Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Լինելով համաշխարհային գրականության, արդի վեպի անկյունաքարերից՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտը», համարձակվենք ասել, (մասնավորապես հետանկախության շրջանում) չընթերցված է մնում: Ցավոք, տարատեսակ իրողությունների բերումով՝ երկու հատոր կազմող վեպի հայերեն թարգմանությունը լիարժեքորեն չի հասել ընթերցողի սեղանին: Փոխարենը, տպաքանակի և տարածվածության ուժով, գերիշխել է սեղմագիր տարբերակը, անշուշտ, որի ընթերցումը թույլ չի տվել ճանաչել «Դոն Կիխոտի» համակ էությունն ու հմայքը, հակառակը՝ այն նվազեցրել է, աղավաղել վեպի անհրաժեշտ ներկայությունը մեր արվեստային դաշտում:
Վահան Սարգսյանի՝ «Դոն Կիխոտը»
«Դոն Կիխոտի» հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը, որը կատարվել է իսպաներեն բնագրից, լույս է տեսել 2010 թվականին, երկու հատորով, «Ասողիկ» հրատարակչության կողմից: Սերվանտեսի վեպը իսպաներենից թարգմանել, ծանոթագրել և հրատարակության առիթով առաջաբան է գրել՝ Վահան Սարգսյանը (1954-2011): Նա բասկագետ էր, լեզվաբան, բասկերի երկրի թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ, բազմաթիվ գրքերի, թարգմանությունների, բառարանների հեղինակ, հայ-բասկյան «Արաքս» գիտամշակութային հանդեսի խմբագիր: Դեռ 2005-ին Վահան Սարգսյանի աշխատասիրությամբ լույս էին տեսել Սերվանտեսի «Խրատական նովելներ» պատմվածաշարը և «Էջեր հայ սերվանտեսագիտության պատմությունից» ժողովածուն: Վերջինում հավաքված և ըստ տարեթվերի դասավորված են երկու տասնյակից ավելի հրապարակումներ՝ առաջաբանները, ներածականներ, հոդվածներ, բանավիճային էսսեներ, որոնք հետազոտում են «Դոն Կիխոտի» հայերեն թարգմանությունները, լուսաբանում վեպի ընկալումները հայ թարգմանական և գրողական արվեստում: Ժողովածուն բացվում է Վահան Սարգսյանի «Երկու խոսք» վերտառությամբ առաջաբանով, որտեղ թարգմանիչը հակիրճ ներկայացնում է «Դոն Կիխոտի» հայերեն թարգմանության ուղին: Նա գրում է.
«Ըստ մեր ունեցած տեղեկությունների, «Դոն Կիխոտը» հայերեն թարգմանվել է ութ անգամ, որոնցից միայն մեկն է ամբողջական և կատարված է ռուսերենից: Հարկ է նշել, որ «Դոն Կիխոտի» հայերեն թարգմանությունները կատարվել են տարբեր լեզուներից և լույս են տեսել տարբեր քաղաքներում՝ Պոլսում, Թիֆլիսում, Երևանում, Եգիպտոսում և Բեյրութում: Առաջին թարգմանությունը, որը լույս է տեսել 1868-ին, եղել է հայատառ թուրքերենով: Թարգմանիչը Հովհաննես Տերոյենցն է, որն իր թարգմանությանը կցել է ընդարձակ առաջաբան: «Դոն Կիխոտի» հայերեն առաջին թարգմանությունը լույս է տեսել 1874-ին, Պոլսում: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց տեղեկություններ հայթայթել այս բացառիկ կարևոր հրատարակության մասին: Ըստ մամուլում տպագրված տեղեկությունների, թարգմանությունը կատարել է Պոլսի Սահակյան վարժարանի սաներէն մին»[1]:
Հայ սերվանտեսագիտությանը վերաբերող իր լուսավորյալ առաջաբանի ավարտին Վահան Սարգսյանը կարևոր նկատառում է անում. «Դեռևս ինչպես հարկն է ուսումնասիրված չէ հայալեզու հսկայական մամուլը, կան մինչև օրս չհայտնաբերված բազմաթիվ նյութեր, որոնց մասին միայն հիշատակություններ են պահպանվել»[2]:
Ահա Վահան Սարգսյանը ձեռնարկել և կյանքի է կոչել մեծարժեք, շատերի համար փափագելի մի գործ. Սերվանտեսի վեպի առաջին հրատարակումից չորս հարյուր տարի անց բնագրից թարգմանել է լիակատար «Դոն Կիխոտը»: «Էջեր հայ սերվանտեսագիտության պատմությունից» գրքի առաջաբանում Սարգսյանը 1950-51 թվականներին՝ «Հայպետհրատի» կողմից լույս ընծայված՝ «Դոն Կիխոտի» թարգմանության վերաբերյալ գրում է, որ այն՝ «Զարմանալիորեն գրեթե աննկատ է անցել»[3]: Եթե 1950-51 թվականներին լույս տեսած «Դոն Կիխոտի» հայերեն լիակատար թարգմանությունը, որը, ըստ ամենայնի, ռուսերենից է կատարվել, զարմանալիորեն չտեսնելու էին տվել՝ (իսկ իրականում որոշակի դիտավորությամբ քողարկել էին՝ զերծ մնալով թարգմանության շուրջ ավելորդ ուշադրություն սևեռող խոսքուզրույցից), ապա Վահան Սարգսյանի բնագրային թարգմանությունն առաջին հրատարակությունից հետո պարզապես աներևութացել է, ներկա-բացակա է մեզանում և ցավոք, մեծ հաշվով, ընթերցողին չի հասել զուտ սակավ տպաքանակի, հրատարակչական կամ հեղինակային իրավունքների շուրջ ծագած խնդիրների պատճառով:
(Պաոլո) Պողոս Մակինցյան՝ «Դոն Կիխոտի» զինակիրը
1934-ին «Պետհրատը» լույս է ընծայում Սերվանտեսի՝ «Դոն Կիխոտ» վեպը՝ կրճատ թարգմանությամբ: Վեպը բնագրային որոշակի համեմատություններով ռուսերենից թարգմանել էր Պողոս Մակինցյանը: Անվանաթերթին գրված է՝ «Սուպեր-շապիկը, ֆորզացը, անվանաթերթերը յեվ նկարները՝ նկարիչ Մ. Արուտչյանի Տեխնիկական խմբագիր՝ Տ. Խաչվանքյան Սրբագրիչ՝ Վահրամ Մանուկյան»[4]: Այս գեղեցիկ հրատարակությունը բացվում է Պողոս Մակինցյանի՝ «Սերվանտեսն ու Դոն Կիխոտը» ծավալուն առաջաբանով, ուր Մակինցյանը ներկայացնում է Սերվանտեսի կյանքի և ստեղծագործական աշխատանքի նշանավոր դրվագները՝ խոսելով տարբեր դարաշրջաններում վեպին տրված պատմամշակութային բնորոշումներից, գրողների ու փիլիսոփաների զանազան մեկնություններից: «Դոն Կիխոտի» 1934-ի համառոտված հրատարակությունը, որն ընդամենը՝ 192 էջ է, եզրափակվում է նաև մի համառոտ և անշուշտ կարևոր վերջաբանով: Եվ միայն այս՝ «Թարգմանչից» վերնագրված վերջաբանում է բացահայտվում, թե «Դոն Կիխոտը» թարգմանելու ճանապարհին լեզվական ու իմացական ինչ խնդիրներ են ծագել Մակինցյանի առջև, ինչ դժվարություններ է նա հաղթահարել, ինչ միջոցներով է հաշտեցրել, կամրջել ու մերձեցրել լեզուների այլակերպ մտածողությունները:
Եվ փոխարձագանքի, քննարկման ու բանավեճի հրավերով է եզրափակվում վերջաբանը. «Ներկայումս, յերբ մեր մամուլն ու գրական հասարակայնությունը քննարկում են գրական լեզվի և վոճի խնդիրները, թվում ե, թե թարգմանչական արվեստն ել չպետք է աչքաթող անել: Ուստի հրապարակելով՝ «Դոն Կիխոտը» կրճատ թարգմանությունը, մենք կկամենայինք նախ լսել մեր քննադատության և ընթերցողների կարծիքը, ապա հանձնել տպագրության Սերվանտեսի հանճարեղ վեպի լիակատար հայերեն թարգմանությունը»[5]:
Ո՞վ էր Պողոս Մակինցյանը (1884-1938): Նրա սրընթաց, հախուռն կյանքը և անշուշտ իր ժամանակին համահունչ, ժամանակի հեղափոխական միջավայրերում դժվարություններով, հակասություններով լի գործունեությունը հիրավի վիպական պատումի է արժանի: Մարքսիստական գրաքննադատության հայտնի դեմքերից էր՝ Վահան Տերյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ցոլակ Խանզադյանի մտերիմ ընկերը: Մակինցյանը նոր շնչով էր վերաիմաստավորում, դրվատում ու քննադատում Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի և այլոց երկերը: Մոսկվայում Տերյանի հետ միասին հիմնադրել է՝ «Պանթեոն» հրատարակչությունը: Մաքսիմ Գորկուն օգնել է կազմելու՝ «Հայ գրականության ժողովածու» անթոլոգիան, դրա համար գրել՝ «Ակնարկ հայ գրականության» հոդվածը: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո մտել է ժողկոմխորհի կազմ, 20-ականներին եղել է ներքին գործերի և լուսավորության կոմիսար, դիվանագիտական աշխատանքներ է կատարել Պոլսում և Իտալիայում: Պողոս Մակինցյանը ստալինյան ռեպրեսիաների զոհերից է:
Մակինցյանի՝ «Դիմագծեր» վերնագրով հոդվածների ժողովածուն լույս է տեսել 1980-ին («Սովետական գրող» հրատարակչություն), առաջաբանը գրել է Էդվարդ Ջրբաշյանը։ Մեջբերեմ մի հատված. «Կյանքի վերջին տարիներին Պ. Մակինցյանը շատ ուժ և ժամանակ է նվիրում գեղարվեստական թարգմանությանը: Այդ շրջանում նա թարգմանել է Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգությունը, Դոստոևսկու «Խաղամոլ» վիպակը», Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի համառոտ տարբերակը և նրա լիակատար տարբերակի առաջին հատորը»[6](Ընդգծումն իմն է՝ Ա.Պ.): Մակինցյանի թարգմանության ճակատագիրը առեղծվածով է պարուրվում: Ուրեմն 1934-ին հրատարակվում է «Դոն Կիխոտի» համառոտ տարբերակը և ըստ արձագանքների ու պնդումների՝ նա շարունակում է աշխատել ամբողջական տարբերակի վրա, բայց արդեն 1936-ին ձերբակալվում է:
Տարիներ են անցնում. 1950-ին «Հայպետհրատի» կողմից լույս է տեսնում «Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» վեպի առաջին հատորը, Գուստավ Դորեի նկարազարդումներով, 1951-ին հաջորդում է երկրորդը և տարօրինակորեն միայն երկրորդ հատորի վերջին էջում բացահայտվում է թարգմանության հեղինակը՝ «Ռուս. թարգմ՝ Ա. Մ. Ղազարյան»: Տասնմեկ տարի անց՝ 1962-ին գրախանութներում հայտնվում է «Դոն Կիխոտի» 1934-ի վերահրատարակությունը («Հայպետհրատ»), որի անվանաթերթին գրվում է՝ «Թարգմանությունը՝ Պ. Մակինցյանի»: Փոխվել էր ուղղագրությունը, գրքից դուրս թողնվել Մակինցյանի առաջաբանն ու վերջաբանը, հրատարակության տպաքանակը՝ 20.000: 1982-ին «Դոն Կիխոտը» գրեթե նույնաոճ եղանակով վերահրատարակվում է («Սովետական գրող» հրատարակչություն»), այս անգամ տպաքանակը 30.000, անվանաթերթին գրվում է՝ «Թարգմանությունը՝ Պ. Մակինցյանի», հետևյալ անոտացիայով՝ «Վերածնության դարաշրջանի գրական ականավոր դեմքերից մեկի՝ իսպանացի հանճարեղ գրող Միգել դե Սաավեդրայի (1547-1616թթ.) հանրահռչակ «Դոն Կիխոտ» վեպի համառոտ վերապատմությունը վերահրատարակվում է պատանիների համար»[7]:
Փաստացի ընթերցողների լայն շրջանակները «Դոն Կիխոտ» վեպը «ընթերցել» են, «ճանաչել» մեծ տարածում գտած այս երկու (1962,1982) համառոտված հրատարակություններով, այն մոլոր համոզմունքով, որ հենց այսպիսինն է Սերվանտեսի վեպը, այսպես է արտացոլված վեպի բովանդակ ու հավաքական ասելիքը:
2005-ին, ապա 2006-ին «Նաիրի» հրատարակչությունը վերահրատարակում է 1950-51 թվականներին լույս տեսած լիակատար «Դոն Կիխոտի» երկհատորյակը, Գուրգեն Գասպարյանի՝ «Հրատարակության առթիվ» առաջնորդողով: Այստեղ վերջապես լուսավորվում են մի շարք աղոտ հարցեր: Թարգմանության իրական հեղինակի հետ առնչվող վիճարկելի տեսակետներին տրվում են հիմնավոր պատասխաններ: Գուրգեն Գասպարյանը ցուցանելով և համեմատելով 1934-ի և 1950-51 թվականների «Դոն Կիխոտի» հայերեն թարգմանության բնագրերը՝ փաստում է, որ Պողոս Մակինցյանը ոչ միայն «Դոն Կիխոտի» կրճատ թարգմանության հեղինակն է, այլև 1950-51 թվականներին լույս տեսած լիակատար երկհատորյակի:
Չսուզվելով մանրամասների մեջ պարզապես նշեմ, որ այս լուրջ, ինչ խոսք նաև հափշտակիչ նյութով հետաքրքրվողներին անհրաժեշտ է կարդալ Գուրգեն Գասպարյանի առաջաբանը, որտեղ նա ի մի բերելով էական նյութեր՝ փաստեր է զուգորդում, նկատումներ անում, տալիս է ապացույցներ առ այն, որ ինչ-ինչ պատճառներով ու շարժառիթներով՝ «Դոն Կիխոտի» 1950-51 թթ. թարգմանության տակ դիտավորյալ կամ ավելի շուտ նպատակավոր՝ չի դրվել վեպի իրական թարգմանչի, Պողոս Մակինցյանի անունը և ավելին՝ Մակինցյանի թարգմանությունը վերագրվել է լրագրող, թարգմանիչ՝ Աշիկ (Արշավիր) Ղազարյանին (1904-1962):
Այսպիսով՝ վերաարձանագրենք. լիակատար «Դոն Կիխոտը» հայերեն թարգմանվել և հրատարակվել է երկու անգամ՝ (1950-51 թթ. «Հայպետհրատ», ռուսերենից թարգմանել է Պողոս Մակինցյանը, (սրա վերահրատարակությունը՝ «Նաիրի» հրատ., 2005-06 թթ.), որոնց հաջորդել է իսպաներեն բնագրից կատարված թարգմանությունը՝ («Ասողիկ» հրատ., 2010, թարգմանիչ՝ Վահան Սարգսյան):
Ցավոք, այսօր լիակատար «Դոն Կիխոտը» երկու մեծադիր հատորներով առարկայորեն ներկա չէ ընթերցողի սեղանին: Եվ դարձյալ անցյալի ծով տպաքանակի ուժով՝ ընտանեկան գրադարաններում, հնավաճառների մոտ առավել տարածված են վեպի կրճատ, սեղմագրային հրատարակությունները: Հուսանք հեռու չէ այն օրը, երբ կլրացվի այս բացը և վերջապես հայերեն լիակատար «Դոն Կիխոտը» վայելչորեն, պատշաճ օրինակներով կվերադառնա ընթերցողին և կզբաղեցնի իր անփոխարինելի տեղը:
Ծանոթագրություններ.