրացիոն քաղաքականության գրասենյակի 2013 թ.-ի տվյալներով՝ հայ միգրանտների համար նախընտրելի ուղղությունների հնգյակն այս տեսքն ունի՝ ԱՄՆ-ում բնակվում է 85,263 հայ միգրանտ, ՌԴ-ում՝ 59,792, Ֆրանսիայում՝ 12,355, Գերմանիայում՝ 11,205 և Իսպանիայում՝ 11,003 մարդ: Վերջին հինգ տարիներին այս ցուցանիշը զգալի փոփոխություն չի կրել:
2010-2018թթ. ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ և ԵԱԱԸ (Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության) անդամ պետություններում ներկայացվել է 57,250 ապաստանի հայց։ Ընդհանուր առմամբ, 2010-2018թթ. վերջնական որոշումների հիման վրա ՀՀ քաղաքացիներին շնորհվել է 1,080 փախստականի կարգավիճակ, 1,015 հումանիտար պաշտպանության կարգավիճակ և 880 օժանդակ պաշտպանության կարգավիճակ: Այս ժամանակահատվածի 4 հիմնական նպատակակետ երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան և Բելգիան, որոնք միասին տարեկան ընդունել են ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների մոտ 88 %-ին։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան տվյալներով՝ հայաստանցիներն ամենից հաճախը ԵՄ մուտքի արտոնագրի համար դիմում են հենց իրենց: Ըստ այս տվյալների՝ դեսպանություն մուտքի արտոնագրի համար դիմած 14,942 մարդուց 13,773-ի հայտը բավարարվել է: Գերմանիան, սակայն, ամենանախընտրելի ուղղություններից է նաև ապօրինի միգրանտների համար:
Գերմանիայի՝ արմատներով հայ քաղաքացիների շահերը ներկայացող «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Անի Դագեսյանն ասում է, որ հայերը ապօրինի ճանապարհով Գերմանիա մեկնում են երկու հիմնական պատճառով՝ բուժում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում: Այս երկու խմբին, սակայն, միավորում է մեկ բան՝ սուտ կամ թերի, չստուգված տեղեկությունները.
«Խնդիրն այն է, որ հայաստանցիները, հաճախ, չեն ստուգում իրենց հասած տեղեկությունների իսկությունը: Իրենց ծանոթ-բարեկամներից լսում են, որ Գերմանիան անվճար բուժում է իրականացնում, կամ, օրինակ, որ այստեղ հնարավոր է նպաստով ավելի լավ ապրել, քան Հայաստանում՝ աշխատելով: Այս երկու կարծիքներն էլ, իհարկե, սխալ են: Գերմանիան անվճար բուժօգնություն չի տրամադրում և չի կարող ապաստան կամ փախստականի կարգավիճակ տրամադրել բոլոր հայցողներին»,- ասում է Անին:
Բանն այն է, որ օրինական ճանապարհով Գերմանիայում բժշկական վիզա ստանալու համար դիմողն իր բանկային հաշվին պետք է առնվազն 20.000 եվրո գումար ունենա՝ հետազոտության ծախսերը հոգալու համար: Այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են ապօրինի կերպով մեկնել Գերմանիա՝ բուժման.
«Ամենից հաճախ հայերը Գերմանիայում հայտնվում են երեք այլ եվրոպական պետություններից ստացված վիզաներով՝ Չեխիա, Լեհաստան և Հունաստան: Այս երկրներում հայտնվելուց անմիջապես հետո մեր հայրենակիցները որևէ կերպ՝ երբեմն բեռնատար մեքենաների թափքերում թաքնված, հայտնվում են Գերմանիայի տարածքում, անմիջապես ոչնչացնում իրենց փաստաթղթերը և այլ անձի անվան տակ դիմում՝ ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար: Դիմում են, հիմնականում, հորինված անվան տակ, քանի որ այդ կերպ, իրենց կարծիքով, իրենց արտաքսման գործընթացն անհնար կլինի, քանի որ, ըստ օրենքի, մարդուն արտաքսելուց առաջ ԵՄ միգրացիոն ծառայությունները նախ պետք է նույնականացնեն, թե որ երկրի քաղաքացի է տվյալ անձը»,- ասում է Անին:
Իրավիճակ է փոխվել. Ինչո՞ւ են հայերին արտաքսում Գերմանիայից
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձի վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8 % կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35 և այլն։
Արտաքսվածներին Հայաստան տեղափոխում են չարթերային չվերթներով՝ հարկադիր: Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` «Ֆրոնտեքսը», որի աջակցությամբ 2016 թ. իրականացվել է 8 չարթերային չվերթ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016 թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։
Այս տարի արտաքսումների ահագնացած տեմպերը վերադարձողները կապում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, այն մասին, որ 2050 թ.-ին Հայաստանում պետք է 5 մլն բնակչություն լինի: Մինչդեռ պաշտոնական Երևանն ու Բեռլինը բոլոր մակարդակներում հերքում են կուլիսային պայմանավորվածությունների առկայությունը:
Անի Դագեսյանն ասում է՝ խնդիրը այսօրինակ պայմանավորվածությունները չեն, այլ՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունը երկու երկներում.
«Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո փոխել է իր կարգավիճակը. Այլ այլևս անվտանգ երկիր է համարվում, որտեղ չկան քաղաքական, կրոնական կամ ռասսայական հիմքով հետապնդումներ: Այս դեպքում Գերմանիայի կառավարությունը հիմք չի տեսնում բավարարելու ապաստանի հայցերը: Ինչ վերաբերում է բուժման նպատակով Գերմանիայում հայտնվածներին, ապա պետք է հստակ հասկանալ՝ Գերմանիայում առողջապահական ծառայություններն անվճար չեն: Իսկ օրենքը բառացիորեն ասում է՝ եթե մարդը Գերմանիա մուտք է գործել հիվանդ վիճակում, ապա նույն վիճակում էլ կարող է դուրս գալ երկրից: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ մարդու վերադարձի անմիջական հետևանք կարող է դառնալ մահը»,- ասում է Անի Դագեսյանը:
Նա նշում է՝ Գերմանիայում օրեցօր թափ են հավաքում աջակողմյան հայացքներ ունեցող քաղաքական ուժերը, բացի այդ՝ գերմանացի հարկատուներն այլևս չեն ուզում վճարել այլ պետությունների քաղաքացիների թանկարժեք բուժման համար.
«Իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար պետք է երկու կողմի տեսակետն էլ հասկանալ: Այո, մարդկայնորեն չափազանց դժվար է մեր հայրենակիցներին այս վիճակում տեսնելը, սակայն պետք է հասկանանք նաև գերմանացի հարկատուներին, ովքեր միգրացիոն ահագնացած հոսքերի պայմաններում պահանջում են կառավարությունից քայլեր ձեռնարկել: Միգրացիոն դաշնային գրասենյակը անմիջական կապի մեջ է ՀՀ առողջապահության նախարարության հետ: Բոլոր այն դեպքերում, երբ հիվանդությունները Հայաստանում բուժվում են, կամ կան բուժման համար անհրաժեշտ դեղերը կամ դրանց փոխարինիչները, հիվանդին հետ են ուղարկում հայրենիք՝ տեղում նրա բուժումը կազմակերպելու համար»,- ասում է Անին:
Ըստ նրա, եթե նախկինում ապաստանի հայցի բավարարման կամ մերժման գործընթացը կարող էր տևել ամսիներ կամ տարիներ, ապա այսօր այդ հարցը քննվում է 1-2 օրվա ընթացքում և համապատասխան որոշում կայացվում: Անին համոզված է՝ արտաքսումների նոր ալիք առաջիկայում էլ կլինի.
«Խոսքը Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ապաստան հայցած և ստացած մարդկանց մասին է՝ հատկապես քաղաքական կամ կրոնական անհանդուրժողականության հիմքով: Փախստականի կարգավիճակը ժամանակավոր է և դրանով անձը ստանում է պաշտպանություն այնքան ժամանակ, քանի դեռ իր երկրում դա հնարավոր չէ։ Իսկ երբ երկիրը ի վիճակի է լինում անձին պաշտպանել, ապաստան տված պետությունը վերանայում է փախստականի պաշտպանության իր հանձնառությունը»,- բացատրում է Անին:
Նունե. Ինձ վերադարձնում են Հայաստան՝ թաղելու
Գերմանիայում ՀՀ դեսպանության բակում առավոտյան 10-ից լսվում է գյումրու բարբառը: Դեռ օրեր առաջ իրար անծանոթ այս մարդկանց մտերմացրել են նույն խնդիրները՝ հիվանդությունն ու կարմիր գծանշումով միգրացիոն քարտը, որը նշանակում է, որ Գերմանիան այլևս հրաժարվում է ապաստան տալ իրենց:
Գյումերցի Նունեն Գերմանիայում հայտնվել է 2016 թ.-ին՝ կրծքի քաղցկեղ ախտորոշումից և կրծքի հեռացման վիրահատությունից հետ: Եկել է ամուսու և որդու ընտանիքի հետ՝ անլեգալ: 11 ամիս ընտանիքն ապրել է փախստականների վրանային ճամբարում, դրանից հետո տեղափոխվել քարե շենք:
Իրենցից առաջ նույն կերպ Գերմանիա տեղափոխվել է եղբայրը, որը հայաստանյան հիվանդանոցում 3 կլինիկական մահ էր տարել: Այսօր նա քրոջն ուղեկցում էր հյուպատոսարան՝ նրա արտաքսման որոշումից հետո անձնագիր ստանալու և հետվերադարձի համար.
«4 հարկանի հանրակացարանի մի սենյակում ես և ամուսինս ենք ապրում, մյուս սենյակում՝ տղայիս ընտանիքը: Մեզ՝ ընտանիքի հաշվարկով, ամեն ամիս 520 եվրո էին տալիս: Հիմա բարձրացրել են՝ 720: Այս գումարը մեզ լիովին բավական է, որովհետև իմ բոլոր բուժումներն ու վիրահատություննեն անվճար են արվում, իսկ սննդի համար կան հատուկ խանութներ, որտեղ անձը 1 եվրոյով կարող է շաբաթը մեկ անգամ գնալ, վերցնել անհրաժեշտ ամեն բան: Իհարկե, այնտեղ վաճառում են, հիմնականում, ժամկետն անց կամ ժամկետին մոտ, թեթևակի փչացած ուտելիք, բայց ինձ համար տարբերություն չկա, եթե, օրինակ, կարտոֆիլն ամբողջական չէ, այլ նեխած մասը կտրված է: Կարևորը, որ այս երկրի բժիշկներն ինձ փրկեցին: Ինձ մոտ այնպիսի հազվագյուտ քաղցկեղ է, որ նմուշներն անգամ ԱՄՆ են ուղարկել, որպեսզի ուսանողները տեսնեն, ուսումնասիրեն»,- ասում է տիկին Նունեն ու աչքերը լցնում. Օրեր առաջ են երկրորդ ուռուցքը վիրահատել. Ամբողջությամբ հեռացնել չի հաջողվել:
Այսօր տիկին Նունեն վախենում է Հայաստան վերադառնալ՝ ո՛չ հետագա բուժման համար գումար ունի, ո՛չ վստահություն՝ տեղացի բժիշկների նկատմամբ.
«Այստեղ պրոֆեսորը ծնկի է իջել իմ կողքին, վիրահատությունից առաջ բռնել ձեռքս, ասում էր՝ մի վախեցիր, լավ կլինի: Դուք Հայաստանում նման բան պատկերացնո՞ւմ եք: Ես 26 տարվա բուժաշխատող եմ, նման բան չեմ հիշում: Ես անգամ քարտեզի վրա չգիտեի Գերմանիայի տեղը, բայց մարդիկ ընդունեցին մեզ, տեղ տվեցին, բուժեցին: Դեղեր կան, որ 1500 եվրո արժեն՝ մեկ հատը: Ես դրանից 6 հատ եմ ստացել: Հայաստանում ես այս ծախսերն ինչպե՞ս եմ հոգալու: Իսկ հիմա դատարանը որոշել է, որ ես այլևս մնալու հիմք չունեմ, կարող եմ գնալ հետ: Հայաստանը պահանջում է ինձ՝ այնտեղ թաղելու համար»,- ասում է կինը:
Տիկին Նունեն սիրում է Հայաստանը, ասում է՝ հաճախ է հայրենիքի համար լալիս, հատկապես, երբ տեսնում է, թե ինչպես են ապրում գերմանացիները: Բայց վերադառնալ դեռ չի ցանկանում: Հայրենիքը՝ հայրենիք, բայց ինքն ապրել է ուզում:
Ի՞նչ պետք է անեն և ի՞նչ են անում արտաքսվածները
«Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Անի Դագեսյանն ասում է, որ այս պայմաններում մեր հայրենակիցների համար լավագույն լուծումը կարող է լինել ինքնակամ վերադարձը: Այս դեպքում Գերմանիայի կառավարությունը աջակցությա մի քանի փաթեթ է առաջարկում, որից կարող են օգտվել մարդիկ.
«Եթե ապաստանի տրամադրման հայցի մերժումից հետո՝ 14 օրվա ընթացքում անձը ցանկություն է հայտնում ինքնակամ վերադառնալ, նրանց որոշակի արտոնություններ են տրվում՝ ընդհուպ մինչև 1500 եվրո միանվագ թոշակ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով: Սա կարող է զգալի աջակցություն լինել այն մարդկանց, ովքեր վաճառել են ամեն ինչ՝ Գերմանիա գալու համար: Սակայն մեր հայրենակիցները շատ քիչ են օգտվում այս հնարավորությունից: Նորից լսելով այլոց խորհուրդները՝ փաստաբաններ են վարձում, բողոքարկում մինչև վերջին ատյանները, այդ ընթացքում ծախսում վերջին գումարները և, արդյունքում, հետ վերադառնում դատարկաձեռն: Այստեղ գործում են ռուսախոս իրավաբանների խմբեր, ովքեր խաբում են մեր հայրենակիցներին, համոզում, թե կլուծեն նրանց խնդիրները, հստակ իմանալով, որ դա անհնար է»,- ասում է Անին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ասում է, որ Հայաստանի դեսպանությունը կարող է և աջակցում է ՀՀ միայն այն քաղաքացիներին, ովքեր հայրենիք վերադարձի ցանկություն են հայտնում` նրանց փաստաթղթավորման և դրա հետ կապված բոլոր գործառույթներում։
«Ինչ վերաբերում է 2014թ.-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում Գերմանիայի պատկան մարմինների կողմից կայացված որոշման հիման վրա ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելուն կամ արտաքսելուն, ապա ՀՀ դեսպանությունն իրավասու չէ միջամտելու ԳԴՀ ներքին գործերին: Գործող գերմանական օրենսդրությամբ` մինչ արտաքսումը ԳԴՀ պատկան մարմինները նախապես ծանուցում են տվյալ անձանց` սահմանված ժամկետում լքելու Գերմանիան։ Ժամկետները չպահպանելու դեպքում ԳԴՀ պատկան մարմիններն օգտագործում են իրենց իրավասությունների շրջանակներում առկա այլ գործիքակազմ»,- ասում է դեսպանը։
Ի՞նչ է առաջարկում հայրենիքն իր զավակներին
Հարկադիր վերադարձողների աջակցության նպատակով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի» նախագիծը: Ըստ դրա՝ աջակցությունը արտաքսված անձանց տրամադրվելու է 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական աջակցություն, ժամանակավոր կացարանի ապահովում, առողջապահական խնդիրների լուծման նպատակով ուղղորդում, ինչպես նաև՝ խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվելու և խնամք ստանալու նպատակով ուղղորդում։
Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն 1 տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում դիմում են ծրագրին։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի շուրջ 13 մլն 680 հազար դրամ է։
Այս գումարի շրջանակներում, օրինակ, պետությունը հայրենիք հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին բնակարաններ վարձակալելու համար սուբսիդիա կտրամադրի՝ 60.000 դրամի չափով և 6 ամիս տևողությամբ։ Աջակցության այս տեսակը նախատեսված է դիմողներից միայն 38 շահառուի համար, այսինքն՝ շուրջ 10 %-ի: Հաշվարկի համար հիմք է հանդիսացել նախորդ տարիների և գործընկեր կազմակերպությունների փորձը. Այսպես՝ 2018թ. ընթացքում «Հայկական Կարիտասի» կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում 95 ընտանիքից ժամանակավոր կացարան ստանալու կարիք ունեցել է 21—ը, որը կազմում է ծրագրերի շահառուների 22 տոկոսը։ «ERRIN Հայաստան» ծրագրի շրջանակներում 2018թ. նոյեմբերից մինչ 2019թ. հունիս ամիսը տան վարձակալության համար դիմել է 31 անձ, սակայն աջակցություն ստացել է միայն 10 շահառու՝ դիմողների մոտ 32 տոկոսը
Այս պահին գործում է վերաինտեգրման երկու ծրագիր՝ «Մեկ պատուհան» ծառայությունը, որը խորհրդատվական և ուղղորդիչ բնույթ ունի ու «Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի» (ERRIN) ծրագիրը, որը պետք է թիրախային աջակցություն ցուցաբերի վերադարձողներին:
«ERRIN» ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականի նոյեմբերին և նախատեսված էր 400 շահառուների համար, սակայն դիմողների չնախատեսված բարձր ցուցանիշի պատճառով ծրագիրն իրականացվել է վերջնաժամկետից զգալիորեն շուտ և ժամանակավորապես դադարեցվել մինչև 2020 թ.: «ERRIN»-ի աջակցության փաթեթը ներառում է բիզնեսի հիմնման, մասնագիտական վերապատրաստման, բուժզննման և բնակարանային վարձի փոխհատուցման աջակցություն՝ 6 ամիս ժամկետով։
Պատկան մարմինները հույս ունեն, որ միջազգային գործընկերների ներգրավմամբ հնարավոր կլինի «ERRIN»-ն իրականացնել նոր թափով:
Հարկադիր վերադարձողների աջակցության վերաբերյալ դրույթներ ամրագրված են նաև ՀՀ միգրացիոն 2017-2021 թթ. ռազմավարության մեջ:
Վերջին կանգառը՝ տուն
Տիկին Սոֆյան վստահ է՝ իր փաստաբանը, որ արդեն դիմել է դատարան ու պայքարում է դստեր մոտ իր վերադարձի համար, չի հաջողելու: Դստեր հետ խոսելիս, ամեն անգամ, մայրը հորդորում է ջանք չթափել մի բանի համար, որ ապարդյուն է: Տիկին Սոֆյան լավ հասկանում է՝ սա քաղաքականություն է, որի համար ինքը բացառություն չի դառնալու:
Անգամ այսօր, այս ամենից հետո, կինը ասում է՝ Գերմանիան փրկեց իր երեխային: Գերմանացի բժիշկների հոգատարության և ուշադրության մասին, կարող է ժամերով պատմել: Այսօր էլ վստահ է՝ Անիի համար հոգ կտանեն իրենից էլ լավ, բայց միևնույնն է, անհանգիստ է իր զավակի համար, որ բոլորովին մենակ է մնացել:
Այսօր Անին գերմաներեն է սովորում, որպեսզի երկու տարի անց՝ բուժման ավարտից և լիակատար առողջանալուց հետո Հայաստան վերադառնա, շարունակի լեզվաբանական կրթությունը ու ապրի երջանիկ՝ սիրած տղայի ու ընտանիքի հետ, որ ամեն օր սպասում են իր հաղթանակին: