
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Տարվա վեց ամիսն աշխատող Անահիտ Սարգսյանի համար աշխատանքային տարին սկսվում է մայիսից, երբ այգիներում հասունանում են Հայաստանի առաջին մրգերը։ Կանանց աշխատանքային խմբերը տարվա այդ շրջանում տարբեր մարզերում սկսում են բերքահավաքի ու շարի աշխատանքները։
«Առավոտյան ժամը յոթին ամուսինս մեքենայով հասցնում է Էջմիածին-Արմավիր մայրուղի։ Այստեղ մեզ արդեն սպասող ատոբուս է լինում։ Կանայք հավաքվում են Էջմիածնի տարբեր հատվածներից, շրջակա գյուղերից ու մեկնում ենք նախապես պայմանավորված այգիները»,- համառոտ ներկայացնում է 52-ամյա Սարգսյանը։
Երկու երեխաների մայրն այս աշխատանքով է զբաղվում արդեն հինգ տարի։ Պատմում է, որ շարի գնալով հարթել է ընտանիքի նյութական բազում խնդիրները, հակառակ դեպքում, հնարավոր է, որ անգամ տնից զրկված լինեին, մինչդեռ իր օգնությամբ փակել են տան համար վերցված վարկը։
«Մեր տարիքի կանանց համար դժվար է աշխատանք գտնելը, ավելի երիտասարդների են պահանջում, անգամ ամենահասարակ խանութում աշխատելու համար։ Իսկ այստեղ չկա տարիքային սահմանափակում, ընդամենը աշխատելու ցանկություն ու պատասխանատավություն աշխատանքիդ հանդեպ»,- ասում է Սարգսյանը։
Նա այն 80 կանանցից մեկն է, ով աշխատում է Լիլիթ Սահակյանի խմբում։ Սահակյանն է կանանց հավաքագրում, համագործակցում արտահանման իրավունք ունեցող անհատ բեռնափոխադրողների հետ, որոնք հավաքված միրգը սառնարան բեռնատարներով մի քանի օրում հասցնում են Ռուսաստանի Դաշնություն։ Նա ասում է, որ այգիներն ընտրում են բեռնափոխադրողները, որոնք և՛ աշխատում են այգու սեփականատերերի հետ, և՛ զբաղվում աշխատողների վճարման հարցերով։
«Բեռնափոխադրողներն են գնում, ապրանքը տեսնում, որոշում, որ վերցնում են, ինչից հետո նոր միայն մենք մտնում ենք այգի՝ որպես որակավորող, արկղերի մեջ դասավորող,- ասում է արդեն տասը տարուց ավել այս գործում հմտացած Սահակյանը՝ նշելով,- Եթե միրգը չարտահանվի, մենք աշխատանք չենք ունենա»։
Այսօր արդեն աշխատանքային խմբի ղեկավար Սահակյանը տարիներ առաջ ինքն էր փնտրում աշխատանք, երբ որոշեց գնալ ծիրան շարելու։ Թեև ամուսինն աշխատում էր, սակայն երկու տղաները փոքր էին՝ հոգսերը մեծ։
«Երեք-չորս տարվա շարող էի, բրիգադիրս ասաց՝ կարո՞ղ է կանանց իմանաս, որ կուզեն աշխատել, բերես քեզ հետ։ Ես ճարպիկ էի, սկսեցի կանանց հավաքագրել, մի 15 հոգի իմ ջանքերով միացան մեր խմբին,- ասում է նա ու հիշում, որ այն ժամանակ աշխատել ցանկացողներն իր շրջապատում այնքան շատ էին, որ շուտով ինքն է ստեղծում իր առանձին աշխատանքային խումբը,- Սկսել եմ 15 հոգանոց խմբով, այս պահին ունեմ արդեն 80 աշխատող»։
Աշխատանքները սկսվում են կեռասով, թթով, ծիրանով ու շարունակվում սալորով, դեղձով, խնձորով, խաղողով։ Հայաստանի մրգերը հասունանում են իրար հետևից, ընդգրկում տարբեր մարզերը։ Աշխատանքը սկսվում է առավոտյան յոթին, ավարտվում՝ երեկոյան վեցին։ Օրվա վերջում, ամեն օրվա համար վարձատրվում են 7000 դրամով, երկու տարի առաջ այս գումարը կազմում էր 5000 դրամ։ Աշխատանքային լարված շրջանն այս աշխատանքը կատարող կանանց համար շարունակվում է մինչև նոյեմբեր։ Սակայն ձմռան ամիսներին էլ լինում է խնձոր շարելու աշխատանք։
Արարատի մարզի Ջրաշեն գյուղից Նարինե Պետոյանը 6000 մետր քառակուսուց բաղկացած ծիրանի այգի ունի։ Այս տարի միայնակ է կազմակերպել սեփական ծիրանի սպառման աշխատանքները, քանի որ ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի։
Նա ասում է, որ բերքի արժեքը կարող է փոփոխվել ընթացքում՝ կախված ռուբլու փոխարժեքից.
«Այս տարի սկզբում տանում էին մեկ կիլոն` 800 դրամով, հետո իջավ մինչև 100 դրամի։ Շատ ենք տուժվում, Ջրաշենում շատերը վաճառում են իրենց այգիներն այս պատճառով»։
Պետոյանը նշում է, որ դժվար է նաև քաղողների գտնելը, քանի որ այն ավելի բարդ աշխատանք է, քան շարելը։ Այս տարի այդ աշխատանքը հիմնականում կատարել են ազգությամբ հնդիկները՝ օրական 10.000 դրամ վարձատրության դիմաց։ Սակայն, ընդհանուր առմամբ, նրա այգում աշխատում են ինչպես բնակիչներ հարակից գյուղերից, այնպես էլ տարբեր մարզերից։
«Բոլորի համար սա հնարավորություն է գումար վաստակելու, տան բազմաթիվ հարցերը լուծելու համար»,- ասում է այգետերը՝ նշելով, որ այս աշխատանքը պահանջում է արագություն և ճկունություն, որպեսզի ապրանքը չփչանա։
Երիտասարդ ու բարետես լինելը նախապայման չէ
«Հիմա 35, 40, 50 տարեկան կանայք աշխատանք չեն գտնում, հիմա, գիտեք, խանութներում ջահելներ են ուզում, սիրուններ, էս մարդիկ ի՞նչ անեն, պետք է ապրեն, թե՞ չէ»,- ասում է 43-ամյա Սահակյանը՝ նշելով, որ Արմավիրի մարզում 25-30 նման աշխատանքային խմբեր կան, որտեղ ընդգրկված են 30-70 տարեկան կանայք։
Նա աշխատանքի վերցնելիս հաշվի է առնում կանանց աշխատասիրությունն ու առողջությունը. օրական պետք է կարողանան ամենաքիչը 30-40 արկղ միրգ շարել։
«Նստած, ժամերով շարում են, ոտքերն են հոգնում, ձեռքերն են աշխատում անընդհատ։ Այդքան կին, տարբեր ընտանիքներից, տարբեր հոգսերով, տարբեր խնդիրներով։ Նայում եմ, որ գլուխ չպահեն, գործի նկատմամբ պատասխանատու լինեն, տարբեր վայրերում ենք լինում, ճնշում ունեցողներ շատ կան, մեկ էլ տեսնում ես բարձրացավ, առաջին օգնության դեղորայք եմ միշտ ունենում։ Իմ գործը դժվար է, այդքանին վերահսկում եմ, հաց կերա՞ն, սուրճը խմեցի՞ն, դեղերը հո չմոռացա՞ն, լավ շարեցի՞ն։ Ամեն հարցում իրենց կողքին եմ, չէ՞ որ ես պատասխանատու եմ յուրաքանչյուրի համար»- ասում է Սահակյանը՝ նկատելով, որ չնայած աշխատանքի բարդությանը՝ շատերն են դեռ աշխատանք փնտրում ու իրեն դիմում։
Մի քանի տարի այգիներում բերքահավաքի աշխատանքներին մասնակցող Նոնա Սաղաթելյանն ասում է, որ այս աշխատանքը փրկություն է շատ կանանց համար. կարողացել են փակել վարկերը, պարտքերը, օգնել երեխաներին, օգնել ընտանիքին դուրս գալ տնտեսական ծանր վիճակից։
«Այստեղ տարբեր տարիքի, տարբեր կրթություն ունեցող կանայք են, շատերը միջնակարգ կրթությամբ, ու՞ր պետք է գնան այս կանայք աշխատեն, որ այսքան վարձատրվեն,- ասում է Սաղաթելյանը՝ նշելով, որ այս կանանց համար աշխատանքի այլընտրանք է խանութում աշխատելը, որտեղ, մինչդեռ, օրավարձն ավելի ցածր է՝ 2500-3000 դրամ,- Այդ պատճառով էլ կանայք ձգտում են այգու, հողի աշխատանքի, թեև տանջանքը շատ է»։
Ի տարբերություն այգում մրգեր շարողների, 39-ամյա Նաիրա Փիլիպոսյանն էլ արդեն տասը տարի նախընտրում է դաշտերում բանջարեղեն հավաքելը, գարնան սկզբում սածիլ տնկելը, քաղհան անելը։ Դաշտում տեղաշարժվելը, թեկուզև կորացած մեջքով, կնոջ համար ավելի գերադասելի է, քան տանը բազմաթիվ խնդիրների մեջ նստելը։
«Երեխաներս դեռ փոքր էին, թողել եմ տատիկի հույսին ու գնացել գյուղում աշխատելու, չնայած ես ապրում եմ Էջմիածնում։ Երբ հոգսերը թվում է վերջ չունեն, երբ փողը չի հերիքում, ամեն տեսակի աշխատանք էլ կարելի է անել։ Ֆիզիկական դժվար աշխատանք է, իսկ ո՞ր գործն է հեշտ»,- հարցնում է երեք երեխաների մայրը։
Մի խումբ կանանց հետ Փիլիպոսյանն իր օրն սկսում է վաղ առավոտյան՝ մտնելով բանջարեղենով ծանրաբեռնված դաշտեր։ Բաց գույնի փակ հուգուստով, ձեռնոցներով, գլխարկով կամ գլխաշորերով կորացած կանայք դաշտերում բանաջարեղեն են հավաքում, առավոտվա հինգից մինչև ժամը 12-ը, 6000 դրամ օրավարձի դիմաց։ Ժամը 12-ից հետո, եթե որոշում են շարունակել աշխատանքը, ապա մեկ ժամի համար վարձատրվում են արդեն 1000 դրամ։ Գործատուն գնահատում է կանանց գլխահակ աշխատանքն Արարատյան դաշտի կիզիչ արևի տակ։
«Չորս հոգով ենք լինում, երկուսը հավաքում են, երկուսս դասավորում արկղերում կամ պարկերում։ Ինձ համար հատկապես դժվար է սմբուկ հավաքելը, տերևները շատ փշոտ են, քաղելուց փշերը ծակում են, ես ալերգիկ եմ այդ ամենին գումարած, դժվար է նաև բիբարը, պոմիդորը»,- ասում է Փիլիպոսյանը՝ նշելով, որ կանանց համար ամենաբարդը ձմերուկ հավաքելն է. ձմերուկներ կան տասը կիլոգրամից ավելի են կշռում։
Սակայն այս գործն էլ իր նրբություններն ունի, կարևոր է հատկապես սմբուկի ճիշտ դասավորելը, ինչում լավ վարպետացել է.
«Գյուղացիների լեզվով ասած՝ «կուկլա» սմբուկները թողնում ենք պարկի վերին ու կողքի մասերում, գնորդը պետք է սիրուններին տեսնի»։
Բացի ֆիզիկական դժվար աշխատանքից, կանանց մի աչքն էլ երեխաների կողմն է մնում. շատերը ստիպված են մանկահասակ երեխաների հետ գալ այս աշխատանքին։
«Երեխեքին թողնում են ստվերի տակ՝ մտնում դաշտ։ Ընթացքում հասցնում են ուտեցնել, քնեցնել։ Ի՞նչ անեն, այլ տարբերակ չունեն, իմ բախտը երբեմն բերում էր, հորաքույրս էր պահում երեխայիս, բայց շատերը պահող չունեն»,- ասում է Փիլիպոսյանը, ով ձմռանն էլ է աշխատանք գտնում. կանաչի կապելու է գնում, ամեն օր 200 հատ համեմի կապ է պատրաստում։ Բայց, ի տարբերություն անմիջապես դաշտում աշխատելու, այս դեպքում աշխատավարձն ավելի ցածր է՝ ինը ժամյա աշխատանքի դիմաց՝ օրական 4000 դրամ։
Չնայած աշխատանքի ծանրաբեռնվածությանը, տատանվող գներին ու մարտահրավերներին, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանայք շարժիչն են՝ կարևոր դեր խաղալով ինչպես իրենց ընտանիքների բարեկեցության, այնպես էլ երկրի գյուղատնտեսության աճի և կայունության տիրույթում: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցի՝ Հայաստանում զբաղվածություն ունեցողների մոտավորապես 34,8 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, որոնցից մոտ 56 տոկոսը կանայք են: Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ զբաղվածություն ունեցող կանանց 24,6 տոկոսը ներգրավված է «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ոլորտում, մինչդեռ տղամարդկանց՝ 20,3 տոկոսը։
Ուղղում. հոդվածի նախնական տարբերակում գրված էր, թե Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ոլորտում կանայք 24,6 տոկոսն են, մինչդեռ տղամարդիկ՝ 20,3 տոկոսը։ Այժմ շտկվել է՝ արտացոլելու համար, որ Հայաստանում զբաղվածություն ունեցող կանանց 24,6 տոկոսն է ներգրավված «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ոլորտում, մինչդեռ տղամարդկանց՝ 20,3 տոկոսը։
Նաեւ
Աշխատանքային միգրացիան ֆեմինիզացվում է. կանանց դերակատարումը ընտանիքում փոփոխվում է
Գործազրկությունը, սոցիալական ծանր վիճակը հայ կանանց ևս ստիպում են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Թուրքիան, ԱՄՆ։ Աշխատանքային միգրացիայի ֆեմինիզացման, կանանց խոցելիության ու հայկական ընտանիքների ձևափոխմանն է անդրադառնում Գայանե Մկրտչյանը։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read moreՄայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ
Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
Read moreՄայրերի ու փոքրիկների համար հարմարավետ միջավայր աշխատավայրում․ ո՞վ է շահում
Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:
Read more