Մանկության տարիներին եղբայրս ու ես հաճախ էին կատակում իր`բանակ գնալու շուրջ: Հաճախ նա և մայրս բանակ գնալու փաստը օգտագործում էին ինձ համոզելու, որ ինչ-որ բան անեմ իմ կամքին հակառակ: «Դե վերջացրու, տուր նրա ուզած կոնֆետը, թէ չէ հենց բանակ գնա, սրտիդ դարդ կլինի»: Սա դասական օրինակ էր, որը միշտ էր աշխատում:
Արմանի 18-րդ տարեդարձը, պարզվում է, այդքան էլ հեռու չէր: Մենք ավելի ու ավելի է էինք մոտենում օրվան, երբ Արմանը քաղաքացիական հագուստը կփոխարիներ զինվորական համազգեստով ու նոր էջ կսկսեր Արցախի Հադրութ փոքր քաղաքում:
Մեզանից և ոչ մեկը հոգեբանորեն պատրաստ չէր բանակին, ամենաքիչ պատրաստվածը հենց Արմանն էր: Նա համոզված էր, որ «զինվորական ծառայությունը ժամանակի կորուստ է»: Արմանի այս վերաբերմունքը հաճախ նրան ագրեսիվ և անհանդուրժող էր դարձնում: Ինչևէ, մեկնելուց 20 օր անց մենք գնացինք Հադրութ՝ մասնակցելու երդման արարողությանը, որտեղ հայտնաբերեցինք բարի ու հոգատար եղբորս, ումով միշտ հիացել եմ:

Երդման արարողությունը պետք է սկսվեր վաղ առավոտյան: Շարժվեցինք ուշ գիշերով: Առջևում երկար ճանապարհ էր, և որքան մոտենում էինք, Հադրութն այդքան ավելի հեռու էր թվում, կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք ձգում է ճանապարհը: Հորդառատ անձրևը հարվածում էր ապակուն, ես Տիգրան Համասյանի «Կարսն» էի լսում, Արմանի սիրած գործերից մեկը, և փորձում պատկերացնել նրան Հադրութում: Միայն երևակայել կարող էի, թե որքան կերջանկանար տեսնելով ընտանիքին ու ընկերներին այդ կարճ դադարից հետո, որն իրականում մի ամբողջ տարի էր թվում: Տարօրինակ էր, որ մենք գնում էինք նրա մոտ, և ոչ թե նրա հետ: Սիրտս երգում էր մտքից, որ առավոտյան նորից տեսնելու էի նրան, ամուր գրկելու ու զգալու նրա ամենաբարի ժպիտի ջերմությունը:
350 կմ անցնելուց հետո վերջապես հասանք Հադրութ: 7:40 էր: Կիսաքնած էի, կարծես երազում լինեի: Օդն ուրիշ էր. այն խիտ էր, շոշափելի ու կանաչ: Քաղաքը լուռ էր: Միակ բանը, որ կարող էիք տեսնել՝ աղյուսից շինություններն էին, մի քանիսը փամփուշտներից մնացած անցքերով, և համատարած կանաչը. մեզ շրջապատող հսկայական լեռների կանաչը և ռազմական մեքենաների, որոնք գրեթե ամեն անկյունում էին: Այնպիսի տպավորություն էր, թե ողջ Հադրութը ռազմականացված էր:


Չափազանց անհամբեր էի: Հենց զինվոր էի տեսնում, կարծում էի, թե Արմանն է: Նրան միայն մեկ ժամ անց կարողացանք տեսնել: Այնպես որ, մինչ բոլորը քնած էին մեքենայում, հորեղբայրս ու ես որոշեցինք գնալ զբոսանքի և կանգ առանք մի փոքր խանութի մոտ: Մուտքի դիմաց երկու փոքրիկ տղաներ էին կանգնած՝ գրկած մի սև շնիկ: Անկախ ինձանից նրանց շարունակ պատկերացնում էի զինվորական համազգեստով, հատկապես խանութ ոտք դնելուց հետո: Առաջին անգամ էի տեսնում, որ արևածաղկի ձեթի շշերի կողքին զինվորական կոշիկներ ու գոտիներ վաճառեին: Մի քանի վայրկյան նայում էի տարօրինակ համադրությանը, երբ սև շնիկով տղան բղավեց. «Գալիս են, գալիս են»: Վերադառնալով իրականություն՝ արագ վերցրեցի հորեղբորս ձեռքն ու վազեցինք փողոց:
Երիտասարդ զինվորների ոտնաձայները թնդեցնում էին Հադրութի նեղ փողոցները: Բոլորը հուզված ու ոգևորված ինչ-որ տեղ էին վազում: Երբեք այդքան կարոտած աչքեր չէի տեսել մի տեղում: «Գնա մյուսներին արթնացրու»,- ասացի հորեղբորս, իսկ ինքս վազեցի մարդկանց ամբոխի միջով՝ փորձելով գտնել Արմանին անձրևի կաթիլներով պատված ակնոցներիս միջով: Հենց առաջին շարքում էր, ձեռքին՝ ինքնաձիգ: Նիհարած այտեր՝ փոքր-ինչ արևահարված: Տարօրինակ զգացում ունեի, ասես նրան ճանաչեի, բայց և անծանոթ լիներ: Հայացքը այստեղ-այնտեղ էր շրջում՝ փորձելով խուսափել ուղիղ մեզ նայելուց: Եվ երբ նա չկարողացավ, աչքերը հանդիպեցին մորս աչքերին ու կարմրեցին:




Ես երբեք չեմ մտահոգվել Արմանի ֆիզիկական պատրաստվածության մասին: Բանակը չպետք է որ այդքան դժվար լիներ նրա համար, ով մանկուց տարբեր սպորտաձևերով է զբաղվել: Վաղ առավոտներն ու կարգապահությունը չպետք է չափազանց դժվար թվային նրան, ով չի զլանում ամեն օր 4-ին արթնանալ, որ բաց չթողնի առավոտյան վազքը, նույնիսկ ձմռանը: Բայց ես միշտ զգուշացել եմ հոգեբանական մարտահրավերներից։ Իսկ նրա աչքերում կուտակված շողշողուն արցունքները իմ մտահոգության ճշմարտացիության ապացույցն էին:
Երդման արարողությունն ավարտվեց, վազեցի Արմանի մոտ ու ամբողջ ուժով գրկեցի նրան: Վերջապես թույլ տվեց, որ կուտակված արցունքները գլորվեն: Երկուսով լաց էինք լինում՝ ամենաերջանիկ ժպիտներով: Լինել Արմանի կողքին, լսել նրա ձայնն ու տեսնել, որ մեր ընտանիքը կրկին միավորվել է։ Էլ ի ՞նչ է պետք այդ պահին ամենաերջանիկ մարդը լինելու համար: Շարունակ նայում էի նրան ու էլ ավելի գիտակցում, թե որքան էի կարոտել նրա ներկայությանը: Կարոտել էի նրա սիրելի Թուփաքի երգերը միասին լսելը, Մայք Թայսոնի ու Մուհամադ Ալիի մասին վավերագրական ֆիլմեր դիրելը։ Կարոտել էի, թե ինչպես էր համաձայնում հետս Ջոն Քոլթրեյնի ու Մայլզ Դեյվիզի երաժշտությունը լսել՝ չնայած որ ջազի երկրպագու չի: Նույնիսկ մեր վեճերն էի կարոտել, որովհետև դրանք էլ իրենց հերթին մեզ միավորելու ուժ ունեին:

Արմանին հարցուփորձելով՝ քայլեցինք դեպի մեքենան: Բոլոր ընտանիքները, այդ թվում իմը, իրենց հետ այնքան սնունդ էին բերել, կարծես աշխարհի վերջն էր: Ամենայն հավանականությամբ, բոլոր ծնողները կարծում են, թե զինվորները երբեք բավարար սնունդ չեն ստանում բանակում: Սակայն այդ երիտասարդները ոչ թե խորովածի, այլ իրենց ընտանիքների ներկայության կարիքն ունեին ամենից շատ: Ես դա տեսնում էի Արմանի շարժումներում, նրա ժպիտի ու խոսքերի մեջ: Նա փորձում էր բանակային կյանքի մասին բողոքի ոչ մի խոսք չասել: Փոխարենը փորձում էր մեղմել մեր անհանգստությունը՝ պատմելով իր նոր ընկերների, անցյալ շաբաթների զվարճալի պատմությունների ու իր առաջին փոքրածավալ նվաճումների մասին:
Հետաքրքիր է, թե որքան կարող է փոխվել մարդը մեկ ամսում: Արմանը դարձել էր երախտապարտ, հանդուրժող և չափազանց համբերատար: «Ես էնքան ուրախ եմ, որ դուք էստեղ եք»,- շարունակ կրկնում էր նա 15 րոպեն մեկ: Նա չափազանց բարի էր բոլորիս նկատմամբ, հատկապես՝ հայրիկի, չնայած նախկինում նրա խոսքերն ագրեսիվ էին հնչում, երբ չէր համաձայնում վերջինիս հետ: Երեկոյան նա մեզ ութ էջանոց նամակ տվեց, որտեղ արտահայտում էր այն ամենը, ինչը հնարավորություն չէր ունեցել պատմել մեզ նախկինում: Նա նաև ներողություն էր խնդրում իր բոլոր սխալների համար:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես շատ անարդարացի եմ եղել ձեր նկատմամբ: Երևի նրանից էր, որ ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում իմ գլխում: Ես շփոթված էի ու չէի ուզում, որ ինձ էդպես տեսնեիք: Ես չէի գնահատում ձեր կողմից ստացած սերը: Խնդրում եմ՝ իմացեք, որ ես սիրում ու կարոտում եմ ձեզ ու գնահատում եմ էն ամեն ինչը, որ դուք անում եք իմ համար»:

Տեսնելով Արմանի նոր տրամադրվածությունը՝ բոլորս հանգստություն զգացինք: Ես գիտեի, որ նա դժվար օրեր է ունենալու, սակայն նրա վերաբերմունքի դրական փոփոխությունը կօգնի նրան շարժվել ճիշտ ուղղությամբ: Եվ հույսով լցված՝ մենք իրար «առայժմ» ասացինք, քանի որ երկուսս էլ ատում ենք հրաժեշտները:
Լուսանկարները՝ Գայանե Ղազարյանի: