
Այս տարվա գարնանը գյուղում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց մասին արմաշեցիները նախկինում մտածել անգամ չէին կարող։ Մարտի 5-ից ապրիլի 5-ը գյուղ եկավ անալոգային տիեզերագնացներից բաղկացած անձնակազմ, որը մարսագնացների կոստյումների սիմուլյատորներով ապրեց մեկուսացված հատուկ նախագծված բնակավայրում։ Հենց այստեղ էլ անցկացվեցին գիտափորձեր, որոնք պատրաստում են մարդու և ռոբոտի ապագա իրական հետախուզական առաքելություններին Մարսում:
Շատերի համար հարց առաջացավ՝ ինչո՞ւ Արմաշում։ Պարզվում է, որ այս գյուղում գտնվող գագաթներից մեկը՝ ամայի, քարքարոտ և չոր, արբանյակային պատկերներում հիշեցնում է Մարսը։

Լուսանկարը՝ Ավստրիայի տիեզերական ֆորումի կայքից AMADEE-24 Picture of the Day — Austrian Space Forum (OeWF)
“AMADEE-ն” 2018-2028 թվականներին իրականացվող «Ավստրիական տիեզերական ֆորում»-ի (OeWF) առաջատար հետազոտական ծրագիր է, որի նպատակը Երկրի վրա ստեղծված հատուկ պայմաններում տիեզերական այլ մարմինների վրա սարքավորումների, աշխատանքային գործընթացների ու գիտական հետազոտությունների մշակումն է, ինչը դրվելու է դեպի Մարս գալիք առաքելությունների հիմքում։ Ասվում է Ավստրիայի տիեզերական ֆորումի պաշտոնական էջում։
“AMADEE-24” միջոցառումը եղավ և ավարտվեց, սակայն տիեզերագնացության թեման մնաց։
Կարեն Սանասարյանը կայանի կառուցման առաջին իսկ օրերից մասնակցել է «մարսային» բոլոր իրադարձություններին, այժմ էլ շարունակում է պատասխանատվություն զգալ գյուղում գտնվող, գարնանային տիեզերական թոհուբոհից հանգստացող կայանի անվտանգության ու խնամքի համար։


«Կամբինիզոնս հպարտությամբ եմ կրում, շատ կարևոր հուշ է։ Տիեզերագնացների հետ ամենաշատը ես եմ շփվել, իրանք ինձ հարգել-սիրել են, Կարմենին եմ լավ հիշում։ Ես անգլերեն չգիտեմ, բայց իրար լավ հասկանում էինք։ Հիմա գյուղում հայտնի է, որ այս թեմայով եթե հարց լինի, ես եմ պատասխանատուն, եթե մի բան կորի, պետք է ինձ պատասխան տան։»



«Մինչև կայանի շինարարության ավարտը շատերը չէին հավատում, որ ամեն ինչ տեղի կունենա։ Բոլորն ուրախացել էին, որ ինչ-որ բան են սարքում, բայց չէին հասկանում, թե՝ ինչ։ Գյուղում կարծում էին, թե այստեղից Մարս են թռնելու. մի քիչ էլ նեղվեցին, երբ ասացինք, որ ոչ։ Դրանից հետո միջոցառում կազմակերպվեց, ամբողջ գյուղը գնաց կայան, ծանոթացավ, նույնիսկ կողքի գյուղերից եկան։ Բոլորը շատ էին ուրախացել, որ Արմաշի մասին ամբողջ աշխարհը լսեց։ Արտասահմանում ապրող բարեկամներ ունենք, իրանք էլ են լսել այս ամենի մասին, ամռանը, երբ գան, խնդրել են, որ իրենց ուղեկցեմ ամեն ինչ տեսնելու»,- պատմում է Կարենը։

« Մենք վաղուց Մոսկվայում էինք ապրում, այնտեղ հող ունեմ, մշակում եմ, մինչ այդ էլ բիզնեսով եմ զբաղվել՝ մայթերի քարերի, գեղարվեստական զոդման։ Ինչ-որ պահի հետ եկա էստեղ։ Գյուղի իմ տան դարպասն էլ ես եմ հավաքել։ Պարզ է չէ՞, որ տիեզերքի հետ կապ չեմ ունեցել, բայց հիմա հասկանում եմ, որ մարդ չկա, ով տիեզերքի հետ կապ չունենա։ Մեր տանը չորս անչափահաս ունեմ ու ուզում եմ, որ երեխաներս տիեզերագնաց դառնան»,- ասում է Կարենը
Կարենի մայրը՝ տիկին Մարիցան պատմում է, որ թեև տիեզերագնացները սնվում էին հատուկ կարգով, ինչը ևս փորձարկումների մաս էր, ինքը չէր կարող արտասահմանցի հյուրերին առանց հյուրասիրության թողնել.
«Նրանց այնքան էի սիրել, որ զակատներիցս էի ուղարկում, ինձ մի օր տեսան, ասացին՝ թենք յու։ Պատկերացնո՞ւմ եք։ Դե այդքան տանջվում էին, պետք է լավ սնվեին։ Բոլորի հետ նկարվել եմ, հաճույք եմ ստացել, ուղղակի հաճույք։ Երբ ավարտվեց, շատ էի ցավում։ Եկել են, բանալիներն են մեզ մոտ թողել, պայուսակ են ինձ նվիրել։ Էնքա՜ն ջերմությամբ եմ պահում։ Ասեցին՝ գնում ենք, հետ գանք»։


Տիեզերական օրինաչափություն է, թե պատահականություն, բայց Արմաշի միջնակարգ դպրոցի տնօրեն Նունե Սիմոնյանը մասնագիտությամբ ֆիզիկոս-աստղագետ է։ Նա դպրոցի անձնակազմի ու երեխաների հետ ևս գտնվել է Մարսի հետազոտական կայանում ու շփվել «մարսագնացների» հետ.
«Ես տեսնում եմ, որ փոքր օգուտի սերմեր արդեն կան։ Երեխաներին հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում, երբ է լինելու թռիչքը դեպի Մարս, և դրա շնորհիվ սկսեցին Մարսը ուսումնասիրել։ Նաև այս ամենը համընկավ այն փուլի հետ, որ 9-րդ դասարանցի երեխաները հենց այդ օրերին ֆիզիկա առարկայի աստղագիտության բաժինը պետք է սովորեին։ Դա շատ հետաքրքիր զուգադիպություն էր. ռեֆերատներ պատրաստվեցին առանձին մոլորակների ուսումնասիրությունների մասին։»
«Շատ կուզեմ, որ այդ տարածքը դառնա տեսարժան վայր, մարդիկ արագ չմոռանան, հիշեն, որ այդտեղ գործարկել են Մարս գնացողների անալոգը։ Ինչքան շարժը շատանա, կապը խելացի, զարգացած մարդկանց հետ, այդքան բոլորիս օգուտ կլինի, երեխաներն էլ կիմանան, որ հենց իրենց գյուղում կարող են կարևոր գիտելիքներ ստանալ»։
9-րդ դասարանցի Արամե Զոհրաբյանը հպարտանում է, որ արմաշեցի է, հարցին, թե ինչու, ասում ՝ նախկինում մեր գյուղը հայտնի էր նրանով, որ Երասխի կողքի գյուղն էր, հիմա ասում են՝ էն գյուղն ա, որ Մարս են թռնում.
«Ինձ էլ է սկսել հետաքրքրել տիեզերքը, ի՞նչ է դա, ի՞նչ են անում գիտնականները… չգիտեմ, բայց ես էլ կուզեի մի օր տեսնել, թե ինչ կա վերևում»։
Հատուկ առաքելության կազմակերպիչներից «Հայկական տիեզերական ֆորումի» ղեկավար Հայկ Ասլանյանը վստահ է, որ տիեզերագնացության պես մեծ երազանքը սկսվում է փոքր բաներից.
«Այսպիսի միջոցառումները համապարփակ են, և՛ գիտություն է, և՛ կրթություն է, և ինչու չէ՝ անվտանգություն է։ Ամենակարևորը՝ սա այն քիչ ոլորտներից է, որով մենք մեծ արժեք ենք ներկայացնում աշխարհում։ Հարյուր պատճառ կար, որ այս նախագիծը կարող էր չեղարկվել, բայց ամեն ինչ ստացվեց։ Հաջորդ տարի սպասվում է ևս մեկ մեծ միջոցառում։

Երազել է պետք։ Առանց երազել չի լինի։ Եվ ինչպես ասել էր Ավստրիական տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը՝ 15-20 տարի հետո, երբ մարդն առաջին անգամ ոտք կդնի Մարսի վրա, մենք կարող ենք հպարտանալ ու պատմել մեր երեխաներին, որ մեզնից յուրաքանչյուրն այս պատմական ճանապարհի մի մասն է եղել»։
