Սփյուռքի կոնցեպտուալացումն ու հայկական սփյուռքի իրողությունները. նախնական դիտարկումներ
«Այնտեղ, որտեղ ժամանակին ցրոնքներ էին, այժմ սփյուռքն է» ։ «Սփյուռքը պետք է...», «Սփյուռքը պարտավոր է...» ընդհանրական արտահայտությունները, որոնք որպես կանոն լրացվում են գործողություն ցույց տվող բայերով, ասենք՝ «անել», «ընդունել», «(չ)միջամտել», «(չ)մասնակցել» և այլն, բավական տարածված են պաշտոնյաների, պետական մարմինների ու սփյուռքյան կազմակերպությունների ղեկավարների, խմբագիրների, լրագրողների, հրապարակախոսների կամ պատահական մեկնաբանների դատողություններում, և ոչ միայն հայերի շրջանում: «Սփյուռքը պետք է օգնի», «Սփյուռքը պետք է գործի» Google-ով հասարակ որոնումն իսկ անհամար օրինակներ կբերի։ Սփյուռքը նման արտահայտություններում օժտված է ազատ կամքով, ընկալվում և կոնցեպտուալացվում է որպես սոցիալական միավոր, որն ունակ է փոխհամաձայնեցված ու հավաքական վարքագիծ դրսևորելու: Ամփոփ այս հոդվածիս նպատակը սփյուռքների և, մասնավորապես, հայկական սփյուռքի խնդիրները ընդհանրական նման ընկալումներից դուրս ներկայացնելն է՝ հիմնվելով սփյուռքի կոնցեպտուալացման երեք հիմնական մոտեցումների վրա և քննարկելով հայկական սփյուռքի պատմական ու ժամանակակից իրողությունները: Հոդվածի առաջին հատվածում ներկայացնելու եմ սփյուռքների կոնցեպտուալացման երեք հիմնական մոտեցումների ամփոփ նկարագրությունը, որոնք մշակվել են սկսած 1980-ականներից՝ միգրացիայի, անդրազգայնության ու սփյուռքների զուգադրական և տեսական ուսումնասիրությունների շրջանակում : Երկրորդ հատվածում խոսվելու է այն մասին, թե ինչպես կարող են այս երեք մոտեցումները օժանդակել կամ խոչընդոտել հայկական սփյուռքի պատմական և ժամանակակից իրողությունների ընկալմանը: Կեզրափակեմ հայկական սփյուռքի որոշ խնդիրների նկարագրությամբ ու ենթադրությամբ, որ չնայած հայկական սփյուռքի ուսումնասիրությունները կարող են շահել սփյուռքի տարբեր կոնցեպտուալացումների ընտրովի ու զուգորդված կիրառությունից, այդուհանդերձ մոտեցումներից որևէ մեկին նախապատվություն տալը կարող է աղավաղել հայկական սփյուռքի պատմական ու ժամանակակից իրողությունների ամբողջական ընկալումը։ Սփյուռքների կոնցեպտուալացում. մոտեցումներ Սփյուռքների վերաբերյալ հետազոտություններին թեև այդպես էլ չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ այս հասկացության սահմանման շուրջ, սակայն դրանք կոնցեպտուալացման երեք հիմնական մոտեցումներ առաջ քաշեցին՝ սփյուռքը որպես էթնիկ հավաքականության ենթատեսակ (այստեղից էլ «էթնիկ