Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը Արցախյան երկրորդ պատերազմից առաջ

Ադրբեջանը հայերի և հայկական մշակույթի դեմ վայրագությունների և հանցագործությունների զարհուրելի պատմություն ունի: Թեև 2020 թվականի Արցախյան պատերազմն աննախադեպ էր իր ծավալով, պատերազմական հանցագործությունների դաժանությամբ ու միջազգային մարդասիրական իրավունքի դեմ ոտնձգություններով, միևնույն ժամանակ այն պաշտոնական Բաքվի ավելի քան մեկ դար ձգվող հակահայ քաղաքականության շարունակությունն էր:

Այս պատերազմը հիշեցրեց միջազգային հանրության անգործության մասին, որը տարիներ շարունակ անտեսել է Ադրբեջանի հռետորաբանությունը: Միջազգային հանրության լռության պայմաններում էլ Ադրբեջանի ղեկավարությանը անպատժելիության զգացումը թույլ տվեց վերջինիս շարունակել իր վայրագությունները:

Ինքնորոշման մերժված իրավունք

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ակունքներում Իոսիֆ Ստալինի անմիջական միջամտությամբ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումն է՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ։ 1923 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ Ղարաբաղի տարածքի մի հատվածում կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչության 94 տոկոսը հայեր էին:

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության տարիներին հայերը մի քանի անգամ փորձեցին Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայացնել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կենտրոնական իշխանություններին: ԼՂ ժողովրդական ներկայացուցիչները բազմաթիվ նամակներով և խնդրագրերով դիմեցին Մոսկվային 1945, 1965, 1967 և 1977 թվականներին, սակայն անարդյունք:

Երբ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության վերջին գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հռչակեց «գլասնոստի» և «պերեստրոյկա» իր քաղաքականության մասին, այն հիմքեր ստեղծեց ԽՍՀՄ-ում քաղաքական վարչակարգի ազատականացման և բարեփոխումների համար: Սա ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն և ի վերջո հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը 1991 թվականի դեկտեմբերին: Հենց այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սկսեց հույսեր փայփայել հիմնախնդրի ժողովրդավարական լուծման համար:

Ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988 թվականի սկզբներին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներ և խնդրագիր ստորագրեցին ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման պահանջով: Ինքնավար մարզի ներկայացուցիչներն ուղևորվեցին Մոսկվա՝ կենտրոնական իշխանությունների հետ հանդիպելու և հարցը լուծելու ուղիներ գտնելու համար։

1988 թվականի փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորները (խորհրդային) ԼՂԻՄ մարզխորհրդի հատուկ նիստում որոշում ընդունեցին դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»։ Որոշումն ընդունվեց 110 կողմ և 17 դեմ ձայներով:

Որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ Սահմանադրությանը. Մոսկվան, այդուհանդերձ, որոշեց մերժել Հայաստանի հետ վերամիավորման Ղարաբաղի պահանջը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հանդեպ այս անթաքույց արհամարհանքն էր, որ հանգեցրեց բազմամարդ ցույցերի թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում:

Հայկական ջարդերն Ադրբեջանում

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից հայերի զանգվածային սպանությունների կազմակերպումը Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում Ադրբեջանի պետական քաղաքականության մաս էին, որի նպատակը Ղարաբաղի խնդրի արդար լուծման հնարավորության չեզոքացումն էր: «Միայն այն փաստը, որ այս ջարդերը կրկնվում էին, և այն փաստը, որ դրանք կատարվում էին նույն ձեռագրով, ստիպում են մեզ մտածել, որ այս ողբերգական դեպքերը դժբախտ պատահարներ կամ ինքնաբուխ բռնկումներ չեն»,- նշվում էր Նյու Յորք Թայմզի բաց նամակում:

Սումգայիթ

ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարյան հայտնի որոշումից անմիջապես հետո, 1988 թվականի փետրվարի 27-ից սկսած, հայ բնակչության եռօրյա ջարդեր կազմակերպվեցին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Այդ տարիներին Սումգայիթում բնակվում էր մոտավորապես 18,000 հայ:

Էթնիկ ադբեջանցիներից կազմված խառնամբոխը թիրախավորում, հարձակվում ու սպանում էր հայերին իրենց տներում, քաղաքի փողոցներում: Մեկ օր անց՝ փետրվարի 28-ին, Ներքին գործերի նախարարության մի փոքր զորախումբ փորձեց վերջ դնել լայնածավալ անկարգություններին, բայց անհաջող: Միայն այն բանից հետո, երբ կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, սպանությունները դադարեցին: Ըստ ԽՍՀՄ Գլխավոր դատախազի պաշտոնական տվյալների՝ Սումգայիթում սպանվել է 32 մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվն անհամեմատ ավելի շատ է:

«Սումգայիթ քաղաքում փետրվարին, Լեռնային Ղարաբաղի անջատման առաջին պահանջից հետո, ադրբեջանցիների գազազած ամբոխը 26 հայ սպանեց այնպիսի կատաղի մոլուցքով, որը ցնցեց երկիրը: Ադրբեջանի ոստիկանությունը ոչինչ չարեց դա կանխելու համար»,- նշված է The Guardian-ի 1988 թվականի հոդվածում:

«Երկու կնոջ կուրծքն էին կտրել, մեկ ուրիշի գլուխը, իսկ մի երիտասարդ աղջկա մաշկը հանել էին: Զինծառայողները կորցնում էին գիտակցությունը՝ տեսնելով, թե ինչ կտտանքների են ենթարկել հայերի մարմինները»,- հիշում է ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը:

Ջարդերից մի քանի ամիս անց՝ 1988 թվականի հուլիսին, Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանում հայերի դեմ բռնությունները դատապարտող բանաձև ընդունեց: Այն խորհրդային իշխանություններին կոչ էր անում երաշխավորել Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող 500,000 հայերի անվտանգությունը և ապահովել, որ ջարդեր հրահրողներն ու մասնակիցները պատժվեն խորհրդային օրենսդրության համաձայն:

1993 թվականի մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին առաջարկել է ներում շնորհել Սումգայիթի ջարդերի ընթացքում հայերի դեմ բռնությունների գործով դատապարտվածներին։ Նրանց ներում շնորհվեց 1993 թվականի մայիսի 28-ին, երբ նշվում էր Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման 74-րդ տարեդարձը:

Բաքու

1990 թվականի հունվարի 12-ից հայերի դեմ մեկ շաբաթ տևողությամբ ջարդեր սկսվեցին Բաքվում։ Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում հայերին ծեծի ու կտտանքների էին ենթարկում, ողջ-ողջ այրում, սպանում կամ աքսորում քաղաքից: Հաստատված տվյալների համաձայն՝ հարձակումներն ինքնաբուխ չէին և մանրակրկիտ կազմակերպված էին. ջարդարարների ձեռքին եղել են քարտեզներ, որոնց վրա նշված էին հայերով խիտ բնակեցված թաղամասերը: Այդ տարիներին Բաքվում բնակվում էր մոտավորապես 30,000-40,000 հայ: Ըստ տարբեր աղբյուրների՝ սպանվածների թիվը 68-90 է։

«Ջարդերը բոլորովին էլ ինքնաբուխ չէին. հարձակվողներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»,- նշում է Human Rights Watch-ի թղթակից Ռոբերտ Քուշենը:

«Այս շաբաթ մուսուլման ադրբեջանցիների կողմից գերազանցապես քրիստոնյա հայերի նկատմամբ իրականացված ջարդերը Բաքվում վկայում են նացիոնալիզմի մասին՝ ամենադաժան դրսևորման մեջ»,- նշված է Նյու Յորք Թայմզի մի հոդվածում:

«Ես իմ աչքով եմ տեսել երկու հայի սպանությունը երկաթգծի կայարանի մոտակայքում: Ամբոխը հավաքվեց, բենզին լցրեց նրանց վրա ու այրեց, չնայած Նասիմինսկի շրջանի ոստիկանական բաժանմունքն ընդամենը 200 մետր հեռավորության վրա էր, որտեղ կար ներքին զորքերի 400-500 զինվոր: Զինվորները մեքենաներով անցան այրվող մարմինների կողքով մոտ 20 մետր հեռավորության վրա, և ոչ ոք չփորձեց մոտենալ տարածքին ու ցրել ամբոխը»,- հիշում է Ադրբեջանի ազգային ճակատի առաջնորդ Էթիբար Մամեդովը:

Մարաղա

1992 թվականի ապրիլի 10-ին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում մոտ 50 հայ գազանաբար սպանվեց ադրբեջանական զորքերի կողմից: Ավելի քան 60 մարդ պատանդ վերցվեց, այդ թվում 18 կին, ինը երեխա և երեք տարեց: Գյուղն ամբողջությամբ ավերվեց և հրդեհվեց: Ըստ 1989 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալների՝ Մարաղայում բնակվում էր 4,660 մարդ: Հարձակման պահին գյուղը լքել է ընդամենը 118 մարդ։

«Անհնար է բառերով նկարագրել այն, ինչ տեսանք […] Այդ օրերին Մարաղայում արված լուսանկարները ցույց էին տալիս այնտեղ կազմակերպված ջարդի ողջ սարսափը. գլխատված և ածխացած մարմիններ, երեխաների մասունքներ, արյունոտ հող ու մարդկային մարմնի կտորներ, որոնք թափված էին այն տեղերում, որտեղ ադրբեջանցիները սղոցել էին ողջ մարդկանց մարմինները: Մանգաղների վրա, որոնցով նրանք անդամահատել էին մարդկանց մարմինները, չորացած արյուն կար… Մարաղայի բնակիչներին սպանելուց հետո ազերիները շարունակեցին թալանել ու այրել գյուղը»,- նշում է բարոնուհի Քերոլայն Քոքսը մի հարցազրույցում:

«Նրանք ներխուժեցին նկուղ ու գտան մեզ: Սկսեցին հրացանների կոթերով ծեծել մեզ: Հետո հանեցին, դուրս բերեցին այգի, ու Վարդանուշը, որ ուժեղ արյունահոսում էր, անգիտակից ընկավ գետնին: Հենց այդ ժամանակ մի զրահապատ մեքենա մտավ բակ ու քշեց ուղիղ նրա մարմնի վրայով. մնաց միայն մարմնի, արյան ու ցեխի խառնուրդ: Մյուս գյուղացիներին և ինձ մերկացրին ու տարան Միր-Բաշիր: Մեզ վերաբերվում էին ինչպես ապրանքի. որտեղ ցանկանում էին, վաճառում էին»,- պատմում է պատանդներից մեկը՝ Լենա Բարսեղյանը, որին, հետագայում, հաջողվել է վերադառնալ։

Նախիջևանի հայկական ժառանգությունը

Խորհրդային կառավարման տարիներին Ադրբեջանի իշխանությունները խտրական քաղաքականություն էին վարում նաև Նախիջևանում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ։

Մինչև 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը՝ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ստեղծվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Դրանից հետո Նախիջևանը ենթարկվել է կտրուկ ժողովրդագրական փոփոխության: Հայերի թիվը 1926 թվականին արձանագրված մոտ 15,600-ից կամ ընդհանուր բնակչության 15 տոկոսից 1979-ին հասել էր մոտ 3,000-ի կամ ընդհանուր բնակչության 1.4 տոկոսի: Վերջին 2,000 հայերը Նախիջևանից տեղահանվեցին 1989 թվականին: Նույն ժամանակահատվածում ներգաղթի և ծնելիության բարձր մակարդակի շնորհիվ ադրբեջանցի բնակչությունը 85,400-ից կամ ընդհանուր բնակչության 85 տոկոսից հասել է 230,000-ի՝ կազմելով ընդհանուր բնակչության մոտ 96 տոկոսը: Այս հանգամանքներում ակնհայտ էր, որ Նախիջևանի բնիկ հայկական մշակութային ժառանգությունը, որը տարածաշրջանում հայկական ներկայության միակ վկայությունն էր, դառնալու էր Ադրբեջանի խտրական քաղաքականության հերթական զոհ:

Ջուլֆայի (Ջուղա) պատմական հայկական գերեզմանոցում ավելի քան 10,000 խոյաձև գերեզմանաքար ու հայկական խաչքար է ժամանակին հաշվվել՝ յուրօրինակ ձևավորմամբ և մանրամասն փորագրված նախշերով: Մինչև 1904 թվական դրանց թիվը կրճատվել էր մինչև 5,000: Հայկական մշակութային այս ժառանգության նկատմամբ վերաբերմունքը չփոխվեց նաև խորհրդային վարչակարգի օրոք: Մի քանի տասնամյակ տևած համակարգային ոչնչացումից հետո 1990-ականների վերջերին պատմական այս գերեզմանոցում մնացել էր ընդամենը 2,000 խաչքար: Հետագա մի քանի տարիներին ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, մինչև կվերանային դրանց մասին բոլոր հիշողություններն ու վկայությունները: 1998 թվականին, երեք շաբաթ տևած վանդալիզմից հետո, ավելի քան 800 խաչքար ոչնչացվեց, իսկ գործընթացը կանգ առավ միայն Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) և ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) կոչերից հետո։ Ավերածությունները, սակայն, վերսկսվեցին 2002 թվականի նոյեմբերին, իսկ գործընթացը «եզրափակվեց» 2005-ին, երբ ադրբեջանցի զինվորականները հողին հավասարեցրին մնացած բոլոր գերեզմանաքարերն ու դրանք թափեցին Արաքս գետը:

«Ամբողջությամբ կեղծիք ու զրպարտություն է, որ հորինել են հայկական լոբբիստական շրջանները»,- 2006-ին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արձագանքելով Ջուլֆայի խաչքարերի ոչնչացման մասին տեղեկություններին։

Ադրբեջանի իշխանությունները մշտապես արգելել են միջազգային դիտորդներին այցելել գերեզմանոց։ 2011 թվականին, երբ Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնեց Նախիջևան և ցանկություն հայտնեց այցելել Ջուլֆա՝ հայկական խաչքարերի ենթադրյալ ավերածությունները հետաքննելու, նրա մուտքը քաղաք արգելվեց:

1964-1987 թվականներին հայաստանցի հետազոտող Արգամ Այվազյանն ամենայն մանրամասնությամբ վավերագրել է Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը: Մինչև 1989 թվականը Այվազյանը հասցրել էր վավերագրել 89 հայկական եկեղեցի, 5,840 նախշազարդ խաչքար և 22,000 հորիզոնական տապանաքար: Այվազյանի հետազոտություններին հետագայում անդրադարձել է շոտլանդացի հետազոտող Սթիվեն Սիմը, որը 2005 թվականին Նախիջևան կատարած այցի ընթացքում հաստատել է, որ Այվազյանի լուսանկարած միջնադարյան հայկական եկեղեցիներն այլևս գոյություն չունեն: Ավելի ուշ Սիմը պատմել է, որ Նախիջևանում ոստիկանությունը հարցաքննել է իրեն ու հարցրել, թե ինչու էր ակնկալում հայկական քրիստոնեական եկեղեցիներ գտնել մի տարածաշրջանում, որտեղ բնակվում են միայն մուսուլմաններ: Մի տեղացի էլ պատմել է, որ Նախիջևանում երբեք հայեր չեն ապրել: Սիմը մեզ հայտնի վերջին օտարերկրացին է, որն այցելել է Նախիջևան։

2010 թվականին Գիտության զարգացման ամերիկյան ընկերակցությունը (AAAS), օգտագործելով հեռահար սենսորային տեխնոլոգիաներ, փաստեց, որ «արբանյակային տվյալները համապատասխանում են ցամաքում հետազոտողների տրամադրած տվյալներին՝ Ջուլֆայի գերեզմանոցում նյութական մշակույթի վկայությունների ոչնչացման մասին»: Ընկերակցության գնահատականը հիմնված էր գերեզմանոցի 2003 և 2009 թվականների երկու արբանյակային պատկերների վրա, որոնց համադրությունից կարելի էր եզրակացնել, որ տարածքի ոչնչացման համար ամենայն հավանականությամբ օգտագործվել է ծանր տեխնիկա:

Միայն 2010 թվականին Ջուլֆայի հայկական խաչքարերն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, ինչն արժեքների պաշտպանություն է ենթադրում։

Մարդասպանների փառաբանում

Հակահայկական տրամադրությունները խոր արմատներ ունեն ադրբեջանական հասարակության մեջ և երկրի հիմնական դիսկուրսի անբաժան մասն են: Հաճախ Ադրբեջանի իշխող վերնախավը թեժացնում է այդ տրամադրությունները՝ փառաբանելով էթնիկ հայերի մարդասպաններին և խրախուսելով հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը: Արցախյան առաջին պատերազմին հաջորդած հրադադարի 26 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանցի զինվորականները հանցագործություններ են կատարել հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ. Գուրգեն Մարգարյանի դեպքը դրա ապացույցն է:

2004 թվականի հունվարին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը լեյտենանտ Հայկ Մակուչյանի հետ մեկնել էր Բուդապեշտ, Հունգարիա՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցելու անգլերենի եռամսյա դասընթացների։ Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը նույնպես մասնակցում էր ծրագրին: Ծրագրի մեկնարկից մի քանի շաբաթ անց Սաֆարովը սպանեց քնած Մարգարյանին։ Վերջինս 26 տարեկան էր:

Սաֆարովը, նպատակ ունենալով սպանել դասընթացի հայ մասնակիցներին, 2004 թվականի փետրվարի 19-ին, առավոտյան ժամը 5-ին, ըստ ոստիկանության տվյալների, կացնով 16 անգամ հարվածել է քնած Մարգարյանին, գրեթե կտրել գլուխն ու դանակով մի քանի հարված հասցրել կրծքավանդակին: Մարգարյանի սենյակակիցը՝ հունգարացի Բալազս Կուտին, որը նույնպես քնած է եղել այդ ժամանակ, հիշում է, թե ինչ տեսավ, երբ արթնացավ աղմուկից. «Այդ ժամանակ հասկացա, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվել, որովհետև շուրջս ամեն ինչ արյան մեջ կորած էր: Սկսեցի գոռալ ադրբեջանցու վրա՝ խնդրելով, որ վերջ տա: Նա ասաց, որ ինձ հետ ոչ մի խնդիր չունի, ինձ ձեռք չի տա, ևս մի քանի անգամ դանակահարեց Գուրգենին ու հեռացավ: Դեմքի արտահայտությունն այնպիսին էր, կարծես ուրախ էր, որ ինչ-որ կարևոր բան է ավարտին հասցրել: Ահավոր ցնցված՝ դուրս վազեցի սենյակից, որ օգնություն խնդրեմ, իսկ Ռամիլն այլ ուղղությամբ գնաց»: Սաֆարովը փորձել է սպանել նաև Մակուչյանին, բայց նրա սենյակի դուռը կողպած է եղել:

Հունգարիայի ոստիկանությունը ձերբակալեց Սաֆարովին: Ձերբակալությունից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ լեյտենանտ Մարգարյանը «պարբերաբար վիրավորել է ադրբեջանցի սպայի և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը», հետևաբար սադրել է Սաֆարովին և ազդել նրա զգացմունքային վիճակի վրա: Երկարատև դատական գործընթացից հետո 2006 թվականին Ռամիլ Սաֆարովին մեղադրանք առաջադրվեց առաջին աստիճանի ծանրության սպանության համար, և նա դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց պայմանական վաղաժամ ազատման հնարավորության։

Բուդապեշտի բանտում ութ տարի պատիժ կրելուց հետո 2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարը հավանություն տվեց Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին (Դատապարտյալների փոխանցման մասին Եվրոպայի խորհրդի 1983 թվականի կոնվենցիայի համաձայն)՝ պայմանով, որ նա պատիժը կրի Ադրբեջանում: «Մենք նույն կերպ կվարվեինք, եթե հայն ադրբեջանցի սպանած լիներ: Հունգարիան պետք է ծառայի իր երկրի, այլ ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի շահերին»,- հայտարարեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի խորհրդարանում՝ պաշտպանելով կառավարության որոշումը: Հունգարիայի արդարադատության և հանրային կառավարման նախարարը նույնպես պաշտպանեց որոշումը՝ նշելով, որ իրենք գրավոր երաշխիք են ստացել Ադրբեջանի կառավարությունից, որ Սաֆարովը կշարունակի պատիժը կրել հունգարական դատարանի սահմանած ժամկետով:

Ադրբեջան վերադառնալուց հետո, սակայն, Սաֆարովին ոչ միայն ներում շնորհվեց՝ նրան դիմավորեցին ինչպես հերոսի: Նա նոր բնակարան ստացավ, արժանացավ մայորի կոչման և դրամական փոխհատուցում ստացավ ութ տարիների համար, որոնք անց էր կացրել հունգարական բանտում: Սաֆարովին ներում շնորհելը հակասում էր Ադրբեջանի քրեական օրենսգրքին, ըստ որի՝ ցմահ ազատազրկվածները կարող են ազատ արձակվել առնվազն 25 տարի պատիժը կրելուց հետո միայն: Էլմիրա Սուլեյմանովան, որն այդ ժամանակ Ադրբեջանի կառավարության մարդու իրավունքների պաշտպանն էր, իր երախտագիտությունը հայտնեց նախագահին՝ Սաֆարովի արտահանձնումը կազմակերպելու և նրան ներում շնորհելու համար: «Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»,- հայտարարեց նա։

2012 թվականի սեպտեմբերին Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց, որը դատապարտում էր նախագահ Ալիևի՝ Սաֆարովին ներում շնորհելը և ընդգծում, որ այդ քայլը կարող է էլ ավելի սրել երկու երկրների միջև լարվածությունը: Խորհրդարանը նաև մտահոգություն էր հայտնում, որ պետության կողմից Սաֆարովին խրախուսելն ու ողջունելը արատավոր օրինակ է ապագա սերունդների համար:

Ադրբեջանի այս քայլը դատապարտեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումից հետո նրանք հանդես եկան հայտարարությամբ, որով «իրենց խոր մտահոգությունն ու ափսոսանքն էին հայտնում առ այն, որ ներում շնորհելն ու հանցագործին փառաբանելը մեծ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին և կողմերի փոխադարձ վստահությանը»:

Պատերազմական հանցագործությունները Ապրիլյան պատերազմում

2016 թվականին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով սկսված ռազմական գործողությունները, հայտնի որպես Ապրիլյան պատերազմ, ամենալարվածն էին 1994-ի հրադադարից հետո: Քառօրյա պատերազմի ընթացքում, 2016 թվականի ապրիլի 1-ից 4-ը, ադրբեջանցի զինծառայողները մի շարք պատերազմական հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ զինվորների և խաղաղ բնակչության գլխատում, խոշտանգումներ և կտտանքներ:

Ապրիլի 2-ի վաղ առավոտյան Թալիշ գյուղի սահմանը, որը Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելքում է, ենթարկվեց ադրբեջանական հուժկու հարձակման. կարճ ժամանակով գյուղի վերահսկողությունն անցավ ադրբեջանական ուժերին։ Երբ հայկական ուժերը հետ վերցրեցին գյուղը, պարզվեց, որ ադրբեջանական զինուժը դաժան կտտանքների է ենթարկել, խոշտանգել ու սպանել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամի՝ Վալերա Խալափյանին, Ռազմելա Խալափյանին և 92-ամյա Մարուսյա Խալափյանին: Ֆոտոլրագրող Հակոբ Պողոսյանն առաջինն էր, որը վավերագրել է տարեցների սպանությունը իրենց իսկ տանը: «Ես… տեսա տարեց տղամարդու, աթոռին նստած, կողքին ձեռնափայտ… Անմիջապես լուսանկարեցի: Լուսանկարեցի, իսկ հետո մի քայլ առաջ գնացի ու տեսա հատակին ընկած կնոջ… Մոտեցա ու կռացա, որ լուսանկարեմ նրան: Գիտեք, սովորաբար չեմ սիրում այդպիսի լուսանկարներ անել, մի խոսքով, պտտվեցի սենյակում ու բազմոց տեսա: Բազմոցին ծեր կին էր պառկած, մոտ իննսուն տարեկան: Երեքին էլ սպանել էին: Նաև կտրել էին կնոջ ու տղամարդու ականջները… ահա թե ինչ: Լուսանկարեցի…»,- պատմում է Պողոսյանը:

Պաշտպանության բանակի ժամկետային երեք զինծառայողների՝ Քյարամ Սլոյանին, Հրանտ Ղարիբյանին և Հայկ Թորոյանին ադրբեջանցի զինվորները գլխատել էին Թալիշի մատույցներում: Սոցիալական ցանցերում տարածվեցին ադրբեջանցիների լուսանկարներ, որտեղ նրանք ցուցադրում էին շարքային Սլոյանի գլուխը: Սլոյանի գլուխը Արցախի իշխանություններին վերադարձվեց 2016 թվականի ապրիլի 8-ին միայն, իսկ մինչ այդ «շրջում էր» ադրբեջանական գյուղերում՝ որպես «ռազմավար»:

Ղարիբյանն ու Թորոյանը միասին էին, երբ Թալիշի հյուսիսում տեղակայված հրամանատարական կետ զինամթերք տեղափոխող նրանց բեռնատարը հայտնվում է ադրբեջանական կրակի տակ: Ադրբեջանցիները Ղարիբյանին գնդակահարում, ապա գլխատում են: Թորոյանը լուրջ հրազենային վնասվածք է ստանում. նրա դաստակները կտրում են, երբ նա դեռ ողջ էր, ապա գլխատում։

Նրանց գլխատված մարմինները հայտնաբերվել են բեռնատարից մի քանի մետր հեռավորության վրա: Մինչև այսօր ո՛չ Ղարիբյանի, ո՛չ Թորոյանի գլուխը չի վերադարձվել Արցախի իշխանություններին: Բոլոր երեք զինծառայողների գործերը հանձնվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ECHR):

Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի պաշտպանության բանակի 18 հայ զինծառայող համարվում էր անհետ կորած: Ավելի ուշ նրանց մարմինները փոխանցվեցին հայկական կողմին Միջազգային Կարմիր Խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։ Բոլոր 18 մարմինների վրա հայտնաբերվել են կտտանքների և խոշտանգումների հետքեր՝ կտրած ականջներ, դաստակներ, մատների հոդեր և մատներ:

Leave A Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով