EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Մրտ 20, 2025

Երազանքի տներ սահմանամերձ բնակավայրերում

Գոհար Աբրահամյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում կառուցվող նոր տներն աշխուժություն են բերել ու հույս ներշնչել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում։ 2022-ին մեկնարկած պետական ծրագիրը, որով 16 մլն դրամ է հատկացվում սահմանամերձ գոտում տուն կառուցելու համար, թեև նախանշված էր եզրափակել 2024-ին՝ 2000 տան կառուցմամբ, սակայն պահանջարկը ստիպել է վերանայել ծրագիրն ու ավելացնել ևս 400 տան հնարավորություն։

 

Նկարից մինչև իրականություն

Վայոց ձորի Արենի համայնքի բնակիչ Խաչիկ Պետրոսյանը ծրագրի առաջին շահառուներից է։ Մոր, կնոջ ու երկու երեխաների հետ արդեն առաջիկայում կտեղափոխվի նոր տուն. «Հողամասը ժառանգել ենք դեռ 50-ականներից, երազել ենք այստեղ տուն կառուցել, սակայն հնարավորությունները սուղ են եղել ու հիմա՝ պետության աջակցության շնորհիվ մեր երազանքն իրականանում է»:

Խաչիկ Պետրոսյանն է նաև ոգևորել համագյուղացիներին դիմել ծրագրին, ու հիմա արդեն Արենիում 100-ից ավել նորակառույց տուն կա: Գինեգործության հարուստ պատմություն ունեցող զբոսաշրջային կենտրոն Արենին, թեև սահմանակից է Ադրբեջանին, սակայն համարվել է ավելի ապահովված և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել է միայն 2021-ին։  

«Յուրաքանչյուր նոր կառուցվող տուն յուրաքանչյուր սահմանին ամրություն է տալիս, գյուղը դարձնում կենսունակ։ Այս ծրագրից շահում են բոլորը՝ մարդիկ տուն են ստանում, շինարարները՝ աշխատանք, իսկ համայնքը զարգանում է»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա` ծրագրի պայմաններն էլ բավական պարզ են ու հասանելի. «Բանկը մեր անունով ձևակերպում է վարկ, որի թե՛ մայր գումարը, թե՛ տոկոսները վճարում է պետությունը, գյուղացուն էլ բան չի մնում»: 

 

Գործընթացը

Գյուղական բնակավայրերի համաչափ զարգացման ու բնակարանային ֆոնդի թարմացման նպատակ ունի պետական աջակցության ծրագիրը։ Ի սկզբանե որոշվել է՝ պայմանները շատ չեն լինելու։ Հարկավոր էր կառավարության որոշմամբ սահմանամերձ 80 գյուղական բնակավայրերից մեկում ունենալ հող կամ կիսակառույց շինություն, ընտրել պետության կողմից առաջարկվող 40-ից ավելի նախագծերից մեկը կամ ունենալ սեփական՝ հաստատված նախագիծը, ինչպես նաև շինարարության թույլտվություն։ Լինել ամուսնացած, իսկ ամուսիններից մեկը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չունենալ պարտավորություններ պետության նկատմամբ՝ չմարված տուգանքներ, հարկեր, ժամկետանց վարկեր։ Հաշվի չեն առնվել ո՛չ դիմորդների տարիքը, ո՛չ երեխաների առկայությունը, անգամ այդ տարածքում հաշվառված լինելու հանգամանքը։

Անհրաժեշտ փաստաթղթերը համագործակցող վեց բանկերից և մեկ վարկային կազմակերպությունից որևէ մեկը ներկայացնելուց հետո ձևակերպվել է հիփոթեքային վարկ 16 միլիոն դրամի չափով՝ 13 տոկոսադրույքով, որը միջին շուկայական տոկոսադրույք է համարվում։ Կառավարության և բանկերի միջև բանակցությունները երկար են տևել. բանկերը սկզբնական շրջանում խուսափել են սահմանամերձ հատվածներում գրավադրումներից, այնուամենայնիվ, կառավարությանը հաջողվել է հասնել համաձայնության։ Գումարը փոխանցվում է մի քանի փուլով՝ հաշվի առնելով կատարված աշխատանքները։ Չի գնահատվել անգամ քաղաքացու վարկունակությունը, քանի որ ամբողջ գումարի մարումն իրականացնում է պետությունը։ Սակայն, եթե տան կառուցման աշխատանքները չեն տեղավորվում տրամադրվող գումարի սահմաններում, մնացած ներդրումը քաղաքացին կատարում է իր գրպանից։ Իսկ շահառուներից շատերն են մտածում միանգամից մեծ տուն սարքելու մասին՝ հաշվի առնելով, որ աշխատանքների հիմնական մասը կատարվում է պետության տրամադրած գումարով։ Բայց, ծրագրի պահանջներից է, որ տունը պետք է կառուցվի երեք տարվա ընթացքում և չի կարող օտարվել տասը տարի։ Շահառու ընտանիքն աջակցությունից կարող է օգտվել մեկ անգամ։ Ի դեպ, այս ծրագրից կարելի է օգտվել անգամ եթե նախկինում օգտվել են պետական աջակցության այլ՝ հիպոթեքային վարկի սպասարկման դեպքում եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերից։

Ծրագիրը հասանելի է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, սակայն նրանք պետք է կատարեն ընտրություն՝ օգտվել կա՛մ այս, կա՛մ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից, երկուսը միասին հասանելի չեն։

Եվա Ավետիսյանի ընտանիքը մեկն է արցախցի 32 ընտանիքներից, որ դարձել է այս ծրագրի շահառու։ Տավուշի Սարիգյուղում Ավետիսյանի երկհարկանի տան հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Օգտագործել են պետության տրամադրած գումարը, իսկ մնացած աշխատանքները կատարելու են սեփական ներդրմամբ, քանի որ շեղվել են պետության կողմից առաջարկվող նախագծերից, իրենք են կազմել իրենց տան նախագիծը՝ ներառելով մեծ պատուհաններ ու պատշգամբ։

«Տուն կառուցելու համարձակություն չէինք ունենա, եթե չլիներ այս ծրագիրը։ Բայց, քանի որ գիտենք՝ պետությունն օգնում է, ունեցանք այդ համարձակությունն ու սկսեցինք կառուցել մեր երազանքի տունը»,- ասաց Ավետիսյանը։ 

Շուշեցի կինը մաթեմատիկայի ուսուցիչ է, դասավանդում է Բերքաբերի միջնակարգ դպրոցում, ամուսինը զինվորական է, իսկ երկու տղաները դեռ մանկապարտեզ են հաճախում։ Ասում է՝ սա լավագույն հնարավորությունն էր հետագայում երեխաների բարեկեցությունն ապահովելու համար. «Ծրագրի մասին համացանցից իմացանք, շատ արագ կազմակերպեցինք Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացն ու դիմեցինք բանկ։ Իսկ հիմա արդեն սպասում ենք, թե երբ ենք տեղափոխվելու մեր տուն»։

Ծրագրի առաջին յոթ ամիսներին շատ քիչ է եղել դիմելիությունը, կառավարությունում անհամբեր սպասել են 100-րդ շահառուին, մինչդեռ արդեն երկրորդ տարում դիմորդների մեծ քանակը ստիպել է մտածել 2000 տան սահմանափակման մասին։

«Մարդիկ սկզբում պարզապես չէին հավատում, թե իսկապես ամբողջ բեռը պետութունն իր վրա է վերցնում,- ասաց Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում տուն կառուցող Վահագն Խուդավերդյանը՝ ցավով նշելով, որ միգուցե հենց այդ թերահավատության հետևանքով էլ շատերը պարզապես չհասցրին օգտվել ծրագրից,- Ես արդեն տան հիմքերը գցել էի, երբ վարսավիրանոցում պատահական լսեցի, որ կողքիս այցելուն վստահեցնում էր, թե սուտ է այդ ծրագիրն ու չի աշխատում։ Լուռ լսում էի, թե ինչ է խոսում, երբ վարսավիրս չդիմացավ ու ինձ մատնացույց արեց, որ ախր էս մարդն արդեն տան կեսն արել ա, ոնց ա սուտ»։

Խուդավերդյանը ծնվել, մեծացել, ամուսնացել է Բերքաբերում, սակայն այնուհետև տեղափոխվել է մարզկենտրոն Իջևան։ «Միշտ էլ մտքիս եղել է իմ անձնական տունն ունենալ սիրելի գյուղում, բայց եթե չլիներ պետության աջակցությունը՝ իմ երազանքի տան կառուցումն այդպես էլ կմնար երազանք։ Տուն կառուցելը դժվար է, բայց նաև շատ հաճելի՝ նախագծի նկարից մինչև իրականություն դառնալը»։

 

Ընդլայնում

Բերքաբերում արդեն 100 տուն է կառուցվում, որով կրկնապատկվում է գյուղի տների քանակը։ Հենց նման ոգևորությունն է կառավարությանը ստիպել 2024-ից հետո էլ ծրագիրը, որոշ փոփոխություններով, վերաբացել Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց համայնքների համար՝ 40-ական տեղով, ինչպես նաև Բաղանիս և Ոսկեպարի համար՝ 50-ական տեղով։ Հատկանշական է, որ այս համայնքներից դիմորդներին կտրվի նաև հավելյալ հինգ միլիոն դրամի աջակցություն, եթե ծրագրին դիմելիս ունենան մեկ տարվա հաշվառում տվյալ բնակավայրում։

Հնարավորություն է տրվել նաև ծրագրից օգտվել նրանց, ովքեր շինթույլտվություն են ստացել մինչև 2024-ի սեպտեմբերի մեկը: 

Փոփոխությամբ, փաստացի, մեկնարկել է նաև ծրագրի ընդլայնումը՝ առաջինը հնարավորություն տալով Վայոց ձորի Գոմք բնակավայրին։ Շուրջ 144 բնակիչ ունեցող Գոմքը սահմանամերձ չէ, սակայն 2024-ին այստեղ բացվեց նորակառույց դպրոց՝ 100 աշակերտի համար, մինչդեռ աշակերտների թիվն առայժմ 25 է։ Դպրոցի բացման արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց բնակապահովման աջակցության ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել Գոմքից՝ ծրագիրը դարձնելով հասցեական և նպաստել համայնքների զարգացմանը: Այս բնակավայրի դեպքում 30 տան կառուցման հնարավորություն է տրվել, որից հինգը մանկավարժի որակավորում ունեցող անձանց համար։ Գոմքի դեպքում պարտադիր է դարձել նաև մինչև 13 տարեկան երեխա ունենալը:

Այսպիսով, 2025-ի փետրվարին արդեն հաստատված է 2209 գործարք, որից 1444-ը Տավուշում, 225-ը Սյունիքում, 284-ը Վայոց ձորում, 146-ը Արարատում, 110-ը Գեղարքունիքում։ 70 տուն արդեն պատրաստ է, տրվել են նաև ավարտական վկայականները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունվարին, ամփոփելով նախորդ տարին, նշեց, թե այս ծրագիրը 2024-ի ամենահաջողված միջոցառումներից է եղել։ 

 

Շարունակականությունը

Սահմանամերձ գյուղերում ծրագրից օգտվողների հիմնական մասը եղել են մեծ ընտանիքներից առանձնացողները, տվյալ բնակավայրում վարձակալությամբ ապրող երիտասարդ ընտանիքները, ինչպես նաև ժամանակին արտագաղթածները, որոնք նաև տուն չունենալու հետևանքով էին հեռացել, իսկ այս ծրագրի միջոցով հնարավորություն են ունեցել վերադառնալ և հայրենիքում կյանքը շարունակել։ Հատկանշական է, որ շահառուների 90 տոկոսից ավելին հենց համայնքների բնակիչներն են եղել։ Այնուամենայնիվ, կառավարությունում նորեկներին ևս դեմ չէին։

«Ծրագիրը մի քանի նպատակ ուներ. ձևավորել նոր բնակարանային ֆոնդ, թարմացնել գյուղը, դրսից նոր բնակիչների ներգրավել, նույնիսկ եթե մշտական չէին բնակվի։ Դրանով կապահովվի գույքահարկի որոշակի ֆոնդ, առևտրաշրջանառությունը կավելանա, այդ բնակավայրերի բյուջեն որոշակի կաճի, այսինքն իրար կապակցված, շղթայական բազմարդյունք ծրագիր է»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Արդյոք ծրագիրը կլինի շարունակական ու արդյոք մյուս բնակավայրերում էլ կվերաբացվի, ըստ Խաչատրյանի՝ կախված է ինչպես երկրի ֆինանսատնտեսական ցուցանիշներից, այնպես էլ ծրագրի վերջնական պատկերից։ Ըստ փոխնախարարի, նույնիսկ եթե շահառուների մինչև 10 տոկոսի դեպքում լինեն խնդիրներ ու անավարտ մնան կառույցները, այնուամենայնիվ, ծրագիրը հաջողված կհամարվի, քանի որ 90 տոկոսի խնդիրները լուծված կլինեն։ Խաչատրյանը նշեց, որ առայժմ ընթացքը դրական է։

Գյուղական բնակավայրերում նախադեպը չունեցող շինարարական այս եռուզեռը բարձրացրել է նաև շահառու համայնքներում հողի պահանջարկն ու գինը։ Ըստ Խաչատրյանի՝ սա շահառուներին էլ ունեցած գույքի արժեքով ու կարողությամբ ավելի վստահ զգալու հնարավորություն է տալիս: Այսպիսով, ակնկալվում է, որ ծրագիրը կդառնա ոչ միայն բնակարանային ապահովման, այլև համայնքների զարգացման կարևոր գործոն՝ ընդգրկելով ավելի շատ բնակավայրեր և շահառուներ։

Մարդ և օրենք

Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Բուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ

Աստղիկ Կարապետյան
Հնվ 16, 2025

Անազատության մեջ պահվող անձանց ամիսներով հետաձգվող բուժօգնության, անհրաժեշտ դեղերի բացակայությանն ու փոխարինող դեղերով բուժման խնդիրներին, բուժաշխատողների անբարյացակամ վերաբերմունքին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։

Read more
disability in prison

«Ընտրել եմ ապրելը»․ հաշմանդամություն ունեցողներն անազատության մեջ

Աստղիկ Կարապետյան
Հնվ 13, 2025

Թեև քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումներ, սակայն դրանք տեղային են ու ՔԿՀ-ների տարածքները հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար շարունակում են մնալ ոչ մատչելի ու ստեղծում են խնդիրներ։

Read more
Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աշխատանքն ու կրթությունը բանտում

Աստղիկ Կարապետյան
Հնվ 9, 2025

Ինչպես են անազատության մեջ գտնվողները կրթություն ստանում ու վարձատրվող աշխատանքի ինչ հնարավորություններ ունեն, դատապարտյալներից քանի՞սն է աշխատում ու ինչ խնդիրների է բախվում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում

Արևիկ ՕհանյանևՌուբեն Մարկոսյան
Նյմ 5, 2024

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի մի շարք կարևոր հիմնարար սկզբունքները, կարծում են կրթության փորձագետներ Արևիկ Օհանյանն ու Ռուբեն Մարկոսյանը և առաջարկում այլընտրանքներ։

Read more
Astghik Karapetyan, Motherhood Behind Bars

Մայրությունը՝ ճաղերի հետևում

Աստղիկ Կարապետյան
Նյմ 4, 2024

Ինչպես են Հայաստանում անազատության մեջ գտնվող մայրերը խնամում իրենց երեխաներին քրեակատարողական հիմնարկում, ինչ խնդիրների են բախվում հիմնարկից դուրս գտնվող երեխաների դաստիարակության հարցերում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Ջրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև

Մարիամ Տաշչյան
Սպտ 16, 2024

Հայաստանի ջրային պաշարների անհամաչափ բաշխումը, ապաշնորհ կառավարումը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և Սևանա լճի ճակատագիրը հրատապ լուծումներ են պահանջում։ Երկրի առջև ծառացած է հիմնարար հարց. ինչպե՞ս հավասարակշռել տնտեսական զարգացման և բնապահպանական կարիքները, գրում է Մարիամ Տաշչյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ