
Հոդվածը կարող եք լսել ձայնային տարբերակով
Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի, որն, անշուշտ, իր մեծ ազդեցությունը կթողնի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Սպասվում են նոր տնտեսական ցնցումներ։
Հաշվի առնելով, որ 2014 թվականից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի առանցքային դերակատար է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը ևս անմասն չի մնա այդ ցնցումներից։
2020-ին համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեծ հարված էր հասցրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին․ Ռուսաստանի տնտեսության անկումը կազմում էր 3 տոկոս, Հայաստանինը՝ 7,4 տոկոս, Բելառուսինը՝ 0,9 տոկոս, Ղազախստանինը՝ 2,5 տոկոս և Ղրղզստանինը՝ 8,6 տոկոս։ 2021-ը Ռուսաստանի տնտեսության համար դարձավ վերականգման տարի․ տնտեսական աճը կազմեց 4,7 տոկոս, որին նպաստեցին համաշխարհային շուկայում բնական գազի գնի աճը և դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ավելացումը։ 2021-ին Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ վերականգվեց, իսկ Հայաստանինը, ցավոք, ոչ։
2021-ը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առումով հաջողակ տարի էր․ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 847 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 24,5 տոկոսով ավելի է: Միաժամանակ, 19,2 տոկոսով աճել է նաև Ռուսաստանից ներկրումը՝ կազմելով 1,9 մլրդ դոլար։
Հարկ է ընդգծել, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ արտահանման շուկան է․ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը կազմում է 28 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 33.3 տոկոս: Ռուսաստան արտահանվում են հիմնականում պատրաստի և վերջնական սպառման ապրանքներ (պահածո, գինի, կոնյակ, գյուղմթերք, զարդեղեն և այլն), որոնք արդյունավետ են և մեծ օգուտ են բերում Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանից ներկրվում են էներգակիրներ, մետաղներ, շինանյութ, շաքարավազ, ցորեն, կաթնամթերք, հավի միս, ձեթ և լայն սպառման ապրանքներ։ Հայաստանի Հանրապետության պարենային ինքնաբավությունը կազմում է 56 տոկոս, հետևաբար, Ռուսաստանից ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների (ցորեն, ձեթ, հնդկաձավար և այլն) անխափան մատակարարումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար։
Արևմտյան տնտեսական պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են ռուսական բանկային համակարգին, էներգետիկ ընկերություններին, ավիաընկերություններին և պաշտոնատար անձանց, էականորեն կարող է դանդաղեցնել Ռուսաստանի տնտեսության զարգացումը։ Մարդկանց եկամուտների նվազման պայմաններում ներդրումների կրճատման և բացասական սպասումների հետևանքով շարունակաբար կարժեզրկվի ռուսական ռուբլին, ինչն էլ իր հերթին կհանգեցնի Ռուսաստան ներկրվող ապրանքների, այդ թվում՝ հայկական ապրանքների թանկացմանը։
Այսինքն՝ ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանման կրճատմանը։ Արտահանող հայկական ընկերությունները ստիպված են լինելու կրճատել արտադրության ծավալները կամ գտնել նոր արտահանման շուկաներ։ Եվ ճիշտ հակառակը՝ այլ հավասար պայմաններում արժեզրկված ռուբլին կնպաստի դեպի ՀՀ ռուսական ապրանքների ներկրման աճին, որն էլ իր հերթին մեծ հարված կարող է հասցնել տեղական արտադրողներին արդեն Հայաստանի ներքին շուկայում։
Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կրճատման վտանգ
Մեկ այլ ուղղությամբ ևս ռիսկերը բավական մեծ են՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական միջոցների կրճատման հավանականությունը։
Տասնամյակներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ քաղաքացիների համար հանդիսացել է արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղություններից մեկը։ Ամեն տարի ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեկնում են այնտեղ աշխատելու, ինչն ապահովում է խոշոր դրամական փոխանցումներ դեպի Հայաստան։ Մասնավորապես՝ 2021-ին Ռուսաստանից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց տրանսֆերտները կազմել են 865 մլն դոլար, որը կազմում է ամբողջ տրանսֆերտների շուրջ 41 տոկոսը։ Առանց այդ գումարների (օգնության) Հայաստանում ապրող հազարավոր ընտանիքներ ուղղակի չէին կարող գոյատևել։
Ուշագրավ է, որ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված գումարների հոսքն առավելագույնի է հասել 2013-ին, երբ Հայաստան է փոխանցվել 2,3 մլրդ դոլար, որի 75 տոկոսը կամ 1,7 մլրդ դոլարը փոխանցվել էր Ռուսաստանից։ Սակայն արդեն 2014-ին ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական ազդեցություն է թողել Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանֆերտների վրա։ Մասնավորապես՝ 2016-ին 2013-ի համեմատ 52 տոկոսով նվազել էր Ռուսաստանից փոխանցվող գումարների հոսքը, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսության անկմամբ։ Հետևաբար, ռուսական տնտեսության կանխատեսվող անկումն առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կարող է հանգեցնել դեպի Հայաստան փոխանցվող գումարների 30-40 տոկոսով կրճատման։
Հարկ է նշել, որ 2022-ի համար հաստատված պետական բյուջեում Հայաստանի 7 տոկոսանոց տնտեսական աճը կապում էին նաև տրանսֆերտների շարունակական ավելացման հետ, այսինքն՝ տրանսֆերտների կրճատման պայմաններում 2022-ի տնտեսական աճի կանխատեսումը քիչ հավանական է դառնում։
Միաժամանակ, ռուբլու արժեզրկումը կնվազեցնի ուղարկված գումարների գնողունակությունը․ օրինակ, եթե Ռուսաստանից ուղարկված 1000 ռուբլին համարժեք էր 7200 ՀՀ դրամին, և այդքանի չափով ապրանքներ և ծառայություններ կարելի էր ձեռք բերել, ապա հիմա 1000 ռուբլին համարժեք է մոտ 4000 դրամին, հետևաբար՝ Ռուսաստանից փող ստացող հայ ընտանիքները երկու անգամ ավելի քիչ գնումներ կանեն, ինչի հետևանքով հատկապես կտուժեն Հայաստանի առևտրի և ծառայությունների ոլորտները։ Տեղին է հիշեցնել, որ 2014-ի ուկրաինական ճգնաժամից հետո ռուսական ռուբլին որոշակի տատանումներով արժեզրկվել է մոտ 25 տոկոսով։ Իսկ արդեն 2022-ի նոր ճգնաժամի առաջին իսկ օրերին ռուբլու արժեզրկումը կազմել է շուրջ 23 տոկոս։
Ներդրումների կրճատում
Բացի այդ, Ռուսաստանը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը։ Մասնավորապես՝ 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքը կազմել է 52,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ մոտ կրկնակի ավելի է։ Ռուսական կապիտալով են գործում Հայաստանի բազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնց մի մասը հանդիսանում է ռուսական մայր ընկերության դուստր ձեռնարկությունը, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան», «ՎՏԲ բանկ»-ը և այլն։
Ռուսական ընկերությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցները կարող են արտացոլվել նաև Հայաստանում գործող նրանց դուստր ընկերությունների վրա։ Հայաստանի 10 ամենախոշոր հարկ վճարող ընկերություններից ռուսական կապիտալով են գործում 5-ը, որոնք ստեղծել են հազարավոր աշխատատեղեր և միլիարդավոր դրամներ են վճարում պետական բյուջե։ Ռուսական ընկերությունների գործունեության հնարավոր սահմանափակումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Այս պահին ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գների կտրուկ անկումն անհնար է կասեցնել, քանի որ օտարերկրյա ներդրողները շտապում են ազատվել դրանցից։ Մեծ է հավանականությունը, որ Հայաստանում գործող ռուսական և ոչ ռուսական ընկերություններն անժամկետ կսառեցնեն խոշոր ներդրումային ծրագրերը։
SWIFT փոխանցումների համակարգից անջատելու հետևանքները
Արևմտյան պատժամիջոցներից մեկն էլ Ռուսաստանին SWIFT փոխանցումների համակարգից անջատելն է, արդեն մի շարք ռուսական բանկեր անջատվել են այդ համակարգից, բայց դեռևս Ռուսաստանին ամբողջությամբ անջատելու որոշումը չի կայացվել, քանի որ ԵՄ երկրները մեծ կախվածություն ունեն ռուսական էներգակիրներից և դրանց համար հարկավոր է ունենալ վճարային գործող համակարգ։
1973-ին Բրյուսելում հիմնադրված SWIFT-ը՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության հասարակությունը (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որը հեշտացնում է արագ միջսահմանային վճարումները՝ սահուն դարձնելով միջազգային առևտրի հոսքը:
SWIFT-ից անջատված ռուսական բանկերը չեն կարողանա սպասարկել իրենց հաճախորդներին միջազգային փոխանցումներ կատարելիս, որը բանկային ծառայություններից հրաժարվելու պատճառ կարող է դառնալ։ Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերը Հայաստանի բանկային համակարգում ներգրավածություն ունեն, հետևաբար, ռուսական կապիտալով ստեղծված հայաստանյան բանկերը կարող են ընկնել այս սահմանափակումների տակ։ Բացի այդ, հայաստանյան մի շարք բանկերի համար ռուսական բանկերը հանդիսանում են նաև միջնորդ բանկեր, որոնց միջոցով գումարներ են փոխանցվում արտերկիր։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2022-ի փետրվարի 28-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ներկա իրավիճակում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում: Ավելացնելով՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ունի բավարար իրացվելիություն և կապիտալ՝ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները: Այսինքն՝ գործող պատժամիջոցները չեն կարող ազդել ռուսական բանկում քաղաքացիների հաշիվների, ավանդների վրա, քանի որ բանկն ունի լավ ցուցանիշներ, ինչպես նաև՝ պետությունը լրացուցիչ երաշխիքներ է տրամադրում։
Մյուս կողմից, ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով հնարավոր է ռուսական ընկերությունները և ֆիզիկական անձինք իրենց գումարները պահեն Հայաստանում գործող բանկերում։ Այսինքն՝ մեր բանկային համակարգը կարող է նաև շահել այս իրավիճակում։
Պատժամիջոցների մյուս հարվածի կրողը ռուսական ավիաընկերություններն են, որը ևս մեծապես ազդելու է հայկական շուկայի վրա, մինչդեռ, եթե Հայաստանն ունենար հզոր ավիաընկերություններ, ապա ճգնաժամի այս հարվածը կարող էր զգալի օգուտ բերել մեր տնտեսությանը՝ սպասարկելով և ապահովելով ռուսական ուղևորահոսքի տարանցումը։
Մոսկվան ՀՀ քաղաքացիների համար եղել է նաև այլ երկրներ (ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, Չինաստան, ԱՊՀ երկրներ, Ասիական երկրներ և այլն) ճանապարհորդելու կարևոր տարանցիկ կենտրոն։ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով եվրոպական և արաբական ավիաընկերությունները կավելացնեն իրենց մասնաբաժինը մեր շուկայում։ Ցավոք, Հայաստանում դեռևս գոյություն չունեն ազգային հզոր ավիաընկերություններ, որոնք կսպասարկեին նաև Ռուսաստանի քաղաքացիներին և զգալի օգուտ կբերեին մեր տնտեսությանը։
Ճգնաժամի հնարավորությունները
Չնայած իրավիճակը առավելապես բացասական հետևանքներ կարող է ունենալ հայաստանյան տնտեսության վրա, սակայն բացառված չեն նաև հնարավորությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանք տանել արդեն այսօր։ Ինչպես նշվեց արդեն վերևում՝ հնարավոր է բիզնեսների, հատկապես ՏՏ ոլորտի որոշակի միգրացիա դեպի հայաստանյան շուկա։ Մյուս ուղղությունը, որը կարող է ոչ միայն չտուժել, այլ նաև շահել՝ տուրիստական ոլորտն է։
2021-ին Հայաստան են այցելել 870․308 զբոսաշրջիկներ, որից 350․569-ը կամ 40,3 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանում կենսամակարդակի կտրուկ նվազումը կարող է կրճատել տուրիստական հոսքերն այդ երկրից, սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ Եվրամիության երկրների վիզային սահմանափակումները, հնարավոր է ընդհակառակը՝ դեպի Հայաստան տուրիստական հոսքերի ավելացում։ Հայկական տուրիստական ընկերությունների ճիշտ մարքետինգային քաղաքականության դեպքում հնարավոր է նաև զբոսաշրջության ոլորտը շահի։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ Հայաստանում տնտեսական ռիսկերը բավականին բարձր են և դրանց դիմագրավելու համար ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, կենտրոնական բանկը և մասնավոր հատվածը համալիր մոտեցում պետք է ցուցաբերեն՝ չսպասելով վնասների ի հայտ գալուն։ Միաժամանակ, պետք է քայլեր ձեռնարկել հնարավոր օգուտների ապահովման ուղղությամբ։