
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
«Գիտե՞ս քո առավելությունն ինչն է, սիրուն ես ու լեզու գիտես»,- սա գործընկերոջս ենթադրյալ անկեղծ դիտարկումն էր, մի կես տարի էր միասին էինք աշխատում, բայց ուղիղ եթերում պայթյունավտանգ ցույցեր միասին չէինք լուսաբանել։ Որոշեց թվարկել եզակի արժանիքներս, որ ինձ իր հետ եթեր կիսելու պատվին են արժանացրել։ Անտեսեցի, տեղն ու ժամանակը չէր։ Մտածեց երևի ցնծում եմ, որ տեսքս գնահատում է, շարունակեց․ «Արի ես եթեր մտնեմ, դու կողքս կանգնի թարգմանի»։ Չպատասխանեցի, տեղն ու ժամանակը չէր… «Չե՞ս գալիս թարգմանես»։ Արհամարհեցի…
Ինչևիցե, մոտ մի տասը տարվա պատմություն է, վստահ եմ՝ ասածի մասին երբևէ էլ չի մտածել, ես հաճախ եմ հիշում, շարժառիթի պակաս չկա։
Եթե կին ես՝ առավելություններդ էլ են թերություն, թերություններդ էլ սրբապղծություն։ Պատասխանելդ՝ ջղաձգություն, չպատասխանելդ՝ ոչ թե հաշվարկված, հավասարակշռված իրավիճակի գնահատական՝ պարզապես հլու-հնազանդություն։
Անձնական դիտարկումից մասնագիտական ոլորտի մշտադիտարկում. «ՕքսԵՋեն» հիմնադրամի «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» զեկույց։ Զեկույցն առանձնապես շատ բան չի բացահայտում իրականում, գումարում է 12 լրատվամիջոցներում վեցամսյա կտրվածքով (2024 թվականի փետրվարի 1-ից հուլիսի 31-ը) մշտադիտարկման արդյունքները, համակարգում ու հիշեցնում այն, ինչ շատերս գիտենք, բայց պատերազմների, կորուստների, համավարակ ապատեղեկատվության օրհասական ժամանակաշրջանում հոգնած աչքերը կծկոտել ու որոշել ենք, որ «հսկաներ» չեն, այլ լրատվական «հողմաղացներ», որոնց միջով նույն քամին նախածառուկյանական «Աղջիկ ջան» ժամանակներից է փչում։ Մշտադիտարկվել է 92․568 հրապարակում, որից 332-ը գենդերային ապատեղեկատվություն է պարունակել։ Հեշտ է մտածել՝ թեթև քամի է, Բայրաքթար չի, ոչինչ, մի քիչ էլ թող սուրա։
Թիրախավորվում են մասնավորապես կին հանրային դեմքեր, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, լրագրողներ, արդեն իսկ բռնության զոհ դարձած անձինք։ Թիրախավորում են գրեթե հենց նույն խմբերին պատկանող և՛ իգական, և՛ արական սեռի անձինք՝ լրագրողները (155 դեպք, 67-ի լրագրողների սեռը հայտնի չէ, հեղինակի անունը չի նշվում, 54-ի հեղինակները տղամարդիկ են, իսկ 34-ինը՝ կանայք), քաղաքական գործիչները (115 դեպք, 59-ը կին, 56-ը՝ տղամարդ), փորձագետներ, հասարակական գործիչներ… Կանացի յուրացված կնատյացության (Internalized Misogyny) մասին երևի այլ առթիվ՝ ավելի հանգամանորեն։
Իսկ ի՞նչ է գենդերային ապատեղեկատվությունը՝ կեղծ և ապակողմնորոշող բովանդակություն, որը նպատակ ունի կասկածի տակ դնել կնոջ բարոյական հատկանիշները, կարողությունները, սեռականությունը, հոգեկան առողջությունը և նսեմացնել արժանապատվությունը։ Միտումնավոր ամրապնդում է վտանգավոր կարծրատիպեր և այդ կարծրատիպերն օգտագործում դիմացինին վնասելու, լռեցնելու և չեզոքացնելու նպատակով։
Պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վերջին արձագանքը լրագրողին՝ «Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Եթե չէ, ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին», «Մաքրեք ձեր շրթունքները», երևի բովանդակորեն ամենաամբողջական, գենդերային ապատեղեկատվության գործիքակազմի բազմաշերտ դասագրքային օրինակն է, որի նմանը դժվար կլիներ հորինել նույնիսկ ուսուցողական նպատակով։ Սակայն պարոն Քոչարյանի «ներողություն չեմ խնդրելու»-ն և «ընդամենը կրկնել եմ Բագրատ Սրբազանի ասածը»՝ լրագրողի սեռը, անձը, մասնագիտական կարողությունը զգետնելուց անդին գնացին, ախտանշանից ախտաբանություն։
Հարցը, թե լրատվամիջոցներն առավելաբար արտացոլո՞ւմ են, թե՞ ձևավորում հասարակական, քաղաքական ու մշակութային իրողություններ, իհարկե, միանշանակ պատասխան չունի։ Առեղծված էլ չի։ Նայած ում համար։ Արտացոլում են «ոմանց» ու հետն էլ մնացածին ոգեշնչում, որ տե՛ս, այսպես էլ է կարելի, քեզանից առաջ նույն բանն ասել են՝ բան էլ չի եղել։ ժամանակակից լրագրության ողբերգություններից մեկն էլ այն է, որ մարդիկ սակավ են լրատվություն սպառում՝ իմանալու, հասկանալու համար, հետևում են ավելի հաճախ իրենց կարծածին, ուզածին, հավատացածին, երկրորդում, հաստատում կամ գոնե ուրիշին ուղարկելու հղում գտնելու համար։ Ու նորից նույն հարցը՝ մի փոքր շուկայական բառապաշարով բայց․ առաջա՞րկն է պահանջարկ առաջացնում, թե՞ պահանջա՞րկն առաջարկ։
«ՕքսԵՋեն» հիմնադրամի զեկույցը նաև ոլորտի այլ անտեսված ծալքեր բացելու ակամա շարժառիթ դարձավ։ «Aravot.am» լրատվականի խմբագիր Աննա Իսրայելյանի բողոքն առ այն, որ զեկույցն արատավորել է լրատվամիջոցի համբավը` հարթակը գենդերային ապատեղեկատվության հրապարակումների քանակով երկրորդ տեղում դասելով, բայց չի ներկայացրել հիմնավորող օրինակներ ու հղումներ (զեկույցի խմբագրված տարբերակը մեջբերում է միայն երկու օրինակ, առանց հավելյալ հղումների), նաև ծավալեց մեդիա բովանդակության ձևի և միտումնավորության մասին քննարկում։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը նշում է` «գենդերային ապատեղեկատվություն տարածելու դիտավորությունը զուտ մեկ փաստական հիմքով (վերարտադրելու կամ որպես վերնագիր ընտրելու հանգամանքով) գնահատելն ամենևին բավարար չէ։ Էթիկայի Դիտորդ մարմնի եզրահանգումը նմանապես մատնանշում է, որ հնարավոր չի պարզել դրա «միտումնավոր լինելը» և «վնաս հասցնելու նպատակը»։ Եվ իսկապես, առարկայական առումով՝ միանշանակ։ Բողոք-բողոքարկում-մասնագիտական եզրահանգում ձևաչափը որորտի առողջացման, ինքնակարգավորման նախադրյալ։
Բայց և սակայն, վնաս հասցնել կարելի է նաև ոչ միտումնավոր ու դրանից հետևանքները չեն պակասում։ Այս մասին էլ երևի այլ առթիվ՝ ավելի հանգամանորեն։ Գռեհիկը, նախատինքը, գենդերային ապատեղեկատվությունը, զոհին մեղադրող արտահայտություններ վերարտադրելն առանց անաչառ մեկնաբանության, ավելի նման է խոսքի ազատության շահարկման, քան իրացման, կամ լավագույն դեպքում՝ ծուլության։ Սա, իհարկե, իմ կարծիքն է։
«Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» զեկույցում կան նաեւ հղումներ, որ ապատեղեկատվություն որակավորելը մոլորություն կլինի։ Ինկվիզիցիոն արտածծումներով ատելության խոսքի հանրայնացումը պարզապես արդարացում չունի ո՛չ խոսքի ազատության շրջանակներում, ո՛չ պահանջարկ-առաջարկ տրամաբանության մեջ։ Սակայն կա, քանի որ հանդուրժում ենք, քանի որ մտածում ենք տեղն ու ժամանակը չի, նորություն էլ չի։
Եվ մի բան, որ զեկույցը կարդալուց ի վեր պարբերաբար հիշում եմ՝ ամենահաճախ թիրախավորվող կանանցից մեկը մարդու իրավունքների պաշտպանն է Հայաստանում։