Միջերկրականի մարգարիտը․ Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք առևտրային խաչմերուկում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:

Ինչպես սկսվեց կամ լեռներից դեպի ծով

1045 թվականին Բագրատունյաց հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալ։ Աշխարհիկ իշխանությունը ծանրության այն կենտրոնն էր, որն իր շուրջն էր խմբում հայ ժողովրդին՝ ձևավորելով կենտրոնաձիգ պետականամետ շարժում։ Պետական համակարգի փլուզումը հանգեցրեց ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու մշակութային խորքային ճգնաժամերի, որոնք այդ շարժումը վերածեցին կենտրոնախույսի։ Հայկական լեռնաշխարհից սկսվեց զանգվածային արտագաղթի ալիք, հիմնականում երկու ուղղությամբ՝ դեպի Կիլիկիա և դեպի Ղրիմ։

Շնորհիվ Անիի և հայկական այլ քաղաքների, որոնք Բագրատունյաց շրջանում դարձել էին միջազգային առևտրի խոշոր կենտրոններ, Հայաստանում ձևավորվել էր վաճառականների, արհեստավորների մեծաքանակ մի խավ, որը թագավորության անկման հետևանքով կանգնել էր ճգնաժամը հաղթահարելու մարտահրավերի առջև։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ մեծ թափ ստացող արտագաղթի հիմնական տարրը, բացի իշխանական, ազնվատոհմիկ դասից՝ առաջին հերթին վաճառականներն ու արհեստավորները դարձան, որոնք նոր երկրներ կամ նոր շուկաներ էին փնտրում իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու և զարգացնելու համար։ Կիլիկիան այս առումով բացառիկ պայմաններ ուներ: Հայերն այստեղ թափանցել էին դեռևս Տիգրան II Մեծի (Ք․ ա․ 95-55) ժամանակներից։ Կիլիկիայի տարածքը մինչև հիմա էլ համարվում է երկրագնդի ամենաբերրի վայրերից մեկը, որի դաշտային հատվածում տարեկան երկու բերք են հավաքում, իսկ լեռնային Կիլիկիայում հիանալի պայմաններ են անասնապահությունը զարգացնելու համար։ Միջերկրականի ձգվող ափը Կիլիկիան բազմապատիկ հրապուրիչ է դարձնում։

Ավելին, մինչև 11-րդ դարը արաբա-բյուզանդական պատերազմները գրեթե ամայացրել էին Կիլիկիայի շատ շրջաններ, լքվել էին բնակավայրերը, բերդերը, հետևաբար այստեղ հայտնվող հայերը արագորեն զբաղեցնում էին այդ տարածքները։

Արդեն 1070-ականներին Կիլիկիայում ձևավորվում են առաջին հայկական իշխանական պետական կազմավորումները, որոնցից ամենակենսունակը 1080-ին Ռուբեն (1080-1095) իշխանի հիմնադրած և նրա անունով էլ անվանված Ռուբինյան իշխանական տունը եղավ. հենց այն դարձավ Կիլիկիայի հայկական պետության հիմքը։

«Աննալների» ֆրանսիական պատմագիտական դպրոցի ներկայացուցիչ Ժակ լը Գոֆֆը հմտորեն սինթեզում է միջնադարյան կյանքի հոգևոր ու նյութական իրականությունները: Նա ոչ միայն պատկերավոր ներկայացնում է դրանց տարածական ու ժամանակային ներքին կառուցվածքները, այլև ուրվագծում է, թե ինչպես են տարբեր լանդշաֆտներ քաղաքակրթական սահմաններ գծում։ Օրինակ, եթե Անգլիայում այդ սահմանը անտառն էր, որն ընկալվում էր որպես օրենքից դուրս մարդկանց տարածություն, ապա արաբական անապատներում հակառակը, անտառը՝ փոքրիկ այդ օազիսն է դառնում քաղաքակրթական «կայանատեղի» [1]։

Ինչպիսի՞ զգացողություններ էր ունենալու Հայկական լեռնաշխարհից, ընդհուպ Արցախից դաշտային Կիլիկիա հասած հայը, որը լեռներով ու լեռնահովիտներով կտրտված լանդշաֆտից հետո առաջին անգամ հայտնվում էր 400 մետր բացարձակ բարձրության վրա գտնվող դաշտավայրում, որից այն կողմ արդեն անծայրածիր ծովն էր։ Բնական նոր միջավայրն աստիճանաբար փոխելու էր համակեցության թե՛ տարածական, և թե՛ ժամանակային նրա ընկալումները։ Ծովը բերում էր հաղորդակցական նոր միջավայր, տեղեկույթի փոխանցման նոր արագություն և կապ Միջերկրական ու Սև ծովերի հարյուրավոր քաղաքների հետ։ Ցանկացած գործընթաց, փոփոխություն անխուսափելիորեն ավելի արագ էր դառնում, ինչը, բնականաբար, ազդում էր նրա մտածողության ու գործունեության վրա։

Քաղաքական առումով Կիլիկիայի հայկական պետության պատմությունը բաժանվում է երկու մասի՝ իշխանական (1080-1198)՝ պայքարի ու կայացման ընթացք, և թագավորական (1198-1378)՝ պետության հզորացման, մեծ վերելքների ու դրամատիկ անկումների ժամանակաշրջան։

Առհասարակ այս պետությունը, հատկապես հայ գիտական ավանդույթում, Կիլիկյան Հայաստան սկսել են անվանել բավական ուշ, տարբերելու համար բուն Հայաստանից։ Այնինչ եվրոպական, արաբական և այլ աղբյուրներում այն գրեթե բացառապես անվանվում է Armenia, Ermenie, Ermenia, Hermenie, այսինքն Հայաստան։

 

Գլոբալ նախագծի մեկնարկը

13-րդ դարի անմիջապես սկզբից Լևոն I (II) Մեծագործը (1187-1198՝ որպես իշխան, 1198-1219՝ որպես թագավոր) առևտրային պայմանագրեր կնքեց միջերկրածովյան և սևծովյան ավազանների տնտեսական գլխավոր դերակատարների՝ Վենետիկի ու Ջենովայի հանրապետությունների հետ [2]։

1258 թ․ մոնղոլական զորքերը նվաճում են Բաղդադը և կործանում Աբբասյան խալիֆայությունը։ Մոնղոլները հիմնում են Իլխանությունը, որը ձևականորեն մտնում էր Մոնղոլական կայսրության կազմի մեջ, սակայն իրականում առաջնորդվում էր խաղի իր կանոններով։ Այս պետության հիմքը դառնում է Իրանը, մայրաքաղաքը՝ Թավրիզը։ Մինչ այդ Բաղդադից առևտրային ճանապարհները ճառագայթաձև ձգվում էին դեպի Միջերկրականի ասորապաղեստինյան ափի խաչակրաց նավահանգիստները, որոնք դեռ Խաչակրաց առաջին արշավանքների ժամանակներից կատարում էին Արևելք-Արևմուտք առևտրային փոխադարձ հոսքերի առանցքի դերը։ Նվաճելով Բաղդադը և մայրաքաղաք դարձնելով ավելի հյուսիսում գտնվող Թավրիզը՝ մոնղոլները փաստորեն շեղում էին առևտրային այդ առանցքը դեպի հյուսիս։ Աշխարհաքաղաքական այս փոփոխությունների պայմաններում աննախադեպ դերակատարում էր ստանում Կիլիկիայի հայկական պետությունը, որը դառնալու էր Թավրիզից դեպի Միջերկրական ծով դուրս եկող առևտրային ուղիների գլխավոր դարպասը։

Համաշխարհային նշանակության այս մեծ նախագծին հայկական կողմը նախապատրաստվել էր դեռ 1254-ին, երբ Հեթում I թագավորը (1226-1269) ճամփորդում էր Մոնղոլական կայսրության մայրաքաղաք՝ Կարակորում ու հանդիպում մեծ խան Մանգուին (1251-1259)՝ ձեռք բերելով բազմաշերտ պայմանավորվածություններ [3]։ Հաշվի առնելով այն, որ մոնղոլների գերնպատակը նյութական մեծ հարստություն կուտակելն էր, Հեթումի և Մանգուի պայմանավորվածություններում առանցքային տեղ էին զբաղեցնելու Արևելք-Արևմուտք առևտրային հարաբերություններում Կիլիկիայի դերակատարության կարևորումը։

Կիլիկյան Հայաստանը ներգրավվեց ժամանակի ամենից հավակնոտ աշխարհաքաղաքական և տնտեսական նախագծում, որով Մետաքսի մեծ ճանապարհը, դուրս գալով Միջերկրական ծով, կապվում էր եվրոպական պետություններին ու քաղաքներին։ Հայտնի միջնադարագետ Է. Աշթորը նկատում է, որ Կիլիկյան Հայաստանի դերը Հարավային Եվրոպայի ու Լևանտի միջև առևտրային կապերում ավելի մեծ է եղել, քան Կիպրոսինն ու Կրետեինը [4]:

 

Ապրանքաշրջանառությունը

Արդեն 13-րդ դ. կեսերին Կիլիկյան Հայաստանը միջազգային առևտրային ապրանքաշրջանառության խոշորագույն կենտրոններից էր։ Դրանում կարևոր դեր ունեին ոչ միայն ներմուծվող, այլև տեղական արտադրության գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքները։ Օտարալեզու սկզբնաղբյուրներում բազմաթիվ վկայություններ են պահպանվել հայկական ապրանքների մասին, որոնք մեծ համբավ ունեին միջազգային շուկայում և թափանցել էին մինչև Եվրոպայի հեռավոր անկյուններ։ Հայկական բամբակը, օրինակ, համարվում էր Մերձավոր Արևելքում մշակվող բամբակի ամենաորակյալ տեսակներից [5]։ Հայկական բամբակի մասին հիշատակվում է Բրյուգե քաղաքի արխիվում պահվող մի աղբյուրում [6]։ Տարածված էր այծի նուրբ բրդից պատրաստված գործվածքը, որը հայերն անվանվում էին «ցփսի», իսկ Եվրոպայում այն հայտնի էր «կամելոտ՝ Zambellotto կամ Ciambellotto» [7] անվամբ։ Եվրոպական ազնվականության շրջանում մեծ ճանաչում ուներ հայ արհեստավորների՝ ոսկե թելերով ասեղնագործված մետաքսե կտորն ու դրանից կարված հագուստը [8]։ Կիլիկյան գորգերը լայն տարածում ունեին եվրոպական երկրներում, և վկայություններ կան, որ «կարպետ» բառը Եվրոպայում տարածվել է հենց հայկական գորգերն ի սկզբանե այդպես անվանելով [9]։ Եվրոպայում խոշորագույն՝ 14-րդ դարի ֆլորենտական «Բարդի» բանկային տան գործակալ Ֆրանչեսկո Բալդուչի Պեգոլոտտին իր գրքում հիշատակում է չամիչի մի տեսակ, որն ուղղակիորեն անվանում է «հայկական» (Uve passe d’Erminia) [10]։

Միջազգային առևտուրը տեղական գյուղատնտեսական ու արհեստագործական արտադրանքի թե՛ քանակական, թե՛ որակական աճի պահանջ էր դնում, որը հզոր խթան էր Կիլիկյան Հայաստանի տնտեսության զարգացման համար և ստիպում էր արդյունավետ դարձնել պետական կառավարումը՝ իրավական դաշտը, հարկահանությունը։ Կիլիկյան Հայաստանում հատվում էին ոսկյա, արծաթյա ու պղնձե հայկական դրամներ, որոնք շրջանառվում էին Կիլիկիայից հազարավոր մղոններ հեռու գտնվող երկրներում [11]։

13-14-րդ դդ. Կիլիկյան Հայաստանը նաև թանկարժեք մետաղների շրջանառության միջազգային կարևոր կենտրոններից էր: Միջնադարյան առևտրի պատմության մի շարք ուսումնասիրողներ ուրվագծել են 13-14-րդ դդ. Եվրոպայից Արևելք թանկարժեք մետաղների հոսքի հիմնական ուղիները: Ոսկին և արծաթը Կենտրոնական Եվրոպայի երկրներից հոսում էր Իտալիա, որտեղից էլ Արևելքի բոլոր այն երկրներ, որոնք առևտրական սերտ շփումների մեջ էին եվրոպական ծովային պետությունների, այդ թվում՝ Կիլիկյան Հայաստանի հետ [12]:

Կիլիկյան Հայաստանի նավահանգիստներ առևտրային նավեր էին մտնում Վենետիկից, Ջենովայից, Պիզայից, Կատալոնիայից, Մարսելից։ Կանոնավոր էին Վենետիկից ու Ջենովայից ծովային փոխադրումները։ Ըստ Վենետիկյան արխիվների՝ միայն 1301 թ. ընթացքում վենետիկյան գալերներով (միջնադարյան նավի ամենատարածված տեսակներից) Այաս ներկրված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 90.000 դուկատ [13]։ Ընդ որում, խոսքը միայն այն կանոնավոր փոխադրումների մասին է, որոնք գրանցվել են Վենետիկի հանրապետության պետական ռեգիստրներում։

Ամեն տարի Կիլիկյան Հայաստան էին նավարկում բազմաթիվ գալերներ և, հատկապես, կոկկեր (ավելի տարողունակ՝ հիմնականում հացահատիկի, բամբակի տեղափոխման համար նախատեսված նավի տեսակ): Եթե հաշվի առնենք եվրոպական պետություններից ու քաղաքներից, մուսուլման, ինչպես նաև տեղացի վաճառականների կողմից ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ապա կարելի է պատկերացում կազմել, թե ինչ ծավալներ է ունեցել Կիլիկյան Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը:

Միջնադարում միջազգային առևտուրը բնութագրող հիմնական ապրանքատեսակը համեմունքներն էին, որոնք բերվում էին Հնդկաստանից ու Չինաստանից։ Ճանապարհները, հաղորդակցության համեմատաբար դանդաղությունն ու ռիսկայնությունը դրանք դարձնում էին չափազանց թանկարժեք՝ հատկապես եվրոպական շուկաներում։ Մի քանի պարկ զաֆրանի կամ նույնիսկ կոճապղպեղի դիմաց Եվրոպայում կարելի էր մի մեծ տուն գնել։ 14-րդ դարի ֆլորենտացի Ֆրանչեսկո Պեգոլոտտիի ու վենետիկցի Զիբալդոնե դա Կանալի վաճառականական ձեռնարկներում հիշատակվում է Այասում վաճառվող համեմունքների, դեղանյութերի, խեժերի բացառիկ հարուստ մի տեսականի՝ մեխակ (garofano), կուբեբա պղպեղ (cubeba), մշկընկույզ (nocemoscada), երկար պղպեղ, սև պղպեղ, կոճապղպեղ (zenzero, զնջըպիլ), դարչին (cannella), չաման (cuminum), խավարծիլ (rheum, ռևանդենի), լայնատերև նարդոս (lavandula latifolia), հիլ (cardamomo), ալոեի փայտ (lignum aloes), զեդոարիա (zedoaria, արևադարձային բույսի կոճղարմատ), պատատուկ (scamonea), ֆոլիո (follio, հնդկական դեղանյութ), խունկ (ladanum), պաղլեղ (alum, շիբ), քաֆուրի յուղ (canfora), կնքախեժ (lacca), վիշապածառի կարմիր խեժ (daemonorops), մաստիկենու խեժ (mastice), տրագականդ կոչվող ծառի բուսախեժ (tragacantha), մեղրամոմ և այլն [14]:

Այս և բազմաթիվ այլ ապրանքների շրջանառությունը 13-14-րդ դարերում Կիլիկիայի հայկական պետությունը դարձնում էր Արևելք-Արևմուտք առևտրային ուղիների հատման կարևոր կենտրոն, որը աշխարհի տարբեր կողմերից դեպի իրեն էր ձգում առևտրականների ու այլ մասնագիտությունների տեր հազարավոր մարդկանց։

 

Մեծ սինթեզը կամ համադրման Կիլիկիո տարբերակը

Կիլիկիայի հայկական պետությունը շուրջ 300 տարի մի հարթակ էր, որտեղ հայ ժողովուրդը հնարավորություն ուներ նոր միջավայրում դրսևորելու իր ողջ ներուժը՝ արձանագրելով քաղաքակրթական նվաճումներ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն։ Նման նվաճումների գլխավոր նախապայմանը համապատասխան մտածողությունն էր։ Անզեն աչքով էլ պարզ է, որ պետության կառավարման հայեցակարգի հիմքում ազգայինի ու արտաքինի, ավանդականի ու նորի սինթեզի գաղափարն էր։ Այն արտահայտված էր նույնիսկ պետության գործակալությունների (նախարարությունների) անվանումներում, որոնցում կային ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական ու արևելյան ծագման անվանումներ։ Այս տեսանկյունից հատկապես խորհրդանշական է Կիլիկյան Հայաստանի գլխավոր օրենսգրքի՝ Հեթում I թագավորի եղբայր, պետության ռազմական նախարար (սպարապետը կամ ռազմական նախարարը Կիլիկյան Հայաստանում կոչվում էր ֆրանսիական ծագման «connétable» ձևով, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես «գունդստաբլ») Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը», որը ևս ստեղծվել է սինթեզի հայեցակարգով, և որում ներառված են ժամանակի իրավական գլխավոր ձեռքբերումները՝ բյուզանդական, եվրոպական ու արևելյան ավանդույթից։

Սինթեզի հայեցակարգը պատահականություն չէր, այն սերում էր Հայաստանից և հայ իրականության մեջ հասունացել էր հազարամյակներ շարունակ։ Բավական է հիշել միայն հելլենիզմը, երբ հունականը Հայկական լեռնաշխարհում ոչ թե պարզապես կրկնօրինակվում էր, այլ սինթեզվում մշակութային արդեն իսկ ձևավորված ավանդույթին։

Կիլիկիայում ազգայինի ու կոսմոպոլիտի համակեցության կենտրոնները քաղաքներն էին՝ Սիսը, Այասը, Մամեստիան, Կոռիկոսը։ Արևմտահռոմեական կայսրության անկումից հետո Ապենինյան թերակղզում առաջացել էին մեծ ու փոքր բազմաթիվ քաղաք-պետություններ, որոնցից Վենետիկի ու Ջենովայի հանրապետությունները, հատկապես Խաչակրաց արշավանքներից սկսած, դարձել էին Միջերկրական և Սև ծովերով կատարվող առևտրի գլխավոր դերակատարները։ Նրանք ֆինանսավորում էին Խաչակրաց արշավանքները և նավեր տրամադրում, որի դիմաց մեծ արտոնություններ էին ստանում Սուրբ Երկրում, Արևելքի նվաճված պետություններում ու քաղաքներում հաստատվելու և առևտուր անելու համար։

Թեև Վենետիկի, Ջենովայի ու Պիզայի վաճառականները Կիլիկիայում ակտիվ առևտուր էին անում 13-րդ դարի սկզբից, երբ Լևոն I Մեծագործ թագավորը 1201 թվականին առաջին արտոնագրերը շնորհեց նրանց, վաճառականության մեծ հոսք Կիլիկյան Հայաստան սկսվեց 13-րդ դարի կեսերից միայն։

1270-ականներին դեպի Մոնղոլական կայսրության մայրաքաղաք իր ճանապարհորդության ընթացքում Կիլիկյան Հայաստան է այցելում հռչակավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն, որը նկարագրում է Այաս քաղաքը և նշում, որ Կիլիկիայի թագավոր Լևոն II-ը (III) (1269-1289) իրենց պատվով է դիմավորում, ապա տրամադրում զինված մի նավ, որպեսզի Կիլիկիայից հասնեն խաչակիրների Աքրա քաղաքը [15]։

Կիլիկյան քաղաքներում վենետիկցիներն ու ջենովացիները իրենց առանձին թաղամասերը ունեին՝ հյուպատոսարաններ, եկեղեցիներ, դատարաններ, բաղնիքներ, ապրանքային պահեստներ և այլն [16]։ Կիլիկիայում օգտագործվում էին առևտրի կազմակերպման ժամանակի ամենից առաջադեմ տեխնոլոգիաները, թղթի լայն տարածումը Միջերկրականում փոխել էր առևտրի տեխնիկան և բնույթը։ Այասից ցանկացած վաճառական կարող էր ընդամենը մեկ մուրհակով կամ ստացականով, առանց կանխիկ գումարի, նավարկել Միջերկրականի մեկ այլ քաղաք, օրինակ Բարսելոնա, ներկայացնել ստացականը, ստանալ ապրանքը և նավով տեղափոխել Այաս՝ վաճառելու։ Սա վաճառականներին ապահովագրում էր թալանից և ծովահեններից։ Բոլոր գործարքները կատարվում էին նոտարական գործակալների միջոցով։ Ջենովացի ու վենետիկցի նոտարական բազմաթիվ գործակալներ էին հաստատվել Կիլիկյան Հայաստանում, որոնց կազմած փաստաթղթերի երբեմն մի քանի կիլոգրամ կշռող կապոցները, միջնադարյան նավերի սահմանափակ տարողունակության պայմաններում, հասնում էին իտալական քաղաքներ ու մինչև այժմ պահվում են դրանց արխիվներում [17]։ Նոտարական այդ գործերում հաշվվում են հարյուրավոր ջենովացիներ, վենետիկցիներ, իտալական, հարավ-ֆրանսիական, կատալոնական տասնյակ քաղաքներից ժամանած վաճառականներ և այլ մասնագիտությունների տեր անձինք, որոնցից շատերը նույնիսկ մշտական բնակություն էին հաստատում Կիլիկյան Հայաստանում, ամուսնանում հայերի հետ [18]։

Նման բազմազգ իրականության պայմաններում, երբ հայի մի հարևանը Արևմտյան Եվրոպայից էր, իսկ մյուսը հրեա, հույն կամ մուսուլման, Կիլիկիան վերածվել էր քաղաքակրթական մի միջավայրի, որին անհրաժեշտ էին համակեցության շատ ավելի նորարարական կանոններ։ Ուստի պատահական չէր, որ 1260-ականներին Սմբատ Սպարապետը նոր «Դատաստանագիրք» է կազմում։ Միջնադարյան իրականության համար բացառիկ էին «Դատաստանագրքում» տեղ գտած՝ կնոջ իրավական կարգավիճակի, հասարակական դիրքի մասին կետերը։ Համեմատելով նույն ժամանակաշրջանի եվրոպական իրավունքի հետ, այդ կետերը, առնվազն պետության հիմնական օրենսգրքի մակարդակում, ունեցվածքի բաժանման, ամուսնական իրավունքի և այլ պարագաներում հավասար էին տղամարդու իրավունքներին [19]։

Պետության այս նախաձեռնությունները բնականաբար միտված էին երկրում համերաշխ ու համակեցության մթնոլորտ ձևավորելուն, ինչն արտաքին վտանգներից պաշտպանվելու գլխավոր նախապայմանն էր։

 

Կիլիկիայի դասերը

Կիլիկիո իրականությունն ավելի շատ կառուցվում էր արտաքին աշխարհի հետ բացության, մշակույթների համադրման ու սինթեզի, քան հակադրման ճանապարհով, ինչը նոր շունչ էր հաղորդում ավանդականին՝ ստեղծելով նոր, ավելի կատարյալ հայկականը։ Այս նուրբ համադրությունը տիրապետող էր ոչ միայն Կիլիկիայի հայկական արվեստում, այլև դիվանագիտության, ռազմարվեստի, իրավակարգավորումների, տնտեսության և այլ բնագավառներում։ Կիլիկիայի գյուղատնտեսական ու արհեստագործական արտադրանքը մեծ համբավ էր վայելում եվրոպական ազնվականության շրջանում, ինչը մեծապես պակասում է այսօրվա մեր իրականությանը. աշխարհը վաղուց կարելի է նվաճել ոչ թե զենքով, այլ որակյալ արտադրանքով, և Կիլիկիան այս առումով պատմական հաջողված օրինակ է։

Այսօր, ընդամենը 30-ամյա անկախ պետականության պայմաններում, ժամանակի հեռավորությունից երբեմն անփութորեն ասվում է, թե Կիլիկյան Հայաստանը ունեցավ միայն 300 տարվա պատմություն՝ կարճատև պատմություն։ 21-րդ դարի մեր օրերից տեղափոխվելով անցյալի այդ ժամանակներ, մենք կհայտնվենք մի աշխարհում, որտեղ գոյություն չունեն Միացյալ Նահանգներ, երբ ողջ աշխարհամասեր անգամ հայտնաբերված չեն։ 300 տարի շարունակ ապրել, կայանալ ու հզորանալ մի տարածաշրջանում, որում մինչ այդ ազգային պետություն չի եղել, և որը մշտապես գտնվել է տարբեր կայսրությունների կազմում կամ դարձել դրանց հակամարտության առարկա, հայ ժողովրդից պահանջում էր քաղաքակրթական հզոր ներուժ, որը դրսևորվեց պետականության կայացման բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն։

Իհարկե, ինչպես յուրաքանչյուր համակարգ, այնպես էլ Կիլիկիայի հայկական պետությունը իր գոյության ժամանակն ուներ, հատկապես մի տարածաշրջանում, որի համար հսկայական կայսրություններ էին մրցակցում։ Ամեն դեպքում, Կիլիկիայի օրինակը վկայում է, որ պետության գոյության ու զարգացման նախապայմաններից գլխավորը պետական համակարգի ու հասարակության նորարարացումն է։

 

—————————————————

[1] Ле Гофф Ж., Цивилизация средневекового Запада, Екатеринбург, 2005, с. 159.
[2] Langlois V., Le Trésor des chartes d’Arménie ou Cartulaire de la chancellerie royale des Roupéniens, Venise, 1863, p. 105-109, 126-128.
[3] Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, Երևան, 1961, էջ 367: Richard J., La Papauté et les missions d’Orient au moyen âge (XIIIe-XVe siècles) // Ecole Française de Rome, Paris, Rome, 1998, p. 70-81.
[4] Ashtor E., Levant Trade in the Later Middle Ages, Princeton, 1983, p. 43-44, 104.
[5] Mazzaoui M., The Italian Cotton Industry in the Later Middle Ages, 1100-1600, Cambridge, 1981, p. 42.
[6] (Dou royaume de Hermenie vient coutons et toute autre épicerie dessus dite (Poivre, Bresis, etc.) De Mas Latrie L., Traités de paix et de commerce et documents divers concernant les relations des Chrétiens avec les Arabes de l’Afrique septentrionale au moyen âge, Paris, 1866, p. 98-99).
[7] Heyd W., Histoire du commerce du Levant au moyen âge, t. II, Amsterdam, 1967, p. 704-705: Rey E., Les colonies Franques de Syrie, p. 219. Canale M. G., Nuova istoria della Repubblica di Genova, del suo commercio e della sua letteratura, dalle origini all’anno 1797, V. 3, Firenze, 1860, p. 246.
[8] Bondi Sebellico A., Felice de Merlis, prete e notaio in Venezia ed Ayas, 1315-1348, V. 1, Venezia, 1973, N 83: Jacoby D., Silk Economics and Cross-Cultural Artistic Interaction // Byzantium, the Muslim World, and the Christian West, Dumbarton Oaks Papers, 58, 2004, p.233-234.
[9] Միքայելյան Գ․, Կիլիկիայի Հայկական պետության պատմություն, Երևան, 2007, էջ 398:
[10] Francesco Balducci Pegolotti, La Pratica della Mercatura, New York, 1970, p. 297.
[11] Bedoukian Z. P., Coinage of Cilician Armenia, New York, 1962.
[12] Spufford P. , Money and Its Uses in Medieval Europe, Cambridge, 1988, p. 149-156. Lane F., Exportations vénitiennes d’or et d’argent de 1200 à 1450 // Études d’histoire monétaire, Lille, 1984, p. 32-39.
[13] Ashtor E., Levant Trade in the Later Middle Ages, p. 44․ Դուկատը սկսել հատվել 1284 թ. Վենետիկում և ժամանակի միջազգային ամենաթանկարժեք դրամական միավորներից էր. այն հատվում էր մաքուր ոսկուց և կշռում էր 3,545 գրամ։
[14] Francesco Balducci Pegolotti, La Pratica della Mercatura, p. 59. Zibaldone da Canal, Manoscritto Mercantile del sec. XIV, ed. A. Stussi, Venezia, 1967, p. 108-109.
[15] I Viaggi di Marco Polo, di Adolfo B., Firenze, 1863, p. 6, 15.
[16] Langlois V., Le Trésor des chartes d’Arménie, p. 106, 162. Balletto L., Notai genovesi in Oltremare, atti rogati a Laiazzo da Federico di Piazzalunga (1274) e Pietro di Bargone (1277, 1279), Genova, 1989, A. N 34, 79, 80, B. N 12, 19, 22, 30, 33, 55, 58, 59, 76, 116, 119
[17] Balletto L., Notai genovesi in Oltremare, atti rogati a Laiazzo da Federico di Piazzalunga (1274) e Pietro di Bargone (1277, 1279)
[18] Գևորգյան Զ․, Կիլիկյան Հայաստանում հանգրվանած եվրոպացիների ամուսնություններն ու արտամուսնական պայմանագրերը, Բանբեր Մատենադարանի, 24, Երևան, 2017։ Գևորգյան Զ․, Կնոջ իրավական կարգավիճակը ըստ Կիլիկյան Հայաստանի պատմության աղբյուրների, Նյութեր ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի (28-30 հունիսի 2018 թ.), Երևան, Մատենադարան, 2019։
[19] Գևորգյան Զ․, Օժիտը և ամուսնական ունեցվածքի բաժանումը Կիլիկյան Հայաստանի իրավական փաստաթղթերում և առօրեականության մեջ, Բանբեր Մատենադարանի, 29, Երևան, 2020։