Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Երևանյան փոքրիկ հյուրանոցի ճաշասրահում անսովոր աշխուժություն է․ ընթրիքի ժամ է, սեղանները՝ լեփ–լեցուն տարատեսակ ուտեստներով։ Սեղանների շուրջ 4–4 նստած են երեխաները։ Գդալով կամ պատառաքաղով ափսեների մեջ դեսուդեն են տանում ուտելիքի կտորներն ու մի կողմ թողնում․ ոչ մեկի կոկորդով պատառ չի իջնում․ իրենց հարազատները կիսասոված են։
«Կերեք, կերեք,– սեղանների կողքով հերթով անցնում է տիկին Անահիտն ու խնդրում երեխաներին, – Կերեք, որ գոնե ձեզ համար հանգիստ լինեմ»։
Ուսուցչուհին, որ մեկ օրում մայր դարձավ 14 գրեթե անծանոթ երեխայի համար, սիրտ չի անում բարկանալ որևէ մեկի վրա․ երեկոյան, հատկապես, կարոտում են մայրերին ու սրտերն ավելի բարակ է դառնում։ Իսկ երեխաները, բոլորն անխտիր, կլանված լուրերն են թերթում․ գոնե մեկն իրենց տնից մի լավ լուր բերի։
Տիկին Անահիտը փորձում է ցրել դառը մտքերը՝ ոչ մանկական այս փորձությունն արկած կոչելով, «Տանը միայնակ» ֆիլմն է հիշեցնում, բայց իրենք տանը չեն ու միայնակ են։
Սարերով, ձորերով, չեղած ճամփեքով․ Անահիտը տուն է գնում
44–օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգի խմբակավար, երաժշտության ուսուցչուհի Անահիտ Գաբուզյանն ինքն իրեն խոստացել էր՝ երբեք, ոչ մի պարագայում Արցախից դուրս չի գա։ Մի անբացատրելի տագնապ հուշում էր, որ առանց իրեն տունը փուլ կգա, որ, եթե հանկարծ ոտքը դուրս դնի Արցախի հողից, էլ հետ չի գալու։ Այդ պատճառով էլ երկար չէր համաձայնում Ստեփանակերտից երեխաների խմբին ուղեկցել Երևան՝ Մանկական Եվրատեսիլը դիտելու։
«Երբ տնօրենն ասաց, որ ես պետք է երեխաներին Երևան բերեմ, հրաժարվեցի։ Ասում էի՝ չեմ կարող, երկար սպասված, նորածին թոռնիկս առանց ինձ չի մնա, հարսս մեղկ է, ես նրանց պետք եմ։ Տնօրենն ասաց՝ ընդամենը մեկ օր է, կդիմանան, դու էլ չես նկատի նրանց բացակայությունը»,– հիշում է տիկին Անահիտը։
Մեքենայի մեջ, Երևանի ճանապարհին, երեխաներն ուրախանում էին, որ հենց իրենց են ընտրել այս ճամփորդության համար, իրենց՝ հաջողակներին։ Իսկ Անահիտը մտքում զսպում էր ահագնացող տագնապը․ մի օր է միայն, վաղն արդեն տանը կլինի։
Եվրատեսիլյան շոուից հետո հանգստի համար մեկ օր ունեին։ Արդեն հետդարձին՝ մեքենայի մեջ, իմացան փակված ճանապարհի մասին։ Երևան վերադառնալուց հետո անգամ պայուսակները չդատարկեցին․ մեկ օր, երկու, երեք․․․ Հետո միայն համարձակվեցին միմյանց ասել՝ երկար կտևի, դիմանալ է պետք․
«Դրանից հետո երեխաներին բացատրեցինք, որ պետք է Երևանում դպրոց հաճախեն։ Չէին համոզվում, հիմա էլ ընդդիմանում են։ Ամեն երեկո նույն պատմությունն է՝ մեկի մեջքն է սկսում ցավել, մյուսի կոկորդը, երրորդի ոտքը։ Ամեն պատրվակ փնտրում են դպրոց չգնալու համար։ Բայց ինձ համոզելը չափազանց բարդ է։ Նրանց կրթությունը շատ կարևոր է, նաև իրենց ծնողների հանգստության համար։ Հիմա ամեն առավոտ ուղիղ 20 րոպե հերթով թակում եմ բոլոր սենյակների դռները, արթնացնում ու դպրոց ճանապարհում երեխաներին։ Նրանք էլ գիշերները համարյա չեն քնում, անընդհատ խոսում են ճանապարհի ու Ստեփանակերտի մասին»,– ասում է տիկին Անահիտը։
Առավոտյան 7.30 արթնանալը նրա համար չափազանց բարդ է․ արդեն 47 օր է՝ գիշերներն աչք չի փակում, միայն լուսադեմին է կարողանում մի փոքր քնել, ու ամեն օր նույն երազն է տեսնում՝ սարերով, ձորերով, չեղած ճամփեքով ինքը տուն է գնում։
«Ես երբեք չեմ անցել այդ ճանապարհներով, ես չգիտեմ էլ՝ կա՞ն ճանապարհներ, բայց ամեն գիշեր երազումս փախնում եմ Երևանից, այդ կածաններով հասնում Ստեփանակերտ, գնում աշակերտներիս տներն ու խնդրում, որ բաց չթողնեն իրենց դասերը, անգամ, եթե ես բացակայում եմ։ Հետո հանկարծ հիշում եմ, որ երեխաները քնած կմնան Երևանում, ու վազելով վերադառնում եմ»,– ասում է տիկին Անահիտը։
Իսկ դպրոցում երեխաները լավ են սովորում․ տիկին Անահիտն անգամ հասցրել է ծնողական ժողովի գնալ։ Բոլոր ուսուցիչները գովում են արցախցի երեխաներին՝ ոչ միայն խելացի են, այլև շատ հասուն, չափազանց հասուն իրենց տարիքից։ Հասուն ու տխուր։
Արդեն 47 օր է՝ տիկին Անահիտը երկար սպասված, նորածին թոռին տեսնում է օրվա մեջ մի քանի րոպե, երբ Ստեփանակերտում լույս ու ինտերնետ կա, իսկ ինքն ազատ ժամանակ ունի։ Հարսն ամեն անգամ խոսելիս լալիս է, բայց հույս տալիս իրեն՝ տանն ամեն բան կա, ինքը հանկարծ չանհանգստանա։
«Ես միայն գիտեմ, որ արցախցին պինդ է, ամուր է։ Մեր հողի վրա այնքան արյուն կա, այնքան թանկ արյուն, եղբորս արյունը։ Այդ կյանքերից որևէ մեկն այս աշխարհում ավելորդ չէր։ Այդքանից հետո տունը ո՞նց թողնես, ո՞նց ասես՝ պետք չէ, ծանր է, բեռ է։ Դժվար է եղել, հեշտ չի լինելու, բայց մերն էլ դա է։ Աստված մեծ է, տուն կհասնենք»,– ասում է տիկին Անահիտն ու խոստովանում՝ շատ է հոգնել, ուժասպառ է, բայց թույլ լինելու իրավունք չունի․ ինքն այս երեխաներին ամուր է պետք` առնվազն ևս մեկ օր․ նրանց դժվար ճանապարհ է սպասվում՝ մինչև տուն։
Ես չեմ վախենում, ոչ մի բանից չեմ վախենում․ Իննեսա
Խմբում ամենափոքրը 10–ամյա Իննեսա Գրիգորյանն է։ Ամենափոքրն ու ամենասիրվածը։ Սեղանի վրա հաջորդ օրվա գրքերն ու տետրերն են անկանոն շարված, դասերն է սովորում։ Հեռախոսն էլ առջևը դրած․ մայրը հարյուրավոր կիլոմետրերից անգամ հետևում է, որ ամեն բան կարգին լինի։ Մեծերը հերթով մոտենում են նրան՝ օգնելու համար, բայց Իննեսան արդեն ամեն բան արել է։
«Երևանում դպրոց գնում եմ, բայց չեմ հավանում։ Ստեփանակերտում բոլոր ուսուցիչները գիտեին՝ որ առարկայից եմ լավ, որից վատ։ Այսօր այստեղ ուսուցչուհիս ինձ նկատողություն արեց, շատ նեղացա։ Մոտեցավ ու բոլորի մոտ հարցրեց, թե ինչո՞ւ հանձնարարությունը չեմ կատարում։ Իսկ ես արդեն վաղուց կատարել, ավարտել էի, բոլորից էլ շուտ։ Չեմ սիրում, երբ վրաս բարկանում են, այն էլ՝ անտեղի»,– սրտնեղում է Իննեսան․ մայրը կողքին լիներ, նման բաներից երբեք չէր նեղվի․ միայնակ լինելն ամենաբարդն է։
Մայրն էլ այսօր գնացել ու տուն է բերել իր հերթական պատվոգիրը, որ ստացել է պապիկի գրած բանաստեղծությունն արտասանելու համար։ Բոլորին հերթով ցուցադրում է մոր ուղարկած նկարն ու ավելացնում՝ գնա հասնի տուն, իր աչքով տեսնի, իսկ մինչ այդ ծնողները կհպարտանան։
Իննեսան երբեք այսքան հեռու չի եղել մորից։ Ամենամեծ երազանքը նրան նորից գրկելն է դարձել, չնայած, որ երբեմն շատ է բարկանում՝ մայրը չափազանց հաճախ է զանգում։ Ահա այսօր էլ հեռախոսով բացատրում էր «քրտնաջան» բառը, որն անգամ հանձնարարված չէր։ Իննեսան ասում է՝ մայրն ուղղակի առիթ է փնտրում նորից զանգելու, ձայնը լսելու։
«Մաման ինձ շատ է կարոտում, ես էլ իրեն։ Դեռ չի հավատում, որ տուն ենք գնում։ Ես էլ անընդհատ ասում եմ, որ ինչ էլ լինի, եղբորս ծնունդին՝ փետրվարին, ես տանն եմ լինելու։ Ինչ էլ լինի, աշխարհն էլ շուռ գա, պիտի տուն հասնեմ։ Եթե թույլ չտան, ոտքով կգնամ, ո՛չ թուրքից եմ վախենում, ո՛չ ճանապարհից։ Դա մեր տունն ա, ինչի՞ց վախենամ։ Ես ոչ մի բանից էլ չեմ վախենում»,– ասում է Իննեսան։
Չնայած, որ խոստացել են՝ վաղն արդեն տանը կլինեն, Իննեսան պատրաստել է բոլոր դասերը, առանձնացրել դպրոցական հագուստը, որովհետև գիտի՝ հնարավոր է տունդարձը չստացվի, ինքն ամեն բանի պետք է պատրաստ լինի։ Ինքը պետք է ուժեղ լինի, հետո ի՞նչ, որ փոքր է։
«Երեխաները շատ են վախենում, որ մեր մեքենան էլ կկանգնեցնեն ադրբեջանցիները, կնկարեն մեզ։ Ես միայն վախենում եմ, որ մամաս կտեսնի այդ տեսանյութերն ու կանհանգստանա, թե չէ ուրիշ ոչ մի բանից էլ չեմ վախենում։ Եթե կանգնացնեն մեր մեքենան, կասեմ՝ Ղարաբաղն էլ բիզիմդիր, Շուշին էլ բիզիմդիր։ Թող իմանան, որ դա մերն է»,– ասում է Իննեսան։
Նա գիտի՝ այն ինչ իրենն է, իրենն է լինելու միշտ։ Անգամ, եթե հիմա չափազանց բարդ է, անգամ, եթե ստիպված լինեն ճանապարհից հետ դառնալ։ Ինքը ուժեղ է, մի քիչ էլ կհամբերի։ Կարևորը, որ մայրն իր համար շատ չվախենա։
Սոված լինեմ, ծարավ լինեմ, մրսեմ․․․ բայց տանը լինեմ․ Վլադիմիր
Վլադիմիր Գալստյանը կամ Վովկան, ինչպես նրան կոչում են մտերիմները, միակն է, որ առանձնացել է խմբից ու չի խառնվում ընդհանուր խաղին․ րոպեներն է հաշվում մինչև ժամը 22.00–ը, երբ Ստեփանակերտում հոսանք կլինի, ու ինքը վերջապես կտեսնի մորը։
13-ամյա Վովկան թերթում է սոցիալական կայքերն ու ժամանակ առ ժամանակ ծանր հոգոց է հանում։ Տիկին Անահիտը կրկին սրտնեղում է՝ երեխան այսօր էլ կջերմի գիշերը։ Այդպես է լինում, երբ մորը շատ է կարոտում։
«Մերոնք ոչինչ չեն ասում, բայց ես ամեն ինչ գիտեմ։ Կարդում եմ, գիտեմ, որ ո՛չ ուտելիք կա, ո՛չ հոսանք, ո՛չ գազ։ Այստեղ նստած ամբողջ օրը մտքիս մերոնք են՝ ո՞նց են դիմանում, ի՞նչ են անում, հո սովա՞ծ չեն։ Չգիտեմ է, շատ դժվար է»,– ասում է Վովկան՝ այս ծայրաստիճան ոչմանկական բառերի կույտը։
Երևան գալիս՝ Վովկան մեկ օրվա հագուստ էր դրել փոքր տոպրակի մեջ։ Այսօր հավաքել է 47 օրվա հագուստի, խաղալիքների ու գրենական պիտույքների իր մեծ ճամպրուկը։ Նա միակն է, ով չի շտապում․ 46 օր՝ նա ամեն երեկո քնելուց առաջ դասավորել է ճամպրուկը այնպես, կարծես նույն պահին տուն է գնալու։
«Ես ամեն վայրկյան պատրաստ եմ տուն գնալ։ Ամեն վայրկյան։ Անցյալ շաբաթ, երբ Գորիսում մնացած երեխաները գնացին Արցախ, մի կողմից շատ էի ուրախացել իրենց համար, մյուս կողմից ահավոր տխրել էի, որ իրենց հետ չեմ, որ առանց ինձ են տուն գնացել»,– ասում է Վովկան։
Ընդամենը մի քանի րոպեից Վովկան մորը կասի, որ տուն է գալիս, հետո կմնա ամենադժվարը՝ համբերել մինչև լուսաբաց։ Ամենաշատը մորն ու իր դաշնամուրն է կարոտել։ Նա շատ լավ գիտի՝ որքան դժվար է լինելու Արցախում, բայց միևնույնն է՝ սոված էլ լինի, ծարավ էլ, մրսի էլ, ամեն ինչի պատրաստ է դիմանալ, միայն թե տանը լինի՝ ծնողների հետ։
«Սա իմ առաջին Նոր տարին էր՝ ընտանիքիցս հեռու, շատ տխուր էի։ Նամակ էինք գրել Ձմեռ պապիկին, նվերներ ուզել, բայց այդ գիշեր նվեր չստացանք։ Արդեն հույսներս կտրել էինք, մեկ էլ հունվարի 13–ին նվերները բերեցին։ Ես հասկացա, որ մարդ պետք է սպասել իմանա, դիմանա, որքան էլ դժվար լինի։ Մի օր էլ ճանապարհը կբացվի, հույս ունեմ՝ վաղը, ու մենք վերջապես տուն կհասնենք»,– ասում է Վովկան՝ ճամպրուկի մեջ տեղավորելով նոր կոնստրուկտորը, որ նվեր է ստացել երևանաբնակներից։
Տունդարձ
Հունվարի 27–ին արցախցի երեխաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվեցին Արցախ՝ 47–օրյա բաժանումից հետո։