Հանքարդյունաբերության մասին խոսելիս քննարկվում են հիմնականում բնապահպանական, հարկային կամ օրենսդրական բացերը, շահագործման թույլտվությունների տրամադրման թերությունները։ Շատ քիչ են խորքային վերլուծությունները մարդու իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ։ Բնապահպանական հարցերը, որպես կանոն, ներկայացվում են մակերեսորեն՝ «քարի ու թփի», իսկ վերջերս նաև «թիթեռի» պահպանման համատեքստում, և սա հակադրվում է աշխատատեղերի ստեղծման, հարկային մուտքեր ապահովելու «վեհ» գաղափարներին։
Իրավունքներից խոսելիս տրենդային է դարձել նաև հանքարդյունաբերական ընկերությունների ու նրանց բաժնետերերի իրավունքների մասին խոսելը՝ սպառնալով միջազգային արբիտրաժներով ու մեծ տուգանքներով։ Նույն ինտենսիվությամբ, սակայն, չեն քննարկվում այն մարդկանց իրավունքները, որոնց կյանքն անդառնալիորեն փոխվելու է այդ նույն ընկերությունների գործունեության հետևանքով։ Այս հոդվածով կփորձեմ ի մի բերել հանքավայրերի շահագործման հետ կապված իրավական հարցերը ոչ թե օրենսդրական բացերի և այլ թերացումների, այլ հենց իրավունքի տեսանկյունից՝ ինչպես ընկերությունների, այնպես էլ հարակից համայնքների բնակիչների։ Ընդ որում, խնդիրները կձևակերպեմ հայաստանյան իրականությունից վերցված օրինակներով։
Պարզ է, որ հանքարդյունաբերությունը անձեռոցիկի արտադրություն չէ և զուգորդվում է բնությանը հասցվող հարատև վնասով։ Այս մասին գիտեն թե՛ ընկերությունների տնօրինությունը, թե՛ դրանց բաժնետերերը և թե՛ շահագործման թույլտվություններ տվող պետական մարմինները։ Այսինքն, գործունեության այդ տեսակը ի սկզբանե ներդրումների երաշխավորման տեսանկյունից ռիսկային է՝ և ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում է այդպես։ Սա նշանակում է, որ ընկերությունների տնօրինությունը և բաժնետերերը պետք է ճիշտ գնահատեն ռիսկերը։ Հենց այդ պատճառով էլ, ի տարբերություն անձեռոցիկի արտադրության, հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման համար մշակվել է օրենսդրական մի ամբողջ դաշտ, որում նույնիսկ հարկման համակարգն է ուրիշ։ Այս ամենը գալիս է փաստելու, որ հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ընկերությունների ու նրանց բաժնետերերի իրավունքները՝ ֆինանսական եկամուտներ ստանալու առումով, պետք է լիարժեք համադրվեն հարակից համայնքների բնակիչների իրավունքների ու օրինական շահերի հետ, որպեսզի հետագայում դրանք չդառնան անհամատեղելի ու չվերածվեն սուր հակամարտության, ինչպես Ամուլսարի դեպքում է։
Հանքարդյունաբերության դեմ հարակից համայնքների բնակիչների պայքարը ևս նորություն չէ։ Եթե մի փոքր ուսումնասիրենք, կտեսնենք, որ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի բազմաթիվ «կայուն զարգացող» երկրներում հարակից համայնքների բնակիչները բողոքում են ընդերքի բնական պաշարները շահագործող կորպորացիաների դեմ։ Ցավոք, Հայաստանը ևս շարունակում է լինել երրորդ աշխարհի «կայուն զարգացող» երկիր, որի օրենքներն ավելի շատ պաշտպանում են այդ նույն կորպորացիաների ու նրանց բաժնետերերի ֆինանսական շահերը, քան այդ երկրի բնակիչների կենսական իրավունքները, որոնց մասին կխոսենք ստորև։
Ընթացակարգային իրավունքներ
Իրավաբանության մեջ իրավունքը բաժանվում է երկու մեծ խմբի՝ նյութական և ընթացակարգային իրավունքներ։ Ընթացակարգային է, օրինակ, որոշումների կայացմանը հանրության մասնակցության իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրով՝ Օրհուսի կոնվենցիայով։ Որպես նյութական իրավունքի օրինակ կարող ենք բերել սեփականության իրավունքի հարցը։
Կարող է զավեշտալի հնչել, բայց որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքը Հայաստանում իրացվում է բացառապես հանրային քննարկումների և խորհրդատվական բնույթի առաջարկություններ ներկայացնելու միջոցով։ Հանրության արտահայտած դեմ կարծիքը ոչ մի կերպ չի ազդում վերջնական որոշման վրա, որն ընդունում են պետական մարմինները։ Գործնականում հանրային քննարկումները ձևական բնույթ ունեն, դրանք պետք են հարակից համայնքների բնակիչների ընթացակարգային իրավունքների ապահովման տեսանելիություն ստեղծելու համար։ Տարիների ընթացքում ձևավորվել է արատավոր մի պրակտիկա, երբ կառավարությունը թույլատրում է հանքավայրի շահագործումը, եթե անգամ ամբողջ համայնքն է դրան դեմ։ Դա է պատճառը, որ շատ համայնքների բնակիչներ պարզապես թույլ չեն տալիս համայնքում հանրային քննարկում անցկացնել, որպեսզի հնարավոր չլինի ապահովել ընթացակարգային իրավունքի մասը (Վազաշեն, Արդվի գյուղերի, Կապան)։
Այս միտումը վերջերս նաև այլ դրսևորում է ստացել՝ մի շարք համայնքների բնակիչներ հանրագրեր են ներկայացնում ավագանուն՝ պահանջելով արգելել համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը (Նոյեմբերյան, Ջերմուկ, Արենի, Գլաձոր)։ Սա ևս փաստում է այն մասին, որ մարդիկ պարզապես կտրված են որոշումների ընդունմանը իրական մասնակցության հնարավորությունից, թեև դա ամրագրված է օրենսդրությամբ, և փորձում են այլընտրանքային իրավական մեխանիզմներ գտնել սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ, առաջանում է քաղաքական մի նոր իրավիճակ, երբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական դաշտը փաստացիորեն զիջում է ուղիղ ժողովրդավարության մեխանիզմին, քանի որ հանրագիրը ոչ այլ ինչ է, քան համայնքի բնակիչների անմիջական՝ ոչ միջնորդավորված մասնակցություն համայնքի կառավարմանը։
Կարող է տպավորություն ստեղծվել, թե իրավական կամ նույնիսկ սահմանադրական ճգնաժամ է առաջանում, քանի որ մի կողմից ընդերքը համարվում է պետական բացառիկ սեփականություն և միայն կառավարությունն իրավունք ունի այն տնօրինել, մյուս կողմից՝ համայնքները չեն ուզում, որ իրենց տարածքում իրականացվի այդպիսի գործունեություն, մանավանդ՝ երբ տեսնում են, թե որքան փնթի ու անպատասխանատու կերպով են հանքավայրերը շահագործվում Հայաստանում։
Իրականում իրավական ճգնաժամ կամ լիազորությունների տարանջատման խնդիր չկա, պարզապես պետք է ճիշտ հասկանալ իրավունքի զարգացման միտումները և անմիջական (ուղիղ) ժողովրդավարության գործիքները։
Իրավական դաշտում չխճճվելու համար կարևոր է հստակ տարբերակել համայնքի ավագանու՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունների խնդիրը համայնքի բնակիչների՝ հանրագրեր ներկայացնելու իրավունքից։ Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանազատված են պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։ Ամրագրված է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սեփական որոշումներով լուծել համայնքային նշանակության հարցեր։ Միևնույն ժամանակ, բոլորովին վերջերս ընդունված «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքն ամրագրում է համայնքների բնակիչների՝ համայնքի ավագանուն հանրագիր ներկայացնելու միջոցով համայնքի կառավարմանը մասնակցելու իրավունքը։ Այսպիսով, խնդիրը ոչ թե երկու վարչական մարմինների միջև լիազորությունների տարանջատումն է, այլ համայնքի բնակչության՝ որպես նոր խաղացողի ի հայտ գալը։
Օրինակով փորձեմ բացատրել խնդրի էությունը։ Երբ Ջերմուկ քաղաքի ավագանին որոշում ընդունեց համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին, պետական կառավարման համակարգում լուրջ իրարանցում սկսվեց։ Անգամ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ու Վայոց Ձորի մարզպետարանից դիմեցին Ջերմուկի ավագանուն, պահանջելով վերանայել ընդունված որոշումը, հիմնավորելով, որ ավագանուն օրենքով այդպիսի լիազորություն տրված չէ։ Ավագանին, համայնքի բնակիչների պնդմամբ, վերահաստատեց իր որոշումը։ Ի դեպ, խնդրի վերջնական պարզաբանման համար որևէ մարմին հետագայում չի դիմել սահմանադրական դատարան, և կարելի է փաստել, որ պետական մարմիններն առնվազն ի գիտություն են ընդունել համայնքի դիրքորոշումը։ Ամեն դեպքում, իրավական առումով սա մի նոր իրավիճակ է, որը հետագա զարգացման կարիք ունի։
Այս հարցի շուրջ թերևս կարելի է առանձին խոսել, քանի որ ուղիղ ժողովրդավարության իրավական գործիքակազմը էականորեն տարբերվում է գործող օրենսդրությամբ ամրագրված՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման լիազորությունների տարանջատման մեխանիզմներից։ Սա բոլորովին նոր միտում է համայնքների ինքնակառավարման հարցում, որն իմ գնահատմամբ անմիջական ու շատ առանցքային նշանակություն է ունենալու հանքարդյունաբերության հետագա զարգացման հարցում։
Նյութական իրավունքներ
Մինչև սահմանադրական վերջին փոփոխությունները, Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված էր, որ մարդիկ ունեն իրենց առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունք։ Սրանից հետևում էր, որ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքի իրականացումը։ 2015թ. սահմանադրական փոփոխություններով այդ դրույթը վերանայվեց, և պետությունը պարտավորվեց ընդամենը «նպաստել» այդ իրավունքի իրականացմանը։ Իրականում սա սկզբունքային փոփոխություն էր՝ դեպի վատթարացում, քանի որ պետությունը հրաժարվում է պատասխանատվությունից, երբ կառավարության ոչ խոհեմ որոշումները վնաս պատճառեն մարդկանց գույքին կամ առողջությանը։
Պատկերացրեք, դուք գեղեցիկ ու հարուստ բնություն ունեցող մի վայրում գնել եք տուն և հողամաս, լուրջ ծախսեր եք արել ձեր տունը նորոգելու համար, այգի եք տնկել ու զբաղվում եք օրգանական գյուղատնտեսությամբ ու էկոտուրիզմով։ Ու հանկարծ պարզվում է, որ հարևան սարի տակ պղինձ կամ թեկուզ ոսկի են գտել ու պետք է հանք շահագործեն։ Ստացվում է, որ ձեր կյանքն ամբողջությամբ փոխվում է՝ դուք չեք կարող այլևս զբաղվել նույն բիզնեսով, դուք երբեք այլևս չեք ապրի առողջ շրջակա միջավայրում, ձեր կողքին մշտապես լինելու է աղմուկ ու փոշի։ Իսկ հիմա պատկերացրեք, որ մարդիկ սերունդներ շարունակ ապրել են այդ վայրում, ունեն հիշողություններ և այլ ոչ նյութական արժեքներ։ Հիմա փորձենք հասկանալ՝ քանի՞ իրավունք շոշափվեց և որքա՞ն հիմնարար են այդ իրավունքները։ Կրկնում եմ, սա անձեռոցիկի արտադրություն չէ, այս դեպքում մարդկանց բնականոն կենսակերպը տակնուվրա է լինում՝ առողջություն, բարեկեցություն, բիզնես, ոչ նյութական արժեքներ և այլն։ Եվ թող ոչ մի ընկերություն չպնդի, թե չի աղտոտելու ու փչացնելու, քանի որ դրա համար պետք է ցույց տալ Հայաստանում գեթ մեկ օրինակ, երբ որևէ մետաղական հանքավայր շահագործվի քիչ թե շատ պատասխանատու կերպով։ Չկա այդպիսի օրինակ, պարզապես չկա։
Առողջության իրավունք
Վերադառնանք նյութական իրավունքներին։ Ամենակարևորը, որ պետք է ընդգծել հանքարդյունաբերությանն առնչվող նյութական իրավունքների պաշտպանության հարցում, մարդու առողջության վրա ազդեցությունն է։ Սա մի խնդիր է, որից փորձում են խուսափել բոլորը։ Օրենսդրորեն բավարար կարգավորված չէ, թե ինչպես պետք է գնահատվի մարդկանց առողջության վրա ազդեցությունը, չկա պատճառահետևանքային կապն ապացուցելու հնարավորություն կամ հատուցման մեխանիզմ։ Այս հարցն ամբողջությամբ բաց է ինչպես օրենսդրական տեսանկյունից, այնպես էլ պրակտիկայում։ Չկան դատական նախադեպեր, երբ մարդիկ փորձեն հատուցում ստանալ իրենց առողջությանը պատճառված վնասի համար։
ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ համապատասխան պետական մարմինների վրա հանքարդյունաբերական գոտիներում պարբերական բժշկական հետազոտություններ կամ ստուգումներ անցկացնելու պարտավորություն դրված չէ։ Օրենսդրությունը չի նախատեսում նաև հանքարդյունաբերական գոտիներում առողջական պարտադիր ապահովագրության կամ առողջության պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտներ։
Դեռևս տարիներ առաջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություններ էր կատարել Սյունիքի մարզի Լեռնաձոր և Քաջարան համայնքներում ապրող 17 երեխաների մոտ՝ նրանց օրգանիզմում հանքարդյունաբերությունից առաջացող ծանր մետաղներ հայտնաբերելու համար։ Բոլոր երեխաների մազերում հայտնաբերվել էր ծանր մետաղների մի ամբողջ փունջ։ Գնահատվել էր, որ հայտնաբերված նյութերից կապարի բարձր պարունակությունն օրգանիզմում ազդում է նյարդային համակարգի վրա և կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ։ Այն ազդում է երիկամների ու ստամոքսի, նյութափոխանակության համակարգի վրա։ Մարդու օրգանիզմում պղնձի բարձր պարունակությունը կարող է հանգեցնել ուռուցքային գոյացությունների զարգացմանը։ Կադմիումի բարձր պարունակությունն առաջացնում է կմախքի տձևացում, թոքերի ախտահարում։ Այս մետաղների օրգանիզմ թափանցելու ուղիները բազմաթիվ են` հողը, ջուրը, օդը, ընտանի կենդանիները։
Շրջակա միջավայրի, մասնավորապես՝ հողի վրա ծանր մետաղների ազդեցությունը գնահատելու համար Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետները ուսումնասիրություններ են կատարել Ախթալայում և Ալավերդիում՝ մանկահասակ երեխաների արյան մեջ հայտնաբերելով կապարի պարունակության շատ բարձր մակարդակ։ Հետազոտությունը հրապարակվել է միջազգային գիտական հանդեսում։ Տարիքային այս խմբի ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ կապարը խիստ վտանգավոր է հենց այդ հասակի համար։ Այն կարող է պատճառ դառնալ երեխայի աճի դանդաղման, նյարդավարքագծային և մտավոր զարգացման ծանր խանգարումների, հիշողության կորստի, ուշադրության կենտրոնացման պակասի և գերակտիվության։
Մեծահասակների համեմատ երեխաները շատ ավելի զգայուն և խոցելի են կապարի հանդեպ։ Նախ մանկան աճող օրգանիզմում բարձր են կապարի ներծծման ծավալները։ Ի տարբերություն մեծահասակների, որոնց մոտ ներծծվում է կապարի շուրջ 10-15%-ը, երեխաների մոտ ներծծվում է դրա 50%-ը։ Ավելին, մանկան զարգացող ուղեղը գերզգայուն է թույների նկատմամբ։ Երեխաների մոտ զանազան քիմիական և ֆիզիկական վնասակար նյութերի հանդեպ ուղեղի պաշտպանությունն ապահովող արյունաուղեղային (հեմատոէնցեֆալիկ) պատնեշը դեռևս ամբողջովին զարգացած չէ, ուստի թունավոր նյութերը, այդ թվում կապարը, հեշտությամբ կարող են մուտք գործել ուղեղի հյուսվածքներ։ Բացի վերոնշյալ գործոններից, երեխաներին խոցելի է դարձնում նաև այն հանգամանքը, որ նրանց ցածր քաշի պատճառով միավոր քաշին բաժին ընկնող կապարի քանակն ավելի մեծ է և համապատասխանաբար դրա ազդեցությունն օրգանիզմի վրա՝ ավելի վտանգավոր։
Հանքարդյունաբերության բնապահպանական և առողջապահական վնասները երևան հանող այս հետազոտության մեջ առաջարկվում է անհապաղ միջոցներ ձեռնարկել վերը նշված համայնքերում այս վտանգները չեզոքացնելու, նվազեցնելու և նոր վնասները կանխելու համար։ Հանքարդյունաբերական նոր գործընթացների ժամանակ կարևոր է գնահատել ոչ միայն դրանց տնտեսական և բնապահպանական, այլև առողջապահական ռիսկերն ու հնարավոր վտանգները։
Ավելացնեմ նաև, որ հանքարդյունաբերական ոչ մի ընկերություն մինչև այժմ չի ընդունել, որ մարդկանց օրգանիզմում հայտնաբերված ծանր մետաղները արտանետումների հետևանք են։ Ավելին, որոշ ընկերությունների ներկայացուցիչներ ուղղակիորեն պնդում են, որ հողում առկա նյութերը քամու միջոցով Հայաստան են հասել հարևան երկրներից։ Պնդումը, անշուշտ, անհեթեթություն է, սակայն փաստն այն է, որ գործող օրենսդրությունը մարդու վրա է դնում իր առողջությանը պատճառված վնասի ապացուցման բեռը, ինչը գործնականում գրեթե անհնար է։
Այսպիսով, հանրային առողջության պահպանման իրավունքը ամենակարևոր իրավունքն է, որը հանքարդյունաբերական գործունեությունը ոչ միայն խախտում է, այլ թողնում է երկարաժամկետ, ճակատագրական հետևանքներ։ Ուստի առողջապահական և ընդերքօգտագործման ոլորտները կարգավորող օրենսդրությամբ պետք է սահմանել ընդերքօգտագործման հետևանքով պատճառված առողջական վնասի կանխարգելման մեխանիզմներ։ Շահագործող ընկերության ներկայացրած՝ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերում, որպես բացասական սոցիալական ազդեցության նվազեցման պայման, պետք է ներառվի նաև հանքավայրի շահագործմանն անմիջապես հարակից գոտում (ազդակիր համայնքում) բնակչության, ինչպես նաև հանքային համալիրի աշխատողների առողջության ապահովագրման պարտավորություն՝ ազդեցության ամբողջ ժամանակահատվածի համար (ներառյալ գործունեության դադարեցումից հետո)։ Իսկ պետության մյուս տարածքների բնակչության առողջության պահպանման համար (անմիջական ազդեցության գոտուց դուրս բնակչություն) պատասխանատվություն պետք է կրեն պետական կառույցները, եթե ապացուցվում է, որ մարդու առողջությանը պատճառված վնասը հետևանք է հանքարդյունաբերական գործունեության պատճառով շրջակա միջավայրի աղտոտման (ջրային և հողային ռեսուրսների աղտոտում և այլն)։
Սեփականության իրավունք
Սեփականության իրավունքը ևս խոցելի է հանքարդյունաբերական գոտիներում։ Միայն Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում հարյուրավոր ընտանիքներ զրկվեցին հողից ու գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։ Այսպես կոչված՝ «հանրային գերակա շահի» իրավական ռեժիմով չնչին գումարներով նրանցից խլվեցին հողերը։ Ներպետական դատական ատյանները չպաշտպանեցին այդ մարդկանց իրավունքները, թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ թեղուտցիների իրավունքները խախտվել են և պետությանը պարտավորեցրեց փոխհատուցել կրած վնասները։ Ստացվեց այնպես, որ ընկերության՝ բնակիչներին պատճառած վնասները փոխհատուցեցին Հայաստանի քաղաքացիները, քանի որ Եվրոպական դատարանի սահմանած տուգանքները վճարվում են պետբյուջեից։
Հանքարդյունաբերական նպատակներով մարդկանց սեփականության ու հատկապես հողերի առգրավման պրակտիկան լայն տարածում ունի։ Հանքարդյունաբերական գրեթե բոլոր խոշոր նախագծերը կյանքի կոչելիս այս կամ այն չափով կիրառվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հողերը «հանրային գերակա շահ» ճանաչելու պրակտիկան (Քաջարան, Թեղուտ, Ամուլսար)։
Կանաչ բիզնեսի վրա ազդեցություն
Շատ քիչ է խոսվում այն մասին, որ հանքարդյունաբերությունն անհամատեղելի է տվյալ տարածքում գործունեության այնպիսի տեսակների հետ, որոնք մաքուր շրջակա միջավայր են ենթադրում՝ տուրիզմ, գյուղատնտեսություն, առողջարանային բիզնես և կանաչ տնտեսվարման այլ տեսակներ։ Ժամանակին պաշտոնյաները հայտարարում էին, թե ժամանակակից հանքարդյունաբերության պայմաններում դրանք միանգամայն համատեղելի են, վկայակոչում էին Ավստրիայի, Շվեդիայի օրինակները։ Այս հարցը շատ էր քննարկվում հատկապես Թեղուտի դեպքում։ Արդյունքում, նախագծի մեկնարկից մի քանի տարի անց հանքավայրը շահագործող ընկերությունը ինքնակամ դադարեցրեց գործունեությունը՝ նոր կառուցված պոչամբարի վթարային լինելու պատճառով։ Այն նույն պոչամբարի, որի տեխնիկական անվտանգության համար դրական եզրակացություն էին տվել պետական մարմինները և օտարերկրյա աուդիտորական կազմակերպությունները։
Բազմաթիվ են օրինակները, երբ վնասակար նյութերի դեպի գետեր արտահոսքերի պատճառով ոչնչացվել են ձկնաբուծական ձեռնարկությունները, կամ վնասակար նյութերով հողն ու օդն աղտոտելու հետևանքով այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ զբաղվող անհատները դադարեցրել են գործունեությունը։ Ամենազավեշտալին այն է, որ այս մարդկանց կորցրած բիզնեսի համար ոչ ոք խոշոր հաշվով պատասխանատվություն չի կրում։ Յուրաքանչյուր ձեռնարկություն պետք է ապացուցի, որ իրեն պատճառված վնասը եղել է ոչ իրավաչափ։ Ինչպես տեսանք առողջության վրա ազդեցության հարցը քննարկելիս՝ ոչ մի ընկերություն դեռ չի ընդունել, որ իր կողմից ոչ իրավաչափ աղտոտման հետևանքով ինչ-որ մեկին վնաս է պատճառվել։ Եթե նույնիսկ ապացուցվի, որ վնասը հենց այդ գործունեության հետևանքով է, միշտ հնարավոր է պնդել, որ գործունեությունը պետությունն է թույլ տվել, ուստի ամեն ինչ օրենքի սահմաններում է՝ պետությունից էլ պահանջեք ձեր վնասների փոխհատուցումը։ Պետությունն էլ, իր հերթին, չի ստանձնի այդպիսի պատասխանատվություն, քանի որ սահմանադրական փոփոխություններով ամրագրել է, որ ինքն ընդամենը աջակցում է, որ մարդիկ ապրեն իրենց առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, բայց չի կրում այդպիսին ապահովելու իրավական պարտավորություն։
Այսպիսով, հանքարդյունաբերությունում իրավունքների խնդիրը չափազանց բարդ է ու տարողունակ։ Պետական մարմիններն ու ոլորտը կարգավորող պաշտոնյաները ի վերջո պետք է հասկանան, որ կարճաժամկետ տնտեսական օգուտները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև երկարաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքները։ Ընդ որում, վերջիններս պետք է գնահատվեն միևնույն ֆինանսական համարժեքով՝ ներառյալ առնվազն վերևում թվարկված մարդու իրավունքները։ Հակառակ դեպքում միշտ լինելու է սոցիալական լարվածություն, Հայաստանը մնալու է «կայուն զարգացող»՝ հումքային երկիր։ Չի կարելի հենց այնպես գալ ու մարդու կյանքը տակնուվրա անել՝ հաշվի չառնելով նրա կարծիքը, չառաջարկելով համարժեք այլընտրանք և հատուցման մեխանիզմներ։ Ներկայիս հանրային գործընթացները, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, այս են վկայում։ Ընկերությունները ևս սա պետք է հասկանան, պոտենցիալ ներդրողները սա պետք է հաշվարկեն։