
Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով
Հայաստանի գիտության մասին տեղեկությունների փնտրտուքներն առաջին հերթին բացահայտեցին Երևանի նորակառույց թաղամասերից մեկում գտնվող գիտության և տեխնիկայի թանգարանը, որի մասին չէի լսել: «Ինժեներական քաղաքի» գեղեցիկ ու ճաշակով կառուցված տներից մեկի հարկաբաժնում խնամքով հավաքված ու դասավորված էին Խորհրդային Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների մշակած ու պատրաստած բազմաթիվ սարքեր, կենցաղային իրեր:
Թանգարանի աշխատակցուհին՝ Քրիստինեն, մանրամասն բացատրում էր, թե որ սարքը ե՞րբ և հայկական ո՞ր գործարանում է ստեղծվել: Դրանցից շատերը քաջ ծանոթ էին և կարոտ էին առաջացնում: Ահա «Դե, սպասիր» հայտնի մուլտֆիլմի գլխավոր հերոս Գայլի՝ հավկիթ հավաքող էլեկտրոնային խաղը, «Արագած» սառնարանը, էլեկտրոնային սրճաղացներն ու զարթուցիչները, որոնց զրնգուն ձայնը մեզ արթնացում և դպրոց էր ուղարկում, հազար ու մի ուրիշ առարկաներ, որոնք վաղուց դարձել են մշուշոտ, բայց անջնջելի հիշողություն:
Ահա նաև «Երազ» գործարանի արտադրած հռչակավոր մեքենաների լուսանկարները: Ժողովուրդը մոդելներից մեկն արտաքին տեսքի համար կոչել էր «արդուկ», և որով մինչև վերջին 10 տարին մենք գնում էինք աշխատանքի: Ցուցափեղկում հայկական արտադրության էլեկտրամեքենայի երեք նմուշների լուսանկարներն են, որոնք 1970-ական թվականների առաջին կեսին նախագծել էր պրոֆեսոր Էմիլ Դիլանյանը:

«Երազ» գործարանի արտադրած մեքենան

Վատ լսողություն ունեցողների համար ակնոց։ Միկրոսխեման պատրաստված է «Սիրիուս» գործարանում, ք. Աբովյան

Նավթավառ, Հայէլեկտրամեքենաշինական գործարան
Ցուցանմուշների թվում է նաև ակնոցի մեջ ներկառուցված լսողական սարքը, որը պարզ ու տրամաբանորեն հիմնավորված նորարարություն էր:
Հատկապես երկար կանգ առա հայկական արտադրության նավթավառի մոտ, որը 1990-ական թվականների սկզբի էներգետիկ ճգնաժամի տարիներին տաք կերակուր պատրաստելու գրեթե միակ միջոցն էր: Կամ սարքն էր անկատար, կամ նավթի որակը լավը չէր՝ չգիտեմ, սակայն մինչև հիմա հիշում եմ մեր խոհանոցի թանձր, երկնագույն ծուխը, որի մեջ ուրվագծվող մորս ստվերը փորձում էր սնունդ պատրաստել ընտանիքի համար: Հենց այդ տարիներին էլ անէացավ հայկական գիտությունը, որի երբեմնի փառքի մասին արդեն 30 տարի է մենք հպարտությամբ, զայրույթով ու կարոտով ենք խոսում:
* * *
Հայկական գիտության վերաբերյալ քննարկումները նոր չեն։ Դեռ հեռավոր 1980-ականների վերջին, երբ ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը շուտով գոյություն չի ունենալու, բազմաթիվ քննարկումներ էին ծավալվում Հայաստանի գիտության ապագայի մասին։ Մարդիկ վստահ էին, որ անկախությունը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծելու բոլոր ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման համար։ Մարդիկ հավատում էին, որ հայ գիտնականների ստեղծագործ միտքը բարիք է բերելու անկախ Հայաստանին։ Սակայն ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տնտեսական ու հաղորդակցային շրջափակումը, պատերազմները, նախկինում եղած կապերի կորուստը, Ռուսաստանի և խորհրդային մյուս հանրապետությունների ծանր դրությունն անելանելի վիճակ ստեղծեցին հայկական գիտության համար։ Գիտնականներից ոմանք հեռացան արևմտյան երկրներ, ոմանք՝ Ռուսաստան, ոմանք էլ մնացին Հայաստանում՝ փորձելով չնչին ֆինանսավորմամբ շարունակել աշխատանքը:
Երկար տարիներ մենք բարձր ենք գնահատել մեր գիտական կարողությունը։ Մերգելյանի, Ալիխանյանի, Իոսիֆյանի, Համբարձումյանի, Գուրզադյանի և հարյուրավոր այլ գիտնականների հայտնագործությունները մեծ փառք են բերել հայկական գիտությանը։ Որքան էլ խորհրդային գիտական համակարգն ուներ բազմաթիվ թերություններ ու առանձնահատուկ կառուցվածք, պետք է ընդունել, որ հետամնաց ու գյուղատնտեսական Հայաստանում մի քանի տասնամյակում հնարավոր եղավ ստեղծել գիտական հենք ունեցող արդյունաբերություն։
Խորհրդային տարիներին Հայաստանում ստեղծվել էր գիտության մեծ ենթակառուցվածք, տասնյակ ինստիտուտներ, գիտահետազոտական ու փորձարարական կենտրոններ։ Խորհրդային Հայաստանի գիտական համակարգը խորհրդային գիտության մի մասն էր և զարգանում էր ընդհանուր ենթակառուցվածքների, կենտրոնական ֆինանսավորման և հսկայական ռազմական պատվերների շնորհիվ։ Գիտությունը ֆինանսական հատկապես մեծ միջոցներ է սկսում ստանալ Սառը պատերազմի տարիներին, երբ գիտական և ինժեներական հայտնագործությունների զգալի մասն օգտագործվում էր ռազմական բնագավառում։
Գիտությանն անդրադառնալիս՝ նախևառաջ հարկ է հստակեցնել, թե գիտական գործունեություն ասելով մենք ինչ ենք հասկանում և որոնք են գիտնականի աշխատանքի չափանիշները։ Շատերը գտնում են, որ Հայաստանը պետք է ունենա նույնքան գիտնական, որքան խորհրդային տարիներին ուներ։ Այստեղ հարկ է նշել, որ Խորհրդային Հայաստանի գիտությունը ԽՍՀՄ գիտության մի մասն էր, ինչը նշանակում է, որ հայ գիտնականներն աշխատում էին ոչ միայն հայկական, այլև խորհրդային գիտական և արդյունաբերական շուկայի համար։
Իմ զրուցակից Վազգեն Թորոսյանն աշխատում է գիտության նոր ուղղությունում, որը կոչվում է DevOps ինժեներ (DevOps engineer[1])։ Նրա կարծիքով, եթե մենք չենք վերականգնում Խորհրդային Միությունը, ապա անիմաստ և անհնար է վերականգնել խորհրդային գիտությունը։
«Խորհրդային գիտությունն աշխատում էր խորհրդային պետության համար, որը չէր սահմանափակվում Հայաստանով: ԽՍՀՄ-ը մի մեծ պետություն էր, որտեղ, օրինակ, միայն Հայաստանում կարող էր լինել 21 հազար գիտնական, բայց նրանք աշխատում էին 250 միլիոնանոց երկրի համար: Կարծում եմ՝ մեզ պետք չէ և երբեք էլ պետք չի գալու 21 հազար գիտնական: Մենք պետք է նայենք, թե ժամանակակից աշխարհում ինչպես է զարգանում գիտությունը և համեմատվենք չափերով մեզ մոտ երկրների հետ: Ես հիմա աշխատում եմ լիտվացիների հետ, ովքեր շատ զարգացած գիտություն ունեն նույն ՏՏ ոլորտում: Մենք պետք է նայենք, թե ժամանակակից աշխարհն ինչ խնդիրներ է լուծում, մե՛նք ինչ խնդիրներ կարող ենք լուծել և ինչպես կարող ենք նյութականացնել գիտությունը»,— ասում է նա:
Հայտնի է, որ խորհրդային գիտությունը մեծ տեղ էր հատկացնում ռազմական պատվերներին։ Հայաստանի գիտական հաստատությունների զգալի մասն այս կամ այն չափով աշխատում էր ռազմական խնդիրները բավարարելու ուղղությամբ։ Բացի պետության առջև պարտականությունից, ռազմական ոլորտի համար աշխատանքը նշանակում էր ֆինանսական մեծ միջոցներ, որոնցով լուծվում էին նաև աշխատակիցների բնակարանային խնդիրները, ապահովվում նրանց հանգիստը։
«Արագած» հաշվիչ մեքենաների ստեղծողներից մեկը՝ Էդուարդ Ղազարյանը գրում է. «Զինված ուժերի համար աշխատելը մեծ գումարներ բերեց, որոնց շնորհիվ ինստիտուտի աշխատակիցների համար բնակելի շենքեր կառուցվեցին։ Մոսկվայի Ավտոմատացված սարքավորումների հետազոտական ինստիտուտի հետ 1967-ին սկսեցինք զբաղվել ռազմաօդային ուժերի ավտոմատացմամբ։ Հիմնվելով ամերիկյան ARPANET պրոտոկոլի վրա՝ կառուցում էինք հաշվիչ մեքենաների համակարգ, որը պետք է միավորեր Գլխավոր շտաբը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Խնդիրը հետևյալն էր. եթե Մոսկվայից ստանում ենք ավիահարվածի հրաման, ապա ամենահեռավոր օդային գնդին այն պետք է հասներ 10 վայրկյանում»[2]։
Հայկական առաջին համակարգիչների նախագծերում աշխատող մեկ այլ գիտնական՝ Համլետ Հարությունյանը նշում է, որ Մերգելյանի անվան ինստիտուտը 1980-ականների երկրորդ կեսին քաղաքացիական պատվերներ գրեթե չուներ[3]։
Armacad գիտակրթական ընկերության նախագահ Խաչիկ Գևորգյանն ասում է.
«Խորհրդային գիտության կենցաղային նշանակությունը բավականին քիչ էր՝ հիմնական պահանջարկը ռազմական էր։ Ինչպես գիտենք, ԽՍՀՄ-ում կենցաղային տեխնիկա քիչ էր արտադրվում, և կարելի է ասել, որ դա ռազմականի շեղումն էր՝ օրինակ, սուզանավի շարժիչ արտադրող գործարանը կարող էր նաև մագնիտոֆոն արտադրել։ Երևի դա է պատճառը, որ Խորհրդային Միությունում, ի տարբերություն ռազմականի, կենցաղային տեխնիկան շատ զարգացած չէր»։
Խորհրդային գիտությանն անդրադառնալիս անհրաժեշտ է նշել, որ այն ֆինանսավորվում էր բացառապես պետության կողմից։ Ավելին՝ պետությունն էր որոշում գիտության հիմնական ուղղությունները, վերահսկում հետազոտական գործընթացը։ 1930-40-ական թվականներին ԽՍՀՄ-ում կիրառվում էր գիտությամբ զբաղվելու հարկադրանքը։ Այսինքն՝ պետությունը ստիպում էր գիտնականներին զարգացնել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ էին։
1930-ական թվականների վերջի բռնաճնշումների տարիներին բազմաթիվ գիտնականներ ձերբակալվում էին, աքսորվում հեռավոր շրջաններ, որտեղ էլ աշխատում էին հետազոտական հատուկ ճամբարներում։ Ամենացայտուն օրինակներից է Սերգեյ Կորոլյովը, ում 1938-ին ձերբակալում են և դատապարտում 10 տարվա աքսորի ուղղիչ աշխատանքային ճամբարում։ Աքսորավայրում նա զբաղվում էր անօդաչու թռչող սարքերի, ռմբակոծիչների, թևավոր հրթիռների մշակումներով։ 1944-ին Ստալինի հրամանով Կորոլյովին ազատում են և հանձնարարում բալիստիկ հրթիռների նախագծման աշխատանքը։ Ավելի ուշ՝ 1980-ին աքսորվում է ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը, որը շուրջ վեց տարի ռազմական հետազոտություններ էր անում Գորկիում։
«Գիտության ոլորտում հաջողության հասնելու համար կիրառվել է ինչպես ազատ մտածելու մեթոդը, այնպես էլ հարկադիրը։ Օրինակ՝ Խորհրդային Միությունում բազմաթիվ հայտնագործություններ արվել են հարկադրանքի պայմաններում։ Արդյունքում` երկուսն էլ իրականացվում են պետության կողմից։ Եթե հարկադրանքով է, ապա դա իրացնողը պետությունն է, քանի որ մասնավորը չի կարող ստիպել։ Բացարձակ ազատության դեպքում պետությունը ֆինանսավորողն է և համապատասխան պայմաններ ու ենթակառուցվածքներ ստեղծողը։ Առանց պետության առաջնային դերակատարության ու մասնակցության` մասնավորը չի կարողանալու ֆինանսավորել անհայտը»,— ասում է Գևորգյանը։

Գիտական ազատությունը
Խորհրդային շրջանում գիտնականները հաճախ լինում էին ազատության, ազատ մտածողության կրողները։ Պետությունը ոչ միշտ էր կարողանում կառավարել նրանց ազատամտությունը։ Հայաստանում նույնպես գիտնականները հաճախ կապ էին պահում ազատախոհների, իշխանության բարեհաճությունից զրկված մտավորականների հետ։
«Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների տանը ցուցադրում էին ֆիլմեր, որոնք ԽՍՀՄ-ում արգելված էին։ Այստեղ գալիս էին հայտնի մարդիկ ու դասախոսություններ էին կարդում, պատմում էին այն, ինչ այլ վայրում անհնար էր լսել։ …Այն ժամանակ մարդիկ, նաև Հայաստանում, լայն աշխարհայացք ունեին, անգլերեն դա անվանում են think big: Նման պայմաններում Երևանում ի հայտ եկան հանճարի լուսապսակով մարդիկ»,— պատմել է Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը[4]։ Նրա խոսքերի լավագույն օրինակը, թերևս, ֆիզիկայի գիտավանում Բրոդսկու հանդիպումն է կենսաֆիզիկոս Սերգեյ Մարտիրոսովի և Արտեմ Ալիխանյանի հետ, որը տպագրված է գրքում։
1972-ին Մերգելյանի անվան ինստիտուտը[5] քանդակագործ Երվանդ Քոչարին պատվիրում է կիբեռնետիկային վերաբերող արձան քանդակել։ Քոչարը ստեղծում է «Կիբեռնետիկայի մուսան» արձանը, որը գեղարվեստական խորհուրդը թույլ չի տալիս տեղադրել քաղաքում։ Որոշվում է արձանը դնել Մերգելյանի ինստիտուտի բակում։
«Ինստիտուտում տեղադրել հնարավոր էր, քանի որ այնտեղ աշխատող մարդիկ այդպիսի արվեստին ավելի պատրաստ էին։ Նման մի բան էր կատարվում նաև ֆիզիկայի գիտավանում, որտեղ Ալիխանյանն ընդունում էր նկարիչների՝ Արևմուտքից հայրենիք վերադարձած ավանգարդիստ նկարիչ Հարություն Կալենցին, քանդակագործ Չաքմաքչյանին, որն Ալիխանյանի խնամակալության տակ էր»,— գրում է ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանը[6]։
Նոր ժամանակներում
Հայաստանում գիտության արդի վիճակի և ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ կան Վիճակագրական կոմիտեի ամենամյա տարեգրքում: 2021-ին գիտական հետազոտությունների և մշակումների վրա արված ներքին ծախսը կազմել է 12 մլրդ 932մլն դրամ, որից շուրջ 10 մլրդ-ը բյուջետային միջոցներն են: Նույն տվյալներով՝ Հայաստանում կա հետազոտություններ ու մշակումներ կատարող 65 կազմակերպություն՝ ընդհանուր 4499 աշխատակցով: Համեմատության համար նշենք, որ այս թիվն աննշան տարբերություններով պահպանվում է վերջին 4 տարում:
Գիտության ֆինանսավորումն ավելացնելու հարցը մշտապես եղել է գիտական և հասարակական շրջանակների ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ գիտության և բուհական ոլորտներում աշխատողները պահանջում էին ավելացնել թե՛ աշխատավարձը, թե՛ գիտական հետազոտությունների համար հատկացվող գումարը:
2014-ին ՀՀ իշխանություններին ուղղված բաց նամակում շուրջ 30 հայ գիտնականներ նշում էին, որ գիտության անբավարար ֆինանսավորման պատճառով բազմաթիվ գիտնականներ հեռացել և շարունակում են հեռանալ Հայաստանից: Ուշադրության են արժանի բաց նամակում ներկայացված մի շարք տվյալներ, մասնավորապես՝ Խորհրդային Հայաստանում 1988-ի դրությամբ եղել է գիտությամբ և գիտահետազոտական աշխատանքով զբաղվող շուրջ 21 հազար մարդ: Միաժամանակ, գիտնականները նշում էին, որ խորհրդային տարիներին գիտահետազոտական աշխատանքներին հատկացվում էր մեր հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 2.5 տոկոսը:
2021-ին կառավարության որոշումով 2 մլրդ 784 մլն դրամով ավելացվում է գիտության ֆինանսավորումը: Այս գումարից շուրջ 1 մլրդ 31 մլն 740.9 հազար դրամը նախատեսված է գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացման, սարքավորումների արդիականացման, միջազգային համագործակցության և ենթակառուցվածքների արդիականացման համար: Գումարի մնացած մասը՝ 1 մլրդ 638 մլն 424,5 հազար դրամը, նախատեսված է գիտական թեմատիկ հետազոտությունների համար:
Մեր բոլոր զրուցակիցները նշում են, որ գիտությունն այլևս տեղայնացված չէ և համամարդկային է։ Աշխարհի գրեթե բոլոր գիտնականներն աշխատում են, ներկայացնում իրենց հոդվածներն ու հայտնագործությունները, հաճախ միասին ուսումնասիրում այս կամ այն երևույթը։ Այսինքն՝ մենք այլևս չպետք է խոսենք միայն հայկական գիտության մասին, այլ փորձենք առավելագույնս ընդգրկվել համաշխարհային գիտական ընտանիքում։ Գիտնականի աշխատանքի հիմնական արդյունքը գիտական հոդվածն է, որը տպագրվում է միջազգային գիտական հանրության կողմից ընդունված և հեղինակություն վայելող ամսագրում։ Նույն կերպ պետք է հրապարակվեն հակառակ տեսակետներն ու գիտական քննադատությունը։
«Ընդհանրապես՝ գոյություն չունի հայկական գիտություն, կա միջազգային։ Եթե աշխարհի բոլոր գիտնականները հավաքվել են ու 30, 40, 100 տարի ստեղծել են մի ամսագիր և ընդունել, որ այդ ամսագիրն է գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու հարթակը, նշանակում է՝ մեր գիտնականներն էլ պետք է այնտեղ ներկայացված լինեն։
Երբ պետությունը ֆինանսավորում է գիտությունը, գիտնականից միակ պահանջը պետք է լինի հոդվածը։ Ուրիշ երկրներում էլ է այդպես։ Երբ աշխատանքի ես անցնում, հաստատությունը ներկայացնում է իր պահանջները, ենթադրենք՝ չորս տարում պետք է գիրք գրես, ամեն տարի մեկ հոդված հրատարակես և այլն։ Հոդվածի որակը կորոշի տվյալ ամսագրի խմբագրությունը, որը նույնպես կազմված է գիտնականներից։ Եթե դու տպագրվում ես, նշանակում է՝ դու արժանի էիր պետության կողմից այդ ֆինանսավորմանը»,— ասում է Խաչիկ Գևորգյանը։
Գիտական ամսագրերում տպագրվելուց հետո արդեն գիտնականի համար կարևոր է դառնում, թե որքան շատ մարդ է կարդում իր հոդվածը, որքան հղումներ են արվում հոդվածին և որքանով է գիտնականի առաջ քաշած նորարարությունը կամ հայտնագործությունը կիրառվում կյանքի այս կամ այն ոլորտում։

Գիտությունը ծախսատար ոլորտ է, որին վերաբերող հարցերը քննարկելիս անխուսափելիորեն կանգնում ենք ֆինանսական միջոցների արդյունավետության, արդյունքի օգտակարության հարցերի առաջ։ Մեր դեպքում գիտության հիմնական ֆինանսավորողը պետությունն է, որի միջոցներն անսահմանափակ չեն, և հարկ է սահմանել այն ուղղությունները, որոնք պետության համար առավել առաջնային նշանակություն ունեն։
Վազգեն Թորոսյանը գիտությամբ զբաղվող մարդկանց բաժանում է երկու խմբի՝ հետազոտություն անողների և արդեն արված հետազոտությունները կիրառողների.
«Երկու դեպքում էլ գիտական մեծ ներուժ է անհրաժեշտ: Կարծում եմ՝ երկու ուղղություններն էլ մեզ պետք են: Եթե համեմատում ենք աշխարհի մյուս երկրների հետ, ապա պետք է արձանագրենք, որ, օրինակ, Չինաստանը կարող է այս ոլորտում զբաղվող 2 մլն գիտնական ունենալ, իսկ մենք՝ ընդամենը երկուսը։ Միաժամանակ, սա չի նշանակում, որ չինական երկու միլիոն գիտնականներն անպայման հաջողություն են ունենալու, իսկ մենք՝ ոչ: Հետազոտությունն այնպիսի աշխատանք է, որը փող է կլանում, իսկ նյութականացնող մասնագետները փող են ստեղծում: Պետք է գտնել սահմանը, թե ինչքան գումար կարող ենք հատկացնել հետազոտությունների համար, արդյո՞ք այդ հետազոտությունը մեզ անհրաժեշտ է: Օրինակ՝ ռազմական ոլորտի հետազոտություններն անհրաժեշտ են: Նույն անօդաչու թռչող սարքերի դեպքում կարելի է մի մեծ խումբ գիտնականների հանձնարարել, որ արդեն եղած տեխնոլոգիաները սովորեն ու կիրառեն, իսկ մեկ այլ՝ շատ ավելի փոքր խումբը կարող է զբաղվել միայն գիտական հետազոտություններով»:
Գիտության մասին խոսելիս՝ մենք հաճախ պատկերացնում ենք այն առարկաները, որոնք օգտագործում ենք կենցաղում. ավտոմեքենա, հեռախոս, հեռուստացույց, ձայնագրիչ, և նշում, որ պետք է ունենանք մեր գիտությունը՝ այս ամենն արտադրելու համար։ Մոտեցումն այնքան էլ չի համապատասխանում գիտության իրական նշանակությանը և ինժեներական, արտադրական գործընթացին է վերաբերում։ Խնդիրն առավել հաճախ դիտարկվում է ռազմական արդյունաբերության մասին խոսելիս. 2016 և 2020 թվականների պատերազմները և մեր անհաջողությունները հանրային խոսույթ բերեցին անօդաչու թռչող սարքերի, բարձր ճշգրտության զինատեսակների, և ընդհանրապես՝ տեղական ռազմական արդյունաբերության զարգացման մասին մտքերը։ Այս ամենի համար, հանրային պատկերացումներով, գիտություն է պետք։
«Դա գիտություն չէ։ Գիտությունը ԱԹՍ-ի հետևում եղած ամբողջ տեխնոլոգիան է, նույնիսկ ոչ թե դրա կիրառումը, այլ հենց ստեղծումը։ Գիտական կենտրոններում, համալսարաններում արվող գիտական մշակումները հետագայում նոր միայն ստանում են գործնական կիրառություն։ Մենք սա ենք բաց թողնում։ Ես չեմ համարում, որ նոր զինատեսակներ ստեղծելու համար Հայաստանում գիտական նոր մշակումներ անելու կարիք կա։ Դա արդեն գոյություն ունի, արդեն կա։ Կարելի է ասպիրանտներ ուղարկել տարբեր համալսարաններում սովորելու, գիտական մշակումները յուրացնելու, որոնք հետո արդեն այստեղ կարող են ստեղծել անհրաժեշտը։ Բայց, միգուցե, մենք ստեղծենք նոր մոտեցում, գիտական նոր մշակումներ։ Այն մարդը, որը կմշակի նոր ֆորմուլան, բոլոր անհրաժեշտ նյութերը, կլինի տեսական ոլորտի գիտնականը, իսկ նա, ով կվերցնի գիտական այս մշակումները, և կստեղծի կոնկրետ արդյունքը, կլինի ինժեներական արտադրանք ստեղծողը»,— պարզաբանում է Գևորգյանը։
Գիտնականները փոխում են երկրի որակը
Գիտության ֆինանսավորումը, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանում իրականացնում է պետությունը։ Սակայն կարելի է մտածել, որ այդ գործը կարող է հեշտությամբ անել նաև մասնավորը։ Չէ՞ որ միջազգային խոշոր արտադրողները շահագրգռված են զարգացնելու գիտությունը և գիտական նորարարությունները կիրառելու։
Մեքենայական ուսուցման հետազոտություններով զբաղվող YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է, որ մասնավոր կազմակերպությունները գիտնական պատրաստել չեն կարող։
«Գիտնական պատրաստելը շատ երկարատև գործընթաց է, և մասնավորն այդ ներդրումն անել չի կարող։ Մասնավորն օգտվում է արդեն արված ներդրումից։ Տարբեր հաշվարկներ կան, թե որքան ժամանակ է անհրաժեշտ գիտնական պատրաստելու համար՝ 5-ից 10 տարի։ Եթե վերցնենք նվազագույնը, ապա պետք է նշենք, որ դա մասնավորի համար անընդունելի մեծ ժամկետ է։ Օրինակ, եթե այսօր Picsart ընկերությանն անհրաժեշտ է ինչ-որ խնդիր լուծել, նա չի կարող այդպիսի երկարաժամկետ ներդրում անել։ Ֆինանսական հնարավորություն ունի, սակայն այդքան ժամանակ չունի։ Փոխարենը՝ եղած միջոցներով կհրավիրի օտարազգի գիտնականի։ Գիտության ոլորտում այս երկարատև ներդրումը պետք է նախևառաջ անի պետությունը»,— ասում է նա։
Գիտության ֆինանսավորումը երկարաժամկետ ծրագիր է, սակայն հետևողականորեն իրականացնելու դեպքում կարող է նաև զգալի օգուտ բերել երկրին։ Բացի այդ, Խաչատրյանն անդրադառնում է գիտության մեկ այլ՝ ոչ այնքան նյութական կողմին։
«Գիտությունն այնքան շատ բանի համար է անհրաժեշտ, որ դժվար է ամենը թվարկել։ Գիտությունը պետք է, որպեսզի երկրում շատ լինեն չլուծված խնդիրներ լուծելու ունակություն ունեցող մարդիկ։ Գիտությունը հենց դա է։ Գիտնականն աշխարհում նոր գիտելիք է ավելացնում։ Աշխարհում եղած գիտելիքը հասկանալն առանձին ունակություն է, որի համար անհրաժեշտ են բազմաթիվ որակներ։ Օրինակ՝ գրականության և տվյալների վերլուծությունը, գիտական անաչառությունը և այլն։ Այդ տեսակի մարդկանց առկայությունը փոխում է երկրի որակը»,— ասում է նա։
Խաչիկ Գևորգյանը համոզված է, որ պետությունը պետք է ֆինանսավորի գիտական հնարավորինս շատ ուղղություններ, թեև կարող է նաև նախապատվություններ ունենալ.
«Իմ կարծիքով բոլոր ոլորտները պետք է ունենան ֆինանսավորման հնարավորություն։ Գիտության ֆինանսավորումը նաև տաղանդավոր մարդկանց երկրում պահելու հնարավորություն է։ Սահմանափակումներ մտցնելով՝ դու կորցնում ես տարբեր ոլորտների, թեկուզև՝ քիչ, բայց տաղանդավոր մարդկանց։ Միաժամանակ, հասկանալի է, որ պետությունը կարող է ունենալ առաջնահերթություններ»։
Սերունդների տարբերությունը
Խորհրդային շրջանում կրթություն ստացած և կայացած գիտնականներն աշխատել են ԽՍՀՄ գիտական համակարգում։ Արդյո՞ք նրանք կարողանում են հարմարվել ժամանակակից տեխնոլոգիական նորարարություններին և սահուն աշխատել երիտասարդ սերնդի գիտնականների հետ։ Մեր զրուցակիցները նշում են, որ, այսպես կոչված, «սերունդների պայքարը» գիտության ոլորտում առանձնապես սուր չի դրսևորվում։ Ավագ սերնդի մասնագետները կարողանում են ինչպես աշխատել, այնպես էլ իրենց հարուստ փորձը փոխանցել երիտասարդներին։
Վազգեն Թորոսյանը, որպես օրինակ նշելով ՏՏ ոլորտը, առանձնացնում է, որ այստեղ տեխնոլոգիաներն արագ են փոխվում, և «հին» գիտելիքը կարող է երբեմն արդյունավետ չլինել։
«ՏՏ-ն սրընթաց զարգացող ոլորտ է, և շատ հին փորձը կարող է տեխնոլոգիական առումով արդիականությունը կորցնել: Բայց աշխատանքի մոտեցման առումով այն արժեքավոր է: Մի օրինակ բերեմ՝ աշխատող համակարգերի թարմացումը պետք է անել աստիճանաբար։ Չես կարող մարդկանց ասել, թե մեկ ամսով դադարեցնում եմ այս կամ այն ծառայությունը, հետո դուք նորից կկարողանաք միանալ դրան: Համակարգերի միգրացիան պետք է արվի աստիճանաբար: Ավագ սերունդը, օրինակ, ունի մեծ փորձ այդ գործում: Ես Կենտրոնական բանկում աշխատել եմ խորհրդային սերնդի հետ, և կրիտիկական գործողությունների ժամանակ նրանց փորձը շատ օգտակար էր»,— պատմում է նա։

Շատ երևույթներ մենք բնորոշում ենք որպես զուտ հայկական, այնինչ դրանք ամբողջովին կամ մասամբ բնորոշ են ընդհանրապես մարդ արարածին և հանդիպում են ամենուր։ Գիտության և կրթության ոլորտում երբեմն նկատվող սերունդների «մրցակցությունը» նույնպես միայն հայերին չէ բնորոշ. աշխարհի նույնիսկ ամենահեղինակավոր գիտակրթական հաստատություններում պատահում են երիտասարդ ուսանողներին ու աշխատակիցներին անտեսելու և չխրախուսելու դեպքեր։
«Կան գիտնականներ, որոնք տարիքով են, ինտեգրված, երիտասարդների հետ շատ լավ աշխատում են։ Կան, որ լավ աշխատում են, սակայն նրանց շրջապատում երիտասարդներ չկան, չունեն ասպիրանտներ։ Կան նաև մարդիկ, ովքեր չեն հարմարվել նորին ու դուրս են մղվել գիտական շրջանակներից։ Դա միայն հայկական երևույթ չէ։ Իմ բախտը բերել է՝ ես իմ կարիերայում նման խնդրի չեմ բախվել, բայց ունեմ ընկերներ, որոնց աշխատանքը չեն խրախուսել, փորձել են նվազեցնել ուսանողների արածը, որպեսզի իրենք մնան մեծ հեղինակություն։ Դա ճիշտ մեթոդ չէ, որովհետև ինչ-որ մի պահի այդպիսի ղեկավարները պարզապես ուսանող չեն ունենում, և բնական ընտրությամբ միջավայրը մաքրվում է։ Բայց տարբերությունն այն է, որ Հայաստանի փոքրության պատճառով այդպիսի պահվածքի «զոհերը» ծանր են լինում»,— պատմում է Հրանտ Խաչատրյանը։
Ինչպես Հայաստան բերենք գիտնականներին
Հնարավոր չէ խոսել գիտության մասին և չանդրադառնալ կրթական խնդիրներին։ Բուհերն են պատրաստում բոլոր այն մասնագետներին, որոնք հետագայում համալրում են երիտասարդ գիտնականների շարքերը։ Միաժամանակ, բուհերն իրենք կարող են ունենալ գիտահետազոտական բաղադրիչ և ուսուցմանը զուգահեռ զբաղվել հետազոտություններով և գիտական հոդվածների հրապարակումներով։
«Պետհամալսարանն ունի հետազոտական բաղադրիչ, ինչը նշանակում է, որ բուհում կարող են լինել լաբորատորիայի աշխատողներ, որոնք հետազոտական աշխատանքի համար վարձատրվում են։ Ընդորում՝ հենց այդ օղակի աշխատավարձն այս տարի բարձրացվեց ու առաջիկա տարիներին էլի է բարձրանալու, ինչը շատ ողջունելի է»,- այս կարծիքին է Խաչատրյանը։
Բացի այդ, նա գտնում է, որ եթե բուհն ունի վերափոխվելու, հզորանալու և միջազգային ճանաչում ունենալու ձգտում, ապա հետազոտական բաղադրիչը խիստ կարևոր է։
Մեր զրուցակիցն անդրադառնալով արտերկրի հայազգի գիտնականներին Հայաստան հրավիրելու խնդրին, որը տարիներ շարունակ քննարկվում է, նշում է, որ գիտնականների համար կարևոր է ոչ միայն վարձատրությունն ու դասավանդումը, այլև հետազոտական ակտիվ գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը։
«Ես ունեմ արտերկրի բուհերում սովորող և աշխատող մեր ոլորտի հայազգի գիտնականների ցուցակ, որոնց հետ քննարկում եմ, թե որ դեպքում նրանք կգան Հայաստան աշխատելու։ Կարող եմ ասել՝ բացառվում է, որ որևէ մեկը գա Հայաստան միայն դասավանդելու հեռանկարով։ Նրանք ուզում են գիտությամբ զբաղվելու ժամանակ ունենալ։ Հայաստանին անհրաժեշտ է այդ ցուցակից հնարավորինս շատ մարդու ցանկացած գնով բերել, և հայրենադարձությամբ զբաղվող կառույցները սա պետք է հաշվի առնեն։ ԵՊՀ-ն, եթե ցանկանում է մասնակցություն ունենալ այս գործում, պետք է ունենա հետազոտական բաղադրիչ և համապատասխան ֆինանսավորում»,— ասում է Խաչատրյանը։
Անկախության շրջանում կրթությունը երևի թե ամենաշատ քննադատված բնագավառն է, որի մասին խոսում ենք շուրջ երեսուն տարի։ Զուգահեռաբար՝ կա ընդունված տեսակետ, թե խորհրդային կրթական համակարգը լավագույնն էր և պետք է ձգտենք այն վերականգնել։ Դժվար է ասել, թե որքանով է դա իրատեսական։ Սակայն մեր կարծիքով այսօրվա Հայաստանում, հատկապես համացանցի անսպառ հնարավորությունների պայմաններում, հնարավոր է ստանալ որակյալ ու մրցունակ գիտելիք։
Վազգեն Թորոսյանը, բերելով իր երեխաների օրինակը, որոնք հաճախում են, այսպես ասած, սովորական հանրակրթական դպրոց, նշում է.
«Իմ երկու երեխաները սովորում են սովորական դպրոցում, որը լավն է, և կրթական համակարգում բոլոր պայմանները կան: Մեր դժգոհության հիմքում կրթադաստիարակչական հարցերն են, որոնք պետք է նաև ընտանիքից գան, և երեխան պետք է մոտիվացիա ունենա սովորելու: Եթե համեմատենք իմ սովորելու ժամանակի հետ, ապա պայմաններն աննախադեպ են՝ համացանցով մի քանի վայրկյանում կարելի է գտնել այն, ինչի համար ես դպրոցում ամիսներով հերթ էի կանգնում: Հիշում եմ՝ սովորելու ժամանակ ես գրեթե երկու ամիս սպասել եմ, որ կարողանամ գրադարանից վերցնել «Սոյուզ-Ապոլոն»[7] տիեզերանավերի կցման գունազարդ ատլասը: Հետո ես նկարներն էի արտանկարում, տեքստն էի արտագրում: Հիմա այդ ամենին կարելի է տեսանյութով հետևել»:
Ըստ նրա՝ մենք ունենք կրթությունն ու գիտելիքը հանրայնացնելու, սովորողների մոտիվացնելու պակաս, ինչը, թերևս, առավելապես դաստիարակության ոլորտում է։
Հրանտ Խաչատրյանը մատնանշում է մի քանի կարևոր թերություն, որոնք ազդում են կրթության, հետևաբար նաև գիտության վրա։ «Շատ բուհերում կան տուրիզմի և սպասարկման ոլորտի բաժիններ, որոնք, որքան հասկանում եմ, չպետք է լինեն համալսարաններում։ Դրանք կարող են լինել միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Կա նաև առաջարկի ու պահանջարկի խնդիր։ Օրինակ՝ համակարգչային գիտությունների ֆակուլտետներում շատ ուսանողների կողմից ճնշում կա, որ եկեք ավելի քիչ մաթեմատիկա և ավելի շատ ծրագրավորման կիրառական հմտություններ անցնենք։ Նշանակում է, որ բովանդակությունը մոտենում է այնպիսի որակի, որը բուհականին չի համապատասխանում։ Հեշտությամբ աշխատանք գտնելու ձգտումն է, ինչը հասկանալի է, բայց հանգեցնում է ընդհանուր որակի նվազման»,— ասում է նա՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ հայաստանյան բուհերում նկատվում են դրական փոփոխություններ՝ առավելապես արդյունաբերական ուղղություններում։
Ոչ պակաս կարևոր է կրեդիտային համակարգը, որը թեև գործում է, սակայն իրականում հնարավորություն չի տալիս ուսանողներին տարբեր բուհերում իրենց հետաքրքրող մասնագիտական առարակներին հետևել։
Պատմություն, թե՞ ֆիզիկա
Տեխնոլոգիական սրընթաց զարգացումը նվազեցրել է հումանիտար առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, և թվում է, թե դրանց կարիքը չկա։ Բայց մարդը նաև ոչ նյութականով ապրող էակ է, որը կարիք ունի մտածելու նաև հոգու, բարձրի, Աստծո, կյանքի իմաստի մասին, և այստեղ է, որ նրան օգնության են գալիս հումանիտար գիտությունները։
«Մենք խոսում ենք Աստծո գոյության, Դոստոևսկու, Չարենցի սպանության, կյանքի իմաստի և հազարավոր այլ թեմաների մասին։ Ո՞վ է պատասխանելու այս հարցերին։ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջանում բուխարու մոտ նստել ու մի խելացի մարդու հետ կյանքի իմաստը քննարկել։ Ո՞ւմ հետ եք քննարկելու, որտե՞ղ եք փնտրելու այս հարցերի պատասխանները, եթե ոչ հումանիտար գիտությունում։ Հնարավոր չէ ճշգրիտ գիտություններով բավարարել մարդու ամենօրյա իմացաբանական պահանջները։ Մարդը Չարենց կամ Շեքսպիր է կարդում և ցանկանում է ավելին իմանալ։ Ու ձեռքի տակ պետք է ունենա գիտական հոդված, կարդա, ընդորում՝ կարող է դեմ լինել այդ տեսակետին ու այլ կարծիք փնտրել, այլ տեղեկություն ստանալ։ Եվ այդ հարցերում մարդուն օգնության է գալիս հասարակագիտությունը։ Մենք հոգևոր սովի կմատնվենք, եթե այդ հարցերին պատասխանող գիտնականներ չունենանք, ովքեր օր ու գիշեր նման ոչ ճշգրիտ հարցերին պատասխաններ են փնտրում»,— համոզված է Խաչիկ Գևորգյանը։
* * *
Հայաստանն ունի գիտական հեռանկար. մոտավորապես այսպես կարելի է բնորոշել մեր երիտասարդ գիտնականների հետ զրույցից ստացված տպավորությունը։ Սակայն պետք է ավելի ու ավելի մեծացնել պետական աջակցությունը, լինել հետևողական ու սկզբունքային՝ թերությունները վերացնելու հարցում և անպայման աշխատել ապագայի հստակ տեսլականով։ Գիտությունը զարգանում է դանդաղ, երկար, սակայն հաջողության դեպքում շատ մեծ բարիք է բերում երկրին։
Մաս I
Աշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա
Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։
Read more