Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Նորանկախ Հայաստանի իշխանությունները մշտապես շեշտել են ադամանդագործության կարևորությունը՝ որպես տնտեսության ազդեցիկ ճյուղերից մեկը։ Եվ չնայած որոշակի վայրիվերումներին՝ ադամանդագործությունը, իսկապես, կարելի է Հայաստանում արդյունաբերական կայացած ճյուղ համարել։ Դա է վկայում վերջին տարիներին արձանագրված ինչպես արտադրության ու մշակման, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճը։
Մշակումն ու արտադրությունը
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, եթե մինչև 2010-2015 թվականները երկրում տարեկան մշակվում էր միջինում 60-80 հազար կարատ ադամանդ, ապա սկսած 2016-ից այդ ցուցանիշը սկսեց կտրուկ աճել և արդեն 2020-ին հասավ 258 հազար կարատի։ Քանի որ Հայաստանը չունի ադամանդի պաշարներ՝ հայ ադամանդագործները մշակում կամ վերամշակում են արտերկրից ներմուծված անմշակ ադամանդի հումքը և ավելի թանկ գնով վերաարտահանում։
Թեև վերջին երկու տարիներին ադամանդի արտադրությունը Հայաստանում անկում է գրանցել, այնուամենյանիվ, այն շարունակում է մնալ արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը։
Համեմատության համար նշենք, որ եթե 2011-ին Հայաստանում մշակվել էր մոտ 7,3 մլրդ դրամի ադամանդ, ապա արդեն 2022-ին ադամանդի մշակման ծավալները հասան 37,3 մլրդ դրամի։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, վերջին երկու տարիներին այս ոլորտում անկում է նկատվում։ Օրինակ, 2018-ին Հայաստանում մշակվել էր մոտ 49 մլրդ դրամի ադամանդ։
Ադամանդագործության ոլորտում նկատվող անկման ցուցիչներից մեկն էլ դրա մշակմամբ զբաղվող ձեռնարկությունների թիվն է, որը վերջին տարիներին շարունակաբար նվազում է։ Եթե 2011-ին ադամանդի մշակմամբ զբաղվում էր 7 կազմակերպություն, ապա 2017-2018 թվականներին այդ ընկերություններն արդեն 11 էին, իսկ արդեն 2022-ին՝ ընդամենը 6։
Առևտուրը
Հայաստանում ադամանդագործության՝ մշակող արդյունաբերության գերակա ճյուղ լինելը նկատվում է նաև արտաքին առևտրաշրջանառության մեջ վերջինիս ունեցած մասնաբաժնով։ Միայն 2022-ին ադամանդի ներմուծումն ու արտահանումը գերազանցեց 2021-ի ցուցանիշը 3,5 անգամ՝ կազմելով ավելի քան 800 մլն դոլար, ինչն արտաքին առևտրաշրջանառության 5․7 տոկոսն է։ Սա վերջին տարիների միտումներից դուրս էր և ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորություն չի տալիս հստակ գնահատել, թե նման կտրուկ աճի որ մասն է հենց հայաստանյան տնտեսության «շնորքը», և որը մասը պարզապես վերաարտահանված ադամանդ:
Հարկ է նաև նշել, որ 2022-ը ներմուծման ու արտահանման ռեկորդային աճից բացի տարբերվում էր նախորդ տարիներից նաև նրանով, որ արտահանումը գերազանցեց ներմուծմանը։ Մինչ այդ մշտապես ավելի շատ ներմուծվում էր, քան արտահանվում։
Ի տարբերություն մշակող ձեռնարկությունների թվի նվազման՝ 2022-ին աճել է ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների թիվը։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ միայն 2022-ին ադամանդի ներմուծմամբ զբաղվում էր 55 ընկերություն, արտահանմամբ՝ 33։ Սա բավական մեծ թիվ է՝ հաշվի առնելով այն հագամանքը, որ ըստ նույն ՊԵԿ-ի տվյալների՝ 2018-ին այս ոլորտում գործում էր, համապատասխանաբար, 49 և 18 ընկերություն։
Հայաստանում ադամանդն ավանդաբար ներմուծել է Բելգիայից, Ռուսաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից։ Վերջին տարիներին աճել է նաև Հոնկոնգից ու Հնդկաստանից ներմուծումը։ Արտահանման հիմնական ուղղությունը կրկին Բելգիան էր, սակայն աստիճանաբար Միացյալ Էմիրությունները դարձավ խոշորագույն ուղղությունը։ Իսկ վերջին տարիներին այս երկրներին է միացել Ռուսաստանի Դաշնությունը։
Ի՞նչ է անում և մտածում պետությունը
Ադամանդագործությունը Հայաստանում արդյունաբերության զարգացած ճյուղ էր դեռևս խորհրդային տարիներից՝ 1970-ական թվականներից։ ԽՍՀՄ փլուզումից հետո այս ոլորտը որոշակի դժվարություններով, բայց շարունակեց իր գործունեությունը։ 1997-ին Հայաստանի կառավարության և ռուսական «Ալռոսա» ընկերության հետ կնքվեց հայկական ընկերություններին տարեկան 300-350 հազար կարատ ադամանդով ապահովելու մասին պայմանագիր։ «Ալռոսա» ընկերությունն աշխարհում ալմաստի խոշորագույն արդյունահանող ընկերություններից մեկն է։
Այս պայմանավորվածությունը հնարավորություն տվեց հայկական ընկերություններին հումքի ձեռքբերման ծախսերի առումով առավելություն ստանալ մյուս երկրների նկատմամբ, ինչի շնորհիվ Հայաստանում բացվեցին ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային խոշոր ըներություններ։ Վերջիններս հնարավորություն ստացան Հայաստանում գործունեություն ծավալելու միջոցով արտոնյալ պայմաններով ձեռք բերել ռուսական հումք։ Այդ տարիներին Հայաստան մտան մի շարք խոշոր ընկերություններ՝ Rosy Blue, Lev Levaev, Diamonds, Tache և այլն։
Իսկ արդեն 2002-ին Հայաստանում ադամանդագործությունը հասավ իր զարգացման գագաթնակետին՝ 370 հազար կարատ մշակված ադամանդ։
Սակայն այդ տարի դադարեցվեց «Ալռոսա» ընկերության հետ պայմանագիրը և աստիճանաբար այս ոլորտը սկսեց անկում գրանցել։
Տնտեսական ճգնաժամը բացասական ազդեց պերճանքի առարկաների պահանջարկի վրա` նվազեցնելով նաև մշակված ադամանդի պահանջարկը: Արդեն 2009-ին մշակված ադամանդի ծավալները կրճատվեցին 2002-ի համեմատ 7,4 անգամ՝ դառնալով 50 հազար կարատ։
Տնտեսական ճգնաժամից հետո ադամանդագործությունը սկսեց նորից վերելք ապրել։ Դրան նպաստեց նաև պետության կողմից ոլորտի ազատականացված լինելը (ավելացված արժեքի հարկից և ներմուծման ու արտահանման մաքսատուրքերից ազատում)։
2013-ին հաստատվեց ադամանդագործության ոլորտի 2013-2020 թվականների. ռազմավարությունը, որը նոր խթան հանդիսացավ ոլորտի զարգացման համար, և ինչպես նշեցինք՝ արդեն 2020-ին մշակման ծավալները հասան 258 հազար կարատի։
Նոր կառավարությունն ադամանդագործությունն ու ոսկերչությունը հայտարարել է արդյունաբերության գերակա 5 ճյուղերից մեկը։ Դա իր արտացոլումն է գտել նաև կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։
Պետության կողմից ամենանշանակալից քայլը ոլորտի զարգացման հարցում եղավ 2021-ի դեկտեմբերին, երբ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Կառավարությունը սա հիմնավորում էր նրանով, որ ռուսական «Ալռոսա» ընկերությունը հումքը վաճառում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա՝ յուրաքանչյուր ամիս որոշակի քանակով հումք ձեռք բերելու պարտավորությամբ, իսկ Հայաստանի ձեռնարկություններն առանձին-առանձին ի վիճակի չեն սահմանված քանակությամբ հումք ձեռք բերել և, ըստ էության, զրկված են «Ալռոսա»-ից արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից։ Այլ կերպ ասած, «Հայ-Ալմաստ»-ը հավաքում է տեղական ընկերությունների պատվերները և մեկ լոտով գնում «Ալռոսա»-ից։ Ընկերությունը, փաստացի, իրականացնում է ֆինանսական միջնորդի գործառույթ։
Կառավարությունը որոշման հիմնավորման մեջ նաև պնդում էր, որ ընկերության ստեղծումը հնարավորություն կտա ադամանդի արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն դոլարով, ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, իսկ գործող խոշոր ձեռնարկությունների թիվը մինչև 2026 թվականը հասցնել 20-25-ի։
Ինչ վերաբերում է վերջին երկու տարում ձեռնարկությունների թվի ու արտադրական ծավալների նվազմանը՝ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն անհանգստանալու առիթ չի տեսնում։ Եգանյանի խոսքով` Հայաստանում ադամանդագործությունը կայացած ոլորտ է և վերջին տարիներին դրանով զբաղվող ընկերությունների թվի տատանումներն աննշան են, հետևաբար, անհանգստանալու կարիք չկա։
Ավելին, վերջինիս խոսքով այս տարի Հայաստանում ևս մեկ նոր ընկերություն է սկսել գործունեություն ծավալել, իսկ մոտակա ամիսներին մեկ այլ ընկերություն էլ՝ հնդկական ”KGK Group” -ը մասնաճյուղ կբացի Հայաստանում, այս մասին հայտարարել էր նաև էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Թե ինչ կանխատեսումներ կան ապագայում՝ Եգանյանի խոսքով՝ դժվար է ասել, քանի որ և՛ դրական, և՛ բացասական գործոններ կարող են ազդել այս ոլորտի վրա։
Ադամանդը չի համարվում առաջին անհրաժեշտության ապրանք և ցանկացած ճգնաժամի դեպքում դրա սպառումը մղվում է երկրորդ պլան՝ բերելով ոլորտի անկման։ Սակայն նույն ճգնաժամային իրավիճակներում ադամանդը որոշ մարդկանց մոտ ակտիվների ապահով պահպանման միջոց է դիտարկվում և այդ տեսանկյունից կարող են ադամանդի սպառման ծավալները աճել, կամ, գոնե, չնվազել։ Ամեն դեպքում, Եգանյանը լիահույս է, որ մոտակա տարիներին ադամանդի արտադրության և արտահանման աճը, գոնե, նույն տեմպով կպահպանվի։