EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Մրտ 14, 2019

Զաբել Եսայան․ արդարության հույսը՝ լուցկու տուփին ի պահ տված

Սեդա Գրիգորյան

«Բացի նրանից, ինչ ասել եմ նախաքննության ընթացքում և ասյտեղ՝ դատարանում, իմ տված ցուցմունքներում, հայտարարում եմ, որ ԽՍՀՄ-ի դեմ ֆրանսիական հետախուզության որևէ հրահանգ, որևէ առաջադրանք չեմ կատարել և Սովետական Միության նկատմամբ որևէ վատ բան չեմ արել։ Ինձ մեղավոր եմ ճանաչում իմ կողմից իրականացված հանցագործության մեջ․ ես ավելի դժբախտ եմ, քան որևէ հանցագործ կին։ Դատարանին խնդրում եմ հաշվի առնել իմ անկեղծ խոստովանությունը և հնարավորություն տալ՝ քավել իմ մեղքը և այն սխալները, որոնք գործել եմ»։

1939թ․ հունվարի 23-ին գրող, գրականագետ, հասարակական գործիչ Զաբել Եսայանն այսպես է ամփոփում իր խոսքը՝ դատարանի հարցերին ի պատասխան, ինչին պետք է հաջորդեր դատավճռի հրապարակումը։ 1937թ․ հունիսի 27-ի ձերբակալությունից անցել էր արդեն մեկուկես տարի։ Եսայանը, ով Պոլսից Փարիզ ու սովետական Երևան ձգվող հասարակական ու մշակութային լայն գործունեության ընդգրկումով իր կյանքի բոլոր դժվարություններն ու պատմական ահարկու իրադարձությունները արժանապատվությամբ, ազգային նպատակներին ծառայելու առաքելության բարձր գիտակցությամբ ու սեփական սկզբունքների հավատարմության դիրքերից է դիմավորել, այլևս ուժասպառ էր անվերջ թվացող հարցաքննություններից, կտտանքներից, բանտային պայմաններում սննդի սղությունից և գրողի իր զենքից՝ թուղթ ու գրչից այդքան տևական բաժանումից։

Եսայանը, ով 20-րդ դարասկզբին Պոլսի ամենանշանավոր հայ մտավորականներից էր՝ իր «պատվավոր» տեղն ունենալով երիտթուրքերի սև ցուցակում, ով հաճախ նաև ինքն է ընդառաջել կյանքի մարտահրավերներին ու իր վրա վերցրել ցեղասպանության վավերագրության, որբերի խնամքի, Եվրոպայում հայ գրականության տարածման ու հանրահռչակման գործը, իր փախուստը բանտախցի խոնավ ու գորշ պատերից գտնում էր կալանավորների համար անցկացվող ֆրանսիական գրականության դասախոսությունների մեջ։ Նրա «Ավերակներուն մեջ» գիրքը 1909թ․ Ադանայի ողբերգական ջարդերի սրտացավ ու սթափ նկարագրությունն է, որը նա հրատարակել է դեպքերից ընդամենը 2 տարի անց՝ Օսմանյան Թուրքիայում հետզհետե ահագնացող վտանգի պայմաններում։ Եսայանը նույնիսկ 1915-ին Պոլսի իր տանն իրեն ձերբակալելու եկած թուրք ժանդարմներին տեսնելիս ոչ թե շփոթվել է կամ կարկամել, այլ «Զաբել Եսայանը դու՞ք եք» հարցին ի պատասխան սառնասրտորեն, պատասխանել է, որ Զաբելը տանն է, ապա հեռացել ու ամիսներ շարունակ թաքուն ապրել Պոլսի հիվանդանոցներից մեկում, որտեղից հետո տղայի հետ կարողացել է փախնել Եվրոպա՝ մեկընդմիշտ լքելով իր ծննդավայրը։ Փարիզում էլ նա չի խուսափել  վտանգն իրեն մոտ պահել՝ հավաքելով և տղամարդու կեղծանվան տակ հրապարակելով ցեղասպանությունից փրկվածների պատմությունները՝ այսպիսով շարունակելով սարսափելի իրադարձությունների վավերագրման իր առաքելությունը։

Եվ ահա, տարիներ անց, Զաբել Եսայանը կանգնած է Խորհրդային դատարանի սրահում և իրեն մեղավոր է ճանաչում՝ այլևս ուժ չունենալով պայքարել անվերջանալի զրպարտությունների դեմ։ Մեղավոր ոչ թե լրտեսության մեջ, ինչպես գրված է մեղադրականում, այլ պարզապես կապ ունենալու մեջ այն անձանց հետ, ովքեր արդեն իսկ հայտարարվել են «ժողովրդի թշնամի» կամ կասկածվում են լրտեսության մեջ, մարդիկ, գրողներ, ում հետ շփումը Եսայանի համար նախկինում երբեք կասկած չի հարուցել, սակայն դարձել է միակ մեղքը, որ կարողանում է վերագրել ինքն իրեն՝ տարուց ավել ձգված հարցաքննությունների արդյունքում։

Տարիներ անց՝ 1956-ին, երբ Զաբելի տղայի՝ Հրանտ Եսայանի խնդրագրով նրա մոր գործը կվերաբացվի, վկայություն տվողների շարքում կլինի բանտում Եսայանի հետ նույն խուցը կիսած կալանավորներից մեկը՝ Կարինե Գյուլիքեխվյանը։ «Լինում էր այնպես, որ նրան մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ կանչում էին հարցաքննության։ Այնտեղից վերադառնալիս Եսայան Զաբելն իրեն կարծես դատարկված ու շփոթված էր զգում։ Նա ասում էր, որ նրա մեղադրանքի մեջ զանազան անհեթություններ են ավելացնում, որոնց մասին նա պատկերացում էլ չուներ, որ իրեն մեղադրում են լրտեսության մեջ»,- հիշում է Գյուլիքեխվյանը։

Այս ամենը՝ այն նույն Խորհրդային հանրապետությունում, որը Զաբել Եսայանը գերադասել էր Փարիզից ու, եվրոպական կյանքի հեռանկարները թողնելով, 1932թ. ընտանիքով տեղափոխվել Երևան։

«Մարդկության մշակութային զարգացման կենտրոնը փոխ­ադրվել է Խորհրդային Միության մայրաքաղաքը։ Առաջավոր մարդկությունը Մոսկվայից ե, վոր սպասում ե իր մղումը, խորհրդային գրականությունը և արվեստները կոչված են կատարելու այն դերը, վոր տարերու մշուշին մեջ կատարել յեն Աթենքը, վերածնունդի Իտալիան և հետո Փարիզը։ Իսկ այն դերը, վոր կոչված ե կատարելու Մոսկվան և վորը արդեն իսկ կատարում ե ավելի մեծ ե, ավելի հիմնական, շատ ավելի գիտակցական»։ Սա հատված է՝ Զապել Եսայանի ելույթից, որը հնչեցրել է Խորհրդային Հայաստանի Գրողների միության համագումարի ընթացքում։

Եսայանը Փարիզում իր ընտանիքի հետ հայկական դրոշով:

Նույն ելույթում նա վերլուծում է ժամանակակից գրականության ուղղություններն աշխարհում և Հայաստանում՝ սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, իմպրեսիոնիզմ, անդրադառնում Մեծարենցին, Բակունցին, Չարենցին։  «Եղիշե Չարենցը ամենամեծ բանաստեղծն ե, այդ անուրանալի յե բոլորի համար, նրա տաղանդը շողշողուն լույսի պես շլացնում ե մեզ»,- ասում է նա՝ հակադարձելով Միության նախագահ Դրաստամատ Տեր-Սիմոնյանի խիստ գնահատականներին ու, քաջ գիտակցելով, որ Չարենցի հանդեպ հնչած քննադատությունը քաղաքական ճնշումների դրսևորում է, ելույթի վերջում ևս մեկ անգամ ընդգծում է բանաստեղծի մեծությունն ու արժեքը․ «Գալով Չարենցի ձգտումին նայել գալիք տարերին, նա կարող է պայծառ աչքերով նայել այդ գալիքին։ Մեզնից շատերի անուններն անհետ կկորչեն, բայց գալիք սերունդները չեն մոռանա Չարենցին։ Թերևս մեզնից վոմանց անունները անցնեն գալիք սերունդներին միայն այն պատճառով, վոր Չարենցի արժեքով մեկու մը մասին յեղել ենք արդար կամ անարդար»։

Արդարությանն ու իր երազանքին այսքան ամուր կերպով հավատացող Եսայանին, հավանաբար, չեն ներվել իր հենց այդ որակները՝ անարդարության դեմ բարձրաձայն խոսելը, անարժանին քննադատելը, արժանիին գովելը՝ ի հեճուկս քաղաքական հակառակ տրամադրությունների։ Նա նույնիսկ ձերբակալվելուց հետո, նույնիսկ հարցաքննությունների ընթացքում ազնվորեն հավատացել է, որ ճշմարտությունն ասելուն այլընտրանք չկա։ Եվ երբ 1939թ․ հունվարի 23-ին նա կանգնում է դատարանի առաջ ու ստանում իր հայերեն ցուցմունքների ռուսերեն ամփոփագիրը, որում շարադրված մտքերը հաճախ ուղղակի հակասում են իր խոսքերին և իրականությանը, Եսայանը դեռևս հավատում է, որ իրեն վերագրվող «ֆրանսիական հետախուզության գործակալ լինելու» մեղադրանքը պարզապես թյուրըմբռնման և թարգմանական սխալմունքի հետևանք է, և որ հստակ պարզաբանումները կօգնեն հարթել խնդիրը։

Չէ՞ որ դեռևս 1928թ․` Խորհրդային Միություն (Մոսկվա և Հայաստան) կատարած իր առաջին այցից հետո, նա Մարսելում հրատարակում է «Ազատագրված Պրոմեթևս» վերնագրով ստեղծագործությունը, որտեղ իր ոգևորությունն է արտահայտում խորհրդային կարգերի բերած բարեփոխումներից ու խոստումներից։ «Երբ ես Ֆրանսիայում էի բնակվում, ես ունեի Ամերիկա մեկնելու բոլոր հնարավորությունները, ինձ նույնիսկ ճամփորդության ծախսերը հոգալու միջոցներ էին տրամադրում, բայց ես հրաժարվեցի և եկա Սովետական Միություն՝ լավ ցանկություններով, ոչ մի թշնամական նպատակ ես չունեի,- ասում է Զաբելը դատարանում,- Ի դեմս Սովետական Հայաստանի ես տեսնում էի հայերի հայրենիքը, հետևաբար՝ նաև իմը, և կարծում էի, որ օգտակար կգտնվեմ հայ գրականության զարգացման գործում»։ Եվ իսկապես, Երևան տեղափոխվելուց հետո Զաբելն ակտիվորեն ներգրավվում է Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքում՝ դառնում Գրողների Միության անդամ և առաջին համագումարի պատգամավոր, Պետական համալսարանում ֆրանսիական և եվրոպական գրականություն դասավանդում, ճամփորդում Հայաստանի շրջաններ՝ այցելելով գործարաններ ու տեղում ծանոթանալով ու վավերագրելով մարդկանց կյանքը, հոգսերը, հույսերը։

«Զաբել Եսայանը երբեք չէր հուսահատվում և ասում էր, որ ինչ էլ լինի՝ ճշմարտությունը հաղթանակելու է, իսկապես պարզելու են իր գործի հանգամանքները և հանելու են իր վրայից այդպես անարժան կերպով իրեն վերագրված մեղադրանքը։ Նա ասում էր, որ այս անարդար մեղադրանքը նա կկրի ու դեռ օգտակար կլինի Սովետական Հայաստանի համար»,- իրենց բանտային զրույցներն է վերհիշում Կարինե Գյուլիքեխվյանը։

Նույն Սովետական Հայաստանի, որի դատավորը 1939-ին պետք է ընթերցի իր դաժան վճիռը՝ որպես մի հերթական հայտարարություն, կարծես նրա առջև Զաբելը չէ, Չարենցը չէ, Բակունցը չէ, այդ հարուստ կյանքը չէ, լուսավոր միտքը, համարձակ ոգին, ազգային երևույթը  չէ, այլ անդեմ ու անկյանք ուրվականների շարասյուն, որը, հավանաբար, արդեն ձանձրացնում է դատավորին այդ մռայլ միօրինակ ընթացքով, աննպատակ հարցուպատասխանով, որն ինչքան կարճ տևի, այնքան ինքը շուտ կկարողանա հերթական անունը կցել միևնույն հրամանին՝ փորձելով վառոդի ծխի հետ փոշիացնել այն․․․

Դատավճիռը՝ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ։

Զաբելի դստեր՝ Սոֆի Եսայանի հուշագրությունից հասկանալի է, որ այդ պահին ընտանիքը տեղյակ չէր ոչ դատից, ոչ վճռից։ Նա դրանից ութ ամիս անց տեղի ունեցած տեսակցության մասին գրում է․ «Մորս պետք եր տեսնեյի Սեպտ․2ին 1939թ։ Մայրս քաղաքային բանտումն եր․ սեվ սաթին խալաթ հագին, մազերը արտակարգ սպիտակացած․ բայց անկաշկանդ հոգեպես, նոյնիսկ անքոր։ Շոյեց 2 տարեկան երախայիս, իրեն ասեց ՛՛Պիոներ կրնես, կասես տատիկս հա-կա հեղա-փո-խա-կան․․․” ու ինքն իրեն հակաճառելով ասեց, “Բայց, չե, 20 տարի հետո չես ասի… »։ Եղբորս հարցին,դատ տեղի ունեցավ թե ոչ. մայրս պատասխանեց «հա՝, և առաջին որոշումը մի քիչ շատ եր, երկրորդ ոչինչ»:

Այդ «ոչինչը» Մոսկվայից «մեղմված» նոր վճիռն էր՝ 10 տարվա ազատազրկումն է՝ ի պատասխան Զաբել Եսայանի խնդրագրի, որն անմիաջապես կազմել և ուղարկել էր Մոսկվա՝ խնդրելով վերանայել մահապատժի դատավճիռը և ժամանակ տալ՝ վկայությունները հստակեցնելու համար։

Բանտարկյալ Եսայանը և զավակները ևս մի քանի տարի նամակագրություն են պահպանել։ Արխիվներում առկա վերջին նամակները թվագրված են 1943թ․՝ Բաքվից, թեև նրա գործի վերաբացման խնդրագրում որդին՝ Հրանտը, նշում է, որ մորից վերջին նամակը 1945թ․ ապրիլին է ստացել, ինչից հետո, ըստ նրան տեսնողների խոսքերի, նա ծանր հիվանդ է եղել դեզինտերիայով և մահացել է։ Զաբել Եսայանի մահվան ճշգրիտ հանգամանքները, ժամանակն ու վայրը մինչ օրս անհայտ են։

10 տարվա ազատազրկումը կավարտվեր 1949-ին, ուշացած արդարությունը վերականգնվում է միայն տարիներ անց։ 1956թ. Զաբել Եսայանի գործի վերաբացման փաստաթղթերում Կարինե Գյուլիքեխվյանի վերոնշյալ վկայություններից բացի առկա են նաև Ստեփան Զորյանի, Գեղամ Սարյանի և Վահրամ Ալազանի վկայությունները, որոնք բոլորը բացառապես դրական, հայրենասիրական, ազնիվ լույսի ներքո են ներկայացնում Զաբելին, ում «ոչ զրույցներում, ոչ հրապարակումներում որևէ հակասովետական միտում չի եղել» (Ստ․ Զորյան)։ Ելնելով այս վկայություններից և այն հանգամանքից, որ Զաբել Եսայանի գործի հիմքում իր խոստովանություններից բացի որևէ այլ ապացույց չէր եղել, 1957թ․ նա արդարացվում է, և մեղադրանքը հանվում է նրա վրայից։ Պատասխանատվության են ենթարկվում 1939թ․ հունվարի 23-ին նրա դեմ կայացրած դատավճռի հեղինակները։

 1957թ․ Եսայանն արդարացվում է, և մեղադրանքը հանվում է նրա վրայից։   

Դատից որոշ ժամանակ անց բանտախցում Զաբել Եսայանը Կարինե Գյուլիքեխվյանին կպատմի մահապատժին սպասմելու ժամերի մասին․․․ «Երբ նա գտնվել է մահապատժի ենթարկվածների խցում,- հիշում է Գյուլիքեխվյանը,- լուցկու տուփի ներսի կողմից ասեղի ծայրով սեփական արյունով գրել է, որ ինքը ոչնչում մեղավոր չէ, և որ ծանր է կյանքից հեռանալ՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կկարդա դա ու ճշմարտությունը կհաղթանակի»․․․

 

վերջաբանի փոխարեն

«Մենք, ընկերներ, հազարամյա մշակույթ ունեցող ժողովրդի մը ժառանգորդներն ենք։ Մարդկային քաղաքակրթության պատմության մեջ մեր պատվավոր և ինքնուրույն տեղը ունենք։ Դարերու շարանին մեջ մեր ազգային մշակույթը հաջողեր ե, հակառակ դժվարություններին և հաճախ ամենադաժան պայմանների չի խզել այն շղթան, վորուն վերջին ողակը անտեսում ենք։ Մեր մշակութային հարուստ ու բազմակողմանի անցյալը մեծ պարտավորություններ կդնե մեր վրա, բայց մեր ներկայի դրած պարտավորություններն ավելի մեծ են և ավելի ծավալուն, ավելի խոր և մանավանդ ավելի պատասխանատու»։

Զաբել Եսայան

 

——————————————
Աղբյուրներ՝
Հայաստանի Ազգային Արխիվ (ֆ. 1191, ց. 4, գ. 1467; գ.1469)
Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան (Զաբել Եսայան, 14)
www.zabelyesayan.info
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ