
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Ստեփանակերտը մարդաշատ է դարձել։ Ոչ թե որովհետև այստեղ մարդիկ են ավելացել, այլ որովհետև վառելիքի բացակայությամբ պայմանավորված՝ մեքենաներն են պակասել։ Ամբոխները քայլում են, բայց ոչ խելագարված։ Նրանք քայլում են մտամոլոր, անորոշ, շփոթված։ Թվում է՝ անհաղորդ։
Քաղաքում տեղ-տեղ հերթեր են. գնելու շատ բան չկա, որ շատ հերթեր լինեն։ Մարդիկ իրար, դատարկ դարակներին ու խանութների աշխատակիցներին նայում են լուռ կարեկցանքով: Հերթերն ու մտամոլոր մարդիկ ասես սովորական են դարձել։ Հերթերում՝ ուշաթափություններ, հղիների թերսնումից ու ապրումներից մահացող պտուղներ, երկու մանկահասակ երեխաների մահ՝ Արցախի շրջափակման ուղիղ հետևանքով, Լաչինի միջանցքից առևանգված երկու հայ մարդ։ Հիվանդ երեխային անհրաժեշտ դեղի որոնումներ, մեկ բաժակ ձեթը մեկ բաժակ շաքարավազի հետ փոխանակելու առաջարկներ, ամեն օր նույն սնունդն ընդունելուց ստամոքսի խնդիրներ ունեցող մարդիկ… Ողբերգական ու տխուր դեպքերի շարանը, որ այսօր տեղի է ունենում Արցախում, կարելի է երկար շարունակել։
Արցախում ոչ մի բան այլևս առաջվա նման չէ։ Ստեփանակերտի շուկան, որ միշտ զուգակցվել է համովությունների ու գույների հետ, հիմա մեր ողջ թշվառության խտացված խճանկարն է դարձել։ Միակ սիրուն բանը, որ այստեղ շարունակում է տեղի ունենալ, մեկումեջ՝ հոսանք ունենալուն զուգահեռ, արցախցի կանանց կողմից ժենգյալով հաց թխելն է։
Իսկ հոսանքը կտրելու երկու ամենաանհարմար ժամերն ինձ համար մեկ առավոտյան 07։00-09։00-ն է, երբ կա՛մ պետք է մինչև 7-ն արթնանաս, կամ մինչև 9-ը քնես՝ սուրճ խմելու համար, և 21։00-23։00-ը, երբ երեկոյան ընթերցանությունը դժվարանում է, ու ստիպված ես մոմի լույսի տակ վայելել օրվա բացառիկ դրական պահերը, երևի այս դեպքում բարեբախտաբար, տեսողությունս վաղուց վատ է, փչացնելու վտանգ չկա։ Սակայն սա ի՞նչ է բազմանդամ ընտանիքների բազմաքանակ հոգսերի համեմատ…
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Արցախի մնացորդում ավելի լավ ապագա պատկերացնելը բարդ էր։ Արցախը բոլոր կողմերից շրջափակված է, մայր Հայաստանին կապող ճանապարհը մի բարակ գիծ էր՝ լարման տակ, անորոշ ու օտարի բարեհոգությանը մատնված։
Ադրբեջանի նպատակն Արցախը վերջնականապես կուլ տալն է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի համար հավելյալ յուրաքանչյուր ապացույց նոր ցավ, արյուն ու արցունքներ է բերում Արցախի բնակչությանը։
2020-ի պատերազմից հետո արցախցիները, որ վերադարձել են Արցախ կամ ուղղակի շարունակել են ապրել Արցախում, չեն պատկերացրել իրենց ապագան Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում հայերի ապրելու անհնարինությունը ևս հավելյալ ապացուցման կարիք չունի։
Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ Արցախում ապրող մարդիկս, Ադրբեջանի կազմում չհայտնվելու և վերջինիս կողմից այդ նպատակին ուղղված հնարավոր բոլոր քայլերը կանխատեսելու և դրանց դիմակայելու համար։
Անակնկա՞լ էր Արցախի շրջափակումը։ Ո՛չ։ Այն օրից ի վեր, ինչ Ադրբեջանին են հանձնվել Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները, Արցախը մայր Հայաստանին կապող կյանքի թելն ամեն օր կտրվելու վտանգի տակ է եղել։ Ճանապարհին միջադեպերի ու ողբերգական դեպքերի պակաս չի եղել։ Հիշենք հայ երիտասարդի՝ Մարտիկ Երեմյանի սպանությունն այդ նույն ճանապարհին, ճանապարհը փակելու հաճախակի սպառնալիքները, դեկտեմբերի 12-ից առաջ մի քանի ժամով ճանապարհը փակելը, Բերձորի, Սուսի ու Աղավնոյի հանձնումը, ադրբեջանցիների կողմից նոր ճանապարհի հրատապ շինարարությունը։
Ի՞նչ ենք արել մենք շրջափակմանը նախորդող ժամանակաշրջանում՝ այս օրերին հնարավորինս արժանապատիվ դիմակայելու համար։ Հնարավորության սահմաններում ստեղծե՞լ ենք այլընտրանքային անկախ էներգետիկ համակարգ (ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ դպրոցներն ու մանկապարտեզներն այլընտրանքային էներգիայով ապահովելու տեսքով, օրինակ), կուտակե՞լ ենք առաջնային անհրաժեշտության պարագաներ և ստեղծե՞լ ենք դրանք խելամիտ ու արդար կերպով տնօրինելու համակարգ՝ խուճապահար չլինելու համար։ Հիմնե՞լ ենք տեղական հումքից վերամշակվող որոշակի ապրանքների արդադրություն։ Համարենք, որ հարցերս հռետորական են։
Շրջափակման առաջին շրջանում, երբ դեռ որոշակի ապրանքներ հնարավոր էր հասցնել Արցախ, բերե՞լ ենք առաջնային անհրաժեշտության ամենակարևորները։ Պետությունն այս գործընթացը վերահսկե՞լ է, որպես ռազմավարական նշանակության հարց։ Սա էլ հռետորական հարց համարենք։ Մի քանի ամիս առաջ խանութներում հայտնված չիպսերն ու գարեջուրը վկա։
Ադրբեջանը մեր թշնամին է։ Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը մեզ ճնշելու և վերջնական ճզմելու համար, որքան էլ մեզ համար ցավոտ են, բայց օրինաչափ են։ Թշնամուց գթասրտություն ու ապրումակցում ակնկալելը, մեղմ ասած, տրամաբանական չէ։
Արցախցին, որ այսօր ուզում է ապրել իր հայրենիքում արժանապատիվ կյանքով, ամեն վայրկյան պայքարում է իր ինքնասիրության դեմ։ Իրավիճակը հաճախ է համեմատվում իննսունականների հետ։ Էլի շրջափակում է եղել, սով ու գումարած ռմբակոծությունները։ Մարդասիրական առումով, թերևս, այսօրվա Արցախում (դեռևս) ավելի տանելի պայմաններ են։ Իննսունականներին, սակայն, կար պայքար ու նպատակ։ Պայքար ու նպատակ ունենալով շատ բանի կարելի է դիմանալ։ Այսօր Արցախում պայքարի ու նպատակի փոխարեն անորոշություն է։ Մարդիկ վստահ չեն, թե հանուն ինչի են դիմանում։ Կա՞ որոշակի ճանապարհային քարտեզ պետության կողմից, որով առաջ ենք ընթանում։ Կա՞ն ծրագրված գործողություններ։ Թե՞ դիմանում ենք այնքան, որքան կդիմանանք։ Կարելի՞ է մարդկանց հետ անկեղծ խոսել՝ առանց պաթոսի, բաժակաճառերի ու ամուր լինելու, անվերջ ամուր լինելու մասին նյարդայնացնող կոչերի։ Նոյեմբերի 9-ի գիշերվա դառը փորձը ունենալով՝ կարելի՞ է մտահոգվել, որ մի գիշեր հերթական մի փաստաթուղթ է ստորագրվելու՝ որոշելու հարյուր հազարավորի ճակատագիրը։
Արցախում ուղղակի մարդասիրական աղետ չէ։ Արցախում անորոշության, պատասխանատվության ու ազնիվ խոսքի բացակայության աղետ է։ Մարդասիրական աղետն այս ամենի ուղիղ հետևանքն է միայն։ Իսկ հետևանքից առավել կարևոր են պատճառները։
Հերթերից մեկում, մի երեխա, որ նախորդ կյանքից մնացած շապիկ է հագել «Արցախ. բաց դռներ, ամուր դարպաս» գրվածքով, տեղն է զիջում։
«Անցիր դու,- ասում եմ ու մտածում,- դուռը կողպած է, դարպասը՝ խորտակված… դու անցի՛ր, ջանի՛կ»։
Հեղինակի մասին
Տեսեք նաեւ
Շրջափակման ափսեներ. Արցախցի երիտասարդների սնունդը
Մինչ Ադրբեջանը շարունակում է սեղմել օղակն Արցախի շուրջ՝ թույլ չտալով այնտեղ բնակվողներին հասցնել անգամ մարդասիրական հրատապ օգնություն, արցախցի երիտասարդները կիսվում են իրենց սնունդի նկարներով:
Read moreԽաղաղությունը տապալող խաղաղություն
Ոմանք կարող են մտածել, որ վատ խաղաղության պայմանագիրն ավելի լավ է, քան ոչ մի խաղաղության պայմանագիր: Բայց պատմությունն այլ բան է ցույց տալիս, գրում է Շիլա Փայլանը՝ քննելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի խութերը։
Read moreԼեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը սրում է տարածաշրջանային անկայունությունը
Արցախի ծանր վիճակը հասցեագրելու գործում քաղաքական, բարոյական և իրավական ակնհայտ իրողությունների անտեսումը հավասարազոր է բազմապատիկ հետևանքներ ունեցող հետագա անկայունության սերմանմանը, գրում է արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Read moreՁայն մարդկային. մեծ հարցերն ու փոքր խնդիրները
Շրջափակման առաջին օրվանից նպատակ եմ ունեցել թույլ չտալ ամենակարևորը՝ մտքի շրջափակումը։ Ամենօրյա ռեժիմով դժվարացող խնդիրների մեջ չմոռանալ ամենակարևոր հարցի մասին, Արցախից գրում է Թամարա Գրիգորյանը։
Read more