
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Մեծ կինոփառատոների առջև դրված են ավելի մեծ առաջադրանքներ, քան տեղական կամ միջազգային կինոսեր համայնքների սինեֆիլական ծարավի բավարարումը: Նախևառաջ, այս փառատոները ստեղծում են հնարավորություններ անհայտ պատմությունների, անունների ու ձայների համար դառնալ լսելի: Պնդումն ավելի քան ճշգրիտ է Կաննի կինոփառատոնի դեպքում, որի 76-րդ թողարկումը տեղի ունեցավ այս տարի մայիսին: Հերթական հարցազրույցներից մեկի ժամանակ, խոսելով տարածաշրջանային քաղաքականության մասին, Կաննի կինոփառատոնի գեղարվեստական տնօրենը` Թիերի Ֆրեմոն նշել էր. «Կինոն պատմում է աշխարհի պատմությունը, և Կաննի կինոփառատոնը պետք է պատմի բոլորի պատմությունները, այլ ոչ միայն Արևմուտքի, ինչպես 50 տարի առաջ էր»:
Ուսումնասիրելով Կաննի ծրագրի աշխարհագրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում, պարզ է դառնում, որ այս մոտեցումը ֆիլմերի համադրման կարևոր չափորոշիչներից է: Ու եթե արևելա-ասիական` չինական, ճապոնական, թայլանդական ֆիլմերի հայտնվելը ծրագրում կրում էր պարբերական բնույթ, ապա վերջին հինգ տարիներին աշխարհագրությունն ավելի է ընդարձակվել` ներառելով ֆիլմեր Աֆրիկայից և Արևմտյան Ասիայից (այդ թվում` Հարավային Կովկասից):
Աֆրիկյան ֆիլմերի ներգրավումն ունի որոշակի քաղաքական ենթիմաստ` կապված Ֆրանսիայի գաղութարարական անցյալի, ինչպես նաև երկրում ապրող աֆրիկյան մեծ համայնքի հետ, և շատ հաճախ փառատոնում ներկայացված «աֆրիկյան» ֆիլմերի հեղինակները հենց այս համայնքից են, իսկ ֆիլմերը ֆինանսավորված են Ֆրանսիայի կողմից: Պնդումն օրինաչափական է հիմնական մրցույթում ներգրավված մի շարք ֆիլմերի համար, օրինակ` Մաթի Դիոփի «Ատլանտիկա»-ն (Atlantics, 2019), Մահամաթ-Սալեհ Հարունի «Լինգուի»-ն (Lingui, 2021), Ռամատա Տուլայե Սիի «Բենել և Ադամա»-ն (Banel & Adama, 2023): Վերջին երկուսը բացահայտորեն զիջում են «Ատլանտիկա»-ին կամ անցյալ տարվա Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սուրբ Օմերին» (Saint Omer, ռեժիսոր` Ալիս Դիոփ, 2022), ինչը ևս մեկ անգամ ապացուցում է փառատոնի «ներառական» քաղաքականությունը և այն փաստը, որ համադրողները ցանկանում են հավասար հնարավորություններ ստեղծել տարբեր ռեժիսորների համար` երբեմն հավասար նժարների վրա դնելով բազմազանությունն ու ֆիլմի որակը:
Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի կինոարտադրողները նորեկներ են Կաննի ծրագրում. վերջին երկու-երեք տարիներին փառատոնի հիմնական ու զուգահեռ ծրագրերում ֆիլմեր են ներկայացված Թունիսից, Հորդանանից, Պաղեստինից և Լիբանանից, ավելին` 2023-ին փառատոնում Մարոկկոն ուներ երեք ֆիլմ, այդ թվում՝ մեկը հիմնական մրցույթում: Ծովածոցի երկրները ևս ներկայացվածություն են ձեռքբերում փառատոնում` Քաթարը, Սաուդյան Արաբիան և Աբու Դաբին հանդես են գալիս մի շարք ֆիլմերի համաֆինանսավորող-համարտադրողների դերում, օրինակ` 2023-ի բացման ֆիլմը` «Ժան դու Բարրին» (Jeanne du Barry, ռեժիսոր` Մեյվեն) ֆինանսավորված է Սաուդյան Արաբիայի «Կարմիր ծով» (Red Sea) փառատոնի ֆոնդի կողմից:
Այլ են միտումները Հարավային Կովկասում, Թուրքիայում և Իրանում: Ե՛վ Թուրքիան, և՛ Իրանն ունեն տասնամյակների ընթացքում ձևավորված Կաննի կողմից սիրված ռեժիսորների խումբ, որոնք պարբերաբար ներկայանում են կինոփառատոնում: Թուրքիայի դեպքում դրանք Սեմիհ Քափլանօղլուն, Էմին Ալփերն են, ինչպես նաև Նուրի Բիլգե Ջելյանը, որի «Ձմեռային քուն» (Winter Sleep, 2014) արժանացավ գլխավոր մրցանակի` Palme d’or-ի 2014-ին: Այս տարի նույն ռեժիսորը գլխավոր մրցույթում էր «Չոր խոտերի մասին» (About Dry Grasses, 2023) ֆիլմով, որը, ինչպես Ջեյլանի մյուս ֆիլմերը, պատմում է Թուրքիայի արևելքում հայտնված մտավորականի մասին: Այստեղ ևս Ջեյլանի ձեռագրային լայնածավալ ու ներհայեցողական տեսարանները համադրված են քաղաքական ու փիլիսոփայական քննարկումներով, գյուղական կյանքի մանրամասնությունների նկարագրությամբ և էկրանից այս կողմ ներթափանցող հիասթափությամբ ու վատատեսությամբ: Ֆիլմի գլխավոր հերոսուհին` Մերվե Դիզդարը, արժանացավ «Լավագույն դերասանուհի» մրցանակին:
Ավելի հին և հարուստ են կանն-իրանյան հարաբերությունները: Վերջին տարիներին իրանական կինոալիքի դասականներին` Քիարոսթամիին, Փանահիին փոխարինելու է եկել ռեժիսորների երիտասարդ սերունդ` թե՛ Իրանից, թե՛ վտարանդիության մեջ ստեղծագործող համայնքներից, օրինակ` Մուհամադ Ռասուլոֆը, Ալի Աբբասին: Այս տարի իրանական ֆիլմ էր ներկայացված փառատոնի երկրորդ մրցութային ծրագրում` «Հատուկ հայացք»-ում (Un Certain Regard): Ալիռեզա Խաթամիի և Ալի Ասգարիի «Երկրային բանաստեղծություններ» (Terrestrial Verses) կինոնկարը ինը կարճ պատումներից բաղկացած գործ է, որ ամփոփում է վերջին մի քանի ամիսների սոցիալ-քաղաքական դրությունն Իրանում` խոսելով մարդու իրավունքների ոտնահարման, կանանց նկատմամբ ոտնձգությունների և թևաթափ անող բյուրոկրատական համակարգի մասին:
Հայկական, վրացական և ադրբեջանական կինոարտադրողները զգալիորեն զիջում են Իրանի և Թուրքիայի կինոգործիչներին: Ադրբեջանական կինոն ընդհանրապես բացակա է թե՛ փառատոնային ծրագրում, թե՛ Կաննի կինոշուկայում (Marché du Film), ի տարբերություն վրացի և վերջին տարիներին նաև հայ կինոարտադրողների, որոնք սկսել են ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Այս տարի Հայաստանն ու Վրաստանը փառատոնի ծրագրում ունեին ներկայացված մեկական ֆիլմ [1]: Վրացական ֆիլմը` «Սև կեռնեխ, սև կեռնեխ, մոշի» (Blackbird Blackbird Blackberry) «Ռեժիսորների երկու շաբաթ» (Director’s fortnight) ծրագրում էր, որ փառատոնի պաշտոնական մաս չի կազմում, բայց գրեթե նույնչափ անվանի է: Ֆիլմը, որ համարտադրություն է Գերմանիայի, Շվեյցարիայի և Վրաստանի միջև, հեղինակել է երիտասարդ ռեժիսոր Էլենե Նավերիանին, որի նախորդ ֆիլմը` «Թաց ավազ»-ը (Wet Sand, 2021) Լոկառնոյի կինոփառատոնում էր և արժանացել էր եվրոպացի կինոքննադատների և համադրողների ուշադրությանը: «Սև կեռնեխ»-ը պատմում է միջին տարիքի կնոջ սեռականության, չամուսնացած կնոջ նկատմամբ հասարակության անհանդուրժողականության և վախի, միայնության մասին: Կարևոր է նշել, որ ֆիլմի պրոդյուսերը վրացուհի Քեթի Դանելիան է, որի նախորդ ֆիլմը` «Իսկ հետո մենք պարեցինք»-ը (And Then We Danced, 2019, ռեժիսոր` Լևան Ակին) ևս ընդգրկվել էր «Ռեժիսորների երկու շաբաթ» ծրագրում, մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանում, ապա Շվեդիայի կողմից ներկայացվել էր Օսկարի:
Հայկական միակ ֆիլմն ընդգրկված էր «Կանն դասականներ» ծրագրում, որը հիմնականում ամփոփում է վերջին տարիներին վերականգնված հայտնի և անհայտ կինոմարգարիտները: Հայաստանը ներկայացնում էր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմը, որի պրեմիերան տեղի էր ունեցել Կաննի հիմնական մրցույթում 1966-ին: Հիմնված խորհրդահայ հայտնի ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրության վրա, ֆիլմը պատերազմի, տեխնոլոգիական զարգացումների, հիշողության և կորուստի մասին է: Ֆիլմի վերականգնումն իրականացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և լատվիական «Լոկոմոտիվ» ընկերության հետ համագործակցությամբ: «Դասականներ» ծրագիրն առավել կարևոր է իր խորհրդանշական գործառույթով, քանզի «պաշտոնապես» վերահաստատում է ընդգրկված ֆիլմերի արդեն իսկ կայացած նշանակությունը համաշխարհային կինոպատմության պարունակում։ Միակ այլ հայկական կինոնկարը, որ նախկինում հայտնվել է այս ծրագրում, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի 2014-ին վերականգնված տարբերակն էր։
Կաննի կինոփառատոն ընտրվելու համար գործում են մի շարք պայմանական կարգեր, բայց ակնհայտ է, որ փառատոնը վարում է «բաց» քաղաքականություն և հետաքրքրված է ներկայացնել ֆիլմեր բոլոր տարածաշրջաններից: Սա մեծացնում է հարավկովկասյան և մյուս՝ համեմատաբար փոքր արտադրություն ունեցող երկրների հնարավորություններն ընդգրկվել փառատոնի ծրագրում: Վստահորեն կարելի է ասել, որ այստեղ էական դեր է խաղում նաև ֆիլմերի եվրոպական, հատկապես ֆրանսիական համարտադրության հանգամանքը՝ ինչպես կարելի է դատել ընդգրկված վրացական, թուրքական և իրանական ֆիլմերի օրինակներից։ Մյուսը թեմատիկ ուղղվածությունն է, որը պետք է լինի արդիական ու քաղաքական, բայց ոչ երբեք ծայրահեղական կամ, մասնավորապես, ազգայնական:
Վրացի կինոարտադրողները, կարծես, սերտել են այս կարգերը, ինչը շարունակական հաջողություններ է բերում հարևան երկրի կինեմատոգրաֆին։ Թեպետ ժամանակին, ինչպես ցույց է տալիս «Բարև, ես եմ»-ի օրինակը, հայ կինոգործիչները նույնպես գիտակցում էին համընդհանուր, համագործակցական, մարդակենտրոն ու առաջադեմ քաղաքականությամբ հանդես գալու գրավականը, կինո ոլորտի նոր սերնդի ներկայացուցիչները դեռ այդ ուղու սկզբին են:
Ծանոթագրություն.