
Անվիճելի է, որ տարբեր ոլորտներում խորապես արմատացած կոռուպցիան վերացնելը Հայաստանի ներկայիս կառավարության ամենազգայուն խնդիրն է, ուստի վերջինիս աշխատանքի գնահատականն անմիջականորեն կախված է սոցիալական այդ չարիքը հաղթահարելուն ուղղված քայլերի բնույթից: Թերևս բոլորն են հասկանում, որ կոռուպցիան սակավաթիվ այն խնդիրներից է, որը հետհեղափոխական հայ հանրությունը ոչ մի կերպ չի կարող հանդուրժել՝ ինչպիսի ափսեում էլ որ այն մատուցվի: Հետևապես, իրեն հեղափոխական հռչակած կառավարությունը չի կարող իրեն կոռումպացված համակարգ հանդուրժելու ճոխություն թույլ տալ. դա ազատ անկման ուղիղ ու ամենակարճ ճանապարհն է: Վստահաբար, սա շատ լավ են հասկանում կառավարող օղակներում և փորձում են կոռուպցիայի դեմ պայքարը ներկայացնել որպես իշխանությունների ամենաարժեքավոր ձեռքբերում: Սակայն արդյո՞ք դա այդպես է:
Հանքարդյունաբերության ոլորտի հիմնարար խնդիրներն ուսումնասիրելիս կարելի է կասկածի տակ առնել նոր կառավարության գործողությունների հակակոռուպցիոն բնույթն առնվազն այս ոլորտում: Այո, այն նույն հանքարդյունաբերության, որը ժառանգվել է նախորդից, սակայն ոչ մի իրական քայլ չի ձեռնարկվել կոռուպցիոն սխեմաները վերացնելու կամ նույնիսկ սահմանափակելու ուղղությամբ: Ավելին, այժմ վստահաբար կարելի է պնդել, որ նոր կառավարությունը վերահաստատում է նախկին իշխանությունների ապօրինի թույլտվությունները, խիստ թերի նախագծերի ակնհայտ անհիմն փորձաքննական եզրակացությունները: Բացահայտ իրավախախտումներին իրավական համարժեք գնահատական չտալով նոր կառավարությունը փաստացիորեն ստանձնում է հետագա հնարավոր հետևանքների իրավական և քաղաքական պատասխանատվությունը: Այս մասին են խոսում, թերևս, առանց խնդրի խորքային ուսումնասիրության Թեղուտի վթարային հանքավայրի վերագործարկմանն ուղղված ջանքերը, Քաջարանի հանքավայրում տեսչական ստուգումից հետո բացահայտված խախտումներին իրավական ոչ համարժեք արձագանքը և այլ փաստեր:
Այս հոդվածի շրջանակներում ես չեմ հավակնում ներկայացնել ոլորտի բոլոր կոռուպցիոն ռիսկերը, բայց կարող ենք քննարկել համակարգի ֆաբուլան կազմող հիմնական դրսևորումները:
Ակնհայտ է, որ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների կոռուպցիոն վարքագիծը սահմանափակող հիմնական մեխանիզմը գործունեության թափանցիկությունն է: Թափանցիկությունն ապահովելու համար կան հստակ չափորոշիչներ՝ հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտում, վաճառվող հանքահումքի բաղադրություն ու վաճառքի գին (այսպես կոչված՝ transfer pricing), ընկերությունների միջև բաժնետոմսերի ու այլ ակտիվների շարժ, հանքավայրում առկա պաշարների պարբերաբար վերագնահատում ու հայտնաբերված նոր պաշարների հավաստիություն, որի արդյունքում փոխվում է հանքավայրը շահագործող ընկերության բաժնետոմսերի արժեքը և նմանօրինակ այլ հարցեր: Թվարկված կոռուպցիոն դրսևորումները վերահսկելու համար միշտ չէ որ առկա են արդյունավետ գործիքներ: Օրինակ, բնապահպանական կամ հարկային տեսչական վերահսկողությունը թույլ է տալիս ընկերության գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկատվություն ստանալ, բայց այն ոչ մի կերպ չի կարող պարզել իրական սեփականատերերի կամ այլ փոխկապակցված անձանց իսկությունը. մարդիկ, որոնք կարող են կառավարող համակարգի հետ կապ ունենալ ու ազդել որոշումների ընդունման վրա:
Վերևում թվարկված կոռուպցիոն ռիսկերի գնահատման համատեքստում կխոսենք Ամուլսարի և Քաջարանի հանքավայրերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ նախորդ տարի իրականացրած տեսչական ստուգման ու դրա արդյունքներին համարժեք արձանագրելու խնդրի շուրջ։ Երկու այս հանքավայրերը շահագործող ընկերությունների առերևույթ կոնֆլիկտային հարաբերությունների համատեքստում կարևոր է հստակեցնել նաև հանրային դիրքորոշումը, որպեսզի հանրային խմբերը չօգտագործվեն որպես գործիք մեկի կամ մյուսի կողմից՝ միմյանց դեմ անհասկանալի պայքար մղելու համար:
Հանքարդյունաբերության թափանցիկության համատեքստում կքննարկենք նաև ոլորտում ազդեցիկ միջազգային մի գործընթացի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կարևորությունը և դերակատարումն այս գործընթացում, որին երեք տարի է մասնակցում է նաև Հայաստանը: Ի՞նչ է արվել այս ընթացքում և որո՞նք են հանրության պահանջներից բխող առաջնահերթությունները:
Նշեմ, որ ԱՃԹՆ-ն բնական պաշարների շահագործման ընթացքում թափանցիկություն և հաշվետվողականություն պահանջող միջազգային նախաձեռնություն է: Շատ հակիրճ՝ նախաձեռնությանը մասնակից պետությունները պարտավոր են ապահովել ԱՃԹՆ ստանդարտով պահանջվող մի քանի պայման, այդ թվում՝ արդյունահանող արդյունաբերության ոլորտներում ֆինանսական հոսքերի թափանցիկություն, ընկերությունների իրական սեփականատերերի որոշակի շրջանակի բացահայտում և այլն։ Նման ձևաչափն ապահովում է քաղաքացիական հասարակության գործնական ներգրավվածություն ոլորտին առնչվող ինչ-ինչ որոշումների ընդունմանը, քանի որ դրանք ընդունում է երեք խմբակցություններից՝ կառավարությունից, ընկերություններից և քաղաքացիական հասարակությունից ձևավորված բազմակողմ խումբը՝ կոնսենսուսի միջոցով: Ի վերջո, բնական պաշարները համարվում են հանրային բարիք, որի շահագործումը պետք է նպաստի ամբողջ հանրության բարեկեցությանը, և ոչ թե մի խումբ մարդկանց: Բարեկեցությունն ապահովելու համար ոլորտում աշխատող ընկերությունները և պետական մարմինները պետք է գործեն ամբողջությամբ թափանցիկ, հանրությանը պատկանող բնական պաշարների շարժի ու ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ամբողջությամբ հասանելի լինի հանրությանը: Սա է ԱՃԹՆ-ի հիմնական առաքելությունը՝ թափանցիկության միջոցով հանքարդյունաբերության ոլորտում լարվածության թուլացում:
Հոդվածում կքննարկենք, թե որքանո՞վ է ԱՃԹՆ գործընթացը հաջողված այս փուլում և ի՞նչ խնդիրների ուղղությամբ պետք է այն հաջորդիվ կենտրոնանա՝ ձախողումից խուսափելու համար։
Փաստացի տվյալներ Հայաստանի հանքարդյունաբերության մասին
Որպեսզի հոդվածում արվող հետևությունները հիմնավորված վստահելի փաստական տվյալներով, նախ ներկայացնեմ հանքարդյունաբերության ոլորտի որոշ տնտեսական ցուցանիշներ:
Չնայած Հայաստանի տնտեսության կառուցվածքում հանքարդյունաբերությունն ունի ոչ մեծ դերակատարում, այս ոլորտը մշտական բանավեճերի կենտրոնում է։ Ցավոք, այդ քննարկումները հաճախ սահմանափակվում են զուտ բնապահպանական շրջանակներում, ինչը թույլ չի տալիս խնդիրները դիտարկել առավել լայն՝ սոցիալ-տնտեսական ազդեցությունների տեսանկյունից: Հանքարդյունաբերության տնտեսական ազդեցության լիարժեք գնահատումը կարևոր է այս ոլորտում առկա կոռուպցիոն մեխանիզմները բացահայտելու և, առհասարակ, ոլորտի կառավարման տրամաբանությունը ընկալելու համար:
Որքան էլ կառավարության առանձին շրջանակներ փորձում են արհեստականորեն բարձրացնել հանքարդյունաբերության դերը, տնտեսական ցուցանիշները հակառակի մասին են խոսում: Սա պարզապես ցուցիչ է ոլորտում կոռուպցիայի բարձր ցուցանիշի մասին, քանի որ անհասկանալի է կառավարության առանձին խմբերի շահագրգռվածությունը՝ ամեն գնով ուռճացնելու ցածր արդյունավետություն ունեցող և էկոլոգիապես վնասակար այս ոլորտի դերը երկրի սոցիալական ու տնտեսական կյանքում:
Համաշխարհային բանկի կողմից 2016 թվականին հրապարակած մի վերլուծության համաձայն՝ վերջին 14 տարիների միջինացված կտրվածքով հանքարդյունաբերության ամբողջ ոլորտն ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդամենը 2.2%-ը: 2013-2015 թվականներին ցուցանիշը որոշակիորեն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի միջինացված 3.3%-ի: Հանքարդյունաբերության զարգացմանը կողմ հանդես եկողների հիմնական փաստարկն այն է, որ նոր նախագծերի գործարկմամբ բացվում են աշխատատեղեր: Այնուհանդերձ, տվյալները ցույց են տալիս, որ ոլորտի զարգացումը առ այսօր չի ապահովել աշխատատեղերի էական ավելացում. համաձայն նույն վերլուծության՝ 2014 թվականի դրությամբ ոլորտում աշխատել է 7,057 մարդ, որը կազմում է երկրի արդյունաբերության մեջ ներգրավված աշխատողների շուրջ 9.2%-ը: Ճիշտ է, ոլորտն ապահովում է արտարժույթի էական մուտքեր, քանի որ հանքահումքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, սակայն այն ինքնին բացասական երևույթ է, քանի որ արդյունահանված ռեսուրսները չեն օգտագործվում երկրի ներսում ավելացված արժեք ստեղծելու համար. դրանք արտահանվում են մետաղների որոշակի տոկոս պարունակող փոշի խտանյութի տեսքով։
Իրական սեփականատերերն ու օֆշորային աճպարարությունները
Հետաքրքիր մի արձանագրում անենք՝ Հայաստանում մետաղական հանքավայրեր շահագործող բոլոր ընկերություններն այս կամ այն կերպ փոխկապակցված են ազատ տնտեսական գոտիների կամ, այսպես կոչված՝ օֆշորների հետ: Թվում է, թե այստեղ խնդիր չի կարող լինել, քանի որ հարկային վերահսկողությունը տարածվում է Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր ընկերությունների վրա, իրականում օֆշորային ցանցերի միջոցով գործարկվում է մի մեխանիզմ, որը թույլ է տալիս ոչ միայն գաղտնի պահել Հայաստանի կառավարման համակարգի հետ փոխկապակցված անձանց (իրական սեփականատերեր կամ այլ ստվերային շահառուներ) իսկությունը, այլև ստվերային վերահսկողություն սահմանել ամբողջ հանքարդյունաբերական համակարգի նկատմամբ: Ավելին, պետական մարմինները արդյունավետ գործիքներ չունեն ստվերային խաղացողներին օրենքի դաշտ բերելու հարցում:
Այսպես, դեռևս մեկ տարի առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում վաճառվել է Կայմանյան կղզիներում գրանցված մեկ ընկերության։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության: Ըստ պաշտոնապես հրապարակված տեղեկատվության՝ օֆշորային այս ընկերության վերաբերյալ ոչ մի իրական տեղեկատվություն հնարավոր չի եղել պարզել: Հայտնի է միայն փոստային հասցեն, նաև սեփականատերերի անունները, որոնք հայկական են: Ընդ որում, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ևս 13 ընկերությունների նկատմամբ սեփականության իրավունքը նույնպես կարող է փոխանցվել այդ նույն ընկերությանը: ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ համաձայն Հայաստանի օրենսդրության ընկերությունների ձեռքբերման խոշոր գործարքների մասին պետք է պաշտոնապես, սահմանված կարգով հայտարարել։ Սակայն վերոնշյալ օֆշորային ընկերությունը բաժնետոմսերը գնել է մաս-մաս՝ բազմաթիվ միջնորդ ընկերությունների միջոցով, որպեսզի խուսափի գործարքի վերաբերյալ հայտարարություն տալու պարտավորությունից:
Այս փաստի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս ոչ մի զարգացում չկա, որևէ լրացուցիչ տեղեկատվություն իրավապահ մարմինները չեն հաղորդել: Ըստ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաղորդագրության՝ նախնական տվյալներով Հայաստանում գրանցված ընկերությունների և ակտիվների սեփականությունը և դրանց տնօրինումը իրականացվում է միևնույն կենտրոնից, ինչի հետևանքով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ: Ստացվում է, որ տարիների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում կառավարման գերկենտրոնացված մի համակարգ է ստեղծվել: Այս պահին արձանագրենք, որ չնայած հարուցված քրեական գործին, ավելի քան մեկ տարի այս հարցի կարգավորման ուղղությամբ որևէ իրական զարգացում չի գրանցվել կամ առնվազն այդ մասին հանրային տեղեկատվություն չի տրամադրվել: Սա խոսում է այն մասին, որ պետական համակարգը կա՛մ չի կարողանում խնդիրը լուծել, կա՛մ չի ուզում: Ամեն դեպքում, միայն այս փաստը բավարար է արձանագրելու, որ հանքարդյունաբերության ոլորտն այս պահին գտնվում է անօրինական/գերկենտրոնացված վերահսկողության տակ ու պետական մարմինները արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկում ոլորտը անօրինական/այսօրինակ վերահսկողությունից դուրս բերելու համար:
Իրական սեփականատերեր և առնչվող անձինք
Հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հարցը հաճախ է քննարկվում: Չնայած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանին ուղիղ տեքստով զեկուցվեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում բոլոր հանքավայրերի իրական սեփականատերերը՝ մինչև վերջին մարդը, բացահայտվելու են, պնդումը բացարձակապես սխալ է. իրական սեփականատերերի բացահայտման գործընթացն ամենևին չի ենթադրում ընկերության կողմից «մինչև վերջին» ֆիզիկական անձի հայտարարագրում:
Հայաստանում մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը մշակվել է ԱՃԹՆ շրջանակներում. նախաձեռնությունը 2019-ի նոյեմբերի 30-ից ընկերություններին պարտավորեցնում է հայտարարագրել միայն այն սեփականատերերի տվյալները, որոնք տիրում են ընկերության առնվազն 10% բաժնեմասին կամ ընկերության կապիտալում ունեն դրան հավասարեցված մասնակցություն: Այսինքն, եթե մինչ այդ բաժնեմասերը բաժանվեն 9,9%-ի մասնաբաժիններով, ապա ընկերությունները պարտավոր չեն լինի հայտարարագրել սեփականատերերին (գործող քաղաքական գործիչների համար մասնաբաժնի չափ սահմանված չէ — politically exposed persons): Ավելին, ոչ մի մեխանիզմ չկա ստուգելու, թե, օրինակ՝ կիպրացի Պոպուլոս Պապաստապոպուլոսը կամ Նազիկ տոտան ինչպե՞ս են դարձել բաժնեմասի տեր (միջոցների ձեռքբերման օրինականության խնդիրը): Դժվար է գնահատել, թե որքանո՞վ հնարավոր կլինի հետագայում կատարելագործել իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմները, սակայն արձանագրենք, որ այս պահին այն առանձնապես արդյունավետ չէ հենց նշածս երկու բացերի պատճառով՝ տասը տոկոսից փոքր բաժնեմաս ունեցողների բացահայտման պարտադիր չլինելը և ցանկացած պարագայում հայտարարագրված տվյալների ճշգրտությունը ստուգելու մեխանիզմի բացակայությունը:
Ամուլսար, Քաջարան. ովքե՞ր են իրական տերերը
Այսօր Հայաստանում ընթանում է սուր բանավեճ ինչպես ընդհանուր հանքարդյունաբերության, այնպես էլ, չգիտես ինչու միմյանց հակադրվող երկու հանքավայրերի՝ Ամուլսարի և Քաջարանի վերաբերյալ: Բանը հասել է անգամ նրան, որ Ազգային ժողովում իշխող ուժի պատգամավորը բնապահպաններին հորդորում է Ամուլսարի հետ բարձրաձայնել նաև Քաջարանի խնդիրները: Զավեշտալի է, քանի որ իշխող ուժը հենց նրա համար է, որ ինքը զբաղվի իր կառավարման իրավասությունների շրջանակներում գտնվող խնդիրներով ու եթե գտնի խախտումներ՝ օրենքից բխող համարժեք գործողություններ իրականացնի։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, օրինակ, շուրջ չորս ու կես ամիս ստուգում է իրականացրել ու բացահայտել խախտումներ, որոնց պետք է հաջորդեին քրեական գործեր ու լուրջ իրավական հետևանքներ, մինչդեռ չգիտես ինչու, դա տեղի չունեցավ: Թե ինչո՞ւ համարժեք քայլեր չեղան, դեռ կպարզվի ու այդ ժամանակ մեկ անգամ ևս կխոսենք այսօրվա հեղափոխական կառավարությունում համակարգային կոռուպցիայի մասին։ Հիմա պարզապես արձանագրենք, որ այս պահին Հայաստանը կառավարող քաղաքական ուժը բնապահպաններից է ակնկալում ինչ-որ գործողություններ Քաջարանի հանքավայրի հետագա շահագործման դեմ, երբ իր ձեռքի տակ ունի ամբողջական փաստացի տեղեկատվություն Քաջարանում առկա իրավիճակի վերաբերյալ և չի ձեռնարկում դրանից բխող համարժեք գործողություններ, որն իր ուղիղ պարտավորությունն է՝ որպես երկիրը ղեկավարող քաղաքական ուժ:
Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ իրական սեփականատերերի մասին խոսելիս հարկ է սկզբի համար ներկայացնել ընդամենը մեկ փաստ. 2004 թվականին գործող, արտադրանք թողարկող այս գործարանը վաճառվեց ընդամենը 132 միլիոն ԱՄՆ դոլարով, այն դեպքում, երբ վաճառքին հաջորդող տարում հանքավայրը շահագործող ընկերության հասույթը կազմել է 190 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի իշխանությունն այսչափ անարդարացի գնով վաճառեր երկրի ամենամեծ ձեռնարկություններից մեկը, և դրանից բխող հաջորդ հարցը՝ ովքե՞ր են այդ ընկերության իրական սեփականատերերը: Սա այն հարցն է, որն առաջնահերթության կարգով պետք է ուսումնասիրեր նոր Հայաստանի հեղափոխական կառավարությունը: Ամփոփելով այս մասը՝ պարզապես նշենք, որ չեն ընդունվում քաղաքական որոշումներ նախկին իշխանության կողմից հանքավայրերի մասնավորեցման և դրանց հետ առնչվող անձանց բացահայտման հարցում: Չեն ձեռնարկվում նաև իրական քայլեր նոր իշխանության տեսչական ստուգումների իրավական հետևանքները համարժեք կիրառելու հարցում:
Անդրադառնանք Ամուլսարին, մանավանդ, որ հիմնախնդիրն այսօր արդիական է ու հայ իրականության մեջ լայնորեն քննարկվող: Ամուլսարի հանքավայրի շուրջ հանրային բողոքի ալիքի առանցքային հարցադրումներից մեկը նույնն է, ինչ վերևում՝ ի վերջո, ովքե՞ր են կանգնած այն ընկերության հետևում, որն այսքան մեծ ազդեցություն ունի Հայաստանի կառավարության վրա: Այո, հարցի ճիշտ ձևակերպումը հենց սա է՝ Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների վրա լուրջ ազդեցություն՝ ի հեճուկս հանքավայրի շահագործման դեմ բողոքող համայնքների, բնապահպանների ու քաղաքացիական հասարակության: Ընդ որում, խոսքը միայն փաստացի նյութական օգուտներ ստացող ֆիզիկական անձանց մասին չէ, այլև ֆորմալ իմաստով գուցե և իրական սեփականատեր չհանդիսացող, սակայն ընկերության հետ փոխկապակցված այլ ազդեցիկ անձանց:
Եթե խոսում ենք Ամուլսարը շահագործելու հայտ ներկայացրած «Լիդիան Արմենիա» ընկերության մասին, գիտենք, որ նրա հետ փոխկապակցված է Միացյալ Թագավորությունում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը: Մասնավորապես, 2013 թվականի մարտից նա եղել է «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ ու հայտարարել, որ պատրաստ է ներդրում ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացման հարցում:
Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության դեսպաններն ակտիվորեն աջակցում են Ամուլսարի ծրագրին: Այս միջամտությունների շուրջ բնապահպանական ամենամեծ խմբերից մեկը՝ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դեռևս 2013 թվականի հոկտեմբերին բաց նամակներով դիմել էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխնախարար և դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Ֆրեյզերին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Նամակներում առաջարկվել էր անհապաղ հետաքննություն սկսել՝ պարզելու դեսպանների գործողությունների օրինականության և դիվանագիտական նորմերի ու էթիկայի պահպանման հարցը, բացահայտել, թե արդյո՞ք վերջիններս ունեն անձնական շահագրգռվածություն Ամուլսարի ծրագրում։ Ի պատասխան պարոն Ֆրեյզերը հավաստիացրել է, որ ԱՄՆ դեսպանները գործում են օրինականության սահմաններում և չունեն անձնական շահեր հանքավայրի շահագործման հարցում։ ԱՄՆ պետքարտուղարից պատասխան այդպես էլ չի ստացվել։
Ամփոփելով Ամուլսարի մասը՝ արձանագրենք, որ ընդերքօգտագործող ընկերությունների նկատմամբ նախկին և ներկա իշխանությունների ոչ համարժեք բարյացակամ, իսկ երբեմն անգամ վախվորած վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել ոչ այլ ինչով, քան կոռուպցիոն շաղկապվածությամբ: Վերջինս կարող է դրսևորվել ինչպես օֆշորային հանգույցների միջոցով նախկին և ներկա պաշտոնյաների անմիջական շահով՝ որպես իրական սեփականատերեր, այնպես էլ տվյալ ընկերության հետ այլ առնչությամբ։ Ամեն դեպքում, ընկերություններում ներգրավված անձանց տվյալների թափանցիկության բացակայությունը անհնարին է դարձնում կոռուպցիայի վերացումն այս ոլորտում: Վստահ եմ, որ ներկայիս կառավարությունում սա շատ լավ են հասկանում, այստեղ բարձր պաշտոններ են զբաղեցնում նախորդ կառավարության մաս կազմող և ոլորտի հետ առնչություն ունեցող մարդիկ: Հիմա պարզ է, չէ՞, որ իրական սեփականատերերը չեն բացահայտվելու՝ առնվազն ո՛չ այս իշխանության օրոք:
ԱՃԹՆ-ը, խոշոր հաշվով, ձախողել է իր հիմնական առաքելությունը
Նշեցի, որ ընդերքօգտագործման ոլորտում թափանցիկություն ապահովող կարևոր գործիքներից է ԱՃԹՆ-ն: Այս նախաձեռնության առանցքային նպատակն է հաշտեցնել բնական պաշարների շահագործման ոլորտում դերակատարում ունեցող երեք հիմնական սուբյեկտներին՝ կառավարությանը, ընկերություններին և քաղաքացիական հասարակությանը: Նշեցի նաև, որ նախաձեռնության շրջանակներում մշակվել է գործիքակազմ, որն ունի ընկերությունների ֆինանսական հաշվետվողականությունն ապահովող պահանջներ՝ ամրագրված ԱՃԹՆ ստանդարտով: Չնայած Հայաստանը բավականին հաջող ցուցանիշներ է գրանցել՝ կատարելով ստանդարտի պահանջները, սակայն ձախողել է ամենակարևոր հարցում՝ նախաձեռնությունը շատ քիչ ուշադրություն է դարձրել Հայաստանի հանքարդյունաբերությանը բնորոշ առանձնահատկություններին: Հաշվի առնելով փնթի աշխատելաոճը, որը, առանց բացառության, որդեգրել են մետաղական հանքավայր շահագործող բոլոր ընկերությունները, Հայաստանի հասարակությանն ավելի շատ հետաքրքրում է շրջակա միջավայրի և առողջության պահպանման հարցը: Վերջինս ԱՃԹՆ ստանդարտով ուղղակիորեն կարգավորված չէ, թեև յուրաքանչյուր երկիր ազատ է, իր առաջնահերթություններից ելնելով, գործընթացի շրջանակներում կարգավորել նաև այս հարցերը: Հայաստանի պարագայում այս խնդիրն պարզապես անտեսվեց, թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այն գերակա առաջնահերթություն էին համարում: Արդյունքում ԱՃԹՆ գործընթացը ձախողեց իր հիմնական առաքելությունը՝ հաշտեցնել, բանակցությունների սեղանի շուրջ բերել ոլորտի բոլոր հիմնական շահառուներին: Հանրությունը համատարած դիմադրում է հանքարդյունաբերության զարգացման գրեթե ցանկացած քայլի, ինչը համարժեք արձագանք է բացարձակ անպատասխանատու հանքարդյունաբերական այն քաղաքականությանը, որը վարում են նախկին ու ներկա իշխանությունները։ Նախկինների դեպքում պարզ է՝ կոռուպցիան էր պատճառը: Իսկ հիմա՞…
Հ.Գ. Հենց հիմա, հենց այս պահին Հայաստանի կառավարությունում առկա համակարգային կոռուպցիայի ուղիղ վկայությունն է Ամուլսարի հանքավայրի շահագործման շրջանակներում իրականացված այսպես կոչված՝ միջազգային փորձաքննությունը, որը ո՛չ միջազգային էր, ո՛չ էլ, խոշոր հաշվով, փորձաքննություն: Հայաստանի բյուջեից ծախսվել է շուրջ 400,000 ԱՄՆ դոլար Ամուլսարի ծրագրի՝ գործող փաստաթղթերն ուսումնասիրելու և ոչ թե անկախ, առանձին փորձաքննություն իրականացնելու համար: Դա փորձաքննություն համարվել չի կարող՝ առնվազն այն համատեքստում, ինչի համար գումարը հատկացվել էր: Այս փորձաքննությունը միայն խորացրեց տարաձայնությունները և ոչ մի լուծում չառաջարկեց։ Փորձաքննություն իրականացնող ընկերության ընտրության գործընթացն արդեն իսկ ուղիղ ապացույց է ոլորտը կառավարող մարմիններում համակարգային կոռուպցիայի առկայության: Ներքոշարադրյալ հարցերի պատասխանները ձեզ կառաջնորդեն ուղիղ դեպի կոռուպցիայի որջը.
1. Ո՞ր պետական մարմինն է մշակել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն իրականացնելու տեխնիկական առաջադրանքը (Վարչապետի աշխատակազմ, Բնապահպանության նախարարություն, Քննչական կոմիտե կամ այլ մարմին)։
2. Ո՞ր կազմակերպություններն են հայտ ներկայացրել Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ հայտարարությանը (բոլոր հայտատու կազմակերպությունների անվանումները սկզբնական և վերջնական (short listed) փուլերում)։
3. Ո՞ր պետական մարմինն է իրականացրել կազմակերպության ընտրությունը և ի՞նչ չափորոշիչների հիման վրա է ընտրվել հենց լիբանանյան ELARD ընկերությունը։
4. Նշված ընկերության աշխատանքներում տեղական մասնագետներ ներգրավվա՞ծ են: Ովքե՞ր են այդ մասնագետները և արդյո՞ք նրանք նախկինում մասնակցել են հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերը մշակելու աշխատանքներին։
5. Ինչպիսի՞ փաստաթուղթ է կազմվելու իրականացվող ուսումնասիրության արդյունքում և ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու կազմված փաստաթուղթը (փորձագիտական եզրակացություն՝ քրեական գործի շրջանակներում օգտագործելու համա՞ր, թե՞ մեկ այլ բան: Ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթուղթը ունենալու՞ է արդյոք այնպիսի իրավական կարգավիճակ, որը կարող է դրվել հանքավայրի շահագործումը թույլատրելի կամ անթույլատրելի համարելու շուրջ՝ կառավարության դիրքորոշման հիմքում)։
Քանի դեռ այս հարցերի պատասխանները չեն տրվել, անիմաստ է անգամ ուսումնասիրել այն փորձաքննության արդյունքները, որն իրականացրել է այս ընկերությունը:
*Արթուր Գրիգորյանը 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվար աշխատել է որպես ՀՀ բնապահպանության և բնական պաշարների տեսչության ղեկավար: