
Հայաստանում ընդերքօգտագործման պետական կառավարումը, ներառյալ թույլտվությունների տրամադրման, մշտադիտարկման իրականացման, օրենքների, ստանդարտների և պայմանագրերի համապատասխանության ապահովման գործընթացները, թերի է։ Այս թերությունները հանգեցրել են լուրջ ձախողումների, որոնք երկրին պատճառել են վտանգավոր տնտեսական, սոցիալական և բնապահպանական կորուստներ։ Նոր կառավարությունը պետք է հրատապ կերպով գնահատի առկա իրավիճակը և ձեռնարկի թերությունների վերացմանն ուղղված վճռական քայլեր։
Փոքր թվով հանքարդյունաբերական ընկերություններ են Հայաստանում գործել շահույթով։ Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից հինգ տարվա կտրվածքով կատարված տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ «մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների համար վնասով աշխատելը եղել է ընդհանուր միտում»[1]։ 2010-2014 թթ․-ին ընդհանուր թվով շահագործվող 14 հանքերից ութը գործել են վնասով։ Դրանց մեծ մասը վնասներ արձանագրել է ամեն տարի։ «Այսպիսով, ստացվում է, որ հանքարդյունահանման արտոնագրերը շնորհվել են անկենսունակ ծրագրերի համար», նշված է զեկույցում[2]։
Անդրադառնալով Հայաստանում վնասով աշխատող հանքարդյունաբերական գործունեությանը, ՀԲ փորձագետները նշում են, որ այս ձախողումը հատկապես էական է, քանի «որ վերջին 7-8 տարվա ժամանակահատվածը համարվում է ապրանքների պատմականորեն բարձր գների շրջան»։ Ավելին, վնասներ արձանագրվել են անգամ այն պարագայում, երբ հանքարդյունաբերական գործունեությունը Հայաստանում ունի զրոյին ձգտող բնապահպանական ծախսեր։ Վերջին այս միտքն շատ ավելի մեղմ է ձևակերպված զեկույցում՝ նկատելով, որ «վատ կատարողական արդյունքները տեղի են ունեցել այն նույն ժամանակ, երբ աղտոտման կանխարգելման և շրջակա միջավայրի կառավարման համար համարժեք միջոցներ չէին հատկացվում [հանքարդյունաբերական ընկերությունների կողմից]․․․»[3]։
Վնասով աշխատելու նման պատկերը շարունակական է եղել։ 2017թ․-ի դրությամբ մետաղական հանքարդյունաբերության նպատակով տրված 28 թույլտվությունների պարագայում կար յոթ շահագործվող հանք, իսկ Ամուլսարի հանքը գտնվում էր շինարարական փուլում։ Մեկ այլ հանքի՝ Թեղուտի շահագործումը դադարեցվել է այս տարվա հունվարին՝ շահագործվող հանքերի թիվը դարձնելով վեցը՝ գումարած դեռևս շինարարական փուլում գտնվող Ամուլսարը։ Թեղուտի հանքն իր մեծությամբ երկրորդն էր Հայաստանում։
Պետք է նշել, որ վնասներ և գործունեության դադարեցումներ արձանագրվել են չնայած Հայաստանում գործող ադեկվատ ֆիսկալ ռեժիմին։ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի՝ «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրի կողմից կատարված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների համար ռոյալթիի և հարկերի ընդհանուր բեռը չափազանց ողջամիտ է, իսկ իրականում՝ միջին մակարդակի, եթե համեմատում ենք հանքարդյունաբերության ոլորտի համանման կառուցվածք ունեցող այլ երկրների հետ[4]։ ՀԲ-ում նույնպես հանգել են նմանօրինակ եզրակացության։
Այսուամենայնիվ, 2017թ․-ին Հայաստանի կառավարությունն է՛լ ավելի մեղմացրեց ֆիսկալ ռեժիմը ընդերքօգտագործողների համար։ Մինչ այդ հարկային օրենսգիրքը թույլ էր տալիս, որպեսզի մետաղների իրացման պայմանագրային գները, որոնց հիման վրա հաշվարկվում էր ռոյալթին, Լոնդոնի մետաղների բորսայի (ԼՄԲ) գնանշումներից շեղվեն տասը տոկոսով։ ԼՄԲ-ով սա պայմանավորելը կարևոր գործիք է հանքարդյունաբերության ոլորտում՝ գոնե մասնակիորեն գնագոյացման ռիսկերը կառավարելու առումով։ 2017թ․-ին Հայաստանի կառավարությունը հանքարդյունաբերական ընկերությունների թույլատրեց ԼՄԲ գնանշումներից մինչև 20% շեղում ունեցող պայմանագրային գներ՝ արդյունքում հանքարդյունաբերողների համար հնարավորություն ստեղծելով սեփական ծախսերի բեռի շատ ավելի մեծ մաս փոխանցել պետբյուջեին։ Ֆինանսական այս միջոցառման հիմնավորման վերլուծությունը կարող է մեկ այլ քննարկման առարկա դառնալ, այժմ միայն նշենք, որ ոլորտի քաղաքականության և կառավարման հարցերի շարքում այն առանցքային պետք է համարվի։
Եթե ֆինանսական ձախողումները առնչվեին միայն մեկ կամ երկու ընկերության, ապա ոչ պատշաճ կառավարման հարցը, թերևս, նման կտրուկ կերպով չէի բարձրացնի։ Այն փաստը, որ ֆինանսական ձախողումը եղել է համատարած, ստիպում է մեզ պատասխաններ փնտրել առաջին հերթին թույլտվությունների տրամադրման հարցերով որոշումների կայացման գործընթացում։ ՀԲ զեկույցը նույնպես հանգում է նույն եզրակացությանը՝ առաջարկելով որդեգրել հանքարդյունաբերության ոլորտի այնպիսի քաղաքականություն, որն ի վիճակի կլինի բացառել նման ծրագրերը Հայաստանում։

Մետաղական հանածոների արդյունահանման ծրագրերը Հայաստանում 2015 թ. դեկտեմբերի դրությամբ:
● Հանքի ջրհավաք ավազանի հոսքաջրերը ողողել են հարակից տարածքները։ EKF-ը բազմաթիվ առիթներով ուշադրություն է հրավիրել այս խնդրի վրա։
● Չնայած EKF-ի բազմաթիվ պահանջներին՝ շահագործող ընկերությունը չի կարողացել փաստաթղթերով ապացուցել, որ պոչամբարը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Նշվել է նաև մի երրորդ գործոն, որը թեպետ հանքավայրի մաս չի կազմում, սակայն թվում է, որ ազդել է ներդրողի՝ ֆինանսավորումը դադարեցնելու մասին վերջնական որոշման վրա։ Թեղուտի պղնձի հանքաքարի մի մասը վերամշակվում է Ալավերդու պղնձաձուլարանում, որի սեփականատերը «Վալլեքս Գրուպ» ընկերությունն է։ EKF-ը նշում է, որ պղնձաձուլարանում առողջության և անվտանգության պահպանման պայմանները բացարձակապես անընդունելի են։ Այն հանքարդյունաբերող ընկերությանը բազմիցս զգուշացրել է «ձուլարանում գործող ծայրահեղ վատ աշխատանքային պայմանների մասին և ընկերությանը կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ առավել ընդունելի աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով»։ Հանքարդյունաբերող ընկերությունը՝ Թեղուտ ՓԲԸ-ն, փաստորեն չի կարողացել արձագանքել նաև ներդրողի այս զգուշացմանը։
Հայտնի չէ, թե արդյոք սրանք են այն բոլոր պատճառները, որոնք հանգեցրել են EKF-ի կողմից ֆինանսավորման դադարեցմանը։ Օրինակ՝ չգիտենք, արդյոք Թեղուտ ՓԲԸ-ն իր վարկային պարտավորությունները կատարում էր ժամանակին և ըստ համաձայնագրի պայմանների, թե ոչ։ Հայտնի է միայն, որ 2018թ․-ի հունվարին «Վալլեքս» ընկերությունը հայտարարեց, թե անժամկետ դադարեցնում է Թեղուտի շահագործումը, դադարեցնում է նաև իր 1032 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը[7]։
«Վալլեքս» ընկերությունը տարածեց հետևյալ հաղորդագրությունը, որը ոմանց մոտ թերահավատություն առաջացրեց, մյուսների մոտ՝ շփոթմունք, ինչպես նաև մտահոգություն. «Ներկա փուլում «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կարիք է առաջացել ներգրավել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հեղինակություն ու ճանաչում ունեցող կազմակերպությունների՝ ծավալուն գիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու և ընկերությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ գործնական լուծումներ տալու և, ի թիվս այլոց, հանքաքարի վերամշակման տեխնիկական և տեխնոլոգիական առավել բարձր ցուցանիշներ ապահովելու համար՝ հանքավայրի շահագործման ընդլայնման արդյունքում նախատեսվող արտադրական ծավալների հաշվառմամբ»[8]։
Թերահավատությունը պայմանավորված էր նրանով, որ որևէ անդրադարձ չկար EKF-ի կողմից բարձրացված շրջակա միջավայրին առնչվող մտահոգություններին։ Շփոթությունը տեղիք տվեց այն, որ հանքավայրը սկսել էր գործել ընդամենը երկու տարի առաջ՝ կիրառելով Դանիայից ներմուծված գերժամանակակից տեխնոլոգիաներ։ Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում «Վալլեքս» ընկերության հայտարարությունը։ Մի՞թե նշված նպատակների համար չէր տրամադրվել շուրջ 62 մլն ԱՄՆ դոլար դանիական վարկը։
Մտահոգիչ էր այն, որ, միգուցե, հանքում առկա չէին նախապես հայտարարված պաշարները։ Այնպես որ, միգուցե, այս ամենը ընդամենը պատրվակ է հանքարդյունահանման համար առավել ընդարձակ տարածք պահանջելու համար (ինչը նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ ավելի մեծածավալ և չվերահսկվող ոտնձգություն)։ Շրջակա միջավայրին առնչվող մտահոգությունների կամ հանքավայրի ապագայի վերաբերյալ «Վալլեքսի» կողմից որևէ հայտարարություն չի հնչել։
Թեղուտի շահագործման մեկնարկի և փակման այս պատմությունը մի շարք հարցեր է բարձրացնում։ Թերևս, բազմաթիվ քննարկումներ կարող են և պետք է ծավալվեն ցածրորակ բնապահպանական և սոցիալական կառավարման պայմանների պարագայում օտարերկրյա ներդրումների օգուտների և վնասների շուրջ։ Սակայն սույն վերլուծության առանցքային հարցը հետևյալն է՝ ո՞ւր էին պետական հաստատությունները այս ընթացքում։
Ինչո՞վ էր զբաղված պետությունը, երբ կառուցվում, այնուհետև շահագործվում էր Թեղուտը, երբ EKF-ը նախ ներդրումներ էր կատարում էր և ապա հանքարդյունաբերող ընկերությանը զգուշացումներ և վերջնագրեր հղում։ Ո՞ւր էին բնապահպանական, աշխատանքային առողջության, անվտանգության, տեխնիկական կառույցների թույլտվությունների և, վերջապես, հանքավայրի ստուգումները, որոնք շահագործման պայմանների համապատասխանություն կապահովեին։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ է պետությունն իրականացրել իր կարգավորող դերակատարության այն մասը, որն առնչվում է երկրի մեծությամբ երկրորդ հանքավայրի շահագործմանը։
Միջանկյալ մեկ դիտարկում. նախքան առանցքային հարցին անդրադառնալը կուզենայի նշել, որ այս տարվա մարտի 21-ի խորհրդարանական լսումների ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարարը հայտարարեց, որ Թեղուտի շահագործման աշխատանքները կվերսկսվեն 2018թ-ի վերջին կամ 2019թ-ի սկզբին։ Սա իսկապես հետաքրքիր հայտարարություն է, քանի որ այն արվում է ոչ թե «Վալլեքս»-ի, այլ՝ պետության ներկայացուցչի կողմից։ Ընդ որում, նախարարի այս հայտարարությունը հնչում է այնպիսի համատեքստում, երբ պետության ոչ մի ներկայացուցիչ որևէ կերպ չի անդրադառնում Թեղուտի շուրջ շրջակա միջավայրի, անվտանգության, պայմանագրային կամ ֆինանսական հարցերին առնչվող բազմաթիվ մտահոգություններին։
Եվ նորից․ ո՞ւր էր պետությունը։
Պարզվում է, որ այս ժամանակահատվածի մի զգալի ընթացքում պետական կառավարման առանցքային գործառույթները կասեցված են եղել։ Սկսած 2015թ․-ի օգոստոսից մինչև 2017թ․-ի դեկտեմբեր ամիսը մորատորիում է հայտարարված եղել ստուգումների մեծ մասի նկատմամբ։ Կառավարության՝ հանրորեն հասանելի հիմնավորումն այն է եղել, որ սա իրականացվել է բիզնեսի համար խոչընդոտների վերացման նպատակով։ Համապատասխան հանքարդյունաբերական և բնապահպանական ստուգումներ իրականացնող մարմինները ներգրավվել են միայն այն դեպքում, երբ հարկային տեսչությունը, որի գործողություննեը չեին կասեցվել, խնդրել է ընկերություն կատարվող այցելությունների ժամանակ ուղեկցել իրենց։

Քարտեզը ցույց է տալիս 2015 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանում պահպանվող այն տարածքները, որտեղ տրամադրված են հետախուզման և արդյունահանման արտոնագրեր:
2015թ․-ի հուլիսի 1-ին, գործը վարույթ ընդունելուց մեկ ու կես ամիս հետո, բնապահպանության նախարարությունը դատարանին է ներկայացնում նամակ, ըստ որի՝ համաձայն նախարարի №000115 հրամանի, որն արձակվել էր դրանից մի քանի օր առաջ, համապատասխան տեսչական գործակալություններին հանձնարարվել է ստուգումներ իրականացնել Թեղուտ ՓԲԸ-ում։ Այս ստուգումը պետք է իրականացվեր 2015թ․-ի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 24-ին գումարված դատական նիստի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը դատարանին միջնորդում է կարճել գործը այն հիմքով, որ նախարարությունն արդեն իրականացնում է հայցվորների կողմից պահանջված ստուգումները։ Այդպիսով, նախարարությունը նաև պնդում էր, որ կողմերի միջև այլևս վեճ գոյություն չունի։
Հայցվորների փաստաբան Հայկ Ալումյանն ի պատասխան միջնորդում է, որպեսզի պատասխանող կողմը ներկայացնի լրացուցիչ ապացույցներ ստուգումների ընթացքի վերաբերյալ, ինչին պատասխանող կողմն արձագանքում է, որ նախարարի հրամանն արդեն իսկ բավարար ապացույց է՝ նորից պնդելով կարճել գործը։ Դատարանը համաձայնեց պատասխանող կողմի հետ և 2015թ․-ի օգոստոսի 25-ին գործի վարույթը կարճվեց։ Դատարանը նախարարությանն ընդամենը պարտավորեցրեց փոխհատուցել հայցվորների կողմից կատարված 8 հազար ՀՀ դրամի դատական վճարները (մոտ 15 ԱՄՆ դոլար)։

Մետաղական հանածոների հետախուզման համար տրված լիցենզիաները 2015 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ:
Այս ամենին զուգահեռ, 2015թ․-ի հուլիսի 30-ին, բնապահպանության նախարարության կողմից Թեղուտ ՓԲԸ-ում ստուգումներ անցկացնելու մասին հրամանի վերջնաժամկետից (օգոստոսի 4) չորս օր առաջ, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում, սկսած օգոստոսի 1-ից, հարկային և մաքսային ստուգումներից բացի կասեցնել բոլոր տեսակի ստուգումները հնգամսյա ժամկետով։ Այս մորատորիումն այնուհետև երկարացվել է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մինչև 2017թ․-ի դեկտեմբեր։ Մինչդեռ, ըստ ամփոփագրի, դատական նիստի ժամանակ նախարարության ներկայացուցիչը չի նշել այս նոր որոշման մասին և թե ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ արդեն իսկ հրահանգված ստուգումների վրա:
Գործի վարույթի կարճումից մեկ ամիս հետո 2015թ․-ի սեպտեմբերի 28-ին «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն (արդեն կարճված գործով հայցվոր) գրավոր դիմում է ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել նախարարության կողմից հրահանգված ստուգումների արդյունքները։ 2015թ․-ի հոկտեմբերի տասին №5/23/54059 թվագրությամբ պատասխան նամակով բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ստուգման արդյունքները չեն կարող հրապարակվել, քանի որ դա անելու համար ստուգումը պետք է ավարտվի ըստ օրենքով սահմանված կարգի և ընթացակարգերի, որի ավարտից հետո միայն արդյունքները կհրապարակվեն պաշտոնական զեկույցի տեսքով։
«Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպությունը որոշեց սպասել, և երբ 2017թ․-ի դեկտեմբերին ավարտվեց բոլոր ստուգումների վրա հայտարարված մորատորիումը, արդեն 2018թ․-ի փետրվարին հասարակական կազմակերպությունը գրավոր դիմեց բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել Թեղուտ ՓԲԸ-ի ստուգման վերջնական հաշվետվությունը։ 2018թ․-ի փետրվարի 23-ի պատասխան նամակով նախարարությունն ուղարկել է նույն տարվա փետրվարի 20-ին բնապահպանական տեսչության կողմից տրամադրված նամակ, ըստ որի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Թեղուտ ՓԲԸ-ում երբևէ որևէ ստուգում չի նախաձեռնվել և իրականացվել։ Այս պատասխանից ապշած և զայրացած՝ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահը լրատվական կայքի հետ զրույցում նշում է՝ «ստացվում է ինչ՝ դատարանին խաբե՞լ են։ Հիմա, սա նոր երևան եկած հանգամանք է, և մենք նորից դիմում ենք դատարան, որ գործի վարույթը վերսկսվի։ Մեր պահանջն է, որ Թեղուտ ՓԲԸ֊ում բնապահպանական տեսչությունը իրականացնի ստուգումներ»[11]։
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունը, կառավարությունը և դատարանը, կարծես համախմբված, բեմադրել են թատերական մի ներկայացում, որը խոչընդոտել է քաղաքացիների և քաղհասարակության ջանքերը՝ ուղղված պետական մարմիններին կառավարման իրենց հիմնական գործառույթները իրականացնել պարտավորեցնելուն, կապված մի ծրագրի հետ, որը զգալի սոցիալական, բնապահպանական և տնտեսական ռիսկեր է պարունակել տարածաշրջանի և երկրի համար։ Ցավալի հեգնանքն այստեղ այն է, որ պետությունը սա արել է տնտեսական զարգացման քողի ներքո, ինչը տապալվեց հենց նույն Թեղուտում։
Իհարկե, վերոնշյալ պատմությունն ընդամենը քաղաքացիական հասարակության միայն մեկ կազմակերպության ունեցած փորձառությունն է, որը հետևողականորեն ստիպել է կառավարությանն իրականացնել կառավարման իր գործառույթը հանքարդյունաբերական կոնկրետ ծրագրի հետ կապված։ Սակայն կառավարման կոպտագույն ձախողումները Հայաստանում եղել են համատարած։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
● Սյունիքի մարզում Ագարակի հանքավայրի պոչանքները ուղղակիորեն լցվում են Արաքս գետը՝ թափվող բաց ջրատարների միջոցով։ Պետությունն անկարող է եղել վերացնել այս երևույթը։ Նույն հանքավայրի փակված պոչամբարներից մեկը, որը չունի հողածածկ, արտանետում է մեծ քանակությամբ պոչանքի փոշի, որը հողմահարման միջոցով հասնում է Ագարակ քաղաք և համայնքի գյուղատնտեսական նշանակության հողեր։ Նույն հանքարդյունաբերողն ունի պոչամբար, որի պոչատարներից զգալի արտահոսքեր են նկատվել 2016թ․-ին կատարված այցելության ժամանակ։
● Սյունիքի մարզում գտնվող Քաջարանի հանքավայրն իր պոչանքները տեղափոխում է Կապանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկի պոչամբար՝ օգտագործելով հսկայական քանակությամբ ջուր։ Ջրային ռեսուրսների այս քանակությամբ օգտագործումն անընդունելի պիտի համարվի և նվազեցվի համահունչ միջազգային չափանիշներին։ Ամենասարսափելին այն է, որ պոչամբարի ջուրը, առանց ենթարկվելու որևէ մաքրման, բաց է թողնվում դեպի Օխտար գետը, որտեղից էլ այնուհետև հոսում է դեպի Ողջի գետ։
● Կավարտի չգործող հանքավայրը նախկինում եղել է Կապանի ոսկու հանքավայրի մաս, որն այնուհետև նախորդ սեփականատիրոջ կողմից, ակնհայտորեն նաև պետական մարմինների մասնակցությամբ, առանձնացվել է հանքավայրի արտադրական մասից։ Այս շրջանը Հայաստանում թթվային ապարաների դրենաժի աղտոտման ամենավատ աղբյուրներից է, որի առնչությամբ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել։ Տեղական համայնքների բողոքները բախվել են խուսափողական պատասխանների։
● Ակտիվիստների տարբեր խմբեր ուսումնասիրություններ են կատարել և բարձրաձայնել Ամուլսարի հանքավայրի և այնտեղ թթվային ապարների դրենաժի հետ առնչվող ռիսկերի մասին։ Պետությունը բավականաչափ կամք կամ պարզապես իրավական մեխանիզմներ չի ունեցել այդ ուսումնասիրությունները դիտարկելու համար։ Մի՞թե սրա պատճառն այն է, որ պետությունն իսկապես համոզված է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու իր կարողությունների վրա և վստահ է, որ բոլոր ռիսկերը պատշաճ կերպով կգնահատվեն ՇՄԱԳ ընթացքում։ Միգուցե պետությունն անկարո՞ղ է անդրադառնալ նախկինում թույլ տրված քաղաքականության և տեխնիկական թերություններին՝ մի ծրագրի շրջանակներում, որը կարող է երկարաժամկետ լինել և էական ազդեցություն ունենալ երկրի չափազանց զգայուն մի հատվածի վրա։ Արդյոք օրենքը թույլ չ՞ի տալիս քննարկել նոր փաստեր եւ ապացույցներ, երբ դրանք առաջանում են:
● Լոռու մարզում գտնվող Ախթալայի հանքավայրը աղտոտման ռիսկային աղբյուր է եղել հարակից համայնքների համար։ Այն նաև թույլ է տվել, որպեսզի պոչանքների հոսքաջրերը ուղղակիորեն թափվեն Դեբեդ գետը։ Պետությունը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկել՝ միտված ընկերության կողմից աղտոտումը կանխելուն։