Էներգետիկ անվտանգությունը Հայաստանում

 Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Էներգետիկ ոլորտը Հայաստանի գլխավոր հենասյուներից է ազգային զարգացման ծրագրերը, ինչպես և կայուն զարգացման նպատակներն իրագործելու ճանապարհին: Էլեկտրաէներգիայի հուսալի հասանելիությունը ապահով և արդյունավետ գործելու հնարավորություն է տալիս ձեռնարկություններին և արդյունաբերական սեկտորին [1]։

1990-ականների սկզբից դեպի ծով ելք չունեցող Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման մեջ է. Վրաստանն ու Իրանը միակ ելքն են դեպի համաշխարհային շուկա: 1990-ականների առաջին տարիները, որոնք շատերի հիշողության մեջ մնացել են որպես մութ ու ցուրտ տարիներ, դառը դաս եղան էներգետիկ վստահելի պաշարների կարևորությունը գիտակցելու տեսանկյունից։

Վստահելի պաշարներ երաշխավորելը բարդ խնդիր է: Քանի որ Հայաստանը չունի արդյունաբերական ծավալների վառելիքային ռեսուրսներ, հանածո վառելիքի պահանջն ամբողջությամբ բավարարվում է ներկրման միջոցով: Բնական գազը երկրում սպառվող հիմնական վառելիքն է և վճռորոշ դեր ունի էլեկտրականության, տրանսպորտի և ջեռուցման համակարգերում։ 2016 թվականին հանածո վառելիքի սպառման 84.2%-ը բաժին է ընկել հենց բնական գազին:

Բնական գազը ներմուծվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է ընդհանուր սպառման մոտ 84%-ը [2]: Մնացածը մատակարարվում է Իրանից՝ Ռուսաստանին պատկանող խողովակաշարով: Ավելին, ռուսական կառավարությանն է պատկանում նաև Հայաստանի բնական գազի ներքին բաշխման ցանցը: «Գազպրոմ Արմենիան» մենաշնորհ ունի երկրում բնական գազի ներմուծման և բաշխման ոլորտում. ընկերության միակ բաժնետերը ռուսական «Գազպրոմն» է (վերջինիս բաժնետոմսերի կառավարող փաթեթը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը): Ի սկզբանե նախատեսվում էր, որ Իրան-Հայաստան գազատարը կունենա ավելի մեծ թողունակություն, ինչը թույլ կտար Հայաստանը վերածել իրանական գազը տարանցող երկրի։ Սակայն «Գազպրոմ Արմենիան» ձեռք բերեց նախագիծը, իսկ խողովակաշարի տրամագիծն այնքան կրճատվեց, որ այն այլևս մրցունակ չէ շուկայում ռուսական գազի համեմատ։ Հետևաբար, բնական գազի գնի բանակցություններում Հայաստանը մնում է ոչ շահեկան դիրքում:

2021 թվականի հունվարի 14-ին Վրաստանով Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի մատակարարումները 24 ժամով դադարեցվեցին՝ վթարային նորոգման նպատակով: Այդ ընթացքում գազի պահանջարկը բավարարվում էր ներքին շտեմարանների հաշվին: Սպառողներին խնդրեցին հնարավորինս կրճատել գազօգտագործումը, անջատված էր Երևանի ՋԷԿ-ը, 24-36 ժամով աշխատանքը դադարեցրին գազալցակայանները: Սա նախազգուշացում էր, որ գոյություն ունեցող տեխնիկական հագեցվածությամբ ջերմությունը և էլեկտրականությունը կարող են մատակարարվել որոշակի ընդմիջումներով:

Հայաստան ներկրվող էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացումը պետական նշանակության ռազմավարական խնդիր է: Այս իմաստով Հայաստանի էներգետիկ սեկտորի կախվածության կրճատումը Ռուսաստանից պետք է դառնա երկարաժամկետ նպատակ:

 

Էլեկտրականություն

Հայաստանի էլեկտրականությունը ստացվում է ատոմային էլեկտրակայանից, բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից (այդ թվում և փոքր հզորության), խոշոր հիդրոէլեկտրակայաններից, փոքր հէկերից, ինչպես նաև արևի և քամու՝ երբեմն անվանական հզորությամբ կայաններից։

Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր արտադրողների մեծ մասը ևս պատկանում ռուսական ընկերություններին կամ գործարկվում են դրանց կողմից: 407.5 մվ հզորությամբ Մեծամորի ատոմակայանը պատկանում է Հայաստանի կառավարության, սակայն գործարկվում է ռուսական «Ինտեր-ՌԱՈ» ընկերության հավաստագրով, որի հիմնական բաժնետերը Ռուսաստանի կառավարությունն է: Ատոմային վառելիքը կրկին մատակարարվում է Ռուսաստանից:

Հրազդանի ջերմաէլեկտրակայանը հիմնադրվել է 1996 թվականին: Հիմա այն 100%-ով պատկանում է «Ինտեր-ՌԱՈ»-ին: Քանի որ ջէկի արդյունավետությունը ցածր է, մոտ ապագայում նախատեսվում է դադարեցնել նրա շահագործումը:

2013 թվականին Հրազդանի համալիրին ավելացավ նոր՝ հինգերորդ էներգաբլոկը՝ 440 մվ հզորությամբ համակցված ցիկլով (գազով և շոգիով) աշխատող տուրբիններով: Հրազդանի հինգերորդ բլոկը հանձնվեց «Գազպրոմ Արմենիային» նույն ժամանակ, ինչ Իրան-Հայաստան խողովակաշարը:

«Երևան-2» համակցված ցիկլով գազատուրբինային էլեկտրակայանը կառուցվել է 2010 թվականին և պատկանում է Հայաստանի կառավարությանը: Էլեկտրակայանն ունի 228.6 մվ հզորություն: Սա բարտերային համաձայնություն էր Իրանի և Հայաստանի միջև, ըստ որի Հայաստանը բնական գազ է ստանում Իրանից և, օգտագործելով Երևանի կայանը, էլեկտրականություն արտահանում Իրան։

Հայաստանի խոշոր հիդրոէլեկտրակայանները բաղկացած են երկու «կասկադներից» (կայանների շարք մեկ գետային համակարգի վրա), և երկուսն էլ սեփականաշնորհված են:

Որոտանի կասկադը, 404,2 մվ հզորությամբ, պատկանում է ContourGlobal միջազգային կազմակերպությանը, որի գլխավոր գրասենյակը Միացյալ Թագավորությունում է: Սևան-Հրազդան կասկադն ունի 559.4 մվ հզորություն: Նախկինում այն պատկանում էր «Ինտեր-ՌԱՈ» ընկերությանը, բայց 2019 թվականին վաճառվեց Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպ» ընկերությունների ցանցին: 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցերից հետո, «Տաշիր Գրուպը» ձեռք բերեց նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը վերահսկում է էլեկտրականության ներքին բաշխման համակարգը։

Վերականգնելի էներգիայի համակարգը երկրում կազմված է փոքր հիդրոկայաններից, կենսագազային, արևային և քամու կայաններից: Գործարկվել են 407 մվ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայաններ: Մյուս աղբյուրների հզորություններն աննշան են։

Հայաստանի էլեկտրականության տարեկան արտադրությունը մոտավորապես 7,7 թվ/ժամ է: Ընդհանուր արտադրության 33.7%-ը ստացվում է ատոմային էներգիայից, 37.0%-ը՝ բնական գազից, 18.1%-ը՝ խոշոր և 11.1%-ը՝ փոքր հիդրոէլեկտրակայաններից:

Թեև քամու և արևային աղբյուրներից ստացվող էլեկտրականությունը ներկայումս նշանակալի տեղ  չի զբաղեցնում Հայաստանում, հույս կա, որ վիճակը կարող է փոխվել: Հայաստանի մարզերի մեծ մասում օրացուցային տարվա մոտ 300 օրերին եղանակն արևոտ է: Հայաստանի որոշ մարզեր, օրինակ, Շիրակի մարզը, աչքի է ընկնում ուժեղ քամիներով: Այսպիսով, Հայաստանում հրաշալի եղանակային պայմաններ են արևային և քամու էներգիայի արտադրության ընդլայնման համար:

Ներկայում Հայաստանում տեղադրված են 49.5 մվ ընդհանուր հզորությամբ փոքր արևային կայաններ: Արևային էներգիայով ջրատաքացման պանելների տեղադրումը ևս զգալիորեն ավելացել է: Այս իմաստով կարևոր դեր է խաղացել Վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Shtigen և Eco Step — սրանք են այն երկու ընկերությունները, որոնք զարգացնում են Հայաստանում ջրատաքացման արևային պանելների ոլորտն ու զբաղվում դրանց տեղադրմամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է 2021 թվականին շահագործման հանձնել 4 մվ հզորությամբ քամու ուժով նոր էլեկտրակայան: Ի լրումն դրա, 2022 թվականին նախատեսվում է գործարկել «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը՝ 55 մվ հզորությամբ, և ավելի փոքր կայաններ՝ 197 մվ ընդհանուր հզորությամբ: Ավելին, 2023-ին շահագործման կհանձնվի 23 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 55 մվ ընդհանուր հզորությամբ [3]:

Այս նախագծերից զատ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է նոր մրցույթ հայտարարել 520 մվ ընդհանուր հզորությամբ ևս յոթ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու համար [3]: Ամփոփելով նշենք, որ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ավելացնել արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը՝ մինչև 2030 թվականը այն հասցնելով առնվազն 15%-ի:

Էլեկտրականության ոլորտում բնական գազից կախվածությունը կրճատելու մյուս հնարավոր եղանակը երկրում տրանսպորտային վստահելի ենթակառուցվածքների և հարևան երկրների, մասնավորապես Իրանի և Վրաստանի հետ ամուր փոխադարձ կապերի զարգացումն է: Միջպետական ամուր կապը կխթանի սահմանային փոխանակումները երկրների միջև և թույլ կտա ցանկացած ժամանակ լրացնել բացերը։ Հայաստանում որոշակի աշխատանք է կատարվել փոխանցման և բաշխման ցանցը վերակառուցելու և ընդլայնելու ուղղությամբ [3]։ Փոխանցման և բաշխման ցանցում որոշ ենթակայանների վերակառուցումը, նաև նոր միջցանցային հզորությունների գործարկումը Իրանի (1000-1200 մվ) և Վրաստանի (350 մվ) հետ, նախատեսվում է ավարտին հասցնել մոտ ապագայում [3]:

 

Տրանսպորտ

Տրանսպորտային համակարգը Հայաստանում ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտը: Ճանապարհային ցանցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական զարգացման համար, քանի որ դեպի ծով ելք չունեցող երկիրն ունի սահմանափակ տրանսպորտային ուղիներ:

2000 թվականից զգալիորեն ավելացել է ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես վառելիք բնական գազի օգտագործումը։ Վառելիքի մոտավոր բաշխումը տրանսպորտային հատվածում հետևյալն է՝ 48% բենզին, 26% դիզել, 25% սեղմված բնական գազ, 1% էլեկտրականություն։

Ակնհայտ է, որ տրանսպորտային համակարգի էլեկտրաֆիկացումը նոր տեխնոլոգիաների, օրինակ՝ էլեկտրամոբիլների ներդրման միջոցով, նշանակալիորեն կկրճատի հանածո վառելիքի ներկրումը։ Էլեկտրական տրանսպորտը զարգացնելու և էլեկտրամոբիլների օգտագործումը Հայաստանում ընդլայնելու համար անհրաժեշտ է հաղթահարել մի շարք խոչընդոտներ: Առաջին, երկրում պետք է կառուցվի լիցքավորման կայանների ցանց։ Երկրորդ, պետք է ավելացնել իրազեկման աստիճանը սպառողների շրջանում: Եվ վերջապես, անհրաժեշտ է վերանայել կարգավորումները՝ սպառողներին դրական ազդակներ հաղորդելու համար:

Այս ուղղությամբ որոշակի աշխատանք արդեն իսկ կատարվել է «Էլեկտրամոբիլների զարգացումը Հայաստանում» նախագծի գործարկմամբ: Նախագիծը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (GEF/UNDP) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի մշակել և զարգացնել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ենթակառուցվածքներ և նպաստել Հայաստանում շուկայի զարգացմանը: Երևանում և Հայաստանի այլ շրջաններում առ այսօր տեղադրվել է 23 լիցքավորման կայան: Ավելին, նախագիծը կունենա երկրորդ փուլ, որի նպատակ վերը նշված արգելքների հաղթահարումն է:

 

Ջեռուցում

2015 թվականին Հայաստանի բնակելի ֆոնդը կազմված էր 19,053 բազմաբնակարան շենքից և 427,959 մեկ ընտանիքի համար նախատեսված տնից: Բազմաբնակարան շինությունների 64%-ը քաղաքային համայնքներում է, շենքերի 36%-ը՝ գյուղական համայնքներում: Բնական գազը, հեղուկ գազը, փայտը և կենսավառելիքը (գոմաղբ) բնակելի սեկտորում ջեռուցման համար օգտագործվող հիմնական վառելիքն են: Ընդ որում, բնական գազը կազմում է վառելիքի ընդհանուր սպառման 70%-ը [1]։ Կենտրոնական ջեռուցման համակարգի ձևավորումը, էներգիայի արդյունավետության բարձրացումն ու կոնսերվացիան բնական գազի սպառումը ջեռուցման համակարգում նվազեցնելու առանցքային միջոցներն են:

2018 թվականին շինարարության ոլորտում Հայաստանի նորմատիվ ակտերն ու օրենսդրությունը ենթարկվեցին որոշ փոփոխությունների, որոնք էներգախնայման և էներգիայի արդյունավետ օգտագործման նոր պարտադիր տեխնիկական պահանջներ սահմանեցին նոր բնակելի բազմաբնակարան շինությունների համար: Դրանք վերաբերում էին նաև այն շինություններին, որոնք կառուցման փուլում են կամ վերակառուցվում և վերանորոգվում են պետական բյուջեի հաշվին: Կենտրոնական ջեռուցման համակարգերի օգտագործման փայլուն օրինակ է Երևանի հյուսիսում վերջերս կառուցված «Երազ» թաղամասը: Թաղամասն ունի ջեռուցման կենտրոնական համակարգ, որն աշխատում է արևային էներգիայով, ինչը բնական գազի պահանջը կանաչ էներգիայով փոխարինելու հրաշալի օրինակ է:

Էներգիայի վերականգնելի միջոցների խթանումը, փոխանցման համակարգի ամրապնդումը, տրանսպորտային համակարգի էլեկտրաֆիկացումը, ինչպես նաև էներգիայի արդյունավետության ավելացումը ոչ միայն պատասխանատու որոշումներ են մոլորակի համար, այլև Հայաստանում էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչներ են: Այս միջոցները վառելիքի ներկրման կրճատման և Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման հնարավոր ճանապարհներներից են:

Սակայն ՔՈՎԻԴ-19 համավարակը և 2020 թվականի Արցախյան պատերազմը կարող են հետաձգել վերոնշյալ այս նպատակների իրականացումը: Ընդ որում, պատերազմի հետևանքները նոր մարտահրավեր են Հայաստանի էներգետիկ սեկտորի համար, քանի որ Արցախի 36 հիդրոէլեկտրակայաններից 30-ը (որոնք էլեկտրականություն էին արտահանում Հայաստան) այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, 100 կվ հզորությամբ երկու փոխանցման գիծ, որոնք Հայաստանը միացնում էին Արցախին, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանները Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում, նույնպես հանձնվել են թշնամուն։

Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ներկայումս նախանձելի վիճակում չէ: Առաջիկա տասնամյակը այս ոլորտում քաղաքականությունը վերանայելու ու երկրի առաջ ծառացած խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն կարող է ապահովել։ Իրական առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք և նպատակային քայլեր:

 

———————————

[1] Հայաստանի 4-րդ Ազգային զեկույց Կլիմայի փոփոխության վերաբերյալ, Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ Միավորված ազգերի կոնվենցիայի շրջանակներում, 2020 թ.:
[2] Հայաստանի Հանրապետության երկրորդ լրամշակված երկամյա զեկույց, Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ Միավորված ազգերի կոնվենցիայի շրջանակներում, 2018 թ.:
[3] ՀՀ-ի էներգետիկ սեկտորի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040 թվական, 2020 թ.: