
Բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի նորաստեղծ անվտանգային ճարտարապետության մեջ Միացյալ Նահանգների ունեցած դերի, ներգրավվածության և աճող ներդրումների հիմքում ընկած ռազմավարական քաղաքականության նպատակների և հիմնավորումների վերաբերյալ, երբեմն էլ՝ փորձեր են արվել վերծանել դրանք: Հայաստանում վերլուծությունների և քննարկումների մեծ մասը ձախողում է հստակորեն որակավորել և ճշգրիտ մեկնաբանել այն համընդհանուր շրջանակը, որն ուղղորդում է Ամերիկայի աճող և զուգահեռաբար ուժեղացող ներգրավվածությունը Հայաստանի անվտագային միջավայրի զարգացման գործում, փոխարենը քննարկվում են Արևելքը և Արևմուտքը հակադրող խոսույթից մինչև ենթադրյալ ամերիկյան թաքնված օրակարգի պնդումներ: Հայաստանի անվտանգային համայնապատկերում Ամերիկայի ներգրավածությունն ուղղորդող ռազմավարական շրջանակն ավելի հստակ հասկանալու և ամերիկյան դիրքորոշման ու Հայաստանի քաղաքական մտածողության մերձեցման հայեցակարգային հիմքը մշակելու համար, այս ամսվա զեկույցում ներկայացվել է «ռազմական դիվանագիտություն» հասկացությունը:
Ռազմական դիվանագիտությունը որպես ռազմական պետական վարչագիտություն (Statecraft)
Ռազմական դիվանագիտությունը, ընդհանուր առմամբ, սահմանվում է որպես ռազմական հնարավորությունների ոչ բռնի կիրարկում տվյալ երկրի միջազգային և դիվանագիտական նպատակներն առաջ մղելու համար: Այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են ռազմական ներգրավվածությունը, պաշտպանական դիվանագիտությունը և պաշտպանական համագործակցությունը, հավասարապես օգտագործվում են` նկարագրելու ռազմական հնարավորությունները միջազգային քաղաքական կարողություն կուտակելուն և քաղաքական նպատակներին ծառայեցնելուն միտված գործընթացը: Հայեցակարգը կարող է ավելի պարզ ընկալվել՝ որպես ռազմական հնարավորությունների և կարողությունների օգտագործում՝ արտաքին քաղաքական նպատակներին ոչ բռնի միջոցներով հասնելու համար: Ռազմական դիվանագիտության կարևոր բաղադրիչներն են` վստահության ձևավորում, աջակցություն ուրիշին՝ իրենց զինված ուժերի զարգացման և ռազմական ոլորտում քաղաքացիական վերահսկողության հաստատման գործում: Այն նաև նախատեսում է անվտանգային ավանդական և ոչ ավանդական ձևերի օգտագործում, մասնագիտական և ռազմական գիտության և կրթության փոխանցում ու փափուկ ուժի ընդլայնում: Հատկանշական է, որ ռազմական դիվանագիտությունը նույնքան հեշտությամբ կարելի է սահմանել որպես հայեցակարգ, որը չի ներառում հարձակողական ռազմական գործողություններ:
Միացյալ Նահանգների տեսակետն է, որ հաջողության չի կարելի հասնել միայն ռազմական պարտադրանքի միջոցով. հաջողությունն ավելի հաճախ ընկերների, թշնամիների, բայց ամենակարևորը՝ այդ երկուսի արանքում գտնվողների վարքագիծը ձևավորելու գործառույթ ունի: Ռազմական դիվանագիտությունը, հետևաբար, օգտագործում է փափուկ ուժի և կոշտ ուժի համախառն գործիքակազմ՝ ավանդաբար կոշտ ուժային կառույց համարվող բանակին, վերագրելով փափուկ ուժի գործառույթ: Այսպիսով, ԱՄՆ ռազմագիտության տեսանկյունից ռազմական դիվանագիտությունը պետական ռազմական վարչագիտության ամենակարևոր գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս Ամերիկայի հսկայական ռազմական համակարգն օգտագործել ոչ բռնի կերպով՝ Վաշինգտոնի ռազմավարական նպատակներն առաջ տանելով այլ երկրների հետ համագործակցության միջոցով: Համագործակցության նման կերտվածքի պարունակում եվրատլանտյան գործընկերությունը, լինի դա ՆԱՏՕ-ի համակարգային լծակների, թե առանձին եվրոպական երկրների հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների միջոցով, զգալիորեն ընդլայնել է իր ռազմական դիվանագիտության շրջանակն ու ուժը։
Համեմատական առումով, Հայաստանում ԱՄՆ-ի (այստեղ կարող է ներառվել նաև Եվրատլանտյան գործընկերության դերը) ռազմական դիվանագիտության այս սկզբնական շրջանը դիտարկելիս՝ նկատելի է հստակ տարբերություն Ռուսաստանի և ԱՄՆ պետական վարչագիտության միջև։ Մասնավորապես, դիտարկելով, թե որտեղ է Ռուսաստանը ձախողել, և որտեղ է Միացյալ Նահանգներն ունեցել ներգործություն, կարելի է տեսնել ռազմական դիվանագիտության հաջողության կառուցվածքային հիմքը, որը և բացատրում է Հայաստանի եռանդուն շրջադարձը դեպի Արևմուտք։ Ռուսաստանը պաշտպանությունը հասկանում է միայն կոշտ ուժի տեսանկյունից, հետևաբար, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գնահատում է հնազանդության և ստորադասության կառուցվածքում, մինչդեռ Միացյալ Նահանգները Հայաստան-ԱՄՆ ռազմական հարաբերությունները դիտարկում է Հայաստանի անվտանգային կարիքները սպասարկելու և Միացյալ Նահանգների շահերին համապատասխանեցնելու տեսակետից: Այն արագությունը, որով Հայաստանում փլուզվեց 30-ամյա ռուսական անվտանգային մտածողությունը, ուղղակիորեն հարակցվում է ԱՄՆ ռազմական դիվանագիտության գործարկման արագությանն ու խտությանը։
Որպես չափիչ, որ թույլ կտա հասկանալ Հայաստանի հետ ԱՄՆ ռազմական դիվանագիտության կառուցվածքային հետագիծը, կարելի է դիտարկել Արևելյան Եվրոպայի օրինակը: Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ԱՄՆ զինված ուժերը Եվրատլանտյան դաշնակիցների հետ սկսեցին նախկին Վարշավայի դաշինքի երկրների զինված ուժերը և անվտանգության ճարտարապետությունը վերականգնելու գործընթացը: Բազմաթիվ և լայնածավալ նախաձեռնությունների միջոցով Եվրատլանտյան կառույցն իր ռազմական համակարգերը ծառայեցրեց Արևելյան Եվրոպայի բանակները բարեփոխելու գործին: Այս նպատակով ստեղծվեցին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը և նմանատիպ այլ նախաձեռնություններ, որոնք կօգնեին Արևելյան Եվրոպայի երկրներում սերմանել քաղաքացիական-ռազմական հարաբերությունների ժողովրդավարական մշակույթ և, ի վերջո, միացնել Արևելյան Եվրոպան գոյություն ունեցող հավաքական անվտանգային մարմիններին, ինչպիսիք են Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն:
Այս ջանքերն ընդգծեցին ԱՄՆ ռազմական կառույցի փոխակերպումը՝ որպես պետական կառավարման գործիք, ի հավելումն պատերազմի կամ հարձակողական ռազմական գործողությունների ավանդական գործառույթին: Արևելյան Եվրոպայի բանակների բարեփոխմանն ուղղված ԱՄՆ-ի գլխավորած ջանքերի հաջողությունը պայմանավորված էր ոչ միայն եվրատլանտյան ուժերի՝ իրենց կամքը պարտադրելու ունակությամբ, այլ ավելի շուտ՝ Արևելյան Եվրոպայի երկրներին կառուցողականորեն ներգրավելու և համագործակցության միջոցով ցանկալի նպատակներին հասնելու կարողությամբ: Նախկին Վարշավայի դաշինքի երկրների հաջող անցումը խորհրդային բանակից ժամանակակից ռազմական ուժերի, ինչպես նաև մտածողության և մշակույթի անցումը հնացած խորհրդային ձևաչափից դեպի ավելի առաջադեմ արևմտյան ձևաչափ, հնարավոր դարձավ Միացյալ Նահանգների և նրա եվրատլանտյան դաշնակիցների ռազմական դիվանագիտության հաջող իրականացման միջոցով։
Ռազմական դիվանագիտությունը և Հայաստանը
Ռազմական դիվանագիտությունն ավելի համապարփակ հասկանալու և Ամերիկայի ռազմական դիվանագիտությունից Հայաստանի արդեն իսկ ստացածի և ակնկալիքների ծիրը գնահատելու համար ստորև ներկայացնում ենք ռազմական դիվանագիտությանը հատուկ գործունեության տեսակների ընդհանուր ուրվագիծը.
- Երկկողմ և բազմակողմ շփումներ բարձրաստիճան զինվորականների և քաղաքացիական պաշտոնյաների միջև։
- Պաշտպանության ոլորտի ռազմական և քաղաքացիական անձնակազմի վերապատրաստում։
- Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանության կառավարման և ռազմատեխնիկական ոլորտների փորձաքննության և խորհրդատվության տրամադրում։
- Զինվորական կամ քաղաքացիական անձնակազմի նշանակում գործընկեր երկրի պաշտպանության նախարարությունում։
- Տարբեր մակարդակներում զինվորական անձնակազմերի և ստորաբաժանումների միջև շփումներ և փոխանակումների հաստատում։
- Վերապատրաստման խմբերի տեղակայում պաշտպանության համակարգի տարբեր ոլորտներում։
- Ռազմական տեխնիկայի տրամադրում։
- Երկկողմ կամ բազմակողմ զորավարժություններ։
- Պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրեր։
Հայաստանի պաշտպանության ոլորտում Ամերիկայի ներգրավվածության բնույթն ու շրջանակն ավելի լավ հասկանալու համար հարկավոր է ԱՄՆ ռազմական դիվանագիտությանը հատուկ գործունեության տեսակների և հայ-ամերիկյան պաշտպանական աճող հարաբերությունների հայեցակարգային ըմբռնում։ Հայաստանում ռուսական ազդեցության նվազման հետ մեկտեղ, Ամերիկայի և, հետևաբար, Եվրատլանտյան գործընկերության սկսած ռազմական դիվանագիտությունը մեծ դեր է խաղում Հայաստանի անվտանգության ճարտարապետության կայացմանն աջակցելու գործում: Թեև Ֆրանսիայի ռազմական դիվանագիտությունը, օրինակ, ավելի շատ կոշտ ուժային աջակցություն է առաջարկում Հայաստանին, այն, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հետ համագործակցում է ռազմական դիվանագիտության առաջարկած փափուկ ուժային աջակցության ոլորտում՝ հատուկ ուժայինների վերապատրաստում, ռազմական գիտության փոխանցում և կրթություն, սպաների փոխանակման ծրագիր և ռազմական խորհրդականների նշանակում Հայաստանի պաշտպանության նախարարությունում: Համակարգային և բազմակողմ հարաբերությունների մակարդակում Եվրամիությունը համալրել է Եվրատլանտյան շրջանակը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, միևնույն ժամանակ, առաջին անգամ ռազմական օգնություն տրամադրելով Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով:
Հայաստանում ամերիկյան ռազմական դիվանագիտության գործարկումը դիտարկելիս առանձնանում է զարգացումների հստակ մի շարք։ ԱՄՆ-ն, օրինակ, գործուն դեր է ստանձնել Հայաստանի ռազմական բարեփոխումներին աջակցելու գործում, որը ներառում է մշտական խորհրդատուի նշանակում, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների միջև երկկողմ շփումներ։ Պենտագոնի Անվտանգության կառավարման ինստիտուտի աջակցությունը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցությունը, միջբանակային հաղորդակցության և ներանձնակազմային ամիջական հարաբերությունների հաստատմանն ու ռազմագիտական գիտելիքների փոխանակմանը միտված խորհրդատվական ծրագրերը և համատեղ զորավարժությունները, վկայում են Հայաստանի պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի ներգրավվածության մասին։ Ավելին, ԱՄՆ-ը զգալի աջակցություն է տրամադրել Հայաստանին՝ կիբերանվտանգության ոլորտի և արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) զարգացման հարցում։ Վաշինգտոնը նաև աջակցել է անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ Հայաստանի համագործակցությանը՝ ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև Հունաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և Գերմանիայի հետ։
Եզրակացություն
Ընդհանուր առմամբ, անկախ նրանից, թե փորձում ենք հասկանալ Միացյալ Նահանգների քաղաքականության վերջնախաղը, կամ ձգտում վերծանել Հայաստանի ռազմական ոլորտում Ամերիկայի ներգրավվածության ավելի լայն ռազմավարական նպատակները, կամ հասկանալ այս ներգրավվածության ընթացիկ և ապագա գործողությունների շրջանակը, բոլոր պրպտումները տանում են դեպի մի հայեցակարգ՝ ռազմական դիվանագիտություն։ Ռազմական դիվանագիտությանը բնորոշ գործունեության ինը տեսակներից՝ ԱՄՆ-ը Հայաստանում նախաձեռնել է առաջին չորսին հատուկ ծրագրեր՝ բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաների միջև երկկողմ շփումներ, անձնակազմի վերապատրաստում, փորձաքննության տրամադրում և ներկայացուցչի նշանակում գործընկեր երկրի պաշտպանության նախարարությունում։ Այն նաև նախաձեռնել է մնացած հինգից մեկը մասամբ՝ երկկողմանի զորավարժություններ։ Հայաստանն ավելի ի՞նչ կարող է ակնկալել ամերիկյան ռազմական դիվանագիտությունից։ Ելնելով վերոհիշյալ գործողությունների հաջող իրականացումից՝ Հայաստանը կարող է ակնկալել հետևյալը.
- Հստակ ներգրավվածություն և շփումներ բանակների տարբեր ստորաբաժանումների մակարդակներում։
- Միացյալ Նահանգների հատուկ ուսումնական խմբերի տեղակայում՝ ելնելով Հայաստանի պաշտպանության ոլորտի կարիքներից։
- Ռազմական տեխնիկայի և ռազմական օգնության այլ ձևերի տրամադրում՝ սկսած ոչ մահաբերից և, ի վերջո, մինչև մահաբեր։
- Երկկողմ զորավարժություններից անցում բազմակողմ վարժանքների։
- Երկկողմ պաշտպանական համաձայնագրի կազմում։
Քանի որ ԱՄՆ ներգրավվածությանը հատուկ այս գործողությունների կարևորության և խստության դասակարգումը հստակ է, ռազմական դիվանագիտության աճող շարունակությունը ենթադրում է ԱՄՆ-ի գործունեության տեսակների որակական աճ: Եթե Հայաստանը շարունակի պաշտպանական ոլորտի բարեփոխումների իր ուղին, և եթե Հայաստանի արտաքին և անվտանգային վերակողմնորոշումը շարունակվի դեպի արևմտյան առանցք, մոտ ապագայում ամերիկյան ռազմական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետությանը կառաջարկի հատուկ ուսումնական խմբերի տեղակայում, ռազմական տեխնիկայի տրամադրում (ներառյալ մահաբեր), բազմակողմ զորավարժություններ և, ի վերջո, երկկողմ պաշտպանական համաձայնագիր:
Անվտանգային պարունակ
-Ալիևը շարունակել է արհեստականորեն խոչընդոտել բանակցային գործընթացը՝ որպես խաղաղության պայմանագրի նախապայման Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը։
-Բաքուն նաև շարունակել է իր տեղաշարժը դեպի Արևելք՝ ստորագրելով Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և ակնարկելով իր հավանական անդամակցությունը Ռուսաստանի խնամակալության ներքո գործող ԲՐԻԿՍ-ին, միաժամանակ, բացահայտ քննադատելով և երբեմն ծաղրելով Ադրբեջանի նկատմամբ Ամերիկայի և Եվրոպայի քաղաքականությունը:
-Հայաստանը, իր հերթին, շարունակել է հարաբերությունների ամրապնդումը ԱՄՆ-ի հետ։ Տեղի է ունեցել ԱՄՆ օրենսդիր մարմնի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան, առաջընթաց է գրանցվել Հայաստանում միջուկային ռեակտորի կառուցման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում, մեկնարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ զորավարժությունները և Հայաստանի պաշտպանության նախարարությունում նշանակվել է ամերիկացի մշտական խորհրդական։
-Եվրոպական խորհուրդը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով առաջին անգամ ռազմական օգնություն է հատկացրել Հայաստանին՝ առաջացնելով Ռուսաստանի և Ադրբեջանի բուռն և համակարգված արձագանքը:
-Ռուսաստանը շարունակել է մեղադրել ԱՄՆ-ին և Արևմուտքին՝ տարածաշրջանի ապակայունացման մեջ, նաև թիրախավորել է Բալթյան երկրները՝ Հայաստանին աջակցելու համար։
Դիմակայություն. զրույց անվտանգության շուրջ
Աանվտանգային ճարտարապետություն
Աանվտանգության դիվանագիտացում
Ադրբեջանի հիբրիդային գործողությունները
Ապահիբրիդացում
Ագրեսիվ պատեհապաշտություն
Գոյաբանական անվտանգություն և Ադրբեջանի խաղաղատյացությունը
Ոզնու հայեցակարգը՝ որպես անհամաչափ պաշտպանական պատերազմի ռազմավարություն
Փոքր երկրների անվտանգային դիմակայությունը
Դիմակայություն. հինգ կարևոր հատկանիշները
Ժողովրդավարության աշխարհաքաղաքականացում
Ոչ ազատական խաղաղություն
Սառեցված հակամարտության հարատևություն և կառավարում