Խորհրդայինից մինչև անկախություն. Ծաղրանկար

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Քաղաքական ծաղրանկարն ունի ավելի քան 250 տարվա պատմություն, որի հիմքում, թերևս, ծիծաղելու կատակելու մարդկային բնական հակումն է: Դեռևս 18-րդ դարի կեսերին քաղաքական իրադարձությունները, գործիչները, միապետները հաճախ ներկայացվում էին ծաղրանկարներով, ինչը հանրությունն ընդունում էր սիրով: Հայկական մամուլը նույնպես ծաղրանկարի լավ ավանդույթներ ունի. 19-րդ դարի վերջին և 20-ի սկզբին աշխարհի տարբեր ծայրերում տպագրվում էին հայկական երգիծական թերթեր՝ «Մեղու», «Ցախավել», «Միմոս», «Կիկո», «Մախլաս», «Սև կատու», «Լեպլեպիճի» և այլն: Երգիծական հանդեսներից բացի, ծաղրանկարներով հարուստ էին օրաթերթերն ու ամսագրերը:

Մենք նախապես մտադիր էինք անդրադառնալ Հայաստանի անկախության առաջին տարիների՝ 1990-ական թվականների սկզբի հայկական մամուլի քաղաքական ծաղրանկարին, սակայն շուտով պարզվեց, որ հնարավոր չէ չխոսել նաև խորհրդային շրջանի երգիծանքից և հումորից, ուստի մեր զրույցը սկսեցինք ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի գողտրիկ արվեստանոցում:

***

 

Մարդիկ քննադատություն չեն սիրում՝ լինի բանավոր խոսք, հոդված, թե ակնարկ: Առավել հաճախ վիրավորվում ու նեղանում են ծաղրանկարից և հեղինակից: Մենք փորձեցինք ճշտել Ռուբեն Արուտչյանից, թե ո՞րն է հումորի, երգիծանքի և ծաղրի սահմանը, արդյո՞ք հնարավոր է այն գծել կամ սահմանել:

Ռուբեն Արուտչյան — Թե որն է սահմանը, շատ ստույգ չեմ կարող ասել: Հումորը, կարծես, իրավիճակը սրելու հավակնություններ ունի, ինչպես երգիծանքը: Մի օրինակ բերեմ՝ «Լիտերատուրնայա Գազետա»[1]-ի 16-րդ՝ վերջին էջը: Թերթը շատերը գնում էին հենց այդ էջի համար: Այնտեղ տպագրվում էին Պեսկովի, Սլացկովսկու, Տեսլերի ծաղրանկարները… Նրանք չքնաղ ծաղրանկարիչներ էին, լավ ձեռք ունեին, ճանաչելի էին իրենց ձեռագրով ու դրսում մրցանակներ էին ստանում: Ինչո՞ւ: Այն ժամանակ, 60-ականներին, մարդիկ խոհանոցներում էին խոսում, ուզում էին ինչ-որ բան անել, ինչ-որ բանից ուզում էին ազատվել, դուրս գալ, թեկուզ՝ խոսքով: Հեղինակների բոլոր ծաղրանկարները երկրորդ պլան ունեին, և խելացի մարդիկ այդ երկրորդ միտքն էին կարդում: 

 

Խորհրդային ծաղրանկարում կար երկրորդ՝ քողարկված միտք, հաճախ՝ դժվարընկալելի: Հեղինակները հասկանում էին, որ պետք է այնպես նկարեին, որ ԽՍՀՄ ամենազոր գրաքննությունը խոչընդոտ չստեղծեր:

Ռ. Ա. — «Կրոկոդիլ»[2]-ն այդպես չէր, պաշտոնական էր, որտեղ չէիր կարող շատ բան անել, իսկ «լիտերատուռկայի»[3] 16-րդ էջն ավելի ազատ էր, այնտեղ, օրինակ, Ժվանեցկին[4] էր տպագրվում: Ու, թվում էր, թե մեզ երգիծանք և հումոր են հրամցնում, բայց իրականում գոյություն ուներ երկրորդ պլան, որը մեր պես մարդիկ էին նկատում: Հեղինակները, կարծես, պաշտպանվում էին՝ թե սա հումոր է, ավելորդություն չունի: Ստուգողն էլ, երևի, կարծում էր, թե դա հումոր է…

 

Մի՛ վիճիր անհումոր մարդու հետ

Ռ. Ա. — Կուզենայի հիշեցնել հայրիկիս խոսքը՝ «եթե հանդիպում ես առանց հումորի մարդու, մի վիճիր հետը, շրջվիր ու գնա, մի օր մի բան կանի քեզ»: Ես՝ անձամբ, կարծում եմ, որ հումորը մարդու մտածողության բարձրակետն է: Իմ ընկերներին դասակարգել եմ՝ ովքեր հումոր չունեն՝ նրանցից հեռացել եմ: Եթե հումոր չեն հասկանում, ուրեմն, կոպիտ ասած, խելացի չեն:

Խորհրդային Միությունը փակ համակարգ էր, գաղափարականացված, որտեղ ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը վերահսկվում էր, բայց, միաժամանակ, խորհրդային համակարգում լույս էին տեսնում «Կրոկոդիլը», «Լիտգազետան»: Ինչո՞ւ էին խորհրդային ղեկավարները թույլատրում այդ երգիծանքը, գոլորշի՞ էին բաց թողնում…

Ռ. Ա. — Նախ՝ իշխանությունը պահելու համար էր: Կոմունիստներն ինչպե՞ս պետք է պահեին իշխանությունը. ամբողջ աշխարհին պետք է ապացուցեին, որ սոցիալիստական հասարակարգն ամենալավն է: Հետևաբար՝ շարժվում էինք արևմուտք և փնովում այն ամենն, ինչ կատարվում էր այնտեղ, օրինակ՝ «Պեպսի-Կոլան» գրում էինք «Պեպսի-Կոլիտ»[5]:

Կային երևույթներ, որոնք քննադատվում էին, օրինակ, կաշառակերությունը, սակայն միայն ստորին օղակում՝ խանութի վաճառողը թերակշռում կամ որևէ ապրանք «տակից էր տալիս»[6], պահեստում կամ արտադրամասում շինանյութ էին գողանում և այլն, սակայն երբեք չէին անդրադառնում բարձր պաշտոնյաներին:

Ռուբեն Արուտչյանի հայրը՝ Սերգեյ Արուտչյանը, երկար տարիներ հայկական «Ոզնի»[7] երգիծական հանդեսի գլխավոր նկարիչն էր, իսկ հորեղբայրը՝ Միքայել Արուտչյանը, «Կարմիր մոծակ»[8]-ի նկարիչը:

Ռ. Ա. — Պատկերացրե՛ք, Հայաստանը խորհրդայնացավ, կիսեցին, ինչ թողեցին՝ թողեցին, մենք ո՞ւմ դեմ պետք է գրեինք, ո՞ւմ դեմ պետք է նկարեինք՝ դաշնակների դեմ:

 

Հումորի միջազգային մրցույթների, այնուամենայնիվ, մասնակցում էին

Ռ. Ա. — Հնարավորությունը միջազգային մրցույթներն ու փառատոներն էին: Օրինակ՝ Գաբրովոն[9]՝ ծիծաղի, հումորի հայտնի քաղաք, որտեղ 1972 թվականից երկու տարին մեկ անգամ բիենալե էին կազմակերպվում: Ես մի քանի անգամ մասնակցել եմ, նույնիսկ պատվոգիր եմ ստացել իմ աշխատանքի համար: Հետաքրքիր էր, այնտեղ ազատ էիր:

Սակայն մի նրբություն կար՝ միջազգային փառատոներին նկարներ ուղարկելու համար խմբագրությունները պետք է հավանություն տային բովանդակությանը: «Այսինքն՝ ես այդքան էլ ազատ չէի, ստուգում էին»,— պատմում է Ռուբեն Արուտչյանը:

Ռ. Ա. — Արևելյան Եվրոպան ավելի ազատ էր՝ լեհական, բուլղարական շատ հայտնի ծաղրանկարիչներ կային: Հումորն ու երգիծանքը պետք է ազատություն ունենան, եթե ազատություն չունեցան՝ անիմաստ են դառնում:

 

Անկախությունը…

Անկախությունը հռչակելուց հետո հայկական մամուլը կարծես ավելի ազատ դարձավ. բացվեցին բազմաթիվ թերթեր, որոնք սկսեցին ծաղրանկարներ տպագրել: Հայաստանի ազատ մամուլում տպագրվող ծաղրանկարներն ավելի սուր էին, երբեմն նաև՝ վիրավորական:

Ռ. Ա. — Ինքը՝ նկարիչը, պետք է լինի «գրաքննությունը»: Վիրավորել չի կարելի: Օրինակ՝ «Շարլի Էբդոն» ես այնքան էլ չեմ ընդունում, կարծում եմ՝ իրենց մոտ մի քիչ շատ կոպիտ է: Ազատությանը զուգահեռ մեզ մոտ ինքնագրաքննությունը սկսեց բացակայել: Անկախությունից հետո մի որոշ ժամանակ լռություն էր՝ ծաղրանկար գրեթե չկար, ի՞նչը պետք է ծաղրեինք: Ժողովուրդը պայքարում էր անկախության համար, և 99 տոկոսով կողմ արտահայտվեց անկախությանը, մենք անջատվեցինք, մենք մեր երկիրն էինք կառուցում, մենք թեմա չունեինք: Դեռ: Մինչև երկրի ղեկավարները սկսեցին այդ թեմաները տալ: Իրե՛նք են տալիս թեմաները, մենք հո չե՞նք հնարում:

Ծաղրանկարիչը պետք է ուրույն ոճ ունենա

Ռ. Ա. — Ես ամեն ինչի մեջ ուզում եմ պրոֆեսիոնալիզմ տեսնել: Եթե ես նկար եմ ցուցադրում, այդ նկարը պետք է լինի պրոֆեսիոնալ, յուրահատուկ ոճով, որը հատուկ է միայն այդ նկարչին: Օրինակ՝ խորհրդային շրջանի ծաղրանկարիչներին կարելի էր ճանաչել ոճով, ինչը, որպես նկարիչ, շատ կարևոր եմ համարում: Մեր ծաղրանկարիչներից Լևոն Աբրահամյանի ոճը ճանաչելի է, Հարություն Սամուելյանի, Սուքիաս Թորոսյանի: Ես սիրում էի ավելի խորը, փիլիսոփայական ծաղրանկարներ անել, ոչ թե կոնկրետ, օրինակ, նկարում եմ օրվա իշխանություններին, փնովում ու ծաղրում եմ: Ուրիշներն էլ այլ կերպ են մտածում, և այս տարբերությունից էլ ծնվում է խճանկարը, սակայն կարևոր է, որ նկարիչը «իր ձեռքն ունենա»:

 

Ծաղրանկարի հայկական դպրոց

Ռ. Ա. — Անհատներ եղել են, դպրոց՝ ոչ: Մենք երկար ընդմիջումներ ենք ունեցել: Օրինակ՝ «Կարմիր մոծակ»-ից մինչև «Ոզնի»: Մեր գեղանկարչությունն ընդմիջում չի ունեցել՝ Հովնաթանյաններից մինչև Սարյան եկանք, դեռ նկարում ենք… Դպրոց կա:

«Ոզնի»-ում շատ էին սոցիալական ծաղրանկարները. ծաղրում էին հարբեցողությունը, ծուլությունը, ամուսնական դավաճանությունը և մարդկային այլ արատները: Ծաղրանկարն օգնո՞ւմ էր լուծել այդ խնդիրները:

Ռ. Ա. — Իհարկե՝ ոչ: Դրանք համակարգային խնդիրներ էին: Մենք ընկնում էինք հետևանքների հետևից ու քննադատում էինք, իսկ պատճառը մենք բոլորս գիտեինք՝ երկիրն էր: Այդ պատճառով էլ մնում էր ցածր, ներքևի հարթությունը՝ աղբի խնդիր, փոքր խանութպանների չարաշահումներ, քաղաքականության մեջ՝ կապիտալիստները՝ փորով, ռումբը ձեռքին: Մեզ թույլ չէին տալիս գնալ դեպի պատճառ:

 

Հոնորարը

Ռ. Ա. — Թերթերը ծաղրանկարի համար վճարում էին 5-ից մինչև 8-9 ռուբլի, ամսագրերը՝ 10-15: Երբ ես ուսանող էի, ծաղրանկարն ինձ ահագին օգնում էր, գումարած թոշակը՝ և ես հարուստ ուսանող էի (ծիծաղում է):

1980-ականների վերջին, երբ սկսվեց շարժումը, պլակատներ էի սարքում, բայց դրա համար փող չէի վերցնում: Պլակատներ հաճախ էի անում: Պլակատը հեռու չէ երգիծանքից, պարզապես ոճն է ուրիշ՝ կատարման առումով ավելի ընդհանուր, ավելի ամփոփ: Եթե պլակատը սուր ես պատկերում, ծաղրանկարին չի զիջում: Եթե հումոր չունես, դու պլակատ չես կարողանում անել:

Այդ ժամանակ բոլորն օգնում էին շարժմանը: Պլակատները բաժանում էին, չէին վաճառում: Տպագրում էին «ցեկայի տպարանում»[10]: Պլակատների մեծ ալիք էր, ես հպարտ եմ, որ դրան մասնակցել եմ:

* * *

Ծաղրանկարն անկախ Հայաստանի խոսքի և մամուլի ազատության պայմաններում ձևավորվող թերթերի անբաժան ուղեկիցն էր: Եթե 1988-90 թվականների ծաղրանկարն ու պլակատը հիմնականում ուղղված էին խորհրդային իշխանության՝ Կենտրոնի դեմ, ապա Հայաստանի Հանրապետությունում աստիճանաբար ի հայտ է գալիս ծաղրանկարի քաղաքական և սոցիալական բովանդակությունը:

1990-91թթ. հայկական մամուլում տպագրվող ծաղրանկարները պայմանականորեն կարելի է դասակարգել ներքին և արտաքին ուղղվածության: Արտաքինում շարունակում էր գերակայել հակախորհրդային միտումը. այդ ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ի փլուզումը թեև արդեն նախանշվում էր, սակայն այն դեռ շարունակում էր լինել ուժեղ երկիր: Ծաղրանկարները սերտորեն առնչվում էին ընթացիկ իրադարձություններին և առավել սուր ու ցայտուն ցուցադրում էին այն խնդիրները, բարդությունները, ինչպես նաև հասարակական սպասումները, որ կային հանրության շրջանում:

Ծաղրանկարներում երևում էր նաև սոցիալական դրության վատթարացումը. ԽՍՀՄ-ում առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ մարդկանց հասնում էին կտրոններով՝ յուրաքանչյուրին որոշակի քանակով: Փլուզման վերջին շրջանում ապրանքային դեֆիցիտը դառնում էր ծաղրանկարի հիմնական թեմաներից մեկը:

* * *

1991թ. փետրվար-մարտ ամիսներին Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունը նախաձեռնում է միութենական նոր կազմավորման հանրաքվեն: Այն կոչվում էր «նորացված Միություն» (обновленный Союз), որն ավելի մեծ լիազորություններ էր տալու միութենական կազմավորումներին: Սակայն ԽՍՀՄ հանրապետությունների մի մասը, այդ թվում՝ Հայաստանը, արդեն սկսել էր անկախությունը հռչակելու գործընթացը: Մերձբալթյան հանրապետությունները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը հրաժարվում են մասնակցել միութենական հանրաքվեին: Միաժամանակ, սակայն, մտահոգություն կար, որ ԽՍՀՄ-ը կարող է կոշտացնել դիրքորոշումը միութենական հանրապետությունների հանդեպ և ուժ կիրառել: Ժամանակը ցույց տվեց, որ այս մտահոգությունն անհիմն չէր:

«Ազգ» թերթում ծաղրանկարներն ունեին առավել հստակ տեղեկատվական առիթներ, որտեղ արտացոլվում էին գրեթե ամենօրյա հասարակական-քաղաքական խնդիրները: 1991թ. մարտի սկզբին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում տեղի է ունենում Հայաստանի մտավորականների հանդիպումը հանրապետության ղեկավարության հետ: Թերթն առանց մեկնաբանության մեջբերում է հանդիպման մասնակիցների խոսքերից հատվածներ, իսկ ամենավերջում՝ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքից մի քանի նախադասություն. «…Ծանր պրոցես է՝ մենք ուզում ենք կեղծ, շինծու, աղավաղված, աղճատված աշխարհը դարձնել իրական, բնական աշխարհ…»: Սուքիաս Թորոսյանի ծաղրանկարում երևում են Խորեն Աբրահամյանը, Վարդգես Պետրոսյանը, Սոս Սարգսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Խաչիկ Ստամբոլցյանը և ուրիշներ:

Ուշագրավ է, որ Խաչիկ Ստամբոլցյանը պատկերված է ճիշտ այնպես, ինչպես թերթի 3-րդ համարում (1991թ. փետրվարի 23, թիվ 3) տպագրված «…Արդյոք ովքե՞ր են» ծաղրանկարում: Հեղինակը դարձյալ Սուքիաս Թորոսյանն է՝ հայտնի Toto կեղծանունով, ով, սակայն, այս շրջանում հանդես էր գալիս «Թորոս» կեղծանունով:

«…Արդյոք ովքե՞ր են» ծաղրանկարը չունի ուղեկցող տեքստ. պատկերված են այդ շրջանում հայտնի քաղաքական գործիչներ Լևոն Տեր-Պետրոսյանը (Գերագույն խորհրդի նախագահ), Վազգեն Մանուկյանը (Հայաստանի առաջին վարչապետ), Դավիթ Վարդանյանը, Իգոր Մուրադյանը և Խաչիկ Ստամբոլցյանը՝ մանկական փայտե ձիուկների վրա նստած: Ծաղրանկարի վերնագիրը հեղինակը վերցրել է 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին շատ տարածված ժողովրդական երգից.

Արդյոք ովքե՞ր են, հե՜յ, ինչ կտրիճներ են,

Մասիսը վկա, հայոց քաջերն են:

 

Ծաղրանկարը միշտ եղել է հայկական մամուլում՝ ունենալով նաև այլ զարգացումներ, ինչպիսին է քաղաքական կոլաժը, որը վերաբերում էր թե՛ պետական պաշտոնյաներին, թե՛ ընդդիմությանը և թե՛ հասարակական երևույթներին:

Համացանցի զարգացմանը զուգահեռ ծաղրանկարների թիվը, ինչպես և թերթերինը, աստիճանաբար նվազում է: Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ շարունակում էին ծաղրանկարներ պատկերել, սակայն դրանց թիվը շատ չէր: Բացի այդ, պետք է ասել, որ առցանց լրատվամիջոցներում ծաղրանկարները պարբերական բնույթ չունեն և գլխավորապես մատուցվում են որպես լուրի, հոդվածի ուղեկից բաղադրիչ:

Թվային մեդիայի վերջնական հաղթանակից հետո՝ 2010-ական թվականներին, Հայաստանում մի որոշ ժամանակ տպագրվեց «Ցեց»-ը՝ այդ շրջանի միակ երգիծական թերթը, որի բովանդակության մեծագույն մասը կազմված էր ծաղրանկարներից:

90-ական թվականներից հետո աստիճանաբար դուրս էին մղվում նաև երգիծական հանդեսները: Ճիշտ է՝ «Ոզնի»-ն դեռ որոշ ժամանակ տպագրվում է, սակայն նախկինի մասսայականությունը չուներ: Հայաստանում այդ թվերին տպագրվեցին նաև մի շարք հումորային-երգիծական թերթեր, որոնք երկար կյանք չունեցան: Միաժամանակ, արդեն նկատվում էր նաև հումորի որակական անկումը, ինչը խորթ էր հատկապես խորհրդային շրջանի երգիծանքին քաջածանոթ ընթերցողներին:

Ահա այս կետից էլ մենք կշարունակենք մեր քննարկումը «Ցեց» թերթի և Մեդիալաբ առցանց նախագծի հիմնադիրներ Մարիաննա Գրիգորյանի և նկարիչ Վահե Ներսեսյանի հետ:

Մարիաննան կարծում է, որ հետխորհրդային շրջանում, ընդհանուր առմամբ, գրեթե ամեն ինչ դարձել է ավելի պարզունակ: «Հումորը, սատիրան, ֆելիլետոնը ամենաբարդ ժանրերից են: Մյուս կողմից՝ եթե վերցնենք հեռուստատեսությունը, ապա կարո՞ղ ենք համեմատել խորհրդային տարիների հաղորդումների լրջության, ինտելեկտի հետ: Կարծում եմ՝ հիմա հումորի դաշտում բավականին մեծ բաց կա և որակյալ հումոր չկա»,— ասում է նա:

Վահեի կարծիքով, հումորն, իհարկե, պետք է ազատ լինի, սակայն խորհրդային շրջանի հումորը հասկանալու համար մարդուց որոշակի ինտելեկտ էր պահանջվում. «Հիմա ոչինչ պետք չէ, այս առումով անպատրաստ հանդիսատեսը միևնույն է կընկալի»:

 

Հայկական Շարլի Էբդոն

Մեդիալաբն ունի քաղաքական ծաղրանկարի հարուստ ընտրանի՝ իշխանական և ընդդիմադիր գործիչներ, պատգամավորներ, հոգևորականներ, հանրային ճանաչում ունեցող մարդիկ՝ գրեթե բոլորը հայտնվում են կայքի ծաղրանկարներ բաժնում: «Եթե ծաղրանկարը սուր չէ, ցավոտ չէ, ազդեցություն չի ունենա և չի նպաստի փոփոխությանը: Երբ մենք սկսեցինք, քաղաքական գործիչներից մեկը ֆեյսբուքում գրեց. «Մեզ Շարլի Էբդոն էր պակասում, դա էլ հայտնվեց»,— պատմում է Մարիաննան: Իրենց հաջողությունը նա բացատրում է լրագրության, քաղաքական ծաղրանկարի համադրումով, ու նաև նշում է, որ իրենք փորձում են սահմանները պահել և ամեն ինչին չէ, որ հումորով են անդրադառնում:

 

Եվ կրկին ԽՍՀՄ-ի ու անկախության մասին

Մարիաննա Գրիգորյան — Կարծում եմ՝ 90-ականներին իրավիճակը փոխվեց: Թերթերը որոշակի քաղաքական ուղղվածություն ունեցել են, սատարել են այս կամ այն գործիչներին, ինչն ազդում է նաև ծաղրանկարների վրա: Բացի այդ, 90-ականների ծաղրանկարները խմբագրական չէին, ինչպես ասում են՝ editorial cartoons չկար, այլ հոդվածների համար էին արվում: Հետագայում ես աշխատել եմ Armenianweek, Armenianow թերթերում, որտեղ ամերիկացի և անգլիացի խմբագիրներ ունեինք, ովքեր գնահատում էին ծաղրանկարի ժանրը, և շաբաթական մեկ անգամ ծաղրանկար էինք տպագրում:

Վահե Ներսեսյան — Իմ վրա մեծ ազդեցություն է ունեցել Գեորգի Յարալյանի ոճը, որը շատ եմ սիրում: Բայց նրա աշխատանքները քաղաքական չէին, կենցաղային, կին-ամուսին թեմաներով էին, թեև շատ հայկական էին: Ինչ վերաբերում է թույլատրելիության սահմաններին, ապա, ըստ իս, կա երկու հարթություն: Մեկը՝ տեղայինն է, այսինքն՝ ինչ երկրում ես ապրում: Օրինակ՝ Ֆրանսիայում «Շարլի Էբդո»-ն այնպիսի հայհոյանքներ կարող է գրել, որի համար մեզ մոտ կարող են դանակահարել, և դա տպագրվում է, ու ֆրանսիացին կարդալիս տեղից վեր չի թռչում և ասում՝ էս ի՞նչ էր: Մեր մոտ դա չի ընդունվում, այդպիսի ծաղրանկար չես կարող տպագրել: Ուրիշ արգելքներ էլ կան՝ ընտանիք, սեռական կյանք։ Տեղեր կան, որտեղ ծաղրանկարիչն իրավունք չունի ոտք դնելու: Այսինքն՝ կարող ես, բայց հետևանքներ կլինեն և քեզ չեն ընդունի: Հետևանք ասելով՝ հաշվեհարդարը նկատի չունեմ: Երկրորդը՝ անձնականն է: Ծաղրանկարը սուբյեկտիվ է, հոդվածի պես չէ, և կախված է նկարչի անձնական տեսակետից, դիրքորոշումից, քաղաքական նախասիրություններից, որտեղ մեծ դեր ունի նկարչի անձնական վերաբերմունքը նկարվող կերպարին: Օրինակ՝ որոշ քաղաքական գործիչների ես ավելի մեղմ եմ վերաբերվում, չեմ ասում՝ սիրում կամ ընդունում եմ, ոչ: Կան կերպարներ, որոնց «տանել չեմ կարող»: Դա իմ նկարների մեջ երևում է, միգուցե անարդար է…

* * *

Որքան էլ ծաղրանկարը գրավիչ և սուր լինի լինի, այնումենայնիվ, հարց է առաջանում, թե որքանո՞վ է այն նպաստում իրական ու կարևոր խնդիրների լուծմանը։ Իսկ գուցե հարցին հումորով անդրադառնալիս մենք նվազեցնո՞ւմ ենք դրա կարևորությունը։ Մարիաննայի և Վահեի կարծիքով ճիշտ հակառակն է՝ ծաղրանկարի միջոցով խնդիրն առավել մեծ ուշադրության է արժանանում։ Թերևս, սակայն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ լրատվական անծայրածիր աշխարհում։

 

————————————

[1] «Литературная газета», հայտնի գրական շաբաթաթերթ: Լույս է տեսնում 1929 թվականից: Հիմնադիրը գրող Մաքսիմ Գորկին էր: Թերթի գլխագրի վրա պատկերված էին Ալեքսանդր Պուշկինի և Մաքսիմ Գորկու դիմանկարները: Խորհրդային Միության փլուզումից հետո գլխագրից հեռացնում են Գորկու պատկերը, որը, հետագայում՝ 2004-ին, կրկին վերադարձնում են: Թերթը տպագրվում է առ այսօր, ունի նաև կայք՝ https://lgz.ru

[2] Հայտնի խորհրդային երգիծական ամսագիր: Լույս է տեսել 1922թ.-ից: Ամսագրում տարբեր ժամանակներ տպագրվել էին Միքայիլ Զոշչենկոն, Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը, Ալեքսանդր Մայակովսկին և ուրիշ նշանավոր գրողներ: 1933թ. ՆԳ ժողկոմը «Կրոկոդիլ» անսագրի խմբագրական կազմում «հակահեղափոխական խմբակ է հայտնաբերում» և մի քանի մարդու ձերբակալում:
[3] «Литературная газета» թերթի խոսակցական անվանումը:
[4] Միխայիլ Ժվանեցկի (Михаил Жванецкий) (1934-2020), հայտնի խորհրդային գրող, երգիծաբան:
[5] Աղիքների բորբոքային հիվանդություն: Ունի բազմաթիվ տարատեսակներ:
[6] Խորհրդային Միությունում առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ դեֆիցիտ կար և հաճախ խանութների ու պահեստների աշխատողները պահանջարկ ունեցող ապրանքը ավելի թանկ էին վաճառում: Ժողովրդական լեզվով երևույթը կոչվում էր «տակից տալ», քանի որ ապրանքը տալիս էին վաճառասեղանի տակից: Օրինակ՝ «այս կոշիկը տակից եմ գնել», նշանակում էր, որ խանութում այդ կոշիկը չկար, չէր ցուցադրվում, բայց գնվել էր, բնականաբար՝ ավել գնով:
[7] Հայկական երգիծական հանդես: Լույս է տեսել 1954թ.-ից: Գլխավոր խմբագիրներն էին Հրաչյա Քոչարը, Գրիգոր Տեր-Գրիգորյանը, Արամայիս Սահակյանը: Հանդեսին թղթակցել են Լեռ Կամսարը, Աշոտ Փալանջյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Սուրեն Վահունին, Վալենտին Պոտպոմոգովը, Արա Բեքարյանը և ուրիշներ:
[8] Հայկական երգիծական երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1926-27թթ.: Խմբագիրներն էին Արամայիս Երզնկյանը և Էդուարդ Խոճիկը (Խոճիկյան):
[9] Գաբրովոն Բուլղարիայում է: Համարվում է բուլղարական հումորի քաղաք: Գաբրովցիները ոչ միայն հումորային մանրապատումներ էին անում ամենատարբեր թեմաներով, այլև իրենք էին դառնում անեկդոտների հերոսներ: Խորհրդային տարիներին գաբրովցիների մասին անեկդոտները թարգմանվել են նաև հայերեն:
[10] Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտրոնական կոմիտեի (ԿԿ) հրատարակչության տպարան, այժմ՝ «Տիգրան Մեծ» տպագրատուն: Խոսակցականում ասում էին «ցեկայի տպարան» (ռուսերեն центральный комитет՝ կենտրոնական կոմիտե բառակապակցությունից):

 «Կարմիր մոծակ» ամսագրի շապիկը (1927), հեղինակ՝ Միքայել Արուտչյան
«Կարմիր մոծակ», հեղինակ՝ Միքայել Արուտչյան
«Ոզնի» հանդեսի առաջին համարը, ծաղրանկարի հեղինակ՝ Վալենտին Պոդպոմոգով
 «Ոզնի» հանդես, 1954
Հեղինակ՝ Սերգեյ Արուտչյան
Հեղինակ՝ Ռուբեն Արուտչյան
Հեղինակ՝ Ռուբեն Արուտչյան
«Արցախ» ամսագիր , 1990
Հեղինակ՝ Ռուբեն Արուտչյան
«Ազգ» թերթ, Հեղինակ՝ Սուքիաս Թորոսյան (Toto), 1991
Հեղինակ՝ Սուքիաս Թորոսյան (Toto), 1991
Հեղինակ՝ Սուքիաս Թորոսյան (Toto)
«Ցեց», 2017
«Ցեց», 2017
«Ցեց», 2017
«Ցեց», 2017