Ինչպես է ոռոգվում Հայաստանը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Ջրառատ Հայաստանում ամառվա տապին սրվում է ոռոգման խնդիրը։ Կլիման չոր է, բույսը՝ ծարավ։ Պատահում են նաև երաշտի տարիներ։ Ճահճացման ռիսկեր ունի Սևանը, որից ժամանակ առ ժամանակ ոռոգման նպատակով ջրառ է կատարվում։

 

Ջուրը կտրում են, բերքի կորուստը չեն հաշվում

Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության մեջ բավական լուրջ է ոռոգման և ոռոգման համակարգերի խնդիրը, ինչի պատճառով տուժում է գյուղատնտեսը. բերքը չորանում է, որակապես տուժում։ Ոռոգման ջրի սակավությունից տարբեր տարիներին բողոքել են Հայաստանի տարբեր մարզերի տնտեսությունները։ Վերջին նման դեպքը այս տարվա հունիսին էր։ Օրեր շարունակ ոռոգման ջուր չունեին Արմավիրի մարզի տասնյակից ավելի համայնքի բնակիչներ։ Նրանք փակել էին Երևան-Արմավիր մայրուղին։ Պատճառը վթարն էր Մալաթիա համայնքում. փլուզվել էր ստորին Հրազդանի ջրանցքը։

«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արամ Սարգսյանը գյուղացիների հետ զրույցում ասում էր, որ ջրանցքների կեսից ավելին 50-60 տարվա վաղեմություն ունի, ամեն վայրկյան վթարի ռիսկ կա։ Ինչ վերաբերում է բերքին, ապա ըստ Սարգսյանի, եթե ուսումնասիրությունից հետո պարզվի, որ այն վնասվել է ջուր չլինելու հետևանքով, կփորձեն լուծում գտնել։

Թե տարեկան որքան բերք է վնասվում սակավաջրության պատճառով՝ պարզ չէ։ Էկոնոմիկայի նախարարությունում նշեցին, որ գերատեսչությունը նման հաշվարկներ չունի։

 

Ի՞նչ ջրային ռեսուրսներ ունի Հայաստանը, ռեսուրսները՝ ի՞նչ խնդիրներ

Հայաստանի օգտագործելի ջրային ռեսուրսները մի քանիսն են՝ ՀՀ տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները։ Անդրսահմանային խոշոր գետերն են Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Աղստևը, Արփան, Որոտանը, Ողջին։

Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերը ներառում են երկու տասնյակից ավելի ջրամբարներ, Որոտան-Արփա-Սևան հիդրոհամալիրը՝ Արփա-Սևան և Որոտան-Արփա թունելներով, Կեչուտի ջրամբարը և Էլեգիսի հիդրոհանգույցը։

Սակավաջրություն առկա է Հայաստանի կենտրոնական և հյուսիսային ավազաններում. 2014 թվականին Հայաստանի կառավարությունը սակավաջրություն է հայտարարել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում: 2020-ին սակավաջրություն է գրանցվել Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում։

Հանրապետության ռազմավարական ջրային պաշարները սահմանվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում։ Դրանք «այնպիսի որակի և քանակի ջրերն են, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքները բավարարելու և ջրային էկոհամակարգերի պահպանումն ապահովելու համար: Ռազմավարական ջրային պաշարը կարող է ավելացվել՝ օգտագործելի ջրային պաշարի մի մասը կուտակելով Սևանա լճում կամ նոր կառուցվող ջրամբարներում»:

«Հայաստանն ունի շուրջ 17 հազար կմ երկարությամբ ոռոգման համակարգ՝ ջրագծեր ու ջրանցքներ, որոնցից 450 կմ-ը մայր ջրանցքներն են, 2.000 կմ-ը՝ միջտնտեսային ջրագծերը, շուրջ 14 հազար կմ-ը՝ ներտնտեսային ջրանցքները: Այդ 14 հազար կմ համակարգի 70 և ավելի տոկոսը հողային հուն է, որին ընկնում է մեր կորստի առյուծի բաժինը։ Ունենք 250-260 մեխանիկական ջրարտադրության միջոցներ՝ 700 ագրեգատներով, Արարատյան դաշտում շահագործում ենք 94 ինքնաշատրվանող հորատանցք»,- «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը։

 

Ոռոգման համակարգի խնդիրներ․ ի՞նչ լուծումներ է առաջարկում կառավարությունը

Ոռոգման համակարգում խնդիրների պատճառները մի քանիսն են՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված։

 

1․ Շոգ եղանակ

Սակավաջրության բնական պատճառներից է Հայաստանում գրանցվող շոգ եղանակը։

Ըստ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հայտարարության՝ այս տարի գետերում ջրի հոսքը նվազել է 40-60%-ով։ Հրազդան գետի ջրատվությունը, օրինակ, մոտ 44 մլն խորանարդ մետրով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Գետերի հոսքի նվազման տոկոսային տվյալներ է ներկայացրել նաև Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը։ Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանի՝ գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը նվազել են 20-50%-ով։ ՊՈԱԿ-ի կողմից մոնիթորինգի ենթակա 5 խոշոր ջրամբարներում այս տարի գրանցվել է սակավաջրություն՝ մոտ 210 մլն խմ պակաս ջուր է գրանցվել 2020-ի և մոտ 350 մլն խմ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը պնդում է, որ նոր փոքր ջրամբարների կառուցումը կմեղմի խնդիրը։ Տասնյակից ավել ջրամբարների կառուցման մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

2․ Ոռոգման մաշված համակարգեր

Ըստ տարբեր տարիների հաշվարկների՝ ոռոգման ջրի կորուստը Հայաստանում 40-50% է։ Հիմնական պատճառը ջրամատակարարման համակարգերի վիճակն է. դրանք խորհրդային տարիներին են կառուցվել, հիմնականում քայքայված են կամ մաշված։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019-ից իրականացնում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: Գումարի գերակշիռ մասը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է։ Ծրագրի հիմնական նպատակը մեխանիկական ոռոգումը ինքնահոսով փոխարինող համակարգերի կառուցումն է, գլխավոր և միջտնտեսային ջրանցքների ու ներտնտեսային ոռոգման համակարգերի վերառակուցումը, ջրօգտագործողների ընկերությունների արդիականացումն ու հզորացումը։ Ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում ոռոգման ցանցերի վերականգնված հատվածները կկազմեն շուրջ 260 կմ։

 

3․ Ձկնաբուծարաններ և ստորերկրյա ջրային ռեսուրսներ

Ըստ 2006 թվականին ընդունված «ՀՀ ջրի ազգային ծրագիր» օրենքի՝ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1,1 մլրդ խմ/տարի: Օգտագործվող արտեզյան ջրերի մասով, սակայն, տվյալներ չկան։ Ըստ Համաշխարհային բանկի 2020-ի զեկույցի՝ դաշտավայրի արտեզյան ջրավազանը նվազել է մոտ 70 տոկոսով։ Իրավիճակը վերահսկելու հանձնառություն ունի Շրջակա միջավայրի նախարարությունը, որը, օրինակ, ձկնաբուծարաններին պետք է արգելի թույլատրվածից շատ ջուր օգտագործել։

Ըստ Ջրային կոմիտեի՝ վերջին 15 տարիներին Արարատյան հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցում է մոտ 21 խմ/վրկ-ով, կամ 650 մլն խմ/տարով։

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017-ի վերջին Արարատյան դաշտում 239 ձկնաբուծական տնտեսություն է հաշվառել, որոնք օգտագործել են 584 խորքային հոր: Ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը կազմել է 21.607 լ/վրկ, որը մոտ 681,4 մլն խմ է տարեկան:

2018-ին Արարատյան դաշտավայրի բնակիչներն ecolur.org-ին պատմում էին, թե ինչպես է ստորգետնյա ջրերի օգտագործումը փոխել իրենց առօրյան։ Ի դեպ, ձկնաբուծարանների ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։

 

Հայաստանում այգիները ոռոգվում են նաև խմելու ջրով

Համաձայն կառավարության 2004 թ. որոշման՝ «այն բնակավայրերում (բացի Երևան քաղաքից), որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ, բայց առկա են խմելու ջրի բավարար պաշարներ, տեխնիկական հնարավորությունների, ֆինանսատնտեսական նպատակահարմարության, համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության և ոռոգման համակարգերի բացակայության դեպքում խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով օգտագործվել ոռոգման նպատակով: Նշված դեպքերում տնամերձ հողամասերը (այգիները) և այլ հողամասեր խմելու ջրով ոռոգելու դեպքում լրացուցիչ հաշվարկվում է հողամասի (այգու) ոռոգման վճար՝ տվյալ տարածքում գործող ոռոգման ջրի սակագնով (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող ոռոգման ժամանակավոր նորմաները՝ ըստ ոռոգման ռեժիմի, հողամասի չափի և մշակվող մշակաբույսի տեսակի)»:

EVN Report-ը նախկինում անդրադարձել է այս թեմային ու պարզել, որ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման տվյալներով՝ միջին վիճակագրական ընտանեկան ֆերման Հայաստանում զբաղեցնում է 1,48 հեկտար տարածք: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Հայաստանում մշակվող հողերի մոտ 2.740 քառ. կիլոմետրը հարմարեցված է ոռոգման համար։ 2017 թ. տվյալներով՝ ոռոգվում էր 1.550 քառ. կիլոմետրը: Ըստ 2014 թ. գյուղատնտեսական հաշվառման՝ ֆերմաների գրեթե կեսը (49%) ոռոգվում է ոռոգման հիմնական ցանցի միջոցով: Շուրջ 21%-ը հողատարածքը ոռոգելու համար օգտվում է խմելու ջրից, 15%-ը՝ գետերի ու լճերի, իսկ 12%-ը՝ ջրհորների ջրից: Տավուշում բոլոր ընտանեկան ֆերմաների շուրջ 60%-ը ոռոգվում է խմելու ջրով, Արարատում 31%-ն օգտվում է խորքային ջրհորներից:

Այս տարվա ոռոգման խնդիրները լուծելու համար քննարկվում է Սևանա լճից 50-70 մլն խմ ջրառի հնարավորությունը, հուլիսի 1-ին հայտարարել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Հեռանկարում, ի թիվս նշված քայլերի, իշխանությունները ցանկանում են խթանել ոռոգման արդիական համակարգերի ներդրումը։ 2022-ից, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կներդրվի աջակցության նոր ծրագիր։ Կաթիլային ոռոգման անցած մինչև 3 հա տնտեսությունները 5 տարի ջրի վարձ չեն վճարի։

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման աջակցման ծրագրեր իրականացվել են նաև նախորդ իշխանությունների օրոք, սակայն դրանց տարածումը հանրապետությունում ընթանում է բավական ցածր տեմպերով։ Ըստ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի՝ 130 հազար ջրօգտագործողներից միայն 100 է անցել կաթիլային ոռոգման։

Read in English 

Irrigating Efficiently

Այս ամսվա Զուր վերնագրով թողարկման մեջ դուք կգտնեք հոդվածներ ջրի անվտանգության, ոռոգման խնդիրների, Սևանա լճին վերաբերող վտանգների, ինչպես նաև հին հայկական ավանդույթների և ջրի փոխկապակցվածության մասին: 

Այլ թողարկումներից 

N3 / Անվտանգություն 

N1 / հող