
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի:
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով
Վերջին զարգացումներ
Նախորդ հոդվածներում ես նկարագրել եմ 2020 թվականի Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքների կոպիտ խախտումները, միջազգային ներգրավվածության բացակայությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հայերի անվտանգության և հումանիտար հետպատերազմական խնդիրների լայն շրջանակի ահագնացումը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո:
Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակն էլ ավելի սրվեց: Թույլ չտալով, որ արցախցիները կամ ռուս խաղաղապահները նորոգեն բնական գազի վնասված գազատարը, որը Հայաստանի Հանրապետությունից գազ է մատակարարում Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանն այն «նորոգեց» ընդամենը երկու օրով, ըստ տեղեկությունների, փական տեղադրելու և սարսափելի ցրտի պայմաններում գազամատակարարումը դարձյալ ընդհատելու համար, ինչով հաստատեց, որ ի սկզբանե միտումնավոր է վնասել խողովակաշարը:
Ավելին, խախտելով 2020 թվականի հրադադարի հայտարարությունը, Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց: Օգտագործելով թուրքական «Բայրաքթար TB-2» անօդաչու թռչող սարքեր` ադրբեջանական զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին Փարուխ գյուղի և Քարագլուխ ռազմավարական նշանակություն ունեցող բլրի վրա` միաժամանակ փորձելով վերահսկել Խրամորթ գյուղը: Ներկայում Ռուսաստանն Ադրբեջանին կոչ է արել զորքերը հեռացնել Փարուխից, ինչը հանգեցրել է ադրբեջանական ու հայկական կողմերի միջև հակասական հայտարարությունների փոխանակման և ցույց տվել, որ հայկական կողմի համար իրավիճակը դեռևս հանգուցալուծված չէ: Արցախի պաշտպանության ուժերն ունեն երեք զոհ և 15 վիրավոր: Կանանց և երեխաներին տարհանել են: Արցախից քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը նշել է. «Միայն այն փաստը, որ ադրբեջանական ռազմական ուժերը բարձունքի վրա են, բազմաթիվ խաղաղ բնակիչների կստիպի լքել իրենց տները: Սա կարելի է անվանել սողացող էթնիկ բնաջնջման քաղաքականություն: Այսպիսով, Ադրբեջանը ևս մեկ անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը, չնայած այն բանին, որ այն Հայաստանի համար մեծապես անբարենպաստ և Ադրբեջանի համար անհամաչափորեն բարենպաստ է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի արձագանքը հանգեցրեց երեք երկրների դիրքորոշումների եզակի համընկնման Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժելուց ի վեր: Բոլոր երեքն էլ ափսոսանք հայտնեցին ադրբեջանական զորքի առաջխաղացման կապակցությամբ:
Կեղծ նարատիվների սրումն Ադրբեջանի կողմից
Ադրբեջանի իշխանությունները և նրա լոբբիստները տեղի ունեցողին արձագանքել են ագրեսիվ քարոզչության և ապատեղեկատվության ուժգնացմամբ, որը մարտի 25-ից սկսած ամփոփվել է մի շարք պաշտոնական հայտարարություններում:
Ադրբեջանական առաջին նարատիվը ժխտում է ՄԱԿ-ի Կանոնադրության՝ Հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ 33-րդ հոդվածի ակնհայտ խախտումը` ռազմական ագրեսիան արդարացնելով որպես իր տարածքային ամբողջականության վերականգնման օրինական գործողություն և մեղքը բարդելով ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքների հիման վրա ընթացող բանակցություններում առաջընթացի բացակայության վրա:
Թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որպես տարածքային ամբողջականության խնդիր ներկայացնելու, թե՛ հայկական կողմը որպես ագրեսոր ներկայացնելու փորձերը կեղծ են: Արցախը պատմականորեն հայկական է եղել և Ստալինի որոշմամբ բռնակցվել է Ադրբեջանին` որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ԼՂԻՄ): ԼՂԻՄ-ն անկախություն հռչակեց Սովետական Միությունից 1991 թվականին՝ միության փլուզումից հետո և սովետական սահմանադրության համաձայն: Ադրբեջանի արձագանքը ԼՂԻՄ-ի շրջանային խորհրդարանի որոշումներին եղավ հայկական բնակչության զանգվածային սպանությունները Սումգայիթում և Կիրովաբադում (այժմ` Գյանջա) 1988 թվականին և Բաքվում` 1990-ին: Դրան հաջորդեց «Կոլցո» (Օղակ) գործողությունը 1991 թվականին, երբ ադրբեջանական իշխանությունները սովետական զորքերի աջակցությամբ տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի գործադրեցին խաղաղ բնակչությանը ոչնչացնելու և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը հայաթափելու համար: Հայկական կողմի ռազմական հաղթանակը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում չի փոխում այն փաստը, որ պատերազմը սանձազերծել էր Ադրբեջանը, և հայերն իրացնում էին ինքնապաշտպանության իրավունքը` էթնիկ բնաջնջումն իրենց բնիկ հողում կանխելու համար:
Նույնիսկ եթե ընդունենք, որ միջազգային հանրության մեծ մասը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, հայերի դեմ ռազմական ագրեսիան և էթնիկ բնաջնջման մշտական փորձերը բացահայտ ռազմական ագրեսայի տեսքով կամ մարդու տարրական իրավունքներից զրկելով և կյանքն անտանելի դարձնելով, խախտում է միջազգային օրենքի բազմաթիվ նորմեր: Պետությունը իրավունք չունի ռազմական ագրեսիա սանձազերծել իր տարածքում ապրող էթնիկ փոքրամասնության դեմ՝ նրան իր տարածքից դուրս մղելու նպատակով: Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է` պաշտպանել իր խաղաղ բնակչությանը, այդ թվում և փոքրամասնություններին, երաշխավորել նրանց իրավունքները` թույլ չտալով նրանց սպանությունը կամ տեղահանումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները ցույց են տվել, որ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքը պետք է առանց բնիկ հայ բնակչության: Առավելագույնը, որ Ադրբեջանն առաջարկել է նախորդ բանակցություններում, եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն սոցիալական իրավունքներով, եթե բնակիչներն ընդունեն ադրբեջանական օրենսդրությունն ու քաղաքացիությունը: Սակայն 2020 թվականի հրադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանը հրաժարվել է նույնիսկ ինքնավարության առաջարկից` հերքելով Լեռնային Ղարաբաղի գոյությունը որպես միավոր, աղավաղելով նրա պատմությունն ու խախտելով նույնիսկ այնտեղ ապրող հայերի սոցիալական իրավունքները հումանիտար ճգնաժամ ստեղծելու միջոցով:
Չնայած Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում է վերջին տասնամյակներին հակամարտության լուծման հարցում միջնորդության ձախողման մեջ, այնուամենայնիվ հենց Ադրբեջանն է մերժել համանախագահների առաջարկների մեծ մասը` ակնհայտորեն փորձելով ժամանակ շահել, միաժամանակ նավթի ու գազի խողովակների շահագործումից ստացած շահույթի մեծ չափաբաժինը տրամադրելով իր բանակին ու պատրաստվելով հաջորդ պատերազմին, ինչպես խոստովանում է Ադրբեջանի նախագահը: 2020 թվականի հրադադարի հայտարարությունից ի վեր Ադրբեջանը հերքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյությունը և արգելափակում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության լուծման գործում: Ի լրումն դրա, Ադրբեջանի նախագահը, անվտանգության ուժերն ու հանրային գործիչներն ատելության խոսք, այլատյացություն և խտրականություն են բորբոքում հայերի դեմ, ինչն արտացոլված է Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի հայցի և այն ժամանակավոր միջոցների մեջ, որ միջազգային դատարանը սահմանել է Ադրբեջանի դեմ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին: Այսպիսով, Ադրբեջանը մերժում է հայերի ինքնորոշման, ինչպես նաև քաղաքացիական ու քաղաքական իրավունքները` դրանով իսկ հանդերձ առավել ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի հայերի վճռականությունը` երբեք չընդունելու ադրբեջանական վերահսկողությանը:
Իր ներկայիս քարոզչական արշավում ադրբեջանական կողմը պահանջում է նաև «հայկական բանակի մնացած մասի և անօրինական հայկական զինված խմբավորումների» դուրսբերում` պնդելով, որ հայկական կողմը չի կատարել 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագրի 4-րդ կետը, ըստ որի «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Այս պայմանը վերաբերում է Հայաստանի Հանրապետության զորքերին, որոնք փաստացի դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղից 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր: Ադրբեջանը դրանով փորձում է այս պահանջը տարածել նաև Արցախի պաշտպանական ուժերի հանդեպ` հայերին իրենց ինքնապաշտպանության իրավունքից զրկելու նպատակով: Նույնիսկ ՄԱԿ-ի մանդատով խոշոր խաղաղապահ առաքելությունները (ինչն Արցախում առկա չէ միջազգային մանդատի բացակայության, բազմազգ չլինելու և փոքր չափի պատճառով) պետք է ծայրահեղ զգուշություն դրսևորեն, որպեսզի ինքնապաշտպանական ուժերը կամ խմբավորումներն ամբողջությամբ չլուծարվեն, հակամարտության միայն մի կողմը չզինաթափվի, մանավանդ՝ պարտադրված: Էլ ավելի անընդունելի է այդ կերպ վարվել հակամարտության զոհ կողմի հետ այն պարագայում, երբ մեղավորը, որն ունի շատ ավելի մեծ ռազմական հնարավորություններ, ագրեսիվորեն շարունակում է ավելի զինվել և կանոնավոր կերպով սպառնում խոցելի էթնիկ խմբի քաղաքացիական բնակչությանը, հատկապես համապարփակ խաղաղության պայմանագրից և հաշտությունից առաջ, և հակամարտության վերսկսման մշտական սպառնալիքի պայմաններում:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը չի դադարեցնում հրադադարի մասին հայտարարության կոպիտ խախտումները` մասնավորապես շարունակելով պահել առնվազն 35 հայ ռազմագերի և երեք քաղաքացիական անձ, խախտելով Կետ 8-ը (ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների` Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների ընդհանուր թիվը մոտ 80 է), շարունակելով առաջացնել իր ռազմական դիրքերը 2020 թվականի դեկտեմբերից ի վեր և ուժ կիրառելով գրավել ավելի շատ հայկական գյուղեր, գնդակահարել քաղաքացիական բնակչությանը, առևանգել, սպառնալ ու վախեցնել մարդկանց:
Այս ամենը նաև վկայում է խաղաղության օրակարգի, որ Ադրբեջանը ներկայացրել է միջազգային հանրությանը, կեղծ ու մանիպուլյատիվ բնույթի մասին: Դրա նպատակը ոչ թե դրական ու կայուն խաղաղությունն է, այլ հայկական կողմի նկատմամբ մաքսիմալիստական, անհիմն ու անընդունելի պահանջները, համեմված Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներով և նոր պատերազմի սպառնալիքով թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևան:
Ռուս խաղաղապահների մասնակցության կանոնները
Վերջապես Ադրբեջանն ակնարկել է, որ ռուս խաղաղապահ զորակազմը ժամանակավորապես է տեղակայված Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի գործողությունները նաև վկայում են խաղաղապահ առաքելությունն ապալեգիտիմացնելու միտումների մասին: Այսպիսով, Ադրբեջանը բացահայտում է ռուս խաղաղապահ զորակազմին առնվազն 2025 թվականին` ընթացիկ ժամկետի ավարտին դուրս բերելու իր մտադրությունը, կամ գուցե ավելի շուտ, քանի որ փորձում է օգտվել Ռուսաստանի մեծապես խարխլված հեղինակությունից: Ավելին, Ադրբեջանը և նրա քարոզիչները փորձում են զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի, ինչպես նաև Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու Մերձդնեստրի հակամարտությունների միջև, մինչդեռ այն համապատասխանում է հակամարտությունների այլ խմբի` Արևելյան Թիմոր, Կոսովո և Հարավային Սուդան, եթե հաշվի առնենք մարդու իրավունքների կոպիտ խախտումները և էթնիկ բնաջնջման սպառնալիքը:
Այս համատեքստում ամբողջությամբ պարզ չեն ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավման կանոնները և Ադրբեջանի ռազմական ուժերի առաջխաղացումն ու խախտումները կանխելու ձախողման պատճառները: Ռուսական խաղաղապահ ուժերը չունեն ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի իրավական մանդատ: Արցախում նրանց ներկայությունը հիմնված է 2020 թվականի հրադադարի եռակողմ հայտարարության վրա: 2021 թվականի հուլիսին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը չի ստորագրել զինադադարի հայտարարությանը հաջորդող՝ խաղաղապահների մանդատը սահմանող փաստաթուղթը: Հայ հասարակության համար պարզ չէ, թե արդյոք այս փաստաթուղթը ստորագրելու էին միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, թե այն ներառելու էր հայկական կողմը` Հայաստանի Հանրապետությունը կամ Արցախի Հանրապետության տեղական իշխանությունները, կամ ինչպես պետք է ապահովվեր արցախահայերի իրավունքների պաշտպանությունը: Միջազգային իրավական մանդատի բացակայության պատճառով ռուս խաղաղապահները չունեն նաև հաշվետվողականության մեխանիզմներ: Նրանք չեն զեկուցում ՄԱԿ-ին կամ ԵԱՀԿ-ին իրենց գործունեության մասին:
ՄԱԿ-ը սահմանել է խաղաղապահ գործողությունների երեք հիմնական սկզբունք. կողմերի համաձայնություն, անկողմնակալություն և ուժի չկիրառում, բացի ինքնապաշտպանությունից և մանդատի պաշտպանությունից: Խաղաղապահ գործողությունն առանց հակամարտության մի կողմի համաձայնության կարող է ծավալվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, Խաղաղության սպառնալիքների, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ Գլխի համաձայն: Մանդատի պաշտպանությունը ենթադրում է նախ և առաջ խաղաղ բնակչության պաշտպանություն և հրադադարի պայմանավորվածությունների կամ խաղաղության պայմանագրերի խախտմանը հակազդեցություն:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում վերջինիս գործողությունների պատշաճ հետաքննության կարևորությունը և ակնկալիք հայտնել, որ խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ կձևակերպի և կհրապարակի:
Ռուս խաղաղապահների միակողմանի դերն Արցախում՝ առանց միջազգային օրինական մանդատի, վտանգավոր էր անգամ Ուկրաինայի պատերազմից առաջ, իսկ դրանից հետո այն դարձել է էլ ավելի վտանգավոր` հաշվի առնելով նրանց օրակարգի ու հուսալիության վերաբերյալ հակասական ընկալումները, շարունակվող ռազմական գործողություններն Ուկրաինայում, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներգործությունը: Ուկրաինան Ռուսաստանի համար առաջնահերթություն է լինելու, ու եթե Ադրբեջանը որոշի առավել ուժգնացնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի համար դժվար կլինի իրավիճակը կառավարել: Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ բնաջնջման սպառնալիքն ակնհայտ է, և Ռուսաստանը դեռևս միակ պետությունն է, որը հետաքրքրություն է ցուցաբերել Արցախում հայերի անվտանգությունն ապահովելու հարցում. սրանով կարելի է բացատրել Արցախի իշխանությունների` խաղաղապահ զորամիավորման չափը մեծացնելու խնդրանքով դիմումը Ռուսաստանին: Սակայն ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքները կարող են բավարար չլինել Արցախում հայերի սողացող էթնիկ բնաջնջումը կանխելու համար նույնիսկ ընթացիկ ժամկետի ավարտից առաջ, և 2025 թվականին Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կվիճարկի խաղաղապահների մանդատի երկարաձգումը:
Համապատասխան դերակատարների պատասխանատվությունը
Եթե Ադրբեջանը հասնի իր ակնհայտ նպատակին, այն է` էթնիկ բնաջնջում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ կոշտ կամ փափուկ մեթոդներով, բոլոր դերակատարները պատասխանատվություն կկրեն դրա համար։
Այս անգամ Ադրբեջանը չի խուսափի դատապարտումից ու կորակվի որպես ագրեսոր, որը ռազմական ուժ է կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ: Նույնիսկ եթե միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը համարի Ադրբեջանի մաս, դա չի արդարացնում էթնիկ խումբ կազմող խաղաղ բնակչության բնաջնջումը միջազգային իրավական շրջանակի մի շարք հիմնարար նորմերի կոպիտ խախտմամբ:
Կորցնելով Արցախի ֆիզիկական անվտանգության երաշխավորի դերը` Հայաստանը դեռևս պատասխանատվություն է կրում երկկողմ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու համար` նրանց ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լրջության վրա՝ անվտանգության ապահովման նպատակով: Հայաստանը չի կարող հետևել Կոսովոյի հակամարտության կարգավորման գործում Ալբանիայի անմիջականորեն չներգրավվելու օրինակին: Կոսովոն լայն աջակցություն է ստացել միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և ՄԱԿ-ից, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը միջազգային աջակցություն չունի:
Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը 2020 թվականի հրադադարի հայտարարության համաձայն: Այս հարցում Ռուսաստանի ներգրավումը դրական արձագանք է գտել. նույնիսկ Արևմուտքն ընդունել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման և անվտանգային իրադրության կայունացման գործում: Եթե Ռուսաստանը ձախողի իր այդ դերը, սա է՛լ ավելի կվնասի Ռուսաստանի հեղինակությանը: Ռուսաստանը նաև կկորցնի Հայաստանի` իր վերջին ավանդական դաշնակիցներից մեկի վստահությունը: Հայաստանի որոշ շրջանակներում արդեն իսկ կասկածներ կան առ այն, որ ռուսներն ու ադրբեջանցիները գուցե գործարք են կնքել հայերի անվտանգության հաշվին` պարտավորվելով ապահովել Ադրբեջանի կողմից սողացող բռնազավթումը՝ Եվրոպայի գազի միակ մատակարարի դերի դիմաց: Նրանք հղում են անում հռչակագրին, որը Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Ուկրաինայի պատերազմի նախօրեին` երկու երկրների սերտ համագործակցությունը գործընկերությունից հասցնելով դաշնակցային մակարդակի. հռչակագիրը պարունակում է անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ որոշ կետեր: 2022 թվականի մարտի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան զինվորական հրամանատարության` Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական մամուլի հաղորդագրությունների, քննարկվել է «հայկական զորքերի դուրսբերման հարցը»:
Չնայած ծայրահեղ բևեռացմանը, ցանկալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացված Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պահպանեն համագործակցության այս վերջին ոլորտը, աշխատեն համատեղ կամ առանձին` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոցով ստիպելով դադարեցնել ագրեսիվ գործողություններն ու վերադառնալ բանակցություններին՝ հակամարտության համընդգրկուն և կայուն լուծման նպատակով: Անհրաժեշտության դեպքում կարիք կլինի խաղաղության և անվտանգության խախտման հիմնախնդիրը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և այնտեղ հասնել կոնսենսուսի: Լեռնային Ղարաբաղում առավել նպատակահարմար խաղաղապահ ճարտարապետություն կլինի, բազմազգ խաղաղապահ առաքելությունը, որի կազմում կլինեն թե՛ ռուսները` որպես 2020 թվականի հրադադարի հայտարարության միջնորդ, և թե ԵԱՀԿ-ի անդամ այլ, օրինակ՝ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներից՝ ՄԱԿ-ի մանդատով, և կներառի ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական բաղադրիչ: Այսպիսի միասնություն ու համերաշխություն դժվար է պատկերացնել ներկա աշխարհաքաղաքական հանգամանքներում, սակայն հարկ է դիտարկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ճարտարապետության մեջ ներգրավման հնարավորությունը, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի կամ ԵՄ-ի սահմանային դիտորդների միջոցով:
ԵՄ-ի և ԱՄՆ-ի հեղինակությունը մեծապես կտուժի Եվրոպական հարևանությունում էթնիկ միավորում կենտրոնացած էթնիկ խմբի լքելու, արժեքների փոխարեն երկակի ստանդարտներ կիրառելու, մարդու իրավունքների կոպիտ խախտումներն անտեսելու և փոխարենը աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվելու համար, հատկապես նավթով հարուստ ավտորիտար Ադրբեջանից գազի մատակարարումների եվրոպական երկրների կախվածության լույսի ներքո: Նրանց կողմից ագրեսորին չդատապարտելն ու նրա նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը կհամեմատվի ուկրաինական ճգնաժամը կարգավորելու գործում նրանց ակտիվ մասնակցության հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ տարածքային ամբողջականության հակասական դրույթով արդարանալը տեղին չէ, եթե նկատի առնենք Կոսովոյի նախադեպը, երբ միջազգային հանրությունն արևմուտքի առաջնորդությամբ կանխեց էթնիկ բնաջնջումն այնտեղ 1999 թվականին:
Վերջապես, ՄԱԿ-ը պետք է զգոն լինի և Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր ասամբլեայի հրատապ նիստեր հրավիրի, եթե իրավիճակն էլ ավելի սրվի` հերթական ռազմական ագրեսիայից և էթնիկ բնաջնջումից խուսափելու համար: ՄԱԿ-ը խոստովանել է, որ բավականաչափ վճռական չի գործել Սրեբրենիցայում զանգվածային ջարդերն ու Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև վերջին շրջանում եզդիների և ռոհինջա ազգախմբի ջարդերը կանխելու ուղղությամբ: Փոխարենը, այն պետք է գործողություններ ձեռնարկի` հիմնվելով Պաշտպանելու պարտավորության սկզբունքի վրա, որը ՄԱԿ-ն ընդունել է 2005 թվականին, և ապա արտացոլել 2009 թվականի ՄԱԿ-ի ԱԽ 1894 բանաձևում, որը վերաբերում է զինված հակամարտությունների ժաման ակ քաղաքացիական անձանց պաշտպանությանը: Այն պետք է նաև լուծի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության և զարգացման աջակցության հասանելիությունը «Ոչ ոքի մենակ մի՛ թող» սկզբունքի համաձայն, որը ՄԱԿ-ի անդամ պետությունները ներառել են Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգում: Մինչդեռ հերթական ռազմական ագրեսիան և էթնիկ բնաջնջումը սպառնալիքի տակ կդնեն Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգը, ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային նորմատիվային շրջանակի այլ նորմեր: