
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Հոկտեմբերին մասնակցեցի երկու ցուցահանդեսների, որոնք երկուսն էլ վերաբերում էին թափոնների խնդրին և թափոն-արվեստ փոխազդեցությանը։
Թերևս էթիկապես այնքան էլ ճիշտ չէ քննադատական ակնարկ գրել ցուցահանդեսների մասին, որոնց անմիջական մասնակցություն ես ունեցել, սակայն այս ակնարկը փորձ է նաև ցուցահանդեսների մասին խոսելու և դրանք դիտարկելու «ներսի աչքով»։
Ետպատերազմյան շրջանում կազմակերպված հայաստանյան ցուցահանդեսների մեծ մասը վերաբերում է կա՛մ պատերազմին, կա՛մ դրա հետ կապված որևէ թեմայի, օրինակ՝ պատմական հիշողության կամ ժառանգության խնդիրներին։ Բայց հետաքրքիր է, որ վերջերս բացված միանգամից երկու ցուցահանդես բավականին հեռանում են այս կոնտեքստից՝ անդրադառնալով մեկ այլ, ավելի լայն «պատերազմական» իրավիճակի՝ թափոնների խնդրին։ Ի թիվս այլ պատճառների (օրինակ՝ կոնկրետ ոլորտի կամ կոնկրետ թեմաներով ցուցահանդեսների ֆինանսավորում), պետք է հաշվի առնել թեմայի ընտրության մյուս հավանական շարժառիթները։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, երբ ամբողջ աշխարհում մարդիկ սկսեցին ինքնամեկուսանալ, ստիպեց նայել ներս ու մտորել, թե ինչով է մարդն ինքը մեղավոր ու պատասխանատու կատարվածի, ընդհանրապես՝ գլոբալ խնդիրների համար և ինչը կարող է փոխել։ Այս մտորումները Հայաստանում է՛լ ավելի սրվեցին պատերազմից հետո, երբ լայնորեն սկսեց շրջանառվել «բոլորս ենք մեղավոր» թեզը։
Գուցե հենց արտակարգ իրավիճակներում սրվող հարցերն ու խնդիրներին մոտենալու տեսանկյունն է բերում թափոնների մասին խոսելու անհրաժեշտությանը։ Սա հենց այն կետն է, որտեղ ծառանում է մարդկային պատասխանատվության հարցը և դաշտ է բացվում խնդիրը հասկանալու կամ լուծումներ փնտրելու՝ «մեզանից սկսելով»։
«Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից»․ այսպես էր կոչվում հոկտեմբերի 2-3-ը, Երևանի հյուսիսային ծայրամասում գտնվող Latitude Art Space-ում կազմակերպված ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված էին 4 ինստալյացիա և մեկ ֆիլմ։ Ինստալյացիաները ստեղծել էին խմբերով։ Կազմակերպիչը Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ն էր։ Վերջինիս առաքելությունը, ինչպես նշված է ասոցիացիայի կայքում, հայկական նորաձևության արդյունաբերությանն աջակցելն ու ստեղծագործական արդյունաբերության համար համատեղ հարթակ ստեղծելն է: Սա կարևոր է ցուցահանդեսի համատեքստը, բովանդակությունն ու միտումները հասկանալու համար։
Քանի որ ցուցահանդեսի կազմակերպիչների մասնագիտական հիմնական ուղղվածությունը նորաձևությունն է, դա անդրադարձել էր նաև ցուցահանդեսի վրա․ ցուցանմուշներին հատուկ էին համաչափ ձևերը, դիզայներական լուծումները, հագուստի առկայությունը, գրավիչ գույները և այլն։
Մեդիաների բազմազանություն այստեղ, կարելի է ասել, չկար (եթե անտեսենք, որ թափոնն ինքնին բազմազան նյութեր է ներառում), օրինակ՝ երաժշտություն, ձայն, լույսեր, վիդեոտարրեր, ծուխ, հոտ և այլն։ Ներկայացված 5 աշխատանքներից մեկը վիդեոաշխատանք էր, բայց այն ցուցադրված էր առանձին, ոչ թե որպես այլ ցուցանմուշի տարր։
Սա պատահական արդյունք չէ, եթե հատկապես նայում ենք ցուցահանդեսի մասնակցության հայտարարությունը։ Այստեղ, իհարկե, մասնակցության սահմանափակումներ չկան, բայց կան նախընտրելի շեշտադրումներ՝ «Ծրագիրը նպատակ ունի միավորել ստեղծագործ ոլորտի ներկայացուցիչներին միասին աշխատելու և հավաքածուներ ստեղծելու շուրջ՝ կարևորելով շրջակա միջավայրի աղտոտման և պլաստիկ թափոնների խնդիրը»: Նույն կերպ նաև խմբերի ընտրությանը մասնակցողների ցանկն է հուշում ցուցահանդեսի միտումների մասին՝ հագուստի ու գրաֆիկական դիզայներներ, լուսանկարիչներ, ոճաբաններ և այլն։
Ցուցահանդեսի՝ «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» անունը հուշում է, որ հիմքում հենց պլաստիկն օգտագործելով արվեստի գործեր ստեղծելն է, այսինքն՝ վերամշակումը, և կոնկրետ արտադրանք ստանալը։ Այս միտումը ևս հստակ ձևակերպված է ցուցահանդեսի իրազեկման տեքստերում՝ «գեղարվեստական առարկաներ/հավաքածուներ ստեղծել՝ իրազեկելով հասարակությանը պլաստիկ թափոնների խնդրի մասին»:
Թե՛ ցուցահանդեսին մասնակցելու հայտագրման փուլում, թե՛ արդեն ցուցահանդեսի մասին հայտարարություններում շատ է կիրառվում «բնապահպանական խնդիր» եզրը։ Սա ցուցում է, որ ներկայացված ինստալյացիաները ոչ միայն թափոնների վերամշակմամբ արվեստի գործեր պիտի լինեին, այլև պիտի բնապահպանական որևէ խնդիր վեր հանեին և, քանի որ կա «խնդիր», ենթադրելի է նաև, որ որևէ լուծում պիտի առաջարկեին՝ մի բան, որը չենք տեսնի մյուս ցուցահանդեսի դեպքում։
Կարելի է ասել, որ հենց խնդիր-լուծում բանաձևն է այս ցուցահանդեսի հիմքում։ Ընդ որում, և՛ խնդիրները, և՛ լուծումները առաջ է քաշում հենց արվեստագետը (արվեստագետների խումբը)։ Սա է պատճառը, որ ցուցանմուշները հաճախ երկխոսելու տեղ չեն թողնում՝ պատրաստի բանաձևեր են առաջարկում․ կարծես արվեստագետն արդեն որոշել է՝ ինչը կամ ով է թափոնների առաջացման պատճառը, որն է լուծումը, ինչպես պիտի վարվել թափոնների և դրանց առաջացման գլխավոր «մեղավորների» հետ։
Օրինակ՝ «Արտացոլանք» փերֆորմանս-ինստալյացիայի (հեղինակներ՝ Տաթևիկ Հարությունյան, Մետակս Կարապետյան, Լուսինե Սիմոնյան, Լիլիթ Կարապետյան) կենտրոնում, վերամշակված այլ մանրամասների շարքում ներկայացված է աթոռ, որի վրա «նստի՛ր» կոչն է։ Իսկ շուրջը՝ կողքի հագուստների վրա, հետևյալ գրությունն է՝ «The most dangerous animal on the planet», այլ կերպ ասած, այստեղ մարդը ներկայացված է որպես աշխարհի ամենավտանգավոր էակ։ Այստեղ արվեստագետների խումբը «գտել է» մեղավորներին, ինչը շեշտվում է նաև ինստալյացիայի մասին իրազեկող տեսանյութում։ «Մենք փորձել ենք արտապատկերել պլաստիկը որպես սառույց, որը վնասել է բնությանը, և մարդը պատասխանատվություն է կրում այս խնդրի համար»,- ասում է ինստալյացիայի հեղինակներից մեկը, ապա պատրաստի լուծում առաջարկում՝ «այս խնդիրը լուծելու համար պետք է վերամշակել, վերաիմաստավորել և նոր շունչ տալ պլաստիկին», ավելին՝ նշվում է, թե ինչով կարող է այս ցուցահանդեսը նպաստել այդ լուծմանը․ «Հուսով եմ, որ ցուցադրությունը որոշակի ազդեցություն կունենա մարդկանց վրա, և մարդիկ կսկսեն փոխվել դեպի լավը և պլաստիկը կսկսեն հանձնել վերամշակման»։
«Ոսկե ձկնիկ» ինստալյացիայի դեպքում (հեղինակներ՝ Սոնա Հովսեփյան, Էլեն Հովհաննիսյան, Կարինե Մարտիրոսյան, Մարիամ Մելիքբեկյան) արվեստագետների խումբը ոչ միայն մեղավորներին է գտել, այլև «դատավճիռ ունի» նրանց համար։ Ինստալյացիայի «կեռը» թափոններից պատրաստված ոսկե ձուկն է, որի ստամոքսում ևս տարբեր թափոններ են, իսկ կողքին ներկայացված են աղբի տարբեր նմուշներով տարաներ, որոնց վրա գրություններ են՝ ձկան մաղթանքները մարդուն։ Այդ գրությունները կտրուկ են ու ճակատային․«թող սուրճդ էս ջրով լինի, թող Սևանը սենց սև լինի, թող սրանից կղզիներ առաջանան, թող թոքերդ սենց մաքուր լինեն, թող կյանքդ սենց գունեղ լինի, թող երեխաներդ սա ժառանգեն»։ Նման պլակատային լուծումներն ավելի շուտ նման են խրատանքի և խանգարում են արվեստի գործ-դիտող երկխոսությանը։
Մարդ-մեղավորը կրկին հայտնվում է «Ինչպես պլաստիկը կերավ մարդուն» ֆիլմի (հեղինակ՝ Մարիամ Էներգետիկ) առանցքում՝ դառնալով դրա կշտամբանքի առարկան․«Բնությունը տառապում է։ Մենք տառապում ենք մեր պատճառով։ Մենք նետում ենք աղբ, որ ուտենք աղբ. մենք ուտում ենք, որ նետենք աղբ։ Հրաշք։ Մենք դեռ ապրում ենք։ Դեռ։ Դու չես էլ նկատում, թե ինչպես ես ուտում պլաստիկը ու չես էլ նկատի, թե ինչպես պլաստիկը կերավ քեզ։ Հանկարծ չմեռնես քո պատճառով։ ՈՒՂԵՂԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ՄԱՐԴ ՋԱՆ»։
Ցուցանմուշները դիտարկելիս պարզ է, որ դրանք չեն առանձնանում օրիգինալությամբ, այլ հետևում են էկոլոգիական խնդիրների մասին խոսելու այն միտումներին ու մատուցման ձևերին, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում։
Նախ դա երևում է թեմայի ընտրությունից։ Համարյա բոլոր գործերն անդրադառնում են ոչ թե տեղային՝ միայն Հայաստանին հատուկ, այլ գլոբալ, համընդհանուր էկոխնդիրների։ Եթե անգամ այդ խնդիրները տեղայնացված են, օրինակ ՀՀ-ի՝ պլաստիկից պատրաստված եղանակային քարտեզ («Պլաստիկից կլիմա» ինստալյացիա, հեղինակներ՝ Սոնա Խաչատրյան, Լիա Պետրոսյան) կամ Սևանա լճի ջրի աղտոտմանը հպանցիկ անդրադարձող ինստալյացիա («Ոսկե ձկնիկ»), ապա դրանք պարզապես գաղափարներ են, որոնք մեծամասամբ ոչ թե հենց այս տարածքում կամ տարածքի համար են մտածվել ու հղացել, այլ պարզապես ադապտացվել են, տեղայնացվել։
«Արտացոլանք» փերֆորմանս-ինստալյացիան, որտեղ մարդը ներկայացված է որպես ամենավտանգավոր էակ՝ «The most dangerous animal on the planet» գրությամբ, հիշեցնում է Նյու-Յորքի՝ Բրոնքսի կենդանաբանական այգու 1963-ի ցուցահանդեսը, որտեղ կենդանիների երկու ճաղավանդակների միջև տեղադրված էր հայելի՝ հետևյալ գրությամբ՝ «The Most Dangerous Animals In The World»։

«Արտացոլանք» ինստալյացիա, Տաթևիկ Հարությունյան,Մետակս Կարապետյան, Լուսինե Սիմոնյան, Լիլիթ Կարապետյան, լուսանկարը՝ FDC Armenia.

«Ոսկե Ձկնիկ» ինստալյացիա, Սոնա Հովսեփյան, Էլեն Հովհաննիսյան, Կարինե, Մարտիրոսյան, Մարիամ Մելիքբեկյան լուսանկարը՝ FDC Armenia

Նյու-Յորքի, Բրոնքսի կենդանաբանական այգի, 1963 թ․
Գրությունը կարդալիս յուրաքանչյուրը հայելու մեջ տեսնում էր ինքն իրեն։ Աթոռով ինստալյացիան ոչ միայն հպանցիկ է հիշեցնում 1963 թ. այս ցուցահանդեսը, այլև ընտրված «Արտացոլանք» անվանումն ավելի համապատասխան է հենց վերջինիս, քանի որ այստեղ հայելի է կիրառված։
Ամբողջ աշխարհում բազմաթիվ են ձուկ-ինստալյացիաները, որոնց ստամոքսում տարբեր տեսակի թափոններ են։ Այդ ձկները հիմնականում տեղադրվում են ջրային տարածքներին մոտ վայրերում՝ ծառայելով որպես աղբաման՝ որոշ չափով լուծելով ափամերձ տարածքների աղտոտման խնդիրը։ Չի բացառվում, որ այս ցուցահանդեսի ձուկը ևս հետագայում ծառայի այդ գործառույթին։
Այսպիսով, այս ցուցահանդեսում բաց են մնացել արվեստի դիտարկման առարկա մի շարք փուլեր՝ շեշտը դնելով պատրաստի և աշխարհում արդեն առաջարկված լուծումների վրա։ Մյուս ցուցահանդեսի դեպքում կարծես «գլխի են ընկել» սրա մասին և, մինչ լուծումներ գտնելն ու առաջարկելը, որպես մեկնարկային կետ են վերցրել խոսել-քննարկելը, այլ կերպ ասած՝ մտորումներն առանց լուծումների։
Լիովին այլ՝ ոչ արտադրողական ու սպառողական տեսանկյունից է հարցին մոտենում ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն)՝ հոկտեմբերի 22-ին, Ինստալյացիոն արվեստի ամենամյա փառատոնի շրջանակում անցկացված «Պոլիֆոնիա» ցուցահանդեսը (համադրող՝ Էդգար Ամրոյան)։ Թեև կիրառված նյութը նույնն է՝ թափոնները, բայց նախորդ և այս ցուցահանդեսները գործում են կատարելապես այլ տրամասություններում։ Եթե նախորդ դեպքում կարևորվում էր արվեստային միջոցներով ստեղծված, բայց և որոշակի սպառողական միտումներ ունեցող վերջնարդյունքը, ապա Էդգար Ամրոյանի համադրած ցուցահանդեսում շեշտը դրված է ստեղծագործական պրոցեսի, մտորումների վրա։ Խոսել թափոնների մասին կամ թափոնների միջոցով՝ սա է «Պոլիֆոնիա» ցուցահանդեսի առանցքային առաջարկը։
Թափոնն այստեղ ոչ միայն խնդրո առարկա է, այլև բուն արվեստային գործընթացներն ու հարցադրումները վերանայելու շարժառիթ։
Այս միտումն ակնհայտ է արդեն իսկ ցուցահանդեսի բաց կանչի տեքստից։ «Նախագծի նյութը՝ արտադրական թափոնները, ընդունելով որպես միակ նախապայման, արվեստագետներին տրվելու է ազատություն՝ ընտրելու ինստալյացիոն աշխատանքի թեման և ֆորման»,- ասվում է հայտարարությունում։ Այնուհետև շեշտվում է, որ ամենևին կարևոր չէ ստեղծել հենց բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող ինստալյացիաներ․ «Թեև գաղափարը թափոնների հետ աշխատելու եկել է բնապահպանության հետ կապված խնդիրներից, սակայն, ցուցահանդեսը չպիտի սահմանափակվի միայն այդ թեմայով։ Աշխատարանների և համադրողի հետ աշխատանքի արդյունքում ստեղծված արվեստի գործերը կարող են բարձրացնել հասարակական մի շարք կարևոր հարցեր՝ խոսույթ ստեղծելով անհավասարության, քաղաքականության, մշակույթի, կանանց կամ հատուկ խմբերի իրավունքների մասին և այլն»։
Ի տարբերություն առաջին ցուցահանդեսի, այստեղ պատրաստի որոշումներ ու բանաձևեր չկան, փոխարենը ստեղծված է դաշտ երկխոսության համար։ Եթե նախորդ նախագծում հարցերն ուղղված էին մարդկությանն ընդհանրապես, ապա այստեղ երկխոսությունն առավելապես կոնկրետ շրջանակում է՝ արվեստագետների միջև։ Արվեստագետն ինքն իրեն չի դիրքավորում որպես հեղինակություն կամ գիտակ, չի փորձում խորհուրդ տալ, կամ հրամցնել պատրաստի լուծումներ․«Ո՞րն է սրա լուծումը։ Ես, անկեղծորեն, չգիտեմ։ Եվ չեմ էլ հավատում, որ գոյություն ունեն դրանց մոտակա լուծումները»,- ասում է համադրողն իր տեքստում։ Արվեստագետն ինքն էլ՝ որպես երկիր մոլորակի բնակիչ, որպես մարդ, բազմաթիվ հարցեր ունի. «արվեստագետի հեգնանքը, ցավը և մտահոգությունը, անձամբ ինձ համար, դառնում են միակ հույսը»։
Թե որքանով են արվեստագետներն արդարացնում համադրողի կամ դիտողի հույսերը, իհարկե բարդ է կողմնորոշել։ Այնուամենայնիվ, տվյալ ցուցահանդեսում առնվազն առաջանում են խնդրո առարկային բազմանկյուն մոտեցումներ, որոնք կարող են ծառայել որպես էկոլոգիապես փոփոխվող ապագայի շուրջ նոր գաղափարական ընկալումներ ձևավորելու միջոց։ Իսկ դա արդեն իսկ առարկայական և կառուցողական արդյունք է։
Չնայած ինստալյացիաների համար թեմատիկ սահմանափակումներ չկային, սակայն դրանց մեծ մասն այսպես թե այնպես հենց էկոխնդիրներին կամ դրանց հարակից հարցերի է անդրադարձել։ Օրինակ՝ Ռուզան Պետրոսյանի «Եթե ծաղիկը», Լիլիթ Ստեփանյանի «180» և «But», Նարեկ Հակոբյանի «Eternity» աշխատանքները և այլն։ Թեպետ ցուցահանդեսի հիմքում վերոնշյալ խնդիրներին լուծումներ գտնելը չէ, այլ, որպես մեկնարկային կետ, դրանց մասին խոսակցություն սկսելը, այնուամենայնիվ, առաջին երկու դեպքում արվեստագետները բնապահպանական լուծումներ են առաջարկում․«Վիդեոյում իրական ծաղիկներն արտացոլում են կտորի ծաղկին, և մեսիջն այն է, որ եթե մենք խնամենք, կունենաք վիդեոյում ունեցած ծաղիկը, եթե մենք չխնամենք, կունենանք պատից կախած արհեստական ծաղիկներ»,- իր ինստալյացիայի մասին ասում է Ռուզան Պետրոսյանը։
Ստելլա Գրիգորյանի «Քեզ, միայն քեզ հրավիրում եմ պարի` ուրբանիզացիոն…» աշխատանքում, ընդհակառակը, լուծումներ չկան, զուտ արվեստագետի մտորումներն են։ Մի կողմից նա գովերգում է արդյունաբերական արտադրանքը, մյուս կողմից՝ մերժում այն որպես արվեստագետ։ Այս ինստալյացիայում փրփրաթիթեղից արված քանդակները և սպառողականության տարրերը՝ ՀԴՄ կտրոնները, կարծես ներդաշնակ են, իսկ արվեստագետն այդ իրականության մի մասն է։ Սա ընդհանուր ցուցահանդեսի միտումների շրջանակում է ու հետևում է համադրողի տեքստի տրամաբանությանը․ «Թափոններից ստեղծված ինստալյացիան դատապարտված է լինել էսթետիկ, անգամ եթե վիզուալ աէսթետիկ է, քանի որ թափոններին տալիս է երկրորդ կյանք՝ ստեղծելով ժամանակակից հարմոնիա, որը գուցե հեռավոր ժամանակների հարմոնիայի աղոտ արձագանքն է»։
Եվ ընդհանրապես, էսթետիզմն այս ցուցահանդեսում տարօրինակորեն վերադարձված է ժամանակակից արվեստի դաշտ, սակայն ոչ թե իբրև վերջնանպատակ (ինչպես դասական արվեստում) այլ գործիք, որի միջոցով հնարավոր է դառնում փոխակերպումների ենթարկել սպառողական մղումներն ու դրանց «արտաթորանքները», ինչպես օրինակ Ստելլա Գրիգորյանի «Եվ այլ. այս, այլ, այլ, այս, այն, այլ» և Հակոբ Բալայանի «Երազողը» գործերում։ Հակոբ Բալայանի խոսքով «Երազողը» ինստալյացիայի ուղերձն այն է, որ մարդիկ պետք է կրկին սկսեն երազել. «երբ երազում ես, երբ ինչ-որ գեղեցկություն ես տեսնում, հույս է առաջանում ու սկսում ես շարժվել, ինչ-որ բան անել»։
Երազելու, գեղեցիկի, էսթետիկայի մասին է խոսում նաև Ստելլա Գրիգորյանը ցուցահանդեսի մասին հարցազրույցում․ «արվեստը օգնում է, որ մարդը երազի, մտածի, շարունակի, հանգստանա, իսկ էս համընդհանուր աղմուկը, թափոնները ամբողջ քաղաքով, գյուղերով, բնության մեջ, դադարեցնում է մեր երազելու ցանկությունը»։ Որպես սպառողականության հակակշիռ, արվեստագետն առաջարկում է արվեստի գործի էսթետիկան։ Ըստ նրա, աղտոտվածության նման ծանր թեմաներին արվեստագետը միշտ պետք է էսթետիկ լուծում տա։
Բայց արդյո՞ք արվեստի գործը պիտի էսթետիկ լինի կամ ո՞րն է արվեստի առաքելությունն ընդհանրապես։ Դեռևս ֆրանսիացի արվեստագետ Մարսել Դյուշանի առաջ քաշած այս հարցերի շուրջ երկխոսության եզր է բացում Մարիամ Էներգետիկի «Գլխիս վերևում սև ամպեր կա» ինստալյացիան, որտեղ սև մեծ պոլիէթիլենային տոպրակը ներկայացված է որպես ամպ։ Ավեստագետն օգտվել է ինստալյացիայի էությունից՝ իրը դուրս է բերել նախնական միջավայրից՝ զրկելով սկզբնական նշանակությունից ու գործառույթներից, դրան փոխանցելով նոր զգայական ու փիլիսոփայական նշանակություն։ Տվյալ աշխատանքում չկա հարցերի «պրակտիկ» լուծում կամ թափոնների կերպարանփոխման ինչ-որ կիրառական գյուտ։ Տվյալ օբյեկտը նույնիսկ զուրկ է էսթետիկական հաճույք պատճառելու ֆունկցիայից։ Սակայն, սև պոլիէթիլենային տոպրակը ազդեցիկորեն փոխակերպված է իբրև ՆՇԱՆ. օգտագործելով գրեթե բանաստեղծական հնարքներ՝ արվեստագետը տրանսֆորմացնում է ոչ այնքան առարկան, որքան դրա պատկերային և իմացաբանական ըմբռնումները։ Ներազդելով դիտողի գիտակցականի վրա՝ արվեստի գործը չի վերածում տոպրակը մեկ ուրիշ կիրառարական օբյեկտի, այլ դարձնում է այն իմաստային նոր լիցքերով լի մի ազդանշանի, որն առօրյայում մեզ հանդիպելով, բացի աղբից ձերբազատվելու մեր հրատապ պահանջներից, թերևս կառաջացանի նաև էկոլոգիական աղետի, սպառողականության վտանգի և մոտալուտ աղետի սարսափի զգացողություններ։
Այսպիսով, նույն ժամանակահատվածում և նույն նյութի կիրառությամբ երկու ցուցահանդեսներ ներկայացված են տարբեր բովանդակությամբ, տեսանկյունով և միտումներով։ Մեկը ներկայացնում է խնդիրներ և առաջարկում կիրառական ու ճակատային լուծումներ, մյուսը՝ որպես սկիզբ, խոսակցություն է բացում արվեստային խնդիրների մասին՝ մատնանշելով ժամանակակից արվեստի հիմնական գործառույթը. այն է՝ ոչ թե նյութի կիրառական վերաիմաստավորումը, այլ վերջինիս իմացաբանական և նշանային վեկտորների փոխակերպումները մեր անհատական և հավաքական գիտակցության մեջ։ Երկու ցուցահանդեսներն էլ կարևոր են մերօրյա իրականության մեջ՝ որպես կենցաղային թափոնների օրհասական խնդրին անդրադառնալու մտավոր և ստեղծարար փորձեր՝ մի բան, ինչը ցավալիորեն դուրս է մնում Հայաստանի առօրյա օրակարգերից։ Իրենց տարբերություններով հանդերձ, այս նախաձեռնությունները ցուցում են այն ուղիները, որոնցով թե՛ դիզայնը, թե՛ ժամանակակից արվեստը կարող են շոշափելի դեր ունենալ սպառողական մշակույթի կործանարար հետևանքների շտկման գործում։

«Եթե ծաղիկը», Ռուզան Պետրոսյան, լուսանկարը՝ ՆՓԱԿ-ի

«Երազողը», Հակոբ Բալայան, լուսանկարը՝ ՆՓԱԿ-ի

«Քեզ, միայն քեզ հրավիրում եմ պարի` ուրբանիզացիոն…», Ստելլա Գրիգորյան լուսանկարը՝ ՆՓԱԿ-ի

«Եվ այլ. այս, այլ, այլ, այս, այն, այլ», Ստելլա Գրիգորյան, լուսանկարը՝ ՆՓԱԿ-ի
