
Վաղ տարիները և կրթությունը
Մարիամ և Երանուհի Ասլամազյանները ծնվել են Կարսի նահանգի Բաշ-Շիրակ գյուղում՝ Ալեքսանդրապոլ քաղաքի (ներկայիս Գյումրի) շրջակայքում։ Նրանց ծնողները՝ Արշակ և Վարդուհի Ասլամազյանները յոթ երեխա ունեին՝ վեց աղջիկ և մեկ տղա։ Մարիամն ընտանիքի երրորդ զավակն էր՝ ծնվել էր 1907-ին, իսկ Երանուհին ՝ նրանից հետո՝ 1910-ին։
Քույրերի հորական պապը՝ Սիմոն Ասլամազը հույն էր։ Նա սիրահարվել էր հայ աղջկա և նրա հետ ամուսնանալու նպատակով դարձել էր Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ։ Դեռ ավելին, ամուսնությունից հետո, Սիմոնն իր ազգանվանն ավելացրել էր «յան»վերջածանցը, որպեսզի վերջինս ավելի հայերեն հնչի և ընտանիքի ազգանունը պաշտոնապես դարձել էր Ասլամազյան։
20-րդ դարի սկզբին Ասլամազյանները Բաշ-Շիրակի հարուստ ընտանիքներից էին։ Մարիամի և Երանուհու հայրը՝ Արշակ Ասլամազյամը ճանաչված ջրաղացպան էր։ Չնայած յոթնամյա կրթությանը, նա կառուցել էր տարածաշրջանի առաջին տուրբինային ջրաղացը, որի մասերը հատուկ բերել էր Գերմանիայից։
Ասլամազյան քույրերը մեծացել են մշակութային միջավայրում։ Արշակ Ասլամազյանն ընկերություն էր անում հայտնի ճարտարապետներ Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, արևելագետ և ակադեմիկոս Հովսեփ Օրբելու, ինչպես նաև վրաց պատմաբան և լեզվաբան Նիկողայոս Մառի հետ։ Վերջիններս հաճախ էին այցելում Բաշ-Շիրակի շրջակայք զանազան հնագիտական պեղումներ կատարելու, իսկ Արշակ Ասլամազյանն օգնում և հյուրընկալում էր նրանց։ Հետագայում իր՝ «Կյանքիս դավթարը» ինքնակենսագրականում, Մարիամ Ասլամազյանը համառոտ նկարագրում է այդ հանդիպումները։
«Ճարտարապետներ Թորամանյանը, Բունիաթովը, նկարիչ Տարագրոսը և այլոք այցելում էին մեզ պրոֆեսոր Մառի հետ։ Մենք միշտ դաշտում՝ ուռիների արանքում մեծ սեղան էինք բացում։ Հայրս սիրում էր արժանավոր մարդկանց հյուրընկալել։»
Մարիամի և Երանուհու նկարչական տաղանդն ի հայտ եկավ դպրոցական վաղ տարիքից. երկուսն էլ սիրում էին պաստառներ ձևավորել և ջրաներկով նկարել։ Նկարչության ուսուցիչն առաջինն էր, ով նկատեց քույրերի տաղանդը և 1924 թվականին Ալեքսանդրապոլում նկարչական ստուդիա բացվելուն պես Ասլամազյաններին խորհուրդ տվեց կրթությունը շարունակել այնտեղ։ 20-րդ դարի սկզբին արհեստների և արվեստների քաղաք Ալեքսանդրապոլը հայերի մշակութային և կրթական կենտրոններից մեկն էր, և այն ապագա նկարչուհիներին ակտիվ մշակութային միջավայր էր ապահովելու։
Ստուդիայում սովերելու տարիներին Մարիամը գաղտնի մրցակցում էր Երանուհու հետ և անդադար փորձում հասկանալ, թե իրենցից ով է ավելի լավ նկարում։
«Ինձ միշտ անհանգստացնում էր այն միտքը, որ ես Երանուհուց մեծ եմ , բայց նա մաթեմատիկա ինձնից լավ գիտի։ Եվ ահա մեր ուսուցիչը երկուսիս էլ ուղարկեց ստուդիայում սովորելու։ Ես ուզում էի հասկանալ արդյոք արժե՞ շարունակել այդ ցավոտ մրցակցությունը քրոջս հետ, թե ավելի լավ է ընդունվել բժշկական ինստիտուտ և դառնալ վիրաբույժ։»
Դպրոցական կիսամյակի ավարտին, Ասլամազյանների նկարչության ուսուցչուհիներ Յուլիա Վարժբիցկայան և Ելիզավետա Պատկանյանը խրախուսեցին և՛ Մարիամին, և՛ Երանուհուն շարունակել իրենց նկարչական կրթությունը։ Սկսվեց Ասլամազյան քույրերի դժվարություններով լի ուղին դեպի արվեստի աշխարհ, որը տևելու էր մի ամբողջ կյանք։
20-դարի առաջին տասնամյակները խառը ժամանակներ էին հայ ժողովրդի համար։ Առաջին հանրապետության հռչակումից երկու տարի անց՝ 1920 թվականին բոլշևիկներն իրենց ձեռքը վերցրին երկրի կառավարումն ու Հայաստանը սովետականացրեցին։ Շուտով նրանք սկսեցին կուլակաթափման գործընթացը, որի արդյունքում նրանք առգրավում էին հարուստ գյուղացիների (կուլակների) ունեցվածքը և այն վերաբաժանել ժողովրդի մեջ։ Բացի այդ, բոլշևիկյան ղեկավարությունը նաև բռնադատում, աքսորում և բանտարկում էր հազարավոր կուլակների և նրանց ընտանիքի անդամներին։
Արշակ Ասլամազյանը շուտով ճանաչվեց կուլակ և 1920-ականների ընթացքում Սովետական ղեկավարությունը հետըզհետե առգրավեց նրա ողջ ունեցվածքը։ Ժամանակին հայտնի և հարուստ Ասլամազյան ընտանիքը մատնվեց աղքատության։
Ընտանիքի դժբախտությունները չընկճեցին Մարիամին և Երանուհուն։ Ալեքսանդրապոլի արվեստի ստուդիան ավարտելուց հետո քույրերը տեղափոխվեցին Երևան և ընդունվեցին «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (ներկայիս Փանոս Թերլեմեզյանի անվան Երևանի Գեղարվեստի քոլեջ), որտեղ սովորեցին հայ նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Ստեփան Աղաջանյանի դասարանում։
Տեխնիկումում սովորելու տարիներին Ասլամազյան քույրերն արդեն իսկ որոշել էին, որ իրենց հետագա հետագա կրթությունը շարունակելու են արտասահմանում։ Ավարտելուց հետո Մարիամն ու Երանուհին իրենց մեծ քրոջ՝ Անահիտի ֆինանսական աջակության շնորհիվ տեղափոխվեցին Մոսկվա։ Անահիտը նրանց համար գնացքի տոմս գնեց և խոստացավ յուրաքանչյուրին ամսեկան 30 սովետական ռուբլի ուղարկել։
Մոսկվա հասնելուն պես Մարիամն ու Երանուհին դիմեցին Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ (ВХУТЕМАС)։ Մարիամն իր հուշերում պատմում է, որ ընդունելություն համար մրցակցությունը մեծ էր՝ յուրաքանչյուր տասնվեց դիմորդից ընտրվում էր միայն մեկը։ Դեռ ավելին, ուսումնական հաստատությունն ընդունում էր ուսանողներին ըստ իրենց հասարակական դիրքի, իսկ բարձր խավի դիմորդներն անգամ ազատված էին ընդունելության քննություններից։
Կուլակի աղջիկներ Մարիամն ու Երանուհին հասարակության ամենացածր խավին էին պատկանում և համարվում էին «հասարակության թերմածք»։ Այնուամենայնիվ, չնայած բարձր մրցակցությանը, և սովետական ընդունելության «չափանիշներին», քույրերը հաջողությամբ հանձնեցին քննությունները։ Ընդունելության կոմիտեն, թերևս, որոշեց միայն Մարիամին ընդունել։ Երանուհին չվհատվեց, ընդունվեց նկարիչների Վլադիմիր Ֆավորսկու և Անդրեյ Գոնչարովի նկարչական ստուդիան և կրթությունը շարունակեց այնտեղ։
Ասլամազյանների կյանքը Մոսկվայում լի էր դժվարություններով. Մարիամը կուլակի աղջիկ լինելու պատճառով զրկվել էր գերազանցության կրթաթոշակից և նրանց ապրուստի միակ միջոցը մեծ քրոջից ուղարկած 60 ռուբլին էր։ Շուտով Մարիամն ու Երանուհին հասկացան, որ ծայրը ծայրին չեն հասցնում և Երանուհին վերադարձավ Երևան։
Չնայած դժվարություններին, Մարիամը շարունակում էր տքնաջան աշխատել և փայլել որպես ուսանող մինչդեռ նրան չէին ընդունում որպես հասարակության լիարժեք անդամ։ Ինչպես նա պատմում է իր հուշերում, մի խումբ հայ ուսանողներ, ովքեր կտրվել էին հաստատության քննություններից, նամակներ էին ուղակում Մոսկվա և պահանջում, որ կուլակի աղջկան հեռացնեն համալսարանից։ Հենց այդ պատճառով Մարիամին անընդհատ հեռացնում էին, սակայն նա ամեն անգամ մի ելք գտնում էր և վերադառնում էր ինստիտուտ։ Մի օր, արդեն 13-րդ անգամ հեռացվելուց հետո, Մարիամը հաջողացրեց հանդիպել Վլադիմի Լենինի այրու՝ Նադեժդա Կրուպսկայայի հետ։ Այն ժամանակ Կրուպսկայան Սովետական Միության Լուսավորության ժողովրդական փոխկոմիսարն էր և կարող էր օգնել Մարիամին։
«Ես նրան ասացի, որ ընդամենը մեկ հարց ունեմ. «Արդյո՞ք ես իրավունք ունեմ սովորելու, եթե իմ հայրն ուներ ջրաղաց, որն ինքն էր կառուցել և հետո հանձել էր այն պետությանը»։ Կարճ դադարից հետո նա պատասխանեց. «Իհարկե, սիրելիս, դու ունես իրավունք սովերելու և ոչ միայն դու այլ քեզ նման շատ-շատերը։ Դուք չպետք է վճարեք ձեր ծնողների մեղքերի համար։ Այս հարցը վաղուց հասունացել է և ես կփորձեմ օգնել ձեզ։ Հետո նա իր գրասեղանին դրված տուփի միջից մի թղթի կտոր հանեց, երկու հեռախոսահամար գրեց և տվեց ինձ։ «Վաղն առավոտյան գնա ВХУТЕМАС ։ Եթե քեզ դասի չթողնեն, զանգահարիր ինձ:»
Հաջորդ առավոտ Մարիամը գնաց դասի և նրան որպես հերոս դիմավորեցին. Նրան այլևս երբեք չանհանգստացրեցին այդ խնդրով։ Այս դեպքից հետո Նադեժդա Կրուպսկայան մի հոդված գրեց կուլակների զավակների մասին նշելով, որ նրանք չպետք է խնդիրներ ունենան իրենց ծնողների «մեղքերի» համար։ «Նա օգնեց ոչ միայն ինձ, այլ նաև այլ ուսանողների», — գրում է Մարիամը։
Երևան տեղափոխվելուց հետո Երանուհին սկսեց աշխատել մանկապարտեզում։ Ժամանակ առ ժամանակ նա քաղաքային տոների համար զարդարանքներ էր ձևավորում։ Երկու տարի անց Երանուհին մեկնեց Սովետական Ուկրաինա սովորելու Խարկովի արվեստի ինստիտուտում և 1930-ականների կեսերից տեղափոխվեց Լենինգրադի Կերպարվեստի Ակադեմիա ։ Այդ շրջանում ВХУТЕМАС-ը նույնպես տեղափոխվել էր Լենինգրադ (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) և Մարիամը նույնպես տեղափոխվեց այնտեղ՝ շարունակելու կրթությունը։
1930-ականներին վերջերին Մարիամն ու Երանուհին արդեն իսկ ճանաչված էին Սովետական Ռուսաստանի մշակութային օղակներում։ Քույրերը հանդիսանում էին Լենինգրադի Նկարիչների Միության անդամներ, և Մարիամն անգամ իր սեփական ստուդիան ուներ։ Ինչպես նա պատմում է իր հուշերում, Երանուհու հետ միասին նրանց հրավիրում էին մասնակցելու տարբեր ցուցահանդեսների Մոսկվայում, Լենինգրադում և Երևանում։ Այս շրջանում Ասլամազյան քույրերն ակտիվ գործունեություն էին ծավալում, ստանում էին բազմաթիվ մրցանակներ Սովետական Միության տարբեր անկյուններից, որոնք նրանց ճանաչում էին բերում։ Ստեղծագործական գործընթացով ամբողջովին տարված Մարիամ ու Երանուհին իրենց ոգեշնչումը հաճախ գտնում էին Հայաստանում և ամառային արձակուրդները հիմնականում անցկացնում էին հայրենիքում։
«Մենք ամեն ամառ գնում էինք Հայաստան։ Այն ժամանակ մեզ միայն արվեստն էր հետաքրքրում և մենք ցանկանում էինք պատկերել վերածնված Հայաստանը, ազատ և գեղեցիկ երկիրը։ Մենք հիացմունքով նկարում էինք մեր գույնզգույն լեռները, խշխշան գետերը, բարակ ծառերը և շքեղ արևավառ մրգերը։ Դա մեզ օգնեց գտնելու մեր ձեռագիրն արվեստում։»
1938 թվականին Մարիամին ու Երանուհուն հրավիրեցին ձևավորելու Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցադրության (ВДНХА) հայկական տաղավարը։ Երիտասարդ նկարչուհիների համար մեծ պատիվ էր նման առաջարկ ստանալը և նրանք Հայաստանի հայտնի տեսաժան վայրերով նկարների մի շարք ստեղծեցին։
1. 2. Մարիամը և Երանուհին, 1939
3. Մարիամը և Երանուհին, 1940-ականներ


1.Մարիամ Ասլամազյանն իր արվեստանոցում, 1936
2. Երանուհի Ասլամազյան, 1950-ականներ

1. Մարիամ Ասլամազյանն Ինդիրա Գանդիի հետ
2. Մարիամ Ասլամազյանը մոր՝ Վարդուհու հետ Մոսկվայի իր արվեստանոցում
3. Մարիամ Ասլամազյանն ու Մարտիրոս Սարյանը

Մարիամ Ասլամազյանը Մոսկվայի իր արվեստանոցում, 1977

Mariam and Eranuhi were multi-genre artists: they painted landscapes, portraits and still lives. Armenia’s natural landscapes, people and culture are largely present in their art. Although they both mostly lived in Russia, Armenia and Armenians were their source of inspiration.
Throughout their lives, the Aslamazyan sisters were ardent supporters of Soviet authorities During the Second World War, Mariam and Eranuhi created numerous war-themed paintings. Mariam also designed a number of propaganda posters in the socialist realism style, which glorified communist values and aimed to inspire people to go and fight for their country.
“Besides landscapes, naturemortes and portraits, I also created (about 50) large thematic paintings at the request of the Ministry of Culture of the USSR, the Ministry of Culture of Soviet Armenia, the Art Fund of the USSR and other organizations. Those represented the bright future of Armenia, the heroism of our nation during the Great Patriotic War and during the blockade. I also painted portraits of leaders Lenin and Stalin.”
Throughout their career, the Aslamazyan sisters traveled extensively throughout Africa and Asia and were greatly inspired by the intense colors and extraordinary life of nations living there. This oriental inspiration can be seen in their body of work.
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ասլամազյան քույրերն ակտիվորեն շարունակում էին իրենց գործունեությունը և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Երանուհին սկսեց դասավանդել Լենինգրադի կերպարվեստի ակադեմիայում, իսկ Մարիամը Սովետական ղեկավարության պատվերով ստեղծում էր պրոպագանդիստական պաստառներ և արվեստի գործեր։
1950-ականների սկզբին, Մարիամն ու Երանուհին ԽՍՀՄ-ում արդեն ճանաչված նկարչուհիներ էին։ Սովետական ղեկավարությունը շուտով սկսեց նրանց ուղարկել միջազգային ցուցահանդեսների և հովանավորում էր նրանց այցելությունները աշխարհի տարբեր երկրներ։ Քույրերը դարձել էին Սովետական միության սիրելի նկարչուհիները։
Ասլամազյան քույրերի արվեստը
Մարիամն ու Երանուհին Սովետական Միության արվեստի և մշակույթի պատմության մեջ մեծ դեր են ունեցել։ Լինելով հայկական պարտրիարխիկ հասարակության ներկայացուցիչներ, քույրերը կարողացան կորտել կարծրատիպեր և ապացուցել, որ կին արտիստները կարող են հավասարի պես գնահատվել տղամարդ արտիստների կողքին։ Իրենց կյանքի ընթացքում երկուսն էլ ստացան Սովետական Միության պատվավոր արտիստի տիտղոսը և նրանց արվեստը միջազգայնորեն ճանաչվեց։
Նկարչուհի և արտիստ Գոհար Սմոյանը, ով նաև որպես ուղեկցող աշխատում է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, նշում է, որ քույրերը հայ և ռուս նկարիչների դպրոցն են անցել, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել նրանց ստեղծագործական ոճի և ճաշակի վրա։
«Ասլամազյան քույրերը Ալեքսանդրապոլի նկարչական ստուդիայում սովորել են Յուլիա Վերժբիցկայայի մոտ, ով Ռուսաստանից էր՝ ռուսական դպրոցի ներկայացուցիչ։ Հետագայում քույրերը սովորել են իպրեսիոնիստ նկարիչ Սեդրակ Առաքելյանի և ռեալիզմի ներկայացուցիչ Ստեփան Աղաջանյանի մոտ Երևանում», -պատմում է Սմոյանը, — «Լենինգրադում սովորելու տարիներին, Մարիամն ու Երանուհին սովորել են նկարիչներ Պետրով Վուդկինի, Միխաիլ Ռադիոնովի, նկարիչ և քանդակագործ Վերա Մուխինայի և այլոց մոտ, ովքեր ռուսական ռեալիզմի՝ իրապաշտության ոճի վառ ներկայացուցիչներ էին»։
Հետագայում Երանուհին շարունակեց ստեղծագործել ռեալիզմի ոճում, իսկ Մարիամի արվեստը զարգացավ այլ ուղղությամբ։ Գոհար Սմոյանը նշում է, որ Մարիամի ստեղծագործական ոճի որոնումը զարգացավ մեկ այլ ուղղությամբ` դեպի դեկորատիվ-հարթային։ «Մարիամը մեծապես ազդվել է Մարտիրոս Սարյանից, բայց նաև կարևոր է նշել, որ նրա ստեղծագործություններում կան ազդեցություններ Գոգենից, Վան Գոգից և Մատիսից։»
Մարիամն ու Երանուհին ստեղծագործությունները բազմաժանր են՝ դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ։ Հայաստանի բնությունը, մարդիկ և մշակույթը մեծ տեղ ունեն քույրերի արվեստում։ Չնայած, որ նրանք հիմնականում բնակվում էին Ռուսաստանում, Հայաստանն ու հայերը Ասլամազյան քույրերի ոգեշնչման աղբյուրն էին։ 1961 թվականին Ասլամազյան քույրերն իրենց անձնական ցուցահանդեսները ունեցան Երևանում և Լենինականում։
Իրենց կյանքի ընթացում, Մարիամն ու Երանուհին ակտիվորեն աջակցել են Սովետական միության ղեկավարությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և՛ Մարիամը և՛ Երանուհին ստեղծեցին պատերազմի թեմային առնչվող մի շարք կտավներ։ Մարիամը նաև ստեղծեց սոցիալական ռեալիզմի ոճով պրոպագանդիստական պաստառներ, որոնք գովերգում էին կոմունիստական բարքերը և նպատակ ունեին ոգևորելու մարդկանց, որպեսզի վերջիններս գնան և կռվեն իրենց հայրենիքի համար։
«Բացի բնանկարներից, նատյուրմորտներից և դիմանկարներից ԽՍՀՄ Մշակույթի մինիստրության, Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության, ԽՍՀՄ արվեստի ֆոնդի և այլ կազմակեպությունների պատվերով ես ստեղծեցի նաև (մոտավորապես հիսուն) մեծ թեմատիկ նկարներ։ Դրանք պատկերում էին Հայաստանի պայծառ ապագան, մեր ազգի հերոսությունը Մեծ Հայրենական պատերազմի և բլոկադայի ժամանակ։ Ես նաև ստեղծեցի նկարներ առաջնորդներ Լենինի և Ստալինի պատկերներով։»
Մարիամն ու Երանուհին իրենց գործունեության ընթացքում ճամփորդել են Աֆրիկա և Ասիա և մեծապես ազդվել են այնտեղ ապրող արտասովոր ազգերի կենցաղից և երկրների վառ գույներից։ Հենց այդ ոգեշնման արդյունքում նրանց ստեղծագործություններից շատերում կան օրիենտալիզմի տարբեր էլեմենտներ։
Ասլամազյան քույրերը միասին աշխատել են կես դար և ավելի, բայց յուրաքանչյուրն ունի իր հստակ ձեռագիրը։ Մարիամի նկարներում կան վառ գույներ և կտրուկ կոնտրաստներ, մինչդեռ Երանուհու աշխատանքներն աչքի են ընկնում իրենց մեղմ գույներով և լայնաշերտությամբ։ Գոհար Սմոյանը նշում է, որ չնայած Երանուհին շարունակաբար Մարիամի ստվերի տակ էր, նա անկախ արտիստ էր և իր արվեստը շատ ավելի ինքնաբավ է։
«Երանուհին նկարել է այն ամենն ինչ իրեն հետաքրքրել է։ Տարիների ընթացքում նա պահպանել է իր ոճը՝ շատ ինքնաբավ արտիստ էր», — ասում է Սմոյանը։ «Դա իսկապես երևում է նրա արվեստում, քանի որ այդքան տարիներ աշխատելով Մարիամի հետ, նա չի նմանակել Մարիամի գործերը։ Մարիամը կարծես թե ունեցել է ապացուցելու բան և իր նպատակն է եղել ցույց տալ, որ կինը նույնպես կարող է։»
Մարիամի նկարների նայելիս կարելի է զգալ իր կերպարների ուժն ու հզորությունը։ Կանայք՝ Մարիամի սիրելի կերպարները սովորաբար պատկերված են շատ տղամարդկային ձևով։ Սմոյանն ասում է, որ Մարիամի գործունեության տարիներին կին նկարիչներին լուրջ չէին ընդունում և շատ կին արտիստներ ձգտում էին նկարել տղամարդկանց պես։ Մի անգամ, դեռևս ուսանողական տարիներին Մարիամն անգամ խոստովանել էր, որ նա անսահման ցանկանում է նկարել տղամարդու նման և այն, որ նախընտում է իր ժամանակն անցկացնել հակառակ սեռի կոլեգաների հետ։ Այնուամենայնիվ, Մարիամ Ասլամազյանը հաջողել է համադրելու ուժի և հզորության գաղափարները կանացի գեղեցկության և էսթետիկայի հետ այդպիսով կարևորելով իր դերը որպես արտիստ Սովետական նկարիչների պատրիարխալ շրջանակներում։
Բացի կերպարվեստից, Մարիամն ու Երանուհին նաև զբաղվում էին կավագործությամբ և կերամիկայով։ Ներկայում, մի խումբ ափսեներ, բաժակներ, ծաղկամաններ և այլ իրեր զարդարում են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատերն ու սրահները։ «Մարիամի գործերը շատ ազատ են՝ ազատ վրձնահարվածներով և ակտիվ։ Երանուհունը շատ պրակտիկ է՝ նրա համար կարևոր են եղել ֆորմաները և նա մտածել է կոնցեպտի մասին», — նշում է Սմոյանը։
Ասլամազյան քույրերն ու Սովետական Միությունը
Ի տարբերություն այլ արտիստների, Մարիամն ու Երանուհին միշտ ունեցել են Սովետական միության ղեկավարության աջակցությունը՝ թե ֆինանսական և թե գաղափարական։ Երկաթե վարագույրից այն կողմ ճանապարհորդելու հնարավորությունը ամեն արվեստագետի չէ, որ տրվում էր։ Սովետական ղեկավարության հանդեպ նուրբ դիվանագիտության և հատուկ վերաբերմունքի շնորհիվ, Ասլամազյանը քույրերը կարողացան բազմաթիվ անգամներ ացելել աշխարհի տարբեր երկրներ, ուսումնասիրել այլ մշակույթներ և վերարտադրել դա իրենց արվեստում։ Այս ամենը խաղի պես մի բան էր՝ ձեռնտու թե՛ քույրերին, և թե՛ ղեկավարությանը։
«1940-ականներին վերջին, Սովետական միությունը Ասլամազյան քույրերին որպես էքզեմպլյար ներկայացրեց աշխարհին», — ասում է Սմոյանը։ Դա ԽՍՀՄ քաղաքականության մասն էր՝ փայփայել կին արվեստի գործիչներին, որպեսզի աշխարհին ցույց տան, որ իրենք կարևորում են կանանց: Նաև պետք էր ցույց տալ, որ ավանդույթներով երկրից եկած արվեստագետներին ԽՍՀՄ հարթակ է տրամադրում, և նպաստում, որպեսզի ինքնդրսևորվեն։ Սովետական ղեկավարությունը ուղարկում էր քույրերին տարբեր երկրներ ցուցահանդեսների ոչ միայն իրենց արվեստը ցույց տալու, այլ նաև խորհրդային գաղափարախոսությունը գովազդելու։»
1960-ականներին, Սովետական քաղաքացին համարվում էր նոր, բազմազան ազգերի պատմական համայնքի մի մասը. մի համայնքի՝ որտեղ մշակութային ավանդույթները և ազգային ինքնությունը այդքան էլ չէր կարևորվում։ Այնուամենայնիվ, Մարիամն ու Երանուհին բազմաթիվ ազգային սիմվոլներ են ներառել իրենց նկարներում, պատկերել են անգամ հայկական եկեղեցիներ։ Սմոյանը կարծում է, որ չնայած Սովետական Միությունը միջազգայնորեն տեղ էր տալիս կին արվեստագետներին, իրականում նրանք լուրջ չէին ընդունում նրանց և հենց այդ էր պատճառներից մեկը, որ Ասլամազյաններն իրենց կտավներում հանգիստ պատկերում էին ազգային էլեմենտներ։
Չնայած որ Ասլամազյան քույրերն ունեին Սովետական Միության աջակցությունը, նրանք շատ զգույշ էին իրենց գործունեության մեջ։ Ինչպես Մարիամը պատմում է ինքնակենսագրականում, նրա մոտ վախ կար դեպի ղեկավարություն։ Ի տարբերություն Եղիշե Չարենցի կամ Ակսել Բակունցի, ովքեր սպանվեցին Ստալինի կամ սովետական կառավարության հանդեպ իրենց գաղափարների համար, Մարիամ ու Երանուհին երկար խորհում էին որևէ բան ձեռնարկելուց առաջ։ Մարիամը շատ ավելի էր ներառված մշակութային ծրագրերում քան Երանուհին, և իր կյանքից մի քանի դրվագներ ներկայացնում են իր վախերն և անհանգստությունները ղեկավարության հանդեպ։
1930-ականներին ամառային արձակուրդները Սյունիքում անցկացնելիս, Մարիամն ու Երանուհին մտերմացան գրող Ակսել Բակունցի հետ։ Մի օր, Տաթև վանքի գնալու ճանապարհին, Մարիամն առաջարկեց երեքով լուսնկարվել. Ակսել Բակունցը հրաժարվեց։ Մարիամը միանգամից վրդովվեց , բայց Բակունցը բացատրեց, որ դա քույրերի ապահովության համար է։ «Իմ գլխավերևում սև ամպեր են կուտակվել, և ես չեմ ուզում անգամ մի փոքր ստվեր ձեզ փակի։ Սիրելիներս, դուք այնքան հեռու եք այս ամենից, մնացեք այդպես անհոգ», — ասել էր Բակունցը։
Այդ ժամանակ Ակսել Բակունցն արդեն իսկ սովետական ղեկավարության սև ցուցակում էր և ցանկանում էր պաշտպանել քույրերին հետագա խնդիրներից։ 1936 թվականին, Ստալինի հրամանով Բակունցին ձերբակալեցին և շատ կարճ տևած դատից հետո միանգամից ուղարկեցին գնդակահարության։
1948 թվականին, որպես «Կանանց հակաֆաշիստական կոնգրես»-ի մասնակից Մարիամը մեկնեց Փարիզ՝ «Կինը, նրա կյանքը և ձգտումները» ցուցահանդեսին։ Ճանապարհորդելուց առաջ նա զանգեց իր զարմիկ Ռաֆիկին ու հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահի արտասահմանում։ Ռաֆիկը պետական աշխատող էր և տեղյակ էր, թե ինչպես է սովետական ղեկավարություն վերաբերվում այն մարդկանց, ովքեր երկաթե վարագույրից այն կողմ են ճամփորդում։ Նա Մարիամին խորհուրդ տվեց ընթրիքների հրավերներ չընդունել և որևէ տեղ գնալիս գնալիս միշտ ուղեկցող ունենալ։
Փարիզում գտնվելու ընթացքում բազմաթիվ ֆրանսահայեր ցանկանում էին հանդիպել Մարիամին և նրան նվերներ փոխանցել, բայց նա բոլորին մերժեց։ Մի օր ֆրանսահայ գրող, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը ցուցահանդեսի ընթացքում այցելեց Մարիամին և նրան խնդրեց այցելել իրեն։ Մարիամը նրան նույնպես մերժեց։
«Նա ինձ խնդրեց իրեն այցելեմ, քանի որ ցանկանում էր ինձ տալ ամսագրի [խմբ. խոսքն «Անահիտ» ամսագրի մասին է, որը մեծ տարածում ուներ ֆրանսահայ ընթերցողների շրջանակներում] այն համարը, որտեղ իմ ավարտական նախագծի մասին էր գրված։ Ես հրաժարվեցի։ Հետո նորից եկավ և խնդրեց, որ գոնե իր հետ սրճարան կամ ռեստորան գնամ և մի փոքր զրուցենք, բայց ես կրկին մերժեցի։ Հետո խնդրեց Ավետիք Իսահակյանի համար ինչ-որ մի բան տանել Հայաստան։ Ես այնքան վախեցած էի, որ հրաժարվեցի ամեն ինչից։ Ես վախենում էի հանդիպել հայերի, ովքեր լքել էին իրենց հայրենիքը։»
Մյուս դրվագը, որն էլ ավելի է ընդգծում Մարիամի զգուշավորությունը և վախերը տեղի է ունեցել իր և ապագա կաթողիկող Վազգեն Ա-ի միջև։ 1949 թվականին Մարիամը պետք է Մոսկվայից գնացքով Երևան մեկներ։ Կայարան ժամանելուն պես նա տեսավ ռումինահայ հոգևորական Լևոն Կարապետ Պալճյանին։ Մի քանի օր առաջ, Ասալամազյան քույրերը մի կերպ համաձայնվել էին հարցազրույց տալ նրան և Մարիամը անհանգիստ էր նրան նորից հանդիպել։ Այդուհանդերձ, Պալճյանը շատ ոգևորված էր Մարիամի հետ ճամփորդելու մտքից և հույս ուներ, որ կկարողանան զրուցել ընթացքում։ Ինչպես Մարիամը խոստովանում է, «ստալինյան ժամանակներն էին» և նա չէր ցանկանում որևէ առնչություն ունենալ հոգևորականի հետ։ Նա որոշեց որքան հնարավոր է խուսափել Պալճյանից և ճամփորդության ամբողջ ընթացքում դուրս չեկավ իր վագոնի խցիկից։ Մարիամն անգամ ձևացրեց, թե հիվանդ է, որպեսզի հոգևորականը որևէ կերպ չփորձեր նրա հետ հաղորդակցվել։ Այս պլանն աշխատեց։
Անցան տարիներ և Մարիամի վախերն աստիճանաբար մարեցին։ 1955 թվականին Լևոն Կարապետ Պալճյանն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մարիամն ու Երանուհին նրան շնորհավորական հեռագիր ուղարկեցին և ի վերջո Կաթողիկոսի հետ մտերիմ ընկերներ դարձան։
Իր հուշագրության էջերում Մարիամը շարունակաբար խոսում է իր վախերի մասին և պատմում մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչների հանդեպ սովետական ղեկավարության քայլերի և վերաբերմունքի մասին։ Անգամ իր հուշերում, նա շատ զգույշ է բառեր ընտրելիս և ուշադիր կարդալիս կարելի է զգալ Մարիամի վրդովմունքը դեպի սովետական ղեկավարության անարդարությունները և անհեթեթ որոշումները։
Ասլամազյաններ. Սովետական Հայաստանի մշակութային դեսպանները
Մարիամի և Երանուհու կարևորությունը ոչ միայն իրենց արվեստի մեջ էր, այլ նաև նրանց հասարակական գործունեության և հայենասիրության։ Իրենց գործունեության ընթացքում քույրերը ներկայացրեցին հայկական մշակույթն աշխարհի բազմաթիվ քաղաքներում և երբեք չդադարեցին Հայաստանը համարել իրենց առաջին և գլխավոր ոգեշնչման աղբյուր։
1976 թվականին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին այցելեց Ռուսաստան և Հայաստան։ ԽՍՀՄ 15 պետություններից, Գանդին ընտրել էր Հայաստանը՝ մասնավորապես նաև Մարիամ Ասլամազյանի շնորհիվ։
Եվ՛ Մարիամը, և՛ Երանուհին Հնդկաստան այցելել են մի քանի անգամ։ Գանդիի՝ Հայաստան ուղևորությունից մի քանի տարի առաջ, Մարիամին շնորհվել էր Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակ՝ իր՝ Հնդկաստանին նվիրված նկարների շարքի համար և այդ առիթով Մարիամը հանդիպել էր Գանդիին։ Այդ հանդիպման ժամանակ Գանդին որոշել էր այցելել Հայաստան։ Ինչպես Մարիամն է պատմում իր հուշերում, Գանդին մոտեցել էր իրեն և հետաքրքրվել հայկական ազգային արծաթե գոտիով։
«Սա ի՞նչ է,- նա հարցրեց։ Ես բացատրեցի, որ սա ավանդական հայկական զարդ է, որը կանայք փոխանցում են սերունդե սերունդ։ Ես առաջարկեցի այն նվիրել իրեն, բայց նա հրաժարվեց՝ նշելով, որ դիմանկարը [խմբ. Մարիամը պատկերել էր Գանդի հոր՝ Հնդկաստանի նախկին առաջնորդ Ջավահարլալ Ներուի դիմանկարը] արդեն իսկ մեծ նվեր է և ես պետք է ինձ պահեմ իմ գոտին, որպես հիշատակ իմ նախնիներից։ Հետո նա ինձ նաև պատմեց, որ պլանավորում է այցելել Սովետական Միություն, ցանկանում է լինել Մոսկվայում և մեր հայրենիքում՝ Հայաստանում, որի մասին ինքը շատ լավ բաներ է լսել։»
Երբ Գանդին ընտանիքի հետ այցելեց Հայաստան, Մարիամը չկարողացավ ներկա գտնվել։ Այդուհանդերձ, նա կապ հաստատեց Սովետական Հայաստանի Մշակույթի նախարար Ռուբեն Պարսամյանի հետ և խնդրեց, որպեսզի հայկական արծաթե գոտիներ գնի Գանդիի և նրա հարսների համար։ Հնդկաստանի առաջնորդի այցը Հայաստան հիշարժան էր։ Հետագայում Մարիամին պատմել էին, որ Գանդին հիացած էր հայերի հյուրասիրությամբ և իր հարսների հետ մեծ ոգևորվություն էր ապրել՝ նվեր ստանալով ավանդական հայկական զարդերը։
1987 թվականին Մարիամն ու Երանուհին իրենց մոտ 620 աշխատանքներ նվիրեցին Լենինականին և բացվեց Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը՝ Սովետական Հայաստանի կին արտիստների առաջին պատկերասրահը։
Մարիամն ու Երանուհին ստեղծագործեցին մինչև իրենց կյանքը ավարտը։ Երանուհին ամուսնացավ և աղջիկ ունեցավ։ Իր հուշագրությունում Մարիամը խոստովանում է, որ նա չէր ցանկանում ընտանիք և երեխաներ ունենալ, քանի որ կարծում էր, որ այդ ամենը նրան կշեղի իր արվեստից։ Այնուամենայնիվ, նա երկու անգամ ամուսնացավ, բայց երբեք երեխաներ չունեցավ։
Երանուհին մահացավ 1998 թվականին՝ 88 տարեկանում։ Մարիամն ապրեց համարյա մեկ դար և մահացավ 99 տարեկան հասակում՝ 2006 թվականին։
Ներկայում, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը Գյումրիի ամենից հայտնի մշակութային վայրերից է։ 19-րդ դարում կառուցված գեղեցիկ երկհարկանի շենքում տեղակայված պատկերասրահը աշխարհի տարբեր երկրներից եկած հյուրերին ներկայացնում է Մարիամի և Երանուհի կտավները, գրաֆիկական աշխատանքները և խեցեգործական աշխատանքների հավաքածուն։
Նկարների մի մասը տրամադրել է Գոհար Սմոյանը։ Որոշ լուսանկարներ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի ֆեյսբուքյան էջից են։
Հղումներ
Հոդվածում ներկայացված կտավները՝ http://www.aslamazyanmuseum.com/collection/
Մարիամ Ասլամազյան, «Կյանքիս դավթարը», 2016, Գյումրի


1. Մարիամ Ասլամազյան, «Նա սպասում է իր որդիներին», 1973
2. Մարիամ Ասլամազյան, «Մադագասկարի աղջիկները», 1967





