
Ռուանդան ու Հայաստանն ունեն մեկ ընդհանրություն, բայց այն չի վերաբերում խորհրդարանում կանանց թվին: Ռուանդայի օրենսդիր ստորին պալատում կանանց ներկայացվածությունը` 61 տոկոս, ամենաբարձրն է աշխարհում: Հայաստանը 110-րդ տեղում է, բայց առաջ է իր հարևաններ Թուրքիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Արցախից և Իրանից:
ArmComedy թոք շոուի տաղավարում պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) անդամ Նաիրա Զոհրաբյանը Ռուանդայի խորհրդարանում կանանց թվի ավելացումը «ամերիկյան փորձ» որակեց: Տիկին Զոհրաբյանը դեմ չէ ավելի շատ գործընկերուհիներ ունենալուն, բայց կցանկանար, որ յուրաքանչյուր ոք որոշակի դիրքի հասներ ըստ սեփական ունակությունների:
2003 թվականին Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն նախաձեռնեց սահմանադրական հանրաքվե, որը պահանջում էր խորհրդարանում կանանց առնվազն 30 տոկոս ներկայացվածություն: Նպատակն իրագործվեց. Ներկայացուցիչների պալատի (օրենսդիր ստորին պալատ) 80 տեղերից 24-ը վերապահվեց կին թեկնածուներին: Միայն կանայք կարող էին հավակնել այդ տեղերին, և միայն կանայք կարող էին քվեարկել նրանց օգտին: Մնացած տեղերի համար մրցում էին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ:
Ներկայում Հայաստանն ունի գենդերային քվոտա, բայց այն կիրառվում է բոլորովին այլ կերպ: Կուսակցության (կամ դաշինքի) ազգային համամասնական ցուցակի թեկնածուների յուրաքանչյուր քառյակ պետք է ներառի առնվազն մեկ տղամարդ և մեկ կին թեկնածու: Այսպիսով, քվոտան զուտ կանանց համար է, բայց կիրառվում է երկու ձևով: 2017 թվականին այս ցուցակներով էր նշանակվում ներկայացուցիչների կեսը Ազգային ժողովում: Մյուս կեսն ընտրվում էր ուղղակիորեն քվեարկողների կողմից, ռեյտինգային համակարգով, որտեղ սովորաբար ավելի քիչ թվով կանայք էին ընտրվում:
Գործող ընտրական օրենսգրքով (մինչ լրացում կատարելը) նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո 1-ը 4-ում (մոտավորապես 25 տոկոս) հարաբերակցությունը նվազեցնել մինչև 1-ը 3-ում: Այսինքն՝ կուսակցության ցուցակում թեկնածուների յուրաքանչյուր եռյակ պետք է ներառի առնվազն մեկ տղամարդ և մեկ կին: Քանի որ արտահերթ ընտրություններ նախատեսվում են 2018 թվականի վերջին կամ 2019-ի գարնանը, վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովն առաջարկում է արագացնել գործընթացը, որպեսզի 1-ը 3-ում հարաբերակցությունը կիրառվի առաջիկա ընտրություններում: Հանձնաժողովն առաջարկում է նաև հրաժարվել ռեյտինգային բաղադրիչից, որը չէր ներառում գենդերային քվոտա: Արդյունքում հայ խորհրդարանականների հաջորդ խմբում կանանց ներկայացվածությունը կլինի առնվազն 33 տոկոս, ինչպես Միացյալ Թագավորությունում, Շվեյցարիայում և Ավստրիայում:
Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) համաձայն է հաջորդ ընտրություններում այս քվոտային, սակայն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ընտրական բարեփոխումների խորհրդարանային աշխատանքային խմբի քննարկման ընթացքում իր զարմանքն արտահայտեց՝ հայտարարելով. «Իմ խորին համոզմամբ՝ մեկ չորրորդ քվոտան մի քանի անգամ գերազանցում է կանանց այն ռեալ քաղաքական պոտենցիալը, որ կա Հայաստանում»:
Հարկ է նշել, որ ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի 12 անդամից չորսը կանայք են, այսինքն՝ մեկական պատգամավոր յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից: Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի 12 անդամներից կանայք են երեքը:
«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն առաջարկեց բարձրացնել նշաձողը` առաջիկա ընտրություններում կիրառելով 40 տոկոսանոց գենդերային քվոտավորում (գերազանցելով Դանիային, Իսլանդիային և Նոր Զելանդիային): Այս շեմն առաջարկել էին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները վարչապետին առընթեր հատուկ հանձնաժողովի հետ խորհրդակցության ընթացքում: Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց փոխզիջումային տարբերակ` ընդունել 40-տոկոսանոց քվոտան, բայց ուժի մեջ մտցնել միայն 2024 թվականի հունվարի 1-ից հետո. առաջարկն ընդունվեց բոլոր կուսակցությունների կողմից: Այդուհետ կուսակցության համապետական ցուցակում թեկնածուների յուրաքանչյուր հնգյակ պիտի ընդգրկի առնվազն երկու տղամարդ և երկու կին թեկնածու:
Եվ վերջում, Սպարտակ Սեյրանյանը հստակեցրեց, որ գենդերային քվոտավորումն անհամատեղելի է ՀՅԴ-ի առաջարկած բաց ցուցակների հետ, ըստ որի քվեարկողները կարող են ուղղակիորեն ընտրել անհատ թեկնածուների, և ոչ թե ըստ յուրաքանչյուր կուսակցության որոշած դասավորության: Եթե կուսակցությունից չընտրվեն բավարար թվով կանայք, ձայների մեծամասնությունը ստացած կին թեկնածուներն առաջ կանցնեն տղամարդ թեկնածուներից (որոնք ըստ էության իրենցից շատ ուղղակի քվեներ են ստացել), մինչև քվոտան կլրանա: Ելք և Ծառուկյան խմբակցությունները, որոնք նախընտրում են փակ ցուցակներ, չցանկացան վիճարկել հարցը, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել միջանձնային հարաբերությունների խնդրահարույց դինամիկայի:
Ազգային փոքրամասնությունների քվոտաներ
Հայաստանն էթնիկապես միատարր երկիր է: Ըստ վերջին՝ 2011 թվականի ազգային մարդահամարի՝ հարցվողների 98 տոկոսն ազգային պատկանելությամբ իրեն համարում է հայ: Այլ պատասխանները դասավորված են հետևյալ կերպ.


