Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Օդից կախված․․․ հենց այսպես՝ այս երկու պարզ բառով են իրենց բնութագրում վերջին պատերազմի հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիները։ Նրանցից շատերի համայնքներում այժմ հանգրվանել է հակառակորդը, ոմանց տները հիմնահատակ ավերվել են, ոմանք էլ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա ապրելը սպառնալիք համարելով հրաժարվում են վերադառնալ ու գերադասում են մյուսների պես «օդից կախված» մնալ՝ առանց կարգավիճակի ու որևէ տեսլականի։
Հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թիրախավորվում էին ոչ միայն շփման գծին մոտ, այլև խորը թիկունքում՝ մինչև 90-100 կմ խորության վրա գտնվող բնակավայրերի խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական օբյեկտները (պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 50 խաղաղ բնակիչ, այդ թվում` 1 երեխա, և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 9 երեխա), հրթիռակոծվող Արցախից մասսայաբար դուրս բերվեցին երեխաները, տարեցներն ու կանայք։ Հոկտեմբերի 24-ին հայտարարվեց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական գնահատմամբ ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով Արցախի շուրջ 90,000 բնակիչ (բնակչության շուրջ 60 տոկոսը) լքել է մշտական բնակության վայրերը՝ տեղափոխվելով Արցախի և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրեր։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդ օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արցախցիներին կոչ արեց տուն վերադառնալ։ Դրան հաջորդած մեկ ամսվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 50,000 քաղաքացի։
Համաձայն նույն հայտարարության՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ էին անցնելու ոչ միայն բանակցությունների առարկա 5+2 շրջանները՝ Ակնա (Աղդամ), Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան), Սանասար (Կուբաթլու), Քարվաճառ (Քելբաջար), Բերձոր (Լաչին), այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) կազմում եղած Հադրութի շրջանը, Շուշի քաղաքն ու ևս մի քանի տասնյակ բնակավայրեր, որոնք պատերազմի ընթացքում գրավվել էին հակառակորդի կողմից։
Ըստ բաց աղբյուրների՝ այս հատվածներում բնակվում էր ավելի քան 30,000 քաղաքացի։
Տունդարձի կոչ՝ առանց տան
Աիդա Հարությունյանի բազմանդամ ընտանիքը Շուշիից է։ 12-28 տարեկան 11 երեխաների մայրը կրտսեր զավակների ու երկու հարսների հետ քաղաքից դուրս է եկել պատերազմի հենց առաջին օրը։ «Մեծ տղաս պայմանագրային է, առավոտյան շուտ զանգեց, ասաց, որ վիճակը լարված է։ Հետո արդեն նախագահը զորահավաքը սկսեց, ամուսինս մյուս երկու տղաներիս հետ կամավորագրվեցին։ Ես էլ կրտսեր երեխաներիս ու հարսներիս հետ դուրս եկա Շուշիից ու եկանք Հայաստան՝ առանց որևէ բան վերցնելու, հենց էսպես՝ մեր հագի շորերով»,- պատմում է Աիդա Հարությունյանը։ Ընտանիքը սկզբում հյուրընկալվել է Արարատի մարզի Այգեզարդ համայնքում, որտեղ նրանց տուն են հատկացրել, օգնել հագուստով, սնունդով։
Նոյեմբերին, լսելով նախագահի կոչը, նրանք Այգեզարդը թողել ու Արցախ են ուղևորվել։ «Բայց պարզվեց, որ նախագահի կոչը շուշեցիների համար չէր։ Ստեփանակերտում չկարողացանք տուն գտնել, ստիպված վերադարձա Հայաստան, բայց այստեղ մեզ հատկացված տունն էլ կորցրինք ու հիմա մնում ենք քրոջս տանը՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնքում,- ասում է Աիդան՝ հավելելով, որ երկու որդիներն իրենց կանանց հետ այս պահին Ստեփանակերտում են, շարունակում են կացարանի փնտրտուքը։- Եթե Շուշին տան, մի րոպե չեմ կասկածի ու հետ կվերադառնամ, բայց եթե Շուշին էլ չլինի, էլի պատրաստ եմ այլ վայրում էլ ապրել, երեխաներս Արցախից բացի ուրիշ տեղ կյանք չեն տեսնում։ Բայց հիմա այսպես անորոշ վիճակ է՝ ո՛չ գիտենք այստեղից ենք, ո՛չ գիտենք այնտեղից, չգիտենք ինչպես վարվել»։
Փախստական՝ առանց կարգավիճակի
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որի հիմքում ընկած է Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան և 1967 թվականին ընդունված արձանագրությունը, որոնց Հայաստանը միացել է 1993-ին, լայն հնարավորություններ է նախատեսում փախստականների համար և երաշխավորում նրանց իրավունքների իրացումը։ Սակայն Արցախի քաղաքացիները Հայաստանում ո՛չ «փախստական են», ո՛չ էլ «ապաստան հայցող», և առհասարակ, ոչ մի կարգավիճակ չեն կարող հայցել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը պարզաբանում է, որ փախստականի կարգավիճակ հայցելու գործընթացը ենթադրում է երկու տարբեր երկրների ներգրավվածություն։ «Այսինքն, մի երկրի քաղաքացին պետք է դիմի մեկ ուրիշ երկրի իշխանություններին՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Փախստականի կարգավիճակի շնորհումը համարվում է միջազգային պաշտպանության տեսակ և հարցը բացառապես մարդու իրավունքների ոլորտում է,- ասում է Դավթյանը՝ նշելով, որ արցախցիները համարվում են ՀՀ քաղաքացի և այս դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ նույն երկրի քաղաքացին նույն պետությունից է կարգավիճակ հայցում։- Կոնվենցիան սահմանում է, որ անձը չի կարող ապաստան հայցել այն երկրից, որի քաղաքացիների հետ համահավասար լիազորություններով է օժտված։ Այսինքն, մեր պարագայում արցախցիներին ՀՀ-ն փախստականի կարգավիճակ տալ չի կարող։ Մենք նրանց անվանեցինք «ինքնաբուխ ժամանածներ» (spontaneous arrivals)՝ նկատի ունենալով, որ մարդիկ իրենց տները թողել են կարճ ժամկետով ու ստիպված են եղել տեղափոխվել ՀՀ՝ պատերազմից հետո վերադառնալու ենթատեքստով։ Այնուամենայնիվ, հանգամանքները ցույց տվեցին, որ սա տեղահանություն է և իրադարձությունների զարգացումը մեզ թույլ տվեց լիարժեք կիրառել նաև այդ տերմինը։ Տեղահանված անձը միջազգայնորեն ընդունված հասկացություն է, թեև ՀՀ օրենսդրությամբ ո՛չ սահմանված է, ո՛չ էլ կարգավորված»:
Դավթյանն ասում է, որ տեղահանված հասկացությունը Հայաստանում ակտուալ է այնքանով, որքանով կիրառվում է ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի կողմից՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «փախստականի նման իրավիճակ» հասկացությունը․ «Մենք կրկին որևէ իրավական հիմք չենք տալիս «փախստականի նման իրավիճակ» (refugee-like situation) հասկացությանը, սակայն սահմանմամբ ներառելով Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին, ՄԱԿ փախստականների գլխավոր հանձնակատարը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել այս տարիների ընթացքում»։
«Փախստականի նման իրավիճակ» կարգավիճակ արցախաբնակներին ևս չի տրվել։ Դրությունն ավելի է բարդանում, երբ արցախցին որոշում է երրորդ երկրում կառուցել իր ապագան․ պարզվում է՝ այդ դեպքում ևս մերժում է ստանալու։ «Երրորդ պետությունից ապաստան հայցելու դեպքում մերժվելու են, քանի որ նրանք համարվում են ՀՀ քաղաքացի, իսկ ստեղված իրավիճակը ֆիքսված է այնպես, որ ՀՀ-ում չկա և չի եղել պատերազմ։ Պարադոքսալ է, թվում է, որ մարդիկ ճիշտ և ճիշտ տեղավորվում են փախստականության ինստիտուտի մեջ»,- պարզաբանում է Դավթյանը։
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ այս մարդկանց հարկավոր է տալ կարգավիճակ․ «Անձինք, որոնք պարտադրված լքել են իրենց մշտական բնակավայրերը, նրանք անպայման պետք է կարգավիճակ ստանան։ Այստեղ բացահայտում պետք չէ անել, պարզապես պետք է հստակեցնել, որ այս անձինք այդ կարգավիճակի հավակնող են և տալ նրանց այդ կարգավիճակը»։ Ալավերդյանը նշում է, որ հարցը նրբանկատ վերաբերմունք է պահանջում, հնարավոր է այն լուծել նաև երկքաղաքացիություն շնորհելով։ «Պետք է հստակեցնել, արդյո՞ք մենք ընկալում ենք Արցախի բնակիչներին որպես Արցախի քաղաքացիներ, ապա ցանկության դեպքում կարելի է նրանց շնորհել երկրորդ՝ Հայաստանի քաղաքացիություն։ Փաստացի, որևէ վտանգ այստեղ չկա, թե ով ինչպես հետո կկառավարի իր ապագան, դա բոլորովին այլ հարց է, չի կարելի օրենսդրական կարգավորումները խառնել մարդու իրավունքների հետ»,- կարծում է Լարիսա Ալավերդյանը։
Քաղհասարակության «Փախստականները և միջազգային իրավունքը» ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը մտավախություն ունի, որ կրկնվում է 1988-ի պատմությունը։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը որպես հաղթաթուղթ մշտապես նշում էր ադրբեջանցի փախստականների խնդիրը, և այս պատերազմի հանգուցալուծման գլխավոր կետերից մեկն էլ այդ փախստականների վերադարձի հարցն էր, Ադրբեջանից հայ փախստականների խնդիրն այդ ընթացքում մնացել է ստվերում։ «Փախստականը սոսկ բառ չէ, դա տերմին է միջազգային իրավունքում՝ իր սահմանմամբ։ Հայաստանը՝ իր ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններով, պետք է տեր կանգնի այս մարդկանց իրավունքների պաշտպանությանը ու այս մարդիկ միջազգային իրավունքի համաձայն իրավունք ունեն վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, կամ ստանալ համապատասխան փոխհատուցում՝ հայրենիքի կորստի դիմաց»,- ասում է Ասատրյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմն իրականացնում է մեծ վերադարձի ծրագիր, որը մշակել է տարիներ շարունակ՝ միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, նաև երկրում հավատարմագրված դիվանագիտական լծակներն օգտագործելով։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը սահմանում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։
«Մինչդեռ 500 հազարից ավելի հայ փախստականների խնդրին ոչ ոք չի անդրադառնում։ Ադրբեջանահայերի հետ կատարվածը կրկնվում է հիմա. ցավոք, այս անգամ բնակության վայրերը լքածներից շատերն արդեն երկրորդ անգամ են անցնում նույն ճանապարհով։ Հիմա էլ մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն որտեղ են բնակվելու, որ երկրի քաղաքացի են լինելու»,- ասում է Ասատրյանը։
Թողեցինք տարիների մեր ստեղծածը…
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որի սեփականատերերը քրեական գործի շրջանակում այն դեռևս 2018-ին նվիրաբերել էին պետությանը, այժմ արցախցիներ են ապրում։ Բնակության պայմանները, իհարկե, բավական լավն են, սակայն շենքը գլխավոր ճանապարհից հեռու է մոտ 4 կմ, քաղաքային տրանսպորտ չկա և այստեղ ապաստանած դպրոցահասակ երեխաները գրեթե զրկված են կրթություն ստանալու իրավունքից։ «Տղաս երկրորդ դասարանում է։ Անցյալ տարվանից դպրոց չի գնում՝ նախ կորոնավիրուսի պատճառով, հետո պատերազմը, հիմա էլ այսպես, մնացել ենք այս սարի գագաթին։ Ինտերնետ չկա անգամ, պատկերացրեք ես եմ տառերը սովորեցնում»,- ասում է չորս երեխաների մայր Ռուզաննա Պետրոսյանը։
29-ամյա Ռուզաննայի ծնողները 1991 թ. մայիսին հայաթափված Գետաշենից են։ Ադրբեջանական հրոսակախմբերից մի կերպ փրկվելով հասել են Արցախ, հիմնվել Ակնաբերդ համայնքում։ Ռուզաննան ամուսնանալուց հետո ինը տարի բնակվել է Քարվաճառում, որտեղ ամուսնու ընտանիքը բնակություն է հաստատել 2000-ականների սկզբից՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։ «Ծնողներս փախստական էին, միշտ սարսափով էի լսում իրենց պատմությունները, բայց երբեք չէի կարող պատկերացնել, որ նույն ճանապարհով կանցնեմ արդեն իմ ընտանիքի հետ։ Սեպտեմբերի 27-ին երեխաները դուրս էին եկել տնից, ես էլ աշխատանքի էի շտապում, մեկ էլ տեսնենք անօդաչու թռչող սարքն ուղիղ մեր կողմն է գալիս. մերոնք խփեցին։ Բայց երեխաներն այնքան են վախեցել, որ մինչև հիմա այդ վախից դժվարությամբ են քնում։ Գիշերները վեր են թռնում»,- ասում է Ռուզաննան՝ հավելելով, որ հյուրանոցում հավանաբար կմնան մինչև գարուն։ Թե ի՞նչ կանեն հետո, դեռ անհայտ է։
Ռուզաննայի ամուսինը պայմանագրային զինծառայող է։ Դիրքերը, որոնք պահպանելիս է եղել նա, հանձնվել են հակառակորդին ու հիմա պարզ չէ, թե որտեղ է լինելու ծառայության հաջորդ վայրը։
«Ստեփանակերտցիները գնացել են. մենք ո՞ւր գնանք։ Այսքան տարիների մեր ստեղծածը, ամեն ինչ, տունը թողեցինք դուրս եկանք՝ գրեթե ոչինչ չվերցնելով, ու հիմա հյուրանոցից հյուրանոց ենք տեղափոխվում։ Դիմել ենք փախստականի կարգավիճակի համար, սակայն դեռ անորոշություն է։ Էսպես անորոշ վիճակում նստած ենք»,- ասում է Ռուզաննան։
Եռակողմ հայտարարությունից մեկ ամիս անց էլ շատ են անորոշությունները։ Ընթացքի մեջ է սահմանազատումը, որը երբեմն ուղեկցվում է կողմերի միջև բախումներով։ Սահմանների ճշգրտման հարցը, թերևս, ամենավճռորոշներից է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Սահմանը սեղմվել է, բնակավայրերը մոտեցել միմյանց, ինչը շատերի մոտ մտավախություն է առաջացրել, մարդիկ հրաժարվում են ապրել թշնամու հետ դեմ դիմաց։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որն ակտիվ աշխատել է Ղարաբաղյան ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմի հետևանքով բնակության վայրերը լքած քաղաքացիների հետ, միանգամայն բնական է համարում այդ մտավախությունները․ «Սա շատ ծանր պատերազմ էր։ Բացի այդ, մարդիկ իրենց բնակավայրերից դուրս են եկել նաև լավ իմանալով Ադրբեջանում տևական ժամանակ հայատյացության խտացման և երկրի պաշտոնական քաղաքականության և դրա դրևսորումների մասին։ Այո՛, սարսափած էին նաև կոնկրետ էթնիկական խնդիրներից ելնելով՝ հայի հանդեպ բռնությունների, գերեվարման վախից ելնելով։ Այս իմաստով նրանք, իհարկե, փախստականներ են, և նրանց թե՛ իրավական, թե՛ բարոյական հարցերի ու թե՛ հեռանկարների շուրջ լուրջ քննարկումների խնդիր ունենք»։
Խառատյանը հիշեցնում է, որ հանձնված տարածքներից շատերի բնակիչներն արդեն երկրորդ անգամ են լքում իրենց բնակավայրերը. «Նոր Սեյսուլան, Նոր Մարաղա, Նոր Մանաշիդ, Նոր Գետաշեն՝ այսպիսի մի քանի տասնյակ բնակավայրեր, որոնց բնակիչները մի քանի շերտի փախստականներ են։ Նրանք փախստական են ԽՍՀՄ-ի շրջանից՝ դեռևս «Կոլցո» օպերացիայից, նրանք Ղարաբաղի առաջին պատերազմի փախստականներ են։ Շատ դժվար է ամեն անգամ նոր վայրում կյանք դնելը, կյանքը շարունակելը, այն դեպքում, երբ այս ընթացքում շատ ընտանիքներ նաև զոհեր են ունեցել։ Այս մարդիկ ամեն կողմից հարված են ստացել՝ պատերազմի, եղած որոշումների, ցավալի լուծումների հետևանքով։ Ամբողջ 30 տարիների ընթացքում պատերազմի ու ետպատերազմական շրջանի բեռը կրած մարդիկ են, ու հիմա այս մարդկանց նկատմամբ կարծես որևէ ծրագիր չունենք։ Ինձ հանդիպած մարդիկ դեռևս անորոշության մեջ են, իսկ նրանց փորձությունները բավական շատ են»։
Մարդու արժանապատվությունը՝ անքակտելի իրավունք
«Հոկտեմբերի կեսերին Քաշաթաղի հարավի մի քանի համայնքի բնակիչներին ընդամենը 40 րոպե են տվել՝ իրենց տներն ազատելու համար։ Ասել են, թե մեկ օրով են հանում իրենց, հետո հետ են բերելու, ու մարդիկ էսպես ձեռնունայն լքել են իրենց տները՝ հավերժ։ Ու ամեն ինչ ունեցած մարդիկ, մեծ տնտեսություններ, մեծ թվով անասուններ ունեցած մարդիկ այսօր դարձել են բոմժ»,- պատմում է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Արուս Գալստյանը՝ անարդարության ցասումից դողալով։
ՀՀ կառավարությունը, փորձելով աջակցել ամեն բան կորցրած արցախցիներին, որոշում է ընդունել Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր քաղաքացու հատկացնել 300 հազար դրամ միանվագ աջակցություն։ Ավելի վաղ կայացրած որոշմամբ էլ նախատեսվել էր տրամադրել միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ 68-հազարական դրամ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի յուրաքանչյուր քաղաքացու, որն ունի Արցախի հաշվառում: Եթե քաղաքացին չունի սեփականության (այդ թվում բաժնային) իրավունքով ՀՀ-ում գտնվող անշարժ գույք, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15 հազար դրամի չափով:
Հատկանշական է, որ 300 հազար դրամի աջակցությունից օգտվել չեն կարող Բերձորի բնակիչները, քանի որ այս պահի դրությամբ քաղաքի վերահսկողությունը, ամենայն հավանականությամբ, մնալու է հայկական կողմին։ Այդուհանդերձ, քաղաքի բնակիչները նշում են, որ արդեն հիմա այնտեղ ելումուտ ունի ադրբեջանական կողմը, քաղաքային բնակավայրի անվտանգությունը երաշխավորված չէ։ «Բերձորն Ադրբեջանի կազմի մեջ չէ, ուրեմն մենք որևէ բանից չենք կարող օգտվել։ Գումարները ստանում են այն մարդիկ, որոնց բնակավայրերը փաստացի անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Բերձորցիներին անգամ կարգավիճակ չեն տալիս, ասում են՝ ձեզ ով է խնդրել դուրս գալ։ Բայց մենք պարտադրված դուրս շպրտվեցինք այնտեղից,- ասում է 32-ամյա Արուս Գալստյանը՝ նշելով, որ հարազատ քաղաքում անվտանգ ապրելու որևէ երաշխիք չունեն։- Բերձոր քաղաքը խմելու ջուր ստանում է Քարեգահ համայնքից, որն ադրբեջանական կողմում է մնում։ Այնուհետև որոշվեց, որ Ներքին Սուսի պոմպակայանից կհասցնեն ջուրը, սակայն դա նույնպես նրանցն է։ Որքանո՞վ վստահ լինենք, որ չեն թունավորի։ Անգամ հիմա են ճանապարհներից գերի բռնում։ Որքանո՞վ վստահ լինենք, որ ձորերով չեն մտնելու, մեկին տան մեջ վնասեն։ Բավական է, որ վախենանք։ Հո մահապարտ չե՞նք այնտեղ մնանք»։
Գալստյանների ընտանիքը Քաշաթաղի շրջանի վերաբնակիչներից է, այստեղ հաստատվել են 2000-ականներից։ Հունվարի 1-ին պետք է նոր տուն ստանային Բերձորում, ամեն բան գնել էին նոր տան համար։ Նոր տարի, նոր տուն ու նոր հույսեր, որ անդարձ փշրվեցին, ու նոր երազանքների հետևից գնալու փոխարեն ստիպված եղան լքել սիրելի քաղաքը։
«Բերձորում հայի նոր տեսակ էր ձևավորվում․ աշխարհի տարբեր անկյուններից այստեղ հավաքված հայերով նոր կոլորիտ էինք ստեղծել, համայնքային բոլոր մրցույթներում առաջին տեղն էինք զբաղեցնում, մտավորականություն կար քաղաքում, ու բոլորի հետ այսքան արհամարհական վերաբերվեցին։ Շատ ստորացուցիչ է այս ամենը, ոտնահարեցին մեր արժանապատվությունն ու հիմա էսպես օդից կախված վիճակում թողեցին»,- ասում է Արուս Գալստյանը։
Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետությունների Սահմանադրության երրորդ հոդվածով ամրագրվում է․
«Մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: