Առողջապահություն․ պետպատվերի և համապարփակ ապահովագրության համակարգեր

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Read in English
Armenia’s Basic Benefits Package and Universal Health Insurance Systems

Հայաստանում առողջության պահպանումը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է։ Մասնավորապես, 85-րդ հոդվածում նշվում է․ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը»։

ՀՀ կառավարության  2004 թվականի մարտի 4-ի 318-Ն որոշման համաձայն՝  այս իրավունքի իրացումը Հայաստանում իրականացվում է երեք տարբերակով՝

-անվճար, երբ ծառայությունների վճարը հատկացվում է պետության կողմից,

-արտոնյալ պայմաններով, երբ պետությունը հատկացնում է ծառայության վճարի մի մասը, իսկ մյուս մասի համավճարողը քաղաքացին է,

-վճարովի, երբ ծառայության ամբողջ արժեքը վճարում է քաղաքացին։

Թեև անվճար ու արտոնյալ պայմաններով բուժծառայությունների առկայությանը, առողջապահական համակարգի ֆինանսավորման ամենախոշոր աղբյուրը քաղաքացիների վճարումներն են՝ 85,5 տոկոս։ Այս մասին է վկայում ՀՀ առողջապահության ազգային հաշիվների 2018-ի զեկույցը։

Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստացող թե՛ անձանց, թե՛ տրամադրվող ծառայությունների թիվն ընդլայնվեց 2019-ին՝ կառավարության վերոնշյալ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ անելու միջոցով։

Իսկ արդեն 2020-ի հունվարին առողջապահության նախարար (այժմ նախկին) Արսեն Թորոսյանը հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ սոցիալապես անապահով ու առանձին խմբերի անձանց համար անվճար պայմաններով հասանելի են դարձել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող մի շարք բուժծառայություններ:

Նա օրինակներ էր բերել, որ պետպատվերի շրջանակում են իրականցվում արդեն չարորակ նորագոյացությունների վիրահատական ու ճառագայթային բուժումը, գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժումը, ընդլայնվել են սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունները, մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն ամբողջությամբ իրականցվում է անվճար և այլն։

Իսկ ահա այս տարվա սեպտեմբերին լրատվամիջոցները սկսեցին ահազանգել այն մասին, որ շուրջ 1.3 միլիոն մարդ, ովքեր բուժօգնություն պիտի ստանան  պետպատվերով, կանգնել են խնդրի առաջ․ սպառվել են պետպատվերով ծառայությունների համար հատկացված գումարները։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս հայտարարություն տարածեց հարցի վերաբերյալ և նշեց, որ խնդիրը համակարգային է․ «Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես երաշխավորելու ուղղությամբ»:

 

Անցում առողջության համապարփակ ապահովագրության համակարգին

2019-ին կառավարությունը նախաձեռնեց մեկ այլ գործընթաց՝ անցում առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) համակարգի ներդրմանը։ Այդ տարվա նոյեմբերին E-draft կայքում հանրային քննարկման դրվեց կառավարության որոշման նախագիծ՝ ԱՀԱ համակարգի հայեցակարգին հավանություն տալու մասին։ Սա, թերևս, ամենաշատ քննարկված նախագծերից էր` ավելի քան  11 հազար անգամ (56%) դեմ է քվերակվել նախագծին և ավելի քան 9 հազար անգամ (44%)՝ կողմ։

Հայեցակարգի համաձայն՝ համակարգի ներդրման նպատակով պետք է մշակվի և ընդունվի «Առողջության համապարփակ ապահովագրության մասին»  օրենքը, որով կկարգավորվի ապահովագրված անձանց և շահառուների շրջանակի սահմանումը, ապահովագրության օբյեկտը, ԱՀԱ  հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները և այլն: Միևնույն ժամանակ նախատեսվում են փոփոխություններ այլ օրենքներում և որ կարևորն է՝ Հարկային օրենսգրքում․ այդ փոփոխությամբ սահմանվելու են ԱՀԱ համար կատարվող ապահովագրավճարը՝ որպես հարկատեսակ (առողջության հարկ), դրա դրույքաչափը վճարման կարգը և այլ հարցեր։

Հայեցակարգում նշվում է, որ ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Առողջության հարկը կվճարեն աշխատող և ինքնազբաղված անձիք։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018-ի տվյալներով՝ առողջապահությանը հատկացված ֆինանսավորումը (ՀՆԱ-ի 1.4%) առնվազն չորս անգամ պակաս է զարգացող պետությունների միջին ցուցանիշներից. «…ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի: … Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում»:

Համաձայն նախագծի հիմնավորման՝  պետության մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ առողջապահությունը դեռևս երկար ժամանակ չի կարող լինել առաջնահերթ և գերակա ոլորտների շարքում։ Եվ այս համակարգի ներդրման միջոցով պետք է «ապահովել բնակչության հիմնական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը և ֆինանսական պաշտպանվածությունը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերի կրճատումը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակի կրճատումը»։

Առողջապահության նախարարության (ԱՆ) առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը EVN Report-ի հետ զրույցում նշում է, որ ներկայումս նախագիծը վերամշակման փուլում է, ուսումնասիրվում է միջազգային փորձը, հանդիպումներ են ունենում շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակական կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գործատուների միություններ և այլն։ Միևնույն ժամանակ իրականացվում են համակարգի ֆինանսական և հարկային հարցերին առնչվող հաշվարկները։ Նրա խոսքով, մակրոտնտեսական մոդելավորում է արվել, որի հիման վրա որոշակի փոփոխություններ են արվել․

«Օրինակ՝ եթե նախկինում խոսքը միայն աշխատողներից ապահովագրավճարի գանձման մասին էր, ներկայումս առաջարկվում է, որպեսզի գործատուները նույնպես մասնակցեն»,- նշում է Ս․ Խարազյանը:

Նրա խոսքով՝ վերանայվել են նաև առաջարկվող ծառայությունների փաթեթները․ ոչ միայն նոր ծառայություններ են ավելացել, այլև ծառայությունների մատուցման քանակի փոփոխություններ կան։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք  փոփոխվել է նաև նախկինում քննարկվող հարկի չափը, Ս․ Խարազյանը պատասխանեց, որ դեռևս միայն պայմանական չափերի մասին է խոսվել․ նախատեսվում է, որ համակարգը կներդրվի  2024 թվականին և միայն ներդրման սկզբնական փուլում կհստակեցվեն դրույքաչափերը։

Նշենք, որ 2019-ին հայեցակարգի շուրջ քննարկումների ժամանակ նշվում էր, որ առողջության պարտադիր ապահովագրության համար նախատեսվում է հարկել եկամուտի 2-6 տոկոսը։

 

Առողջության հարկ․ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է վճարել

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Թրփանճեան» առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Արցախյան վերջին պատերազմից առաջ հանրության շրջանում հասարակական կարծիքի հետազոտություն է արվել ՀԱՀ Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի կողմից՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։

Այս հետազոտության առաջնային նպատակն է եղել գնահատել Հայաստանի ընդհանուր չափահաս բնակչության շրջանում առողջության համապարփակ ծածկույթի մասին կարծիքը և այդ ծածկույթի համար վճարելու պատրաստակամությունը: Հարցումներին մասնակցածների 61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը, շուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իր ամսական եկամտի 2-6%-ը՝ ապահովագրությունից օգտվելու համար, 9%-ը նշել է՝ պատրաստ չէ վճարել, իսկ 13%-ը դժվարացել է պատասխանել։

Վ․ Պետրոսյանի խոսքով՝ կարևոր է հաշվի առնել, թե արտահայտված կարծիքը որքանով է ներկայացուցչական և արդյոք կարող է համարվել հասարակական կարծիք․

«Եղել են որոշակի դժգոհություններ արտահայտող խմբեր, որոնք ստանում են բարձր աշխատավարձեր և անհանգստություն չունեն իրենց ընտանիքի որևէ անդամի  համար բժշկական ծառայություններ գնելու առումով։ Սակայն պետք է նայել ամբողջ բնակչության տեսակետից։  Այս համակարգը (նկատի ունի ԱՀԱ,- հեղ․) դիտարկում է առողջապահական ծառայությունները որպես իրավունք և ոչ թե ճոխություն, և եթե համակարգը նաև խրախուսում է  սոցիալական արդարություն և համերաշխություն հասարակությունում,  այն կարող է միայն ավելի առողջ հասարակության բերել։ Սոցիալական համերաշխությունը նշանակում է՝ առողջները և ավելի բարձր եկամուտ ունեցողները կիսում են առողջական և ֆինանսական ռիսկերը հիվանդների և ավելի ցածր եկամուտ ունեցողների հետ: Իսկ առողջ բնակչությունը նշանակում է ավելի արդյունավետ աշխատող բնակչություն, և դա իր հերթին նշանակում է ավելի առողջ տնտեսություն և տնտեսական աճ»,- նշում է մասնագետը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ բնակչությունը համարվում է ֆինանսապես պաշտպանված առողջական ռիսկերից, եթե ընդհանուր առողջապահական ծախսերի մինչև 20 տոկոսն է քաղաքացիների գրպանից վճարվում։ Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշել ենք, Հայաստանում, այդ ցուցանիշը կազմում է շուրջ 85 տոկոս․

«Սա նշանակում է, որ շատ մարդիկ հիվանդանալու պատճառով աղքատանում են կամ մահանում են, որովհետև իվիճակի չեն վճարել այդ ծառայությունների համար: Սյսինքն՝ առողջապահության համակարգի կարևոր նպատակներից մեկն է գրպանից վճարվող գումարները նվազեցնելը»,- նշում է Վ․ Պետրոսյանը:

Որպես միջազգային փորձի հաջողված օրինակ Վարդուհի Պետրոսյանը խոսում է Թայվանի համակարգից․ 90-ականներին այստեղ գործում էր մի քանի համակարգ (ապահովագրություն, սոցիալական փաթեթ և այլն), որոնք չէին երաշխավորում բուժծառայություններից օգտվելու բոլորի իրավունքը: Եվ 1995-ին ստեղծվում է նոր համակարգը, որն այսօր բոլոր քաղաքացիներին տրամադրում է շատ լայն ծավալի առողջապահական ծառայութունների փաթեթ, որում ներառված են նույնիսկ ատամնաբուժական, ակնաբուժական, և այլ թանկարժեք ծառայություններ․

«Եվ փաթեթը բավականին մատչելի գին ունի, քանի որ այնտեղ ադմինիստրատիիվ ծախսերը նույնպես մինիմալի են հասցված; ունեն էլեկտրոնային առողջապահություն, որը շատ մեծ ուշադրություն է դարձնում որակին․  ամեն մարդ առողջական տեղեկատվությանը կարող է իր հեռախոսով մուտք գործել, ստանալ հիշեցումներ որոշակի այցելությունների կամ ծառայությունների վերաբերյալ»։

Թայվանի փորձը օգտակար է համակարգի ֆինանսական աղբյուրների տեսանկայունից ևս։ Մասնագետը նշում է, որ համակարգում ֆինանսական դեֆիցիտը լրացնելու համար հարստության հարկերի մի մասն ուղղվել է այստեղ․ «Օրինակ՝ հավելյալ հարկեր ուղղվեցին առողջապահության այն մարդկանց եկամուտներից, ովքեր ունեին շատ մեծ տարածքներ և դրանք վարձով էին տալիս, ովքեր աշխատում էին ֆինանսական խոշոր ընկերություններում և ստանում էին ոչ միայն աշխատավարձեր, այլև մեծ բոնուսներ»։

 

Ամիսներ տևող հերթեր՝ բժշկի սենյակ մտնելու համար․ օրինակներ միջազգային փորձից

Նախագծի քննարկումների ժամանակ Անահիտ Գոգյանը դեմ է արտահայտվել համակարգի ներդրմանը՝ օրինակ բերելով Լեհաստանի փորձը․ «Այստեղ աշխատավարձից բավականին մեծ տոկոս են պահում առողջության ապահովագրության համար, բայց մասնագետի մոտ գնալու համար մի քանի ամիս շուտ պետք է գրանցվել։ Օրինակ, փետրվարին կոկորդս ցավում էր, գրանցվեցի ԼՈՌ֊ի մոտ գնալու համար, հերթս հասնում էր մայիսին։ ․․․ Այստեղի համալսարանը աշխատողների համար տրամադրում է լրացուցիչ վճարովի ապահովագրություն, որն ունենալու դեպքում կարելի է այդքան երկար հերթերի մեջ չընկնել։ Կան կենտրոններ, որոնցում ծառայությունները վճարովի են։ Շատերը դիմում են վճարովի ծառայությունների, մինչդեռ առանց իրենց կարծիքը հարցնելու, նրանց աշխատավարձերից ապահովագրական գումարը հանվում է»։

Նմանատիպ օրինակներ բերվում են նաև Կանադայից, եվրոպական մի շարք երկրներից, որտեղ նմանատիպ համակարգերը գործում են և համարվում են որոշակիորեն կայացված։ Ամսիներ տևող հերթերի խնդիրը հիմնական արգումենտներից մեկն է՝ ընդդեմ համակարգի ներդրման։ Սամվել Խարազյանը սակայն նշում է, որ բոլոր խնդիրներն էլ լուծելի են․ «Դա կախված է այն հանգամանքից, թե այդ համակարգի նախագծումը, դիզայնը դու ոնց ես իրականացնում: Դրա համար նույն այդ հայեցակարգում էլ նշված է, որ որոշակի հարցեր մինչև այդ համակարգի ներդրումը պետք է լուծվեն, օրինակ, առողջության առաջնային պահպանման զարգացումը, նույն բժշկական օգնության որակի որոշակի համակարգերի ներդրումը, տեղեկատվական համակարգի բարելավումը և այլն»։

Միևնույն ժամանակ նա նշում է, որ միշտ էլ հավանական է, որ խնդիրներ կառաջանան թե՛ համակարգի ներդրման սկզբնական փուլում, թե՛ հաջորդական փուլերում։ Այս դեպքերում օգտակար և մասնամբ կիրառելի է միջազգային հաջողված փորձը, երբ իրենց կողմից ուսումնասիրված կոնկրետ դեպքերում պետությունն ունի նույնաչափ բնակչություն, մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական ցուցանիշներ։

Վարդուհի Պետրոսյանի խոսքով՝ հերթերին վերաբերող մեկնաբանությունները կոնտքեստից կտրված են, մատնանշվում են հերթերը և չեն դիտարկվում, թե տվյալ համակարգը ինչպես է գործում, բնակչության որ տոկոսին է ծածկում, ինչ ծառայություններ է ներառում, ծախսերի որ տոկոսն է վճարվում քաղաքացիների կողմից և այլն։ Նա անդրադառնում է հաճախ քննարկվող Կանադայի օրինակին․

«Կանադայում մենք գործ ունենք մի համակարգի հետ, որն իր բնակչության 100 տոկոսին տրամադրում է այնպիսի ծառայություններ, որ նրանք մնան առողջ: Եվ միայն որոշակի հետազոտությունների կամ ծառայությունների համար է, որ գոյություն ունեն հերթեր: Եվ չկա համակարգ որևէ երկրում, որը չունի խնդիրներ, բոլոր երկրներույմ էլ կան խնդիրներ, այդ պատճառով էլ առողջապահության համակարգը մշտապես ենթարկվում է ռեֆորմների»։

 

Ինչու՞ պարտադիր

Այս հարցի պատասխանը Վարդուհի Պետրոսյանը ձևակերպում է այսպես․ գիտական հետազոտություններով ապացուցված է, որ շուկայական օրենքներն առողջապահության ոլորտում չեն աշխատում մի պարզ պատճառով, որովհետև կա ինֆորմացիայի ասիմետրիա և այդ ասիմետրիան ուղղելու համար մեծ ծախսեր են անհրաժեշտ։  Օրինակ, երբ մարդն ուզում է հաց կամ մեքենա գնել, իր համար պարզ ու հասկանալի է՝ ինչ է հարկավոր և ինչ գնով կարող է գնել: Իսկ առողջապահական ծառայություններից օգտվելու դեպքում չգիտի՝ ինչ հիվանդություն ունի, արդյոք իր ախտորոշումը ճիշտ է, արդյոք իրեն առաջարկվող առողջապահական ծառայություններն ու դեղերն անհրաժեշտ են, և չի կարող ռացիոնալ որոշում ընդունել, քանի որ իր որոշումները՝ օգտվել այդ ծառայությունից, թե՝ ոչ, կախված է բուժաշխատողի որոշումից։ Այսինքն, որպեսզի սովորական քաղաքացին հասկանա՝ արդյոք իրեն այդ ծառայությունը պետք է, թե ոչ, պետք է դիմի երկրորդ կարծիքի, որը բավականաչափ ծախսատար է: Կամ պետք է ունենա պաշտպան կազմակերպություն, օրինակ առողջության պարտադիր ապահովագրության հիմնադրամը:

Մյուս կողմից, եթե առողջապահական ապահովագրությունը պարտադիր չէ, այն գնում են միայն առողջական խնդիրներ ունեցողները, և եթե միայն նրանք են օգտվում ապահովագրության համակարգից, ապա ապահովագրավճարները շատ թանկ են լինում և ոչ մատչելի շատերի համար: Միևնույն ժամանակ, մասնավոր ապահովագրական ընկերությունները խուսափում են ապահովագրել հիվանդներին և ծերերին. «Այստեղ է գալիս այդ պայմանը, որ պետք է լինի պարտադիր: Եթե չլինի պարտադիր, ապա բնակչության ամենախոցելի խավերը մնում են այդ համակարգից դուրս և ուղղակի կարող են մահանալ, որովհետև չեն կարող իրենց թույլ տալ օգտվել այդ առողջապահական ծառայություններից»,- նշում է նա։

 

Անհրաժեշտ է երրորդ անկախ կողմ․ ապահովագրական ընկերության տնօրեն

2019-ին հանրային քննարկման ներկայացված հայեցակարգում նշվում է, որ ԱՀԱ ներդրումը ենթադրում է գոյություն ունեցող պետպատվերի սկզբունքների արմատական վերանայում և ռազմավարական գնման գործառույթների կիրարկում, այդ նպատակով կառավարության կողմից հիմնադրված ԱՀԱ հիմնադրամի միջոցով։ Ըստ նախագծի՝ հիմնադրամը ունենալու է կառավարման խորհուրդ, որն ընդունելու է հիմնական որոշումները: Եվ այս խորհրդի նախագահն ի պաշտոնե նշանակվելու է առողջապահության նախարարը:

Հայաստանում կամավոր առողջապահական ապահովագրություն տրամադրող ընկերություններից է «Ինգո Արմենիան»։ Ընկերության տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը EVN Report-ի հետ զրույցում նշում է, որ նախագծով առաջարկված համակարգը չունի ապահովագրության հիմնական սկզբունքները և ավելի շատ նման է պետպատվերի այլ տարբերակի։

Նա բացատրում է, որ առաջարկվող համակարգում ներկայացված է միայն երկու կողմ․ մեկը քաղաքացիներն են, որոնց տրամադրվում են բուժծառայությունները, մյուս կողմը պետությունն է, որը կազմակերպում է համակարգի գործունեությունը․

«Ապահովագրության դեպքում միշտ լինում է երրորդ կողմ: Երրորդ կողմը պետք է լինի իր շահերն ունեցող, սակայն անկախ կողմ, փորձագետ: Հիմա ապահովագրական ընկերությունն անում է անկախ փորձագետի ֆունկցիա, իր ամբողջ նպատակն է կազմակերպել ամբողջ աշխատանքներն այնպես, որպեսզի քաղաքացին ստանա բարձրակարգ բուժում՝ հնարավորինս մատչելի գնով, պետության հետ փորձում է կարգավորել ֆինանսական բոլոր ճանապարհները և իր համար ապահովել հնարավորինս առավելագույն շահույթ»։

Ա․ Մելիքսեթյանը հավելում է, որ թափանցիկ կառավարման և վերահսկողության միջոցով փարատվում է նաև այն մտավախությունը, թե ապահովագրական ընկերությունը կարող է ստանալ որոշակի մեծ շահույթ․ օրինակ՝ պետությունը ապահովագրական ընկերության մոտ շահույթի մակարդակը ֆիքսում է, և եթե այդ մակարդակից բարձր է լինում շահույթը, ապա կարող է պահանջել նոր ծառայություններ ավելացնել փաթեթում կամ գումարը վերադարձնել։

Իսկ եթե երրորդ անկախ կողմը դուրս է մնում այս համակարգից, ըստ Ա․ Մելիքսեթյանի, չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը։

ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանն էլ նշում է, որ մի շարք երկրներում, որտեղ գործում են առողջության ապահովագրության համակարգեր, ապահովագրական ընկերությունները «հանդես են գալիս որպես լրացնող», այսինքն՝ հիմնական ծառայությունների փաթեթում չներառված ծառայությունների փաթեթներ են առաջարկում․ «Այս մոդելը նաև հայեցակարգում է նկարագրված»:

 

Բոլորին հասանելի բուժօգնության մասին սպասումները

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի վերաբերյալ դիտարկումները հիմնականում դրական են։ Մեզ հետ զրույցում թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ գործատուները հիմնականում նշում են, որ պատրաստ են վճարել հարկ՝ համարժեք և որակյալ ծառայություններ ստանալու պայմանով։

«Եվրոթերմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը մեզ հետ զրույցում նույնպես ասում է, որ դրական է գնահատում համակարգի ներդրման գաղափարը․ «Շատ մեծ բան է կախված նրանից, թե 2024 թվականին մենք ինչ տնտեսական վիճակում ենք լինելու: Իհարկե լավ կլինի, եթե ամեն ինչ այնքան բարեհաջող լինի, որ բոլորի համար դա տրամաբանական լինի և ոչ թե բեռ համարվի»,- միևնույն ժամանակ նշում է, որ կան ռիսկեր համակարգի հաջողությամբ ներդրման ու գործարկման հետ կապված․ կադրային ու կազմակերպչական խնդիրներ է տեսնում գրեթե բոլոր, այդ թվում նաև առողջապահության համակարգում։

Եվ եթե ամեն ինչ անխոչընդոտ առաջ գնա և ներդրվեն պահանջվող բոլոր ջանքերն ու ռեսուրսները, ապա առաջիկա տարիներին կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, բոլորի առողջության պահպանման իրավունքը կիրացվի հավասարապես, խոցելի խմբերը դուրս չեն մնա առողջապահության համակարգից ու մարդիկ չեն աղքատանա՝ հիվանդության պատճառով։

 Նաև կարդացեք