
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով:
Ղրիմի պատերազմի (1853-1856թթ․) պատճառը միջազգային խորը հակասություններն էին, որոնք առաջացել էին Բալկաններում, Փոքր Ասիայում և Կովկասում Ռուսական կայսրության ազդեցության մեծացման հետևանքով։ Ռուսաստանի և Անգլիայի, Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունների վատացումը պայմանավորված էր Օսմանյան կայսրությունում ռուսական դերակատարության մեծացմամբ։
Ռուսաստանը ցանկանում էր վերահսկողություն ունենալ Սևծովյան նեղուցներում, ինչպես նաև մեծացնել ազդեցությունը Բալկաններում։ Այս ցանկությունը հանդիպում էր Անգլիայի և Ֆրանսիայի դիմադրությանը, որոնք իրենք էին ուզում ազդեցիկ լինել նշված տարածքներում։ Եվրոպական մայրցամաքի ուժեղագույն այս պետությունների կապիտալը ձգտում էր դեպի արևելք, դեպի Հնդկաստան, որի ճանապարհն անցնում էր Փոքր Ասիայով։ Անգլիան ուզում էր Ռուսաստանին դուրս մղել ոչ միայն արևելյան շուկաներից, այլև սահմանափակել նրա ներկայությունը Սև ծովում՝ Ղրիմում և Կովկասում։
Ռուսաստանի, Թուրքիայի և Անգլիայի շահերը բախվում էին նաև Կովկասյան լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Չերքեզիայում (Ադիգեա, Կաբարդա)։ Չերքեզիայով էր ձգվում Սև, Ազովի և Կասպից ծովերը միավորող հաղորդակցությունը, որը կապում էր նաև Հարավային Կովկասը։ XVI-XIX դարերում Թուրքիայի և Ռուսաստանի միջև համառ պայքար էր ընթանում ադիգեյական ժողովուրդների շրջանում քաղաքական և տնտեսական ազդեցության համար։ «Չերքեզների հարցը» դարձել էր դիվանագիտական և ռազմական մրցակցության կարևոր թնջուկ։
Ղրիմի պատերազմի ժամանակ Եվրոպական մի շարք երկրները և Թուրքիան փորձում էին տեղային ապստամբություններ հրահրել Չերքեզիայում։ Անգլո-ֆրանսիական և թուրքական հրամանատարությունը մեծ դեր էր հատկացնում այս շրջանների ժողովուրդներին։ Նախքան պատերազմը, մշակելով ռազմական գործողությունները, դաշնակիցները (Ֆրանսիա, Անգլիա և Օսմանյան կայսրություն) հաշվարկում էին, որ Չերքեզիայի առափնյա շրջանում իրենց նավատորմի երևալուն պես Ադիգեյայում հակառուսական շարժումներ էին սկսվելու, և ծովից ու թիկունքից ստացած հարվածներով Ռուսաստանը կորցնելու էր իր դիրքերը Հյուսիսային Կովկասում։
Նեղուցներում Ռուսաստանի մեծացող ազդեցությունն անհանգստացնում էր անգլիացիներին։ Բոսֆորում ու Դարդանելիում ռուսների դիրքերի հզորացումը կարող էր մահացու հարված հասցնել բրիտանական հզորությանն ամբողջ աշխարհում։ Անգլիայի քաղաքական և տնտեսական շրջանակները գտնում էին, որ պատերազմի նպատակներից մեկը պետք է լիներ ռուսներին Կովկասից դուրս մղելը, որը դառնալու էր անգլիական ազդեցության գոտի։
Մինչև պատերազմը դաշնակիցները դեռ վերջնականապես չէին կողմնորոշվել, թե որ ուղղությամբ էին վարելու հիմնական ռազմական գործողությունները՝ Ղրիմո՞ւմ, թե՞ Կովկասում։ Թուրքական անատոլիական բանակի հրամանատարները արտասահմանցի սպաներ էին՝ հիմնականում անգլիացիներ ու ֆրանսիացիներ, որոնք երկու տարբերակներն էլ հավասարապես մշակում էին։ Երկար քննարկումներից հետո որոշվում է, որ հարվածի հիմնական ուղղությունը պետք է լինի Ղրիմը։ Այս հարցում վճռորոշ է լինում ֆրանսիացիների ձայնը, քանի որ Կովկասում նրանք մեծ հետաքրքրություններ չունեին։
Չնայած Ղրիմի վրա հարձակվելու որոշմանը՝ Անգլիան չէր հրաժարվում Չերքեզիայում և Արևմտյան Վրաստանում գործողություններից։ 1850-ին անգլիական հետախույզներն արդեն ունեին Սևծովյան ափամերձ շրջանում ռուսական ամրությունների քարտեզներն ու պլանները։ 1851-53թթ. ուժեղանում է դաշնակիցների հետախուզական գործունեությունը հյուսիս-արևմտյան Կովկասում։ Մի շարք հաղորդագրություններ են ստացվում, որ «եվրոպական ճանապարհորդները» լեռնականների ուղեկցությամբ շրջում են և հեռադիտակով նայում ռուսական ամրություններին։ Տեղեկություններից բացի դաշնակից երկրների գործակալները զենք էին մատակարարում տեղի լեռնականներին։
Անգլիան Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն ուներ, քանի որ բրիտանական կապիտալն արագորեն ներթափանցում էր Սև ծովի ավազան։ Անգլիական դիվանագիտությունը հանդես էր գալիս որպես «չերքեզական հարցի» աջակից, այսինքն՝ սատարում էին չերքեզներին՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ռուսաստանի ամրանալը Կովկասում մեծ հարված էր անգլիական շահերին, քանի որ Ռուսաստանը հայտնվել էր սուլթանական Թուրքիայի անմիջական հարևանությամբ, ինչը չէր կարող չանհանգստացնել Անգլիային։
1829-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրից դժգոհ էին ոչ միայն Թուրքիայում, այլև՝ Եվրոպական մի շարք երկրներում։ Անգլիան և Ֆրանսիան համոզված էին, որ այդ պայմանագիրը չափից ավելի է մեծացնում Ռուսաստանի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում՝ հատկապես նեղուցների հարցում։ Ռուսաստանն այդ ժամանակ հասել էր իր նպատակին՝ պայմանագրի միջոցով նեղուցների վրա ազդեցություն ունենալը, իսկ Օսմանյան կայսրության ամբողջական ջախջախումը նրա շահերից չէր բխում։ «Այս խաղաղությունն ամրացրեց Ռուսաստանի գերիշխող ազդեցությունը Արևելքում»,- ասել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Կարլ Նեսելրոդեն։ «Այդպես էին մտածում նաև Պետերբուրգում։ Մեր կառավարության նպատակն էր Բոսֆորում ամրացնել Ռուսաստանի բացառիկ ազդեցությունը, ընդորում՝ այդ նպատակին հասնելը համատեղելի էր Թուրքիայի գոյությամբ որպես քաղաքական օրգանիզմի, որը, սակայն, պետք է գործեր մեր ղեկավարությամբ»[1]։
1840-ական թվականներին եվրոպական միապետների պայքարը Մերձավոր Արևելքում ազդեցություն ունենալու համար շարունակվում էր։ Եվ այստեղ կարևոր էր դառնում Օսմանյան կայսրությունը, որը տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակում էր։ Թուրքիան խիստ թուլացել էր և դժվարությամբ էր կարողանում պահել իր հսկայական տիրապետությունը։ Ընդամենը 20 տարում նա զգալի տարածքներ էր կորցրել Բալկաններում, Կովկասում, իսկ Եգիպտական ապստամբությունն ուղղակի սպառնալիք էր ստեղծել սուլթանի գահի համար։ Բացի այդ, եվրոպական երկրներից յուրաքանչյուրը փորձում էր «իր բաժինը պոկել» Թուրքիայից։
1844-ի ամռան սկզբին Նիկոլայ I կայսրն այցելում է Անգլիա, որտեղ էլ վարչապետ Ջորջ Համիլթոն Աբերդինի հետ հանդիպման ժամանակ ասում է Թուրքիայի մասին իր հանրահայտ խոսքը. «Թուրքիան մեռնող մարդ է։ Մենք կարող էինք ձգտել փրկել նրա կյանքը, սակայն չի հաջողվի։ Նա պետք է մեռնի և կմեռնի»։
Նիկոլայ I-ը ցանկանում էր Թուրքիայի կործանման պահին դաշնակցել Անգլիայի հետ և ամեն գնով փորձում էր խափանել անգլո-ֆրանսիական դաշինքը։ Կայսրը նշում էր, որ Ֆրանսիան չափից ավելի մեծ հավակնություններ ունի. տարածքներ է ուզում Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանում և Արևելքում։
Մեկ տարի անց՝ 1845-ի վերջին Ռուսաստանի կայսրը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կլեմենս ֆոն Մետերնիխին է ներկայացնում Թուրքիայի ապագայի մասին իր պատկերացումները։ Նա հայտնում է, որ Թուրքիայի կործանման դեպքում Կ. Պոլիսն ինքը ոչ մեկին չի հանձնի։ Եթե որևէ մեկը փորձի զորք ուղարկել այնտեղ, ապա կայսրն ավելի շուտ կհասնի։ Իսկ եթե որևէ մեկը մտնի քաղաք, ապա՝ այնտեղ էլ կմնա։
1853-ի հունվարին Նիկոլայ I-ը Մեծ Բրիտանիայի դեսպան Ջորջ Համիլթոն Սեյմուրին ակնարկում է «հիվանդ մարդու»՝ Թուրքիայի մասնատման մասին։ Կայսրի առաջարկով Անգլիային անցնելու էր Կիպրոսը, Սիրիան, Կրետեն, հնարավոր է՝ նաև Հին Միջագետքի Տիգրիս և Եփրատ գետերի միջև ընկած շրջանները, ներառյալ Իրաքը, Քուվեյթը և Թուրքիայի որոշ հատվածներ։ Առաջին հայացքից շահավետ թվացող այս առաջարկը բնավ ձեռնտու չէր Անգլիային։ Եթե Սև ծովի նեղուցներն անցնեին ռուսներին, ապա Ռուսաստանն անխոցելի կդառնար։ Բացի այդ, նեղուցներից հետո Ռուսաստանը կարող էր շատ ավելի հեշտությամբ տիրել Թուրքիային։ Ավելին՝ Թուրքիայից հետո Իրանում ռուսական ազդեցությունը տարածելը ժամանակի հարց կդառնար, որով երազելի Հնդկաստան տանող ուղիները կանցնեին Ռուսաստանին։ «Հետևաբար, Թուրքիան Ցարին տալը կնշանակեր նրան տալ նաև Հնդկաստանը, իսկ Հնդկաստանը կորցնելու դեպքում Անգլիան կվերածվեր երկրորդական տերության»,— գրում է պատմաբան Եվգենի Տարլեն[2]։
Նվաճելով Փոքր Ասիան, Կովկասը և Բալկանյան թերակղզին՝ Ռուսաստանը հեշտությամբ կարող էր դուրս մղել բրիտանացիներին Մերձավոր Արևելքից։ Չնայած Անգլիայի կառավարող շրջանակների ներքին տարաձայնություններին՝ բոլորը համակարծիք էին, որ չի կարելի թույլ տալ Թուրքիայի մասնատումն ու կլանումը Ռուսաստանի կողմից։
Պայքար բանալու համար
Ֆրանսիայի, Ռուսաստանի և Թուրքիայի հակասությունները սրվում են «սուրբ հողում»՝ Երուսաղեմում և Բեթղեհեմում կաթոլիկ և ուղղափառ ուխտավորների իրավունքների հստակեցման պատճառով[3]։ Կրոնական հարցերն ու հավատակիցների պաշտպանությունը թեև կարևոր էին թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի համար, սակայն ընդամենը առիթ էին և ի ցույց էին դնում գերտերությունների աշխարհաքաղաքական խորքային հակասությունները։
Նախկինում դավանաբանական բոլոր տարաձայնությունները հստակեցվում էին Օսմանյան կայսրության հետ։ Այս անգամ Ֆրանսիան որոշում է ամրացնել իր դիրքերը Մերձավոր Արևելքում և հայտարարում է, որ կաթոլիկներն առավելություն ունեն։ Ռուսաստանն, իր հերթին, ներկայացնում է իր պահանջները։ Երկու երկրներն էլ հենվում էին գրեթե 100 տարի առաջ ստորագրված փաստաթղթերին. Ֆրանսիան՝ 1740-ին Օսմանյան կայսրության հետ կնքված պայմանագրին, իսկ Ռուսական կայսրությունը՝ 1774-ին ստորագրված Քյուչուկ-Կայնարջիի պայմանագրին։ Ֆրանսիան պահանջում էր, որպեսզի Սուրբ Ծննդյան տաճարի բանալին, որն այդ ժամանակ ուղղափառ եկեղեցու մոտ էր, հանձնվի կաթոլիկ համայնքին, ինչին, բնականաբար, դեմ էր Ռուսաստանը։
Թուրքերը փորձում են խուսանավել՝ խոստումներ տալով և՛ ռուսներին, և՛ ֆրանսիացիներին։ Շուտով ֆրանսիական ռազմանավերից մեկը մոտենում է Կ. Պոլսին, և 1852-ի վերջին Սուրբ Ծննդյան տաճարի բանալին հանձնվում է ֆրանսիացիներին։ Թուրքերի քայլը խիստ զայրացնում և վիրավորում է ռուսներին, և Ռուսաստանը զորք է կենտրոնացնում Մոլդավիայի և Վալախիայի սահմանին։
Նախքան ռազմական ուժերի տեղակայումը Կ. Պոլիս է ժամանում ռուսական մեծ պատվիրակություն՝ ծովային նախարար Ալեքսանդր Մենշիկովի գլխավորությամբ։ Նա Թուրքիայի սուլթանին՝ Աբդուլ-Մեջիդին է ներկայացնում Ռուսաստանի պահանջը՝ անհապաղ ճանաչել Հունական եկեղեցու իրավունքները սրբավայրում։ Նիկոլայ I-ը նաև պահանջում է ընդունել Ռուսաստանի հովանավորությունը Օսմանյան կայսրության քրիստոնյաների նկատմամբ։ «Մեկնելուց առաջ Մենշիկովին հասկացնում են, որ Ձմեռային պալատում չեն զայրանա, եթե նրա դիվանագիտական ջանքերի հետևանքը լինի ռուս-թուրքական պատերազմը»[4]։
Մենշիկովը Կ. Պոլսում հրաժարվում է հանդիպել արտաքին գործերի նախարարին, քանի որ վերջինս ֆրանսիացիների կողմից էր։ Սուլթանը նրան և ռուսական կողմին գոհացնելու համար աշխատանքից ազատում է նախարարին, որին փոխարինում է Ռիֆաաթ փաշան։ Ռուսական դիրքորոշումը կոշտ էր և որևէ զիջում չէր նախատեսում։ Ինչպես ժամանակին ասել էին որոշ երկրների դիվանագետները, Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում «Նիկոլայ I-ը կդառնար Օսմանյան կայսրության երկրորդ սուլթանը»։ Եվ սուլթանը գրեթե պատրաստ էր կատարելու Ռուսաստանի կայսեր բոլոր պահանջները։
Ռուսաստանի վճռական քայլերը Թուրքիայում առաջացնում է Անգլիայի խորը մտահոգությունը։ Անգլիան ոչ միայն չէր ուզում ռուսական ազդեցության տարածումը Թուրքիայում, այլև դեմ էր կայսրության մասնատմանը, ինչի մասին արդեն ակնարկել էր Ռուսաստանի կայսրը։ Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպան Ստերդֆորդն անմիջապես գործի է անցնում։ Նա կարողանում է համոզել սուլթանին, որ Ռուսաստանին ավելի կոշտ դիմադրություն ցուցաբերելու դեպքում կստանա Անգլիայի աջակցությունը։ Սուլթանը համաձայնում է սրբավայրերի մասով ռուսական պահանջներին, սակայն հրաժարվում է այն ձևակերպել միջազգային պայմանագրով։ Ավելին՝ սուլթանը հեռացնում է պաշտոնից Ռիֆաաթ փաշային և արտաքին գործերի նախարար է նշանակում Ռեշիդ փաշային, որը Կ. Պոլսում բրիտանական դեսպանի հետ մտերիմ հարաբերություններ ուներ։ Սուլթանի այս որոշմանը հետևում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հայտարարությունը։ Չնայած սուլթանը ճանաչում էր Երուսաղեմի ուղղափառների իրավունքները՝ Ռուսաստանը հայտարարում է, որ կայսրը պետք է պաշտպանի բոլոր քրիստոնյաների իրավունքները։ 1853-ի հունիսի 21-ին ռուսական զորքն անցնում է Պրուտ գետը և ներխուժում Մոլդավիա և Վալախիա։
Այդ ընթացքում, իմանալով ռուս-թուրքական բանակցությունների մասին, ֆրանսիական նավատորմը մոտենում է Էգեյան ծովին. Նապոլեոն III-ը որոշել էր պատերազմել Ռուսաստանի դեմ։
Ուշագրավ էր Եվրոպական երկու երկրների՝ Ավստրիայի և Պրուսիայի քաղաքականությունը Արևելյան ճգնաժամում։ Ավստրիան խուսանավում էր Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ փորձելով ժամանակ շահել և հասկանալ, թե որ ուժին է առավել ձեռնտու միանալ։ Պրուսիան դեռևս այն հզորությունը չուներ և չէր ձգտում հակառուսական դիրքորոշում ունենալ։ Ավստրիայի և Պրուսիայի դիրքորոշումը թեև կարևոր էր, սակայն ռուսական կայսրին շատ չէր անհանգստացնում։ Ճիշտ է՝ Ղրիմի պատերազմի ընթացքում Ավստրիան չի միանում կողմերից ոչ մեկին, սակայն Ռուսաստանը զգալի ուժեր էր պահում ավստրիական սահմանին։
Նիկոլայ I-ին առավելապես մտահոգում էր Անգլիայի և Ֆրանսիայի հնարավոր միավորումը։ Փարիզում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կիսելյովը հուսադրող զեկույցներ էր ուղարկում Ցարին՝ հայտնելով, թե Ֆրանսիայի և Անգլիայի միավորումն անհնար է։ Ինչպես նշում են մասնագետները, Եվրոպական դեսպանները հաճախ էին Ռուսական կայսրին ներկայացնում ոչ թե իրականությունը, այլ՝ ցանկալին։ Ինչպես հետագայում պարզվում է՝ դեսպանների այս թերացումը ճակատագրական հետևանք է ունենում Ռուսական կայսրության համար։
1853-ի հոկտեմբերին Թուրքիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, իսկ մեկ ամիս անց՝ նոյեմբերին, ծովակալ Պավել Նախիմովի հրամանատարությամբ ռուսական նավատորմը Սինոպի ծովածոցում ջախջախում է թուրքական նավերը և ոչնչացնում առափնյա ամրությունները։ Ռուս-թուրքական հերթական պատերազմը սկսվում է։
Եվրոպան պատերազմ է հայտարարում
Սինոպում ռուսական նավատորմի համազարկերը մեծ արձագանք են ստանում Եվրոպայում։ Դեկտեմբերին կայսր Նապոլեոն III-ը Փարիզում անգլիական դեսպանին հայտնում է, որ պատրաստվում է Սև ծով ուղարկել ֆրանսիական նավատորմը։ Այս դիմումը պատահական չէր. դեռևս 1853-ի սկզբին, երբ Նիկոլայ I-ը անգլիացիների հետ գաղտնի բանակցում էր Թուրքիան մասնատելու հեռանկարի շուրջ, Ֆրանսիան և Անգլիան պայմանավորվում են Արևելյան հարցի վերաբերյալ ցանկացած գործողություն համաձայնեցնել։ Սինոպի գործողությունից հետո Անգլիայում հակառուսական տրամադրություններ էին առաջացել, և մամուլը քննադատում էր Անգլիայի քաղաքական վերնախավին՝ ռուսների հանդեպ «ներողամիտ» վերաբերմունք ցուցաբերելու համար։ Ամեն ինչ արդեն որոշված էր, և 1854-ի հունվարի սկզբին անգլո-ֆրանսիական նավատորմը մտնում է Սև ծով։
Մի քանի շաբաթ անց Նապոլեոն III-ը ֆրանսիական թերթերից մեկում բաց նամակով դիմում է Նիկոլայ I-ին՝ գրելով, որ «Սինոպի թնդանոթների որոտը վիրավորել է Ֆրանսիայի և Անգլիայի ազգային պատիվը»[5]։ Ֆրանսիայի կայսրը պահանջում էր դուրս բերել ռուսական զորքերը Մոլդավիայից և Վալախիայից, որից հետո միայն դաշնակիցների նավերը կհեռանային Սև ծովից։ Շուտով Պետերբուրգի թերթերից մեկում էլ լույս է տեսնում Նիկոլայ I-ի պատասխանը։ Եվրոպայի ազդեցիկ կայսրերի այս հրապարակախոսական շփումները միտված չէին խաղաղության, և երկու երկրներն էլ խզում են դիվանագիտական հարաբերությունները։
Պատերազմը
Ղրիմի պատերազմի ռազմական թատերաբեմը ձգվում էր Սև ծովից մինչև Կովկաս, Բալթիկ ծով և Հեռավոր Արևելք։ Յուրաքանչյուր ուղղությունն ուներ իր առանձնահատկությունը, իր աշխարհաքաղաքական նպատակը, որոնք հետագայում օգտագործվում են բանակցությունների ժամանակ։ Թուրքական զորքերն առաջին հարվածը հասցնում են Սև ծովի ափին՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սբ. Նիկոլայի հենակետին, որի կայազորը գրեթե ամբողջությամբ ոչնչացվում է։ Շուտով թուրքական բանակն ուղղություն է վերցնում դեպի Ալեքսանդրապոլ։ Բայանդուր գյուղի մոտ տեղի ունեցած բախումն ավարտվում է թուրքերի հաղթանակով, սակայն նրանք որոշում են նահանջել Կարս։ Ռուսական զորքերը հայազգի գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարությամբ հետապնդում են թուրքերին և Կարսի մատույցներում՝ Բաշկադիկլար գյուղի մոտ ծանր պարտության են մատնում։ Թուրքերը տալիս են մոտ 6000 սպանված և վիրավոր։ Այս նույն օրերին էր, որ տեղի էր ունեցել Սինոպի ճակատամարտը և թուրքական բանակի պարտությունները լայն արձագանք էին ստացել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում։ Անգլիան և Ֆրանսիան համոզվում են, որ առանց իրենց աջակցության Օսմանյան կայսրությունը չի կարողանա դիմակայել ռուսական հարվածներին։ 1854-ի մարտին Ֆրանսիան և Անգլիան պատերազմ են հայտարարում Ռուսաստանին։
Պատերազմի հենց սկզբին դաշնակիցները զգալի հաջողություններ են ունենում։ Օգտվելով թվական գերազանցությունից և ռուսական զորքի տեխնիկական հետամնացությունից՝ նրանք կարողանում են դեսանտ ափ հանել Ղրիմում և 1854-ի սեպտեմբերին պաշարել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական հենակետը՝ Սևաստոպոլը։ Քաղաքի պաշարումը ճեղքելու փորձերն անհաջողության են մատնվում։ Դաշնակիցները մշտապես հրետակոծում էին Սևաստոպոլի ամրություններն ու քաղաքը՝ մարդկային մեծ կորուստներ պատճառելով։ Մեկ տարի անց՝ 1855-ի սեպտեմբերին, Սևաստոպոլի կայազորը թողնում է քաղաքը և նահանջում։
Անհանգիստ Կովկասը
Ղրիմում ընթացող մարտական գործողությունների արձագանքները շուտով տարածվում են արևելք, և ռուսների համար սպառնալիք ստեղծում Կովկասյան շրջանում։ Թեև արդեն մի քանի տասնամյակ էր, ինչ Ռուսաստանը նվաճել էր Կովկասը, սակայն նրա դիրքերը դեռևս ամուր չէին։ Ամենամեծ խնդիրը հաղորդակցության ուղիների բարդությունն էր. լեռնային կտրտված տեղանքով անցնող ճանապարհները թույլ չէին տալիս ռուսներին մեծաթիվ զորք, զինամթերք, ծանր սպառազինություն մատակարարել։ Թիկունքային ապահովումը խաթարվում էր նաև Հյուսիսային Կովկասի լեռնականների դեմ երկարատև պատերազմով։
1855-ի մարտին դաշնակիցների նավերը մոտենում են Նովոռոսիյսկին և ուժգին հրետակոծում։ Ամրոցի կայազորը օգնություն է ստանում Անապայից, ինչը կանխում է անգլո-ֆրանսիական զորքերի ափհանումը։ Ընդորում՝ օգնական ուժերը ողջ ճանապարհին բախվում էին չերքեզների ու կաբարդինների ջոկատներին, և կարելի է ասել՝ կռիվներով ճանապարհ էին բացում։ Մայիսին դաշնակիցները գրավում են Կերչը, որից հետո Նովոռոսիյսկի և Անապայի պաշտպանությունը դառնում է անհնարին, և ռուսները երկու քաղաքներն էլ թողնում են։ Այսպիսով, շուրջ երկու տարվա ծանր մարտերից հետո Ռուսական կայսրությունը զգալի տարածքներ է կորցնում Սև ծովի ափամերձ հատվածում։
1855-ի սկզբին ռուսական հրամանատարությունը որոշում է վերսկսել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում։ Հաջողության դեպքում զգալիորեն կթուլանար ճնշումը Սևաստոպոլի ուղղությամբ։ Բացի այդ, թուրքական բանակը տևական մարտերից արդեն զգալիորեն հյուծվել էր։ Ճիշտ է՝ արևելքում գործող բանակում շատ էին անգլիական սպաներն ու օտարերկրացիները, որոնք սկսել էին ամրացնել Կարսը, սակայն դրությունը, այնուամենայնիվ, ծանր էր։
Մայիսին ռուսական զորքերը, գեներալ Նիկոլայ Մուրովյովի հրամանատարությամբ, երկու շարասյունով անցնում են ռուս-թուրքական սահմանը և շարժվում դեպի Կարս։ Ռուսները թվաքանակով զիջում էին թուրքերին, ուստի Մուրովյովը չէր համարձակվում գրոհել լավ ամրացված բերդաքաղաքը։ Նա ասում էր, որ անհաջողության դեպքում խլրտումներ կարող են սկսվել Անդրկովկասում, ինչից անմիջապես կօգտվեր Պարսկաստանը, իսկ ռուսները երկու ճակատով չէին կարող կռվել։ Օգոստոսի վերջին թուրքերն Էրզրումից օգնություն են ուղարկում Կարսի պաշտպաններին, սակայն ռուսները ջախջախում են ստորաբաժանումը և փախուստի մատնում։
Պաշարված բերդաքաղաքի դրությունն օրեցօր ծանրանում էր. սնունդը չէր հերիքում, շատ էին հիվանդները։ Թուրք և անգլիացի սպաներն անընդհատ պայքարում էին դասալքության դեմ։
Սեպտեմբերի վերջին ռուսները, այնուամենայնիվ, փորձում են գրոհով վերցնել ամրոցը։ Գեներալներ Իվան Բազինի և Յակով Բակլանովի ջոկատները զգալի հաջողություն են ունենում, սակայն օգնության բացակայության պատճառով, ստիպված նահանջում են։ Գրոհը ձախողվում է, ռուսները տալիս են շուրջ 6000 սպանված և վիրավոր։
Այս անհաջողությունից հետո Մուրովյովը հրաժարվում է գրոհի մտքից և անցնում երկարատև պաշարման։ Շուրջ երկու ամիս անց իրադրությունը Կարսում դառնում է օրհասական. սովը և հիվանդությունները հնձում էին բերդի պաշտպաններին։ Կարսի հրամանատարներից մեկը անգլիացի գեներալ Ուիլյամ Ֆենվիք Ուիլյամսն էր, որն էլ նոյեմբերին բանագնացներ է ուղարկում Մուրովյովի մոտ՝ բերդը հանձնելու պայմանները քննարկելու համար։ Պատմաբան Տարլեն գրում է, որ Մուրովյովը մեծ հարգանքով ու զինվորական պատիվներով է ընդունում Ուիլյամսին։
«Ես շիտակ և անկեղծ մարդ եմ, ստել չգիտեմ։ Գլուխ չեմ գովի սննդամթերքի մեր առատությունից և ձեզանից չեմ թաքցնի Կարսի կայազորի աղետալի դրությունը։ Զորքը ծայրահեղ հյուծված է, զրկանքներից օրական 150 մարդ ենք կորցնում։ Մենք ոչ մի տեղից օգնություն չենք սպասում և ունենք ընդամենը երեք օրվա հաց»,— ասում է Ուիլյամսը Մուրովյովին[6]։
Բերդի կայազորը հանձնվում է հաջորդ օրը։ Մուրովյովը, որպես հարգանքի նշան նրանց հերոսական դիմադրությանը, թույլ է տալիս սպաներին չհանձնել սրերը։ Օտարազգի բոլոր վարձկաններին ազատ են արձակում, և թույլատրում հեռանալ Թուրքիա։ Ուշագրավ է, որ նրանցից մեկն առաջինն է հասնում Էրզրում և հայտնում Կարսի անկման լուրը։ Էրզրումից տեղեկությունը հեռագրվում է Կ. Պոլիս, ապա՝ Եվրոպա, որտեղից էլ լուրը հասցնում են Նիկոլայ I-ին։ Այսպիսով, ռուսները երկրորդ անգամ գրավում են Կարսը։
Կարսի գրավումը ռազմական մեծ հաջողություն էր Ռուսաստանի համար, ինչը նպաստում է պատերազմի ավարտին՝ 1856-ին։ Բացի այդ, ինչպես կտեսնենք հետագայում, Կարսն էապես ուժեղացնում է ռուսների բանակցային դիրքերը։
Բանակցությունները
Պատերազմն ավարտելու առաջին պաշտոնական նախաձեռնությունը Ավստրիայինն էր։ Մինչ այդ ռուսները ոչ պաշտոնական բանակցությունների առաջարկ են ստանում ֆրանսիական կողմից, սակայն գործընթացը շուտով կասեցվում է։ 1855-ի դեկտեմբերին Պետերբուրգում ավստրիական դեսպանը հանդիպում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Նեսելրոդեին և հինգ կետ ներկայացնում, որոնք կատարելու դեպքում խաղաղություն կհաստատվեր։ Առաջարկները չընդունելու դեպքում՝ Ավստրիան սպառնում էր միանալ դաշնակցիներին և պատերազմ հայտարարել Ռուսաստանին։ Համաձայն ներկայացվող դրույթների՝ Սև ծովը պետք է հայտարարվեր չեզոք, Ռուսաստանը պետք է հրաժարվեր Մոլդավիայի և Վալախիայի պրոտեկտորատից, Դանուբը դառնար ազատ նավարկելի գետ։ Ռուսաստանն ընդունում էր, որ Օսմանյան կայսրության քրիստոնյաների հովանավորությունը պետք է լինի կոլեկտիվ։ Ռուսաստանին անհանգստացնում էր 5-րդ կետը, որն անորոշ էր և հնարավորություն էր տալիս բանակցությունների ժամանակ քննարկել «նոր հարցեր՝ հանուն կայուն խաղաղության»։
Կայսր Ալեքսանդր II-ն ավստրիական առաջարկությունները քննարկելու երկու խորհրդակցություն է հրավիրում, որտեղ, ի վերջո, որոշվում է ընդունել ներկայացված տարբերակները։ Պետք է նշել, որ ռուսական քաղաքական վերնախավում կային պատերազմը շարունակելու կողմնակիցներ։ Սակայն սթափ գնահատականը վկայում էր, որ դեպքերը զարգանալու էին ոչ ի օգուտ Ռուսաստանի, որի կենտրոնական շրջանները զգալի վնասներ էին կրում պատերազմից։ Պատերազմի տարիներին ռուսական բանակի թվակազմն ավելացել էր գրեթե 2.5 անգամ։ Միայն 1855-ին զորակոչվում է շուրջ 900 հազար մարդ։ Բանակի թվաքանակը դառնում է շուրջ 2.3 մլն։ Ռազմական գործողություններում այդքան մարդկանց ընդգրկումն ազդում է գյուղատնտեսության վրա և 1853-ից սկսած ցորենի բերքը սկսում է նվազել։ Զորքերի անընդհատ տեղաշարժը, մարտական գործողությունները, բանակի կարիքների համար հավաքվող լրացուցիչ հարկերն ու տուրքերը զգալիորեն քայքայում են Ռուսաստանի հարավային շրջանները, սոցիալական դժգոհության մեծ հնարավորություն կար։ Մեծանում է նաև ռազմական բյուջեն. եթե 1852-ին այն շուրջ 100 մլն ռուբլի էր, ապա 1856-ին հասնում է գրեթե 260 մլն-ի։
Բացի այդ, Ռուսաստանը պատերազմում էր նաև ներքին ճակատում՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ լեռնականները Շամիլի գլխավորությամբ ապստամբություն էին բարձրացրել։
Փարիզում
1856-ի փետրվարին մեծ երկրների ներկայացուցիչները ժամանում են Փարիզ, որտեղ էլ մարտի 30-ին ստորագրվում է խաղաղության պայմանագիրը։ Փարիզի պայմանագրով Ռուսաստանը հրաժարվում էր Ալանդյան կղզիների տարածքում ունեցած Բոմարսունդ ամրությունից, համաձայնում էր Դանուբը դարձնել ազատ նավարկելի։ Հրաժարվում էր նաև Վալախիայի, Մոլդավիայի և Սերբիայի պրոտեկտորատից, Մոլդավական իշխանությանը զիջում Դանուբի գետաբերանին ունեցած տիրույթները և Հարավային Բեսարաբիայի մի մասը։ Ռուսաստանը հետ էր ստանում պատերազմում կորցրած իր բոլոր տիրույթները՝ Սևաստոպոլը, Բալակլավան, Կերչը, Ենիկալեն։
«Հոդված 3. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին Մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը՝ նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից:
Հոդված 30. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը և Նորին Մեծություն սուլթանը ամբողջությամբ պահպանում են իրենց տիրույթները Ասիայում, այն կազմով, որպիսին նրանք օրինաբար ունեին մինչև խզումը: Տեղային ամեն տեսակի վեճերից խուսափելու համար սահմանագծերը կստուգվեն և, կարիքի դեպքում, կշտկվեն, բայց այնպես, որպեսզի հողային տիրակալության մեջ դրանից տեղի չունենա որևէ կորուստ ո՛չ մեկ, ո՛չ մյուս կողմի համար:
Այսպիսի ելքի դեպքում, ռուսական արքունիքի և Բարձր Դռան միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո, սահմանավայր կուղարկվի երկու ռուսական կոմիսարներից, երկու օսմանյան կոմիսարներից և մեկ ֆրանսիական կոմիսարից և մեկ անգլիական կոմիսարից կազմված հանձնաժողով: Հանձնաժողովը պետք է իր վրա դրված գործը կատարի 8 ամսվա ընթացքում, հաշվելով սույն պայմանագրի վավերացումների փոխանակման օրից[7]»։
Փարիզի պայմանագրով Սև ծովը հայտարարվում էր չեզոք, որը բաց էր լինելու բոլոր երկրների առևտրական նավերի համար: Ազատ առևտուրը գործելու էր ծովի բոլոր նավահանգիստներում, և վերահսկվելու էր միայն բժշկական, ոստիկանական, մաքսային մարմինների կողմից: Օսմանյան կայսրության հետ կնքված առանձին պայմանագրով Թուրքիան պետք է արգելեր Սև ծովի ավազանի երկրներից բացի որևէ այլ երկրի ռազմական նավերի անցումը նեղուցներով: Այդ կարգը կարող էր փոխվել միայն Թուրքիայի՝ պատերազմի մասնակցելու դեպքում: Եվս մեկ հավելվածով սահմանվում էր, որ Օսմանյան կայսրությունն ու Ռուսաստանը Սև ծովում կարող էին ունենալ մինչև 50 մետր երկարություն և 800 տոննա ջրատարողություն ունեցող 6-ական և 4-ական՝ մինչև 200 տոննա ջրատարողություն ունեցող շոգենավ[8]։
Խորհրդային պատմագրությունը գրում էր, որ Ռուսաստանը Ղրիմի պատերազմում պարտվել է տնտեսական, ռազմական և արդյունաբերական հետամնացության պատճառով։ Վերջին տարիներին մասնագետների մի մասը գտնում է, որ իրականում Ռուսաստանի պարտության պատճառը նրա մեկուսացումն էր։ Ռուսաստանը միայնակ էր դիմակայում հակառակորդ երկրների զորաբանակներին և ոչ մի դաշնակից չուներ։ Այս պատերազմում գաղափարական համախմբումը կրոնական հիմքեր չուներ, քանի որ Ռուսաստանի դեմ պատերազմում էր մուսուլմանական Թուրքիան։ Առանձնահատկությունների թվում կարելի է նշել նաև Ռուսաստանի լիակատար շրջափակումը, որի նպատակն էր աստիճանաբար թուլացնել նրա տնտեսական հնարավորությունն ու դիմադրողականությունը։
Ուշադրության է արժանի, որ 1856-ի Փարիզի պայմանագրով Կարսը ռուսները երկրորդ անգամ են հանձնում թուրքերին՝ փոխարենը ստանալով զիջումներ այլ՝ իրենց համար ավելի կարևոր ուղղություններում։ Ղրիմի պատերազմը, բնականաբար, չի հանգուցալուծում մեծ երկրների մրցակցությունից ձևավորված հակասությունները։ Պայքարը սևծովյան ավազանում ազդեցության համար շարունակվում է։ Առջևում նոր պատերազմներ էին․․․
Հղումներ
1-А. Зайончковский, Восточная война, С.-П., 1908г., стр. 260:
2-Евгений Тарле, Крымская война, М.-Л. 1941-1944:
3-Ինչպես հայտնի է, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ, Հայ Առաքելական և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիներին։
4-История дипломатии, т. 1, М. 1959г., стр. 647։История дипломатии, т. 1, М. 1959г., стр. 653։
5-История дипломатии, т. 1, М. 1959г., стр. 653։
6-Евгений Тарле, Крымская война, М.-Л. 1941-1944, стр. 494:
7-Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Երևան, 1972թ., էջ 82-83:
8-Сборник договоров России с другими государствами, 1856-1917, М., 1952г., стр. 38-39:
Տեսեք նաեւ
Ռուս-թուրքական պատերազմները
Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, և մինչ օրս երկու կայսրություններն իրենց ուժերը ռազմի դաշտում չափել են 12 անգամ։ Մեկնարկելով այս շարքը՝ մենք ցանկանում ենք ներկայացնել 19-20-րդ դարի ռուս-թուրքական այն պատերազմները, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի երկու՝ արևմտյան և արևելյան հատվածների համար։
Read moreԽՍՀՄ փլուզումն ու աշխարհաքաղաքական չավարտվող պայքարը
30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։
Read moreՃակատագրական 1921. Կարսի պայմանագիրը
Կարսի պայմանագիրը կնքվեց աշխարհաքաղաքական բարդ պայմաններում։ Թուրքիան կարողացավ օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու «սպառնալիքը» ռուսական կողմից առավելագույն զիջումներ կորզելու համար՝ հիմնականում Հայաստանի հաշվին։
Read moreՃակատագրական 1921. Մոսկվայի պայմանագիրը
Մոսկվայի պայմանագիրը, որը կարգավորում էր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի սահմանային հարցերը, բախտորոշ նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Ռուս-թուրքական համաժողովը, ինչպես 1918-1920 թթ. մի շարք իրադարձություններ, պարուրված է բազում առասպելների թանձր շղարշով, իրական ու կեղծ տեղեկություններով։
Read moreՁայնաԳիր
Ձայնագիր. Մաս 1.Ցեղասպանությունը՝ որպես ազգային և միջազգային օրակարգի մաս
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված Սուրեն Մանուկյանի «Մաս 1. Ցեղասպանությունը՝ որպես ազգային և միջազգային օրակարգի մաս. Ցեղասպանության հարցը և ժամանակակից դիվանագիտությունը» հոդվածի ձայնագիր տարբերակը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Անցյալում կատարված ոճրագործությունների և այսօր էլ աշխարհում ընթացող մարդկայնության դեմ հանցագործությունների խնդիրն օգտագործվում է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլ նաև միջազգային զանազան խաղացողների կողմից իրենց շահերի սպասարկման համար։
Read moreՁայնագիր. Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին. անվտանգության և մարդու իրավունքների երաշխիքների բացակայությունից բխող անորոշություններ
«Քաղաքականություն» բաժնում հրապարակված՝ Սոսի Թաթիկյանի «Մաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին. նրանց անվտանգության և մարդու իրավունքների երաշխիքների բացակայությունից բխող անորոշություններ» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Սոնա Ներսեսյանը: Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Read moreՁայնագիր. Հետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գոհար Աբրահամյանի «Հետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՁայնագիր. Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 2
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Անահիտ Հարությունյանի «Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 2» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Բուժման նպատակով մարդիկ հաճախ նախընտրում են մեկնել Գերմանիա՝ հույսով ու մեծ ակնկալիքներով, սակայն որոշ դեպքերում «հեքիաթային երկրում» ապրելու պատկերացումները սխալ են լինում ու մնում են ձեռնունայն։
Read moreՁայնագիր. Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամում
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Գայանե Մկրտչյանի «Հայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreՁայնագիր. Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1
«Մարդ և հասարակություն» բաժնում հրապարակված՝ Անահիտ Հարությունյանի «Հիվանդությունից ձերբազատվելու հրաշքի սպասումը Գերմանիայում. մաս 1» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Դյուսելդորֆի փախստական հայցողների կացարանում մարդիկ տարիներ շարունակ ապրում են, բուժվում ու միշտ սպասում՝ կամ լիարժեք բուժմանը, կամ արտաքսմանը։ Հոդվածաշարում հայերը ներկայացնում են, թե ինչպես են հասել Գերմանիա՝ հրաշքի սպասումով։
Read moreՁայնագիր. Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛
«Կարծիք» բաժնում հրապարակված՝ Գևորգ Օսկանյանի «Ինչու է Հայաստանին պետք ռեալպոլիտիկ, հիմա՛» հոդվածի ձայնագիրը։ Ընթերցում է Գոհար Աբրահամյանը։ Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:
Read more