Սակավաջրության խնդիրը աշխարհում ու հնարավոր հետևանքները Հայաստանում
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ջուրը կյանք է, պնդում է հայտնի ասացվածքը: Եթե մարդը մի քանի տասնյակ օր կարող է ապրել առանց սննդի, ապա առանց ջրի երեք օրից ավելի չի ապրի: Երբ բացում ենք ծորակը, շատերս ըստ արժանվույն չենք գնահատում ջրի արժեքը՝ որտեղից է գալիս, ինչ ցանցով է հոսում, որակի ապահովման ինչ գործիքներ են երաշխավորում դրա անվտանգությունը: Միշտ զայրանում ենք, երբ ջրամատակարարումը ժամանակավորապես ընդհատվում է, կամ ջրի ճնշումն է թուլանում, կամ էլ ջրի որակը վատանում: Մենք չենք էլ անդրադառնում, որ հետևողականորեն վատնում ենք ջրային պաշարները, երբ բաց ենք թողնում ծորակը, երկար ցնցուղ ընդունում, ամեն օր լվանում հագուստը։ Աշխարհի 43 երկրում ավելի քան 2 միլիարդ մարդ սակավաջրության լուրջ վտանգի առաջ է կանգնած, ինչը նշանակում է, որ նրանք չունեն մաքուր, անվտանգ ու որակյալ խմելու ջրի բավարար պաշարներ կամ առհասարակ զրկված են դրանից: Արդեն 2025 թվականին աշխարհի բնակչության կեսն ունենալու է ջրի սակավության խնդիր, իսկ 2050-ին 5,7 միլիարդ մարդ տարեկան առնվազն մեկ ամիս ամենայն հավանականությամբ ապրելու է ջրասակավ տարածքներում: Այսօր աշխարհի բնակչության մոտ մեկ վեցերորդը զրկված է խմելու ջրից, մեկ երրորդը չի կարող իրեն թույլ տալ ջուր օգտագործել տնային կարիքների համար, ավելի քան մեկ միլիարդ մարդ օգտագործում է օրական վեց լիտրից պակաս ջուր, իսկ չորս միլիոն մարդ ամեն տարի մահանում է ջրազրկմամբ պայմանավորված հիվանդություններից: Այս թվերը, անկասկած, ապշեցնող են: Դրանք, անշուշտ, չեն շրջանցում նաև մեր տարածաշրջանը, եթե հաշվի առնենք, որ ջրային պաշարների սակավության և ջրի անվտանգության խնդիրներն առաջիկայում բարդացնելու են Հարավային Կովկասի առջև ծառացած առանց այդ էլ բարդ խնդիրները։ Աշխարհի բնակչության կտրուկ աճը, արդյունաբերացումը և ոռոգվող գյուղատնտեսության ինտենսիվացումը, սրընթաց ուրբանիզացիան, կենցաղային պայմանների բարելավումն ու զանգվածային