EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Օգս 22, 2022

Կաֆկան Արցախում

Սոնա Կարապողոսյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։

Ժամանակագրական ու աշխարհաքաղաքական սահմանումներից դուրս, բարձր բլուրի վրա ծվարել է մի փոքրիկ կառույց: Ճարտարապետությամբ հիշեցնում է թևատված թռչունի, իսկ շենքի ներսում ամեն ինչ փայլում է կատարյալ մաքրությամբ: Օրվա մեջ մի քանի անգամ հատակը մաքրելու դույլը ձեռքին շրջում է մաքրուհին` հետևելով, որ փոշու հատիկ անգամ չնստի նոր սպիտակ սալահատակի վրա: Բացի նրանից աշխատանքի են գալիս մի խումբ այլ մարդիկ` Էրիկ Գրիգորիչը, ով կառույցում բարձր պաշտոն է զբաղեցնում, քանի որ նրա Լադա Նիվան կայանում է հենց կառույցի մուտքի մոտ, նրա քարտուղարուհին, դիսպետչերներ, բժշկուհի, այլ տղամարդիկ ու կանայք, ովքեր, նստած իրենց սենյակներում, նարդի ու շախմատ են խաղում, խաչբառ լրացնում, սրճում ու խմոր պատրաստում, երաժշտություն լսում ու քաղաքականություն քննարկում: Կառույցը, իրականում, օդանավակայան է, որտեղ պակասում են մի քանի կարևոր մանրուքներ` ճանապարհորդական եռուզեռ ու ինքնաթիռներ:

Ռեժիսոր Գարեգին Պապոյանի «Bon Voyage» (2020) ֆիլմը Ստեփանակերտի օդանավակայանի մասին է. արդեն երկրորդ լիամետրաժ ֆիլմը նվիրված օդանավակայանին: Կառուցված 1974 թվականին` այն դադարել է գործարկվել Արցախյան առաջին պատերազմից հետո և նախատեսվում էր վերաբացել 2011-ին՝ հիմնովին վերակառուցվելուց հետո: Սակայն մի շարք հայտնի աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով այն մինչ օրս չի գործարկվել: Ու եթե ֆրանսիահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը խաղարկային պատում էր հյուսել` խոսել ու թռչել չկարողացող Արցախի Հանրապետության մասին, Գարեգին Պապոյանը փորձել է պատմել օդանավակայանի պատմությունը բեմականացված-վավերագրական ժանրի պրիզմայով: Մի պրիզմայով, որ ֆիլմի ընթացքում սկսում է մետամորֆոզ ապրել, դառնալ բարակ ու թափանցիկ` բացահայտելով ռեժիսորի ու նրա տեսախցիկի ներկայությունը: 

«Bon Voyage»-ում չկան հիմնական հերոսներ, որոնց անհատական պատմությունների շուրջ կկառուցվեր ֆիլմը. գլխավոր հերոսն օդանավակայանն է: Բայց ներսում աշխատող մարդիկ հանդիսանում են դրա շարժիչը, կազմում նրա անբաժան մասը: Նրանք նաև ֆիլմի շարժիչն են, որոնց միջոցով էլ տեղի է ունենում պատմության տրանսֆորմացիան: Մենք ծանոթանում են նրանց` օդանավակայան ժամանմամբ` անսարք ու հնամաշ երթուղային մեքենայով, ապա հայտնվում ենք նրանց սենյակներում, ծանոթանում նրանց գործառույթներին: Նրանց խոսքից, պահելաձևից հասկանում ենք, որ նրանք տեղյակ են սենյակում տեսախցիկի առկայությանը ու չեն հարմարվել դրան, որ իրենք խաղում են իրենք իրենց դերը` ըստ իրենց` իրենց մասին պատկերացման: Սկզբում սա թվում է արհեստական և փոքր ինչ շինծու, սակայն շուտով ռեժիսորը ջնջում է այս թյուր զգացողությունը: Հերոսները սկսում են առերեսվել տեսախցիկին, քննարկել նրա ներկայությունը, դժգոհել դրանից: Հերոսները, որոնք «հասկանում են ֆիլմի կարևորությունը», սկսում են մյուսներին բացատրել ու համոզել, որ դրա մասը լինեն, դա միայն նպաստելու է իրենց ձգտմանը: Ի վերջո, բոլորը համաձայնում են խաղալ «աշխատող օդանավակայան» խաղը` վերջնակապես խճճելով ու խճճվելով վավերագրության, երազանքների և իրականության արանքում:

«Bon Voyage»-ում կա յուրահատուկ հումոր, չբեմադրված ու չթրծված, երբեմն սրամիտ կամ սարսափելի անմիտ: Ըմբոստ քարտուղարուհին դժգոհությամբ հայտարարում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում նրան ավելի շատ են նկարել, քան հոլիվուդյան աստղերին ու հրաժարվում է այլևս հայտնվել էկրաններին, մեկ այլ աշխատակից այցելում է բժշկուհուն՝ բացատրելու՝ ինչպես է սիրտը խառնում «շատ խորքում»: Օդանավակայանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, երբ տնօրեն Էրիկ Գրիգորիչը պատմում է նկարահանող թիմի ու նրանց օգնելու անհրաժեշտության մասին, մի քանիսը սկսում են ըմբոստանալ, որ չեն ցանկանում «ինտերվյու» տալ, իսկ տնօրենը հանգստացում է նրանց` ասելով, որ սա «ոչ թե ինտերվյու է, այլ հարցազրույց. նրանք ընդամենը պետք է խոսեն, ոչ թե ինտերվյու տան»: Այս դիպվածները դառնում են ֆիլմի հիմնական արժանիքներից մեկը, ոչ միայն այն պատճառով, որ կոտրում են օդանավակայանային ստերիլ տրամադրությունը, այլև ցուցում են ռեժիսորի հմուտ աշխատանքը, ում հաջողվում է չհատել հումորի ու ծաղրի միջև փխրուն սահմանը: Տեսախցիկը չի արձանագրում այս մարդկանց ու նրանց մտքերին և խոսքերին ուղղված զավեշտի կամ հեգնանքի ոչ մի նոտա: 

Ֆիլմում հատուկ նշանակություն ունի երաժշտությունը: Որպես հիմնական ձայնակցում օգտագործված է ֆիլմի սկզբում` համակարգչի մոտ նստած, օդանավակայանում աշխատող տղաներից մեկի ստեղծած երաժշտությունը: Անդադար կտրատվող, «չստացվող» այս երաժշտությունը նյարդայնացնող է, ու շատ նման է օդանավակայանից թռիչք կատարելու չստացվող փորձերին: Ֆիլմի մյուս դրվագներում հնչող երաժշտությունը ևս հերոսների «ընտրությունն» է՝ երգեր, որոնք աշխատակիցները լսում են «ժամանակ սպանելու» համար: Դրանք հիմնականում 90-ական թթ. ռուսական շանսոնի օրինակներն են, որոնց միջոցով ռեժիսորն ամբողջացնում է մեր պատկերացումները հերոսների ու նրանց նախասիրությունների մասին, ցույց տալիս այն ժամանակահատվածը, որտեղ դեռ հոգեբանորեն ապրում են այս մարդիկ:

Ուշադրության է արժանի նաև պատկերի հեղինակի` Արտաշես Մաթևոսյանի աշխատանքը, ում հաջողվում է յուրօրինակ ներդաշնակություն ստեղծել անսպասելի «դիտանկյուններից» արված կադրերի ու Արցախի լանդշաֆթի միջև: Ընդորում՝ շեշտը դրված է ոչ թե ոգեշնչող լեռնաշխարհային պատկերների, այլ չոր ու սառած դաշտերի վրա, ինչն ավելի է ընդգծում ֆիլմի վերլուծական և ինքնահայեցողական հատկությունը: Որոշ տեսարաններում ստեղծված է նաև ծուռ հայելիների տպավորություն` էլ ավելի շեշտելով իրականության անտրամաբանությունն ու տարօրինակությունը: Փոքր ինչ «օտարացած» կամ «հեռվացած» հայացքի այս գեղագիտական ու հղացական մոտեցումը բնորոշ է վերջին տարիների հայկական վավերագրական կինոյին ընդհանրապես, սակայն այստեղ այն ներկայանում է առավել զտված ու հղկված տեսքով, ինչը նշանակալի ձեռքբերում է երիտասարդ ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմի համար։

Ֆիլմը մեծ ու փոքր փոխաբերությունների կծիկ է: Ի հավելում հիմնական երաժշտության երկիմաստ օգտագործմանը՝ տեսարանների մեծամասնության՝ տեղից շարժվել չկարողացող երթուղային տաքսիից սկսած մինչև ֆիլմի ամփոփիչ պահը, ռեժիսորը մեզ ներկայացնում է այն դժվարությունները, ինչպես նաև ֆարսը, որի մեջ ապրում են հերոսները: Իսկ ամենամեծ փոխաբերությունը հենց Ստեփանակերտի օդանավակայանն է, որը խորհրդանշում է Արցախի Հանրապետությունը: Այս փոքրիկ կառույցը, որը չուներ միջազգային թռիչքներ անելու որևէ որակավորում ու հազիվ թե կարողանար ձեռք բերել այն մինչպատերազմյան աշխարհաքաղաքական հարաբերությունների դասավորվածության պայմաններում, նույն Արցախի Հանրապետությունն է, որ ենթակառույցներ էր ստեղծում, փորձում էր պետություն կառուցել, որը չէր ճանաչվել որևէ մեկի կողմից: Մինչդեռ շուրջ երեսուն տարի մենք բոլորս շարունակում էինք հավատալ, որ շուտով մեր Գոդոն կգա, Արցախը կստանա կարգավիճակ, կթռչի: Ու հակառակ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի, որտեղ ներկա է լավատեսության շունչը, Գարեգին Պապոյանի ֆիլմը մնում է ավելի իրատեսական հարթության վրա, այլ ոչ թե հոռետեսական, աբսուրդիստական կամ անտրամաբանական:

«Bon Voyage»-ում Գարեգին Պապոյանը կարողանում է վերստեղծել կաֆկայան աշխարհը Ստեփանակերտի օդանավակայանի տեսքով, որտեղ մարդիկ հետևում են անհիմն թվացող կարգուկանոնին, աներևակայելի պնդաճակատությամբ շարունակում են անել իրենց աշխատանքը՝ առանց հարցադրումներ անելու դրա անիմաստության վերաբերյալ: Կամ, հավանական է, որ նրանք հավատում են կամ սպասում են իրենց Գոդոյին, որն, ինչպես հայտնի է, սովորություն ունի չգալու: Գուցե այս մարդկանց՝ աշխատանքը կատարելու գլխավոր դրդապատճառը տնտեսական է. նրանք աշխատավարձ են ստանում, ապահովված են, իսկ մնացյալը երկրորդական է… Մյուս կողմից, ֆիլմը նպատակ չունի պարզելու, թե ինչու են տվյալ մարդիկ աշխատում կամ ինչին են հավատում: Ֆիլմը հասարակական օրակարգերով ապրելու այն ամենօրյա աբսուրդի ու անտրամաբանական իրականության մասին է, որում, թերևս, ընկղմված ենք մենք բոլորս: Ու հենց այդ հանգամանքն է, որ կարողանում է «թռչեցնել» այս ֆիլմը տեղային փոքր պատմության շրջանակներից դուրս, դարձնելով այն համընդհանրորեն ըմբռնելի և պատեհ։ 

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

ԵՎ այլն

Սպասելով գարնանը…

Սոնա Կարապողոսյան
Ապր 30, 2022

Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է այս օրերին կինոթատրոններում ցուցադրվող 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա…» ֆիլմին։

Read more
The Cinema Screen: A Political Battlefield

Կինոէկրանը քաղաքական ռազմադաշտ

Սոնա Կարապողոսյան
Սպտ 2, 2021

Կինեմատոգրաֆի քարոզչական ներուժը քաղաքական գործիչներից շատերն են փորձել օգտագործել։ Բայց կինոլեզվի զարգացմանը զուգահեռ սկսեց նաև հակառակ գործընթացը՝ ռեժիսորները մի շարք արտահայտչամիջոցներ էին օգտագործում իշխանություններին քննադատելու, հակադրվելու համար։ Թվում էր, թե 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ժամանակակից հայ կինոն պետք է ողողվեր դրա մասին կամ դրա դեմ ֆիլմերով։ Սակայն օրինակները սակավ են:

Read more
Did the Wind Drop? Nora Martirosyan’s Optimistic Drama From Artsakh

Հանդարտվե՞ց արդյոք քամին. Նոռա Մարտիրոսյանի լավատեսական դրաման Արցախից

Սոնա Կարապողոսյան
Հնս 8, 2021

Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը համաշխարհային հանրության առջև բացում է Արցախի օդանավակայանի շուրջ ստեղծված անելանելի դրությունը, և այն օգտագործում որպես ելակետ՝ խոսելու Արցախի պատմության, խնդիրների ու ոգու մասին, գրում է Սոնա Կարապողոսյանը:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ