Նէ

Տձև գծերի հատումների ու արևի տակ շողացող մարմիններից ավելի ծանր ստվերների միջև միջանկյալ մի տարածություն է՝ գոյությունը բազմապատկող, բայց և բազմապատիկ խզված ինքնության տարածություն, կանանց տարածություն։

Այս տարածության մեջ ժամանակն էլ է այլ՝ օտար: Քառորդ կյանք՝ ծնելու, կես կյանք՝ ապրելու, բայց մարդկության պատմության չափ տևականություն՝ մյուսին հասնելու, հավասարվելու համար: Ի՛նչ փույթ, որ նէ* օրացույցի մեջ օր ունի, ամիս էլ ունի: Ի՛նչ փույթ, որ այս ամիս շատ բան պիտի ասվի կանանց մասին։ Բայց այս խմբագրականը կանանց միամսյակի մասին չէ:

Այս տարածության մեջ օտարությունն էլ է այլ՝ տարօրինակ: Նէ բազմիցս է օտարյալ՝ ոչ թէ հարազատի կարոտից կամ այլությունից, այլ քանի որ տարածությունն է այլ՝ փոքր է, նեղ։ Չնայած այն հաճախ ընդլայնվում է կամ կրճատվում, բայց ավելի հաճախ ճնշում է նէ-ին, քան մյուսին: Տարածությունն էլ է հաճախ մյուսինը: Ինչ փույթ, որ նէ տուն ունի, տան մեջ էլ սենյակ, սեղան: Խրախճանքի սեղանների շուրջ, կենացների ժամանակ էլ տեղ ու ծավալ ունի… Մեկ ումպ՝ կանանց երջանկության համար, ևս մեկը՝ եթե մայր է։ Բայց կենացներն այս տարածության մեջ ավելի հաճախ մեղայականներ են — զինվոր, ծնող, մայր, կին, գեղեցկություն… Մյուսներն իրենք իրենց սեռի կենացը չեն խմում՝ կարիքը չունեն: Մյուսներն իրենք իրենց տարածությունը չեն փնտրում, նրանք տարածություն նվաճող տեսակից են: Նա տիրանում է, նէ ստեղծում:

Այս հրատարակությունը տեսադաշտ ստեղծելու փորձ է, այլընտրանքի տարածություն երևակայելու, ոգեկոչելու փորձ: Վարժանք, գոնե այս էջի երկարությամբ, հեռանալու կանխակառույց քաղաքային, սոցիալական ու անձնական տարածություններից, և հարցում՝ ի՞նչ կլինի, եթե… Եթե Մայր Հայաստանն իջնի իր պատվանդանից, եթե քաղաքի պատերը կանանց ճակատագրերի մասին պատմեն… Ի՞նչ կլինի, եթե մեզ պատկանող տարածությունները վերաձևակերպվեն ու նէ դառնա հավասար՝ տեր, նվաճող ու ստեղծող:

Տձեւ գիծերու հատումներու, մարմինէն աւելի ծանր շուքերու միջանկեալ տարածքներէն ծնած ինքնութիւն մը կայ, որ պայմանաւորուած է գոյութիւն բազմապատկող ու բազմապատիկ խզուած սեռով մը՝ իգականով:

Իգականին համար ժամանակը այլ է, օտար: Քառորդի մը չափ կեանք՝ ծնելու, կէս կեանք՝ ապրելու, բայց մարդկութեան պատմութեան չափ տեւականութիւն մը՝ միւսին հասնելու, հաւասարելու: Ի՛նչ փոյթ որ նէ տարուան մէջ օր ունի, ամիս ալ ունի: Ի՛նչ փոյթ որ այս ամսուն շատ պիտի խօսուի ու գրուի նէի մասին։ Այս խմբագրականը անոնցմէ մէկը չէ:

Օտարութիւնն ալ տարօրինակ է: Նէ բազմիցս օտարեալ ու օտարոտի է, ոչ թէ հարազատի կարօտէն, ուրիշութիւնէն, այլ քանի որ տարածութիւնն է որ նեղութիւն կու տայ: Երբեմն կ՚ընդլայնի ու կը կրճատուի, աւելի յաճախ կը ճնշէ իրեն՝ քան միւսին: Տարածքն ալ յաճախ արդէն միւսինն է: Ի՛նչ փոյթ որ տուն ունի. տան  մէջ ալ սենեակ, սեղան. սեղանի կենացներուն ժամանակ ալ տեղ ու ծաւալ ունի: Ումպ մը՝ կանացի երջանկութեան, եւս մէկը՝ եթէ մայր է, ծնած: Որով կենացները սեղանին շուրջ ընկալելու է որպէս մեղայականներ. զինուոր, մայր, կին, գեղեցկութիւն։ Տղամարդիկ իրենք իրենց սեռին կենացը չեն խմեր, ատոր պէտքը չունին. իրենք իրենց տարածքը չեն փնտռեր, որով անիկա նուաճուող տեսակէն է: Ան կը տիրանայ. նէ կը ստեղծէ:

Այս հանդէսը փորձ է տեսադաշտ ստեղծելու, երեւակայելու, ոգեկոչելու այլընտրանքային տարածութիւն: Փորձ, գոնէ էջի մը երկայնքին հեռանալու կանխակառոյց քաղաքային, ընկերային ու անձնական տարածութիւնէ, եւ հարցնելու թէ ի՞նչ պիտի ըլլար եթէ… եթէ Մայր Հայաստան իր պատուանդանէն իջնէր, եթէ քաղաքի պատերուն վրայ արձանագրուած ըլլային կանացի ճակատագրեր… ի՞նչ պիտի ըլլար եթէ մեզի պատկանող տարածութիւնները վերաձեւակերպուէին, եւ նէ ըլլար հաւասար եւ տէր, թէ՛ նուաճող, թէ՛ ստեղծող:

* Նէ, ներա, անձնական դերանվան երրորդ դեմքի իգական սեռի ձև, որը ստեղծեցին արևմտահայ մտավորականներ և որոշ ժամանակ գործածեցին:

 

Խմբագրականը գրվել է հայերեն՝ արեւելահայերեն ու արեւմտահայերէն որովհետեւ լեզուն նաեւ տարածք է եւ կանանց մասին այս թողարկման առանցքում տարածություններն են:

 

read in English 

She