Կարսի անկումը. Հայացք անցյալին

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Պարտությունը 2020 թ. պատերազմում ու Արցախի տարածքի մի մասի կորուստը ժամանակագրորեն համընկավ ճիշտ 100 տարի առաջ տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմի հետ։ Հանրությունը սկսեց զուգահեռներ անցկացնել Կարսի և Շուշիի անկման միջև, իսկ ռուս խաղաղապահների տեղակայումը և ռուս-թուրքական համատեղ քայլերը համեմատվեցին 1920 թ. վերջին Հայաստանի խորհրդայնացման հետ։ Ի հավելումն այս ամենի՝ Շուշիի շուրջ հյուսվող դավադրաբանական տեսությունները զարմանալիորեն հիշեցնում են 1920 թ. հոկտեմբերի 30-ին Կարսի անկումից հետո տարածվող լեգենդները։ Կորստի ցավը շատերին ուղղորդում է դեպի պատմական անցյալ, որում մարդիկ փորձում են գտնել այսօրվա շատ հարցերի պատասխաններ։ Կյանքը միշտ էլ ստիպում է ժամանակ առ ժամանակ հայացք ձգել անցյալին։

Այս քննարկումներում, սակայն, արվում է հիմնական մեկ բացթողում, որն առկա էր նաև 1920 թ. ուշ աշնանը. թե՛ Կարսի, և թե՛ Շուշիի անկումը դիտարկվում է մեկուսի՝ կտրված ռազմական գործողությունների, քաղաքական իրադարձությունների, ներհայկական խորը հակասությունների ընդհանուր տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, տասնամյակներ շարունակ երկու բերդաքաղաքների շուրջ հյուսվել է անառիկության պատկերացում, ինչի պատճառով էլ դրանց կորուստը հանրությունը կարողանում է բացատրել միայն դավաճանությամբ։

Եթե Շուշիի անկման պատճառները դեռևս ուսումնասիրված չեն և շատ հարցեր բաց են, ապա 1920 թ. Կարսի անկման պատճառների մասին կան որոշ տեղեկություններ, որոնք թույլ են տալիս, եթե ոչ ամբողջական, ապա ընդհանուր պատկերացում կազմել 100-ամյա վաղեմության իրադարձությունների մասին։

Բացի այդ, կարևոր ենք համարում նշել, որ հանրային այն պատկերացումը, թե անցյալում տեղի ունեցած դեպքերը նույնությամբ կրկնվում են այսօր, ճիշտ չէ և կարող է սխալ եզրակացությունների հանգեցնել։ Նույնքան վտանգավոր է անցյալի իրադարձություններն անտեսելը և քաղաքական ու աշխարհաքաղաքական ինչ-ինչ կարծրատիպեր որդեգրելը։ Լավագույն լուծումը պատմության համակողմանի և ամենակարևորը՝ անկեղծ լուսաբանումն է, ինչը թույլ է տալիս հասկանալ աշխարհաքաղաքական գործընթացները, տարածաշրջանի երկրների շահերն ու նրանց հնարավոր գործողությունները, ինչպես և սեփական բացթողումները։ Հաշվի առնելով 1920 թ. վերջի իրադարձությունների մասնակի նմանությունը 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմին՝ կփորձենք ընդհանուր գծերով անդրադառնալ 1920-ի թուրք-հայկական պատերազմի որոշ հարցերի։

 

Բոլշևիկների հաղթանակն ու աշխարհաքաղաքական փոփոխությունները

1920 թ. թուրք-հայկական պատերազմի մասին խոսելիս նախ և առաջ հարկ է անդրադառնալ աշխարհաքաղաքական մի քանի կարևոր իրադարձությունների, որոնք ձևավորում էին մեր տարածաշրջանի փոփոխվող քաղաքական պատկերը։ Առաջին հերթին պետք է նշել բոլշևիկների հաղթանակը Ռուսաստանում և իշխանության վերջնական ամրապնդումը։ Ինչպես հայտնի է, 1917 թ. փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների հետևանքով ստեղծված քաոսն ու անիշխանությունն ամբողջությամբ կազմաքանդել էին ռուսական բանակը։ Թե՛ Արևմտյան, և թե՛ Կովկասյան ռազմաճակատներից ռուս զինվորներն ու սպաները, թողնելով զենքն ու զինամթերքը, վերադառնում էին Ռուսաստան։ Կովկասյան ռազմաճակատում, որի առաջնագիծը 1917 թ. ձգվում էր մինչև Տրապիզոն և Երզնկա, արագորեն դատարկվում է, ինչին հետևում է թուրքական հարձակումը։ Վեց ամսվա ընթացքում թուրքական բանակը գրեթե առանց դիմադրության գրավում է Էրզրումը, Տրապիզոնը, Կարսը, Ալեքսանդրապոլը և կանգնում Երևանի մերձակայքում։ Սարդարապատի հերոսամարտով է միայն թուրքական առաջխաղացումը կասեցվում և ստեղծվում է Հայաստանի առաջին Հանրապետությունը։

1920 թ. գարնանը բոլշևիկները կարողանում են հաղթել քաղաքացիական պատերազմում և ձեռնամուխ են լինում Ռուսական կայսրության նախկին սահմանները վերականգնելուն։ Ապրիլին 11-րդ Կարմիր բանակը մտնում է Ադրբեջան. շուրջ երկու տարի ձգված բացակայությունից հետո Ռուսաստանը վերադառնում է Կովկաս։

Գրեթե նույն ընթացքում Թուրքիայում ձևավորվում է քեմալական շարժումը, որի գլխավոր նպատակը տարածքները պահպանելն էր, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրությունը բաժան-բաժան էր արվում։ Ազգայնական այս շարժման բնօրրանը երկրի արևելյան նահանգներն էին՝ այն շրջանները, որտեղից ցեղասպանությամբ արմատախիլ էր արվել հայ ժողովուրդը։

1920 թ. ապրիլին Դաշնակից պետությունների ներկայացուցիչները Սան-Ռեմոյում ստորագրել էին Թուրքիային ներկայացվող պահանջները, որոնք էլ ընկած էին մի քանի ամիս անց ընդունված Սևրի պայմանագրի հիմքում։ Այդ պայմանագրով Թուրքիայի արևելյան նահանգները անցնելու էին հայերին։ Որքան էլ Սևրի պայմանագիրը արդարացի լիներ հայերի համար, Թուրքիան չէր կարող հաշտվել տարածքների այդպիսի կորստի և Մեծ Հայաստանի ստեղծման հետ։ Եվ պատահական չէ, որ արդեն 1920 թ. ապրիլից Քյազիմ Կարաբեքիր փաշայի հրամանատարությամբ գործող 15-րդ բանակը նախապատրաստվում էր Հայաստանի դեմ պատերազմի։

1920 թ. ամռանը ձևավորվել էր աշխարհաքաղաքական այնպիսի իրադրություն, որ բոլշևիկյան Ռուսաստանի և Թուրքիայի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերը խիստ մերձեցել էին։ Ընդամենը երեք տարի առաջ մարտի դաշտում միմյանց դեմ կռվող այս պետությունները ձեռք էին բերել ընդհանուր թշնամի՝ Արևմուտքը, որի քաղաքականությունը երկուսի համար էլ սպառնալիք էր։ Բացի այդ, բոլշևիկյան գաղափարախոսության հիմքում իմպերիալիստական երկրների դեմ պայքարն ու ճնշված, գաղութացված ժողովուրդների ազատագրումն էր։ Քեմալն իր շարժումը հենց այդպես էլ ներկայացնում էր, ինչը պատմական տվյալ շրջափուլում լիովին համընկնում էր բոլշևիկյան գաղափարախոսությանը։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան փորձում էին ամեն գնով մեր տարածաշրջանից դուրս մղել արևմտյան տերություններին, հետևաբար՝ երկուսն էլ Սևրի պայմանագիրը և Մեծ Հայաստանի ստեղծումը համարում էին սպառնալիք իրենց կենսական շահերին։

Երկու հզոր պետությունների ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ էր ցամաքային հուսալի հաղորդակցություն, որն անցնում էր Զանգեզուրով, ինչով էլ պայմանավորված էր խորհրդային բանակի հարձակումը Լեռնահայաստանի վրա, որը հերոսական ջանքերով կասեցնում էր Գարեգին Նժդեհը։

 

Պատերազմի ու պարտության մեղավորները

Ահա այսպիսին էր աշխարհաքաղաքական պատկերը 1920 թ. աշնանը, երբ սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որի պարտության հիմնական մեղադրանքները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ ա) հայկական բանակը պատրաստ չէր և չկարողացավ պաշտպանել երկիրը, բ) բանակը հերոսական կռիվ տվեց, սակայն քաղաքական ղեկավարության բացթողումների պատճառով չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը։

Ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է՝ թուրք-հայկական պատերազմում Հայաստանը ծանր պարտություն կրեց ինչպես ռազմական բազմաթիվ թերացումների, անկազմակերպվածության, այնպես էլ քաղաքական ղեկավարության անհեռատեսության, թիկունքի վատ կառավարման, առավելապաշտության և այլ պատճառներով։

 

Հարձակման առաջին ալիքն ու թուրքական բանակի թվակազմը

Պատերազմից երեք ամիս առաջ՝ 1920 թ. հունիսին հայկական զորքերը գրավել էին Օլթին, որը համարվում էր հայկական պետության տարածք։ Օլթիի ածխահանքերը կենսական նշանակություն ունեին շրջապատված ու էներգակիրների բացակայությունից կործանման եզրին կանգնած հայկական տնտեսության ու ենթակառուցվածքների համար։ Հետագայում թուրքական կողմը պատերազմ սկսելու որոշումը հիմնավորում էր հենց Օլթիի գրավումով, որը, սակայն, մեղքը հայերի վրա գցելու փորձ էր։ Եթե անգամ Օլթիի գործողությունը չլիներ, միևնույն է՝ թուրքերը որևէ այլ պատրվակով հարձակվելու էին Հայաստանի վրա։ Տարբեր, այդ թվում՝ թուրքական աղբյուրները, Քեմալի ու Կարաբեքիրի նամակագրությունը վկայում են, որ թուրքական բանակը հարձակման հրամանի էր սպասում 1920-ի ապրիլից [1]։

Թուրքական հարձակման առաջին ալիքը 1920 թ. սեպտեմբերի 10-ին էր, որին հայկական զորքերը կարողանում են դիմակայել։ Երեք օր անց, սակայն, չդիմանալով ճնշմանը, հայերը թողնում են Օլթին։ Հենց այս պահից ի հայտ են գալիս հայկական բանակի ու թիկունքի թերացումները։ Համաձայն Սիմոն Վրացյանի՝ Օլթիում և Սարիղամիշում հայերն ունեին մոտ 2400 զինվոր, մինչդեռ թուրքական 15-ին բանակային կորպուսի ընդհանուր թվակազմը մոտ 28 հազար էր։ «[Թուրքական] զորքը պարենավորված էր շատ լավ, ուներ առատ զինամթերք, հագուստ, որը ստանում էր իտալացիներից, ֆրանսիացիներից և Խորհրդային Ռուսաստանից»,— գրում է Վրացյանը։

Այս դրվագը, կարծում ենք, կարևոր է, որովհետև ամիսներ շարունակ հայկական կողմը Արևմուտքին վստահեցնում էր, թե Քեմալի բանակը հազիվ 10 հազար լինի, թույլ է և վատ կազմակերպված։ 1920 թ. ապրիլի վերջին Սան-Ռեմոյում հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը Լլոյդ Ջորջին, լորդ Քըրզոնին, մարշալ Ֆոշին և ուրիշներին ասում էր. «Մուստաֆա Քեմալը 14 հազար զորք չունի, այլ շատ պակաս, և այն էլ մեծ մասամբ անկանոն զորք, գյուղացիներ, շատերը բռնի զենքի տակ պահված, ամենքը վատ հագնված, անվարժ։ Մեր բանակի գլխավոր շտաբի տեղեկությունները, որոնք ճշգրիտ են, կասկած չեն թողնում այս մասին» [2]։

Ահարոնյանն ասում էր նաև, որ Հայաստանն ունի շուրջ 25 հազարանոց բանակ։ Մի քանի ամիս անց հայկական բանակի թիվն ավելի մեծ էր ներկայացվում. հուլիսի 11-ին Հունաստանի նախագահ Վենիզելոսի հետ հանդիպմանը հայկական պատվիրակության անդամ գնդապետ Ղորղանյանն ասում էր, որ Հայաստանը բանակի թիվը կարող է հասցնել 40 հազարի [3]։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում նշում է, որ 1919 թ. հայկական բանակն ուներ շուրջ 10 հազար զինվոր ու սպա։ Եվս 4000 զինվոր հանրապետության տարբեր շրջանների պահեստային զորամասերում էր [4]։ Անկախության ողջ ընթացքում Ադրբեջանի հետ չհայտարարված, բայց և չավարտվող պատերազմի պատճառով հայկական բանակը տեղակայված էր հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանագծում։

Ուշադրության է արժանի նաև Վրացյանի այն դիտարկումը, թե պատերազմը սկսվելուց հետո պարզ է դառնում, որ Հայաստանը բոլորովին մենակ է և պատրաստ չէ պատերազմին։ Հայաստանը դիմում է աշխարհի հզորներին, որոնք մինչ այդ Հայաստանին իրենց կրտսեր դաշնակիցն էին համարում, սակայն իրական ռազմական կամ ռազմաքաղաքական աջակցություն ոչ մեկից չի ստանում։

 

Ձախողված հակահարձակումն ու խոշոր թերությունները

Սեպտեմբերի 29-ին հայկական զորքերն արդեն նահանջում էին Սարիղամիշից ու Կաղզվանից։ Հայաստանում մինչև 37 տարեկան տղամարդկանց զորահավաք է սկսվում, ինչպես նաև մահապատիժ է սահմանվում դասալքության համար։

Հոկտեմբերի 14-ին հայկական ուժերը հակահարձակում են նախաձեռնում։ Շիրակի նահանգապետ Կարո Սասունին գրում է, որ հայկական զորքը շուրջ 12 հազար էր, այլ աղբյուրների համաձայն՝ մոտ 8 հազար։ Հայերը լիարժեք պատկերացում չունեին թուրքական ուժերի մասին։ Սասունին գրում է, որ գեներալ Սիլիկյանի տվյալներով թուրքական զորքի թիվը 4 հազարից ավելի չէր. միայն հարձակումը սկսելուց հետո է պարզվում, որ թուրքերն անհամեմատ ավելի մեծաքանակ ուժեր ունեին։

Հարձակման ժամանակ ի հայտ են գալիս հայկական զորքի կառավարման ճակատագրական թերությունները։ Կարո Սասունին գրում է, որ մի քանի զորամասեր նախատեսվածից 3-3,5 ժամ ուշացումով են սկսում գրոհը, ինչի հետևանքով մյուսները չեն կարողանում ամրանալ վերցրած դիրքերում, և թուրքերը, վերախմբավորելով ուժերը, իրենց ձեռքն են վերցնում նախաձեռնությունը։ Նույնը պնդում է նաև խնամատարության նախարար Արտաշես Բաբալյանը։

Հայկական բանակի համալրումը նույնպես պատշաճ վիճակում չէր. զորակոչվածները անփորձ էին, զենքին անվարժ։ Մեծ հակասություններ կային կադրային բարձր հրամանատարության՝ գեներալներ Սիլիկյանի, Հովսեփյանի և խմբապետների, մասնավորապես՝ Սեպուհի միջև, որը Կարսի ռազմաճակատի ուղղություններից մեկի հրամանատարն էր։ Այս բացթողումների և հակասությունների պատճառով հակահարձակումը ձախողվում է, հայկական կողմը զգալի կորուստներ է կրում՝ առանց էական հաջողության։

Հոկտեմբերի 14-ի հակահարձակումը ցույց է տալիս ևս մեկ կործանարար երևույթի տարածումը հայկական բանակում՝ հրամաններին չենթարկվելը։ 5-րդ գնդի երկու վաշտերն առանց հրամանի թողնում են դիրքերը և նահանջում։ Հետագայում այսպիսի դեպքեր կրկնվում են արդեն Կարսի պատերի տակ։ Հրամաններին չենթարկվելը բացատրվում էր բոլշևիկյան քարոզչությամբ և ընդհանրապես, զորքում առկա բոլշևիկյան տրամադրություններով։ 1920 թ. մայիսյան ապստամբության օրերին Կարսի զորամասերն ակտիվորեն ներգրավված էին հակակառավարական գործողություններում, և պատերազմի օրերին նրանց նահանջը զինվորականները դրանով էին բացատրում։ 1921 թ. սկզբին խմբապետ Սեպուհը Կարսի անկման երկու հիմնական պատճառ էր նշում՝ բոլշևիկյան քարոզչությունը և պահեստազորայինների անվարժ լինելը։ «Վերջին անգամ, երբ թուրքերը հարձակեցան, ամեն կողմե անվարժ կամավորներ եկան լցվեցան բանակի մեջ։ Շատ պարզ է, որ երբ մեկը զենք գործածել չգիտե, ռազմապես մարզված չէ, առաջին հրացանի ձայն լսելուն պես պիտի թողու եւ փախչի եւ կամ եթե մնա ճակատի վրա, ոչ միայն դեր մը չկրնար կատարել, այլ զուր տեղ կրնա զոհ երթալ իր անձնվիրության։ … Ձախորդության երկրորդ պատճառը մեծամասնական պրոպագանդն էր, որ մեծապես խանգարեց մեր բանակի կարգապահական ոգին եւ կազմալուծեց շարքերը։ Այս մասին բանակի հրամանատարները մեղավոր են» [5]։

 

Բերդաքաղաքի անկումը

Ուշագրավ է, որ թուրք-հայկական պատերազմի մյուս թատերաբեմում՝ Իգդիր-Սուրմալու գծում ռազմական գործողությունները հայերի համար անհամեմատ ավելի հաջող էին։ Դրոյի և նրան օգնության եկած Կուռո Թարխանյանի զորամասերը մինչև վերջ կանգնեցնում են թուրքերի բոլոր գրոհները, և նահանջում են միայն Կարսի անկումից հետո՝ շրջապատման մեջ չընկնելու համար։

1920 թ. հոկտեմբերի 25-ին թուրքական բանակի նոր գրոհից հետո հայկական ուժերը նահանջում են Կարս, և զինվորական հրամանատարությունը վարչապետին զեկուցում է, թե բերդաքաղաքը 2-3 ամիս կարող է դիմադրել։ Հայկական հրամանատարությունը կարծում էր, թե թուրքերը Կարսը գրոհելու են ճակատային ուղղությամբ, սակայն հակառակորդն անսպասելի փոխել էր հարձակման ուղղությունը։ Նրանք, հայերից աննկատ, ուժեր էին տեղափոխել Նախիջևան, որտեղից թևային գրոհով վերցրել էին Վեզի-քյոյը։ Կարո Սասունին վկայում է, որ հայկական հրամանատարությունը 3-4 օր «փնտրում էր» թշնամուն։ Արտաշես Բաբալյանը գրում է, որ թշնամու արևելյան ուղղությամբ հարձակման մասին հայկական հրամանատարությունը մտածել էր և խմբապետ Կնյազին մի քանի հեծյալներով ուղարկել հետախուզության, որը շուտով զեկուցել էր, թե «ձախ թևի վրա թշնամի չկա և հանգիստ է»։ «Հետագայում պարզվեց, որ Կնյազը իր ձիավորներով նեղություն չէր կրել մինչև նշանակված տեղը հասնելու, այլ կես ճանապարհից վերադարձել էր հանգստացուցիչ հաղորդագրությամբ» [6]։

Հոկտեմբերի 30-ին երեք ուղղությամբ հարձակվելով՝ թուրքերը վերցնում են Կարսի Ռադինսկու և Լազարևյան ամրությունները (ֆորտ), ապա բերդը և քաղաքը։ Այս դեպքերի մասին տեղեկությունները նույնպես հակասական են. Սասունին գրում է, որ զինվորները չէին ցանկանում կռվել, իսկ Բաբալյանը հակառակն է պնդում, թե ժողովուրդը պատրաստ էր կռվելու և իր կյանքը զոհելու, սակայն «նրա ղեկավարները եղան ապիկար, անբարեխիղճ»։

Քաղաքում թուրքական բանակին դիմադրություն ցույց չի տրվում, և մեծ թվով զինվորականներ (տարբեր տվյալներով՝ 1500-2000) գերեվարվում են։ Նրանց թվում էին հայկական բանակի գեներալներ Փիրումյանը, Արարատյանը, Ղազարյանը, գնդապետ Վեքիլովը, ինչպես նաև խնամատարության նախարար Արտաշես Բաբալյանը։

 

Ծանր պայմանագրեր և Առաջին Հանրապետության անկումը

Կարսի անկումից հետո հայկական բանակը թեև ամբողջովին ոչնչացված չէր և զգալի ուժեր էր պահպանել, սակայն բարոյահոգեբանական ծանր պայմաններում շարունակում էր նահանջել։ Դասալքությունը մեծ չափերի էր հասել։ Նոյեմբերի 7-ին Կարաբեքիրը զինադադարի առաջարկ է անում, որն ավելի շուտ վերջնագիր էր։ Հայկական կողմը ստիպված ընդունում է թուրքական պահանջները և թողնում Ալեքսանդրապոլը, բայց թուրքերը շուտով նոր պահանջներ են դնում՝ հայերը պետք է զիջեին մինչև Սուրմալու-Արաքս կայարան-Արագած լեռ-Նովո Միխայլովկա-Լոռիքենդ գիծը, ինչը մերժվում է։ Հարձակումը շարունակվում է և նոյեմբերի 16-ին թուրքերը վերցնում են Ջաջուռը։ Հայկական կողմը համաձայնում է զինադադար կնքել ու բանակցել թուրքերի հետ՝ միաժամանակ դիմելով Մոսկվայի միջնորդությանը։

1920 թ. նոյեմբերի 22-ին հայկական պատվիրակությունն Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ մեկնում է Ալեքսանդրապոլ՝ թուրքերի հետ բանակցելու։ Մոտ 10 օրից հաշտության ծանր պայմանագիր է ստորագրվում, որով Հայաստանը կորցնում է շուրջ 30 հազար քառ. կմ։ Թուրքերին է անցնում Սուրմալուն ու Կարսը, իսկ Զանգեզուրն ու Նախջևանը՝ Ադրբեջանին։ Հայաստանը 1200 զինվորից ավելի զորք չէր կարող ունենալ և հրաժարվում էր Սևրի պայմանագրից։

Նույն օրերին Երևանում ստորագրվում է նաև Հայաստանի խորհրդայնացման պայմանագիրը, և Հայաստանի առաջին Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

 

* * *

Ինչպես տեսնում ենք, 1920 թ. և 2020 թ. պատերազմներն ու քաղաքական գործընթացները որոշակի նմանություն ունեն, ինչը բնական է, քանի որ 100 տարվա ընթացքում մեր տարածաշրջանի հիմնական խաղացողները չեն փոխվել։ Չեն փոխվել նաև տարածաշրջանի երկրների քաղաքական, տնտեսական, ռազմական խնդիրներն ու աշխարհի ազդեցիկ բևեռների մրցակցությունը։ Կարծում ենք՝ սա ամենակարևոր եզրակացություններից է, որը պետք է մշտապես ուսումնասիրել, հասկանալ և հաշվի առնել։

Ինչ վերաբերում է պարտությանը, ապա դրա հետևանքները հաղթահարելու թերևս լավագույն միջոցը պատճառների բազմակողմանի ուսումնասիրությունն է։ «Պատմությունը կրկնվում է» արտահայտությունը դատավճիռ չէ և ենթակա է վերանայման։

 

——————————————————
[1] Տե՛ս Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ 1919-1920 թթ., Երեւան, 2019։
[2] Ավետիս Ահարոնյան, «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան (քաղաքական օրագիր)», Պոսթըն, 1943, էջ 73։
[3] Նույն տեղը, էջ 87։
[4] Ռուբեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հ. 7, Երևան 1990, էջ 335-336։
[5] «Սեպուհի կարծիքը Կարսի անկման մասին», «Վերջին լուր», 8 փետրվարի, 1921, թիվ 2096։
[6] Արտաշես Բաբալյան, Կարսի անկումը, Հայրենիք, 1923, թիվ 12, Բոստոն։