2008 թվականի մարտի 6-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Վալերի Պողոսյանը դիմում է ԱՄՆ դեսպանատուն՝ հրատապ հանդիպման խնդրանքով, վկայում են Վիկիլիքս արտահոսած ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերը։ Դրանից հինգ օր առաջ անվտանգության ուժերը ճնշել էին Երևանում հետընտրական ցույցերը, որի հետևանքով տասը զոհ էր եղել։ «Պողոսյանը հայտարարեց [դեսպանատան պաշտոնյաներին], որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է դատարանի մարտի 8-ի որոշման ճակատագիրը, այն է՝ մերժել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը, որը պնդում է, որ փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններն ուղեկցվել են ընտրակեղծիքներով»,- գրված է Երևանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ջոզեֆ Փենինգթոնի նամակում։ Ըստ Պողոսյանի՝ երկրում «բացարձակ բռնապետություն» է, բոլոր իրական ընդդիմադիրներին ահաբեկում ու սպառնում են՝ «անհնար դարձնելով խնդիրների լուծումն իրավական ճանապարհով»։
Երբ Սահմանադրական դատարանը հաստատում էր նախագահական ընտրությունների արդյունքները, Պողոսյանը չէր մասնակցում նիստին։ Նա տանն էր՝ պատճառաբանությամբ, որ գրիպով հիվանդ է։ Սահմանադրական դատարանում Պողոսյանը պաշտոնավարեց մինչ 2014 թվականը՝ ևս երեք տարի արտահոսքի բացահայտումից հետո։
2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները որոշելու են՝ հեռացնել արդյոք ՍԴ-ում այժմ պաշտոնավարող ինը դատավորներից յոթին, թե ոչ։ Տեղեկացված որոշում կայացնելու համար կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխատում Հայաստանի Սահմանադրական դատարանը։
Սահմանադրական դատարանի դերը
Սահմանադրական դատարանը Հայաստանի արդարադատության համակարգում առանձին դատարան է, որը լիազորված է սահմանադրական վերահսկողություն իրականացնել և վերջնական մեկնաբանություն տալ Սահմանադրությանը։ ՍԴ-ի հիմնական խնդիրը երաշխավորելն է, որ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինները չվերազանցեն իրենց սահմանադրական լիազորությունները։ Այսպիսով, ՍԴ-ն քննում է օրենքները, գործադրի որոշումները, կարգադրությունները, միջազգային պայմանագրերը՝ որոշելով, թե արդյոք դրանք սահմանադրական են։ Սահմանադրական փոփոխություններին հավանություն տալուց առաջ ՍԴ-ն նաև ստուգում է, թե արդյոք առաջարկվող փոփոխությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Չնայած ՍԴ-ն կազմակերպչական առումով չի գերազանցում երկրի ցանկացած այլ դատարան, այն իր մանդատի կարևորությամբ երկրի բարձրագույն դատական ատյանն է։
Սահմանադրական դատարանը քննում է նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը։ Եթե քաղաքական կուսակցությունը համաձայն չէ ընտրության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ, կարող է վիճարկել որոշումը ՍԴ-ում (առանց դատական պաշտպանության բոլոր երեք միջոցները սպառելու՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան)։ Ընտրական վեճերը քննվում են Սահմանադրական դատարանում, որովհետև այն համարվում է քաղաքական դատարան և իրավունք ունի մեկնաբանել երկրի ամենաքաղաքական այս փաստաթուղթը։ Ընտրական վեճերը քննելիս ՍԴ-ն լիազորված է ուսումնասիրել Ընտրական օրենսգիրքը՝ պարզելու համար, թե արդյոք կան նորմեր, որոնք սահմանափակում են ժողովրդի ազատ կամարտահայտումը։ Այն ավելի բազմակողմանի մոտեցում է կիրառում և խնդիրը դիտարկում է երկրի ժողովրդավարական պարտավորությունների, պետության որդեգրած քաղաքականության և մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Մյուս պատճառն այն է, որ Սահմանադրական դատարանը համարվում է երկրի ամենապաշտպանված դատարանը, և դատավորներն ունեն անհրաժեշտ լիազորություններ, հեղինակություն և իշխանություն այնպիսի զգայուն խնդիրներ կարգավորելու համար, ինչպիսիք ընտրական վեճերն են։
Սահմանադրական դատարանը բարձրագույն դատարանի երկու մոդելներից մեկն է, որը բացառիկ արդարադատություն է իրականացնում սահմանադրական հարցերի վերաբերյալ։ Այն հայտնի է որպես դատական վերահսկողության Կելսենի կենտրոնացված համակարգ և կրում է ավստրիացի իրավաբան Հանս Կելսենի անունը, որը մշակել է այն։ Այս մոդելը գերիշխող դիրք ունի ողջ մայրցամաքային Եվրոպայում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Ավստրիայում։ Մյուս մոդելը դատական վերահսկողության ապակենտրոնացված համակարգն է, որում երկրները չունեն սահմանադրական դատարաններ։ Փոխարենը, բոլոր դատարանները կարող են որոշում կայացնել սահմանադրական հարցերի վերաբերյալ, բայց դատական համակարգի բարձրագույն մարմինը, որը սովորաբար Գերագույն դատարանն է, արդարադատություն է իրականացնում օրենքի յուրաքանչյուր ոլորտում, ներառյալ սահմանադրական հարցերում։ Այս մոդելն օգտագործվում է Միացյալ Նահանգներում և Կանադայում։
Սահմանադրական հանրաքվեներ
Հայաստանի Սահմանադրությունը, որով ստեղծվել է ՍԴ-ն, ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, համազգային հանրաքվեով։ Փորձագիտական հանձնաժողովը, որը պատրաստել էր մայր օրենքի նախագիծը, կազմված էր 20 անդամից՝ իրավաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ և գիտնականներ։
Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոխվել է համազգային հանրաքվի միջոցով՝ երկու անգամ էլ վերակազմավորելով Սահմանադրական դատարանը։ Առաջին փոփոխությունը 2005-ին էր։ Ըստ 1995-ի Սահմանադրության, ինչպես և բարեփոխված տարբերակում, Դատարանը բաղկացած էր ինը անդամից, որոնցից չորսն ուղղակիորեն նշանակվում էին նախագահի, իսկ հինգը՝ Ազգային ժողովի կողմից։ Լիազորությունների ժամկետն այն էական փոփոխությունն էր, որը կատարվեց 2005-ին։ ՍԴ անդամները, որոնք նշանակվել էին մինչև 2005-ի հանրաքվեն, կարող էին պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, հանրաքվեից հետո նշանակված դատավորները՝ մինչև 65 տարեկանը։
ՍԴ դատավորների նշանակման և պաշտոնավարման ժամկետի ընթացակարգը փոխվեց նաև 2015-ի սահմանադրական հանրաքվեով։ ՍԴ-ն կրկին բաղկացած է ինը անդամից, որոնցից երեքն առաջադրվում են նախագահի, երեքը՝ կառավարության (գործադիր մարմնի, որի ղեկավարը վարչապետն է), ևս երեքը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Դատավորների ընդհանուր ժողովը կարող է միայն դատավորների առաջադրել, նախագահն ու կառավարությունը կարող են առաջադրել բարձր մասնագիտական և բարոյական որակներ ունեցող անհատների։ Առաջադրված թեկնածուներն ընտրվում (կամ հաստատվում) են Ազգային ժողովի կողմից, 12 տարի ժամկետով, քվեարկությամբ, որի ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդը կողմ է քվեարկում։ 2015-ի Սահմանադրական հանրաքվեից հետո ՍԴ անդամներն անվանում են «դատավորներ»։
Սահմանադրական դատարանում պաշտոնավարելու համար անհրաժեշտ որակավորումները
Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որն ընդունվել է 1995 թվականին և դրանից հետո երեք անգամ փոխվել, սահմանում է մի շարք որակավորումներ, որոնք անհրաժեշտ են ՍԴ-ում պաշտոնավարողների համար։ Օրենքում, ինչպես նաև 1997-ի բարեփոխված տարբերակում դրանք բավական անորոշ են և ներառում են այնպիսի պահանջներ, ինչպիսիք են բարձրագույն կրթությունը, առնվազն 10 տարվա աշխատանքային փորձը, իրավական աշխատանքի փորձն ու բարձր բարոյական նկարագիրը։ Օրենքի 2006 թվականի տարբերակը թվարկում է ավելի կոնկրետ պահանջներ, այդ թվում բարձրագույն իրավաբանական կրթություն, գիտական կոչում Սահմանադրական իրավունքի ոլորտում և առնվազն 10 տարվա իրավաբանական աշխատանքի փորձ։ Օրենքը վերջին անգամ փոխվել է 2018-ին։ Չնայած պահանջները դեռևս ենթակա են մեկնաբանության, այս տարբերակը շատ ավելի լիարժեք է, քան նախորդները։ Պահանջների թվում են բարձր մասնագիտական և բարոյական որակները և առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական փորձը որպես իրավաբան։ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, բոլոր տարբերակներում, նշում է, որ ՍԴ անդամը չի կարող լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ կամ քաղաքական գործունեություն ծավալել։
Ով է պաշտոնավարում ՍԴ-ում այսօր
Սահմանադրական դատարանի ներկայիս ինը անդամները/դատավորներն են՝ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը։
Դատարանի անդամներից երկուսն ընտրվել են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում, երբ ուժի մեջ էր 1995 թվականի Սահմանադրությունը։ Նրանք կպաշտոնավարեն մինչ 70 տարեկանը։ Դատավորներից հինգն ընտրվել են 2005-ի Սահմանադրության պայմաններում, որը գործում էր մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը։ Նրանք կպաշտոնավարեն մինչև 65 տարեկանը։ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը ՍԴ միակ դատավորներն են, որոնք ընտրվել են 2015 թվականի Սահմանադրության սահմանած ընթացակարգով և կպաշտոնավարեն ընդամենը 12 տարի։
64-ամյա Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի միակ անդամն է, որը նշանակվել է երկու անգամ. առաջին անգամ 1996 թվականին՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով, երկրորդ անգամ 2014-ին։ Առաջին պաշտոնավարման ընթացքում Գյուլումյանը եղել է նաև 2005 թվականի Սահմանադրական փոփոխությունները մշակող Պետական հանձնաժողովի անդամ։ 2003-ին Գյուլումյանը հեռացել է Սահմանադրական դատարանից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ստանձնելով Հայաստանի կողմից առաջադրված դատավորի պաշտոնը։ ՄԻԵԴ-ում մեկ տասնամյակ պաշտոնավարելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ, 2014 թվականին Գյուլումյանը վերանշանակվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ 2020-ի հունվարին նշանակվել է ՍԴ փոխնախագահ։ 2021 թվականին Գյուլումյանը կլինի 65 տարեկան։
61-ամյա Հրանտ Նազարյանը Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 1996-ի փետրվարին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Նա երկու դատավորներից մեկն է, որը կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը։ 1991-ից Նազարյանն աշխատել է Գերագույն խորհրդում (Հայաստանի խորհրդարանը մինչև 1995 թվականին Ազգային ժողով վերանվանվելը)՝ որպես Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, ապա Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ։ Հրանտ Նազարյանը ՍԴ միակ անդամն է, որը մասնակցել է ամերիկյան համալսարանների կրթական ծրագրերին, նախ Վաշինգտոնի Միջազգային իրավունքի ինստիտուտում, ապա Տեխասի Ամերիկյան և միջազգային իրավունքի ակադեմիայում։ 2029 թվականին Նազարյանը կդառնա 70 տարեկան։
64-ամյա Ֆելիքս Թոխյանը Սահմանադրական դատարանի երկրորդ անդամն է, որը կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը։ Նա ՍԴ անդամ է նշանակվել 1997-ի սեպտեմբերին, դարձյալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Սահմանադրական դատարանում նշանակումից առաջ, 1990-ականների սկզբին, Թոխյանը Արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավաբանության ինստիտուտի գիտաշխատող էր, ապա «Գալիք» համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկանը, այնուհետև՝ պրոֆեսոր Հանրային կառավարման ակադեմիայում։ Թոխյանը 70 տարեկան կդառնա 2026 թվականին։
58-ամյա Աշոտ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 2010 թվականի դեկտեմբերին, Ազգային ժողովի կողմից։ Քանի որ Խաչատրյանը նշանակվել է 2005-ի հանրաքվեից հետո, կարող է պաշտոնավարել մինչ 65 տարեկանը։ Սահմանադրական դատարանում իր նշանակումից առաջ Խաչատրյանն աշխատում էր Հայաստանի Հարկային ծառայությունում, 2004-2010 թթ. ղեկավարել է Ազգային ժողովի իրավաբանական բաժինը։ 65 տարեկան նա կդառնա 2027 թվականին։
48-ամյա Արևիկ Պետրոսյանը նույնպես նշանակվել է 2010 թվականի դեկտեմբերին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Ինչպես Խաչատրյանը, նա կարող է պաշտոնավարել մինչև 65 տարեկանը։ 1994-ից Պետրոսյանը քաղծառայության մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀՀ նախագահի աշխատակազմում, 1999-2002 թթ. եղել է արդարադատության փոխնախարար, արժանացել ՀՀ քաղծառայության խորհրդի շքանշանի։ Նշանակումից առաջ Պետրոսյանը 2007 թվականի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից (ԲՀԿ)։ Խորհրդարանական երեք տարիների ընթացքում Պետրոսյանը եղել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ և Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Նրա 65-ամյակը կլրանա 2037 թվականին։
54-ամյա Արայիկ Թունյանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 2014-ի հունիսին, Ազգային ժողովի որոշմամբ։ Թունյանը մինչև այդ զբաղված է եղել հանրային սեկտորում, նախ Արդարադատության նախարարությունում՝ որպես Օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ, ապա Նախագահի աշխատակազմում՝ որպես Իրավաբանական վարչության պետ։ Պարգևատրվել է Մխիթար Գոշի շքանշանով, որը շնորհվում է պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ոլորտներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։ Թունյանը 65 տարեկան կդառնա 2031 թվականին։
49-ամյա Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի պատմության մեջ երկրորդ նախագահն է՝ 1995 թվականին հիմնադրումից ի վեր (նախորդ նախագահը՝ Գագիկ Հարությունյանը, պաշտոնավարել է 1996-2018 թթ.)։ Թովմասյանը ՍԴ անդամի պաշտոնում հաստատվել է 2018 թվականի մարտի 2-ին։ Մարտի 21-ին Ազգային ժողովը նրան ընտրեց ՍԴ նախագահ։ Ըստ 2015-ին բարեփոխված Սահմանադրության՝ ՍԴ-ն պետք է նախագահ և փոխնախագահ ընտրի իր անդամներից, վեց տարի ժամկետով։ Հրայր Թովմասյանը 2010-2013 թթ. եղել է արդարադատության նախարար, 2015-ի Սահմանադրական բարեփոխումները մշակող Փորձագիտական հանձնաժողովի ինը անդամներից մեկը։ 2017-ի ապրիլից մինչև Սահմանադրական դատարանում իր նշանակումը Թովմասյանն ԱԺ պատգամավոր էր և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամ։ Պարգևատրվել է Մխիթար Գոշ շքանշանով։ Թովմասյանը 65 տարեկան կդառնա 2035 թվականին։
46-ամյա Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2018-ի սեպտեմբերին՝ Ազգային ժողովի կողմից։ Նա երկու դատավորներից մեկն է (մյուսը Վահե Գրիգորյանն է), որը ընտրվել է 2015-ի Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնք ուժի մեջ մտան 2018 թվականի ապրիլի 9-ին. սա նշանակում է, որ նա կարող է պաշտոնավարել 12 տարի։ 1996-2013 թթ. Դիլանյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել Սահմանադրական դատարանում, այդ թվում՝ դատարանի փոխնախագահի օգնական, Անհատական դիմումների վերլուծության բաժնի պետ և Իրավախորհրդատվական ծառայության ղեկավար։ 2013-ին Դիլանյանը նշանակվել է Վարչական դատարանի դատավոր՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, և հեռացել այդ պաշտոնից՝ միանալով ՍԴ-ին։ Նա կպաշտոնավարի մինչև 2030 թվականը։
Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հաստատվել է 2019 թվականի հունիսի 18-ին, Ազգային ժողովի կողմից։ Սա Գրիգորյանի երկրորդ առաջադրումն էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ն դեռ իշխող մեծամասնություն էր և հրաժարվեց հաստատել նրա թեկնածությունը։ Գրիգորյանը մասնավոր փաստաբանական գործունեության փորձ ունեցող ՍԴ միակ դատավորն է։ 2005 թվականից մինչ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը Գրիգորյանն աշխատել է որպես իրավաբան և ներկայացրել իր հաճախորդների շահերն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ատյաններում։ Գրիգորյանը Սահմանադրական դատարանում բողոքարկել է ընտրական վեճերին վերաբերող դատական գործեր, 60-ից ավելի դատական գործ ՄԻԵԴ-ում և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։ Աշխատել է Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում՝ որպես իրավաբան- խորհրդատու, և Եվրոպայի խորհրդում՝ որպես միջազգային փորձագետ ու դասախոս։ Գրիգորյանը կպաշտոնավարի մինչև 2031 թվականը։
Ով կարող է դիմել Սահմանադրական դատարան
Սահմանադրության 169-րդ հոդվածը ներկայացնում է անհատների և իշխանության տարբեր ճյուղերի մարմինների ցանկը, որոնք կարող են դիմել Սահմանադրական դատարան, իսկ 168-րդ հոդվածը թվարկում է, թե ՍԴ-ն ինչ գործեր կարող է քննել։ Դրանք են՝ Ազգային ժողով, Ազգային ժողովի խմբակցություն, ՀՀ նախագահ, կառավարություն (գործադիր մարմին), Մարդու իրավունքների պաշտպան, Գերագույն դատական խորհուրդ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուներ և քաղաքական կուսակցություններ, որոնք մասնակցել են Ազգային ժողովի ընտրություններին։ ՀՀ քաղաքացիները նույնպես կարող են դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան, եթե սպառել են դատական պաշտպանության բոլոր երեք միջոցները, ունեն դատարանի վերջնական որոշում և ցանկանում են բողոքարկել իրենց գործում կիրառվող իրավական նորմի սահմանադրականությունը։
Ազգային ժողովի պատգամավորները կարող են վիճարկել օրենքների սահմանադրականությունը, Ազգային ժողովի ընդունած որոշումները, նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Կառավարության և վարչապետի որոշումները, ինչպես նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը հավանություն է տալիս դիմումին։
Դատարանի կողմից ուսումնասիրվող գործեր
Վերջին 25 տարիներին Հայաստանի Սահմանադրական դատարանը կայացրել է 1505 որոշում և միայն խիստ հազվադեպ դեպքերում է (թերևս 3 կամ 4), որ ՍԴ անդամներն առարկություն են հայտնել։ Երբ գործը հասնում է Սահմանադրական դատարան, յուրաքանչյուր դատավոր գրի է առնում իր որոշումը՝ հենվելով անձնական կարծիքի և դատողությունների վրա։ Ապա ՍԴ քարտուղարը կամ տվյալ գործը վարող դատավորը հավաքում է որոշումները, և այն դիրքորոշումը, որը ստանում է քվեների մեծամասնությունը, համարվում է ՍԴ որոշում։ Երբ քաղաքացիներն իրենց գործը ներկայացնում են Սահմանադրական դատարան, արդար որոշման նրանց երաշխիքն այն է, որ իրենց գործը քննվելու է ինը մարդու կողմից, և եթե վերջնական որոշման հետ կապված խնդիր լինի, դատավորները կարող են առարկություն հայտնել։
Ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի, երբ դատարանը հրապարակում է իր որոշումը, հրապարակում է միայն քվեների ընդհանուր թիվը։ Այսպիսով, եթե գրավոր անհամաձայնությունը չի հրապարակվում, հանրությունը չի տեղեկանում, թե ինչպես է քվեարկել դատավորներից յուրաքանչյուրը։ Արդյունքում, այդ որոշումներից բխած հետևանքները անցնում են ընդհանուր պատասխանատվության ոլորտ, ինչը թուլացնում է անհատական հաշվետվողականությունը։
1996 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ Հայաստանում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրությունների արդյունքները, բացի 1998 թվականից, բողոքարկվել են Սահմանադրական դատարանում [1]։ Այդ դեպքերից և ոչ մեկով Սահմանադրական դատարանը չի կայացրել որոշում, որը դեմ է եղել իշխող վերնախավի շահերին։ Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող որոշումների վերաբերյալ անհամաձայնությունները երբեք չեն հրապարակվել։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները մշտապես խոսել են ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունների մասին։ 2003 թ. նրանց զեկույցը պնդում էր, որ «քվեարկությունը, հաշվարկն ու արդյունքների որոշումն ուղեկցվել է լուրջ խախտումներով, այդ թվում և քվեատուփերի համատարած լցոնումներով»։ Երևում է՝ ՍԴ-ն համաձայն չի եղել այս կարծիքի հետ։
* * *
2020 թվականի ապրիլի 5-ին, երբ Հայաստանի քաղաքացիները գնան ընտրատեղամասեր՝ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու, առաջարկված միակ փոփոխությունը 213 հոդվածն է լինելու, որը նախատեսում է ՍԴ յոթ անդամների հեռացում, որոնք նշանակվել են մինչև նոր՝ 12-ամյա ժամկետի ուժի մեջ մտնելը։
———-