Արխիվ-ական

«Ապտակ» «Անաստված»-ին…

Հարգանքի տուրք մատուցելով հայկական խմբագրական պատկերապատման հարուստ, սակայն անտեսված պատմությանը՝ «Արխիվ-ական» ցուցահանդեսը բացահայտում է անցյալ դարի ավելի քան գրեթե մեկ տասնյակ հայկական պարբերականներում տպագրված աշխատանքները՝ Կահիրեից մինչև Ստամբուլ, Լոնդոնից մինչև Թեհրան, Թբիլիսի և Երևան: Ալեքսանդր Սարուխանի, Իոսիֆ Ռոտտերի, Միշէլ Յովիկեանի, Դևի և շատ ուրիշների պատկերապատումների խորաթափանցությունը, համարձակությունն ու խոցող ճշգրտությունը դեռևս պահպանել են իրենց առնչությունը Հայաստանի և հայերի մշակութային, քաղաքական, սոցիալական և աշխարհաքաղաքական իրողություններին: Դրանք վկայում են ոչ միայն մամուլի` իր ընթերցողներին իրենց իսկ շրջապատող իրողությունները մատուցելու դերի մասին, այլ նաև լրատվամիջոցի` սեփական ժամանակներն ականատեսելու և փոխանցելու կոչման մասին:

•••

Ապտակ
Երգիծաբանական քաղաքական հանդէս Հնչակեան կուսակցութեան

1894-1896 Աթենք
1897 Լոնդոն

Զանազան տեսակ ապտակներ կան։ Ապտակ կայ որ վիրաւորուածը կը տայ վիրաւորողին,  ապտակ կայ որ ամբարտաւանը ուշի կը բերէ. ապտակ կայ որ վատին համար վարձատրութիւն մ՚է. ապտակ մ՚ալ կայ որ դերասանները կը տան միմիյանց բեմի վրայ։ 

Զէնքերի մէջ ապտակը ո՛չ միայն ինքնապաշտպանութեան գործիք մ՚է, ո՛չ միայն վիրաւորելու միջոց մ՚է, այլև երեսի մը վրայ նորա թողած հետքը, թէև անտեսանելի, կը մնայ անջնջելի, այլև նորա բարոյական իմաստը համբոյրին ճիշդ և ճիշդ հակառակն է։ 

Մենք՝ այդ բոլոր ապտակներէն ամենէն նախամեծարելին կը համարինք վիրաւորուածին ապտակը, ապտա՛կ՝ որ հայութեան կողմէ կո՛ւզենք տալ նորա բռնաւորներին, որոնք իրենց հայրախնամ գթառատութեամբ, բարերար վարմունքներով, ժպտուն վայրենութեամբ և քաղցրալուր հայհոյանքներով այն՜քան կը վիրաւորեն անվերջ ապտակներով հայ ժողովուրդը։ 

Մեր ազգային ասպարիզին վրայ կան մարդիկ ալ, որոնք կարծես ներքին դրդումով մը միշտ ապտակ ստանալ կուզեն և մենք հարկաւ կը ցանկանք այնչափ բարի ըլլալ, որ այդպիսիների նաև տանք ամօթոյ ապտակը։ 

Կան այնպիսի անձեր ալ, նորէն մեր ազգային ասպարիզին վրայ, որոնց բնաւորութեան գլխաւոր յատկանիշներն են ամբարտաւանութիւնն ու իմաստակութիւնը. ապտակն այդպիսիների համար նոյնն է, ինչ որ պաղ ջուրը խելագարների գլխին։ Ամենայն յօժարութեամբ այդ դարմանն անելու դերը կուզենք կատարել մենք։

Չորորդ տեսակի ապտակը, այն՝ որ վատերին իբրև վաձատրութիւն կը տան, նոյնպէս կարևոր զենք մ՚է, բայց անախորժ պաշտօն մ՚է այդպիսի ապտակ տալը, որովհետև տուողին ձեռքը կաղտոտի վատի երեսէն։ 

Հինգերորդ կարգի ապտակը, դերասանների իրար տուած ապտակը մասնաւոր սեփականութիւնը կը կազմէ այն ինքնագով, կեղծ, իրենց «ազգասէր ծախող» շաղակրատներին, որոնք դիմակաւորուած՝ դերասանութիւն կընեն «Հայկական խնդիր» խորագրով թատրերգութեան մէջ։

Եւ մենք շուարած մնացած ենք թէ՝ այդ ամէն անհրաժեշտ, սքանչելի, խորհրդաւոր ապտակներէն ո՞ր մէկը գործածենք։ Ամէնը մէկտեղ գործածելու համար հինգ ձեռք պէտք է, մինչդեռ մենք, ինչպէս իւրաքանչիւր մարդ, ի հարկէ միայն երկու ձեռք ունինք և այդչափով մեր ապտակն այնքան ուժգին չէ կարող ըլլալ։ Խնդիր մ՚է այս։ Սակայն կը կարծենք թէ՝ ելքը պիտի գտնենք, եթէ ամեն մէկ ապտակն առանձին առանձին գործածելու լինինք։ 

Տեսնենք…

•••

Հայելի («Խաբարդա», «Սատանա», «Հայելի-Խաբարդա» և «Հօպ-Հօպ» կրկնանուններով)
Գեղարուեստական Երգիծաբանական Պատկերազարդ Շաբաթաթերթ

1906-1907 Թիֆլիս
Խմբագիր՝ Վ. Պետրոսեան 

Մեր Աշխատակիցներին
(Իննը պատուիրան*)

Խնդրում ենք չամաչել և խմբագրութեանս ուղարկել ինչ որ անպէտք և խլամ նիւթեր ունենաք. ոչինչ, եթէ տեղ-տեղ գրուածքի միտքը մութը մնայ, չկարդացւի ու շաբաթներ և ամիսներ պէտք գան՝ բառերը ջոկելու և նախադասութիւն կազմելու համար։  

Գրեցէք թղթի բոլոր երեսների վրայ, լուսանցք կամ բաց տեղ չլինի թէ թողնէք. գրեցէք տակից, վերևից, կողքերից, մէջտեղից, աջից, ձախից, տողերի մէջ, տողերից դուրս, ծուռտիկ-մուրտիկ. այնպէս որ՝ մի ծայրը Թէհրան նայի, միւսը՝ Իրան։ 

Սև թանաքով երբէք չը գրէք, այլ փոքր մասամբ՝ կարմիր և մեծ մասամբ՝ սպիտակ թանաքով։ 

Աշխատեցէք որքան կարելի է անծանօթ բառեր շարել իրար ետևից, որպէսզի ընթեցողը հայերէն տառեր տեսնելով՝ բառերը լատիներէն կարդայ և միտքը արաբերէն դուրս բերէ։ 

Մի փոքրիկ յօդուած գրելու համար գործ կածէք քառասուն ու հինգ տեսակ բարբառներ։

Չխնայէք ոչ գրաշարների աչքերը, ոչ խմբագրի ժամանակը և ոչ էլ ընթերցողների համբերութիւնն ու ճաշակը։ 

Յօդուածները պիտի անպայման երկար լինեն, ամենաշատը հինգ և ամենաքիչը տասը «Մշակ»-ի բովանդակութեան չափ։

Եթէ անչափ հետաքրքիր, պատմական կեանքի յորձանքուտ այս օրերում բանը գործը թողած՝ վճռել էք ձեր ոսկի ժամերը նուիրել «երգիծաբանական խծբծանք» կոչուած արհեստին ու, մտաւոր բոբիկութիւնից անճար, գրելու նիւթ չունէք՝ իմացրէք մեզ։ Մենք իսկոյն և եթ ձեզ առատ նիւթ կտանք։ 

Յօդուածները կգրէք հաստ, կարդօնէ թղթի վրայ, կծրարէք խսիրների մէջ և առանց մարկա կպցնելու՝ պոստը կգցէք, որպէսզի խմբագրութիւնս իւր կենտրոնական շտաբով նեղութիւն չկրէ պոստը գնալ, նամակները մշակին բարձել, խմբագրատուն բերել և միջի գրական գոհարները կարդալու համար ժամանակ կորցնել։ 

*Տասերորդ պատուիրանը խմբագրութեանս Մովսէսը տպարանի ճանապարհին կորցրել է։ 

•••

Սափրիչ
Գրական Յումօր Սատիրական Ամսաթերթ

1906-1908 Պետերբուրգ
Խմբագիր հրատարակիչ՝ Դ(աւիթ) Օքրոյեան

Մի քանի խօսք «Սափրիչ»-ի հրատարակութեան առթիւ

Այսօրուանից «Սափրիչ»-ը ոտք է դնում հայ հրապարակախօսական գրականութեան անդաստանում. «Սափրիչ»-ը ըստ կարելոյն պէտք է լրացնէ իւմօր-սատիրական բաժինը, որ մինչև այսօր դժբախտաբար պակասում էր մեր հրապարակախօսական գրականութեան մէջ մինչդեռ հրապարակախօսական այս ձևը, վաղուց արդէն ստացել է իւր քաղաքացիութիւնը, եւրոպական քաղաքակիրթ երկրներում։ «Սափրիչ-ի» մօտաւոր նպատակն է հասարակական դատի առաջ դնելու թէ մեր՝ և թէ վարչական ընթացիք գործերի այն մութ և բացասական կողմերը, որոնց մարդկային առողջ լօգիկան, կ՚գտնէ վնասակար, անարդարացի և կ՚դատափէտէ իւր խիստ ու անաչառ քննադատութեամբ, արժանացնելով իւր իւմօրին իբրև հասարակական կեանքի բացասական երևոյթների։ Մեզ թւում է, թէ մենք ևս իրաւունք ունենք ծիծաղելու, հէգնելու Կովկասեան նախկին կառավարութեան այն կոյր ու տափակ քաղաքագէտների ուղղութեան վրայ, որոնց դէևիզն էր «ռուսացումն»… Մենք կանգ կառնենք միայն հայերի վրայ, որովհետև տասնեակ տարիների ընթացքում գլխաւորապէս դժբախտ հայն էր, որ լուռ ու մունջ համբերութեամբ տանում էր «ռուսացման» կոյր, անմիտ քաղաքականութեան ծանր շղթաները… 

•••

Խաթաբալա
Երգիծաբանական-Սատիրական Շաբաթաթերթ

1906-1926 Թիֆլիս
Խմբագիր հրատարակիչ՝ Ա. Երիցեան

Խմբագրութեան կողմից

Նախ քան մեր «Խաթաբալան» լոյս ընծայելը, մենք դիմեցինք մեր բազմաթիւ ծանօթներին, բարեկամներին, խնամիներին, քաւորսանահայրներին, որպէս և վարչական, հասարակական բոլոր մանր ու մեծ, եթէ կարելի է այսպէս ասել, գործիչներին հետևեալ շրջաբերական նամակով։ 

 

«Ազնւափառ պարոնայք։

Շուտով հրատարակելու ենք «Խաթաբալա» անունով երգիծաբանական մի թերթ. նրա էջերում գունաւոր ու անգոյն պատկերներով, խօսքով, առակով, հանելուկով, ոտանաւորով և այլ նոյնանման այժմ խիստ արգելւած զէնքերով կռւելու ենք ձեր դէմ ամեն անգամ, երբ ձեր գործունէութեան մէջ կնկատենք ձեզ համար պատւաւոր, իսկ մեր աչքում ծիծաղելի կամ պախարակելի մի գիծ, ուստի որպէսզի մեր մէջ ապագայում ոչ մի թիւրիմացութիւն տեղի չունենայ մենք որոշել ենք «Խաթաբալա»-ի հրատարակութեան ողջ ընթացքում «հրաժարելով հրաժարւել» ձեզանից, ուստի և կարող էք մեզ 1) չբարևել, 2) չժպտալ մեր երեսին, 3) մեր ձեռքը չսխմել և 4) ընդհանրապէս հեռու մնալ այնպիսի ցոյցերից, որոնք յիշեցնեն մեզ մեր ունեցած ծանօթութիւնը։

Այդպիսով դուք մեծապէս պարտաւորած կլինէք մեզ և հեշտացրած մեր գործը. ի միջի այլոց այստեղ դնում ենք մի հասցէ, ուր դիմելով, դուք կարող էք մի քանի ժամից լռեցնել տալ մեզ, սակայն զգուշացնում ենք, որ այդպիսով դուք միայն աւելի նպաստած կլինէք մեր թերթի տարածմանը, որովհետև մենք մեր ձեռքին ունենք մի դիւժին թոյլտւութիւններ, ուստի, հաշտւելով այս հանգամանքի հետ աշխատեցէք տարածել մեր թերթը ձեզ լաւ ճանաչողների լայն շրջաններում»։

•••

Կավռօշ
Շաբաթաթերթ Երգիծական, Ազգային, Քաղաքական և… Կնիկական 

1908-1924 Կ. Պոլիս
1927-1936 Պարիս

Արտօնատէր խմբագիր՝ Ե. Թօլայեան
Խմբագիր՝ Գ. Թորոսեան (Ա. տարի)
Ծաղրանկարիչ՝ Մ. Թաշճեան

 

Ծանօթ. — Արտօնուած է խմբագրապետն ու խմբագիրը ծեծել… Փափաքողները կրնան դիմել։ Աղքատներու համար՝ ձրի։

•••

Կառափնատ
Քաղաքական և Երգիծական Պատկերազարդ Շաբաթաթերթ

1909-1910 Կ.Պոլիս 

Խմբագիր հրատարակիչ՝ Ա. Անտոնեան
ապա՝ նաև Ե. Օտեան 

Երկու խօսք

Մինչեւ այսօր մեր ձեռնարկած թերթերէն ոչ մէկը երկար կեանք ունեցաւ։ Այս անյարատեւութեան համար միշտ մեղադրուեցանք հրապարակի վրայ, բայց յանցանքը մերը չէր՝ որքան այդ թերթերու հրատարակիչներունը, որոնք թերեւս ափով ոսկի կ՚ակնկալէին եւ միայն արծաթ տեսնելով՝ յուսահատ կը դադրեցնէին թերթը։ Շատ անգամ ալ կը պատահէր որ մեր քիչ մը անկախ բնաւորութիւնը չէր կրնար հաշտուիլ անոնց գրպանի հաշիւներուն հետ, եւ հետեւանքը նոյնը կ՚ըլլար։ 

Այս անպատեհութիւններէն ազատելու համար՝ առաջին անգամ ըլլալով՝ մի միայն մեր սեփական միջոցներով կը ձեռնարկենք «ԿԱՌԱՓՆԱՏ»ի հրատարակութեան, առանց ասկէ անկէ կախեալ ըլլալու։ Չմոռնանք սակայն ըսելու, որ մեր «սեփական միջոցները» Կրեսոսի գանձերը չեն. կը փափաքէինք որ Օրմանեանի որովայնին չափ լայն ըլլային, բայց աւա՜ղ, աւելի վտիտ են քան Շահրիկեան Էֆէնտին։ Կը հասկցուի անշուշտ թէ այս գործը շարունակելու համար անոնցմէ աւելի պէտք պիտի ունենանք ընթերցողներու վստահութեան ու քաջալերութեան։ 

Գալով թերթին՝ անշուշտ անունը կը բացատրէ բռնելիք ուղութիւնը։ Միայն Ճշմարտութիւնն ու Արդարութիւնն են որ այս Կառափնատը չպիտի բարձրանան։ Եւ արդէն խեղճերը կախուեցան ուրիշ տեղ մը…

•••

Բոբոխ
Երգիծա-Զաիեշտական Երկշաբաթաթերթ
Ազգային, Հասարակական, Սոցիալ-Դեմոկրատական, Դաշնակցական, Հնչակեան, Կադետական, Ժողովրդական և…Չեզոքական 

1920-1942 Թեհրան
Խմբագիր՝ Հ. Գարագաշ

Խմբագրականի տեղ

Ողջո՜յն ձեզի ով մարմիններ բազմաչարչար,
Շատ գործեցիք ու յոգնեցիք դուք չարաչար։
Ողջո՜յն ձեզի ով գործիչներ Հայոց ազգի,
Ով պարոնայք ակնածելի ու միշտ յարգի։ 

Ողջո՜յն ձեզի ով ընկերներ կուսակցական,
Դեմոկրատներ, Հնչակեաններ, Դաշնակցական։
Ողջո՜յն ձեզի ով տիկիններ դուք գեղանի,
Եւ օրիորդներ հեզահամբոյր ու նազանի։ 

Բոբոխը ձեր բարեկամն է, մի՛ վախեցէք,
Ճշմարտութիւնն է իր ուղին, մի՛ մոռացէք.
Ծիծաղ, խնդուք, քրքիջ, ժպիտ ամենուրեք,
Բոբոխի մէջ դուք անընդհատ պիտի գտնէք։

Ո՜վ հիւանդներ դուք ձանձրոյթի և տխրութեան,
Բոբոխն է ձեր դեղահատը առողջութեան։
Ամենքիդ հետ մեր Բոբոխը պիտի գործէ,
Ձեզնից ոչ ոք դատարկ բաներ թող չը կարծէ։

Ոչ մէկ թայֆա, ո՛չ էլ փարթի կուսակցական,
Բոբոխի հետ չեն մտերիմ, կամ միաբան։
Եղէք անկեղծ, գործէք շիտակ, դուք շարունակ,
Մեր Բոբոխը գովէ ընդմիշտ ձեր նպատակ։

Բայց խաբեբայ, կամ շարլատան, կամ կեղծաւոր
Չե՛ն դիմանայ նրա գրչին՝ խիստ դատաւոր.
Որ պիտ գրէ, ծաղրէ ընդմիշտ, ձաղկէ անվախ,
Ամեն տեսակ նկատումից ազատ անկախ. 

•••

Հայկական Սինեմա
Պատկերազարդ Երգիծաթերթ Շաբաթական 

1925-1926 Կահիրե

Արտօնատէր (ծաղրանկարիչ)՝ Ա. Սարուխան
Խմբագիր՝ Ե. Օտեան

Մեր Անելիքը

Չենք գիտեր թէ անպատճառի է մեր անելիքին մասին խօսիլ հիմակուընէ, ինչպէս 

պայմանադրական սովորութիւն դարձած է ամէն նոր հրատարակութեուն ձեռնարկողի համար։ 

Բայց քանի որ սովորութիւն դարձած է անգամ մը, լաւ՜, կ՚ընդունինք, պայմանաւ, սակայն, որ մեր ըսելիք խօսքերը խոստումի հետ չի շփոթուին, մնաց որ արդէն մեր անելիքը այնքան սովորական, պարզ և վրան բաց բաներ պիտի ըլլան որ, եթէ նոյն իսկ շփոթուելու ալ ըլլանք, ատկէ ո՛չ մեզի և ոչ ալ շփոթուողներուն կրնայ վնաս մը գալ, որքան ատեն որ ասոր անոր ունեցածին կամ ունենալիքին, դրամին կամ պատիւին մասին մօտէն կամ հեռուէն շահագրգռութիւն չենք սնուցաներ և ոչ ալ ազգային պաշտօններու, ինչպէս օրինակ, Քաղաքական ժողովի ատենապետութեան, Կալուածոց Դիւանի պետի, եկեղեցաշինութեան վերահսկիչի, ևլն. ևլն. հետամուտ չենք, ինչքան ալ իւղոտ պատառներ ըլլան ատոնք։

Իրա՛ւ, շատ դրամ չունինք, և պէտք ալ ունինք, բայց ուրիշին ունեցածին աչք չտնկելու խօսք տուինք անգամ մը։ 

Այսպէս ուրեմն, մեր անելիքը պիտի ըլլայ, լինելու է, մօտէն հետեւիլ հայ կեանքին և աչքի զարկածները, ըլլան հրապարակաւ թէ չորս պատերու կամ վարագոյրներու ետին, ֆիլմէ ընել և բեմ հանել՝ առանց զանցառութեան և առանց խտրութեան։

Բնականաբար ասիկա մեծ զոհողութիւն մըն է մեր կողմէ, բայց ասկէ աւելին չենք կրնար խօստանալ. մարդ մը շատ շատ ունեցածէն կրնայ տալ, թէպէտ շատեր գիտենք որոնք վրայ ալ կ՚առնեն։ 

Եւ մեր ֆիլմը կը թուի թէ շատ երկար պիտի ըլլայ, քանի որ հոս, այս գաղութին մէջ, ո՛չ միայն ընդարձակ և նեխած ճահիճներ կան, այլ ճահիճներու մէջ սնանող ճանճերու բազմութիւն մը։ 

•••

Անաստված
Հակակրոնական, Գիտական, Քաղաքական, Գրական, Գեղարվեստական, Մասսայական Հանդես

1928-1934 Յերեվան

Խմբագիր՝ Տ. Թորոսյան
ապա՝ Կ. Ղազարյան
ապա՝ Վ. Թաթիկյան
ապա՝ Յ. Խոջամիրյան 

Ներկայումս թէ Յւրոպայում յեւ թե Ռուսաստանում աստծու գաղափարի, ամեն մի, անգամ ամենանուրբ, անգամ ամենաբարյացակամ պաշտպանությունը, կամ արդարացումը համազոր է ռեակցիայի արդարացման։

Լենին

•••