
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
Շուշանիկ Կուրղինյանը՝ հայ պրոլետարական պոեզիայի լուսավոր ներկայացուցիչը և առաջին հայ հեղափոխական բանաստեղծներից մեկը, ժամանակին մեծ ճանաչում ուներ Խորհրդային Հայաստանում։ Նրա՝ սոցիալիստական ոգով գրված պոեզիան և բանվոր դասակարգի պայքարին նվիրված բանաստեղծությունները ծանոթ էին գրեթե յուրաքանչյուր դպրոցականի։
Այսօր Կուրղինյանը գրեթե մոռացվել է։ Խորհրդային Միության փլուզումից հետո նա, իր հեղափոխական գրականության հետ մեկտեղ, անհետացավ գրական ասպարեզից։ Բայց նրա բանաստեղծությունները միայն սոցիալիզմի մասին չէին. Կուրղինյանը ֆեմինիստ էր, նա հայ կանանց ու աղջիկների դարեր ի վեր լռեցված ձայնն էր։ Շուշանիկ Կուրղինյանը ճնշվածների ձայնն էր։
Շուշանիկ Փոփոլջյանցը ծնվել է 1876 թվականին Ալեքսանդրապոլում, Հարութ և Տիրուհի Փոփոլջյանցների ընտանիքում: Լինելով աղքատ կոշկագործի աղջիկ` մեծացել է սոցիալապես վատ պայմաններում և դեռևս վաղ հասակից առերեսվել բազմաթիվ դժվարությունների: Իր հուշերում պատմում է, որ շատ ըմբոստ էր ու չարաճճի. անկարգ աղջկան սանձելու համար 1883-ին հայրը որոշում է 8-ամյա Շուշանիկին տանել տեղի մենաստան կամ ինչպես նա է գրում իր ինքնակենսագրականում «կույսերի մոտ»` տարրական կրթություն ստանալու:
Սակայն Շուշանիկի ըմբոստ հոգին չի համակերպվում միանձնուհիների խիստ օրենքներին: Միանձնուհիների դասավանդման մոտեցումները և վերաբերմունքը նրան դուր չէին գալիս և նա իր ժամանակը հիմնականում անցկացնում էր եկեղեցուց դուրս` մոտակա գետակի մոտ խաղալով: Իր ինքնակենսագրականում գրում է. «…Ներս էի մտնում ուշացած, կույսերը ինձ ցույց էին տալիս դասընկերներիս՝ հայտնելով, որ իմ մեջ ի բնե քանդելու, ավիրելու դիվային ուժ կա..․»։
Մենաստանում մեկ տարի սովորելուց հետո Շուշանիկն ընդունվում է Ալեքսանդրապոլի Արղության Օրիորդաց դպրոց, որտեղ սովորելու տարիներին իրեն ամբողջությամբ նվիրում է կրթությանն ու նոր գիտելիքներ ստանալուն: Իր ինքնակենսագրականում գրում է.
«Մտնում եմ դպրոց, սիրում եմ դպրոցը, սիրում եմ անվերջ լսել, սովորել… Սիրում եմ թափառել դասարաններում, գրատախտակի վրայից լավ չջնջած խոսքերի ու թվերի մնացորդները… բնազդորեն զգում եմ, որ պահարաններում կարգով շարված գրքերն ինձ ասելիք ունեն, ինչ-որ բախտ բանալու են իմ առաջ…»
Դպրոցական տարիներին Շուշանիկը ոչ միայն տարված էր կրթությամբ, այլև ձգտում էր անպայման աշխատել: Ամառային արձակուրդներին նա միշտ մի աշխատանք էր գտնում. զբաղվում էր կավագործությամբ, ջուլհակագործությամբ և երբեմն օգնում էր նաև հորը:
«..ես աշխատում էի նրա [նկատի ունի հորը] մոտ գործավարձով, պահանջելով իմ աշխատավարձը մինչև վերջին կոպեկս։ Այս բանը նահապետական ավանդություններով դաստիարակված մայրս համարում էր «անհարկի վերաբերմունք դեպի ծնողը և վերագրում վատ գրքերի ազդեցությանը»:
1893-ին 17-ամյա Շուշանիկը համալրում է Հայկական Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը: Դարավերջին Շվեյցարիայի Ժնև քաղաքում հիմնադրված կուսակցությունը նպատակ ուներ անկախացնել Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետումից: Հնչակյանների մարքսիստական գաղափարախոսությունը զգալիորեն ազդում է Շուշանիկի ձևավորման վրա և շուտով նա ամբողջությամբ ընկղմվում է սոցիալիստական գաղափարների մեջ: Մի քանի ամիս անց Կուրղինյանը կուսակցության մեջ հիմնում է աղջիկների առաջին խմբակը և սկսում պատրաստվել Արևմտյան Հայաստանն ազատագրելու շարժմանը: Բայց նրան վիճակված էր գրող դառնալ:
Այդ տարիներին Շուշանիկը ծանոթանում է հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի հետ, որը Շուշանիկին նկարագրում է այսպես.
«Նա աղջիկների մեջ տիրական դիրք ուներ, լսում էին նրան։ Այդտեղ շատ մտերմացանք. ես նոր էի Եվրոպայից դարձել, իսկ նա գիմնազիան ավարտելու վրա էր։ Ինձ հայտնեց, որ գրում է։ Խոստացավ ցույց տալ, բայց երբեք չկատարեց խոստումը»։
Ալեքսանդրապոլի պահպանողական և ավանդապաշտ միջավայրում բարդ էր գրողի ուղի ընտրելը: Մինչ 19-րդ դարի վերջին Կոստանդնուպոլսում հայ գրողներ Սրբուհի Տիւսաբը, Զապել Եսայանը, Զարուհի Գալեմքեարեանը կամ Մառի Պէյլէրեանը չնայած խոչընդոտներին կարողանում էին գրողի և հասարակական գործչի գործունեություն ծավալել և հանրայնորեն խոսել կանանց խնդիրների մասին, ալեքսանդրապոլցի բազմաթիվ կանայք ստիպված էին զոհաբերել իրենց անձնական ձգտումներն ու նվիրվել ընտանիքին` հասարակության խիստ քննադատությունից խուսափելու համար:
Իր օրագրերի էջերում Շուշանիկը հաճախ է նշում, որ իր ավանդապաշտ ընտանիքում կարծրատիպեր կոտրելն անընդհատ ուղեկցվում էր խոչընդոտներով և դժկամությամբ: Ցածր խավին պատկանող աղջիկը չէր կարող երբևիցե գրող դառնալ. այդ մասնագիտությունը միայն տղամարդկանց էր վայել:
«Շրջապատը, միջավայրը չի ներում ինձ և սկսում է հալածանքը… Ամեն ինչ կարելի է լինել բացի բանաստեղծ… Խրատելիս առարկում են, որ խրճիթից եմ ելած, որ հայրս արհեստով «թեքիճի» է, որոշ գրավական չկա հարուստ տուն գնալու, որ ինձ հարկավոր է «բուրդ մանել և սպասել մի որևէ հյուսնի, դարբնի կամ գյուղացի փեսացուի…»
1895-ին Շուշանիկն ընդունվեց ռուսական գիմնազիա: Այդ շրջանում Ալեքսանդրապոլը Ցարական Ռուսաստանի ենթակայության տակ էր, և ցարական ղեկավարությունը նպատակ ուներ ռուսաֆիկացնելու բոլոր հայկական դպրոցները: Գիմնազիան ավարտելուց հետո Շուշանիկը ծրագրեց մեկնել Մոսկվա` կրթությունը շարունակելու, բայց նրա բոլոր պլանները հօդս ցնդեցին. այն անձը, ով խոստացել էր նրան աջակցել ընդունելության հարցերում, ձերբակալվեց և աքսորվեց` իր հետ տանելով Շուշանիկի՝ բարձրագույն կրթություն ստանալու երազանքը:
Շուտով կրթություն ստանալու ծրագրերը փոխարինվեցին ամուսնությամբ: 1897-ին Շուշանիկն ամուսնացավ վաճառական և թաքնված սոցիալիստ Արշակ Կուրղինյանի հետ։ Նրանք երեք զավակ ունեցան՝ Անուշը, Շավարշը և Արշամը:
Շուշանիկի վաղ շրջանի նամակներն ամուսնուն՝ հետաքրքրական են. դրանք ցույց են տալիս, թե որքան սիրահարված էր նա ամուսնուն, ով իր հերթին` չնայած հասարակության հետադիմական հայացքներին, մեծապես աջակցում էր կնոջը՝ գրողի գործունեություն ծավալելու հարցում:
1890-ականների վերջից Շուշանիկը սկսեց երևալ հայ գրական շրջանակներում և 1899-ին հրատարակեց իր առաջին բանաստեղծությունը Թիֆլիսի «Տարազ» հանդեսում (խմբագիրը Տիգրան Նազարյանն էր): Այս շրջանում նա այդքան շատ չէր գրում և իր բանաստեղծական ոճն ավելի լիրիկական և զգայական էին. նա խոսում էր իր «բազմաչարչար ժողովրդի վշտի» և «հայրենիքի ձյունածածկ լեռների և հորդառատ գետերի» մասին։ 1903-ին Շուշանիկը որոշեց տեղափոխվել Մոսկվա. ցարական կառավարությունը լրտեսում էր նրան իր սոցիալիստական գաղափարների պատճառով և ամենաապահով տարբերակն Ալեքսանդրապոլը լքելն էր։ Սակայն ճանապարհորդության ընթացքում նրա երեխաները հիվանդացան և Շուշանիկն ու ամուսինը որոշեցին հաստավել Դոնի Ռոստովում։
20-րդ դարի սկզբում Դոնի Ռոստովը Ցարական Ռուսաստանի արդյունաբերական կենտրոններից մեկն էր, որով պայմանավորված քանակապես ավելացել էր բանվորական դասակարգը և բնակչությունն ապրում էր վատ կենսապայմաններում։ Որպես ցածր սոցիալական խավի ներկայացուցիչ, ով դեռ մանկուց ճաշակել էր անարադարության դառը պտուղները, Շուշանիկը միանգամից ապրումակցեց բանվորական դասակարգին։ Ինչպես նշում է իր ինքնակենսագրականում, ազդված լինելով 1905-ի ձախողված հեղափոխությունից, նա բանաստեղծի զարթոնք ապրեց և վերածնվեց ու ակտիվորեն սկսեց գրել աշխատավորների տառապանքների մասին։
Հատվածներ «Բանւորները» բանաստեղծությունից
Այդ մե՜նք ենք գալիս՝
Մաշուած բաճկոններ, իւղոտ ու մրոտ,
Տրորուած գտակ, աղտոտ մազերով,
Մեծ մասամբ դեղնած, գծուծ եւ բոկոտ,
Երբեմն տժգոյն, երբեմն անխռով.
Երբեմն քաղցի, լուռ տառապանքի
Սեւ կնճիռների անջինջ կնիքով,
Երբեմն ըմբոստ արհամարհանքի,
Անզուսպ զայրոյթի վրէժի թոյնով.
Դեռ վաղ ծերացած հոգեմաշ ցաւից,
Լոյսի, թարմ օդի տենչանք դէմքերիս
Ու մարդավայել ապրելու յոյսից,
Դեռ խո՜ր վէրքերի կսկիծ սրտերիս՝
Այդ մե՜նք ենք գալիս․․․
***
Հա՜, մենք ենք գալիս
Դարեւոր վշտի զրկանքի բովից,
Հալածանքների, գարշ ստրկութեան
Մոռացուած խաւից՝
Կրծքով փշրելու փառքը տիրողին,
Գահը բռնութեան, ստրուկի շղթան,
Նոր ուղի հարթել մեր նմաններին,
Արժանի կոչման, հաւասարութեան՝
Այդպէ՜ս ենք գալիս․․․։
Շուշանիկի այս շրջանի բանաստեղծությունները համարձակ են և անկեղծ։ Նա խոսում է աշխատավորների դժվարություններից, բարձրաձայնում նրանց դաժան աշխատանքային պայմանների մասին։ Իր՝ «Հանգցրեք ջահերը» բանաստեղծությունում նա բացահայտ կերպով քննադատում է հարուստներին, ովքեր առատ սեղանների առջև վայելում են կյանքը, մինչդեռ աղքատները սովամահ են լինում և տառապում:
Հատված «Հանգցրե’ք ջահերը» բանաստեղծությունից
Դուք տո՜ն եք տոնում խրոխտ թնդացնում
Ուրա՜խ քրքիջով բարձր պատերը,
Որոնց վրայից քաղցած, անխնդում
Ընկավ թշվառը, փշրեց ոտքերը…
Եվ լապտեր-ջահեր շողում են պայծառ
Ու լույս տարածում ձեր կուշտ դեմքերին՝
Մինչդեռ խիղճերդ կա՜րծր է ինչպես ժայռ —
Մշտական խավար՝ սրտերիդ բաժին։
Հանգցրե՜ք ջահերը…
Եվ թո՜ղ շարեշար ձեր ճոխ սեղանի
Շուրջը հավաքվեն քաղցած ու տկլոր
Անտեր որբերը այն թշվառների՝
Որոնց դուք թողիք առանց հոր ու մոր։
Եվ թող շարեշար գծուծ, ոտաբաց
Շեմքերիդ լիզող հավաքվեն մայրեր,
Որ փողոց ընկան մուրալու չոր հաց,
Ու ձեր պալատում փնտրեն շիրիմներ
Այն բանվորների — ում կյանքի գնով
Երկինք բարձրացան շքեղ տներիդ
Բարձր պատերը ճարտար քանդակով
Վարդակ լինելու փարթամ կյանքերիդ։
Այնուամենայնիվ, Կուրղինյանի բանաստեղծությունների ամենակարևոր թեմաներից մեկը, որ կարծես թե մոռացվել է տարիների ընթացքում, կանանց իրավունքների և զորացման թեման է։ Իր հեղափոխական բանաստեղծությունների կողքին, Կուրղինյանն ազատություն էր պահանջում հայ կանանց համար և խոսում կանանց վերաբերող մի շարք խնդիրների մասին, ներառյալ երիտասարդ աղախինների կարգավիճակի, աշխատավոր կանանց և մարմնավաճառների մասին։ Իր մի շարք բանաստեղծություններում, ինչպիսիք են՝ «Միթե», «Դերձակուհին» և «Որպես քնքուշ մայիսյան վարդ»-ը, Շուշանիկը բողոքում է հասարակության բարքերից և ընտանիքում կնոջ հաստատված դերից։ Նա հայ կանանց համախմբման կոչ է անում, խրախուսում պայքարել իրենց իրավունքների համար և կոտրել հայրիշխանական ավանդույթները։
Հատված «Մի՞թե» բանաստեղծությունից
Ես լալ չգիտեմ. բայց կուլամ հաճախ քե՜զ համար, հայ կին.
Թշվառ, ցավատանջ քո ստրուկ կյանքը, բախտն ու վիճակ։
Ապշության հասած քո համբերությունն ու քնած հոգին
Վերքս է հարազատ, ցավս անգունակ։
Լսե՞լ եք մարդիկ, դու՜ք՝ քարսիտ մարդիկ, երգն օրորոցի.
Որ մենակ չոքած հայ կինն է երգում, օրրում իր մանկան.
Այդ երգը՝ անխոսք շարավն է խորունկ ու անբուժ խոցի,
Որ հասցրել է բիրտ կյանքը մարդկան։
Այդ երգը՝ անխոսք թե հարուստ տան մեջ և թե խրճիթում
Մի սրտաճմլիկ մահերգ է կասես թաղած հուշերի՝
Որի միալար ելևէջի հետ արցունքը կաթում,
Ավիրում է ջինջ փայլը ջահել թշերի։
Շուշանիկը նաև անդրադառնում է կանանց առարկայացման թեմային։ Իր «Ծախվածը» բանաստեղծությունում նա պատմում է մի երիտասարդ աղջկա մասին, որին ծնողներն առանց իր թույլտվության վաճառում են հարուստ տղամարդու։ Բանաստեղծության միջոցով Կուրղինյանը ներկայացնում է երիտասարդ աղջիկների տխուր դրությունը, և հետո խոսում «գործարքի» հետևաքների մասին։
Հատված «Ծախվածը» բանաստեղծությունից
Նա շատ ջահել էր, աչագեղ, քնքուշ,
Մանկական ժպիտ կար անբիծ դեմքին.
Միշտ մորն էր օգնում և ձայնով անուշ
Անվիշտ երգում էր― կայտառ էր հոգին։
Մի օր ծախեցին նրան լավ գնով՝
Հարուստ աղայի կին պիտի դառնար.
Եվ կոպիտ հայրը տուն եկավ գինով,
Վրդովեց կույսի քունն ու դադար։
***
Անցան տարիներ․․․ մի օր ես նրան
Տեսա այլակերպ, հիվանդ, նիհարած․․․
Նա ուխտ էր եկել հինավուրց մատրան՝
Խնկով ու մոմով, ծոմ ու պաս պահած։
Կուրղինյանի ամենաազդեցիկ բանաստեղծություններից մեկը՝ «Ապրել եմ ուզում»-ը, նրա՝ կանանց հավասարության պայքարի մեկ այլ վառ օրինակ է։ Այստեղ նա անվախորեն արտահայտում է տղամարդկանց կողքին հավասարապես կանգնելու իր ցանկությունը և պահանջում ազատ արտահայտվելու իրավունք՝ առանց հասարակության քննադատության։
Ապրել եմ ուզում
Ապրել եմ ուզում, բայց ո՛չ մեղկ կյանքով,
Անհայտության մեջ, անշահ, բթամիտ,
Կամ արդ ու զարդին գերի ողջ մտքով՝
Որպես թույլ էակ, քնքուշ ու վտիտ. ―
Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր
Ով դուք այր մարդիկ, ուժեղ եւ համառ,
Փորձանքի դիմաց՝ առողջ, մտավոր
Կատարելությամբ եւ մարմնով կայտառ։
Սիրել եմ ուզում՝ անկե՜ղծ, անդիմակ ―
Ձեզ պես ինքնիշխան. որ երբ սիրեցի՝
Երգեմ աշխարհին իմ սիրո նվագ
Եվ սիրտս բանամ, սիրտս կանացի՝
Ամբոխի առաջ․․․ նրա խիստ դատին
Արհամարհանքի դիմեմ վահանով
Եվ սո՜ւր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննվաճ թափով։
Գործել եմ ուզում ձեզ հետ հավասար,
Որպես ամբոխի հարազատ անդամ.
Եվ անկախության իդեալի համար
Թող գիշեր ցերեկ, միշտ, ամեն անգամ
Կրեմ հալածանք, երկրե-երկիր
Թափառեմ, տոկամ․․․ եւ թող տանջանքի
Բեռը ինձ ճնշե թեեւ տարագիր
Միայն՝ ձեռք բերեմ իմաստը կյանքի։
Ուտել եմ ուզում՝ հանգիստ ձեզ նման՝
Այն արդար հացից ― որին ճարելու
Սուրբ աշխատանքին տվի իմ լուման.
Գոյության կռվում խոնարհ եւ հլու
Ամոթ չզգալով օրհնած վաստակից
Թող թափեմ աղի քրտինք-արտասուք
Ապրուստիս՝ բանվոր իմ ժիր ձեռքերից
Հոսե ալ արյուն, հոգնե իմ թիկունք։
Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան
Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով.
Որ անմտորեն, առանց գթության
Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով․․․
Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած ―
Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ ―
Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած
Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ․․
Կուրղինյանի բանաստեղծական զարթոնքը նրան ձևավորեց որպես գրող։ 1907-ին Ալեքսանդր Մյասնիկյանի աջակցությամբ, ով ավելի ուշ պիտի դառնար Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավարը, Շուշանիկը Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստովի մոտակայքում գտնվող քաղաք, մեծապես բնակեցված հայերով) հրատարակեց իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ վերնագրված «Արշալույսի ղողանջներ»: Այս շրջանում, չնայած դժվար սոցիալական պայմաններին, Շուշանիկն ակտիվորեն անդամակցում էր ընդհատակյա պրոլետարական խմբերի և համարում էր, որ իր գրականությունը «բացառապես քաղաքական է»։ 1907-ին նրան այցելեց Ավետիք Իսահակյանը, ով ավելի ուշ իր հուշերում պատմում է, որ Կուրղինյանն իր վրա թողեց «խորհրդավոր տպավորություն»։
«Նա երևաց որպես մի իսկական Սիբիլ, կախարդուհի, գուշակուհի, նիհար, բարձրահասակ, ջղուտ, ֆոսֆորային աչքերով, միանգամայն հեռու ընտանեկան հանգամանքներից։ Սենյակը՝ խառնափնթոր, ոչ մի տնտեսուու ձեռք՝ առարկաների վրա, տան մեջ. տունը գնում էր ինքնահոսով. ինքը կլանված էր միայն իր բանաստեղծություններով, իր երազներով, գրքե՜ր, գրքե՜ր, թերթե՜ր… Ամուսնություն, ընտանիք, նրա համար չէր թեև խորունկ սիրող մայր էր և գիտեր, որ իր կոչումը այլ է և ցավագնորեն ապրում էր այդ ողբերգությունը…»
«Արշալույսի ղողանջներ» ժողովածուն հրատարակելուց հետո Շուշանիկը ևս մեկը պատրաստեց, սակայն այն գրաքննության ենթարակվեց Ցարական Ռուսաստանի իշխանությունների կողմից և չտպվեց՝ իր սոցիալիստական գաղափարախոսության պատճառով։
Չնայած կյանքի մեծ մասը Շուշանիկն անցկացրեց Ռուսաստանում, նա մշտապես կապի մեջ էր հայ մտավորականների հետ։ Նրա արխիվում կա նամակագրություն Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ղազարոս Աղայանի, դերասաններ Վրթանես Փափազյանի և Հովհաննես Զարիֆյանի, արվեստաբան Գարեգին Լևոնյանի հետ։ Կուրղինյանը նաև տեղյակ էր պոլսահայ կին գրողների գործունեությունից և մտերիմ էր գրող և լրագրող Արշակուհի Թեոդիկի հետ։
1910-ին Շուշանիկի մոտ առողջական խնդիրներ առաջացան և նա մի քանի տարի անցակացրեց տարբեր առողջարաններում։ 1915-ի Հայոց Մեծ Եղեռնն ու հայ ժողովրդի տառապանքները նրա վրա մեծ ազդեցություն թողեցին և վերջինս սկսեց բանաստեղծություններ գրել փրկվածների և նրանց դժվարությունների մասին։ Շուշանիկ Կուրղինյանը նաև պիեսներ է գրել։ Դերասան Հովհաննես Զարիֆյանի հետ ունեցած իր նամակագրությունից հայտնի է, որ նպատակ կար իր պիեսներից մեկը բեմադրելու։ Այնուամենայնիվ, դա երբեք տեղի չունեցավ։
1921-ին Ալեքսանդր Մյասնիկյանը Շուշանիկին հրավիրեց նորաստեղծ Խորհրդային Հայաստան, որպեսզի վերջինս մասնակցի հայ ժողովրդի վերածնունդին։ Շուշանիկն ի սրտե հավատում էր, որ բոլշևիկները կկառուցեն Հայաստանը և միանգամից տեղափոխվեց Երևան։ Սակայն վերջինս ապրում էր վատ պայմաններում, ինչն էլ ավելի խորացրեց առողջական խնդիրները։ Աղջկան գրած նամակներում Շուշանիկն անընդհատ բողոքում է իր ֆինանսական դրությունից և վատթարացող առողջությունից, մեղադրում խորհրդային ղեկավարությանն իր մասին պատշաճ կերպով հոգ չտանելու համար։
1925-ին Շուշանիկը մեկնեց Մոսկվա՝ բուժում ստանալու նպատակով և հետո կրկին վերադարձավ Հայաստան։ Նա մահացավ 1927-ի նոյեմբերի 24-ին՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն։
Շուշանիկ Կուրղինյան. առաջ և հիմա
Խորհրդային շրջանում Շուշանիկ Կուրղինյանը սիրված բանաստեղծ էր։ Որպես Ռուսական հեղափոխության և սոցիալիստական գաղափարախոսության աջակից, նա համարվում էր Հայաստանում պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Մարքսիստ գրական քննադատ Բախշի Իշխանյանը վերջինիս համեմատում էր իր ժամանակակիցների՝ գրող Հակոբ Հակոբյանի (1866-1937) և իտալացի բանաստեղծ Ադա Նեգրիի (1870-1945) հետ։ Խորհրդային ղեկավարությունը Կուրղինյանի գրականությունը ներառել էր դպրոցական ուսումնական ծրագրում և տարբեր տարիներին աջակցել նրա բանաստեղծությունների տպագրությանը։ 1939-ին Կուրղինյանի դստեր՝ Անուշի օգնությամբ հրատարակվեց գրողի երկրորդ բանաստեղծական ժողովածուն։ Նմանատիպ ժողովածուներ նաև տպագրվեցին 1947-ից 1955 թվականն ընկած ժամանակահատվածում։
1955-ին խորհրդային գրաքննադատ Հովհաննես Ղազարյանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջոցով հրատարակեց Կուրղինյանի գրականության մասին մենագրությունը, իսկ 1981-ին ակադեմիան հրատարակեց գրողի բանաստեղծությունների ևս մեկ ժողովածու՝ ներառելով նաև անտիպ գործեր, նամակներ և պատմվածքներ։
1976-ին Կուրղինյանի կերպարը հայտնվեց ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմում, որը պատմում է Ալեքսանդր Մյասնիկյանի մասին, ով վերադառնում է իր հայրենիք՝ օգնելու կառուցել Խորհրդային Հայաստանը։
Չնայած խորհրդային ղեկավարությունը մեծ տեղ էր տալիս Շուշանիկի հեղափոխական բանաստեղծություններին, կանանց վերաբերյալ նրա բանաստեղծությունները մեծապես անտեսված էին և երբեք չեն դիտարկվել 1900-ականների ֆեմինիստական գաղափարախոսության տիրույթում։ «Հայ կանանց գրականության պատմություն. 1880-1922 թվականներ» գրքում Վիկտորիա Րոուին գրում է.
«Խորհրդային գրաքննադատությունն անտեսել է Կուրղինյանի գրականության այն ասպեկտները, որոնք անդրադառնում էին գենդերային հարցերին, քանի որ ըստ իրենց՝ սոցիալիստական հասարակությունը պիտի վերացներ կանանց խնդիրները, իսկ դրան առնչվող ցանկացած անդրադարձ դատապարտվում էր որպես «բուրժուական» գաղափարախոսություն»։
Խորհրդային Միության փլուզումից հետո Շուշանիկ Կուրղինյանն անհետացավ հայ գրական շրջանակներից և մեծապես մոռացվեց։
2003-ին գրող, թարգմանիչ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Շուշան Ավագյանն անգլերեն թարգմանեց Կուրղինյանի բանաստեղծությունների մի ստվար զանգված։ Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց մոռացված գրողի շուրջ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թույլ տվեց Կուրղինյանին ճանաչել նաև որպես ֆեմինիստ գրող։
Շուշան Ավագյանը պատմում է, որ Կուրղինյանի մասին դպրոցից է իմացել.
«Մենք ավագ դպրոցի դասագրքում Կուրղինյանի մասին տեքստ ունեինք։ Երբ հարցրեցի ուսուցչիս, թե ինչու չենք կարդում իր ստեղծագործությունները, վերջինս ասաց, որ Կուրղինյանը «կարևոր գրող չէր»։
Տարիներ հետո Իլինոյսի համալսարանում կանանց գրականությունն ուսումնասիրելիս՝ Շուշան Ավագյանը բացահայտեց կին հեղինակների և ֆեմինիստների կողմից գրված բազմաթիվ ստեղծագործություններ՝ նախորդ դարերից մինչ մեր օրեր։ Նրանցից ոչ մեկը հայ չէր։
«Զգում էի, որ մի բան պակասում է, ու այդ ժամանակ Կուրղինյանի կերպարը հիշեցի և դա փոխեց կյանքս… նա առեղծվածային, անհասկանալի կերպար էր, ում ժառանգությունն ուզում էի հետ բերել մոռացությունից»- ասում է Ավագյանը։
Պատմում է, որ սկզբից վախենում էր հիասթափվել Կուրղինյանի գրականությունից, բայց շատ շուտով տարվեց նրա «ձայնի ուժով», նրա «խորը լավատեսությամբ»։ Որոշեց թարգմանել բանաստեղծություններն անգլերեն։
«Ուզում էի Շուշանիկ Կուրղինյանի ժառանգությունը կիսել աշխարհի հետ,- ասում է Ավագյանը՝ հավելելով,- Նաև ճանապարհ էի փնտրում ինքս ինձ ավելի լավ հասկանալու։ Թարգմանության միջոցով ուզում էի գտնել իմ սեփական ձայնը»։
Բացի թարգմանություններ անելուց, Շուշան Ավագյանը փորձել է Կուրղինյանին վերհանել նաև արվեստի միջոցով․
«Տարիներ առաջ, կարծեմ 2012-ին էր, մի տեսանյութ տեսա Մանվել Մելքոնյան անունով անձի մասին։ Նա հաշմանդամություն ուներ և ապրում էր մի կիսաքանդ տանը՝ Գյումրի քաղաքում, Պուշկինի փողոցի վրա։ Պնդում էր, որ այդ տանն ապրել է Կուրղինյանը։ Ես զուգընկերոջս հետ Գյումրի գնացի։ Մանվելը մեզ ցույց տվեց տունը, և մենք այն ամբողջությամբ լուսանկարեցինք»։
Մի քանի ամիս անց՝ 2012-ին, Գյումրու 8-րդ միջազգային բիենալեի ժամանակ Շուշան Ավագյանն օգտագործեց լուսանկարները և Դևիդ Հոկնիի ոճով կոլաժ-ինստալյացիա պատրաստեց՝ վերնագրելով՝ «Շուշանիկ Կուրղինյանը լքեց այս տունը 1905-ին»։
«Ես վերակառուցեցի իր տունը՝ օգտագործելով այդ լուսանկարները, հետո այն ներկայացրեցի Վիեննայի արվեստի համալսարանի սիմպոզիումի ժամանակ։ Իսկ 2013-ին դրանք ցուցադրեցի ՆՓԱԿ-ում՝ Վիգեն Բերբերյանի կողմից կազմակերպված միգրացիային և արտագաղթին առնչվող պանելային քննարկմանը։ Ես շարունակեցի «վերակառուցել» Կուրղինյանի տունը թղթի վրա՝ փորձելով մարդկանց ուշադրությունը հրավիրել և հիշեցնել, որ չունենք Շուշանիկ Կուրղինյանի տուն-թանգարան»,- ասում է Շուշան Ավագյանը։
Կուրղինյանի տունն այսօր լքված է։ Սեփականատերերը հայտնի չեն, իսկ պետությունը կարծես հետաքրքրված չէ պահպանելու այն։
Շուշանիկ Կուրղինյանի արխիվը` ներառյալ իր ձեռագրերը, լուսանկարները, անձնական փաստաթղթերն ու գրքերը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Նրա գերեզմանը՝ փոքրիկ կիսանդրիով, տեղակայված է Կոմիտասի այգում՝ պանթեոնից դուրս։ Երևանում կա իր անվամբ գրադարան, իսկ Գյումրիում՝ դպրոց։ Կուրղինյանի ժառանգությանը երբեմն անդրադառնում են ֆեմինիստական շրջանակները, սակայն նրա կյանքն ու գործունեությունը դեռևս անծանոթ են շատերին։
Հատուկ շնորհակալություն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Լուսանկարները՝ թանգարանում պահպանվող Շուշանիկ Կուրղինյանի ֆոնդից։
Հղումներ.
Կուրղինյան Շ., Ինքնակենսագրական, անտիպ։
Իսահակյան Ա., Երկերի Ժողովածու, հատոր V։ Սովետական Գրող, Երևան, 1977:
Միրզաբեկյան Մ., Գրական Ժառանգություն 15. Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1981։

Շուշանիկ Կուրղինյանը (Փոփոլջյանցը) դպրոցում:

Կուրղինյանն ամուսնու և երեխաների հետ, 1907:

Շուշանիկ Կուրղինյանը, 1907:

Շուշանիկ Կուրղինյանը, 1908:

Շուշանիկ Կուրղինյանը, 1908:

Կուրղինյանն ամուսնու՝ Արշակի հետ, 1909:

Կուրղինյանը երեխաների հետ (լուսանկարի մյուս կինն անհայտ է), 1908:

Կուրղինյանը գրող Վրթանես Փափազյանի հետ, 1913:

Կուրղինյանը 1915-ին:
Պատմության մոռացված էջերից
Պատմության մոռացված էջերից. Լուիզա Ասլանյանի Դիմադրությունը
Թավրիզից Փարիզ, դիմադրությունից նացիստական համակենտրոնացման ճամբար... սա է Լուիզա Ասլանյանի պատմությունը `մի հայ կնոջ, ում համոզմունքները, նվիրվածությունն ու խոսքերը հիմնականում մոռացվել են:
Read moreՊատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ
Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին...
Read moreՊատմության մոռացված էջերից. Լէօլա Սասունիի կյանքի ուղին
Արփինե Հարոյանը բացահայտում է Լէօլա Սասունիի կյանքը, ով ծնված լինելով Օսմանյան կայսրության մի փոքր քաղաքում պայքարել է Հայաստանի առաջին Հանրապատության անկախության համար, և անմնացորդ նվիրվել իր ժողովրդին ու հայրենիքին:
Read moreԿարդացեք նաև
«Մասնակից ընել իմ յոյսերուս»․ Զապել Եսայանի անտիպ նամակը
Հեղինակի տատիկի թղթապանակից գտնված Զապել Եսայանի նամակը, որը մինչ օրս դուրս է մնացել նամականիներից, յուրահատուկ հնարավորություն է ստեղծում բացահայտել Եսայանի ներհայեցողության և ինքնաճանաչման խորքը, նրա հուզականությունն ու լայնախոհությունը, պատահած վատ դեպքերը մոռացության մատնելու, դժվարությունների մեջ միայն բարիքն ու դրանով զգացած ուրախությունները գտնելու և պահելու կարողությունը։
Read moreՄարիամ Շահինեան. ստվերից դուրս
Թուրքիայի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարչուհի Մարիամ Շահինեանի նորօրյա բացահայտումով մի խումբ կանայք ոգեշնչվում և համագործակցելով փորձում են վերծանել ստվերում մնացած պատմության այս էջը։
Read moreՄարիամ և Երանուհի Ասլամազյաններ. Սովետական Միության սիրելի արվեստագետները
Մարիամ և Երանուհի Ասլամազյանները Սովետական Հայաստանի ամենաճանաչված կին արվեստագետներից են։ Իրենց ստեղծագործական ուղու ընթացքում քույրերն արվեստի աշխարհում մի շարք կարծրատիպեր կոտրեցին՝ հետագա սերունդներին թողնելով մեծ ժառանգություն։
Read moreԶաբել Եսայան․ արդարության հույսը՝ լուցկու տուփին ի պահ տված
Սեդա Գրիգորյանն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվում գտնվող Զաբել Եսայանի դատավարության փաստաթղթերը՝ 1939-ի գնդակահարության դատավճիռը, 1957-ի հետմահու արդարացվումը։ «..․ ես ավելի դժբախտ եմ, քան որևէ հանցագործ կին», դատարանում հայտարարել էր Եսայանը:
Read moreEVN Report
Մեդիա փառատոն

Այս քննարկումը կուսումնասիրի պատմվածքի կենսական դերն անձնական փորձառությունների և հավաքական պատմության պահպանման գործում: Տարբեր ձայների հավաքագրմամբ և արխիվացմամբ հայտնի «ՍթորիՔորփս» (StoryCorps) կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը կուսումնասիրի հիշողությունների ձայնագրման ուժը՝ խթանելու կարեկցանքը, հասկացողությունը և ներառականությունը:
Գրանցվեք այստեղ։
Ամբողջ ծրագրին ծանոթացեք այստեղ։