Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ
Ամստերդամի վավերագրական միջազգային կինոփառատոնը (IDFA) համարում են աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը, որը, 1988 թվականից սկսած, հեղինակավոր հարթակ է դարձել անկախ ռեժիսորների համար` պատմելու իրենց սոցիալական, քաղաքական կամ անձնական պատմությունները: IDFA-ի համադրողական կազմը միշտ շեշտում է փառատոնի ներառողականության կարևորությունն ու չվախենալով հնարավոր քննադատություններից` զուգահեռ համադրում ռուսական և ուկրաինական, իսրայելական և պաղեստինյան ֆիլմեր:
Փառատոնային այս քաղաքականության գլխավոր աջակիցն ու ջատագովը IDFA-ի ներկայիս գեղարվեստական տնօրեն Օրվա Նիրաբիան է: Վերջին տասը տարիների ընթացքում սիրիացի ակտիվիստն ու պրոդյուսերը մեծ դեր ունեցավ Եվրոպայում Մերձավոր Արևելքի կինոն ներկայացնելու, ինչպես նաև հակամարտության գոտուց ռեժիսորներին և այլ արվեստագետներին դուրս բերելու գործում: 2013-ին նրա արտադրած «Վերադարձ Հոմս» ֆիլմը (ռեժ.` Թալալ Դերքի, The Return to Homs), որը վավերագրում էր քաղաքացիական ընդվզումն ու պատերազմը Սիրիայի Հոմս քաղաքում, գլխավոր մրցանակի արժանացավ Սանդանսի միջազգային կինոփառատոնում:
IDFA-ի գրեթե անբասիր հեղինակությունը պահպանվեց մինչ 2023-ի հոկտեմբեր, երբ իսրայելական բանակը ներխուժեց Գազա: Փառատոնն անցկացվելու էր նոյեմբերի 8-19-ը` Իսրայելի հարձակումից երեք շաբաթ անց:
Նախափառատոնյան երեք շաբաթներն անցան կատարյալ լռության մեջ, չնայած շատերն ակնկալում էին աջակցող հայտարարություն, ելույթ, հարցազրույց: Այս լռակյացությունը հատկապես տարօրինակ էր թվում այն պատճառով, որ արդեն մի քանի տարի է` IDFA-ն սերտորեն համագործակցում է Պաղեստինի ֆիլմ ինստիտուտի հետ` մեկ առանձին օր նվիրելով պաղեստինյան ֆիլմերի և նախագծերի ներկայացմանը. միջոցառումը նախատեսվում էր նաև 2023-ին։
Դժգոհ լռությունից` փառատոնի բացման արարողության ժամանակ պաղեստինցի ակտիվիստների մի խումբ բարձրացավ բեմ` ձեռքում բռնած դեռևս 1960-ական թթ.-ից շրջանառվող վիճելի կարգախոսով վահանակ` «Գետից մինչ ծով [1] Պաղեստինն ազատ կլինի» (From river to sea, Palestine will be free): Նիրաբիան, ով այդ պահին բեմում էր, ծափողջյուններով դիմավորեց մանիֆեստը` սկիզբ տալով սկանդալի, որը շարունակվելու էր ողջ փառատոնի ընթացքում:
Առաջինն արձագանքեցին իսրայելական կինոհամայնքի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք կարգախոսը համարում են հակասեմական և մեկնաբանում որպես Իսրայելի վերացման կոչ. ոմանք պահանջեցին Նիրաբիայի հրաժարականը: IDFA-ի թիմը շտապեց հանդես գալ երկու հայտարարությամբ, որոնցից առաջինում ասվում էր, որ «փառատոնը դեմ է տվյալ կարգախոսին և այն ոչ մի դեպքում և ոչ մեկի կողմից չպետք է օգտագործվի»: (Մինչդեռ որոշ ժամանակ առաջ Հոլանդիայի գերագույն դատարանը կարգախոսը ճանաչել է ոչ խտրական, ի տարբերություն Գերմանիայի, որտեղ այն քրեականորեն հետապնդվում է): Նիրաբիան հանդես եկավ հավելյալ հայտարարությամբ` նշելով, որ չէր տեսել վահանակի գրվածքը և ծափահարում էր խոսքի ազատության դրսևորմանը, այլ ոչ բովանդակությանը:
Աղմուկը շարունակում էր ահագնանալ, երբ փառատոնը հանդես եկավ երկրորդ հայտարարությամբ. «Մենք հարգում և ցավում ենք երկու կողմերի կորուստների ու ցավի համար և կոչ ենք անում հրատապ զինադադար հաստատել»: Հայտարարությունում նաև շեշտվում էր, որ փառատոնն ընտրել է բաց քաղաքականություն և անվտանգ հարթակ է բոլոր ձայների համար: Նման անկողմնակալ հայտարարությունները, բնականաբար, ոչ միայն չհանդարտեցրին իսրայելական կողմին, այլ նաև զայրույթ առաջացրին պաղեստինցի ռեժիսորների և Պաղեստինին սատարող ձախակողմյան կինոհասարակության շրջանակներում: Պաղեստինի ֆիլմ ինստիտուտը քննադատեց IDFA-ի հայտարարությունները` նշելով, որ պաղեստինյան ձայներն ու նարատիվներն անարդարացիորեն քրեականացվում են, և կոչ արեց բոյկոտել փառատոնը:
Առաջինն արձագանքեց ֆիլիպինցի ռեժիսոր Միկո Ռևեռեզան, ով արդեն մի քանի գրառում էր արել սոցիալական մեդիայում և նշել, որ չի ուղարկի իր ֆիլմի ֆայլը քանի դեռ փառատոնը շարունակում է լռել: IDFA-ի խաղաղասիրական հայտարարությունից հետո ռեժիսորը հանեց ֆիլմը ծրագրից: Նրան հաջորդեց պաղեստինցի էքսպերիմենտալ ռեժիսոր և արվեստագետ Բասմա Ալ-Շերիֆը, ով ժյուրիի կազմում էր և չորս ֆիլմ ուներ ծրագրում: Շուտով ծրագրից դուրս եկան նաև Ջումանա Մաննան, Սքայ Հոփինկան, Մարիամ Թաֆաքորին, ընդհանուր թվով շուրջ տասնութ ռեժիսոր: Աղմուկն ավելի սրեցին փառատոնի համադրողներից մի քանիսը, որոնք հայտարարեցին, որ իրենք չեն կիսում փառատոնի դիրքորոշումը և աջակցում են պաղեստինցիների հանուն ազատության պայքարին: Փառատոնային մյուս օրերն անցան ծայրահեղ լարվածության պայմաններում` լի բողոքի արտահայտման ակցիաներով, ցույցերով ու բոյկոտներով:
***
Չնայած փառատոնի մասնակի ձախողմանը, այն չափազանց հաջողակ եղավ հայկական կինոյի համար: Փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը` «1489»-ն արժանացավ գլխավոր և FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակների` դառնալով անկախության շրջանի առաջին հայկական ֆիլմը, որ գլխավոր մրցանակ է ստանում IDFA-ում: Մինչ այս փառատոնում հաղթել էր Ռուբեն Գևորգյանցի «Կղզիներ» (1988թ.) ֆիլմը, որը պատմում էր 1988-ի երկրաշարժի մասին:
«1489»-ը երիտասարդ ռեժիսոր և երաժիշտ Շողակաթ Վարդանյանի առաջին ֆիլմն է և վավերագրում է ռեժիսորի և նրա ընտանիքի կյանքը 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, մինչ նրանք սպասում, ապա փնտրում էին պատերազմում կորած զավակին` Սողոմոնին: 1489-ը պատերազմում անհետացածների ցանկում Սողոմոնի թիվն է:
Առաջին հայացքից սառնասիրտ, բայց իրականում անողոք վավերագրությունը Վարդանյանների ընտանիքի ողբերգության և գրեթե խելագարության հասցնող ցավի պատմությունն է: Ֆիլմի գործողությունները կազմված են ընտանիքի անդամների` գլխավորապես Շողակաթի և հոր զրույցներից, նրանց հուսահատ որոնումների դրվագներից: Այս իրադարձություններին զուգահեռ հանդիսատեսը հետևում է, թե ինչպես է ընտանիքն ընկղմվում կորստի ցավի մութ անդունդի մեջ, հեռանում տրամաբանական իրականությունից: Ռեժիսորը, որը փորձում է պաշտպանվել այս անդունդից հեռախոսի տեսախցիկի միջոցով, իր տեսաօրագրով ուշադրության, օգնության ճիչ է արձակում, բայց ակամայից դառնում է այս խելագարության կրողը, ով, մեկ վայրկյան անգամ չգթալով հանդիսատեսին, ստիպում է զգալ գրեթե նույն սարսափը, ինչ զգում է ինքը: Ֆիլմը վերածվում է էմոցիոնալ «պոռնոգրաֆիայի», որ ստիպում է դիտորդին անցնել այն աննկարագրելի ցավի ու ողբի միջով, որով անցել են ֆիլմի հերոսները 2020-ի պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո:
Ֆիլմում չկան շինծու տեսարաններ և ռեժիսորը երբեք չի կեղծում. Վարդանյանը ներկայացնում է իրականությունը մերկ` չիդեալականացնելով իր ընտանիքը կամ հարաբերությունները ծնողների հետ, ոչ էլ սերը, որ ջանք են գործադրում կիսել միմյանց հետ դժվարության պահին, բայց հաճախ ունակ չեն դա անելու: Ռեժիսորը չի վախենում արտահայտել անտեսվածության դառնությունն ու վիրավորանքը, ուշադրություն պահանջել կամ ըմբոստանալ: Ֆիլմում չկա նաև երաժշտություն, բացառությամբ մի երգի, որը ժամանակ առ ժամանակ լսում է ռեժիսորը: Սողոմոնը, ինչպես և Շողակաթը, երաժիշտ էր և տպավորություն է, որ երաժշտության չօգտագործելու իր որոշմամբ ռեժիսորն ընդգծում է եղբոր բացակայությունը:
Երկրի քաղաքական դրության դիտարկումը ևս ֆիլմի մաս է կազմում. վարչապետի ելույթներն ու հայտարարությունները, դրանց քննարկումն ու քննադատությունը, պատերազմին անպատրաստ պետության աբսուրդիստական բյուրոկրատիան, որը որպես ինֆորմացիա միայն համարներ ու հեռախոսահամարներ է տրամադրում, ավելի են ընդգծում հուսահատությունն ու իրադրության անիմաստությունը, ինչը, սակայն, հերոսները հաճախ չեն նկատում:
«1489»-ին անհնար է որակավորումներ տալ, կոչել լավը կամ վատը: Այն ֆիլմ-փաստաթուղթ է, որ վավերագրում է հազարավոր ողբերգական պատմություններից մեկը և ցույց տալիս պատերազմի զարհուրելիությունն ու անարդարությունը: Կինեմատոգրաֆիական տեսանկյունից ֆիլմը հետաքրքիր նմուշ է վավերագրական կինոյի սահմանագծերն ու էթիկան վերլուծելու, կինոյի էության վերաբերյալ հարցադրումներ անելու համար: Ի՞նչը կարելի է համարել ֆիլմ, որո՞նք են այն սահմանները, որ չպետք է հատի ռեժիսորն իր պատմությունը պատմելիս: Թեև այս հարցերը չունեն միանշանակ պատասխաններ, դրանց շուրջ մտորելն ավելի հետաքրքիր ու բազմաշերտ է դարձնում վերաբերմունքը տվյալ ֆիլմին:
Վերջինիս հաղթանակը IDFA-ի պես հեղինակավոր հաստատությունում, փաստում է նրա մասին որ հայկական կինոն ոչ միայն օրեցօր ավելի է կայունանում, այլև դառնում է լիովին ունակ աշխարհի հետ գլոբալ հարցերի շուրջ խոսելու իր սեփական դիրքերից։
Ծանոթագրություն.
[1] Նկատի ունի Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ընկած տարածքը, որը ներառում է Արևմտյան ափը, Իսրայելի ողջ տարածքն ու Գազան:
Կարդացեք նաև
Երկու կինո՝ մեկ աղբյուրից
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։
Read moreՕտարականության փորձառությունը Ատոմ Էգոյանի կինոյում
Էգոյանի ֆիլմերում ընդգծվում է օտարականության զգացումը. մարդիկ իրենց տեղում չեն, ամեն ինչ ասես երազում է կատարվում: Իսկ երաժշտությունը՝ համահունչ լինելով խճանկարային ու բազմաբովանդակ պատումին՝ օգնում է սոսնձել սյուժեի բեկորները:
Read moreԿաննի կինոփառատոնի տարածաշրջանային քաղաքականությունը
Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր: Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է հեղինակավոր կինոփառատոնին, աշխարահագրությանը, ներկայացվելու կարգերին ու այս պարունակում հայ կինոգործիչների աշխատանքներին։
Read moreՀայկական անիմացիան՝ կին ռեժիսորների առաջնագիծ
Անիմացիոն ժառանգության մեջ կանանց դերի վերանայումը հատկապես կարևոր է թվում վերջին տարիներին, երբ հայկական ժամանակակից անիմացիան սկսում է ակտիվանալ և մեծ հաջողություններ գրանցել միջազգային ասպարեզում՝ հենց կին ստեղծագործողների աշխատանքի շնորհիվ, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Read more