Հայաստանի բնապահպանական անվտանգությունը

Ի՞նչ է բնապահպանական անվտանգությունը

Երբ խոսում ենք բնապահպանական մարտահրավերների և դրանք լուծելու հրատապության մասին, հաճախ բախվում ենք «մոլորակը փրկելու» հակասական պատումին։ Այստեղ պարադոքսն այն պարզ փաստի մեջ է, որ մեր մոլորակն իրականում փրկության կարիք չունի. այն գոյություն ունի ավելի քան 4․5 միլիարդ տարի։ Համեմատե՛ք դա մեր՝ մարդ տեսակի պատմության հետ՝ 150,000-200,000 տարի, և կհասկանաք, որ մենք ընդամենը անցորդ ենք, ևս մեկ կաթնասուն, որը կարող է անհետանալ, եթե ի վիճակի չլինի ընկալել ու կատարել մոլորակի էկոհամակարգի հավասարակշռությունը պահպանելու կարևոր, բայց միաժամանակ պարզ քայլը։

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
read in English

Armenia’s Environmental Security

Պարադոքսի առանցքում նաև այն թյուր ընկալումն է, թե մենք՝ մարդիկ, որպես մոլորակի ամենաառաջադեմ օրգանիզմներ, բնական էկոհամակարգից դուրս և վեր ենք ու կրկին ու կրկին շահագործում ենք շրջակա միջավայրը՝ արդյունահանմամբ, հանքագործությամբ, որսորդությամբ, համատարած ծառահատմամբ՝ աղտոտելով, ոչնչացնելով, թունավորելով այն։

Այդուհանդերձ, աստիճանաբար ըմբռնելով մեր տեսակի «էկոկործան» բնույթն ու ոչնչացման մեր հավաքական ուժը՝ գիտակցում ենք, որ այս վարքագիծը փոխելու համար անհրաժեշտ է վերաուղղորդել ոչ միայն տնտեսվարման մեր կերպը, այլև բնական աշխարհի նկատմամբ մեր մտածելակերպը, գործելակերպն ու վարվելակերպը, որի մի մասնիկն ենք մենք։

Կարևոր է արձանագրել, որ այս գիտակցությունը ձևավորվել է միայն 1980-ականների սկզբին, երբ ստեղծվեց «բնապահպանական անվտանգություն» հասկացությունը՝ որպես մարդկային անվտանգության շուրջ ընդգրկուն մտահոգությունների ենթախումբ։ Եվ դրանից հետո միայն Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) 1994 թվականի «Մարդկային զարգացման զեկույցով» է, որ տերմինն ու «բնապահպանական անվտանգությունը» սկսեցին շրջանառվել անվտանգության ավելի լայն համատեքստում։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում էականորեն ընդլայնվել է «բնապահպանական անվտանգություն» հասկացության շրջանակը և այն այժմ ներառում է պարենային, էներգետիկ, ջրային անվտանգությունը, ինչպես նաև կլիմայական անվտանգությունը, որը, իր հերթին, ներառում է բնական վտանգներին հարմարվողականության և դիմակայունության հասկացությունները։

Չնայած շրջակա աշխարհի մասին գիտության զարգացմանը և բնական աշխարհը պաշտպանելու եղանակների մասին մեր պատկերացումների ու գիտելիքների կտրուկ աճին, մոլորակի ռեսուրսների շահագործման եղանակները, ընդհակառակը, մեծ մասամբ անփոփոխ են մնացել։ Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ աշխարհի վերջի մասին գիտական կանխատեսումների մեծ մասը, որոնք հաճախ մարդկությանը 21-րդ դարում գոյատևելու 50-50 շանս են տալիս, աշխարհի վերջը տեսնում է կա՛մ տեխնոլոգիական բեկումների ու ատոմային պատերազմի, կա՛մ խոշոր բնապահպանական աղետների հետևանքով։ Մինչ այս սցենարները իրականություն դառնալու հավանական շանսեր ունեն, ամենից սպասելին ու իրական ժամկետներ ունեցողը, որոնք արդեն անդառնալի կլինեն, բնապահպանական աղետներն են։

 

Հայաստան․ կլիմայի փոփոխություն

Բնապահպանական խնդիրների գլոբալ համատեքստից վերադառնալով Հայաստան՝ կարևոր է սկսել փոքր, լեռնոտ, ծովային սահմաններ չունեցող ու գլխավորապես կիսաանապատային մեր երկրի առջև ծառացած ամենից համակարգային և ահարկու բնապահպանական խնդրից։ Կլիմայի փոփոխությունն էլ կանխատեսում չէ Հայաստանի համար, կլիմայի փոփոխությունն իրականություն է, որին Հայաստանն առերեսվում է արդեն այսօր՝ տեղումների 9% նվազում և 1990-ականներից ի վեր միջին ջերմաստիճանի 1․3 աստիճան ցելսիուսով ավելացում։

Ինչպես մոլորակի մյուս հատվածներում, Հայաստանում ևս բարձրացող ջերմաստիճանը, զուգակցված տեղումների քանակի նվազմամբ, մարդու, ինչպես և պարենային, տնտեսական ու ջրային անվտանգությանը վերաբերող ամենից շոշափելի ռիսկն է։ Ջերմաստիճանի բարձրացումը և տեղումների քանակի նվազումը, որը հանգեցրել է երաշտների և աննախադեպ եղանակային պատկերի, արդեն իսկ միլիոնների տնտեսական վնաս է հասցրել երկրին։ Երկարաժամկետ կտրվածքով կլիմայի փոփոխությունը կհանգեցնի Հայաստանի անապատացման, որն իր հերթին երկիրը կկանգնեցնի պարենային անվտանգության և այլ ռիսկերի առջև։

Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) շրջանակում 2016 թ․ Փարիզյան համաձայնագիրը ստորագրած կողմերը պարտավորվել են թույլ չտալ ջերմաստիճանի նախաարդյունաբերական մակարդակից բարձրացում ավելի, քան 2 աստիճան ցելսիուսն է։ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնախմբի (IPCC) վերջին զեկույցում ցուցանիշը վերանայվել է՝ առավելագույնը 1․5 աստիճան։ Սա նշանակելու է, որ մինչ այս նախատեսվող 2․7%-ի փոխարեն աշխարհը 2020-2030 թթ․ ընթացքում ջերմոցային գազերի տարեկան արտանետումների ծավալը պետք է կրճատի արդեն 7.6%-ով։

Մինչ զարգացող մյուս փոքր պետությունների նման Հայաստանը հույսը է դրել աշխարհի «մեծ աղտոտողների» վրա՝ որ նրանք հանձնառություն կստանձնեն և կկրճատեն արտանետումները, պետք է մեր «տնային աշխատանքը» կատարել և ոչ միայն մեղմել արտանետումների ծավալը (կազմում է համաշխարհային ընդհանուր ցուցանիշի 0․02%-ը միայն), այլև հարմարվել փոփոխվող կլիմային։ Եվս մեկ աստիճանով տաքացումը, որն անխուսափելի է, ազդելու է Հայաստանի տնտեսության բառացիորեն բոլոր ճյուղերի վրա՝ գյուղատնտեսությունից մինչև թեթև արդյունաբերություն։ Եթե երկիրն անպատրաստ մնա, ապա կառերեսվի լուրջ անվտանգային ու զարգացման ռիսկերի։

Ազգային սահմանված մասնակցության (NDC) թարմացված փաստաթղթով, որը ներկայացվել է UNFCCC-ի քարտուղարություն, Հայաստանը պարտավորվել է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Սա կարևոր քաղաքական փաստաթուղթ է, որում նախանշված են նաև ոլորտներն ու ենթակառուցվածքները կլիմայի փոփոխությանը հարմարեցնելու գործողությունները։

Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) ֆինանսավորմամբ և UNDP-ի աջակցությամբ Հայաստանն այժմ աշխատում է Ազգային հարմարվողականության պլանի (ԱՀՊ) մշակման վրա. կենսական նշանակության ռազմավարական մի փաստաթուղթ, որը կառավարությանն ուղղորդելու է կլիմայի փոփոխությանը հարմարվելու քաղաքականության և դրա իրականացման հարցում։ ԱՀՊ-ն հաջողությամբ կիրարկելու և երկիրը բարձրացող ջերմաստիճանին նախապատրաստելու համար անհրաժեշտ է օպտիմալացնել կլիմայի քաղաքականությունը և որոշումների կայացման գործընթացը՝ կառավարության վերին օղակներ պատվիրակելով կլիմայի վերաբերյալ ներպետական որոշումների կայացման գործընթացի համակարգումը և բանակցություններ նախախաձեռնելով միջազգային գործընկերների հետ։

Հարմարվողականության գործողություններն առնչվում են գլխավորապես խոշոր ենթակառուցվածքային ներդրումներին, որոնք ծախսատար են։ Ուստի Հայաստանի համար կարևոր է միջազգային հիմնադրամներից, ինչպես նաև երկկողմ մեխանիզմներով ֆինանսներ հայթայթելու գործընթացը պլանավորելն ու դրանում արդյունավետ մանևրելը։

Լինելով հանածո էներգակիրներ չունեցող երկիր՝ անցումը ածխածնային չեզոքության զուտ սենտիմենտալ քաղաքական զեղում չէ, այն էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության և դիմակայունության ու կանաչ աճի հիմնաքարերից է Հայաստանի համար։ Ռազմավարական տեսանկյունից կարևոր է ֆինանսական խոշոր միջոցների հայթայթումը, որը կուղղվի ինչպես մեղմացման, այնպես էլ հարմարվողականության գործողություններին։ Կարևոր է շեշտել, որ մեղմացման, հարմարեցման և հատվող ոլորտներում ֆինանսական ներկարկումները պետք է դիտարկել ոչ թե ծախս, այլ երկարաժամկետ, սոցիալապես արդար և բնապահպանական տեսանկյունից արդարացված ներդրում Հայաստանի հասարակության և տնտեսության դիմակայուն զարգացման ուղղությամբ։

Էլեկտրական տրանսպորտի խթանումը և խրախուսումը ևս խոստումնալից ուղղություն է Հայաստանում։ Տրանսպորտը, լինելով ամենաշատն աղտոտող ոլորտներից մեկը, ունի ոչ միայն ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու (որի արդյունքն ավելի մաքուր օդն է), այլև երկրի էներգետիկ անվտանգության ավելի բարձր աստիճան և էներգետիկ անկախության երաշխիքներ ապահովելու ներուժ, մասնավորապես այն դեպքերում, երբ էլեկտրական տրանսպորտը կարող է ուղղակիորեն մաս կազմել արևային էներգիայի արտադրության գործընթացի։ Այս բնագավառի զարգացումը ոչ միայն նորարարություն կբերի ճարտարագիտության ոլորտ, այլև գիտական աշխատանքների ավելի մեծ ծավալ, կապահովի միջին մասնագիտական կրթության նոր հնարավորություններ ու կանաչ աշխատատեղեր։

Համաշխարհային բանկի թիմի օժանդակությամբ Հայաստանը մշակել է «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» ֆինանսական սվոփ մեխանիզմը, որի հիմքում երկկողմ և պետական պարտքն է, և կա այլ երկրների մասնակցության ներուժ։ «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» երկկողմ պետական պարտքի սվոփ գործարքն առաջարկում է՝ 1) երկրի պարտքի բեռը թեթևացնելու հնարավորություն, 2) ֆինանսական միջոցների վերահասցեագրում՝ NDC-ների շրջանակում ստանձնած պարտավորությունները ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով, 3) Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացում զարգացած երկրների համար։

Հայաստանը Ֆրանսիայի հետ բանակցություններ է սկսել «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» սվոփ գործարքի շուրջ և կարևոր է, որ այս բանակությունները շարունակվեն։ Կարևոր է, որ Հայաստանը բանակցություններ սկսի այլ վարկատուների հետ ևս։ Ժամանակներում, երբ կաշկանդված են Հայաստանի հարկաբյուջետային հնարավորությունները, իսկ տնտեսությունը փորձում է վերականգնվել պատերազմի և ՔՈՎԻԴ-19-ի հարվածներից, կարևոր է, որ կառավարությունը բովանդակային երկխոսություն ծավալի «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» սվոփի շուրջ, հատկապես, երբ բնապահպանական բոլոր ծրագրերն ունեն սոցիալ-տնտեսական բաղադրիչ։

 

Սևանա լիճ

Սևանա լիճը, որը հաճախ հիշատակվում է որպես Հարավային Կովկասի մարգարիտ, ամենաբարձրադիր քաղցրահամ լիճն է աշխարհում։ Այն իրապես բնական գոհար է և կարևոր ռազմավարական օբյեկտ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Ցավոք, Սևանը տասնամյակներ շարունակ շահագործվել և անխնա օգտագործվել է գյուղատնտեսական ու էներգետիկ նպատակներով։ Ներկայիս բնապահպանական խնդիրները բխում են ոչ միայն այսօրինակ անտաբերությունից ու գերշահագործումից. կուտակվելով՝ ժամանակի ընթացքում դրանք հանգեցրել են մի շարք անվտանգային խնդիրների և սպառնում են լճի էկոհամակարգին, հարակից համայնքների և ընդհանրապես՝ Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական կենսունակությանը։

Լճի մակարդակի առաջին անկումը՝ մոտավորապես 20 մետր, գրանցվել է 1930-ականներին և մեծ սթրեսի ենթարկել լճի էկոհամակարգի բնական հավասարակշռությունը։ Տարիներ շարունակ այն զուգակցվել է կոյուղաջրերի չկառավարվող ներհոսքով, գյուղատնտեսական ջրառով, ապօրինի ձկնորսությամբ և ձկնային պաշարների քայքայմամբ, որը մասամբ պայմանավորված է գետերի՝ կոշտ թափոններով աղտոտմամբ։ Վերջին, սակայն ոչ պակաս կարևոր ճնշումը լճի վրա կլիմայի փոփոխությունն է. բարձրացող ջերմաստիճանը՝ մեկտեղված լճի ջրի որակի և քանակի վատթարացմամբ, հանգեցրել է վտանգավոր ջրիմուռների ծաղկման։ Եթե խնդիրը ժամանակին չլուծվի, ապա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, օրինակ՝ լճի տևական ճահճացման։

Սևանա լիճը բարդ էկոհամակարգ է, ուստի երկարաժամկետ լուծումներն իրենց բնույթով պետք է համակարգված լինեն․ այսինքն՝ բավարար չէ միայն լճի հարակից համայնքներում կոյուղաջրերի մաքրման ենթակառուցվածքներ ստեղծելը։ Կարևոր է աշխատանքը համայնքների հետ՝ ջրօգտագործման, կոշտ թափոնների տեղավորման և ապօրինի ձկնորսության նրանց վարքագիծը փոխելու ուղղությամբ։ Նաև օրենսդրական աշխատանքի համակարգային մոտեցում է պահանջվելու, թե որքան, ինչ միջոցներով և ինչ տեսակի ենթակառուցվածքային փոփոխություններով է (ճանապարհների հարմարեցում, ափի մաքրում և այլն) բարձրացվելու լճի ջրի մակարդակը։ Պահանջվելու է նաև Հայաստանում ջրօգտագործման և ջրային ավազանների կառավարման ողջ ռազմավարության վերանայում, քանի որ Սևանա լճի վրա ներկայիս ճնշումները բխում են երկրում ջրային ռեսուրսների ոչ կայուն կառավարումից։

Շրջակա միջավայրի նախարարությունը սկսել է Հայաստանի վեց ջրային ավազանների կայուն կառավարման ռազմավարությունների վերանայման ու մշակման գործընթաց։ Սա կարևոր հետազոտական, քաղաքական ու օրենսդրական աշխատանք է, սակայն որպեսզի այն արդյունավետ ու կիրառելի լինի, պետք է հորիզոնական համագործակցություն պետական մարմինների միջև և ուղղահայաց վերահսկողություն պետական վերին օղակների կողմից՝ ոչ միայն քաղաքականություն մշակող, այլ նաև բնական պաշարների կայուն օգտագործումն ու պատշաճ իրականացումը վերահսկող ու կիրարկող մարմինների նկատմամբ։

 

Ջրային ռեսուրսներ

Նավթային 20-րդ դարի ավարտից հետո 21-րդ դարը նշանավորվում է նրանով, որ ջուրն է դառնում ամենակենսական հանածոն։ Կլիմայի սպառնալից փոփոխության և քաղցրահամ ջրային պաշարների՝ կանխատեսվածից ավելի արագ տեմպով նվազման պայմաններում ջուրն արդեն իսկ դարձել է ամենից պահանջված ռեսուրսը երկրագնդի չորային ու կիսաչորային գոտիներում։ Տարեցտարի ընդլայնվում է ջրային պակասուրդի աշխարհագրությունը։ Թեև Հայաստանը պարծենում է H2O-ի անասելի հարստությամբ, և մեկ շնչին բաժին ընկնող ջրի համեմատական հարաբերակցությունը բավականին բարձր է, պարզապես սոսկալի են ջրի կորստի ցուցանիշները (որոշ ոլորտներում մինչև 80%)։

Երկրում գյուղատնտեսությունը քայլ առ քայլ դառնում է տնտեսության առաջնային ճյուղ և աստիճանական աճ գրանցում․ այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է կատարելագործի ջրային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ կառուցվածքը, պետական կառավարումը, օրենսդրությունն ու վերահսկողությունը։ Կարևոր է ոչ միայն լուծում գտնել ջրի մեծ կորուստների պատճառ հանդիսացող ենթակառուցվածքային ու վարքագծային խնդիրներին, կենսական է սկսել անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելը՝ լուծելով ջրի քայքայման միջնաժամկետ ու երկարաժամկետ ռիսկերը։

Այս համատեքստում պետք է արձանագրել, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիան ջրամբարային խոշոր ենթակառուցվածքներ է ստեղծել Թուրքիա-Հայաստան սահմանին։ Միջնաժամկետից երկարաժամկետ հեռանկարում դա զգալի վնաս կհասցնի Հայաստանի Շիրակի և Արարատի մարզերի գյուղատնտեսությանը։ Թուրքիայի ենթակառուցվածքային գիշատիչ այս ռազմավարությունը (մի շարք խոշոր ջրամբարներ Եփրատ ու Տիգրիս գետերի վրա) և ջրային քաղաքականությունը անկասկած քաղաքական լարումներ է առաջացնելու ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Իրանի և Իրաքի հետ հարաբերություններում, քանի որ կլիմայի փոփոխությունն ու բարձրացող ջերմաստիճանն արդեն իսկ նշանակալի վնաս է հասցրել այս երկրների գյուղատնտեսական ոլորտներին։

Ըստ կանխատեսումների՝ տարածաշրջանում կինտենսիվանան ավազամրրիկները, ինչը ջրային պաշարների ու տեղումների նվազման ուղիղ հետևանք է։

 

Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը, թերևս, ամենից ակներև ու տեսանելի և սոցիալապես անարդար բնապահպանական անվտանգային մարտահրավերն է Հայաստանում։ Շատ առումներով անցած երկու տասնամյակների ընթացքում հանքարդյունաբերությունը դարձել է Հայաստանի «հոլանդական սինդրոմը», քանի որ կառավարությունները գերագնահատել են խոշոր հանքարդյունաբերողներից ստացված ռոյալթիների ու հարկային մուտքերի հաշվին պետական բյուջեն լցնելու դյուրինությունը։ Սա հանգեցրել է հանքարդյունաբերության ոլորտի քրոնիկ թույլ օրենսդրության և սոցիալական ու բնապահպանական ոչ իրական պատասխանատվության. բնապահպանական վիճակը պարզապես սարսափելի է մի շարք գործող և փակված հանքերում։ Ունենք մի իրավիճակ, երբ համայնքները նախընտրում են թույլ չտալ նոր հանքավայրերի շահագործումը՝ չնայած դրանց ապահոված կայուն, թեև ցածր վարձատրվող աշխատատեղերի։ Ցավոք սրտի, սա հանգեցրել է աղքատության խորացման, որոշ համայնքների՝ հանքագործությունից չափազանց մեծ կախվածության, այլ ոլորտների թերզարգացման ու անբավարար ներդրումների։

Վերջին իշխանությունները նախաձեռնել էին «Բնապահպանական ազդեցության գնահատման մասին» ՀՀ օրենքում, հանքարդյունաբերությանն առնչվող բնապահպանական մյուս օրենքներում, բնապահպանական հարկերում ու վճարներում կարևոր փոփոխությունների գործընթաց։ Այդուհանդերձ, փոփոխությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե համապատասխան լրամշակումներ կատարվեն Հայաստանի հանքարդյունաբերական ռազմավարությունում և վերահսկողության ու տեսչական ստուգումների մասին կարգավորումներում։

Ինչպես արդեն նշվեց, ոլորտում պետական մարմիններին միջև հորիզոնական համագործակցության, ինչպես նաև պատշաճ ուղղահայաց վերահսկողության պակաս կա։

 

Վտանգավոր թափոններ

Վտանգավոր, այդ թվում արդյունաբերական թափոնները գոյություն ունեցող և ահագնացող մեկ այլ բնապահպանական անվտանգային խնդիր են Հայաստանում։ Չնայած օրենսդրորեն հիմնականում կարգավորված են վտանգավոր թափոնների տեսակավորման, փոխադրման, տեղադրման ու չեզոքացման գործընթացները, երկրում չկա վտանգավոր թափոնների աղբավայր։ Սա նշանակում է, որ բոլոր վտանգավոր թափոնները, այդ թվում՝ արդյունաբերական, էլեկտրոնային և քիմիական թափոնները, ներկայումս խառնվում են կենցաղային թափոններին՝ հանգեցնելով հողի և ջրի թունավորման, ինչն իր հերթին երկարաժամկետ ու բազմաշերտ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։

Այս մարտահրավերի լուծումը ևս համակարգային մոտեցում է պահանջում, որը կարելի է սկսել Երևանում և Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերում ծրագրվող սանիտարական աղբավայրերում վտանգավոր թափոնների մշակման ու թաղման համար առանձնացված վայր ու խուց նախատեսելով։ Միջնաժամկետ և երկարաժամկետ լուծման համար անհրաժեշտ է մշակել վտանգավոր թափոնների կառավարման համապարփակ ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր, որը պետք է ներառել Հայաստանի թափոնների կառավարման թարմացված ռազմավարությունում, Արտադրողի ընդլայնված պատասխանատվության նախատեսվող ճանապարհային քարտեզում և ռազմավարությունում։

 

Անտառներ և կենսաբազմազանություն

Թերևս քչերը գիտեն, որ Հայաստանն աշխարհի կենսաբազմազանության առաջին 25 թեժ կետերի շարքում է։ Հայաստանի ֆիզիկական աշխարհագրությունը բազմազան է՝ սկսած չորայինից մինչև ենթաարևադարձային, ծովի մակարդակից բարձրությունը տատանվում է 400-ից մինչև 4000 մետր։ Այս պայմանները ձևավորում են բազմազան և եզակի էկոհամակարգի փոքր, սակայն շատ հարուստ գրպանիկներ, որոնք սփռված են երկրով մեկ։ Այդուամենայնիվ, բնական այդ հարստությունը, հատկապես անտառները, գերշահագործվել են տասնամյակներ շարունակ։ Ժամանակին անտառները զբաղեցնում էին Հայաստանի տարածքի 20%-ը, դրանք այսօր ընդամենը 11%-ն են։ Հարուստ կենսաբազմազանության կորուստը փաստաթղթավորված է Կարմիր գրքում։ Աղքատությունը և այլ գործոններ նպաստել են բնական ռեսուրսների քայքայմանը, քանի որ սոցիալապես և տնտեսապես խոցելի խմբերը ապրուստի միջոցներ հայթայթելու և եկամուտ ստանալու համար դիմում են ապօրինի ձկնորսության, ապօրինի ծառահատման և ապօրինի որսորդության։ Վիճակից օգտվում են կազմակերպված հանցավորությունը, և մենք ականատեսն ենք լինում երկրում մասշտաբային անտառահատումների և ձկնորսության մեծ ծավալների։

Անցած երկու տարիներին շոշափելի հաջողություններ են գրանցվել ապօրինի ծառահատումներն ու ապօրինի որսորդությունը/ձկնորսությունը սանձելու ուղղությամբ, ինչը հնարավոր է եղել ուղղահայաց վերահսկողության, օրենսդրության վիրահատական փոփոխությունների, նաև՝ քաղաքականություն մշակող և տեսչական ու իրավապահ մարմինների ավելի սերտ համագործակցության շնորհիվ։ Կարևոր է բոլոր այս ուղղություններով շարունակել աշխատանքը, որպեսզի չկորցնենք այն, ինչ ձեռք է բերվել մինչև հիմա։

Համակարգված մոտեցում է անհրաժեշտ ենթակառուցվածքների, հմտությունների և պահանջարկի ձևավորման առումով, երբ կանգուն ծառը շատ ավելի կարժենա, քան եթե այն սղոցված է։ Սա պահանջում է ռազմավարական ներդրումներ և կամ տեխնիկական աջակցություն ոչ միայն պետական, այլև համայնքային ու մասնավոր սեփականություն հանդիսացող տնկարաններում, համայնքների ակտիվ ներգրավում ծառահատման ու որսորդության կանխարգելման գործընթացում, և անտառապահների ու անտառաբույծների նոր սերնդի մասնագիտական ուսուցում։ Անասելի կարևորություն ունի անտառների կառավարման բարելավումը՝ անտառկառավարման նոր պլանների ընդունմամբ և արդյունավետ պրակտիկ վերահսկողության միջոցով, նաև պետական բարձրաստիճան օղակներում գիտակցումը, որ անտառների արդյունավետ կառավարումը միջգիտակարգային և միջգերատեսչական գործառույթ է և պահանջում է հորիզոնական համագործակցություն ու ուղղահայաց հաշվետվողականություն։

 

Եզրակացություն

Հայաստանն իր բնական պաշարներն արդյունավետ օգտագործելու և կանաչ տնտեսական աճ ապահովելու ահռելի ներուժ ունի, որը պետք է իրացնել՝ լինի դա արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ ներգրավելով, թե ածխածնի սեկվեստրի ներուժն ինստիտուցիոնալ և առևտրային հենքի վրա դնելով։ Այստեղ անհրաժեշտ է հեռատես մտածելակերպ, հավակնոտ ռազմավարություն, կանաչ և կլիմայակայուն տնտեսական աճ, ինչպես նաև արդյունավետ, արհեստավարժ ու տեխնոկրատ կառավարում։