EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Ապր 9, 2023

Երևանի քրիստոնեական ժառանգությունը

Սեդա Գրիգորյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։

Տասնամյա Մենուան ցախավելը թաքցրեց մեջքի հետևում, երբ տեսավ, որ իր կողմն եմ ուղղել ֆոտոխցիկս: Մի խումբ ընկերների հետ վազվզում էր Ավանի տաճարի շուրջ` նայելով վերև, տեսնելու համար, թե որտեղից է լսվում անօդաչուի բզզոցը: Մինչ անօդաչուն նկարում էր Ծիրանավոր եկեղեցու փառահեղ տեսարանը երեկոյան Երևանի արևի ջերմ գրկում, ես փորձում էի հավերժացնել երեխաների հուզմունքը:

— Տաճարի հատա՞կն էիր սրբում,- հարցրեցի ընկերաբար` իջեցնելով ֆոտոխցիկիս օբյեկտիվը, որ չվախեցնեմ փոքրիկ տղային:

— Չէ՜,- ամաչեց նա` փորձելով մաչո երևալ:

— Գիտես, շատ լավ գործ էիր անում: Հրաշալի է, որ հոգ ես տանում եկեղեցու մասին,- ոգևորեցի ես: Նրա աչքերը փայլեցին:

— Հա՜, բայց նրանք ինձ չեն օգնում: Ասում եմ՝ եկեք միասին մաքրենք, իսկ նրանք շարունակում են խաղալ,- ասաց ու ծիծաղելով վազեց միջնադարյան մուտքով՝ մյուսների հետևից:

Թերևս, երբևէ Երևանում իմ տեսած ամենաքաղցր տեսարանն էր: 7-10 տարեկան այս երեխաները խաղում էին 6-րդ դարում կառուցված եկեղեցում ու այնպես էին հոգ տանում դրա մասին, ասես իրենց տունը լիներ. մի վայր, որ ծանոթ ու հարազատ է այն օրից, ինչ հիշում են իրենց:

Ավան թաղամասը հնագույններից է Երևանում: Ժամանակին այն քաղաքին կից միջնադարյան գյուղ էր, և հենց այստեղ էր աշխարհի ամենահին ու նշանավոր քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցին: Այն խաչաձև գմբեթով, քառաթև ճարտարապետական ոճով կառուցված առաջին եկեղեցին է, հայկական քաղկեդոնամետ եկեղեցու առաջին աթոռանիստը: 

Հազարամյակների ընթացքում այս տարածքում միմյանց փոխարինել են պետություններ, կայսրություններ ու կրոններ` Ուրարտուի թագավորությունից մինչև Բյուզանդիա, մինչև արաբական, մոնղոլական, պարսկական և թուրքական արշավանքներ, որոնցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է ունեցել Երևանի մշակութային համայնապատկերի վրա: Եվ այնպես է ստացվել, որ Երևանի քրիստոնեական ժառանգության թեման շատ հազվադեպ է քննարկվում, թեպետ մենք հաճախ ենք հիշատակում և փառաբանում հայկական քրիստոնեական ճարտարապետությունը` պահպանված կամ անհետացած Հայկական բարձրավանդակի տարբեր հատվածներից` Արցախ, Նախիջևան, Արևմտյան Հայաստան…

Հին Երևանի համայնապատկերը

Քրիստոնեության մուտքը Երևան

Ըստ լեգենդի` «Երևան» անվան ծագումնաբանությունը կապված է քրիստոնեության հիմնարար պատմության հետ. Նոյը, տեսնելով, որ ջրերը նահանջում են, երևում է Արարատ լեռան լանջերի ցամաքը, բացականչում է` Երևա՜ց (այստեղից էլ` «երևան գալ» արտահայտությունը): Երևանի անվան ծագումնաբանության առավել գիտական մոտեցումը կապված է տարածքում հայտնաբերված հնագույն քաղաքային բնակավայրի` Էրեբունու անվան հետ. Ուրարտու թագավորության քաղաք-ամրոցը մթա. 782 թվականին հիմնել է Արգիշտի թագավորը: Այն հեթանոսական պաշտամունքի խոշոր կենտրոն էր, իսկ ամրոցի տաճարը նվիրված էր Ուրարտուի գերագույն աստծուն` Խալդիին կամ Հալդիին: 

Էրեբունի քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրության մեջ Արգիշտի արքան հիշատակում է, որ ինքը Մենուա արքայի որդին է… ես հիշում եմ փոքրիկ տղայի` Մենուայի փայլփլուն աչքերը Ծիրանավոր եկեղեցու մոտ: Նրան հարցրեցի` արդյոք գիտի՞ եկեղեցու պատմությունը, ու մի լիարժեք դաս ստացա տղայից. նա գիտեր ինչպես եկեղեցու կառուցման տարեթիվը` 591 թվական, այնպես էլ 1679 թվականի ավերիչ երկրաշարժի մասին, որը հողին հավասարեցրեց եկեղեցին և Երևանի մշակութային ժառանգության մեծ մասը, այդ թվում` Երևանի բերդը, երկու կամուրջ, որոնցից մեկը Կարմիր կամուրջն էր, մզկիթներ ու մինարեներ և 12 եկեղեցի: Ժամանակի վկայություններում, այդ թվում Առաքել Դավրիժեցու և Զաքարիա Քանաքեռցու գրվածքներում հիշատակություններ կան այն մասին, թե ինչպես են անգամ Գեղարդավանքը շրջապատող հսկա ժայռերը փլվել տաճարի շուրջը` քարակույտից դուրս թողնելով միայն եկեղեցու գմբեթի խաչը: Մեկ այլ վկայություն նկարագրում է փոշու ու ծխի թանձր ամպերը, որոնք երկրաշարժին հաջորդող մի քանի օրերին կախվել էին Երևանի վրա` արգելափակելով արևի լույսը:

Թեպետ շատ հուշարձաններ քանդվել են, սակայն պահպանվել են բազմաթիվ  արձանագրություններ և վկայություններ, որոնք մեզ ցույց են տալիս, թե ինչ կարևոր նշանակություն է ունեցել Երևանը հայ քրիստոնեական աշխարհում: 

Չի բացառվում, որ Երևանի քրիստոնեական ժառանգությունը ստվերվել է այն պատճառով, որ Երևանը շատ մոտ է Էջմիածնին (այժմյան Վաղարշապատ). հաճախ որպես Հայկական Վատիկան հիշատակվող քաղաքում առաջին հայ կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում հիմնադրել է առաջին հայկական քրիստոնեական տաճարը:

Քչերը գիտեն, որ ի նշան օրհնության, նա նաև Դամասկոսից Երևան է տեղափոխել Սուրբ Անանիա առաքյալի` Քրիստոսի 72 աշակերտներից մեկի մասունքների մի մասը: Մասունքները հուղարկավորվել են Երևանյան այգում, և նույն տարածքում մատուռ է կառուցվել: Սուրբ Անանիան հիշատակվում է Աստվածաշնչում` որպես հիվանդություններ բժշկող հրաշագործ: Նա վերականգնում է Սուրբ Պողոսի տեսողությունն ու նրան դարձնում քրիստոնյա: Այս իրադարձությամբ կարելի է նշանավորել քրիստոնեության մուտքը Երևան: Այսօր Սուրբ Անանիայի գերեզմանը Երևանի ամենահաճախ այցելվող սրբավայրերից է` Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այստեղ հաճախ գալիս են մարդիկ, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց տեսողությունը. համոզմունք կա, թե սրբի մասունքները մինչ օրս օժտված են բուժիչ հատկությամբ: 

Մեսրոպ Մաշտոցի հայոց գրերի գյուտից հետո Երևանը լուսավորչության օրրան է դառնում: Հայտնի է, որ պատմիչ Մովսես Խորենացին և նրա հետևորդները Վաղարշապատից տեղափոխվում են Երևան` այբուբենը սովորեցնելու և Աստվածաշնչի ու հին գրերի հայերեն թարգմանությունը խթանելու նպատակով: Այսպիսով, արդեն 5-րդ դարում Երևանը խոշոր կրթական կենտրոն էր: 

Բյուզանդիայի և Պարսկաստանի, քաղկեդոնականության և առաքելականության միջև

591-ին Հայաստանը բաժանված էր բյուզանդական և պարսկական կայսրությունների միջև: Սա հանգեցրեց հայ եկեղեցու բաժանմանը, քանի որ Բյուզանդական կայսրությունը պահանջում էր, որ իր կառավարման տակ գտնվող քրիստոնյաները դառնան քաղկեդոնական եկեղեցու հետևորդներ, իսկ Հայաստանը նախընտրեց հարել Արևելյան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների խմբին` ձևավորելով Հայ առաքելական եկեղեցու յուրօրինակ ինքնությունը: 

Երևանում քրիստոնեական եկեղեցիների մասին առաջին հիշատակումները սկսվում են 607 թվականի Դվինի երրորդ եկեղեցական ժողովով։ Այդ շրջանում Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Ասում են` ժողովին Երևանից  երկու հոգևորական է մասնակցել` ներկայացնելով ժամանակի երկու հիմնական եկեղեցիները` Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որն այժմյան Երևանի կենտրոնում էր տեղակայված, և Ավանի տաճարը, որը գտնվում է այժմյան Երևանի 12 վարչական շրջաններից մեկը հանդիսացող, իսկ այն ժամանակ քաղաքամերձ գյուղ Ավանում: Երկու եկեղեցիներն էլ կառուցվել են 5-6-րդ դարերում: Կաթողիկոս Հովհան Բագարանցին պատվիրում է Ավանում Ծիրանավոր եկեղեցու կառուցումը` Բյուզանդիայի կայսեր աջակցությամբ և ի հակակշիռ Առաքելական եկեղեցու, որի վեհանիստ աթոռը Դվինում էր: Այդ ընթացքում Սասանյան Պարսկաստանը չէր ճնշում հայերի քրիստոնեական ավանդույթները, ավելին, խրախուսում էր առաքելական եկեղեցիների կառուցումը` հուսալով հայերի շրջանում լրացուցիչ քաղաքական լծակներ ձեռք բերել ընդդեմ քաղկեդոնական Բյուզանդիայի: 

Ավանի տաճարը Երևանում պահպանված հնագույն քրիստոնեական սրբավայրերից է, որը մինչ օրս գոյություն ունի, թեպետ մասամբ խոնարհված է: Նշանավոր հայ ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան Թորոս Թորամանյանը կարծում էր, որ լինելով քաղկեդոնական հայկական եկեղեցու աթոռանիստ` եկեղեցին իր կառուցվածքով նման էր Էջմիածնի Մայր տաճարին. մեկ կենտրոնական գմբեթ` շրջապատված յուրաքանչյուր անկյունում չորս շրջանաձև սրահների վրա խոյացող չորս ավելի փոքր գմբեթով: Ավանի նոր համալիրը ներառում էր եկեղեցին և մի շարք այլ շինություններ: Եկեղեցուն կից` հյուսիսային կողմում, կաթողիկոսի պալատական նստավայրի հիմքերն են. ենթադրվում է, որ այն կառուցվել է եկեղեցուց առաջ` 581-582 թթ.:

Կարծիք կա, որ հետագայում «Սուրբ Հովհաննես» վերանվանված այս եկեղեցին եղել է 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմեի եկեղեցու նախատիպը: Իր տեսակի մեջ բացառիկ Ավանի եկեղեցու նախագիծը վերարտադրված էր 1975 թվականին Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած հայկական ճարտարապետությանն ու արվեստին նվիրված Առաջին միջազգային սիմպոզիումի ազդագրի վրա: 

Դվինի եկեղեցական ժողովում հիշատակվող մյուս եկեղեցին Սուրբ Պողոս-Պետրոսն է: Ըստ հայ պատմաբան Կարո Ղաֆադարյանի` սա հին Երևանի հնագույն ու ամենամեծ եկեղեցին էր` կառուցված 5-6-րդ դարերում: Այն առանց գմբեթի, բազիլիկ ոճի եռանավ եկեղեցի էր: Գլխավոր սեղանն իր մի քանի խորանով ընկած էր ընդարձակ աղոթասրահի արևելյան կողմում, որը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից:

Ավանի տաճարը
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին՝ այժմյան Երևանի կենտրոնում
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին` մինչ Մոսկվա կինոթատրոնի կառուցումը

Եկեղեցու ճակատագիրը խորհրդանշում է Երևանի պայքարը դարերի ընթացքում: Որպես քաղաքի հնագույն քրիստոնեական եկեղեցի` այն լուրջ դեր է խաղացել միջնադարյան քաղաքի մշակույթում. այնտեղ դարեր շարունակ պահպանվել է առնվազն 20 միջնադարյան ձեռագիր: Սակայն 17-րդ դարի երկրաշարժից հետո կանգուն է մնացել միայն արևելյան հատվածը: Ղաֆադարյանը եկեղեցու արևելյան և հյուսիսային պատերի մեջ ներկառուցված խաչքարերից մի քանիսի վրա գտել է 1691 և 1692 թվականների փորագրությունը: Եկեղեցում գտնվել են նաև կարևոր արձանագրություններ. առաջինի մեջ, որը հարավային ճակատամասի կամարի վրա էր, կար վկայություն այն մասին, որ եկեղեցին վերականգնվել է 1778-ին: Երկրորդում, որը մակագրված էր հյուսիսային պատի վրա, ներկայացվում է, որ եկեղեցին 1820-ին վերականգնվել է քաղաքացիների ֆինանսական օժանդակության շնորհիվ:

1835-ին Արևմտյան Հայաստանի Բայազետի բերդի ընդարձակ մետաղական դռները բերվել և տեղադրվել էին եկեղեցու հարավային մուտքում: Եկեղեցին կանգուն մնաց մինչև 1930-ը, երբ խորհրդային վարչակարգը որոշեց քանդել այն` քաղաքի հետագա զարգացման նպատակով: Խորհրդային Միության քաղաքային նոր նախագծերը սովորաբար ենթադրում էին պաշտոնական շենքերի, երկաթգծերի և հրապարակների կառուցում եկեղեցիների և կրոնական այլ վայրերի տեղում: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու դեպքում որմնանկարների վեց շերտերը զգուշորեն հանվել են և այժմ ցուցադրվում են Երևանի թանգարաններում: Խորհրդային շրջանի արվեստի պատմաբան և վերականգնող Լիդիա Դուրնովայի խոսքով` այստեղ առկա էին Հայաստանում որմնանկարչության հնագույն նմուշներից մի քանիսը: Սբ. սեղանի` ծաղկազարդ ձևավորմամբ եզրագոտու մի հատվածը ցուցադրված է Երևան քաղաքի պատմության թանգարանում: 

Եկեղեցու տեղում կառուցվել է Երևանի գլխավոր` «Մոսկվա» կինոթատրոնի շենքը, որի յուրօրինակ ամառային կինոսրահը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության գլուխգործոց է: 2009-ին նախատեսվում էր քանդել ամառային կինոսրահը, իսկ տարածքը տրամադրել Հայ առաքելական եկեղեցուն` Երևանում նոր եկեղեցի կառուցելու նպատակով: Ակտիվիստների` ամիսներ տևած աշխատանքը, խնդրագրերն ու բողոքի ցույցերի արդյունքում եկեղեցին զիջեց ու ընտրեց մեկ այլ տարածք: Այստեղ էլ` Աբովյան փողոցի Լեզվաբանական ինստիտուտի բակում «թաքնված էր» 13-րդ դարի մի միջնադարյան եկեղեցի…

 

Արհավիրքից վերածնունդ. Կաթողիկե Սբ․ Աստվածածին

1936-ին խորհրդային իշխանությունները որոշում են քանդել Երևանի Աստաֆյան (ներկայիս Աբովյան) փողոցի մոտ գտնվող 17-րդ դարի Սուրբ Կաթողիկե եկեղեցին, սակայն քանդման աշխատանքների ժամանակ դրա ներսում զարմանքով հայտնաբերվում է ավելի փոքր, 13-րդ դարի Սուրբ Աստվածածնի եկեղեցին: 

Համարվում է, որ ավելի վաղ կառուցված շինությունն ունեցել է նաև կից մատուռ, որը, հավանաբար, քանդվել է ավերիչ երկրաշարժի հետևանքով, իսկ կանգուն մնացած հատվածը 17-րդ դարում ներառվել է ավելի մեծ նոր կառույցի ներսում` այդպես պահպանվելով ավելի քան 300 տարի: Նոր եկեղեցին կառուցվել է հայկական տուֆ քարից ու գմբեթ չի ունեցել: Այն հայկական ճարտարապետության եռանավ բազիլիկ ոճի կառույց է եղել: Նորի ներսում ներփակված ավելի փոքր եկեղեցին ծառայել է որպես գլխավոր խորան: Բազիլիկը քանդելուց հետո՝ 1936-ին, Սուրբ Աստվածածնի տաճարի պատերին հայտնաբերվել են միջնադարյան Երևանի մասին արժեքավոր տեղեկատվություն պարունակող բազմաթիվ արձանագրություններ:

Արձանագրություններից մեկի համաձայն` Ավետեցի որդին` Սահմադինը, գնել է Երևանն «իր հող ու ջրով»: Այս պատմական իրադարձության` Սուրբ Աստվածածնի տաճարի պատին թողնված նկարագրությունը վկայում է միջնադարյան Երևանում եկեղեցու կարևորության մասին: Այսպիսի արձանագրությունները ծառայում էին ոչ միայն որպես որոշակի իրադարձությունների վկայություն, այլև պաշտոնական վավերացում:

Արձանագրությունը նաև հետաքրքրական անեծք է պարունակում. «Ով կխախտի (Երևանի վաճառքի) այս պայմանավորվածությունը, կարժանանա հոգևոր խորհրդի անեծքին և Հուդայի ճակատագրին»: Պատերի վրա հայտնաբերվել են նաև փամփուշտների ու թնդանոթի արկերի հետքեր, որոնք պահպանվել են մինչ օրս, պատերի մեջ գտնվել են 14-րդ դարի խաչքարեր: 

Սուրբ Կաթողիկե եկեղեցու ապամոնտաժումը
Սուրբ Աստվածածին եկեղեցին

1936-ին այս թաքնված միջնադարյան եկեղեցու անսպասելի «վերածնունդից» հետո ճարտարապետներին հաջողվում է համոզել խորհրդային իշխանություններին պահպանել այն` քանդելով, սակայն,  դրա շուրջը կառուցված նոր եկեղեցին: Այսպիսով, Սուրբ Աստվածածինը Երևանի վաղ միջնադարի միակ եկեղեցին է, որը դիմակայել է 1679-ի երկրաշարժին ու խորհրդային մուրճին և այսօր էլ կանգուն է:

2009-ին, երբ վերանայվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում նոր եկեղեցական համալիր կառուցելու գաղափարը, այն որոշվեց տեղակայել կանգուն մնացած փոքր եկեղեցու հարևանությամբ: Նոր համալիրը ներառում է մեծ եկեղեցի, որը կրում է Սուրբ Աննայի անունը, ինչպես նաև մի շինություն, որը ծառայում է որպես Կաթողիկոսի երևանյան նստավայր:

Հրաշագործ Զորավորը 

16-17-րդ դարերում Մովսես Սյունեցի հայրապետը Էջմիածնից Կարին գնալու ճանապարհին կանգ է առնում Երևանում և որոշում այստեղ վանական համալիր կառուցել: Երևանի բնակչության հետ և Պարսկական խանության աջակցությամբ նա Սբ. Անանիայի գերեզմանի շուրջ կառուցում է եկեղեցուց, մատուռից և այլ կից սրահներից բաղկացած համալիր: Դժբախտաբար, բոլորն էլ կառուցված էին փայտից, և ողջ համալիրը, բացի Սուրբ Անանիայի քարակերտ գերեզման-մատուռից, այրվում է 1635-36 թվականների թուրք-պարսկական պատերազմի ընթացքում: Դրանից կարճ ժամանակ անց կաթողիկոս Փիլիպոսը նախաձեռնում է վանքի վերակառուցումը` այս անգամ օգտագործելով քար: Սակայն դարձյալ վանքը գոյատևում է ընդամենը մի քանի տասնամյակ և քանդվում 1679-ի երկրաշարժից: Շինություններից ոչինչ չի պահպանվել, բացի ստորգետնյա հատվածից, որտեղ գերեզմանն էր:

Եկեղեցին, որն այժմ մեզ հայտնի է որպես Զորավոր Սուրբ Աստվածածին, 1693-ին կառուցել է Նահապետ Կաթողիկոսը: Այն եռանավ, բազիլիկ ոճի կառույց է, որի կողքին՝ Սուրբ Անանիայի գերեզմանի վրա, 1889-ին կառուցվել է նոր մատուռ:

Վանքը խոշոր կրթական կենտրոն էր, և ինչպես ասում է Առաքել Դավրիժեցին, Երևան այցելող վաճառականների ամենասիրելի տեսարժան վայրերից էր: Այն գտնվում էր Երևանյան այգիներ կոչվող ծառածածկ հատվածում: Եկեղեցու կենտրոնական մուտքի վերևում խամրած որմնանկար կա` Աստվածածնի և մանուկ Հիսուսի պատկերով, որի ձեռքերում խաչ է: Ձեռքերում խաչ պահած մանուկ Հիսուսին պատկերելով` նկարիչը կանխատեսում է Քրիստոսի մարտիրոսությունը: 

Վանքում ստեղծվում ու պահպանվում էին բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնցից մեկը, ասում են, ունեցել է բուժիչ հատկություններ: Դա է պատճառը, որ այն կոչվում էր «զորավոր», այսինքն` հզոր ձեռագիր: Այդտեղից էլ` Սուրբ Աստվածածին եկեղեցին ժողովուրդն անվանում է «Զորավոր»` հավատալով ձեռագրի և Սբ․ Անանիայի հրաշագործ զորությանը:

Զորավոր, 1910-1915թթ.

Երևանը` թեմական կենտրոն

Երևանը Հայ առաքելական եկեղեցու Երևանի թեմի (որն այսօր կոչվում է Արարատյան թեմ) կենտրոնն էր: Ժամանակին այն ներառում էր Շիրակի, Սյունիքի, Նախիջևանի եկեղեցիները, իսկ մինչև 19-րդ դարի վերջ` նաև Կարսի գավառը: Թեմի ընդարձակ տարածքը ներառում էր 643 եկեղեցի և 47 վանք:

Երևանի յուրաքանչյուր շրջան ուներ իր եկեղեցին: Երևանից դրանք վերահսկելու նպատակով Կաթողիկոսն այստեղ ուներ երկու աթոռանիստ` Սուրբ Կաթողիկե եկեղեցին և Ձորագյուղի Մասրուց վանքը, որը Հրազդան գետի կիրճում էր` Ձորագետում, և բաղկացած էր Սուրբ Հակոբ, Սուրբ Գևորգ և Սուրբ Սարգիս եկեղեցիներից, կրթական կենտրոնից և կեցավայրից: Ձորագյուղի վանքը կոչվում էր նաև Երկերեսնի, այն է` «երկու երես ունեցող», քանի որ համալիրը բաժանված էր հյուսիսային և հարավային մասերի: Լայն հանրությունը կարող էր մասնակցել միայն տարածքի մի հատվածում մատուցվող արարողություններին, իսկ մնացած մասը նախատեսված էր հոգևոր սպասավորների և կաթողիկոսների համար: Վանքը Հրազդան կամ Զանգու գետի ափին էր` նախկին Երևանի բերդի դիմաց, որը կառուցվել էր 16-րդ դարում` Օսմանյան կայսրության կառավարման շրջանում: Թե՛ բերդը, թե՛ վանքը ավերվել են 17-րդ դարի երկրաշարժից:

Սուրբ Սարգիս եկեղեցին վերակառուցվել է 1836-1842 թվականներին: Եկեղեցին ոչ միայն զոհ չգնաց կրոնական կենտրոնները ոչնչացնելու խորհրդային պրակտիկային, այլև, սովետական ժամանակաշրջանում վերակառուցվեց որպես կրոնական հաստատություն: 1972-ին եկեղեցու վերականգնման և վերակառուցման աշխատանքները ղեկավարում էր Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ աշխատանքը նախաձեռնել էր նշանավոր հայ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Արտաքին պատերի կառուցվածքը պահպանվեց, իսկ առաստաղն ու գմբեթը բարձրացվեցին, որպեսզի եկեղեցին ավելի ընդարձակ սրահ ունենա և երկրորդ հարկի պատշգամբ` երգչախմբի համար:

Դրա համար անհրաժեշտ էր ամրացնել պատերը, ինչը հնարավոր եղավ դրսից պատերի լրացուցիչ շերտ կառուցելով: Ռաֆայել Իսրայելյանը վախճանվեց 1973-ին, և աշխատանքը շարունակեց նրա գործընկերը` ճարտարապետ Արծրուն Գալիկյանը: Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնումը վերածվեց մի եզակի մասնակցային իրադարձության, որին, չնայած խորհրդային վարչակարգի աթեիստական գաղափարախոսությանը, ժողովրդի միջից միանում էին բազմաթիվ կամավորական խմբեր և օգնում ճարտարապետներին վերակառուցման տարբեր փուլերում:

Նշանավոր քանդակագործների ջանքերով հնարավոր եղավ նոր զարդանախշային տարրեր հաղորդել եկեղեցուն: Քանդակագործ Արտաշես Հովսեփյանն արևմտյան մուտքի համար ստեղծեց փայտե փորագրված դռներ, ինչպես նաև խորաքանդակներ, որոնք հիշեցնում էին Արևմտյան Հայաստանի Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչի ֆիգուրները` հսկելով եկեղեցու մուտքը: Ներսում պատկերված են աստվածաշնչյան պատկերներ, որոնց համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Արենիի եկեղեցու ներքին ձևավորումը` միջնադարյան նշանավոր հայ ճարտարապետ վարպետ Մոմիկի ձեռամբ: Նոր զանգակատունը կառուցվեց 2000-ին:

Սուրբ Սարգիս եկեղեցին` նորոգումից առաջ

Այսօր Սուրբ Սարգիսը Երևանի ամենաշատ այցելվող եկեղեցիներից է, Արարատյան թեմի մեծ համայնքի առաջնորդանիստ եկեղեցին: Ինչպես կաթողիկոս Վազգեն Առաջինն է ասել 1976-ին` եկեղեցու օծման ժամանակ, «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»:

Հառնելով երկրաշարժի ավերակներից

Երբ 17-րդ դարի երկրաշարժից հետո եկեղեցիները վերակառուցվեցին, Երևանը վերականգնեց իր կարևոր դերը Հայաստանի սոցիալական և կրոնական կյանքում: Եկեղեցիները վարում էին բնակչության մարդահամարը և վավերացնում մարդկանց կյանքը` ծնունդներ, մկրտություններ, ամուսնություններ և մահեր: Արձանագրությունները պահպանվում էին այսպես կոչված «Չափաբերական մատյաններում»: Հատկանշական է, որ ամուսնությունների գրանցումները սովորաբար արվում էին հարսնացուի թաղամասի եկեղեցում: Այսպիսով, քաղաքի և յուրաքանչյուր թաղամասի պատմությունն ուղղակիորեն կապված էր դրա քրիստոնեական պատմության հետ: 

17-րդ դարի երկրաշարժից ամբողջությամբ քանդվել, ապա նույն տեղում վերակառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Կոնդում` քաղաքի հնագույն թաղամասերից մեկում: Այն վաղ միջնադարյան շրջանի համեստ եկեղեցի էր, բազիլիկ ոճի եռանավ կառույց: Եկեղեցին վերակառուցվեց 1710-ին` տեղացի վաճառական Մելիք Աղամալի աջակցությամբ, որի ընտանիքի ազգանունը` Աղամալյան, գրված է եկեղեցու ճակատամասում հայտնաբերված խաչքարերի վրա: Որպեսզի այն տարբերվի Կոնդի բավական քաոսային շինությունների մեջ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն առաջարկեց ավելացնել գմբեթ, զանգակատուն և երեսպատել նարնջագույն տուֆով: Կաթողիկոսը և, բարեբախտաբար, նաև քաղաքի խորհրդային ղեկավարությունը ողջունեցին առաջարկը, բայց աշխատանքն ավարտին հասցրեց Ռաֆայել Իսրայելյանի որդին` Արեգ Իսրայելյանը, 1980-ականներին: 

Կոզեռնի մատուռ

Նորքի բարձունքը, որտեղ տեղակայված են Հանրային հեռուստատեսությունն ու Երևանի հեռուստաաշտարակը, Երևանի ամենականաչ տարածքներից էր` մրգի այգիներով ու անտառներով: Նորքը մեծ վնասներ էր կրել պարսից կառավարիչ Շահ Աբասի կառավարման շրջանում, որը հարյուր հազարավոր հայերի արտաքսեց Արարատյան դաշտավայրից և Նախիջևանից: Դրանից կարճ ժամանակ անց Նորքը վերաբնակեցվեց Նախիջևանի Նորս քաղաքից եկած հայերով: 

Երվանդ Շահազիզը գրում է, որ Նորքում կար ավելի քան հինգ եկեղեցի` գերեզմանոցներով ու խաչքարերով: Մասնավորապես, նա հիշատակում է Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս և Սուրբ Հակոբ եկեղեցիները: Երկրաշարժից հետո կանգուն էին մնացել միայն երկուսը` Սուրբ Աստվածածին ու Սիմոն Ծերունի եկեղեցիները: 

Սուրբ Աստվածածին եկեղեցին դարեր շարունակ ավերակների մեջ էր, բայց նույնիսկ այդ ընթացքում գրավում էր տեղի բնակիչների և այցելուների ուշադրությունը, որոնք այնտեղ տոներ ու արարողություններ էին անցկացնում: Եկեղեցին վերակառուցվել է բոլորովին վերջերս` «Նորք-Մարաշ» բարեգործական միության աջակցությամբ:

Երևանի Քանաքեռ վարչական շրջանը` երբեմնի միջնադարյան գյուղը, նույնպես բլրի գագաթին է` համեմատաբար զով տարածքում, որտեղ երևանցիները սիրում են անցկացնել ամառային օրերը: Երկրաշարժից առաջ Քանաքեռում երկու հիմնական եկեղեցի կար` Մծբնա Սուրբ Հակոբ և Սուրբ Աստվածածին: Երկուսն էլ ավերվել էին երկրաշարժից ու վերակառուցվել նույն տեղում: Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատի արձանագրությունը թվագրված է 1695-ին. համարվում է, որ հենց այդ ժամանակ են դրվել նոր եկեղեցու հիմքերը:

Նույն տարեթիվն է մակագրված նաև Սուրբ Աստվածածին տաճարի պատին, որը ծառայում էր միայն հոգևորականներին: Երկու եկեղեցիներն էլ ունեն նույն կառուցվածքը` պատերի մեջ կառուցված խաչքարերով, որոնք ստեղծվել են դեռ եկեղեցու շինարարությունից առաջ: Սա նշանակում է, որ ավելի հին խաչքարերը վերապրել են երկրաշարժը:

Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցին նույնպես քանդվել է երկրաշարժից և վերակառուցվել 17-րդ դարում։

Խորհրդային մուրճի «անաստված» հարվածները

Կոնդից ոչ շատ հեռու` Կոզեռն թաղամասում էր տեղակայված Երևանի ուշ միջնադարյան գերեզմանատներից մեկը: Այն կրում էր ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Կոզեռնի անունը, որը հուղարկավորված էր այնտեղ: Կոզեռն թաղամասը ներկայիս Հայաստանի Խորհրդարանի շենքի տեղում էր: Գերեզմանոցում կառուցված էր մի համեստ մատուռ, որը 1810-ին բարեկարգել էր Մելիք Աղամալյանը: Նմանատիպ մի մատուռ էլ տեղակայված էր այսօրվա Օպերայի և բալետի թատրոնի տեղում` Գեթսեմանի մատուռը: 1679-ի երկրաշարժից քանդված մատուռի վերակառուցումը սկսվել էր արևելյան պատի կողմից, որը պահպանվել էր: 

Երկու մատուռներն ու քաղաքի ամենախոշոր` Կոզեռնի գերեզմանոցը քանդվել են Խորհրդային իշխանության հրամանով: Գեթսեմանի մատուռից պահպանվել է միայն մի բեկոր, որն այժմ ցուցադրվում է Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում: Մի ուրիշ եկեղեցի էլ կառուցվել էր Մլեհի գերեզմանոցի հարևանությամբ, որն այժմյան Հայաստանի պետական պանթեոնի տարածքում է, սակայն խորհրդային վարչակարգը 1930-ականներին քանդել է այս մատուռը նույնպես: 

Երևանում կառուցվել են նաև ռուսական ուղղափառ քրիստոնեական եկեղեցիներ, օրինակ, Պոկրովի տաճարը, որը կառուցվել է 1839-ին Երևանի ամրոցի ներսում` ռուսական բանակի կողմից բերդի նվաճումից հետո: Եկեղեցու կառուցվածքը խիստ համաչափ էր և այդ առումով նման էր Իտալիայի Վիչենցա քաղաքի Վիլլա Ռոտոնդոյին:

Սուրբ Նիկոլայ մայր տաճարը կառուցվել էր 1901-ին` Երևանի նախկին քաղաքապետարանի դիմաց, որտեղ խորհրդային շրջանում նախագծվեց Շահումյան հրապարակը: Այն զարդարված էր հինգ շողշողուն գմբեթներով, որոնցից գլխավորը կենտրոնում էր, իսկ մյուս չորսը` դրա շուրջը: Եկեղեցին բացառիկ էր այն իմաստով, որ ուներ երկու խորան` մեկը ռուսական ուղղափառ, մյուսը` հայ առաքելական եկեղեցու արարողությունների համար: Տաճարը քանդվեց խորհրդային իշխանությունների կողմից` կառուցումից ընդամենը 30 տարի անց:

Մյուս ռուսական ուղղափառ եկեղեցին` Քանաքեռի Սուրբ Աստվածածինը, կառուցվել է ռուսական զորակայանի ներքո 1913-ին, բաց կարմիր տուֆից: Այսօր այն գործում է որպես սովորական ռուսական եկեղեցի:

Երևանի կենտրոնում` այժմյան Ամիրյան փողոցի մոտ կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես կարճ կյանք ունեցավ: Հիմնադրվել էր 1869-ին, սակայն դժվարությունների պատճառով շինարարությունն ավարտվեց միայն 1900-ին: Երկու տարի անց հիմնական եկեղեցուն կից կառուցվեց բարձր զանգակատուն: Եկեղեցին տուֆից էր, խաչաձև գմբեթով: Սակայն այն գործեց միայն երեք տասնամյակ, ապա փակվեց և վերածվեց կինոթատրոնի, որը կոչվում էր «Անաստված» (աթեիստ), որտեղ ցուցադրվում էին խորհրդային քարոզչական ֆիլմեր: 1940-ականների վերջին քաղաքային նոր նախագիծը պահանջում էր, որ եկեղեցին քանդվի: Դրա տեղում կառուցվեց Եղիշե Չարենցի անվան դպրոցը, որը մինչ օրս գործում է:

Սիմեոն Ծերունի
Սուրբ Նիկոլայի եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Նորանկախ մայրաքաղաքի եկեղեցիները

Անկախ Հայաստանի ամենահավակնոտ շինարարական նախագծերից մեկը նոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի կառուցումն էր, որը մեկնարկեց 1996-ին և ավարտվեց 2001-ին` Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Տաճարում պահվում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Տաճարի օծումից կարճ ժամանակ անց Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը եղավ այնտեղ:

Համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց` 1700 տեղանոց Տաճարը (հիմնական եկեղեցին) և Սուրբ Տրդատ թագավորի ու Սուրբ Աշխեն թագուհու մատուռները (յուրաքանչյուրը` 150 տեղ): Թագավորական ընտանիքի այս երկու ներկայացուցիչներն առանցքային դեր են ունեցել` օգնելով Գրիգորի Լուսավորչին Հայաստանում քրիստոնեության հաստատման գործում: Զանգակատունը, որը բաղկացած է ավելի քան 30 կամարից, տաճարի մուտքի մոտ է: Ընդունելության և եկեղեցական միջոցառումների սրահները հիմնական եկեղեցու առաջին հարկում են: 

Համալիրի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 3822 քառակուսի մետր, իսկ տաճարի բարձրությունը գետնից մինչև գագաթի խաչը՝ 54 մետր է: Հիմնական եկեղեցու շինարարությունն իրականացվել է Ռիչարդ Ալեքսանդր Մանուկյանի և Լուիզ Մանուկյան-Սիմոնի նվիրատվությունների շնորհիվ` ի հիշատակ հանգուցյալ հոր` բարերար, ձեռնարկատեր և ՀԲԸՄ նախկին նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի:

Մեկ այլ շինարարություն է նախաձեռնվել և իրականացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. խոսքը 2003-ին կառուցված Սուրբ Երրորդության եկեղեցու մասին է: Այն նախագծված է 7-րդ դարի Զվարթնոցի տաճարի նմանությամբ, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, ավերվել է 1679-ի երկրաշարժի հետևանքով: 

Գործում են նաև հիշատակի եկեղեցիներ, օրինակ` Երևանի Մալաթիա թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1991-1998 թվականներին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Եկեղեցու շինարարության ընթացքում օգտագործվել է ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Մալաթիա քաղաքից բերված հողը:

Սուրբ Վարդանանց եկեղեցին կառուցվել է 1994-1998 թվականներին և նվիրված է Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում ընկած զինվորների հիշատակին, որոնք ամփոփված են Եռաբլուր պանթեոնում: Եկեղեցու արտաքին ճարտարապետական լուծումը փամփուշտի տեսքով է արված:

Այսօր Երևանում գործում է շուրջ 18 եկեղեցի: Քաղաքի քրիստոնեական ժառանգությունը չի սահմանափակվում եկեղեցիներով ու խաչքարերով, այն կարելի է «ընթերցել» քաղաքի շատ տարբեր շինությունների և հուշարձանների ճարտարապետության ոճական բաղադրիչներում ևս: Հայացքը Արարատին հառած` Երևանը շարունակում է միահյուսել ժամանակի շունչը քրիստոնեական ավանդույթների հետ` ժառանգած իր վաղ միջնադարյան տաճարներից, կորսված ու նոր կյանք ստացած վանքերից, խոնարհված ու կանգուն եկեղեցիներից:

Մեկնաբանել

Comments 1

  1. Lilit Vardanyan says:
    2 տարի ago

    Շատ հետաքրքիր էր, հաճույքով կարդացի ու ահագին նոր տեղեկություններ իմացա Երեւան քաղաքի մասին։

    Պատասխանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ