
Անորոշությունը, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, Հարավային Կովկասում ու Հայաստանում մտահոգիչ է։ Թրամփի հնարավոր երկրորդ նախագահությունը գնահատելու համար առկա է բավականաչափ տեղեկատվություն և գիտելիք, սակայն Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ Հարիսի նախագահության արտաքին քաղաքականության հայեցակարգը կանխորոշող ուսումնասիրություն կամ տվյալների մշակում մինչ օրս չկա։ Պարզունակ կլինի ենթադրել, որ այն կլինի Բայդենի վարչակազմի քաղաքականության շարունակությունը և հաշվի չառնել երկու կարևոր հանգամանք. նախ՝ յուրաքանչյուր նոր վարչակազմ իշխանության է գալիս իր օրակարգով, նույնիսկ, երբ կան համընկնումներ նախորդի հետ, և այն, որ Բայդենը, որպես Սառը պատերազմի գործիչ, միտված է ամերիկյան գերակայությունը պահպանել՝ մարտահրավեր նետողների ազդեցությունը սահմանափակելով, մինչ Հարիսը սառը պատերազմյան արտաքին քաղաքական մշակույթի կրող չէ և, ամենայն հավանականությամբ, կցուցաբերի Օբամայի վարչակազմի գործելաոճին հարող քաղաքականություն։ Հարիսի վարչակազմը միտված կլինի ավելի շեշտակի հակազդել միջազգային քաղաքական դաշտում հայտնված և Ամերիկայի գերակայությունը կասկածի տակ դնող բռնապետական դերակատարների ներազդեցությանը:
Ընտրվելու դեպքում Հարիսի վարչակազմի արտաքին քաղաքականությունը կարելի կլինի սահմանել երեք ընդհանրական շրջանակով։
Առաջին, չնայած նախկինում Միացյալ Նահանգների արտաքին և ներքին քաղաքականությունները, ընդհանուր առմամբ, տարանջատված են եղել, այդուհանդերձ, երկրում ներքին բևեռացվածության մակարդակը և յուրաքանչյուր որոշում քաղաքականացնելու միտումն աղճատել են արտաքին քաղաքականության վրա ներքին քաղաքական ճնշումների փոխներգործության սահմանագծերը։ Անցյալում ԱՄՆ ներքին քաղաքականությունը լուրջ ազդեցություն չի ունեցել երկրի արտաքին քաղաքականության վրա՝ բացառությամբ, երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն մասնակցել է արտերկրյա պատերազմների: Սա այլևս այդպես չէ և Հարիսի արտաքին քաղաքականությունը ավելի զգայուն կլինի ներքին հանգամանքների ներգործության նկատմամբ: Ի՞նչ է սա նշանակում։ Կարելի է ակնկալել, որ Հարիսի և նրա համախոհների արժեհամակարգային ու գաղափարախոսական դրույթները կձևավորեն և կսահմանեն նրա վարչակազմի արտաքին քաղաքականության ընդհանրական տեսլականը:
Երկրորդ, Հարիսի վարչակազմի արտաքին քաղաքական դիրքավորումը կձևավորի Կիմ Ջոնք Ունի, Վիկտոր Օրբանի, Վլադիմիր Պուտինի և Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Թրամփի սիրալիրության ու նման ղեկավարների հանդեպ Դեմոկրատական կուսակցության, հատկապես կուսակցական ղեկավարության՝ բացահայտ հակակրանքի խաչմերուկում: Հարիսը դա ավելի քան պարզ ասաց իր առաջադրման ընդունման ելույթում:
Եվ երրորդ, Հարիսը, ամենայն հավանականությամբ, ավելի հակադրվող և, ըստ կարիքի, միջամտող կլինի իր արտաքին քաղաքականության մոտեցումներում, քան Բայդենի վարչակազմը, հատկապես ամերիկյան շահերին ուղղակիորեն սպառնացող մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների պարագայում:
Ի տարբերություն Բայդենի միջազգային հարթակում ռեվիզիոնիստական դերակատարների հետ առերեսվելիս ուղղակիորեն հակազդելու կամ հաստատակամորեն հակադրվելու վերապահությանը, Հարիսի վարչակազմը կլինի ավելի առճակատվող, բայց դա կանի հաշվարկված և ընտրողաբար: Մասնավորապես, միապետական երկրների հետ շփումներում կամ մարդու իրավունքների խախտումների հարցում Հարիսի վարչակազմի աշխատելաոճը զգալիորեն կտարբերվի Բայդենի՝ շատ ասող, բայց քիչ գործող վարչակազմից: Ինչպես նշել է միջազգային հարաբերությունների ականավոր գիտնականներից մեկը, «Հարիսը կողմնակից է մարդու իրավունքների բուռն արտաքին քաղաքականությանը»։
Հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ ճգնաժամի կամ արտաքին քաղաքական վեճերի ժամանակ կանանց կողմից ղեկավարվող պետություններն ավելի հավանական է, որ միտումնավոր սրեն վեճերը, քան տղամարդկանց կողմից ղեկավարվող կառավարությունները: Միջազգային հարաբերությունների շուրջ 380 նշանավոր փորձագետների և գիտնականների շրջանակում անցկացված վերջին հարցումը, որը ներառում է ազատականների, ժողովրդավարների և հանրապետականների, ցույց տվեց, որ մասնակիցների գրեթե 70 տոկոսը վստահում է Հարիսին՝ որպես նախագահ, ով պատշաճորեն կարձագանքի միջազգային խոշոր ճգնաժամերի: Հարիսյան վարչակազմը հատկապես հատուկ առաջնահերթ ոլորտների նկատմամբ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարության աջակցությունը ցուցաբերում է ընդգծված խստություն:
Հարիսի մասնագիտական անցյալը, նրա արտաքին քաղաքական հայտարարությունները, քաղաքական կողմնորոշումը, խորհրդականների ընտրությունը և նրա համախոհների կայուն արժեհամակարգերը համադրելով՝ Հարիսի արտաքին քաղաքականության հայեցակարգի վերաբերյալ կարելի է առաջադրել երեք ենթադրություն.
- Բայդենի և Օբամայի նման, Հարիսը կձգտի ամրապնդել անդրազգային և միջազգային դաշինքները, և ավելի գործուն կերպով կօգտագործի այդ համակարգերը ԱՄՆ-ի գերակայությունը ամրապնդելու համար.
- Ի տարբերություն Բայդենի, ով նախապատվություն էր տալիս կա՛մ սահմանափակ արտաքին առճակատման, կա՛մ, առհասարակ, ձեռնպահ մնում սրման տանող դիրքերից, Հարիսը հիմնական հարցերի շուրջ, որոնք սահմանում են նրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հակված կլինի և՛ավելի առճակատման, և՛ ընտրողաբար սրացման.
- Հարիսն ավելի կոշտ կլինի միապետական դաշնակիցների հետ, և ուղղակիորեն հակակրական՝ ոչ դաշնակիցների կամ ենթադրյալ թշնամիների հետ, քանի որ Հարիսի միապետության դեմ հայեցակարգային պայքարը սկսվել է տանը՝ թրամփիզմի դեմ, ուստի այն կշարունակվի և, պետք է տարածվի արտաքին քաղաքականության վրա։
Ի՞նչ հետևանքներ և հավանական էական ազդեցություն կունենա Հարիսի վարչակազմի արտաքին քաղաքականությունը հետխորհրդային տարածքի, Հարավային Կովկասի և ավելի հստակ՝ Հայաստանի վրա: Փոխադրելով Հարիսյան վարչակազմի հավանական հայեցակարգի ընդհանրական բնութագիրն ու հիմնարար դրույթները հավանականության ոլորտ՝ ներհիշյալ զարգացումները կարող են գնահատվել որպես բարձր հավանականության:
Ռուս-ուկրաինական պատերազմ
- Հարիսի վարչակազմը զգալիորեն առավել արագ և հաստատակամ կլինի Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում, և այս պարունակում ԱՄՆ-ն ավելի գործառնական կլինի Ուկրաինայի կարողությունների ամրապնդման և, արդյունքում, ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգման գործում:
- Հարիսի վարչակազմը Ուկրաինային կտրամադրի ավելի առաջադեմ սպառազինության համակարգեր, ավելի հաստատակամ կլինի Կիևին ավելի ուժեղ կրակային ուժ առաջարկելու հարցում և թույլտվություն կտա, որպեսզի այդ համակարգերն օգտագործվեն Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ:
- Հարիսի վարչակազմն ավելի գործուն կերպով կհամախմբի Եվրատլանտյան դաշինքը Ռուսաստանի դեմ, պնդելով, որ եվրոպացի գործընկերները մեծացնեն և ուժեղացնեն իրենց աջակցությունն Ուկրաինային. օրինակ, ՆԱՏՕ-ի որոշ անդամների երկմտությունը Ուկրաինային աջակցությունը մեծացնելու հարցում կամ Հունգարիայի խոչընդոտող վարքագիծն ավելի խիստ արձագանքի կարժանանա:
Վրաստան
- Հաշվի առնելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, իշխանության գալուց հետո, Հարիսի վարչակազմից պետք է սպասել առավել կոշտ և պատժիչ գնահատական: Թեև Բայդենի վարչակազմը հռետորաբանորեն կոշտ և դիվանագիտորեն խիստ արձագանքեց Վրաստանի ժողովրդավարական հետընթացին, սակայն ձեռնպահ մնաց որևէ հստակ կամ ուղղակի գործողություններից, որոնք կարող էին որակվել որպես բավականաչափ պատժիչ:
- Թեև Բայդենի վարչակազմը որոշ չափով համաձայնեցրել է իր քննադատական արձագանքը ԵՄ-ի հետ, Վրաստանյան զարգացումները բավարարաչափ առաջնահերթ չի համարել՝ Իվանիշվիլիի և Վրաստանի ղեկավարության դեմ համատեղ գործողություններ ձեռնարկելու համար: Հարիսի վարչակազմն ավելի միջամտող կլինի Վրաստանի գործերին և ավելի պատրաստակամ՝ եվրոպացիների հետ համակարգելու և համագործակցելու ՝ նախընտրելի ներգործություն ունենալու համար:
Ադրբեջան
- Վերաբերմունքը Ադրբեջանի համառ ռազմատենչ կեցվածքին կտարբերվի Բայդենի վարչակազմից: Թեև Բլինկենի գլխավորած ԱՄՆ պետքարտուղարությունը գովելի աշխատանք է կատարել Բաքվին զսպելու հարցում՝ օգտագործելով ԱՄՆ դիվանագիտական կշիռը, և գծելով կարմիր գծեր, որոնք Ալիևը ցույց տվեց, որ չի ցանկանում անցնել։ Այս ջանքերը, սակայն, այնքան էլ հաստատակամ չեն, որպեսզի Ալիևին ստիպեն ստորագրել խաղաղության պայմանագիր կամ թելադրեն կառուցողական վարքագիծ, որը կարող է հանգեցնել արդար և հավասարակշիռ խաղաղության: Հարիսի արտաքին քաղաքական կողմնորոշման ուրվագծից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Ալիևը ոչ միայն կդասակարգվի որպես միապետական շարասյան անդամ, այլև ռուս-ադրբեջանական առանցքի ձևավորումը և տարածաշրջանի միապետամետ ուղեծիրը պահպանելու Բաքվի և Մոսկվայի փորձը կդիտարկվի՝ որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի և Եվրատլանտյան շահերի ուղղակի սպառնալիք: Թեև Բայդենի վարչակազմն արտահայտել է մտահոգություն, վերապահումներ և հիասթափություն Բաքու-Մոսկվա քաղաքական առանցքի կապակցությամբ, անյուամենայնիվ, արձագանքը զուսպ է եղել և երբեմն չափից դուրս քաղաքավարի Բաքվի նկատմամբ՝ ձեռնպահ մնալով ավելի կոշտ կեցվածք ընդունելուց՝ ի դեմս Բաքվի խոչընդոտող և ապակայունացնող պահվածքի: Նման մոտեցումը ՝ առճակատման և սրեցման չգնալ, համահունչ է Բայդենի վարչակազմի հայեցակարգին: Հարիսյան վարչակազմի հայեցակարգը, ըստ ցուցիչների, ավելի խիստ դիրքավորում է ենթադրում Ադրբեջանի և ռուս-ադրբեջանական առանցքի դեմ:
- Թեև Բայդենի վարչակազմի նպատակն է եղել թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն ու հնարավորությունները Հարավային Կովկասում, Հարիսն առավել թափով կաջակցի տարածաշրջանում այն նախաձեռնություններին և գործընթացներին, որոնք կարող են արագացնել Ռուսաստանի նահանջը։Որպես այդպիսին, ամերիկա-ադրբեջանական շահերի տարաձայնությունն էլ ավելի տեսանելի կդառնա՝ Հարիսի վարչակազմի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում առաջացնելով զեղումներ և ճեղքեր: Այս պարունակում Բայդենի և Հարիսի միջև նկատելի տարբերությունը կլինի ԱՄՆ ներգործության ընդլայնումը և տարածաշրջանի միապետական ուղեծիրն ամրապնդել կամ ընդլայնել ցանկացող դերակատարների հանդեպ հանդուրժողականության աստիճանի նվազումը:
- ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններն էլ ավելի կվատթարանան, հաշվի առնելով Բաքվի թշնամանքը Բայդենի համեմատաբար հանդուրժող վարչակազմի դեմ: Ալիևի բացահայտ և հրապարակային աջակցությունը Թրամփին և նրա շարունակական քննադատությունները Բայդեն-Հարիս վարչակազմի հասցեին չեն անտեսվի Հարիս-Վալց վարչակազմի կողմից: Բաքվի ապակայունացնող ու միապետական դիրքավորումը բախվելով Հարիսի խստապահանջ կեցվածքին, ավելի կվատթարացնի ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները:
- ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում բաժանարար հանգամանք են նաև Մոսկվայի հետ Բաքվի սերտ կապերը։ Բաքվի, այսպես կոչված, բազմաշառավիղ քաղաքականությունն աշխատել է, քանի որ Վաշինգտոնը թույլ է տվել, կամ ավելի պարզ ասած, քանի որ Բայդենի վարչակազմն անտարբեր է եղել: Սակայն Հարիսի վարչակազմը Բաքվի բազմաշառավիղ գործելաոճը որակելու է որպես տարածաշրջանում ռուսական նպատակների ամրապնդման արդարացում, և առավել ևս՝ անհամահունչ եվրատլանտյան շահերին և արժեքներին:
Հայաստան
- Հարիսի պետդեպարտամենտը կշարունակի ընթացիկ ԱՄՆ քաղաքականությունն ու նախագծերը Երևանի հետ՝ հաշվի առնելով ռազմավարական գործընկերությունից մինչև ռազմական, անվտանգային և էներգետիկ ոլորտներում երկու կողմերի միջև արդեն իսկ մշակված նախագծերի լայն շրջանակը։
- Թեև Բայդենի վարչակազմը բարեկամական է Հայաստանի նկատմամբ, Հարիսի վարչակազմը, ելնելով իր ակնկալվող ռազմավարական և արտաքին քաղաքականության նպատակներից, առավել կխորացնի և կբարելավի հարաբերությունները: Հաշվի առնելով Ամերիկայի՝ Հայաստանի հետ գործարկած «պաշտպանական դիվանագիտության» շրջանակն ու խորությունը, Հարիսի վարչակազմը կընդլայնի նման նախագծերի ներգրավվածության շրջանակն ու մակարդակը։
- Հայաստանի արևմտյան շրջադարձն ավելի հաստատակամորեն կխրախուսվի Հարիսի վարչակազմի կողմից, ոչ միայն քանի որ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը, այլև այն պատճառով, որ Հայաստանը կանգնած է իր հակաարևմտամետ հարևաններից եկող ամենամեծ սպառնալիքի առաջ: Հայաստանի անվտանգային հայեցակարգի բազմազանեցմանն աջակցելու գործում Հարիսի վարչակազմը կստանձնի առավել գործուն դեր, քան Բայդենի վարչակազմը ներկայումս։ Այս պարունակում Հարիսի վարչակազմը կխրախուսի և կառաջարկի դրամական և համակարգային աջակցություն գործընկեր պետություններին, որոնք ներգրավվում կամ աջակցում են Հայաստանի բազմազանեցման քաղաքականությանը:
- Հայաստանը կստանա ավելի շատ ֆինանսավորում և գործնական աջակցություն՝ բարելավելու իր դիմակայության կարողությունները, և Հարիսի վարչակազմը կխորացնի իր աշխատանքային հարաբերությունները ԵՄ-ի հետ (ապրիլի 5-ի հանդիպման հիմքերը դրվելուց հետո)՝ ամրապնդելու եռակողմ նախաձեռնության նպատակներն ու հրամայականը։
- Հարիսի վարչակազմի օրոք ինչպես մահաբեր, այնպես էլ ոչ մահաբեր ռազմական օգնություն ստանալու հավանականությունն ավելի ու ավելի աճում է՝ հաշվի առնելով ռազմավարական գործընկերության մակարդակը, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների խորացումն ու վստահության աճը, ինչպես նաև Ամերիկայի ու Հայաստանի միջև խորացող «պաշտպանական դիվանագիտության» շրջանակը։
- Հարիսի վարչակազմը չի վերաբացի Արցախի հարցը և, ինչպես Բայդենի վարչակազմը, կտարանջատի Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները Լեռնային Ղարաբաղից: Այս պարունակում Լեռնային Ղարաբաղի հարցը Հարիսի վարչակազմի համար կլինի փակ հարց: Սա 1990-ականներից սկսյալ եղել է ԱՄՆ բոլոր վարչակազմերի դիրքորոշումը, և այս հարցում քաղաքականության փոփոխությունը մնում է խիստ անհավանական: Ավելի պարզ ասած, Հարիսի վարչակազմը պատրաստվում է խնդիրը համարել «լուծված» և ձեռնպահ կմնա այդ հարցի վերանայումից:
- ԱՄՆ-ի և նաև Հարիսի վարչակազմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալվում է և կընկալվի որպես Ռուսաստանի կողմից նախագծված, շարունակական բնույթ ունեցող նախագիծ, որի հարատևումը նպաստում է Ռուսաստանի ներկայությանը տարածաշրջանում և շահերին, ինչպես նաև կրճատում տարածաշրջանի քաղաքական և ժողովրդավարական աճի կարողությունները: Թեև դա, իրոք, ցավալի է հայկական կողմի համար, սակայն Հարիսի վարչակազմի կողմից հակամարտության ուրվագծերի վերաբացումը կհամարվի Ամերիկայի ռազմավարական շահերին հակասող։
- Հարիսի վարչակազմը, ամենայն հավանականությամբ, կավելացնի օգնությունն արցախցի փախստականներին: Կարելի է ակնկալել, որ Հարիսի պետդեպարտամենտը կուժեղացնի աջակցության ծրագրերը՝ օգնելու ամրապնդել և մեծացնել փախստական բնակչության դիմակայությունը:
- Չպետք է ակնկալիքներ լինեն, որ Հարիսի վարչակազմը կձգտի շրջել 2023-ի զարգացումները:
- Ընդհանուր առմամբ, Հարիսի վարչակազմի ընդհանուր քաղաքականության մոտեցումը Հայաստանի նկատմամբ սահմանվելու է երեք հիմնասյուներով, բարձրացնել Հայաստանի դիմակայությունը (թե՛ կոշտ, թե՛ փափուկ ուժի կարողությունները), աջակցել ժողովրդավարական համակարգայնացմանն ու համախմբմանը, և դիվանագիտական հովանի և աջակցություն տրամադրել՝ ոչ բարեկամական հարևաններին դիմադրելու համար:
Անվտանգային պարունակ
— Ադրբեջանը շարունակում է արտահայտել իր դժգոհությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ մեղադրելով Վաշինգտոնին Հայաստանին զինելու և տարածաշրջանը ապակայունացնելու մեջ, ԱՄՆ-ն հերքում է Բաքվի պնդումները՝ շարունակելով ամրապնդել անվտանգության հարաբերությունները Հայաստանի հետ։
—Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՊՆ-ն և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ խորհրդատվական աջակցություն է ստացել ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ միջազգային այլ գործընկերներից։
— Միացյալ Նահանգները հաստատեց, որ ուսումնասիրում է Հայաստանի խնդրանքը՝ կնքել համաձայնագիր, որը Վաշինգտոնին թույլ կտա Երևան տեղափոխել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Հայաստանի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի ներգրավվածության նպատակն է աջակցել Հայաստանի անվտանգության անկախացմանը և, ընդ որում, բարձրացնել Հայաստանի դիմակայունության կարողությունները։
-Հայաստանը հաստատեց, որ չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին Ղրղզստանում։
-Ադրբեջանը շարունակեց իր արևելյան շրջադարձը և ավելացրեց դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի հետ: Ալիևն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի գլխավորած ռուսական պատվիրակությունը, որ մեկնել էր Բաքու էներգետիկ և ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու նպատակով։
-Դրան հաջորդեց Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան, երբ Ալիևը հաստատեց ռուս-ադրբեջանական առանցքի ուժեղացումը և ընդգծեց Ռուսաստանի դերը՝ որպես Ադրբեջանի տարածաշրջանային անվտանգության գործընկեր:
-Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրեց BRICS դաշինքին անդամակցելու հայց՝ տարածաշրջանային կապերն ամրապնդելու նպատակով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից մեկ օր անց:
— Մոսկվան շարունակեց քննադատել Հայաստանին, ԱԳ նախարար Լավրովը Հայաստանին մեղադրեց «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը սաբոտաժի ենթարկելու մեջ, իսկ արտաքին գործերի նախարարությունը Երևանին մեղադրեց արևմուտքի ապակայունացնող գործակալ լինելու մեջ:
Տեսեք նաեւ
Անվտանգության զեկույց. հուլիս 2024
Հայաստանի անվտանգային համայնապատկերում Ամերիկայի ներգրավածությունն ուղղորդող ռազմավարական շրջանակն ավելի հստակ հասկանալու և ամերիկյան դիրքորոշման ու Հայաստանի քաղաքական մտածողության մերձեցման հայեցակարգային հիմքը մշակելու համար, այս ամսվա զեկույցում ներկայացվել է «ռազմական դիվանագիտություն» հասկացությունը:
Read more