
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
Այս տարի Բեռլինի կինոփառատոնը՝ Բեռլինալեն, առավել քան երբևէ անհանգիստ էր ու լի աղմկահարույց իրարանցումներով։ Գլխավոր ժյուրիի հենց առաջին մամուլի ասուլիսից հանրային բուռն քննարկում ծավալվեց. ժյուրիի նախագահ Վիմ Վենդերսը, պատասխանելով հարցին, թե ինչու փառատոնն աջակցություն չի հայտնել պաղեստինցիներին, հայտարարեց, թե կինոգործիչները պետք է «հեռու մնան քաղաքականությունից»։
Այս խառը օրերի ընթացքում տեղի ունեցավ մեկ այլ կարևոր իրադարձություն, որն առնչվում էր Հայաստանի մշակութային ժառանգությանը և, ընդհանուր առմամբ, երկրի մշակութային քաղաքականությանը։ Բեռլինալեին զուգահեռ անցկացվող Եվրոպական կինոշուկայում հայտարարվեց, որ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի իրավունքները ձեռք է բերել գերմանական «Քո-փրոդաքշն օֆիս» (Co-production Office) արտադրական և վաճառքի ընկերությունը։ Ընկերությունը կստանձնի ինչպես ֆիլմերի վերականգնման, այնպես էլ դրանց հետագա տարածման գործը։
«Քո-փրոդաքշն օֆիսը» հիմնադրել է եվրոպացի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, որի ֆիլմերը բազմիցս ընդգրկվել են Բեռլինալեի և Կաննի հիմնական ծրագրերում։ Նրա աշխատանքներից են Ռուբեն Էստլունդի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Տխրության եռանկյունին» (2022) և «Քառակուսին» (2017) շարժանկարները։ Բոբերը համագործակցում է այնպիսի հանրահայտ, թեև երբեմն հակասական ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոյ Անդերսոնը, Սերգեյ Լոզնիցան, Ջեսիկա Հաուսները, Իլյա Խրժանովսկին, Կառլոս Ռեյգադասը և Ուլրիխ Զայդլը։ Բացի ֆիլմարտադրությունից, ընկերությունը զբաղվում է նաև դասական ֆիլմերի վերականգնմամբ և տարածմամբ։ 2022 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ Բոբերն՝ կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի:
Փելեշյանի ֆիլմերի իրավունքների ձեռքբերման լուրը մեծ անակնկալ էր։ Կինոգործիչը հայտնի է իր ծայրահեղ զգուշավորությամբ և ֆիլմերը որևէ մեկի հետ կիսելու դժկամությամբ։ Հարցումներին ի պատասխան՝ Փելեշյանը, սովորաբար, նշում է, որ ֆիլմերն անհետացել են Հայաստանի ու Ռուսաստանի արխիվներից, և ինքը չունի ժապավենների բնօրինակները։ Գործն է՛լ ավելի է բարդանում, քանի որ Փելեշյանը չունի ֆիլմերի հեղինակային իրավունքները։ Ֆիլմերը արտադրվել են խորհրդային տարիներին Երևանի «Հայֆիլմ» ստուդիայում, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի ստուդիաներում։ Այսինքն, իրավունքները պատկանում են այդ ստուդիաներին, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ դրանց իրավահաջորդներին։ Որքանով մեզ հայտնի է՝ ռեժիսորի և այդ ստուդիաների միջև չեն ստորագրվել որևէ իրավական փաստաթղթեր, որոնք Փելեշյանին կփոխանցեին ֆիլմերի նկատմամբ իրավունքները։ Իրավիճակն առավել խճճվում է ներկայիս քաղաքական իրավիճակի և պատժամիջոցների լույսի ներքո, որոնց համաձայն՝ արևմտյան ոչ մի ընկերություն չի կարող պայմանագրեր կնքել կամ վճարումներ կատարել ռուսական կամ բելառուսական ընկերություններին։
«Քո-փրոդաքշն օֆիսի» ձեռք բերած համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվել։ Դեռևս անհայտ է, թե որքան ժամանակ ընկերությունը կտնօրինի վերականգնված ֆիլմերի իրավունքները և արդյոք վաճառքից ստացված շահույթը կկիսի Փելեշյանի կամ նրա ընտանիքի հետ։ Սակայն նմանատիպ նախադեպերը որոշակի պատկերացում են տալիս։ Օրինակ՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) վերականգնվել է Մարտին Սկորսեզեի «Համաշխարհային կինոյի հիմնադրամի» և Բոլոնիայի կինոդարանի կողմից ու տարածվել ֆրանսիական «Էմ-կա2» ընկերության միջոցով։ Հիմնադրամն ու կինոդարանը տասը տարով ստացել են վերականգնված տարբերակի իրավունքները։ «Էմ-կա2» ընկերությունը ցուցադրություններից ստացված հասույթը կիսում է այդ երկու հաստատությունների հետ, նույնիսկ, երբ ֆիլմը ցուցադրվում է Հայաստանում։
Հայկական մեկ այլ դասական՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմի դեպքում, որը վերականգնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, և որի միջազգային ցուցադրությունների թույլտվությունները կազմակերպում է «Էմ-կա2» ընկերությունը ու ցուցադրություններից ստացված հասույթը կիսվում է հայկական կողմի հետ։ Հայաստանում ցուցադրությունների թույլտվության իրավունքը պատկանում է հայաստանյան իրավատերերին։
Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Փելեշյանի հետ կնքված պայմանագիրը կարող է նման լինել «Նռան գույնը» ֆիլմի համար կիրառված տարբերակին․ «Քո-փրոդաքշն օֆիսը» կարող է տնօրինել վերականգնված տարբերակների բացառիկ իրավունքը որոշակի ժամկետով, իսկ հետագայում դրանք վերադարձնել Փելեշյանին կամ նրա ընտանիքին։ Կամ, որ թերևս առավել հավանական է, ընկերությունը կարող է նախնական ժամկետի ավարտից հետո երկարաձգել պայմանագիրը Փելեշյանի ընտանիքի հետ։
Իրադարձությունն ակնհայտ առավելություններ ունի։ Ֆիլմերը վերջապես հասանելի կդառնան հնարավորինս բարձր որակով, իսկ ընկերությունն իր լայն կապերի շնորհիվ, հատկապես Եվրոպայում, կապահովի դրանց լայն տարածումը։ Վերականգնված շարժանկարները, ամենայն հավանականությամբ, կցուցադրվեն խոշոր փառատոնների դասական բաժիններում, ինչպիսիք են Կաննը կամ Վենետիկը՝ նախքան ամբողջ աշխարհում հանդիսատեսին հասնելը։
Կան նաև տեխնիկական առավելություններ։ Այսուհետ, համեմատաբար մատչելի արժեքով հնարավոր կլինի ձեռք բերել ցուցադրության իրավունքներ, իսկ ընկերությունը կապահովի հուսալի հաղորդակցություն և մասնագիտական բարձր չափանիշներ։ Նրանց համար, ովքեր փորձել են կազմակերպել Փելեշյանի ֆիլմերի թեկուզ մեկ ցուցադրություն և բախվել անհավանական բանակցությունների, կրկնակի կամ եռակի վճարների և ֆիլմերի՝ մշտապես վատ որակով պատճենների, սա վաղուց թվում էր անհասանելի երազանք։
Այդուհանդերձ, մտահոգությունները շատ են։ Դեռ կա Հայաստանի կինոժառանգության հետագա կորստի վտանգը։
Ներկայիս իրավիճակը բացահայտում է լուրջ խնդիր․ Հայաստանը չունի մշակութային քաղաքականություն, որը կպաշտպանի իր տեսալսողական և մեդիա ժառանգությունը։ Փելեշյանի ֆիլմերի ձեռքբերման կամ «Նռան գույնը» ֆիլմի հետ կապված գործարքներն ընկալվում են որպես մշակութային գաղութացում, երբ արևմտյան խոշոր ընկերությունները վերահսկողություն են ստանձնում երկրի ամենաարժեքավոր, հաճախ միջազգային գրավչություն ունեցող ստեղծագործությունների նկատմամբ։
Հայաստանյան որոշ շրջանակներում դեռևս գերիշխում է այն մտայնությունը, թե օտարերկրացիներն ավելի պատրաստված են երկրի ժառանգությունը պահպանելու գործում՝ հաշվի առնելով նրանց լայն հնարավորությունները, փորձառությունն ու միջազգային կապերը։ Մինչդեռ Հայաստանը չունի վաճառքի և տարածման կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերում, և երկրի կինոժառանգությունը գրեթե ամբողջությամբ հայտնվում է օտարների ձեռքում։
Առանց հստակ սահմանված շրջանակի, տեղական վաճառքի ու տարածման ընկերությունների զարգացմանն ուղղված պետական աջակցության և նմանատիպ մարտահրավերների առջև կանգնած երկրների կինոթատրոններին սատարելու քաղաքականության՝ մենք վտանգում ենք կորցնել ոչ միայն վերահսկողությունը մեր մշակութային ժառանգության նկատմամբ, այլև մսխել մշակութային ազդեցության ու տնտեսական կայունության հզոր գործիքը։
Կարդացեք նաև
Կարծրատիպային հայեր ու հայկական կարծրատիպեր
Ժամանակն է ըմբռնել համաշխարհային կինոյի և հեռուստատեսության հայկականության կոպիտ արտացոլաքները ոչ թե որպես «մեծ եղբայրների» ցուցաբերած թեթև փաղաքշանք, այլ որպես լուրջ քաղաքական խնդիր, որն ուղղակիորեն ազդում է հայերի, Հայաստանի ու մեր մշակույթի շուրջ գիտակցությունների կազմավորման վրա, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Read moreՄեր օրերի Սալոմեն. կնատյացությունից կնակենտրոն պատում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացած Ատոմ Էգոյանի «Յոթ քող»-ը ֆիլմը Սալոմեի պատմության նոր մեկնաբանությունն է՝ արդիականացված ու համապատասխանեցված ժամանակակից հասարակական ու մշակութային իրողություններին, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Read moreԱրցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի
Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։
Read moreԵրկու կինո՝ մեկ աղբյուրից
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։
Read more




