
Էմիգրացիա։ Հայկական տրանսգենետիկ հիշողություն մեջ այս եզրույթը, հավանաբար, կարթնացնի պատմության էջերում սահմանված` պանդուխտ, սփյուռք, տարագիր և էմիգրացիան բնորոշող իրողությունների արձագանքները։ Թեև ընդունված է համարել, որ չկան միանման արտագաղթեր, բայց կա ընդհանուր միջուկ, որը հիշեցնում է սեպարացիա` անջատում։ Նոր նույնականացում, որը պիտի անցնի անջատման վախերի, երեկվա — վաղվա, սիրո — ատելության, հուզական սնանկացման ու ամբիվալենտության ճանապարհներով։
2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը,
որի հետևանքով մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ լքեցին Ռուսաստանը։
Նրանցից շատերը տեղ գտան Հայաստանում։


Յան Շենկման,
գրող, լրագրող

Ես երբեք չեմ պլանավորել մեկնել Ռուսաստանից, բայց անցած տարվա փետրվարի 24-ին հասկացա` աղետից հետո նախկին կյանքն ավարտված է։ Դա տոտալ պարտության զգացողություն էր, երբ հասկանում ես, որ ամբողջությամբ տանուլ ես տվել։
Մինչ ռուս- ուկրաինական պատերազմն էլ իմ կյանքը հոգեբանական առումով բարդ էր։ Ես աշխատում էի քաղաքական ընդդիմադիր օրաթերթում։ Ի տարբերություն իմ շատ հայրենակիցների` տեղյակ էի բացասական իրողություններից, որ տեղի էին ունենում մեր երկրում։ Աշխատանքն իմ դաշտում շատ նյարդային էր։ Քո սեփական ապրումներից զատ` արագ փոփոխվող դեպքերին պետք էր օպերատիվ արձագանքել, բայց երբեմն չես էլ հասցնում վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ, ինչ վտանգներով է հղի իրադարձությունը և ինքդ էլ հայտնվում ես այդ դեպքերի ճնշման ներքո։ Դժվար էր նաև այն առումով, որ դու կամ գործընկերներդ հասկանում եք իրողությունների բարդությունը, բայց հասարակության մեծամասնության կարծիքով` ամեն ինչ կարգին է։ Դա պարադոքս է առաջացնում։ Սկսում ես ավելի բարձր բղավել աղետի մասին, քեզ ասում են` նման բան չկա, դա քեզ թվում է։ Սովորական մարդկանց տեսանկյունից` հիմարությամբ ես զբաղված, ամենը հորինել ես։ Անիմաստ վատնում ես ժամանակդ, հույզերդ։ Նման հակասությունը խիստ բացասական է ներգործում հոգեկանիդ վրա։ Բայց դեռ կար խթան մնալու։ Ես ու ինձ նման շատերը փորձում էինք ինչ-որ բան փոխել։ Երբ տեսնում ես, որ մեկը վատ է ու դու կարող ես այ այսքան օգնել, փորձում ես անել դա։ Պետք էր միջոցներ ձեռնարկել. հակապատերազմական նյութեր հրապարակել… Քանի դեռ այդ հնարավորությունը կար, ես մնում էի Ռուսաստանում։ Երբ պատերազմը սկսվեց, հասկացա, որ իմ բոլոր ճանապարհները փակ են։
Սա չի նշանակում, որ դրանք փակված էին ամբողջովին կամ բոլորի համար։ Այլ բուն ինձ համար։ Եթե ես բժիշկ լինեի, կմնայի և մտքովս չէր անցնի մեկնել։ Իմ բոլոր անկետաներում ես գրում եմ, որ լքել եմ Ռուսաստանը մասնագիտական գործունեության իրագործման անհնարինության պատճառով։ Ռուսաստանում շարունակում են հրապարակվել շատ նյութեր էլիտար կյանքի, համակարգչային խաղերի, առողջապահության մասին, բայց լրագրությունն այնպիսի մասնագիտություն է, որը կապված է անձի դարսվածքի հետ։ Չէի կարող այն լրագրությամբ զբաղվել, որով զբաղվում էի ես։ Եթե անգամ շատ ցանկանայի ինչ-որ կերպ փոխվել և տեղավորվել աշխատելու որևէ տեղական մեդիայում, հրաժարվեի իմ գաղափարներից, միևնույն է, ինձ մոտ ոչինչ չէր ստացվի։ Իմ ռեզյումեով ինձ ոչ մի տեղ չէին վերցնի։ Սա ոչ թե Ռուսաստանի հետ կապի կորուստն է, այլ կյանքի գաղափարախոսության։ Ինչպես Խորհրդային փլուզումից հետո, գաղափարախոսությունը փոխվեց և դա էլ ոչ ոքի պետք չէր։ Դիակը վերակենդանացնելու փորձերն անիմաստ են։
Մեկնելուս մյուս պատճառը վախն էր։ Ինձ վախեցնում էր խիստ անառողջ, նյարդային ու ագրեսիվ մթնոլորտը։ Ես վախեցա, որ հոգեկանս չի դիմանա այդ ճնշմանը, կկոտրվեմ։ Դրա մասին քիչ են գրում, բայց առաջին ամիսներին, երբ պատերազմը սկսվեց, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի հոգեբուժարանները լցվել էին հիվանդներով։ Մարդիկ չէին դիմանում։
Հանրային վերաբերմունքի, մեղքի զգացումի և պատասխանատվության հետ կապված, այլ կլիներ իրավիճակը, եթե քո երկրի վրա հարձակված լինեին, թեև դա էլ է աղետ, ողբերգություն է, բայց այդ դեպքում չես ունենում այն զգացողությունը, որ դու չարիքի կողմից ես հանդես գալիս։

Այստեղ մեկնելուց հետո, առաջին երկու ամիսները դժվար էին, ոչ նրանից, որ ինչ-որ բան եմ կորցրել. այդ կորուստը հենց սկզբից ընդունել էի։ Ես մտահոգվում էի` արդյո՞ք ճիշտ եմ վարվել։ Ամենաբարդը` բացարձակ անորոշ ապագան էր։ Շատերս առաջին ամիսներին չգիտեինք անգամ, թե որ երկրում ենք հայտնվելու, ինչ միջոցներով և որտեղ ենք ապրելու, հատկապես նկատի ունենալով փաստաթղթերի բացակայությունը։ Անորոշությունը մեծ էր։ Բայց ինչքան գնում, այնքան ավելի շատ էին հայտնվում փոքրիկ փարոսներ, հենակետեր։ Այնպիսի գործոններ էին ի հայտ գալիս, որոնցից կարելի էր կառչել։ Նոր ծանոթություններ էին ստեղծվում, ինչ-որ մեկին հաջողվում էր բնակարան վարձել, մյուսն աշխատանք էր գտնում, մեկ ուրիշը փաստաթղթեր էր ձեռք բերում կամ այլ խնդիր լուծում։

Էմիգրանտների մի մաս կա, որ շատ է ուզում վերադառնալ։ Կարծում եմ, որ սա ոչ այնքան հայրենասիրություն է, որքան սովորության խնդիր։ Սա ցանկություն է վերադառնալ այն կարգավորված կենցաղին, տանը, ընկերներին, միջավայրին, որին սովոր ես։ Այդ կապերը կտրել դժվար է։ Ինձ ավելի հեշտ էր, քանի որ ես, փաստացի, մենակ եմ, ընտանիք չունեմ, ծնողներս մահացել են։
Առաջին ամիսներին շատերի մոտ ձևավորվել էր մի սովորույթ, որին անվանում էին “эмиграция выходного дня” (արձակուրդային էմիգրացիա)։ Երբ էմիգրանտն ամիսը մի քանի անգամ վերադառնում էր Ռուսաստան, որպեսզի հաղթահարեր հարմարման բարդությունները։ Թերևս քիչ չեն մարդիկ ովքեր պարզապես հետ գնացին։ Նրանք որոշեցին, որ իրենք սխալվել են մեկնելով։ Որոշներն ավելի կառուցողական գտնվեցին. մինչ մեկնելը Ռուսաստանից, փորձեցին աշխատանք փնտրել, նախապես ամեն ինչ կարգավորել` փաստաթղթեր, բիզնես պլան… և ոչ թե մեկնել մեկ ճամպրուկով, ինչպես ես։ Բայց, իրականում, թեև արդեն մեկ տարուց ավել է անցել, մեծամասնությունը դեռ չգիտի ինչ է անելու։ Հոգեբաններից մեկն ասում էր. «այցելուները բողոքում են, թե իրենց մոտ հետտրավմատիկ սթրես է, իսկ ես նրանց բացատրում եմ, որ չի կարող հետտրավմատիկ սթրես լինել, քանի դեռ տրավման շարունակվում է։ Դեռ ոչինչ չի ավարտվել»։
Սա առանձնահատուկ իրավիճակ է։ Շատերը չեն կարողանում նոր կյանք սկսել, քանի դեռ աղետը շարունակվում է, ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ ողջ աշխարհում։ Տպավորություն է, որ հենց սկսես ինչ-որ բան կառուցել, ամեն ինչ կրկին կփոխվի։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը ոչ թե տրավմայից հետո է, այլ հենց տրավման ինքն է։
Այդ առումով, Հայաստանը շատ թերապևտիկ է ներգործում. մարդիկ այստեղ ավելի վատ պայմաններում են արդեն 30 տարի, բայց դրա հետ մեկտեղ իրենց ավելի հանգիստ են պահում։ Ես այստեղ չեմ հանդիպել հիստերիաների կամ զգացմունքային այլ բարդ դրսևորումների։ Տեղացիները կա՛մ սովորել են ապրել սթրեսային պայմաններում կա՛մ գուցե իրենց ապրումները ցույց չեն տալիս։

Ես Հայաստանում մինչ այս էլի մի քանի անգամ եղել եմ։ Որոշակի պատկերացումներ ունեի արդեն երկրի մասին։ Եղել եմ լեռներում, տեսել եմ վանքերը։ Այդ ամենը գեղեցիկ է, իհարկե, բայց շատ վիզուալ մարդ չեմ։ Կերակուրն էլ համեղ է, դեռ Մոսկվայում շատ էի սիրում և փորձում հայկական խոհանոցը։ Ինձ համար դա էկզոտիկա չէր նորության առումով։ Բայց, երբ եկա այստեղ, ամենաուժեղ տպավորությունը թողեցին մարդիկ և ոչ թե բնությունը կամ սնունդը։
Ես կոնտրաստի մեջ էի իմ սթրեսային վիճակի և մարդկանց մոտեցման հակասությունից։ Ոչ ոք չի գնում խնդիրների սրացման, կոնֆլիկտի, բոլորը հանգիստ հարթում են ամեն ինչ։ Շատ տպավորված էի վերաբերմունքի փափկությունից, սա էլ երևի ազգային գիծ է։
Դա միֆ է, որ Կովկասում զգացմունքները պրկված են, բղավում են, վիճում են, կամ բարձրաձայն են արտահայտում իրենց հույզերը։ Կա հակափաստարկ սրա համար. եթե Երևանի «Գումի» շուկա ես մտնում, այնտեղ լուռ է, բոլորը հանգիստ են, կոռեկտ, մեծ արժանապատվությամբ։ Եթե համեմատենք «Գումը» Օդեսայի հանրահայտ “Привоз” շուկայի հետ, ուր գոռում, թևդ են քաշում… ոչ մի նմանություն չկա։ Սա այն է, ինչն ընդհանրապես չի համապատասխանում Կովկասի մասին եղած առասպելներին։


Թեև հասկանում էի, որ Ռուսաստանում շատ հայեր կան, բայց չէի պատկերացնում, որ Հայաստանը, չլինելով սլավոնական պետություն, այսքան զգայուն կապեր ունի ռուսական մշակույթի հետ. շատերն այստեղ ցուցաբերում էին մեծ նրբանկատություն, այնպես, որ չես ունենում զգացողություն, թե հայտնվել ես բացարձակ օտար մշակութային տարածքում։ Նման պարադոքսները շատ էին։ Բոլոր կովկասյան երկրներում սովետական ընդհանուր հիմք կա, իհարկե, բայց Հայաստանը այդ հիմքից կարծես կարևոր մի բան է պահպանել` կոմունալության ջերմությունը։
Հայաստանը մի քիչ արխայիկ, թեքումով դեպի սովետական կամ 90-ականներ, պատրանք է առաջացնում, որ կարելի է վերադառնալ այն կետին, որտեղից ամեն ինչ սկսեց փլուզվել։ Թվում է այն հետ է մնում որոշ հարցերում, բայց, իրականում, լռվել է այնպիսի մի կետում, որի մասին պահպանվել են ջերմ հիշողություններ։ Այստեղ պահպանված սովետական շատ բաներ կան։ Տեսել եմ գորգեր, գրքեր, ինչ ասես, որ ծանոթ են ինձ նախկինից։ Ես մի տուն եմ վարձել, գետնին գորգ կար գցած, նույնությամբ նման այն գորգին, որի վրա ես խաղացել եմ մանուկ ժամանակ։ Մշակութային միջավայրը, անխոս, յուրին է` լեզուն, երաժշտությունը, ամենը, իհարկե նման չեն ռուսականին, բայց չկա օտարության զգացողություն։
Մոսկվայում և՛ հայերը, և՛ հրեաները, հաճախ ապահովված, ինտելեգենտ բժիշկներ, արտիստներ, ուսուցիչներ են։ Ես ու իմ ընկերները մինչ սա՝ ընկալում էինք մյուսներին այնպես, ինչպես դրսևորվում էր իրավիճակը Մոսկվայում։ Բայց դա ընդհանրապես պատկերացում չի տալիս ժողովրդի մասին:
Իսկ այստեղ դու շփվում ես սովորական մարդկանց հետ և հասկանում ես, որ բոլոր հայերը վիրաբույժ կամ ստենդափ հումորիստներ չեն։ Ու բացահայտում ես, որ անգամ չկրթված մարդկանց մոտ, զգացվում է բազմադարյան մշակույթի առկայություն։ Մարդիկ այստեղ իրենց չեն դրսևորում այնպես, ինչպես հայերի մասին ստեղծված անեկդոտներում։
Կա, իհարկե, մի բան, որ խանգարում է ինձ և հասկանում եմ, որ դրանով արդեն ստիպված եմ ապրել մինչև կյանքիս վերջ։ Ես երբևէ չեմ հասկանա այն, ինչ գիտեք դուք։ Երբ մի հայ մյուսին ասի` իսկ հիշում ես, այն կամ այս բանը…, ես չեմ հասկանա` ինչի մասին է խոսքը։ Դուք այստեղ եք ծնվել, մեծացել, դպրոց ավարտել, անցել սարսափելի 90-ականնեով, առաջին պատերազմը, երկրորդը և ես արդեն երբևէ չեմ ունենա նման փորձառություն։

Սա ասում եմ ոչ այն պատճառով, որ շատ եմ սիրում տառապել, այլ առանց այդ փորձի չեմ կարողանա հասկանալ ինչ-որ երանգներ, որ դուք եք ապրել։ Բայց դա կլիներ ամեն երկրում։ Էմիգրացիայի ողբերգությունը ոչ թե ինչ-որ բանի կորուստն է, այլ այն, որ մենք մինչև կյանքի վերջ ինչ-որ տեղ օտար ենք լինելու։
Կա կարծիք, որ էմիգրացիայի առաջին շրջանում մարդկանց մոտ էյֆորիա է լինում և նրանց ամեն ինչ դուր է գալիս սկզբնական փուլում։ Դա այնքան էլ այդպես չէ։ Գիտեմ մարդկանց, որ հենց սկզբից, բավական երկար, մոտ կես տարի տառապում էին։ Դեպրեսիա էր սկսվում, մահճակալից պարզապես չէին բարձրանում։ Ոմանց մոտ այդ էյֆորիան կար, բայց կարճ ժամանակ անց նրանք էլ ընկճվում էին` «տուն եմ ուզում ու վերջ»։ Երիտասարդներին ավելի հեշտ է այս առումով. նրանք հեշտ են յուրացնում նորը և քիչ են կառչում անցյալից։
Մի անգամ մինչև արցունքները ցավոտ էր ինձ համար. երբ գիշերն արթնանում ես, ձեռքդ մեկնում ես վարդակին, որ ըստ սովորության լույսը վառես, ու քնից դեռ լիովին չարթնացած, տեղը չես բերում` թե որտեղ ես, էս ուր ես հայտնվել։





Սկզբնական շրջանում վախը մեծ էր։ Սա մարդկային վախ էր, ոչ թե քաղաքական։ Երբ մշտապես դրա մեջ ես ապրում, դու դա ընդունում ես որպես օրինաչափություն, երբ տեսնում ես, որ կարող է այլ կերպ լինել, սկսում ես մտածել, իսկ ինչ էր կատարվում մինչ այդ ինձ հետ։ Եվ աստիճանաբար վախը թողնում է քեզ։ Մարդը, երբ հայտնվում է անծանոթ տարածքում, իրեն ավելի զգույշ է պահում։ Զգույշ է խանութում, զգույշ է տանը։

Երբ մի օր մոտեցա իմ շենքի մուտքին, մուտքի մոտ կատու էր նստած, նա անգամ չփախավ, պարզապես շարունակեց մնալ իր տեղում։ Իսկ կատուները միշտ փախնում են։ Այսինքն այնքան վստահ էր, որ իրեն չեն նեղացնի։ Ե՛վ կատուները և՛ շները կենտրոնում կարող են պառկած մնալ, դու՛ պետք է շրջանցես նրանց։ Նրանք բացարձակ վստահ են, որ ապահով է։ Ու ես այդ պահին մտածեցի` անգամ կատուն չի վախենում։
Հետաքրքիր է այստեղ նաև այն, որ փողոցում ձեզ մոտ ընդունված չէ փաստաթղթերը ստուգել։ Շատ կազմակերպություններում պարզապես խոսքիդ են վստահում։ Չեմ հիշում, որ փողոցում ինձ ինչ-որ մեկը հրած լինի։
Թերևս, ինձ մոտ ամեն ինչ ավելի հանգիստ էր։ Ես բավական կարճ ժամանակում ադապտացիան անցա։ Հետո աշխատանք գտա, ծանոթություններ, կարգավորվեց կենցաղը։ Հասկացա, որ բավական հաջող եմ անցել գոյատևման առաջին շրջանը։ Բայց երբ ինչ-որ էքստրեմալ իրավիճակի ես բախվում, լարում ես ուժերդ, բոլոր ջանքերը դրան ես ուղղում, չես կարող ողջ կյանքդ այդպես ապրել։ Հարց է ծագում` իսկ հետո՞։ Հիմա ես այդ փուլում եմ։

Ինձ մոտ արդեն քիչ հանգել են գույները։ Դա չի նշանակում, որ շուրջս եղածը դադարել է դուր գալ։ Պարզապես դարձել է սովորական։ Ես կարծես հյուրի կարգավիճակում չեմ արդեն, միջավայրն էլ հյուրի պես չեմ գնահատում։ Այս էտապն էլ իր բարդությունն ունի։ Պետք է որոշումներ կայացնել, ավելի ծանրակշիռ, երկարաժամկետ մոտեցումներ փնտրել։ Կան մարդիկ, որոնց մոտ էյֆորիան անցնում է և իրավիճակը սկսում է դուր չգալ։ Սկզբում ուրախություն էր. փորձանքից ազատվել ես, գոնե տանիք կա գլխիդ։ Հետո պարզվում է՝ այս կամ այն բանն այնպես չի այստեղ, ինչպես Մոսկվայում էր, ոչինչ լավ չի աշխատում, հեռանկար չկա։ Բայց իրականում այդպես կլիներ ամեն պարագայում, իդեալական երկրներ չկան։ Պատասխանը պարզ է. սա Մոսկվան չէ, սա Երևանն է, ինչու այստեղ պետք է լիներ այնպես, ինչպես Մոսկվայում։ Ես հեռացել եմ հենց այն ամենից, ինչ կար Մոսկվայում։ Ինձ հենց դուր է գալիս, որ այստեղ այնպես չէ, ինչպես Մոսկվայում էր։ Կենցաղային խնդիրները, կամ այն, որ անսովոր դանդաղություն կա, որոշ հարմարություններ չկան, դրանք ինձ քիչ են մտահոգում։ Եվ եթե այստեղ չկա այն, ինչ կար Մոսկվայում, ուրեմն պիտի հայտնվի նոր բան հենց այս տեղում։
Ինձ նյարդայնացնում է մարդկանց մղումը պահպանել նախկին կյանքը, քանի որ տեղի է ունեցել հսկայական աղետ, զոհվում են մարդիկ, ամեն ինչ քանդվում է, եթե այս աղետից հետո կյանքն այնպիսին մնա, ինչպես առաջ էր, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, ուրեմն այս ամենն իզուր էր։ Այն, ինչ տեղի ունեցավ, կարելի է արդարացնել մի բանով, որ մենք այսուհետ այլ կերպ ենք ապրելու: