Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները. 2018-ից մինչ օրս

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Read in English
The Nikol Pashinyan Administration: 2018-Present
Ինչպես եկավ իշխանության

Երբ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանավարման հնարավոր երրորդ ժամկետի դեմ 2018-ի գարնանը քայլերթ սկսեց, անհավանական էր թվում, թե նա ինչ-որ բանի կհասնի։ Բայց ընդամենը մի քանի շաբաթում մի քանի տասնյակ անձանց քայլերթը վերածվեց համաժողովրդական շարժման, որն ավարտվեց Փաշինյանի իշխանության գալով:

Նիկոլ Վովայի Փաշինյանը ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Իջևան քաղաքում։ Ավարտելով Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարան, սակայն ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է, իր պնդմամբ՝ քաղաքական դրդապատճառներով:

Փաշինյանը 1992-ից զբաղվել է լրագրությամբ, աշխատել մի շարք պարբերականներում՝ հիմնականում ընդդիմադիր։ 1999-2012 թթ. եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Փաշինյանի քաղաքական ուղին սկսվում է թերևս 2007-ից, երբ նա դարձավ «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում նա «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարն էր, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։

Նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ցույցերը 2008-ի մարտի 1-ին բռնի ուժով ցրելուց հետո, ընդվզումների կազմակերպիչներից Փաշինյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Մեկ տարի և չորս ամիս անցկացնելով ընդհատակում, 2009 թ. հուլիսի 1-ին նա ինքնակամ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվեց, իսկ 2010 թ. հունվարին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Թե՛ Հայաստանում և թե՛ միջազգային հանրությունը նրան ընկալում էր որպես քաղբանտարկյալ։ 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներմամբ, Փաշինյանն ազատ արձակվեց։

2012-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով, իսկ մեկ տարի անց՝ 2013-ին հիմնադրեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015 թթ. նա այդ միավորման կառավարման խորհրդի անդամ էր, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:

2017 թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով Փաշինյանը կրկին ընտրվեց ԱԺ պատգամավոր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ մարտի 31-ին Գյումրուց քայլարշավով ուղղվում Երևան։ Հաշված օրերի ընթացքում Փաշինյանին հաջողվում է ընդլայնել համախոհների շրջանակը, բողոքի, դասադուլների, գործադուլների ու անհնազանդության ակցիաներ կազմակերպել ինչպես երկրի խոշոր քաղաքներում, այնպես էլ ամենահեռավոր համայնքներում։

Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ իր ծավալներով աննախադեպ համաժողովրդական այս շարժման արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ին Փաշինյանը՝ որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվեց ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի իշխող «Հանրապետական» խմբակցության պատգամավորները տապալեցին նրա ընտրությունը։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի ունեցավ մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվեց Հայաստանի 16-րդ վարչապետ, որի լիազորությունները, սակայն, ավելի էին, քան երբևիցե, քանի որ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում էր կատարել խորհրդարանականի:

 

Առաջին մեծ մարտահրավերը

Բազմաթիվ խնդիրներ ժառանգած Փաշինյանի կառավարությունը առաջին մեկ ու կես տարում առերեսվեց մի շարք մարտահրավերների, սակայն 2020-ին ամբողջ աշխարհը պատուհասած նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունը, որը հետագայում ստացավ ստացավ COVID-19 անվանումը, մեծ հարված էր երկրի համար։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվեց 2020-ի փետրվարի 28-ին՝ Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Այս մասին մարտի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառմամբ, հորդորելով պահպանել հիգիենայի կանոնները, գրել էր. «Ժողովուրդ ջան, դուխով, մենք էսպիսի՞ իրավիճակներ ենք հաղթահարել, կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի»:

Կարճ ժամանակ անց վիրուսը տարածվեց ամբողջ աշխարհում, իսկ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն հայտարարեց կորոնավիրուսի համավարակ։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս հիվանդության տարածումը կանխելու նպատակով մտցվեցին մի շարք սահմանափակումներ, որոնց հետևանքով հազարավոր քաղաքացիներ մնացին առանց աշխատանքի, տուժեցին տնտեսության մի շարք ոլորտներ։

 

Արտակարգ դրություն և պարետային ժամ

COVID-19-ը շատ երկրների ստիպեց արտակարգ դրություն հայտարարել ու մի շարք կոշտ սահմանափակումներ մտցնել։ Հայաստանը ևս բացառություն չէր։ Երկրում տասը տարուց ավելի չկիրառված իրավական այս ռեժիմը 2020 թ. մարտի 16-ին հայտարարվեց նախ մեկ ամիս ժամկետով։

Մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ժամը 23։59-ը, այնուհետև մինչև ապրիլի 12-ը, հանրապետության ողջ տարածքում սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել էր պարտադիր ինքնամեկուսացում (կարանտին)։ Իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրությունը հինգ անգամ երկարացվեց՝ մինչև սեպտեմբերի 11-ը, որից հետո այն փոխարինվեց նախ չորսամսյա կարանտինով, ապա կարանտինը երկու անգամ երկարացվեց վեցական ամսով և կտևի մինչև 2021-ի դեկտեմբերի 20-ը։

Կորոնավիրուսի բերած մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՀՀ կառավարությունը 2020-ի մարտից սկսեց ընդունել կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրեր, որոնք ՀՀ տնտեսվարողներին օժանդակության մի շարք փաթեթներ էին առաջարկում։

Համաճարակին զուգահեռ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեց շփման գծի ողջ երկայնքով, որի պատճառով երկրում 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Դեկտեմբերի 2-ին կառավարության որոշմամբ վերացվեցին ռազմական դրության շրջանակներում գործող որոշ սահմանափակումներ, իսկ արդեն 2021-ի մարտի 24-ին ամբողջությամբ վերացվեց ռազմական դրությունը։

 

Բողոքի ակցիաներ

Բողոքի ակցիաներով իշխանության եկած Փաշինյանի կառավարումը ևս ընթանում էր բողոքի բազմաթիվ ակցիաներով՝ ինչպես նախորդ իշխանություններից «ժառանգած», այնպես էլ նոր ծագած խնդիրների լուծման պահանջով։

Բանակում զոհված որդիների համար տարիներ շարունակ արդար դատաքննություն պահանջող մայրերը նոր իշխանություններին ևս խնդրի մասին փորձեցին իրազեկել ակցիաներ միջոցով։ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպեց նրանց՝ վստահեցնելով, որ հարցը լուծման է արժանանալու։

Բողոքի ցույցեր եղան հանրապետության տարբեր համայնքներում՝ համայնքների ղեկավարների հրաժարականի, խմելու կամ ոռոգման ջրի, բերքի իրացման, բժշկական կենտրոնների փակման, աշխատատեղերի օպտիմալացման, հուշարձանների պահպանման, բնապահպանական և այլ թեմաներով։

Բողոքի ակցիաների ակտիվ մի փուլ սկսվեց 2019-ի նոյեմբերին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երբ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերում կամընտրական դարձնելու առաջարկ եղավ նախարարության կողմից։ Հարությունյանի հրաժարականի պահանջը հասունացրել էր նաև մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց տեղի ունեցած աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, երբ պարզվեց, որ ներկայացմանը 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ էր հատկացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Դժգոհությունների պատճառ էր նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը։

Սակայն 2020-ի սեպտեմբերին սկսված լայնամասշտաբ պատերազմը մոռացնել տվեց մեծ ու փոքր խնդիրները։ Նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված եռակողմ փաստաթղթի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվեցին կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով Փաշինյանի հետ։ Հետո նրանք կոտրեցին դռներն ու ներխուժեցին կառավարության մասնաշենք։ Ավելի ուշ դեպքերը տեղափոխվեցին ԱԺ տարածք։ Բողոքի ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի մոտ ծեծեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Որոշ ժամանակ մեքենայի մեջ մնալուց հետո ցուցարարները թույլ տվեցին, որ վնասվածքներ ստացած Միրզոյանին հիվանդանոց տեղափոխեն, որտեղ նա մի քանի վիրահատության ենթարկվեց։

Նախկին իշխանություններն ու նրանց համախոհները, որ մինչ այդ էլ քննադատում էին գործող իշխանություններին, համախմբվելով ստեղծեցին 17 կուսակցությունների «Հայրենիքի փրկության շարժումը», որը սկսեց բողոքի ակցիաներ կազմակերպել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Ակցիաները երբեմն ուղեկցվում էին ոստիկանների հետ բախումներով։ Քաղաքական ակցիաներին զուգահեռ, բողոքի ակցիաներ էին կազմակերպում նաև պատերազմի ժամանակ գերեվարված, անհետ կորած քաղաքացիների հարազատները, որոնք շարունակվում են մինչև օրս։

Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում (Ալիխանյան 6/1), որտեղ ցածրահարկերին կից որոշվել է կառուցել 12 հարկանի շենք։ Կառուցապատմանը դեմ բնակիչներն ու ակտիվիստները պնդում են, որ բարձրահարկը նախ կխաթարի 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը, և ապա կհատվեն Երևանում եզակի կանաչապատ այս տարածքի ծառերը՝ վնասելով կենսամիջավայրը, որտեղ բացառիկ ծառատեսակներ, թռչնատեսակներ ու ոզնիներ կան։

 

Աղմկահարույց սպանություններ և դատավարություններ

Թավշյա հեղափոխության հաղթանակից ու նոր վարչապետի ընտրությունից օրեր անց հաղորդվեց, որ ոստիկանության մի շարք վարչություններ աշխատանքներ են տանում քրեական հեղինակություններին զսպելու ուղղությամբ: Արդեն մայիսի 18-ին հաղորդվեց, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի «օրենքով գողեր» և երեք տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։

Հունիսի 16-ին ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգման փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել։ Նույն քրեական գործով ձերբակալվել է ևս 4 անձ, որոնք ՌԴ քաղաքացիներ են:

Հունիսի 21-ին ու 22-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունից հետո տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 23 անձ, ստուգումներ են իրականացվել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։

Քրեական հեղինակությունների ձերբակալությունների ու ազատ արձակումների մասին հաղորդագրություններ էլի եղան։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբերի և անձանց՝ այսպես կոչված «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար:

Այն ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մի քանի անգամ հայտարարեց, որ օրենքը գործում է և կառավարությունը գրանցում է հաջողություններ։

Թավշյա հեղափոխությունից շուրջ մեկ ամիս անց, հունիսի 17-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի խուզարկությունից տեսանյութ հրապարակեց, որում ներկայացվում էր տարածքում պահվող «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։ Այս հրապարակումը մեծ արձագանք գտավ ու լայն քննարկումների առիթ դարձավ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Գրիգորյանը մեղադրվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Թեև Գրիգորյանը չէր ընդունում մեղադրանքը, իսկ նրա փաստաբանները հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին, այնուամենայնիվ, առողջական մի շարք խնդիրներ ունեցող Գրիգորյանը կալանավորվեց, իսկ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն մեկ ամիս անց՝ 2019-ի հունվարին, դատախազության միջնորդությունից հետո, կրկին կալանավորվեց։ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ 2020-ի հունվարի 15-ին, երբ նա կայուն ծանր վիճակով տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ Նոյեմբերի 19-ին 64-ամյա Գրիգորյանը մահացավ, նրա կնոջ գործով հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է։

2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անմիջական մասնակից Նիկոլ Փաշինյանն ինչպես վարչապետ դառնալուց առաջ, այնպես էլ հետո, հայտարարում էր Մարտի 1-ի գործը բացահայտելու իր նպատակի մասին։ 2018-ի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Խաչատրյանին նշանակելով Հատուկ քննչական ծառայության պետ, հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է»։

2018-ի հուլիսի 26-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց, իսկ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց։ Դրանից հետո Քոչարյանը ևս երկու անգամ կալանավորվեց ու ազատ արձակվեց, ընդ որում՝ մեկ անգամը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագրերի հիման վրա։

Այս գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել նաև 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

Թեև 2018-ի օգոստոսի 17-ին՝ պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ի քրեական գործը, ըստ էության, բացահայտված է, և այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում, գործը միայն 2021-ի մարտի 23-ին մտավ դատաքննության փուլ: Այնուհանդերձ,  Հայաստանի Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (պետական իշխանության յուրացում), որով դատվում էր Քոչարյանը, հակասում էր ՀՀ Սահմանադրության 78 -րդ և 79 -րդ հոդվածներին և, հետևաբար, հակասահմանադրական է: Արդյունքում, բոլոր չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում ՝ Քոչարյանը, արդարացվեցին և ազատվեցին մարտի 1-ի հետ կապված բոլոր մեղադրանքներից:

Գործն ունի 600 հատոր, 872 վկա, 102 տուժող, 10 տուժողների իրավահաջորդ, 4 մեղադրյալ։ Սա ՀՀ պատմության թերևս ամենաաղմկահարույց գործն է, որում շոշափվում են երկրի նախկին և ներկա բոլոր ղեկավարների անունները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը կրկին սկսեց շրջանառվել, երբ վերաբացվեց 2001-ին Երևանի «Առագաստ» սրճարանում վերջինիս «Պրիվետ Ռոբ» դիմելուց հետո սպանված Պողոս Պողոսյանի գործը։ Տարիներ առաջ տեղի ունեցած սպանության գործը վերաբացվեց 2020-ին՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո։ Նյուտոնը 2001-ին Հայաստանում էր աշխատում և դեպքի օրը եղել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացուն կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։

Այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, մեղադրվում է Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը, որը դեռևս 2002-ին էր դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նա մեղադրվում է նույն՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։

2020-ի հունիսի 14-ին իրեն ընդդիմադիր համարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները հայտարարեցին, թե Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը։

Հունիսի 16-ին անցկացված փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Իսկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Երևանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրեց միջնորդություն Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Հատկանշական է, որ քրեական գործի հարուցվելուց օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի։ «Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել բոլոր այդ իրավիճակներին, խնդիրներին, և այո, ամբողջ կառավարությունը պիտի փոխվի»,- ասել էր Ծառուկյանը:

Ծառուկյանը կալանավորվեց սեպտեմբերի 25-ին՝ մեղադրվելով 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Սակայն հոկտեմբերի 22-ին 100 միլիոն դրամ գրավի դիմաց նա ազատ արձակվեց: Ծառուկյանի կուսակիցներն ու համախոհներն այդ ընթացքում բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել նրան։

2021-ի սեպտեմբերի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ձերբակալման մասին։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով։

2018-ի շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում գրանցվեցին նաև ազդեցիկ մարդկանց մահվան դեպքեր, որոնք տարբեր քննարկումների տեղիք տվեցին։

Դրանցից ամենաաղմկահարույցը, թերևս, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահն էր։

Կուտոյանը 2011-2016 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը։ 2011-2014 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը։ 2016 թ. փետրվարի 12-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետ՝ պաշտոնավարելով մինչև 2018 թվականը։

Կուտոյանի դին հայտնաբերվեց 2020 թ. հունվարի 17-ին՝ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ինքնասպանության հասցնելու հատկանիշներով էր։ Հաշվի առնելով Կուտոյանի զբաղեցրած պաշտոնները, նրա մահը լայն արձագանք գտավ. նշվում էր, թե «նա շատ բան գիտեր» և «նրան վերացնելը» շատերին էր ձեռնտու։ Այդուհանդերձ, քաղաքական աստառ այս սպանությանը չտրվեց և այն մնաց կենցաղային հողի վրա ինքնասպանության մակարդակում։

Ավելի վաղ, 2019 թ. սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր 2003-2008 թթ. Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Տեղի ունեցածն ի սկզբանե ոստիկանության կողմից որակվեց ինքնասպանություն, բայց քննարկումները չհանդարտվեցին. Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա, ասվում էր, թե նրա վրա ճնշումներ են գործադրվում։

Շուրջ մեկ ամիս անց, 2019-ի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում մահացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը՝ Պյատիգորսկում գարեջրի մասնավոր գործարանում գազի պայթյունի հետևանքով: 1990-ականներից ոստիկանության աշխատակից Կարապետյանը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց նա պարգևատրվել էր «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով: Մարտի 1-ի քրեական գործով անցնում էր որպես վկա։

Կարապետյանի անունը կապվում էր աղմկահարույց ևս մի քանի դեպքերի հետ։ 2016-ին Ոստիկանության ՊՊԾ գունդը «Սասնա ծռերի» կողմից գրավելու օրերին Երևանում մեկնարկած հանրահավաքներից հետո Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տույժի, ապա ազատվել Երևանի ոստիկանապետի պաշտոնից։ Հիշեցնենք, որ այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների և լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ավելի վաղ, 2018-ի հուլիսի 9-ին ոստիկաններն իր բնակարանում հայտնաբերել էին «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն, հանրությանը հայտնի «Գազի Կոլյա» մականունով Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նրա ձեռքում հայտնաբերվել էր անվանական ատրճանակը։ Դեպքը կրկին որակվեց ինքնասպանությունը։ Գաբրիելյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներից էր, «Ճըվճըվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կնոջ հայրն է։ Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի անունը կապվում է 2018 թ. հունվարի 8-ի գիշերը Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետ։

2021 թվականի մայիսի 31-ին Էջմիածին քաղաքում սպանվեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը։ Մայիսի 5-ին կրկին կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը։

 

Սահմանադրական հանրաքվեներ

Թավշյա հեղափոխությունից հետո փոխված գործադիր և օրենսդիր իշխանությունները որոշեցին փոխել նաև իրավական համակարգի ղեկավարներին՝ համարելով դա հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլը։

2019 թ. մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ», ու կոչ արեց հաջորդ առավոտյան արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Փաշինյանի կոչն անարձագանք չմնաց ու հենց հաջորդ օրը քաղաքացիներն արգելափակեցին Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի շենքի մուտքերը, ինչպես նաև մի շարք այլ դատարանների մուտքեր։ Թե ինչ դրական արդյունք տվեց այս ակցիան, մեծ հաշվով հայտնի չէ, սակայն հստակ է, որ բացասական հետևանք ունեցավ Հայաստանի վարկանիշի վրա. միջազգային տարբեր կառույցներում այս քայլը քննադատության արժանացավ ու դարձավ ընդդիմության կողմից շահարկվող թեմա։

Սակայն այսքանով իրավիճակը չհանդարտվեց, օրենսդիր և գործադիր մարմիններն ամեն կերպ ջանում էին փոխել դատական համակարգը և հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։

Ազգային ժողովը 2019 թ. դեկտեմբերի 11-ին ընդունեց մի օրինագիծ, որով Սահմանադրական դատարանի դատավորների համար ներդրվեց կամավոր վաղ ժամկետում կենսաթոշակի անցնելու նոր համակարգ։ ՍԴ դատավորները երկամսյա ժամկետում հնարավորություն ունեին հրաժարական տալ ու անցնել կենսաթոշակի՝ կարգավորման շրջանակում իրենց ամբողջական աշխատավարձի չափով (շուրջ 600,000 դրամ) թոշակ ստանալով։ Սակայն այս տարբերակը ևս չաշխատեց, դատավորներից ոչ մեկը չօգտվեց ընձեռված հնարավորությունից։

Սահմանադրական դատարանի կազմը փոխելու նպատակով Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքը 2020 թ. փետրվարի 6-ին քվեարկության դրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» հանրաքվեի դնելու հարցը, որն ընդունվեց «Իմ քայլի» 88 կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ. ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը։

Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։ Հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 5-ին, սակայն այն անժամկետ հետաձգվեց COVID-19 համավարակի և երկրում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմի պատճառով։

2020 թ. հունիսի 22-ին Ազգային ժողովը սահմանադրական փոփոխությունների նախագիծ ընդունեց, ըստ որի՝ դադարեցվում էին ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք 12 և ավելի տարի այդ պաշտոնում են։ ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները սրանով դադարեցվեցին, Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից։

 

Ընտրություններ

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները տեղի ունեցան մայրաքաղաքում՝ դառնալով հեղափոխության հերթական փորձաքարը։

2018 թ. հուլիսի 9-ին հանրային ճնշման տակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, որից հետո ավագանին քաղաքապետի ոչ մի թեկնածու չընտրեց։ Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Առաքելություն» կուսակցության հետ ձևավորեց «Իմ քայլը» դաշինքը. քաղաքապետի թեկնածու առաջադրվեց դերասան ու պրոդյուսեր Հայկ Մարությանը։ Նրան ակտիվորեն աջակցեց Նիկոլ Փաշինյանը՝ ընտրություններից առաջ վերջին հանրահավաքում հայտարարելով, որ ընտրելով «Իմ քայլը» դաշինքին՝ ժողովուրդը քվեարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների օգտին։ Ընտրություններում 81% ձայն հավաքելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանը պետք է հնարավորինս շուտ ցրվի և տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մինչ այդ, 2018 թ. հոկտեմբեր 21-ին երկրի չորս խոշոր քաղաքներում՝ Արմավիրում, Վաղարշապատում, Կապանում և Հրազդանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Բացառությամբ Կապանի, քաղաքապետեր ընտրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Կապան քաղաքում կուսակցության պարտությունը Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես հեղափոխության հաղթանակ։

2018 թ. հոկտեմբերի 2-ին Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Փաշինյանի այս հայտարարությունից առաջ խորհրդարանական երեք ուժերը՝ «Հանրապետականը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը» և «Ծառուկյան դաշինքը» Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծ էին առաջարկել, որը Փաշինյանը համարեց վիճահարույց, իսկ այն պաշտպանող պատգամավորներին և քաղաքական ուժերին՝ հակահեղափոխականներ: Նույն օրը երեկոյան Փաշինյանը կրկին կոչ արեց իր համախոհներին հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց և ցույց տալ, որ «հակահեղափոխություն չի լինելու»։

Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որին առաջադրվել էր միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա չընտրվեց` ստանալով ընդամենը 1 կողմ ձայն։ Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից թեկնածու էր և նորից չընտրվեց։ Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ եթե երկու ընտրություններից հետո վարչապետ չի ընտրվում, ապա տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

2018-ի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեց 9 քաղաքական ուժ, Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, որը ստացավ ձայների ավելի քան 70%-ը և 88 մանդատ։ ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման առաջին նիստին համընթաց 2019 թ. հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանը ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ։

2020-ի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի հետևանքով որոշում կայացվեց 2021-ի հունիսի 20-ին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվեց 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։

Այս ընտրություններում ևս Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կարողացավ սահմանադրական մեծամասնություն ձևավորել։ Երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։

Թավշյա հեղափոխությունից հետո անցկացվել է ավագանու անդամի 45 (ևս 3-ը նախատեսվում է 2021-ի հոկտեմբերի 17-ին), համայնքի ղեկավարի 120 (ևս 2-ը նախատեսվում է 2021-ի հոկտեմբերի 17-ին) ընտրություն։

Ինչ վերաբերում է ՏԻՄ համամասնական ընտրություններին, ապա եղել է այդպիսի միայն մեկ ընտրություն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը։ 2021 թ. հոկտեմբերի 17-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ են նախատեսվում Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում, Դիլիջանում։

 

Կառավարության կառուցվածքային փոփոխություններ

2018 թվականի վերջին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի թիմի նախընտրական խոստումներից էր կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունն ու նախարարությունների թվի կրճատումը։ Նպատակը կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնել էր: Արդեն 2019-ի մարտին հաստատվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, նախարարությունների թիվը կրճատվեց 5-ով՝ 17-ի փոխարեն 12-ը։ Երեք փոխվարչապետից պարզեցվեց նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Այսպիսով, ստեղծվեցին հետևյալ նախարարությունները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն:

 

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովներ

Հետհեղափոխական Հայաստանի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում բացի մշտական հանձնաժողովներից, ստեղծվեց նաև 6 քննիչ հանձնաժողով։

  • 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով — ստեղծվել է 2019 թ. մայիսի 31-ին, ընդգրկվել է 10 պատգամավոր։

2021 թ. մայիսի 4-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի, այն պարունակում է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի կքննարկվի խորհրդարանի փակ նիստում։

  • 2018 թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով — ստեղծվել է 2019 թ. դեկտեմբերի 5-ին, ընդգրկվել է միայն մեկ պատգամավոր՝ ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը. հանձնաժողովն այդպես էլ չի գործել։
  • Արարատի և Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով – կրկին ստեղծվել է 2019 թ. մայիսի 31-ին, ընդգրկվել է 14 պատգամավոր։
  • Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով — ստեղծվել է 2019 թ. նոյեմբերի 19-ին, ընդգրկվել է 11 պատգամավոր։
  • Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով — ստեղծվել է 2019 թ. սեպտեմբերի 26-ին, ընդգրկվել է 10 պատգամավոր
  • Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով — ստեղծվել է 2020 թ. հուլիսի 2-ին, ընդգրկվել է 11 պատգամավոր։

2021 թ. մայիսի 18-ին հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հաղորդեց, որ թեև դեռևս փետրվարին, սահմանված ժամկետում, կազմել և կառավարություն են ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար. որևէ արձագանք չեն ստացել։ Ավելի վաղ Խաչատրյանն ասել էր, եթե մինչև նոր՝ արտահերթ ընտրությունները չհասցնեն ավարտել աշխատանքները, ապա կատարած աշխատանքը կփոխանցեն հաջորդ գումարման ԱԺ-ին։

 

Լեռնային Ղարաբաղի բանակցություններ

Վարչապետ ընտրվելու հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն այս պաշտոնում առաջին այցը կատարեց Արցախ: Մայիսի 9-ին Ստեփանակերտում տված ասուլիսում նա հայտարարեց. «Մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ ուզում ե՞նք ղարաբաղյան հակամարտությունը լուծել, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ձևաչափով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են: Հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ»:

Փաշինյանը հավելեց, որ, թեև ինքը պատրաստ է լիարժեք բանակցել Հայաստանի անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը. «Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը, ինչպես Հայաստանի անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը»:

Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի ձգտումները, սակայն, այդպես էլ անկատար մնացին։

Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորս անգամ ոչ պաշտոնական, կարճատև հանդիպումներ են ունեցել, որոնցից առաջինը 2018 թ. հունիսի 14-ին՝ Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, որտեղ նրանց ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին՝ Դուշանբեում, ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել ու, կարծես, համաձայնության էին եկել սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ, թերևս, հենց այս հանդիպման ժամանակ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության արդյունքում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում զգալիորեն նվազեցին կրակոցների և զոհերի թիվը: Ու եթե, օրինակ 2017 թ. հակառակորդի գնդակից զոհվել էր 26 հայ զինծառայող, ապա 2018-ին զոհերը 9 էին, 2019-ին՝ 4-ը, որը վերջին տասը տարիների ամենափոքր թվով մարտական կորուստն էր։

Փաշինյան-Ալիև երրորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի ունեցավ 2018 թ. դեկտեմբերի 7-ին, Սանկտ Պետերբուրգում։ Նրանք զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։

Չորրորդ ոչ պաշտոնական հանդիպումը 2019 թ. հունվարի 22-ին Դավոսում էր՝ տնտեսական համաժողովի շրջանակում։

Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ 2019 թ. մարտի 29-ին՝ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում։

Հանդիպումը նախ ընդլայնված կազմով էր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Հետո երկու երկրների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակեցին առանձնազրույցի ձևաչափով: Ապա քննարկմանը միացան համանախագահները և արտգործնախարարները։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ:

Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահներն արդյունավետ գնահատեցին բանակցությունները՝ նշելով, թե հագեցած և հետաքրքիր խոսակցություն էր, որը հնարավորություն տվեց հստակեցնել առաջնորդների դիրքորոշումը։

Հանդիպումից մեկ օր անց ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, թե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։

Փաշինյան-Ալիև «հին իրողություններով» թերևս վերջին հանդիպումը կայացավ ամիսներ անց՝ 2020 թ. հունվարի 15-ին, Մյունխենում։ Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով շուրջ 45 րոպեանոց քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, որի ժամանակ Փաշինյանը հայտարարեց․ «Շատ կոնկրետ բան, կա, որը միջազգային հանրությունը կարող է անել՝ հստակորեն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և միջազգային հանրությունը պետք է հստակ ու միանշանակ կերպով դա շեշտի»։ Ասվածին հակադարձելով՝ Ալիևը նշեց. «Միջազգային հանրությունը առաջինը պետք է բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և երկրորդը՝ լուրջ ճնշում գործադրի ագրեսորի նկատմամբ»։

Ի հեճուկս Փաշինյանի՝ հակամարտության ռազմական լուծում չունենալու մասին հայտարարություններին, Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծեց նոր պատերազմ, որը հայկական կողմերի համար ունեցավ ծանր հետևանքներ. մարդկային մի քանի հազարի հասնող կորուստներ, գերիներ, անհայտ կորածներ ու Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում։

Ու միայն 2020 թ. նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե 2018 թվականի դրությամբ «Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու»։

2020 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախում ընթացող պատերազմը Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելուց երեք ամիս անց՝ 2021 թ. հունվարի 11-ին եռյակը հանդիպեց Մոսկվայում, ու կրկին ընդունվեց համատեղ հայտարարություն։

 

Էսկալացիա սահմանի երկայնքով

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյան-Ալիև սկզբնական, ոչ ֆորմալ, կարճատև հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տևական ժամանակ գրեթե չէին լսվում արդեն սովորական դարձած կրակոցները։ 2019-ին գրանցվեց ադրբեջանական կողմի կրակոցներից առնվազն վերջին տասը տարիների ամենացածր մահացությունը (4 զոհ)։

Սակայն 2020-ի ամռանը, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի համաճարակի դեմ, հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում մարտեր էին ընթանում։ Մարտական գործողությունները սկսվեցին հուլիսի 12-ի առավոտյան, երբ, ըստ հայկական կողմի՝ ադրբեջանական հատվածից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները փորձել էին մոտենալ հայկական դիրքերին։

Մինչև հուլիսի 16-ը տևած բախումների հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 10 վիրավոր, վնասվեցին սահմանի երկայնքով գտնվող Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերը։ Անօդաչու թռչող սարքով թիրախավորել էին անգամ սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Այնուամենայնիվ, հայկական կողմը հաղորդեց, թե բախումներն ավարտվել են իր հաղթանակով։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով հետմահու պարգևատրվեցին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին զոհված 4 զինծառայողները՝ Գարուշ Վեմիրի Համբարձումյանը («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ), Սմբատ Գևորգի Գաբրիելյանը (Մարտական ծառայության մեդալ), Գրիշա Վահանի Մաթևոսյանը (Մարտական ծառայության մեդալ) և Սոս Փայլակի Էլբակյանը (Արիության մեդալ)։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով շնորհվեց գեներալ-մայորի երեք զինվորական կոչում։

Մարտերում ցուցաբերած «ռազմական կարևոր դերի համար» կապիտան Ռուբեն Սանամյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում և պարգևատրեց Հայրենիքի շքանշանով։

Հաղթանակը կարճ տևեց, քանի որ Թուրքիան չէր հանդուրժում իր դաշնակից Ադրբեջանի նվաստացումը: Էրդողանը հայտարարեց համատեղ զորավարժությունների մասին, որոնց ընթացքում ռազմական տեխնիկա փոխանցեց Ադրբեջանին, ներառյալ վերջին սերնդի մարտական անօդաչու թռչող սարքերը:  Թուրքիան նաև վարձկաններ էր հավաքագրել Սիրիայից, որոնք ուղարկել էր 2020 թվականի պլանավորված Արցախյան պատերազմին մասնակցելու: Թուրքիայի ներգրավումը վերջին մարտերում նոր զարգացում էր, որը խախտեց հավասարակշռությունը երկու կողմերի միջև:

Ու մինչ սահմանամերձ գյուղերում վերացվում էին մի քանի օր տևած ակտիվ այս մարտերի հետևանքները, իսկ երկիրն ամբողջ աշխարհի հետ պայքարում էր կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ, սեպտեմբերի 27-ին, կիրակի վաղ առավոտյան ադրբեջանական կողմն արդեն Արցախում սկսեց լայնածավալ պատերազմ՝ թիրախավորելով անգամ խոր թիկունք համարվող խոշոր քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Օրվա երկրորդ կեսին արդեն Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Պատերազմը տարբերվում էր անօդաչու թռչող սարքերի, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ կիրառմամբ, որին զուգահեռ տեղի էր ունենում նաև տեղեկատվական պատերազմ. ստեղծվել էր տեղեկատվական շտաբ, որն էլ պարբերաբար թարմացնում էր սահմանում կատարվող տեղեկությունները, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն օգտագործվում էր #հաղթելուենք հեշթեգը։ Ու եթե Ադրբեջանում հենց պատերազմի առաջին օրից արգելափակվել էին գրեթե բոլոր սոցիալական ցանցերն ու մասամբ աշխատում էր միայն Թվիթերը, ապա Հայաստանում իրավիճակն այլ էր ու տեղեկատվական այլընտրանքային հոսքերը գալիս էին հենց սոցիալական ցանցերից։

Օր օրի ավելանում էին հայկական կողմի թե մարդկային, թե տարածքային կորուստները։ Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված եղավ առժամանակ լքել բնակության վայրերը, շատերն այլևս իրենց տները վերադառնալու հնարավորություն չունեցան։ Նրանք, ովքեր հրաժարվում էին դուրս գալ Արցախից, ստիպված էին պատսպարվել ապաստարաններում։

Պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձ արվեց հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել, բայց ապարդյուն։

44 օր տևած ծանր պատերազմն ունեցավ նաև ծանր ավարտ։

Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ ամբողջ օրվա ընթացքում Շուշիի հավանական գրավման մասին հակասական տեղեկություններ էին ստացվում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց չափազանց ծանր որոշում կայացնելու մասին. Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրվել էր հրադադարի մասին եռակողմ հայտարարություն, կամ ինչպես Փաշինյանի ընդդիմադիրներն են ասում՝ կապիտուլյացիայի մասին համաձայնագիր։

Այսպիսով, Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ սահմաններից դուրս բոլոր շրջանները (Ակնա (Աղդամ), Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան), Սանասար (Կուբաթլու), Քարվաճառ (Քելբաջար)), բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահ ուժեր։

Աղդամը, Քարվաճառը ու Քաշաթաղի շրջանի մի մասը հանձնվեցին առանց կրակոցի, որոնց բնակիչներին մի քանի օր ժամանակ տրվեց տները լքելու համար։ Բնակիչներից շատերն անզորությունից այրում էին տներն ու քարավան հիշեցնող ավտոշարասյուններով հեռանում հայրենի բնակավայրերից։

Առ այսօր հայտնի չէ հայկական կողմի կորուստների հանրագումարը, մոտավոր թիվը՝ 4000 է, հարյուրից ավելի գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում։ Պատերազմի ավարտից տասը ամիս անց էլ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում դեռևս շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները։ Հարյուրավոր վիրավորներ դեռ ապաքինման փուլում են։

Չեն լուծվել սահմանագծման ու սահմանազատման խնդիրները, սահմանագծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի սադրանքները դեռ շարունակվում են։

 

Դիվանագիտություն

2019-ի սեպտեմբերին կառավարությունը որոշեց, որ Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում, Թել Ավիվում՝ մեկնաբանելով, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության բազմաթիվ ոլորտներում։ Հատկանշական է, որ թեև Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են դեռ 1992-ին, ու Հայաստանն այդ երկրում ուներ ոչ ռեզիդենտ դեսպան, բայց չուներ դեսպանություն։

Դեսպանություն բացելու որոշումը միանշանակ չընդունվեց։ Հայաստանի նախկին կառավարությունները զգայուն այս հարցում դրսևորել են առավելագույն զգուշություն և հարգանք բարեկամ Իրանի ու արաբական երկրների հանդեպ՝ հաշվի առնելով նրանց խիստ լարված հարաբերություններն Իսրայելի հետ: Բացի այդ, վերջին տարիներին Իսրայելը շուրջ 4 միլիարդ դոլարի զենք էր մատակարարել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին։

Այնուամենայնիվ, 2020 թվականի օգոստոսի վերջին դեսպանատունը սկսեց գործել։ Ընդամենը մեկ ամիս անց սկսված պատերազմի ընթացքում Իսրայելը շարունակում էր զենք մատակարարել Ադրբեջանին, որի պատճառով Հայաստանը որոշեց խորհրդակցությունների նպատակով հետ կանչել դեսպանին։

 

Տնտեսական աճ/անկում

2018 թվականին 5,2 տոկոս տնտեսական աճ գրանցելուց հետո 2019 թ. փետրվարի 8-ին՝ կառավարության հնգամյա ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե նոր ծրագրով կառավարությունն ազդարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկը։

70 էջից բաղկացած ծրագրի 8 առանձին գլուխներից մեկը մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսության մասին էր, որում կարևորվում էր «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորությունների ձևավորումը: Նախատեսվում էր, որ տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով՝ ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5%։ Մինչև 2023 թվականը կառավարությունը հանձնառություն էր ստանձնում վերացնել ծայրահեղ աղքատությունը, շարունակաբար բարձրացնել նվազագույն աշխատավարձը:

2019 թվականը Հայաստանը փակեց 7,6% տնտեսական աճով՝ գրանցելով ամենաբարձր աճը նախորդ տասներկու տարիների ընթացքում։ «Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020-ին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Սակայն 2020 ծանր մարտահրավերների տարի էր լինելու։

Աշխարհը համակած կորոնավիրուսի համավարակի հետևանքով արդեն հունիսին Համաշխարհային ֆինանսական շուկաներն արձանագրեցին տնտեսության կտրուկ անկում. ըստ Համաշխարհային բանկի՝ COVID-19-ով պայմանավորված տնտեսական անկումը 1990 թվականից ի վեր բոլոր գլոբալ անկումների շարքում ամենաարագն ու կտրուկն էր։

Հայաստանի տնտեսության համար սա միակ մարտահրավերը չէր. աշնանը ծավալված լայնամասշտաբ պատերազմը նույնպես մեծ հարված էր տնտեսությանը։ Այսպիսով, ծրագրված առնվազն 5 տոկոսանոց տնտեսական աճի փոխարեն գրանցվեց 7,6% անկում (համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում գրանցվել է 6,2% անկում, Ադրբեջանում՝ 4,3%):

Համաշխարհային բանկի մասնագետները կանխատեսում են, որ 2021-ին Հայաստանի տնտեսությունը կունենա 3,4% աճ, երկրի վարչապետը հուլիսի 1-ին հայտարարեց, թե տնտեսությունը տարին կփակի 6% տնտեսական աճով՝ գրեթե երկու անգամ ավելի, քան կառավարությունը սպասում էր անցած տարվա վերջին՝ 3,2%։

 

Կոռուպցիա և մենաշնորհներ

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իր ղեկավարած կառավարությունը լինելու է հետևողական, և որ այն պետք է արմատախիլ արվի:

Թեև ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը Հայաստանում ընդունվել էր 2016-ին և ուժի մեջ մտել 2017 թ. հուլիսի 1-ին, նախորդ իշխանությունների օրոք այդ օրենքի հիման վրա ոչ մեկը չէր ձերբակալվել կամ չէր դատապարտվել:

Հեղափոխությունից հետո այս օրենքի կիրառման ամենաաղմկահարույց դեպքը, թերևս, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի՝ Վաչագան Ղազարյանի ձերբակալումն ու նրան մեղադրանքի առաջադրումն էր: Թեև Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունել, սակայն դեռևս 2020 թ. սեպտեմբերին վերականգնել էր ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը։ 2021-ի մարտին նրա նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվեց։

2019 թ. հունիսի 24-ի որոշմամբ ստեղծվեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որը նախագահում է վարչապետը։

2019 թ. հոկտեմբերի 3-ին կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը, որը, սակայն արժանացավ իրավապաշտպանների ու հասարակական կազմակերպությունների քննադատությանը: Ծրագիրը ներկայացնելիս այն ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անունով։

6 տարի գործող Էթիկայի հանձնաժողովին՝ ավելի լայն լիազորություններով 2019-ի նոյեմբերին փոխարինելու եկավ նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը:

Այնուամենայնիվ, Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման ամենամյա ինդեքսում 2018-ին Հայաստանը 180 երկրների շարքում 105-րդն էր՝ 35 միավորով (2017 թ․ Հայաստանը 35 միավորով 107-րդ հորիզոնականում էր, իսկ 2016 թ․՝ 33 միավորով 113-րդ հորիզոնականում):

Սակայն հաջորդ տարիների ցուցանիշի կտրուկ փոփոխությունը թույլ է տալիս ենթադրել, որ այնուամենայնիվ որոշակի տեղաշարժ այս հարցում իշխանությունները գրանցել են։ 2019-ին Հայաստանը 42 միավորով զբաղեցրել է 77 տեղը, 2020-ին՝ 60-րդ տեղը։

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա գաղտնիք չէ, որ Հայաստանում տարիներ շարունակ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մենաշնորհը պատկանում էր իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներին: Վարչապետ դառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չեն լինելու, և յուրաքանչյուր ոք կկարողանա ներմուծել այն ամենը, ինչ ցանկանա: Պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքում նա հայտարարեց, որ շաքարավազի և բանանի մենաշնորհները վերացնելու համար իրեն անհրաժեշտ է եղել ընդամենը 40 րոպե:

Այդուհանդերձ, մամուլում պարբերաբար հայտնվում են մենաշնորհների վերականգնման ու կոռուպցիոն տարբեր մեխանիզմների մասին հրապարակումներ։

 

Բնապահպանություն

2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 11 քաղաքական ուժերի մեծ մասն իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել էր բնապահպանությանը, հանքարդյունաբերությանը, էներգետիկ զարգացմանը և ջրային ռեսուրսների պահպանությանը վերաբերող դրույթներ: Բնապահպանությունն ամենածավալունը ներկայացված էր 4-րդ համարի ներքո հանդես եկող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։

Չնայած կառավարության ծրագրում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովման մասին ձևակերպումների՝ նախորդ իշխանությունների օրոք ծագած հանքարդյունաբերական ամենամեծ խնդիրը՝ Ամուլսարի շահագործումը, Փաշինյանի կառավարության փորձաքարը դարձավ։

Զբոսաշրջային կարևոր կենտրոն համարվող Վայոց ձորի Ջերմուկ քաղաքից շուրջ 15 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի հանքավայրը շահագործելու թույլտվություն ունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներ, 26.09.2012-01.01.2034 թթ.)։ Հանքավայրի շահագործմանը դեմ են տեղի բնակիչները և բնապահպանները՝ նշելով, որ այն մեծ ռիսկեր է պարունակում։ 2018 թ. հունիսի 22-ից նրանք պահակակետեր էին տեղադրել դեպի սարը տանող ճանապարհների վրա և թույլ չէին տալիս հանքի հետագա շահագործումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ կողմ է հանքի բացմանը և կոչ է արել բացել հանք տանող ճանապարհները՝ թույլ տալով սկսել շահագործման աշխատանքները։ Հարցազրույցներից մեկում խոսելով հանքավայրի բացման կարևորության մասին՝ Փաշինյանը նշել էր․ «Եթե պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվի մեր երկիր, և այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել, մինչդեռ հանքարդյունաբերությունը երաշխավորում է երկրի համար վալյուտային հոսքեր»։

Փաշինյանը, որը որպես ընդդիմադիր պատգամավոր մշտապես բարձրաձայնել է Սևանից ջրառի խնդրի մասին, կառավարման առաջին շրջանում «հանգիստ էր թողել» Սևանը։ Սակայն 2021 թ. օգոստոսի 29-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնել: Սա նույնպես բողոքի ակցիաների տեղիք տվեց։

 

Անդամակցություն միջազգային կազմակերպություններին

Փաշինյանի կառավարության դեմ թերևս առաջին մեծ ընդվզումներն սկսվեցին, երբ մամուլում սկսվեց շրջանառվել, թե մինչև տարեվերջ վավերացվելու է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», ավելի հայտնի Ստամբուլյան կոնվենցիա անվամբ: Կոնվենցիայի ստորագրումը ՀՀ կառավարության հավանությանն էր արժանացել 2017 թ. դեկտեմբերի 28-ի նիստում։ Սակայն երբ 2019-ին ծավալվեցին հանրային քննարկումներ, Փաշինյանի կառավարությանը դեմ հանդես եկող, ինչպես նաև նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ ակտիվորեն օգտագործեցին առիթը՝ վստահեցնելով, թե կոնվենցիան հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ներդնում է «երրորդ սեռ» ունենալու գաղափարը, և բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ կազմակերպեցին։

Կոնվենցիան առ այսօր շարունակում է մնալ չվավերացված։

Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:

Անկախություն | N11

Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականի սեպտեմբերի 21-ին տոնում է անկախության 30-ամյակը:

ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, անցկացվեց անկախության համազգային հանրաքվեն: Անկախությունը պաշտոնապես հռչակվեց երկու օր անց:

Անկախության 30-ամյա այս շրջափուլը, անշուշտ, հանդիսավոր տոնակատարություններ էր ենթադրելու, եթե միայն 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այն չստվերվեր խառը զգացումներով ու ապագայի նկատմամբ անորոշությամբ:

«Անկախություն» խորագրով EVN Report-ի ամսագրի 11-րդ թողարկումն իրականում հայացք է անկախ Հայաստանի չորս վարչակազմերին՝ բացահայտելու անցած այս տարիների մարտահրավերներն ու խոչընդոտները, գրանցված հաջողություններն ու անհաջողությունները: Առաջիկա չորս օրերին մենք լուսաբանելու ենք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998), երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) և Սերժ Սարգսյանի (2008-2018), ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանի (2018-2021) պաշտոնավարման տարիները:

Եվ որքան էլ մռայլ թվա ապագան այսօր, անցյալի իմաստավորումն առաջին քայլն է առաջիկա տասնամյակի համար ավելի լուսավոր ճանապարհ կերտելու համար: