
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր տարբերակով:
Շուրջ տասը տարի առաջ Հայաստանում գործարկվեց համայնքների խոշորացման ծրագիրը՝ ենթադրելով համագործակցություն և միասնական մոտեցումներ, համընդհանուր բարեկեցության հասնելու նպատակով ռեսուրսների և ջանքերի մեկտեղում: 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ՝ անցկացվեց նաև խոշորացման վերջին փուլը՝ այսպիսով հանգուցալուծելով 2016-ից մեկնարկած գործընթացը, որով այժմ առկա 79 համայնքից 72-ը միավորված են (908 բնակավայրերի միավորմամբ): Այս վերջին փուլով Հայաստանում կլինի 71 համայնք, որից 64-ը միավորված, մյուսները՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված։
Վարչատարածքային բարեփոխումների առաջին՝ փորձնական փուլը տեղի է ունեցել 2015-ին (ստեղծվել է 3 խոշորացված համայնք՝ 22-ի ներառմամբ), երկրորդը՝ 2016-ին (15՝ համայնք 118-ի՝ ներառմամբ), երրորդը՝ 2017-ին (34 համայնք՝ 325-ի ներառմամբ), չորրորդը՝ 2020-ին (2 համայնք՝ 21-ի ներառմամբ), հինգերորդը՝ 2021-ին (38 համայնք՝ 441-ի ներառմամբ)։ Գործընթացն իրականացվել է խառը մոդելով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (ՏԿԵՆ) տեղակալ Վաչե Տերտերյանը, պատասխանելով EVN report-ի գրավոր հարցմանը, նշում է՝ բոլոր փուլերում միավորումը տեղի է ունեցել թե՛ փնջային (ձևավորվում են ըստ կատարված ուսումնասիրութունների և նպատակահարմարության), թե՛ շրջանային (ձևավորվում են Խորհրդային Հայաստանի ժամանակ եղած շրջանների նմանությամբ) մոդելով. հաշվի են առնվել տվյալ տարածաշրջանների տեղային առանձնահատկությունները։
Բավարար շենքային պայմանների բացակայություն
Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր միավորված համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի գործունեության համար կան բավարար շենքային պայմաններ, բայց կան առանձին դեպքեր, որտեղ կա՛մ չկան այդ պայմանները, կա՛մ միջոցներ են ձեռնարկվում դրանց ապահովման ուղղությամբ, մանրամասնում են նախարարությունից։
Արագածոտնի մարզում վատ շենքային պայմաններ ունեն Աշտարակ և Արևուտ համայնքները, մնացած մյուս համայնքների դեպքում դրանք կամ լավ են, կամ՝ բավարար։ Ընդհանուր առմամբ, մարզի համայնքների մեծ մասը՝ բացառությամբ Արևուտ և Մեծաձոր համայնքների, չունեն նոր շենքերի կառուցման անհրաժեշտություն։
Արարատի մարզում շենքային պայմանները, ընդհանուր առմամբ, լավ կամ բավարար են, բացառությամբ Արտաշատ և Վեդի միավորված համայնքների։ Նախատեսվում է Արտաշատի համայնքապետարանի շենքի նորոգում, որը կարժենա 300 մլն. դրամ, իսկ Վեդու համայնքապետարանի շենքը մասնակի կնորոգվի 5 մլն. դրամով։
Արմավիրի մարզում լավ շենքային պայմաններ ունեն միայն Արմավիր և Վաղարշապատ միավորված համայնքների համայնքապետարանները, իսկ Փարաքար, Արաքս, Բաղրամյան, Խոյ միավորված համայնքներում այս ուղղությամբ դեռևս չեն նախատեսվում աշխատանքներ։
Կոտայքի մարզի միավորված համայնքների համայնքապետարանների շենքային պայմանները բավարար են։ Այժմ Նաիրի միավորված համայնքի համայնքապետարանի շենքում կատարվում են նորոգման աշխատանքներ 15 մլն. դրամի շրջանակում։
Լոռու մարզի Փամբակ միավորված համայնքի վարչական շենքը նախատեսվում է ընդլայնել։ Մարզում նոր վարչական շենքերի կառուցում չի իրականացվել և առաջիկայում չի նախատեսվում։
Վայոց ձորի մարզի 5 միավորված համայնքներում համայնքային կենտրոնների աշխատակազմերի գործունեության համար ոչ բավարար շենքային պայմաններ առկա են Վայքում, Եղեգնաձորում, Արենիում և Եղեգիսում: Վայք միավորված համայնքում 2022-ի ընթացքում նախատեսվում է համայնքապետարանի շենքի կապիտալ նորոգում 39 մլն. դրամի սահմաններում:
Սյունիքի մարզում Գորիս միավորված համայնքի համայնքապետարանի աշխատակազմի և վարչական ղեկավարների նստավայրերի շենքերն ունեն կապիտալ և մասնակի նորոգման կարիք: Կապիտալ նորոգման կարիք ունեցող Որոտան, Շուռնուխ և Բարձրավան բնակավայրերից բացի մնացած բնակավայրերում շենքային պայմանները բավարար են աշխատանքային գործունեություն իրականացնելու համար: Սահմանամերձ բնակավայրերում այժմ իրականացվում են կենսական նշանակության ծրագրեր (ոռոգման, խմելու ջրագծի կառուցում և այլն), և ֆինանսական միջոցների սղության պատճառով առաջիկայում չի նախատեսվում վերը նշված շենքերի կապիտալ նորոգում: Կապան համայնքի միավորումից հետո շենքային պայմանները բավարար չեն։ Նախատեսվում է Կապանի համայնքապետարանի շենքի կապիտալ նորոգում և մասնաշենքի ավելացում։ Մեղրի համայնքի խոշորացումից հետո աշխատակազմի գործունեության համար կան բավարար շենքային պայմաններ, սակայն համայնքի գյուղական բնակավայրերում կան նորոգման խնդիրներ: Տաթև և Տեղ համայնքների բնակավայրերում աշխատակազմերի գործունեության համար շենքային պայմանները բավարար են: Սակայն, օրինակ՝ Արավուս բնակավայրում գործունեությունն իրականացվում է գյուղի տարրական դպրոցի շենքի մի հատվածում։
Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ համայնքում աշխատակազմի գործունեության համար կան բավարար շենքային պայմաններ։ Նոյեմբերյանում աշխատակազմի ավելացումից հետո աշխատասենյակների քանակի խնդիր է առաջացել, որը փորձում են լուծել համայնքապետարանի շենքում գործող այլ ծառայությունները ուրիշ տարածք տեղափոխելով և նախկինում չօգտագործված, նորոգման ենթակա սենյակները օգտագործելով, որն ըստ նախնական հաշվարկների կկազմի մոտ 15 մլն. դրամ։
Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ ձեռնարկվում են միջոցներ համայնքային ենթակայության առանձին շենքի նորոգման համար, ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։
Բազմաթիվ համայնքներում տրանսպորտի խնդիրն այդպես էլ չի լուծվում
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասում է՝ գրեթե բոլոր մարզերում, բոլոր միավորված համայնքներում հասարակական տրանսպորտի խնդիրը շարունակում է խնդրահարույց մնալ։
«Այժմ այս խնդիրը փորձում են լուծել Կոտայքի մարզում։ Վայոց Ձորի մարզի 5 համայնքներից 2-ում առկա են հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրներ: Վայք համայնքի 16 բնակավայրերից խնդիրը առկա է 4-ում, իսկ Արենի համայնքի 9-ը բնակավայրերից խնդիրը առկա է 8-ում: Խնդրի լուծման համար տարվում են համապատասխան աշխատանքներ»,- նշում է Տերտերյանը։
Արենի համայնքի բնակիչ Նարե Ղազարյանն ասում է՝ համայնքների միավորումից հետո դրական փոփոխություններ չի նկատել, թեև հույս ուներ, որ գոնե տրանսպորտի խնդիրը կլուծվի։
«Համայնքները խոշորացվեցին, իսկ խնդիրները չպակասեցին։ Մեր համայնքի մյուս 8 բնակավայրերը գնալու համար հասարակական տրանսպորտ չկա։ Անգամ մարզկենտրոն Եղեգնաձոր գնալու համար հասարակական տրանսպորտ չկա։ Արենիից Եղեգնաձոր գնալ-վերադառնալու համար տաքսուն վճարում եմ 4000 դրամ։ Մեր բնակավայրում կա հատված, որտեղ անգամ խմելու ջրի հետ կապված խնդիր կա, որն այդպես էլ չի լուծվում»,- ասում է Ղազարյանը։
Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումից առաջ հասարակական տրանսպորտի գործունեության համար մրցույթ է հայտարարվել, որի հաղթողը սկսել է իրականացնել ուղևորափոխադրումներ, սակայն ուղևորների քիչ լինելու և վառելիքի թանկացման պատճառով ընկերությունն իր գործը սկսելուց կարճ ժամանակ հետո տեղեկացրել է՝ վնասով են աշխատում, չեն կարող շարունակել գործունեությունը։
Ըստ համայնքի ղեկավարի՝ համայնքապետարանը ևս աջակցել է, յուրաքանչյուր ամիս 20-30 հազար դրամ է տրամադրել վառելիք գնելու համար, սակայն կորոնավիրուսից հետո, այնուամենայնիվ, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։
«Մեր համայնքի հաշվեկշռում կա մեկ ֆորդ մակնիշի ավտոմեքենա․ որոշ ժամանակ էլ անվճար այդ ֆորդով ուղևորափոխադրում իրականացվեց բոլոր բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով,- ասում է համայնքի ղեկավարը՝ նշելով, սակայն, որ որոշ ժամանակ անց Արենի խոշորացված համայնքի կազմում գտնվող Ռինդ և Արփի բնակավայրերում բացվել է մանկապարտեզ, որտեղ մի քանի այլ բնակավայրերի երեխաներն են հաճախում,- մենք ստիպված եղանք այդ մեկ ֆորդը տրամադրել երեխաներին՝ տնից մանկապարտեզ, ապա մանկապարտեզից տուն տեղափոխելու համար»:
Հրատապ լուծման կարիք ունեցող մյուս խնդիրը ոռոգման ու խմելու ջրի հարցն է։ Կան աղբյուրներ, որոնք ցամաքել են։
«Ջրի խնդիրը կա բոլոր բնակավայրներում։ Լուծման ուղիները քննարկել ենք, մեր քննարկումները ներկայացրել պատկան մարմիններին,- ասում է Սահակյանը՝ հայտնելով, որ Ելփինում ու Խաչիկում մեծ ջրամբարներ կառուցելու նախագծման փուլում են, կարծում է՝ հաջորդ տարի ջրամբարները պատրաստ կլինեն,- Հույս ունենք, որ գոնե անձրևաջրերը կամբարվեն ու որոշակիորեն կլուծվի ոռոգման ջրի հարցը։ Հարցի լուծման մյուս տարբերակը Արփա գետի վրա՝ Արենիում պոմպերի վերագործարկումն է․ այդ պարագայում հնարավոր կլինի հարակից բնակավայրերին ոռոգման ջուր ապահովել»։
Ըստ համայնքի ղեկավարի՝ առանձին բնակավայրերում էլ կարելի է թեկուզ փոքր ջրամբարներ կառուցել, որոնցով հնարավոր կլինի մոտ 10 հեկտար հող ոռոգել։
«Այժմ հազարավոր հեկտարներով բերրի վարելահողեր ունենք, որոնք, ցավոք, չեն մշակվում ոռոգման ջրի բացակայության պատճառով»,- ասում է Սահակյանն ու ընդգծում՝ պատկան մարմիններն այժմ քննարկում են իր նշած այս առաջարկները, հույս ունի, որ գաղափարները կյանքի կկոչվեն։
Շիրակի մարզի միավորված համայնքներում ևս, բացառապես մարզկենտրոն Գյումրիից, մի բնակավայրից մյուսը գնալու համար հասարակական տրանսպորտ չի գործում:
Ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տեղեկության՝ Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու մարզերի որոշ համայնքներում ևս հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան։ Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում նախատեսվում է միասնական օպերատորի ներդնում, ընթանում են մրցութային գործընթացներ։ Այս միջոցառումները թույլ են տալու լուծել ներհամայնքային ու միջհամայնքային տրանսպորտի խնդիրը։
Համայնքները խոշորացնելով պետությունը ֆինանսներ խնայո՞ւմ է
Արդյո՞ք համայնքները խոշորացնելով՝ պետությունը խնայում է ֆինանսական միջոցներ․ հարցի հստակ պատասխան կարծես թե դեժվար է ասել: Թեև համայնքների միավորման գործընթացը մեկնարկել է 2016-ից, այդուամենայնիվ, ըստ պատասխանատու նախարարության՝ այս տարիների ընթացքում ֆինանսական խնայողությունների վերաբերյալ առանձին վերլուծություններ չեն իրականացվել։
«Ֆինանսների խնայողության մասով հատկանշական է այն հանգամանքը, որ հաստիքների կրճատման արդյունքում գոյացել են ֆինանսական միջոցներ, մյուս կողմից, սակայն, ավելացել են նոր հաստիքներ։ Եթե խոսքը համայնքների միավորման համատեքստում ընդհանուր ֆինանսական խնայողություններին է վերաբերում, ապա այստեղ ավելի ճիշտ վերաբաշխման հարցն է, քանի որ միավորումը ենթադրում է ծախսերի, աշխատանքների ուղղությունների վերանայում և մի շարք այլ նմանատիպ գործընթացներ»,- ասվում է փոխնախարարի պատասխանում՝ միաժամանակ նշելով, որ միավորումից հետո համայնքներում կատարված դրական ու տեսանելի փոփոխությունները կարող են փաստել ֆինանսական արդյունավետության մասին։ Ըստ Տերտերյանի՝ գործընթացը կախված է նաև միավորված համայնքի արդյունավետ կառավարումից ու համայնքային խնդիրներին գրագետ լուծումներ տալուց։
Ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալների՝ 2016-ից՝ համայնքների միավորման գործընթացի մեկնարկից մինչև 2022-ի առաջին եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածը կրճատված հաստիքների թիվը կազմում է մոտ 1531, մյուս կողմից՝ շուրջ 2266 մարդ համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում աշխատանքի է անցել համայնքապատկան կառույցներում։ Ստացվում է, որ կրճատումներին զուգահեռ՝ ավելացել են բազմաթիվ հաստիքներ
2022-ի մայիսի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի միավորված համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների թիվը․
Արագածոտն
Ալագյազ-11
Ապարան-65
Արագածավան-16
Արևուտ-9
Աշտարակ-99
Մեծաձոր-4
Ծաղկահովիտ- 21
Ընդամենը՝ 225
Կոտայք
Աբովյան-94
Ակունք-20
Արզնի-7
Բյուրեղավան—17
Չարենցավան-55
Գառնի-22
Հրազդան-74
Ջրվեժ-17
Նաիրի-73
Նոր Հաճն-41
Ծաղկաձոր-33
Ընդամենը՝ 451
Արարատ
Մասիս-112
Արարատ-57
Արտաշատ-140
Ծաղկահովիտ- 21
Ընդամենը՝ 40
Շիրակ
Ախուրյան-76
Ամասիա-38
Անի-42
Արթիկ-93
Աշոցք-55
Գյումրի-142
Ընդամենը՝ 446
Արմավիր
Արաքս-59
Վաղարշապատ -61
Փարաքար-62
Խոյ-109
Մեծամոր-137
Արմավիր-78
Բաղրամյան-76
Ընդամենը՝ 582
Սյունիք
Գորայք-8
Գորիս-45
Կապան-99
Մեղրի-29
Քաջարան-33
Սիսիան-76
Տաթև-16
Տեղ-18
Ընդամենը՝ 324
Գեղարքունիք
Գավառ-48
Ճամբարակ-24
Սևան-72
Վարդենիս-100
Մարտունի -117
Շողակաթ-13
Ընդամենը՝ 374
Վայոց ձոր
Վայք-47
Եղեգնաձոր-33
Ջերմուկ-26
Արենի-26
Եղեգիս-25
Ընդամենը՝ 157
Լոռի
Վանաձոր- 149
Ալավերդի-30
Սպիտակ-80
Ստեփանավան-33
Տաշիր-36
Լոռի Բերդ-14
Գյուլագարակ-17
Մեծավան-15
Սարչապետ-13
Թումանյան-24
Շնող-12
Ախթալա-18
Օձուն-21
Փամբակ-42
Լերմոնտովո-4
Ընդամենը՝ 513
Տավուշ
Բերդ-61
Դիլիջան-36
Իջևան-90
Նոյեմբերյան-80
Ընդամենը՝ 267
Երբ անտեսվում է բնակիչների կարծիքը
Համայնքների վարչական սահմանները փոփոխելիս համայնքների հետ խորհրդակցելու և նրանց լսված լինելու իրավունքի իրացման պարտավորությունն ամրագրված է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 4-րդ հոդվածի 6-րդ մասում․ «Ցանկացած որոշման պլանավորման և ընդունման գործընթացում, որն անմիջականորեն առնչվում է տեղական ինքնակառավարման մարմիններին, անհրաժեշտ է խորհրդակցել այդ մարմինների հետ, որքան հնարավոր է, անելով դա նախապես և համապատասխան ձևով»։ Բացի այդ, խարտիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Տեղական տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխության դեպքում անհրաժեշտ է նախապես խորհրդակցել տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ, հավանաբար այնտեղ, որտեղ թույլ է տալիս օրենքը, հանրաքվե անցկացնելու միջոցով»։
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի» կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» հետազոտության մեջ նշվում է, որ մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունները մայր օրենքում տեղական հանրաքվեն սահմանվում էր որպես համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ համայնքների լսված լինելու իրացման եղանակ։
Ըստ 2005-ի խմբագրությամբ Սահմանադրության 110-րդ հոդվածի՝ «Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Վերջինների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»: 2015-ի խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանվեցին համայնքների միավորման կամ բաժանման նոր իրավաիրացնող կարգավորումներ: Մասնավորապես, Սահմանադրության 190-րդ հոդվածը սահմանում է. «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել: Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։
Ավելի ուշ՝ 2019-ի դեկտեմբերի 19-ին, ՀՀ Սահմանադրության 190-րդ հոդվածում ամրագրված դրույթներով պայմանավորված, Ազգային ժողովն ընդունել է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Ըստ հետազոտության՝ թեև այս օրենսդրական փոփոխությունը միտված էր համայնքների բնակչության լսված լինելու իրավունքի լիարժեք իրացմանը, սակայն, ըստ էության, այդ նպատակին չի ծառայել, քանի որ կատարված օրենսդրական փոփոխությունը չի համապատասխանում համայնքների լսված լինելու իրավունքի վերաբերյալ ՀՀ միջազգային պարտավորություններին ու միջազգային չափանիշներին։
2021-ի սեպտեմբերին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ 2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Սևանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան, որի բնակիչներից որևէ մեկը չէր մասնակցել ընտրություններին։ Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ուներ 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ Բնակիչները դեմ էին համայնքների միացմանը, խոշորացմանը: Ի նշան բողոքի՝ այս գյուղերի բնակիչները պարբերաբար փողոց էին փակում և բողոքի այլ ակցիաներ իրականացնում:
«Մեր կարծիքն այդպես էլ հաշվի չառան։ Սևանը մեր բնակավայր Ծովագյուղից բավական հեռու է։ Անշուշտ, լինելու են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինելու գնալ Սևան։ Այլ հանգամանք էլ կա․ նախկինում մեր գյուղում մեծ աշխատանքներ էին իրականացվում, ճանապարհները լավ վիճակում են, լուսավորության խնդիրը լուծված է, մեր գյուղի մանկապարտեզը երևի շատ ավելի լավ վիճակում է, քան Սևանում գտնվող մանկապարտեզները, և առհասարակ, կարծում եմ՝ մեր գյուղն ավելի լավ վիճակում էր, քան Սևանը»— ասում է Ծովագյուղի բնակիչ Սրբուհի Գուլանյանը։
Նա նշում է՝ Ծովագյուղում բազմաթիվ լողափեր, ռեստորաններ ու այլ բիզնեսներ կային, որոնք հարկեր էին վճարում, իրենց գյուղն էլ հարուստ բյուջե ուներ։
«Մենք հասկանում էինք, որ այդ գումարներն այլևս մեր գյուղապետարանի բյուջե չեն մտնելու, այլ գնալու են Սևան, հետո վերաբաշխում է արվելու։ Գյուղը տուժելու էր, և այդպես էլ եղավ։ Մեր գյուղում մի կամուրջ կա, որը քանդվել է, այն այդպես էլ չի նորոգվում։ Բացի այդ՝ մենք՝ բնակիչերս, կարծում էինք, որ Սևան խոշորացված համայնքի կազմում լինելու դեպքում արդյունավետ կառավարում չի լինելու։ Մտե՛ք Սևանի փողոցները և տեսե՛ք՝ ինչ վիճակ է․ երբ անձրև է գալիս, այնտեղ այնպիսի ջրափոսեր են գոյանում, որ տեղաշարժվելու համար մարդուն մի նավակ է պետք։ Եթե այդ համայնքի ղեկավարը Սևանում առկա խնդիրները չէր կարողանում լուծել, մեր գյուղի խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծեր»,- ասում է Գուլանյանը։
Միջազգային փորձը
Դեռ 2011-ին համայնքների խոշորացման գործընթացը պլանավորելիս հաշվի է առնվել նաև միջազգային փորձը՝ տարբեր երկրների օրինակով, այդ թվում՝ Մակեդոնիայի, Վրաստանի, Լիտվայի, Դանիայի, Գերմանիայի։
«Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում» նշվում է, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը դասվում է կոնտինենտալ խմբին և առավել մեծ նմանություն ունի Գերմանիայի համակարգին:
«Համայնքների զարգացում և քաղաքացիական հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Հովհաննիսյանը, որը 2008-2018 թվականներին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի աշխատակազմի ղեկավարն ու մասնակցել է համայնքների խոշորացմանն առնչվող բազմաթիվ քննարկումների, ասում է՝ Հայաստանում իրականացված խոշորացման գործընթացը, թեև որոշակի նմանություններ ունի Գերմանիայում իրականացված համայնքների միավորման փորձին, բայց լրիվ տեղայնացված, առանձին մոդել է։
Հայաստանյան իրականություն
Արմեն Հովհաննիսյանն ասում է, որ թեև խոշորացման գործընթացը պլանավորելիս ի սկզբանե քննարկումներն այլ ուղղությամբ են ընթացել, սակայն վերջնարդյունքից գոհ է, միակ խնդիրը սահմանամերձ համայնքների դեպքում է տեսնում, իր կարծիքով՝ այդ համայնքներին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:
Փորձագետը նաև նկատում է, որ հանրությունը խոշորացման մասին այդքան էլ իրազեկ չէ ու սխալ կարծրատիպեր ունի։ Հովհաննիսյանը բացատրում է, որ մինչև խոշորացումը փոքր համայքների մեծ մասը լայն հնարավորություններ, բավարար բյուջե չունեին, իսկ խոշորացումից հետո սուբսիդիա են ստանում ու աշխատանքներ իրականացնում։
Անդրադառնալով համայնքներում հաստիքների փոփոխություններին ու դրան զուգընթաց իրականացվող աշխատանքներին՝ Հովհաննիսյանն ասում է.
«Երբ ես աշխատակազմի ղեկավար էի Վարդենիկում, 12 հազար բնակիչ ունեցող մեր գյուղի համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը 15 հոգի էր, մինչդեռ, օրինակ՝ 3 հազար բնակիչ ունեցող գյուղի համայնքապետարանի աշխատակազմը կարող էր բաղկացած լինել 30 հոգուց։ Օրենքն այդպիսին էր․ համայնքը ավագանիով կարող էր հաստատել իր հաստիքացուցակը և դրույքաչափերը․ կոպիտ ասած՝ քանի աշխատող ուզեին, կարող էին ներառել աշխատակազմում»,- ասում է Հովհաննիսյանն ու հավելում՝ այժմ՝ խոշորացումից հետո, արդեն որոշակի սահմանափակումներ կան․ բնակավայրերում 3-4 հաստիք կա, հետևաբար, ենթադրելի է, աշխատավարձային ֆոնդի հետ կապված պետությունը կարողանում է գումար տնտեսել։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանն էլ ընդգծում է՝ 2016-ին, երբ մեկնարկեց համայնքների միավորման բուն գործընթացը և իրականացվեցին պիլոտային ծրագրեր, որոնցից մեկն էլ Լոռու մարզի Թումանյան համայնքում, որոշակի տեսանելի դրական փոփոխություններ եղան։ Մասնավորապես, այդ պիլոտային ծրագրերը ցույց տվեցին, որ հնարավոր է խոշորացված համայնքի բյուջեով խնդիրներ լուծել, ինչպես օրինակ՝ ներհամայնքային ճանապարհների նորոգում, բնակավայրերում մանկապարտեզների կառուցում, գիշերային լուսավորության անցկացում, աղբահանության իրականացում։
«Որոշ փոքր համայնքներում նման աշխատանքներ նախկինում իրականացնելը պրակտիկորեն անհնար էին։ Այդ պիլոտային ծրագիրը հիմք դարձան, որ դրական տրամադրվածություն առաջանար խոշորացման հետ կապված,- ասում է Դուլգարյանը՝ նշելով, որ պիլոտային ծրագրերի նպատակն է ծրագրի թերությունների, խնդիրների ուսումնասիրությունը, ինչը, սակայն, այս դեպքում տեղի չի ունեցել,- Այս բացերը չուսումնասիրվեցին, չլուծվեցին, իսկ խոշորացման գործընթացը շարունակվեց»։
Ըստ Դուլգարյանի՝ համայնքների խոշորացմանը զուգընթաց՝ չիրականացվեցին քայլեր բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու համար։ Օրինակ՝ երբ մի բնակավայրի ներհամայնքային ճանապարհներն են նորոգում, ստացվում է՝ մյուս բնակավայրերի բնակիչները պետք է տարիներով սպասեն մինչև իրենց բնակավայրի հերթն էլ հասնի։ Փորձագետի կարծիքով՝ համայնքներում խնդիրներ կան նաև ֆինանսների արդյունավետ կառավարման մասով։
«Հիմա արդեն իրականացվում է խոշորացում, այսպես ասած, շրջանային սկզբունքով՝ հենվելով նախկին խորհրդային միության փորձի վրա․ ես դա արդարացված չեմ համարում։ Այդ համայնքները մի անգամ արդեն խոշորացրել են, դա որոշակի գործընթաց է, համայնքի 30 տարվա ապրելու ձևաչափը փոխվում է, այդ ադապտացիայի փուլը չանցած՝ ուզում են նույն համայնքները մի անգամ ևս խոշորացնել՝ արդեն շրջանային մոդելով»,- նշում է Դուլգարյանը:
Սակայն փորձագետը մեկ այլ մտահոգություն էլ ունի. կարծում է, որ թեև այս շրջանային խոշորացումը ներկայացվում է Սովետական միության տարիներին եղած մոդելի տեսքով, սակայն այն դրա հետ այդքան էլ չունի կապ:
«Նախկին Սովետական միության շրջանները միավորներ էին, որոնք բաղկացած էին տարբեր ընտրովի մարմիններից՝ քաղաքական խորհուրդ՝ ավագանի և գյուղխորհրդի նախագահ»,- ասում է Դուլգարյանը՝ հիշեցնելով՝ հիմա կա բնակավայրի վարչական ղեկավար, որին նշանակում է տվյալ համայնքի ղեկավարը, ավելին՝ երախշավորված չէ, որ համայնքի ավագանու կազմում ամեն բնակավայրից կլինի գոնե մեկ ներկայացուցիչ։
Բացի այդ, ըստ փորձագետի՝ պետք է հաշվի առնել, որ այժմ ՏԻՄ-երն է՛լ ավելի քաղաքականացված են, քան նախկինում, հետևաբար, համայնքի զարգացման շահին զուգընթաց՝ կա նաև քաղաքական շահ: Միևնույն ժամանակ, ըստ Դուլգարյանի՝ քաղաքացիները ոչ միշտ են ամբողջությամբ ընկալում խոշորացման գործընթացը։
«Հիմնական գործընթացները տեղի են ունենում հենց իրենց համայնքում, քաղաքացին կենտրոնական համայնք պետք է գնա միայն երբ պետք է մասնակցի ավագանու նիստին, որին, սակայն, շատ ցածր մասնակցություն է եղել և՛ նախկինում, և՛ հիմա, այսինքն՝ այդ ինստիտուտը մեզ մոտ կայացած չէ»,- ասում է Դուլգարյանը՝ եզրափակելով, որ հիմա ՏԻՄ-երի համար շատ ավելի դժվար է լինելու այդ բոլոր բնակավայրերում համաչափ զարգացում ապահովելու տեսանկյունից, քանի որ միավորվում է 30-ից ավելի տարբեր խնդիրներ ունեցող բնակավայր։ Մինչդեռ համայնքների բնակիչները չպետք է անմասն մնան խոշորացման գործընթացին ու պետք է առավել աչալուրջ լինեն՝ ժամանակին արձագանքելով իրենց հուզող խնդիրներին։