
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով
Պատմական համատեքստ
Կնոջ հասարակական դերակատարման, իրավունքների վիճակը պատմական բոլոր ժամանակների պետությունների ու հասարակությունների համակեցության և քաղաքակրթական մակարդակի ակնհայտ ցուցիչներից է: Կնոջ իրավունքների ներկայի եղած նվաճումները դարերով ընթացող գործընթացների, փոխակերպումների ու պայքարի արդյունք են:
- Ինչպիսի՞ ազատություններ ու իրավունքներ ուներ կինը մասնավորապես միջնադարյան աշխարհում։
- Որո՞նք էին ժամանակի ընթացքում կնոջ հասարակական դիրքի փոխակերպումների պատճառները:
- Ինչպե՞ս էին ընթանում այդ փոփոխությունները:
Սրանք այն գլխավոր հարցերն են, որոնց տարբեր տեսանկյուններից անդրադառնալու ենք այս հոդվածում։
Հայոց պատմությունն արձանագրել է բազմաթիվ հայտնի կանանց, որոնք ազդեցիկ դերակատարում են ունեցել հայկական պետականության զարգացման ընթացքում։ Հայ իրականության մեջ դեռևս մ.թ. 1-ին դարում Մեծ Հայքի թագավորությունը միանձնյա գահակալել է Արտաշիսյան Էրատո թագուհին, ինչը բացառիկ էր ոչ միայն հայկական, այլ նաև ժամանակի աշխարհի պետությունների համար: Այս հանգամանքը պատմաբանները հիմնականում արձանագրել են որպես զուտ փաստ և կնոջ հասարակական դիրքի տեսանկյունից վերլուծական համարժեք գնահատականի չեն արժանացրել: Այնինչ, չէր կարող կինը դառնալ միանձնյա միապետ, եթե պետության բնակչության մոտ չլինեին դրան նպաստող հասարակական, ավանդութենական համապատասխան ընկալումներ և տրամադրություններ:
Կնոջ հասարակական դերակատարությունը հայոց պատմության մեջ հատկապես ակտիվանում է միջին կամ զարգացած և ուշ միջնադարի շրջանում՝ Բագրատունիների դինաստիայի և Կիլիկյան Հայաստանի ժամանակներում։ Հայ թագուհիներն ու ազնվատոհմիկ այլ կանայք ակտիվ դերակատարում ունեին պետության հանրային, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ ֆինանսավորում էին եկեղեցիների, հիվանդանոցների կառուցմանը, գրքերի հրատարակմանը և այլն։ Բավական է միայն հիշատակել մի քանի թագուհիների՝ Գագիկ I Շահնշահի (989-1020) կին Կատրանիդեն, Զապելը (Իզաբելլա անվան հայկականացված ձևը), որի՝ իր հոր՝ Լևոն I Մեծագործի (1187-1198 որպես իշխան, 1198-1219 որպես թագավոր) կողմից միանձնյա թագաժառանգ հռչակվելն արդեն վկայում է պետության մեջ կնոջ՝ իր ժամանակի համար իրավական բարձր կարգավիճակ և հասարակական դիրք ունենալու մասին։ Դա առավել ակներև է Զապելի որդու՝ Լևոն II-ի (1269-1289) կին Կեռան թագուհու օրինակով, որն իր սկեսրոջը հետևելով, լայն ներգրավվածություն ուներ Կիլիկիայի սոցիալ-հասարակական և մշակութային կյանքում։
Հարկ է նշել, որ նույն ժամանակամիջոցում եվրոպական պետություններում կնոջ մասնակցությունը պետության կառավարման մեջ ևս ավելի է ակտիվանում։ Կարող ենք հիշել օրինակ Էլեոնոր Աքվիտանացուն (1122-1204), որը եղել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովկիոս VII-ի (1137-1152) և Անգլիայի թագավոր Հենրի II-ի (1152-1204) գահակից թագուհին, Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասրտի (1189-1199) մայրը։ Նրա երեխաները, թոռները և ծոռները եղել են եվրոպական տարբեր պետությունների թագավորներ, թագուհիներ, հզոր իշխաններ։ Հաճախ Էլեոնորին համարում են իր ժամանակի Եվրոպայի ամենահզոր կինը։
Սույն հոդվածով փորձելու ենք ուսումնասիրել Կիլիկիայի հայկական պետության օրինակով, միջնադարում կնոջ իրավական կարգավիճակին առնչվող հասարակական իրողությունները և ընկալումները։ Ընդորում, խոսքը ոչ միայն ազնվատոհմիկ, այլ ընդհանրապես, սոցիալական տարբեր շերտերին պատկանող կանանց մասին է։
Ի՞նչ էր տեղի ունենում Կիլիկյան Հայաստանում 13-14-րդ դարերում
1201 թվականին Լևոն I-ը մեկը մյուսի հետևից առևտրական արտոնագրեր շնորհեց Վենետիկի ու Ջենովայի Հանրապետությունների դեսպաններին` մի քայլ, որը Կիլիկիայի հայկական պետությանը դուրս բերեց միջազգային հարաբերությունների բոլորովին նոր, ավելի բարձր մակարդակի: Իտալական, իսպանական ու հարավ-ֆրանսիական տասնյակ քաղաքներից Կիլիկիա ժամանող վաճառականները, ինչպես նաև տարաբնույթ մասնագիտությունների տեր անձինք բնակություն էին հաստատել Այաս, Սիս, Կոռիկոս, Մամեստիա և Տարսոն քաղաքներում, որոնցից յուրաքանչյուրում հատկացվում էին տարածքներ` իրենց եկեղեցիների, տների, հյուրանոցների և դատարանի կառուցման համար: Օրինակ, 1215-ին Լևոն Առաջինը վերահաստատում է նախորդ պայմանագիրը` ջենովացիներին հնարավորություն ընձեռելով մեկ ամբողջ փողոց ունենալ Տարսոն քաղաքում: Իրենց թաղամասերում նորաբնակները կարող էին կառուցել բաղնիքներ, պարտեզներ, այգիներ, խանութներ և անհրաժեշտ այլ շինություններ: Կիլիկյան Հայաստանը դառնում էր բազմազգ, կոսմոպոլիտ միջավայր, որտեղ հայի հետ կողք կողքի ապրում էին Վենետիկից, Ջենովայից, Պիզայից, Ֆլորենցիայից և իտալական այլ քաղաքների, կատալոնացի, ֆրանսիացի, հույն, հրեա, արաբ առևտրականներ ու այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց քանակը 13-րդ դարի սկզբից մինչև 14-րդ դարի 30-ական թվականները գնալով ավելացել է[1]։ Միջերկրական ծովը, բազմազգ միջավայրը Կիլիկյան Հայաստանը դարձնում էին էկզոտիկ մի միջավայր, որտեղ հայկական մշակութային ավանդույթները սինթեզվում էին աշխարհի տարբեր այլ մշակութային հոսանքների հետ՝ ձևավորելով նոր իրականություն, ինչն արտահայտվում էր մարդկային փոխհարաբերությունների, համակեցության ձևի ու բովանդակության վրա։
Թուղթը և միջնադարյան հասարակությունը
Թղթի գյուտը Չինաստանում հայտնի էր վաղուց, սակայն դրա լայն տարածումը Մերձավոր Արևելքում, իսկ ապա նաև Եվրոպայում, մեկնարկեց 751-ին Աբբասյան խալիֆայության և չինական Թանգ դինաստիայի միջև տեղի ունեցած Թալասի ճակատամարտից հետո, երբ խալիֆայության լրտեսները Չինաստանից կարողացան ձեռք բերել թղթի պատրաստման գաղտնիքները։
Կարճ ժամանակում թղթի արտադրության ձեռնարկությունները սփռվում են ամբողջ Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում[2]։ Զարգացած, Միջին կամ Բարձր միջնադարն այն ժամանակաշրջանն էր, երբ ի հայտ են գալիս կապիտալի այլ տեսակներ, որոնք աստիճանաբար փոխակերպում են սոցիալ-հասարակական հարաբերությունների, համակեցության, սոցիալական դասակարգերի ձևն ու բովանդակությունը։

Կիլիկիայի հայկական թագավորության արծաթյա դրամ, որտեղ պատկերված են Զապել թագուհին և Հեթում թագավորը, (13-րդ դար):

Մանրանկար Կեռան թագուհու ավետարանից, որտեղ պատկերված են Լևոն II (III) թագավորը, Կեռան թագուհին և նրանց զավակները:
Կապիտալի նոր ձևերն ավելի մատչելի ու շրջանառելի էին դառնում բնակչության լայն շերտերի համար հենց թղթի շնորհիվ, քանի որ այն ավելի մատչելի էր սոցիալական տարբեր շերտերի համար, քան մագաղաթը և թղթի միջոցով ավելի շատ քանակի մարդիկ կարող էին իրենց ունեցվածքը փաստաթղթավորել, կնքել տարբեր պայմանագրեր։ Այդ փաստաթղթավորված անշարժ կամ շարժական ունեցվածքը դառնում էր տվյալ մարդու հասարակական ամուր դիրքի, կարգավիճակի կարևոր գրավական, քանի որ ապահովում էր նրանց ինքնաբավության, անկախության աստիճանը։ Թուղթը դարձավ Զարգացած միջնադարում կապիտալի նոր տեսակների ձևավորման գլխավոր կատալիզատոր, որի շնորհիվ փոփոխությունների ենթարկվեցին հատկապես Արևմտյան Եվրոպայի տնտեսական հարաբերությունները, որոնց ամենավառ վկայությունը 12-րդ դարից սկսած իտալական Սիենա, Ֆլորենցիա և այլ քաղաքներում հիմնված բանկային տներն էին՝ Բարդի, Պերուցցի, հետագայում՝ Մեդիչին[3]։
Թղթի լայն օգտագործման մասին են վկայում Կիլիկյան Հայաստանում գործած ջենովացի ու վենետիկցի նոտարական գործակալների կազմած հազարավոր փաստաթղթերը, որոնցում կարելի է գտնել սկսած փոքր քանակությամբ ինչ-որ համեմունքի առք ու վաճառքի գործարքից մինչև կտակ-փաստաթղթեր[4]։ Փաստաթղթավորման նշանակությունն այնքան կարևոր է եղել, որ միջնադարյան նավերի սահմանափակ տարողունակության պայմաններում Կիլիկյան Հայաստանից և Միջերկրական ու Սև ծովերի իտալական առևտրային համայնքներից այդ փաստաթղթերը տեղափոխվել ու մինչև այժմ պահպանվում են Իտալիայի և եվրոպական տարբեր այլ քաղաքների արխիվներում։
Ջենովական նոտարական գործերից յուրաքանչյուրը թղթե մի մեծ նոթատետր էր, որտեղ նոտարական գործակալները կատարում էին իրենց առևտրային ու իրավական գրառումները[5]։ 13-14-րդ դարերում Միջերկրածովյան առևտրում իրականացվում էին առևտրի կազմակերպման տարբեր տեխնոլոգիաներ, որոնցից հայտնի էր «կոմմենդա» պայմանագիրը։ Կոմմենդայի շնորհիվ թղթի վրա նոտարական գործակալի ձևակերպած փաստաթղթով առևտրականը կարող էր Կիլիկիայից մեկնել օրինակ՝ Վենետիկ, Ջենովա, Բարսելոնա և որևէ այլ քաղաք և այդ փաստաթղթով ներկայանալ գործարքի մասնակից մեկ այլ առևտրականի, որն իրեն տրամադրված թղթի հիման վրա պետք է փոխանցեր պահանջված ապրանքը կամ գումարը։ Ստացվում էր, որ կանխիկ գումարի, այսինքն ոսկե դրամների փոխարեն, առևտրականն իր հետ վերցնում էր մեկ կտոր փաստաթուղթ և ավելի ապահով ու արագ ճանապարհորդություն իրականացնում[6]։
Թուղթը, կնոջ մասնավոր սեփականությունը և իշխանությունը
Ի՞նչ կապ ունի թուղթը և թղթի միջոցով ունեցվածքի հաստատումը կնոջ հասարակական, իրավական դիրքի, կարգավիճակի, մեծ հաշվով՝ իշխանության հետ։ Ինչպե՞ս էր հաստատվում կնոջ ունեցվածքը իրավականորեն, որը նրան կտար ավելի կայուն ու ամուր դիրքեր, ինչպես ամուսնական կյանքում, այնպես էլ, ընդհանրապես, հասարակության մեջ։ Այս հարցերն ուսումնասիրելու համար մեզ օգնում են Կիլիկյան Հայաստանում որպես պետության գլխավոր օրենսգիրք կիրառված դատաստանագրքերը, ինչպես նաև վենետիկյան ու ջենովական նոտարական գործերը։ Առաջինը Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» է, որը կիրառվել է մինչև 13-րդ դարի կեսը, երկրորդը՝ թագավոր Հեթում I-ի (1226-1269) եղբայր, պետության ռազմական նախարար Սմբատ Սպարապետի (Գունդստաբլի) «Դատաստանագիրքը»։ Սմբատ Սպարապետն իր «Դատաստանագիրքը» գրել է Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա՝ ավելացնելով բազմաթիվ տարբեր կետեր և փոփոխություններ[7]։ Դրանք անհրաժեշտ էին, որպեսզի պետության օրենքները համարժեք դառնային նոր ժամանակների համար, քանի որ Կիլիկիան, ի տարբերություն 12-րդ դարի, ներգրավվել էր միջերկրածովյան առևտրին, դարձել էր բազմազգ պետություն, ինչը հասունացրել էր նոր օրենսգիրք ունենալու պահանջը։
Այս օրենսգրքերում կան բազմաթիվ կետեր, որոնք վերաբերում են ամուսնական հարաբերությունների կանոնակարգմանը, որոնցում հստակորեն ամրագրված է կնոջ ունեցվածքի ինստիտուտը։ Դա կարող էր լինել օժիտի կամ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ունեցվածքի ձևով։ Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքի» «Վասն այրուկնաց ամուսնութեան» (ամուսինների ամուսնական իրավունքների մասին) հոդվածից, որում հիշատակվում են ամուսինների միջև բաժանվող հագուստ, սպիտակեղեն, տարբեր տեսակի անասուն, ընդորում, եթե ընտանի կենդանիներին կինն էր բերել որպես օժիտ, ապա նա կարող էր հետ վերցնել ապահարզանի պարագայում, սակայն ամուսնության ժամանակամիջոցում դրանցից ծնված ընտանի կենդանիները բաժանվելու էին հավասարապես[8]:
Ապահարզանը կամ ամուսնալուծությունը, դրա իրականացման ընթացակարգը կարևորագույն ցուցիչներ են՝ բացահայտելու ինչպես Կիլիկյան Հայաստանի, այնպես էլ միջնադարյան արևմտաեվրոպական իրավունքի և օրենսգրքերի աշխարհիկության աստիճանը: Կիլիկյան Հայաստանին զուգահեռ, օրենսգրքերը կրոնականից աշխարհիկացման միտումներ նկատվում է նաև նույն ժամանակաշրջանի Անգլիայում և Ֆրանսիայում, որտեղ ամուսնալուծություններն իրականացվում էին ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ կանոնների հիման վրա, որոնցում առանցքային նշանակություն է տրվել ունեցվածքի բաժանմանը[9]:
13-րդ դարի սկզբին կազմված անգլիական «Մագնա Կարտան» Եվրոպայում առաջին օրենսգրքերից էր, որտեղ պաշտպանվել են կնոջ հասարակական մասնավոր տարբեր իրավունքներ։ Օրինակ, ըստ «Մագնա Կարտայի» կանոնի՝ այրի կինը կարող էր տնօրինել իր ամուսնու այն ունեցվածքը, որը վերջինն ունեցել է ամուսնությունից հետո[10]:
Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքի» հիմքում կարևոր են եղել նաև Երուսաղեմյան և Անտիոքյան ասսիզները, որոնք Խաչակրաց պետություններում կիրառված հիմնական օրենսգրքերն էին։ Միաժամանակ, եթե զուգահեռներ տանենք մի կողմից Մխիթար Գոշի ու Սմբատ Սպարապետի դատաստանագրքերի և մյուս կողմից՝ «Մագնա Կարտայի» ու Երուսաղեմյան ասսիզների միջև, ապա, տարբերություններով ու առանձնահատկություններով հանդերձ, դրանց միջև ակնհայտ են կառուցվածքային, ձևաչափային հստակ նմանություններ[11]։
Կիլիկյան Հայաստանում իտալացու հետ հայուհու ամուսնության ուշագրավ մանրամասներ է պարունակում 1277-ի սեպտեմբերի 27-ին ջենովացի Յանուինո դե Դոմոյի համար կազմված կտակը, որտեղ մեր հետազոտության համար առանցքային է հետևյալ հատվածը. “Item vollo, iubeo et ordino quod Alixia, uxor mea habeat et habere omnia iura et raciones suas, de quibus fit mencio in instrumento dotali in litteris armenis (ընդգծումը` Զ. Գ.). Relinquorum bonorum meorum, mobilium et immobilium, mihi heredem instituo Anfelixiam filiam meam…”[12]: Այսինքն, կտակում Յանուինոն պատվիրում է նոտարական գործակալին ամրագրել այն, որ իր կինը` Ալիսը (Ալիսի հայուհի լինելը հաստատվում է այն փաստով, որ իր օժիտի փաստաթուղթը գրված է եղել հայերեն — dotali in litteris armenis), բոլոր իրավունքներն ունի իրեն հասնող օժիտի և սեփականության հանդեպ, սակայն դե Դոմոն շարժական և անշարժ իր ողջ գույքի (bonorum meorum, mobilium et immobilium) ժառանգորդ է նշանակում իր և Ալիսի դստերը[13]:
Մխիթար Գոշի և Սմբատի Սպարապետի դատաստանագրքերում իրավական կետերի համեմատական վերլուծությունը կարող է պարզաբանել, թե ինչ նշանակություն է ունեցել ունեցվածքն ամուսնական իրավական կարգավորումներում, ամուսնալուծության պարագայում դրա բաժանումը՝ կախված ամուսնալուծության հանգամանքներից: Օրինակ, Սմբատի մոտ կարդում ենք. «…Ապա թէ ուրդի` որ վասն անհնազանդ լինելոյ կնկանն անհանգստութիւն կենայ յիրենց մէջն, նա կու տայ հրամանք աւրէնքս, որ բաժնին երբ այլ ճարակ չկենայ. եւ տայ էրիկն զինչ հետ իր առել լինի ի յինք, որ երթայ էրիկ մի այլ առնու…»[14]:
Այս օրենքն ասում է, որ եթե կնոջ անհնազանդության (նկատի չի առնվում դավաճանությունը) պատճառով ամուսինների միջև անախորժություններ ծագեն, ապա օրենքը թույլատրում է ամուսնալուծություն, եթե այլ ելք չկա: Ամուսինը պետք է վերադարձնի այն ամենը, ինչը կինը բերել է տուն, որպեսզի վերջինը կարողանա մեկ այլ ամուսին ունենալ: Ուշագրավ է, որ այստեղ օժիտ բառը գործածված չէ, այլ նշված է այն ամենը, ինչը կինը բերել է տուն: Կարծում ենք, որ այս պարագայում խոսքը ոչ միայն օժիտի մասին է, այլ ամուսնական կյանքի ընթացքում կնոջ կողմից ձեռք բերված ունեցածքի, այլապես հեղինակը կնշեր հենց օժիտ ձևով, ինչը նա օգտագործում է այլ օրենքների ձևակերպումների մեջ [15]«պռուգ, պռոյք» ձևերով, որը հունարենով նշանակում է օժիտ և, ըստ ամենայնի, փոխառված է բյուզանդական իրավունքից:
Սմբատ Սպարապետի ու Մխիթար Գոշի մոտ ընտանեկան վեճերի պատճառով ամուսնալուծության դեպքում ունեցվածքի բաժանումը գրեթե նույնն է, սակայն Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում» այն ավելի մանրամասն է ներկայացված: Օրինակ, եթե երկու ամուսիններն էլ միմյանց ատում են և երկուսն էլ մեղավոր են դրանում, ապա. «… կինն առնու յայրկէն զիր ամէն պռոյքն ու զմահրն[16], եւ երթայ առնու իր այրիկ» (կինը կարող է վերցնել իր բերած օժիտը և հարսանեկան` այդ թվում ամուսնու նվիրած նվերները), սակայն եթե կինն է մեղավոր վեճերում, ապա նրան ամուսինը ոչինչ չի թողնում, նույնիսկ` օժիտը: Միաժամանակ, տղամարդ-ամուսնու մեղավորության պարագայում վերջինը պետք է մուծեր տուգանք` օժիտի 1/3-ի չափով, եթե ամուսնացած է եղել կույս կնոջ հետ, եթե ոչ, ապա ոչինչ պարտավոր չէ մուծել[17]:
Իր տեսակով բացառիկ է Սմբատ Սպարապետի «Վասն ամուլ կնոջ» (ամուլ, չբեր կնոջ մասին) հոդվածի մի կետ, որն, ըստ էության, ալիմենտի յուրահատուկ տեսակ է: Դրանում ասվում է, որ, եթե կին-ամուսինը չբեր է և տղամարդ-ամուսինը ցանկանում է բաժանվել, իսկ կինն էլ չի ցանկանում այլևս ամուսնանալ, ապա տղամարդ-ամուսինը պարտավորվում է կնոջ ամբողջ կյանքի ընթացքում ամբողջությամբ ապահովել նրան սննդով և հագուստով: Ընդորում, բերած օժիտը կինը վերցնում էր իր հետ[18]:
Պետք է նկատել մի կարևոր հանգամանք՝ այս բոլոր կետերում հատուկ նշված չէ, որ այդ օրենքներն ազնվատոհմիկ կանանց է վերաբերում։ Դրանք տարածվում էին պետության ամբողջ բնակչության վրա, իսկ այդ կարգավորումները, բնականաբար, պահանջում էին փաստաթղթավորում, տարբեր պայմանագրեր, որոնց համար անհրաժեշտ էր ավելի մատչելի նյութ, քան մագաղաթը։ Դժվար թե գյուղացին կամ սոցիալական ավելի հասարակ խավի ներկայացուցիչը մորթեր իր միակ կովին կամ այծին, դրանց կաշվից երկար աշխատանքի միջոցով մագաղաթ ստանալու համար, որպեսզի իր օժիտը կամ այլ ունեցվածք հաստատեր դրա վրա, առավել ևս, եթե մարդը, առհասարակ, չունենար ընտանի կենդանիներ։ Թուղթը, դրա լայն շրջանառությունն ու մատչելիությունը հնարավորություն ստեղծեց բնակչության ավելի լայն զանգվածների, մասնավորապես կանանց փաստաթղթավորելու և կապիտալիզացնելու մասնավոր ունեցվածքը և դրա շնորհիվ նաև հաստատելու և ապահովելու իրենց հասարակական դիրքն ու կարգավիճակը։ Իհարկե, միջնադարյան հաղորդակցության, կառավարման տեխնոլոգիաների պայմաններում հնարավոր չէր լինի այս օրենքների բացարձակ կիրառումը, ինչը 21-րդ դարի տեխնոլոգիաների պարագայում էլ լուրջ մարտահրավեր է, սակայն Կիլիկյան Հայաստանի օրենսգրքերում այսպիսի բազմաթիվ կետերի առկայությունը առնվազն վկայում է պետության հռչակած համապատասխան հայեցակարգերի ու փիլիսոփայության մասին։

Սարգիս Պիծակի 1331 թ. մանրանկարը: Պատկերված է դատի տեսարան, որտեղ ներկայացված է Կիլիկիայի հայկական թագավորության Լևոն IV (V) թագավորը:

Քրիստին Պիզանացին (1364-1430), առաջին ֆեմինիստ կին հեղինակներից. պատկերը վերցված է նրա «Տիկնանց քաղաքի գիրքը» գրքից:
Անցյալում և հիմա․ ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք
Կնոջ իրավունքների խնդիրը եղել և կմնա համաշխարհային մարտահրավեր ժամանակակից բոլոր հասարակությունների համար։ Պարզապես, երբեմն առաջանում է թյուր ընկալում և կարծրատիպ, որ կանանց իրավունքների պաշտպանության պատմական ընթացքը մեկնարկել է միայն 20-րդ դարի սկզբին, երբ 1910-ի մարտի 8-ին հայտարարվեց աշխատավոր կանանց միջազգային օր։ Այնինչ, այս ընթացքը գալիս է պատմության խորքերից և մերօրյա բոլոր նվաճումներն անցյալից եկող ու շարունակվող գործընթացների ու պայքարի արդյունք են։ Վերը թվարկյալ վկայություններն ու վերլուծությունը փաստում են, որ Կիլիկյան Հայաստանը ներգրավված էր ժամանակի եվրոպական ու միջերկրածովյան միջավայրում ընթացող ընդհանուր միտումներում։ Այդ միտումներն ու զարգացումներն արդեն 14-15-րդ դարերում սկսում են դրսևորվել Վերածննդի դարաշրջանով, որտեղ ի հայտ են գալիս այնպիսի կանայք, ինչպես Ժաննա դ՛Արկը կամ աշխարհում առաջին ֆեմինիստ հեղինակներից համարվող իտալուհի Քրիստին Պիզանացին։ Քրիստինն իր գլխավոր գիրքն անվանեց «Տիկնանց քաղաքի գիրքը» (“The Book of the City of Ladies”), որտեղ նա գրել է խորհրդանշական այս տողերը․ “Thus it is my duty to straighten out men and women when they go astray and to put them back on the right path”[19] (Այսպիսով, իմ պարտքն է մոլորության մեջ գտվող տղամարդկանց և կանանց ուղղորդել ու վերադարձնել ճիշտ ուղու վրա):
Հասարակություններում իրավահավասարության խնդիրը չի կարող լուծվել միայն արդյունավետ կառավարման, օրենքների ստեղծման միջոցով։ Իրավահավասարությունը նախ և առաջ քաղաքակիրթ հարաբերությունների մշակույթ է, որը ձևավորվում է պատմական ու ավանդույթային երկարատև գործընթացների արդյունքում, ինչը ուղիղ կապված է որևէ պետության, ազգի քաղաքակրթական մակարդակի հետ։ Հայոց պատմության համատեքստում կնոջ իրավունքների, հասարակական դերակատարության ուսումնասիրությունը մեր ժամանակակից հասարակության համար կարող է բացահայտել ավանդույթային ու քաղաքակրթական այնպիսի ժառանգություններ, որոնք մոռացված են, սակայն վերակենդանանալու կարիք ունեն։ Հաճախ, երբ խոսվում է կնոջ իրավունքների պաշտպանության մասին, շատերի մոտ առաջանում է տիրապետող ընկալում, որ դրանք բացառապես ներմուծված գաղափարներ են և կապ չունեն ազգային ավանդույթների հետ, ուստի հայոց պատմության համատեքստում կնոջ իրավունքների, հասարակական դերակատարության պատմության ուսումնասիրությունն ու այդ ժառանգության արդյունավետ ներկայացումը կարող են արմատապես փոխել շատ կարծրատիպեր։